Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Եհովան չմոռացավ ինձ»

«Եհովան չմոռացավ ինձ»

ԵՍ ԱՊՐՈՒՄ եմ ամերիկյան հնդկացիների՝ Օրիալա կոչվող գյուղում, որը գտնվում է Գայանայում (Հարավային Ամերիկա)։ 2 000 բնակչություն ունեցող այս գյուղը մի մեկուսի վայրում է, որտեղ հնարավոր է հասնել միայն փոքր ինքնաթիռով կամ նավակով։

Ծնվել եմ 1983 թ.-ին։ Առողջ երեխա էի, բայց տասը տարեկանում սկսեցի սուր ցավեր զգալ մարմնիս տարբեր հատվածներում։ Երկու տարի հետո՝ մի առավոտ, արթնացա և չկարողացա տեղիցս շարժվել։ Փորձում էի շարժել ոտքերս, բայց դրանց մեջ ուժ չկար։ Այդ օրվանից այլևս չեմ քայլել։ Հիվանդությունը նաև կանգնեցրել է մարմնիս աճը։ Նույնիսկ այս տարիքում երեխայի պես փոքրամարմին եմ։

Մի քանի ամիս էր, ինչ հիվանդությանս պատճառով տնից դուրս չէի գալիս, երբ երկու Եհովայի վկա կանայք այցելեցին մեզ։ Սովորաբար, երբ հյուրեր էինք ունենում, ես թաքնվում էի, բայց այդ օրը խոսեցի նրանց հետ։ Երբ նրանք պատմեցին դրախտի մասին, հիշեցի, որ հինգ տարեկանում լսել էի այդ ամենը։ Այդ ժամանակ Ջեթրո անունով մի միսիոներ, ով ապրում էր Սուրինամում, ամիսը մեկ անգամ գալիս էր մեր գյուղ և Աստվածաշունչ ուսուցանում հորս։ Ջեթրոն իմ հանդեպ շատ բարի էր։ Ես սիրում էի նրան։ Բացի այդ՝ գյուղում Վկաները ժողովներ էին անցկացնում, և տատիկս ու պապիկս երբեմն ինձ տանում էին այդ հանդիպումներին։ Ուստի երբ մեր տուն եկած կանանցից մեկը՝ Ֆլորենսը, ինձ հարցրեց, թե կուզեմ արդյոք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին, պատասխանեցի, որ կուզեմ։

Հաջորդ անգամ Ֆլորենսը եկավ իր ամուսնու՝ Ջեստոսի հետ։ Ես սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց օգնությամբ։ Երբ նրանք տեսան, որ կարդալ չգիտեմ, ինձ կարդալ սովորեցրին։ Որոշ ժամանակ հետո արդեն ինքնուրույն կարդում էի։ Մի օր նրանք ինձ ասացին, որ նշանակվել են ծառայելու Սուրինամում։ Ցավոք, այդ ժամանակ Օրիալայում ոչ ոք չկար, որ շարունակեր ինձ Աստվածաշունչ ուսուցանել։ Բայց Եհովան չմոռացավ ինձ։

Շատ չանցած Ֆլոյդ անունով մի ռահվիրա եկավ Օրիալա և խրճիթից խրճիթ քարոզելիս հանդիպեց ինձ։ Երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց, ես ժպտացի։ «Ինչո՞ւ ես ժպտում»,— հարցրեց նա։ Ասացի, որ ուսումնասիրել վերջացրել եմ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը, իսկ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» * գրքի ուսումնասիրությունը կիսատ է մնացել։ Ես բացատրեցի Ֆլոյդին պատճառը, և նրա հետ ավարտեցինք «Գիտություն» գրքի ուսումնասիրությունը։ Որոշ ժամանակ հետո նա նույնպես նշանակվեց ծառայելու մեկ այլ վայրում։ Եվ ես նորից մնացի առանց ուսուցչի։

2004 թ.-ին երկու հատուկ ռահվիրաներ՝ Գրանվիլն ու Ջոշուան, նշանակվեցին ծառայելու Օրիալայում։ Նրանք նույնպես ինձ հանդիպեցին խրճիթից խրճիթ քարոզելիս։ Երբ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին, ես ժպտացի ու խնդրեցի, որ ինձ հետ ուսումնասիրություն սկսեն «Գիտություն» գրքի սկզբից։ Ուզում էի տեսնել, թե արդյոք նրանք կսովորեցնեն այն նույն բաները, ինչ մյուսներն էին սովորեցրել։ Գրանվիլն ասաց, որ գյուղում ժողովի հանդիպումներ են անցկացվում։ Թեև մոտ տասը տարի տնից դուրս չէի եկել, բայց որոշեցի գնալ։ Գրանվիլը եկավ մեր տուն, ինձ դրեց հաշմանդամի սայլակի վրա ու տարավ Թագավորության սրահ։

Հետագայում Գրանվիլը հորդորեց, որ ցուցակագրվեմ Աստվածապետական ծառայության դպրոցին։ Նա ասաց. «Դու հաշմանդամ ես, բայց համր չես։ Կտեսնես՝ մի օր դու հանրային ելույթ ես ներկայացնելու։ Այդ օրը գալու է»։ Նրա քաջալերական խոսքերը ինձ վստահությամբ լցրին։

Գրանվիլի հետ սկսեցի գնալ ծառայության։ Բայց հաշմանդամի սայլակով հնարավոր չէր տեղաշարժվել գյուղի ցեխոտ ու քարքարոտ ճանապարհներով։ Ուստի նրան խնդրեցի, որ ինձ դնի միանիվ ձեռնասայլակի մեջ։ Այդպես ավելի հեշտ էր ծառայել։ 2005 թ. ապրիլին մկրտվեցի։ Շատ չանցած՝ եղբայրները սովորեցրին ինձ հոգ տանել գրականության և Սրահի ձայնային համակարգի մասին։

Ցավոք, 2007 թ.-ին հայրս դժբախտ պատահարի զոհ դարձավ։ Դա մեծ ցնցում էր մեր ընտանիքի համար։ Գրանվիլը աղոթեց մեզ հետ և Աստվածաշնչից մխիթարական խոսքեր կարդաց մեզ համար։ Երկու տարի անց մեկ այլ ողբերգություն տեղի ունեցավ. Գրանվիլը նավակով խորտակվեց։

Մեր փոքրիկ ժողովը վշտի մեջ էր։ Մենք այլևս երեց չունեինք, միայն մեկ ծառայող օգնական։ Գրանվիլի մահը ծանր հարված էր նաև ինձ համար. նա իմ մտերիմ ընկերն էր։ Նա նվիրված մարդ էր և օգնում էր ինձ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական հարցերում։ Նրա մահից հետո՝ առաջին «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպման ժամանակ, ընթերցողը ես էի։ Առաջին երկու պարբերությունները կարդալուց հետո չկարողացա զսպել արցունքներս և ստիպված իջա բեմից։

Մխիթարվեցի, երբ մեկ այլ ժողովից եղբայրներ եկան Օրիալա՝ աջակցելու մեզ։ Բացի այդ՝ Կոջո անունով մի եղբայր հատուկ ռահվիրա նշանակվեց մեր ժողով։ Հուրախություն ինձ՝ մայրս ու փոքր եղբայրս սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և մկրտվեցին։ Իսկ 2015 թ. մարտին ես ծառայող օգնական նշանակվեցի։ Որոշ ժամանակ անց ներկայացրի իմ առաջին հանրային ելույթը։ Այդ օրը հիշեցի, թե ինչ էր ասել Գրանվիլը տարիներ առաջ. «Մի օր դու հանրային ելույթ ես ներկայացնելու։ Այդ օրը գալու է»։ Դեմքիս ժպիտ եկավ և աչքերս արցունքով լցվեցին։

Դիտելով «JW հեռարձակման» ծրագրերը՝ իմանում եմ այն հավատակիցների մասին, ովքեր նմանատիպ իրավիճակում են, ինչ ես։ Չնայած իրենց ֆիզիկական տկարություններին՝ նրանք իմաստալից և երջանիկ կյանքով են ապրում։ Նրանց պես ես էլ եմ կարողանում որոշ բաներ անել։ Ցանկանում էի ողջ ուժերս Եհովայի համար ծախսել։ Ուստի ռահվիրայություն սկսեցի։ 2019 թ. սեպտեմբերին նշանակվեցի ծառայելու որպես երեց 40 քարոզչից բաղկացած մեր ժողովում։ Դա ինձ համար մեծ անակնկալ էր։

Շնորհակալ եմ բոլոր այն եղբայրներիս ու քույրերիս, ովքեր օգնել են ինձ Աստվածաշունչ ուսումնասիրել և ծառայել Եհովային։ Բայց ամենից շատ շնորհակալ եմ Եհովային, որ չմոռացավ ինձ։

^ պարբ. 8 Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։ Այժմ չի տպագրվում։