Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 48

«Թող աչքերդ ուղիղ նայեն» ապագային

«Թող աչքերդ ուղիղ նայեն» ապագային

«Թող աչքերդ ուղիղ նայեն, և հայացքդ ուղղված լինի քո առաջ» (ԱՌԱԿ. 4։25

ԵՐԳ 77 Լույս՝ խավար աշխարհում

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ինչպե՞ս կարող ենք հետևել Առակներ 4։25-ում գրված հորդորին։ Բեր օրինակ։

ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ հետևյալ իրավիճակները։ Տարեց քույրը հիշում է անցյալի լավ օրերը։ Ու թեև նրա կյանքում այսօր ավելի շատ դժվարություններ կան, բայց նա շարունակում է իր լավագույնն անել Եհովայի համար (1 Կորնթ. 15։58)։ Նա ամեն օր պատկերացնում է, որ իր հարազատների ու ընկերների հետ ապրում է Աստծու խոստացած նոր աշխարհում։ Մեկ այլ քույր հիշում է, որ հավատակիցը վիրավորել է իրեն, սակայն որոշում է ներել և այլևս չմտածել դրա մասին (Կող. 3։13)։ Իսկ մի եղբայր, ով գիտակցում է, որ անցյալում սխալներ է գործել, կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչ կարող է այսօր անել Եհովային հավատարիմ մնալու համար (Սաղ. 51։10

2 Ի՞նչ ընդհանուր բան ունեն այս քրիստոնյաները։ Նրանք բոլորն էլ հիշում են իրենց անցյալը, բայց չեն ապրում դրանով։ Փոխարենը՝ «ուղիղ նայում են» ապագային (կարդա Առակներ 4։25

3. Ինչո՞ւ պետք է «ուղիղ նայենք» ապագային։

3 Իսկ ինչո՞ւ է կարևոր, որ «ուղիղ նայենք» ապագային։ Ինչպես որ անընդհատ հետ նայող անհատը չի կարող ուղիղ քայլել, այնպես էլ մենք չենք կարող կենտրոնանալ Եհովային լիարժեքորեն ծառայելու վրա, եթե շարունակ հետ նայենք (Ղուկ. 9։62

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Հոդվածում կխոսենք այն մասին, թե որ երեք ծուղակները կարող են պատճառ լինել, որ սկսենք ապրել անցյալով։ * Դրանք են՝ 1) անցյալի հանդեպ կարոտը, 2) դառնության զգացումը և 3) մեղավորության զգացումը։ Կտեսնենք, թե յուրաքանչյուր ծուղակի դեպքում սուրբգրային որ սկզբունքը կարող է օգնել, որ մոռանանք «հետևում եղած բաները» և ձգտենք դեպի «առջևում եղածները» (Փիլիպ. 3։13

ԱՆՑՅԱԼԻ ՀԱՆԴԵՊ ԿԱՐՈՏ

Ի՞նչը կարող է խանգարել մեզ, որ ուղիղ նայենք ապագային (տես պարբերություն 5, 9, 13) *

5. Ի՞նչ ծուղակի մասին է նախազգուշացնում Ժողովող 7։10-ը։

5 Կարդա Ժողովող 7։10։ Նկատի առնենք, որ այս համարում չի ասվում, թե սխալ է հարցնել. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը լավը»։ Քանի որ լավ հիշողությունները պարգև են Եհովայից։ Փոխարենը՝ այնտեղ ասվում է. «Մի՛ ասա՝ «ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը»»։ Այլ կերպ ասած՝ մենք ծուղակը կընկնենք, եթե սկսենք համեմատել անցյալի ու ներկայիս հանգամանքները և եզրակացնենք, որ նախկինի համեմատ՝ հիմա ամեն ինչ ավելի վատ է։ Մեկ այլ թարգմանության մեջ այս համարը հետևյալ կերպ է շարադրված. «Երբեք մի՛ հարցրու. «Ա՜խ, ինչո՞ւ էր հին օրերում ամեն ինչ շատ ավելի լավ»»։ Նման հարց տալը խելամիտ չէ։

Եգիպտոսից դուրս գալուց հետո ի՞նչ սխալ գործեցին իսրայելացիները (տես պարբերություն 6)

6. Ինչո՞ւ իմաստուն չէ մտածել, որ մեր կյանքը անցյալում ավելի լավն էր։ Բեր օրինակ։

6 Ինչո՞ւ իմաստուն չէ մտածել, որ մեր կյանքը անցյալում շատ ավելի լավն էր։ Անցյալի հանդեպ կարոտի պատճառով գուցե հակված լինենք հիշելու միայն լավ բաները և անտեսենք այն դժվարությունները, որ ունեցել ենք։ Քննենք իսրայելացիների օրինակը։ Եգիպտոսից դուրս գալուց հետո նրանք շատ արագ մոռացան, թե որքան ծանր էր իրենց կյանքը այնտեղ։ Նրանք կենտրոնացել էին այնտեղի լավ ուտելիքների վրա և ասում էին. «Հիշում ենք այն ձկները, որ ձրի ուտում էինք Եգիպտոսում, վարունգները, ձմերուկները, պրասասոխերը, սոխերն ու սխտորները» (Թվեր 11։5)։ Բայց մի՞թե իրականում նրանք «ձրի» էին ուտում այդ ամենը։ Ո՛չ։ Իսրայելացիները շատ թանկ էին վճարում դրա դիմաց։ Նրանք ծանր ստրկական աշխատանք էին կատարում։ Եգիպտացիները կեղեքում էին նրանց (Ելք 1։13, 14; 3։6–9)։ Իսրայելացիները մոռացել էին այդ դժվար օրերը ու կարոտով էին հիշում անցյալը։ Փոխանակ կենտրոնանալու այն լավ բաների վրա, որ Եհովան անում էր իրենց համար, իսրայելացիները ապրում էին անցյալի լավ հիշողություններով։ Նման մտածելակերպը Եհովային դուր չեկավ (Թվեր 11։10

7. Ի՞նչն օգնեց մի քրոջ չընկնելու անցյալի հանդեպ կարոտի ծուղակը։

7 Ի՞նչ կարող ենք անել, որ խուսափենք անցյալի հանդեպ կարոտի ծուղակն ընկնելուց։ Ուշադրություն դարձնենք մի քրոջ օրինակի, ով 1945 թ.-ին սկսեց ծառայել Բրուքլինի Բեթելում։ Դրանից մի քանի տարի անց նա ամուսնացավ բեթելցի մի եղբոր հետ, և նրանք երկար տարիներ միասին ծառայեցին այնտեղ։ Ցավոք, 1976 թ.-ին նրա ամուսինը հիվանդացավ։ Քույրը պատմում է, որ երբ ամուսինը զգաց՝ մահանում է, մի քանի լավ խորհուրդ տվեց իրեն, որպեսզի կարողանար հաղթահարել կորստի ցավը։ Նա ասել է. «Ամուսնության մեջ մենք երջանիկ ենք եղել։ Շատերը նման ամուսնություն չեն վայելել»։ Այնուհետև հորդորել է. «Մի՛ ապրիր անցյալով, թեև հիշողությունները կշարունակեն քեզ ուղեկցել։ Ժամանակը կբուժի քո վերքերը։ Բարկությամբ ու խղճահարությամբ մի՛ լցվիր ինքդ քո հանդեպ։ Ուրախ եղիր, որ վայելել ես այսպիսի երջանկություն և օրհնություններ.... Հիշողությունները Աստծուց տրված պարգև են»։ Իսկապես որ իմաստուն խորհուրդներ են։

8. Քույրը ի՞նչ օգուտներ քաղեց՝ հետևելով ամուսնու խորհուրդներին։

8 Քույրը հետևեց ամուսնու խորհուրդներին և մինչև կյանքի վերջ հավատարմորեն ծառայեց Եհովային։ Նա մահացավ 92 տարեկանում։ Մահից մի քանի տարի առաջ նա ասել էր. «Նայելով Եհովայի ծառայության մեջ անցկացրած 63 տարիներիս՝ կարող եմ ասել, որ իսկապես գոհացուցիչ կյանք եմ ունեցել»։ Նա բացատրել է, թե ինչու. «Կյանքն իսկապես գոհացուցիչ է դառնում մեր հրաշալի եղբայրության շնորհիվ, նաև այն բանի, որ հույս ունենք եղբայրների ու քույրերի հետ ապրել դրախտային երկրի վրա, ծառայել մեր մեծ Արարչին՝ միակ ճշմարիտ Աստված Եհովային, ողջ հավիտենականության ընթացքում»։ * Անցյալով չապրելու և ապագային ուղիղ նայելու հարցում այս քույրը հիանալի օրինակ է մեզ համար։

ԴԱՌՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ

9. Հաշվի առնելով Ղևտական 19։18-ը՝ հատկապես ե՞րբ գուցե դժվար լինի ազատվել վիրավորանքի զգացումից։

9 Կարդա Ղևտական 19։18։ Սովորաբար դժվար է լինում ազատվել վիրավորանքի զգացումից, եթե մեզ հետ սխալ է վարվել մեր հավատակիցը, մտերիմ ընկերը կամ ընտանիքի անդամը։ Հավատակիցներից մեկը մի քրոջ սխալմամբ մեղադրել էր իրենից փող գողանալու մեջ։ Թեև հետագայում մեղադրողը հասկացավ, որ սխալվել է և ներողություն խնդրեց, բայց քույրը չէր կարողանում մոռանալ տեղի ունեցածը։ Ծանո՞թ զգացում է։ Հնարավոր է՝ մենք երբեք չենք հայտնվել նման իրավիճակում, բայց շատերս ենք ունեցել վիրավորանքի զգացում և մտածել, որ չենք կարողանա ազատվել դրանից։

10. Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ վիրավորված ենք։

10 Ի՞նչը կարող է օգնել մեզ, երբ վիրավորված ենք։ Մեզ կօգնի այն բանի գիտակցումը, որ Եհովան ամեն ինչ տեսնում է։ Նա գիտի, թե ինչերի միջով ենք անցնում և թե ինչ անարդարությունների ենք բախվում (Եբր. 4։13)։ Նա ցավ է ապրում, երբ մենք տառապում ենք (Ես. 63։9)։ Եհովան խոստացել է վերացնել այն ողջ ցավն ու տառապանքը, որ այսօր կրում ենք անարդարության հետևանքով (Հայտն. 21։3, 4

11. Ի՞նչ օգուտներ ենք քաղում, երբ ազատվում ենք վիրավորանքի զգացումից։

11 Մենք պետք է հիշենք, որ վիրավորանքի զգացումից ազատվելը օգտակար է։ Տեսնենք, թե ինչ սովորեց այն քույրը, որին հավատակիցը անարդարացիորեն մեղադրել էր գողության մեջ։ Ժամանակի ընթացքում նա կարողացավ ազատվել վիրավորանքի զգացումից։ Նա հասկացավ, որ երբ ներում ենք ուրիշներին, Եհովան էլ մեզ է ներում (Մատթ. 6։14)։ Քույրը ոչ թե արդարացրեց հավատակցին կամ նվազեցրեց նրա արարքի լրջությունը, այլ որոշեց մոռանալ վիրավորանքի զգացումը։ Հիմա նա իրեն ավելի երջանիկ է զգում և կարողանում է կենտրոնանալ Եհովային ծառայելու վրա։

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԶԳԱՑՈՒՄ

12. Ի՞նչ ենք իմանում 1 Հովհաննես 3։19, 20 համարներից։

12 Կարդա 1 Հովհաննես 3։19, 20։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ մեղավորության զգացում ենք ունենում։ Օրինակ՝ ոմանց խիղճը տանջում է այն սխալների պատճառով, որ արել են նախքան ճշմարտությունն իմանալը։ Ոմանք էլ իրենց մեղավոր են զգում մկրտությունից հետո արած սխալների համար։ Նման զգացում ունենալը բնական է (Հռոմ. 3։23)։ Իհարկե, մենք ուզում ենք ճիշտն անել։ Բայց «բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակ. 3։2; Հռոմ. 7։21–23)։ Ինչ խոսք, մեղավորության զգացումը հաճելի զգացում չէ, բայց կարող է օգտակար լինել։ Ինչո՞ւ։ Քանի որ այն կարող է մղել մեզ, որ ուղղենք մեր սխալ ընթացքը և վճռենք չկրկնել նույն սխալները (Եբր. 12։12, 13

13. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ մեղավորության զգացումը շարունակ տանջի մեզ։

13 Մյուս կողմից, սակայն, մարդ կարող է ունենալ մեղավորության ծանր զգացում։ Նման դեպքում անհատի խիղճը շարունակ տանջում է, անգամ եթե նա զղջացել է, և Եհովան ցույց է տվել, որ ներել է նրան։ Մեղավորության այսպիսի զգացումը վնասակար կարող է լինել (Սաղ. 31։10; 38։3, 4)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Նկատի առնենք մի քրոջ օրինակ, ում խիղճը շարունակ տանջում էր անցյալում գործած մեղքերի համար։ Նա ասում է. «Կարծում էի՝ անիմաստ է ուժ ու եռանդ ներդնել ծառայության մեջ, քանի որ մտածում էի, որ միևնույնն է՝ չեմ փրկվելու»։ Շատերիս են ծանոթ այս քրոջ զգացումները։ Անչափ կարևոր է, որ թույլ չտանք մեղավորության զգացումը շարունակ տանջի մեզ։ Մտածիր, թե որքան կուրախանա Սատանան, երբ տեսնի, որ հույսներս կտրել ենք մեզնից, այն դեպքում, երբ Եհովան շարունակում է սիրել ու ներել մեզ (համեմատիր 2 Կորնթացիներ 2։5–7, 11

14. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան ձեռք չի քաշել մեզանից։

14 Այնուամենայնիվ, գուցե մտածենք. «Ինչո՞ւ կարող եմ համոզված լինել, որ Եհովան ձեռք չի քաշել ինձանից»։ Կարելի է ասել, որ այս հարցը տալով՝ մենք նաև պատասխանում ենք դրան։ Տասնամյակներ առաջ «Դիտարանում» հետևյալն է գրվել. «[Գուցե] շատ անգամներ սայթաքենք և ընկնենք որոշ վատ սովորությունների պատճառով, որոնք ավելի խորն են արմատացած եղել մեր մեջ, քան կարծում էինք.... Պետք չէ հուսահատվել։ Մի՛ մտածիր, թե աններելի մեղք ես գործել։ Սատանան է ուզում, որ այդպես մտածես։ Այն փաստը, որ սխալ արարքից հետո տխրում ու տանջվում ես, ցույց է տալիս, որ ամեն ինչ կորած չէ։ Երբեք մի՛ վարանիր խոնարհաբար ու թախանձագին աղոթել Աստծուն, որ ների քեզ ու օգնի մաքուր խիղճ ունենալ և այլևս չկրկնել նույն սխալը։ Օգնության համար միշտ նրան դիմիր, ինչպես երեխան է դիմում իր հորը՝ անկախ նրանից, թե քանի անգամ է դրա կարիքը լինում։ Եհովան էլ իր անզուգական բարության շնորհիվ ողորմածաբար կօգնի քեզ»։ *

15–16. Ի՞նչ են զգացել ոմանք՝ իմանալով, որ Եհովան երես չի թեքել իրենցից։

15 Եհովայի ծառաներից շատերն են մխիթարվել՝ իմանալով, որ Եհովան երես չի թեքել իրենցից։ Օրինակ՝ տարիներ առաջ մի եղբայր շատ քաջալերվեց՝ կարդալով մի հոդված «Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» հոդվածաշարից։ Հոդվածում մի քույր պատմում է, որ իր անցյալի պատճառով դժվարանում էր հավատալ, որ Եհովան կարող է սիրել իր նման մեկին։ Նույնիսկ մկրտությունից տարիներ անց նման մտքերը շարունակում էին տանջել նրան։ Սակայն փրկանքի շուրջ խորհրդածելով՝ քույրը սկսեց իրերին այլ տեսանկյունից նայել։ *

16 Այս քրոջ օրինակն ինչպե՞ս օգնեց եղբորը։ Նա գրել է. «Պատանեկան հասակում պայքարել եմ պոռնկագրություն դիտելու մոլուցքի դեմ։ Վերջերս, ցավոք, չդիմացա ու նորից դիտեցի։ Դիմեցի երեցներին և նրանց օգնությամբ որոշ հաջողության հասա այս հարցում։ Նրանք վստահեցրին, որ Աստված սիրում և ներում է ինձ։ Այդուհանդերձ, երբեմն թերարժեքության զգացում եմ ունենում. ինձ թվում է՝ ես չեմ կարող արժանանալ Եհովայի սիրուն։ [Քրոջ] օրինակը ինձ շատ օգնեց։ Հիմա եմ հասկանում, որ երբ մտածում եմ, թե Եհովան չի կարող ներել ինձ, կարծես ասում եմ, որ իր Որդու զոհը բավարար չէ մեղքերիս ներման համար։ Ես կտրել եմ այս հոդվածը և միշտ մոտս եմ պահում, որպեսզի, եթե անարժեքության զգացումը գլուխ բարձրացնի, կարդամ այն ու խորհրդածեմ»։

17. Պողոսը առաքյալը ինչպե՞ս խուսափեց մեղավորության ծանր զգացումի ծուղակն ընկնելուց։

17 Նման օրինակները մեզ հիշեցնում են Պողոս առաքյալին։ Նախքան քրիստոնյա դառնալը նա մի շարք լուրջ մեղքեր էր գործել։ Պողոսը հիշում էր, թե ինչ վատ բաներ էր արել անցյալում, բայց շարունակ չէր մտածում դրանց մասին (1 Տիմոթ. 1։12–15)։ Փրկանքը նա Աստծու կողմից անձամբ իրեն տրված նվեր էր համարում (Գաղ. 2։20)։ Ուստի Պողոսը չընկավ մեղավորության ծանր զգացումի ծուղակը և կենտրոնացավ այն բանի վրա, թե ինչ կարող է անել տվյալ պահին Եհովային իր լավագույնը տալու համար։

ԱՊՐԻՐ ԱՊԱԳԱՅԻ ՀՈՒՅՍՈՎ

Եկեք վճռենք ապրել ապագայի հույսով (տես պարբերություն 18–19) *

18. Ի՞նչ սովորեցինք այս հոդվածից։

18 Ի՞նչ սովորեցինք՝ քննելով այս հոդվածում նշված ծուղակները։ 1) Լավ հիշողությունները պարգև են Եհովայից։ Բայց անկախ նրանից, թե որքան լավն է եղել մեր կյանքը անցյալում, նոր աշխարհում այն շատ ավելի լավն է լինելու։ 2) Հնարավոր է՝ ուրիշները վիրավորեն մեզ, բայց եթե ներենք նրանց, կկարողանանք առաջ շարժվել։ 3) Մեղավորության ծանր զգացումի պատճառով գուցե չկարողանանք ուրախությամբ ծառայել Եհովային։ Ուստի Պողոսի պես պետք է համոզված լինենք, որ Եհովան ներել է մեզ։

19. Որտեղի՞ց գիտենք, որ նոր աշխարհում անցյալի հետ կապված ափսոսանքի զգացում չենք ունենալու։

19 Մենք հավիտյան ապրելու հեռանկար ունենք։ Աստծու նոր աշխարհում անցյալի հետ կապված ափսոսանքի որևէ զգացում չենք ունենա։ Այդ ժամանակների մասին Աստվածաշունչն ասում է. «Նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Ես. 65։17)։ Մեզնից ոմանք ողջ կյանքում ծառայել են Եհովային, և հիմա ծերացել են, բայց նոր աշխարհում նրանք կրկին երիտասարդ կլինեն (Հոբ 33։25)։ Ուստի եկեք վճռենք ապրել ոչ թե անցյալով, այլ ապագայի հույսով՝ մեր ուշադրությունը կենտրոնացնելով գալիք բաների վրա։

ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը

^ պարբ. 5 Անցյալը հիշելու մեջ սխալ բան չկա։ Բայց եթե չափից շատ կենտրոնանանք անցյալի վրա, չենք կարողանա լավագույնս օգտվել ներկայիս հանգամանքներից և կմոռանանք, թե ինչ է մեզ սպասում ապագայում։ Հոդվածում կխոսենք երեք ծուղակների մասին, որոնց պատճառով գուցե սկսենք ապրել անցյալով։ Նաև կքննենք աստվածաշնչյան սկզբունքներ ու Աստծու ժամանակակից ծառաների կյանքից օրինակներ, որոնք կօգնեն մեզ չընկնել այդ ծուղակները։

^ պարբ. 4 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Անցյալով ապրել» արտահայտությունը նշանակում է շարունակ անցյալի մասին մտածել, այսինքն՝ անընդհատ խոսել անցյալի մասին, վերապրել այն և մտածել, որ անցյալում կյանքը ավելի լավն էր։

^ պարբ. 14 Տես «Դիտարանի» 1954 թ. փետրվարի 15-ի թողարկումը (էջ 123, անգլ.)։

^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Անցյալի հանդեպ կարոտը, վիրավորանքի զգացումը և մեղավորության ծանր զգացումը նման են ծանր բեռների, որոնք մի կերպ քարշ ենք տալիս։ Դրանք խանգարում են մեզ քայլել կյանքի տանող ճանապարհով։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Այդ ծանր զգացումներից ազատվելուց հետո մենք թեթևացած ու երջանիկ կզգանք և թարմ ուժերով կլցվենք։ Այդ ժամանակ կկարողանանք ուղիղ նայել ապագային։