Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օնեսիմը և Ժերալդինը

Նրանք վերադարձան և առատապես օրհնվեցին

Նրանք վերադարձան և առատապես օրհնվեցին

ԲԱԶՄԱԹԻՎ եղբայրներ ու քույրեր, ովքեր զարգացող երկրներից արտագաղթել էին արևմտյան երկրներ, վերադարձել են հայրենի երկիր։ Եհովայի և մերձավորի հանդեպ սիրուց մղված՝ նրանք տեղափոխվել են այնպիսի վայրեր, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա (Մատթ. 22։37–39)։ Ի՞նչ զոհողություններ են արել այս հավատակիցները, և ինչպե՞ս է Եհովան վարձատրել նրանց։ Եկեք տեսնենք, թե ինչ են պատմում Կամերուն վերադարձած որոշ եղբայրներ ու քույրեր։

««ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՐ ՃԻՇՏ ՎԱՅՐ»

Օնեսիմ անունով մի եղբայր 1998 թ.-ին հեռացավ Կամերունից և 14 տարի ապրեց արտասահմանում։ Մի անգամ ժողովի ժամանակ նա քարոզչական գործի մասին հետաքրքիր օրինակ լսեց։ Հռետորն ասում էր. «Պատկերացրեք՝ երկու ընկեր գնացել են ձուկ բռնելու տարբեր վայրերում։ Նրանցից մեկը ավելի շատ ձուկ է բռնում, քան մյուսը։ Ի՞նչ եք կարծում. մի՞թե քիչ ձուկ բռնողը չի տեղափոխվի ընկերոջ մոտ, որտեղ ավելի շատ ձուկ կա»։

Այս օրինակը Օնեսիմին մտածելու տեղիք տվեց։ Իր հայրենի երկրում՝ Կամերունում, շատերն էին ուզում Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա մտածում էր վերադառնալու և տեղի քարոզիչներին օգնելու մասին, բայց նաև անհանգստանում էր, որ այդքան տարի արտասահմանում ապրելուց հետո չի կարողանա հարմարվել իր երկրի պայմաններին։ Դա պարզելու համար նա վեց ամսով տեղափոխվեց Կամերուն։ Իսկ 2012-ին որոշեց մշտական բնակություն հաստատել այնտեղ։

Օնեսիմը պատմում է. «Պետք է հարմարվեի կենսապայմաններին և շոգ եղանակին։ Թագավորության սրահում պետք է նորից սովորեի նստել չոր նստարաններին»։ Նա ժպիտով ավելացնում է. «Բայց երբ կենտրոնանում էի հանդիպման ծրագրի վրա, մոռանում էի անհարմար նստարանների մասին»։

2013 թ.-ին Օնեսիմը ամուսնացավ Ժերալդին անունով մի քրոջ հետ, ով ինը տարի Ֆրանսիայում ապրելուց հետո նույնպես վերադարձել էր Կամերուն։ Ի՞նչ օրհնություններ է ստացել այս զույգը՝ Թագավորության շահերն առաջին տեղում դնելով։ Օնեսիմը պատմում է. «Միասին սովորել ենք Թագավորության քարոզիչների դպրոցում և ծառայել ենք Բեթելում։ Միայն անցած տարվա ընթացքում մեր ժողովում 20 Աստվածաշունչ ուսումնասիրողներ մկրտվեցին։ Հիմա վստահ եմ, որ «ձկնորսության» համար ճիշտ վայր եմ ընտրել» (Մարկ. 1։17, 18)։ Իսկ Ժերալդինն ասում է. «Ես ավելի շատ օրհնություններ եմ ստացել, քան կարող էի պատկերացնել»։

ՀՈԳԵՎՈՐ ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ջուդիթը և Սեմ Կաստելը

Ջուդիթը, ով տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ, ցանկանում էր ընդլայնել իր ծառայությունը։ Նա պատմում է. «Ընտանիքիս տեսնելու համար այցելում էի Կամերուն։ Ամեն անգամ այնտեղից հեռանալիս արտասվում էի, քանի որ ստիպված թողնում էի նրանց, ում հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն էի սկսել այդ ընթացքում»։ Սակայն Ջուդիթը վարանում էր տեղափոխվել։ Նա լավ վարձատրվող աշխատանք ուներ, ինչի շնորհիվ կարողանում էր հոգալ իր հոր բժշկական ծախսերը։ Այնուամենայնիվ, Եհովային ապավինելով՝ նա որոշեց տեղափոխվել։ Ջուդիթը խոստովանում է, որ լինում էին պահեր, երբ կարոտում էր Միացյալ Նահանգների հարմարավետ կյանքը։ Բայց նա աղոթում էր Եհովային, որ օգնի իրեն հարմարվել տեղի պայմաններին։ Ջուդիթը անհրաժեշտ օգնությունը ստացավ շրջանային վերակացուի և նրա կնոջ կողմից։

Հետ նայելով՝ Ջուդիթն ասում է. «Ես զգացի հոգևոր զավակներ ունենալու ուրախությունը։ Երեք տարվա ընթացքում չորս հոգու օգնեցի մկրտվել»։ Ջուդիթը դարձավ հատուկ ռահվիրա։ Իսկ այսօր իր ամուսնու՝ Սեմ Կաստելի հետ շրջանային ծառայության մեջ է։ Իսկ ի՞նչ եղավ նրա հոր հետ։ Ջուդիթը և իր ընտանիքը արտասահմանում մի հիվանդանոց գտան, որը փակեց նրա վիրահատության ծախսերը։ Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող անցավ։

«ՏԵՍԱՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԵՀՈՎԱՆ ՀՈԳ ՏԱՆՈՒՄ ՄԵՐ ՄԱՍԻՆ»

Քարոլայն և Վիկտոր

Վիկտոր անունով մի եղբայր տեղափոխվել էր Կանադա։ «Դիտարանում» բարձրագույն կրթության մասին մի հոդված կարդալուց հետո նա սկսեց լրջորեն մտածել իր ընտրած կրթության մասին և որոշեց համալսարանում սովորելու փոխարեն՝ արհեստ ձեռք բերել։ Վիկտորն ասում է. «Այդպիսով կարողացա ավելի շուտ անցնել աշխատանքի և ռահվիրայություն սկսել, ինչը վաղուց էի ուզում»։ Հետագայում Վիկտորն ամուսնացավ Քարոլայնի հետ, և նրանք միասին այցելեցին Կամերուն։ Այդ ընթացքում նրանք եղան մասնաճյուղում, որտեղ նրանց հորդորեցին մտածել Կամերունում ծառայելու մասին։ Վիկտորը պատմում է. «Չտեղափոխվելու ոչ մի պատճառ չունեինք։ Մենք արդեն իսկ պարզ կյանքով էինք ապրում, ուստի կարող էինք հետևել նրանց հորդորին»։ Թեև Քարոլայնը որոշ առողջական խնդիրներ ուներ, այնուամենայնիվ, նրանք որոշեցին տեղափոխվել։

Վիկտորն ու Քարոլայնը սկսեցին ռահվիրայություն անել։ Նրանք օգնեցին բազմաթիվ մարդկանց, ովքեր հետաքրքրվում էին Աստվածաշնչով։ Որոշ ժամանակ նրանք ապրեցին իրենց խնայողություններով։ Այնուհետև մի քանի ամսով գնացին Կանադա՝ աշխատելու։ Վերադառնալուց հետո նրանք շարունակեցին իրենց ռահվիրայությունը։ Իսկ Եհովան ինչպե՞ս օրհնեց նրանց։ Վիկտորն ու Քարոլայնը սովորեցին Թագավորության քարոզիչների դպրոցում, ծառայեցին որպես հատուկ ռահվիրա, իսկ այժմ շինարարության ծառայողներ են։ Վիկտորն ասում է. «Հարմարավետ ու բարեկեցիկ կյանքից հրաժարվելով՝ մենք տեսանք, թե ինչպես է Եհովան հոգ տանում մեր մասին»։

ՄԱՐԴԿԱՆՑ ՕԳՆԵԼՈՒ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Ստեֆանի և Ալեն

2002 թ.-ին Ալենը, ով սովորում էր Գերմանիայի համալսարաններից մեկում, կարդաց «Երիտասարդնե՛ր, ի՞նչ ուղի կընտրեք կյանքում» թերթիկը։ Այն մղեց նրան նոր նպատակներ դնել կյանքում։ 2006-ին Ալենը սովորեց Ծառայության կատարելագործման դպրոցում և նշանակվեց ծառայելու Կամերունում՝ իր ծննդավայրում։

Այստեղ Ալենը կես դրույքով աշխատանք գտավ։ Հետագայում նա ավելի լավ վարձատրվող գործի անցավ, բայց անհանգստանում էր, որ չի կարողանա այնքան ժամանակ տրամադրել ծառայությանը, որքան առաջ։ Որոշ ժամանակ անց, երբ նրան առաջարկեցին հատուկ ռահվիրա դառնալ, նա առանց հապաղելու համաձայնվեց։ Ալենի գործատերը առաջարկեց բարձրացնել նրա աշխատավարձը, բայց նա չփոխեց իր որոշումը։ Ավելի ուշ Ալենը ամուսնացավ Ստեֆանիի հետ, ով երկար տարիներ ապրել էր Ֆրանսիայում։ Իսկ Ստեֆանին ի՞նչ դժվարությունների բախվեց՝ տեղափոխվելով Կամերուն։

Ստեֆանին պատմում է. «Ես առողջական փոքր խնդիրներ ու ալերգիաներ ձեռք բերեցի, բայց ճիշտ ժամանակին բուժում ստացա, և վիճակս թեթևացավ»։ Այս զույգը վարձատրվեց իր տոկունության համար։ Ալենը պատմում է. «Երբ գնացինք ծառայելու Կատե կոչվող մի մեկուսի գյուղում, այնտեղ մի քանի հոգու գտանք, ովքեր ցանկացան Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հետագայում մենք նրանց հետ ուսումնասիրությունը շարունակեցինք հեռախոսով։ Նրանցից երկուսը մկրտվեցին, և քարոզիչների մի խումբ ձևավորվեց այդ գյուղում»։ Ստեֆանին ավելացնում է. «Երբ օգնում ես մարդկանց նվիրվել Եհովային, մեծ բավականություն ես ստանում։ Դրանից ավելի մեծ ուրախություն չկա։ Այստեղ ծառայելով՝ մենք շատ անգամներ ենք զգացել դա»։ Այսօր Ալենն ու Ստեֆանին շրջանային ծառայության մեջ են։

«ԱՐԵԼ ԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵԻՆՔ»

Լեոնս և Ժիզել

Ժիզելը Իտալիայում բժշկական կրթություն էր ստանում, երբ մկրտվեց։ Նրան Աստվածաշունչ ուսուցանող ռահվիրա զույգը պարզ կյանքով էր ապրում։ Դա տեսնելով՝ Ժիզելը շատ էր տպավորվել և ցանկանում էր ավելին անել ծառայության մեջ։ Ուստի երբ համալսարանի վերջին կուրսում էր սովորում, ռահվիրայություն սկսեց։

Ժիզելը ցանկանում էր ընդլայնել ծառայությունը իր հայրենի երկրում՝ Կամերունում, բայց որոշ մտահոգություններ ուներ։ Նա պատմում է. «Եթե տեղափոխվեի, կզրկվեի Իտալիայի քաղաքացիությունից։ Բացի այդ՝ հեռու կլինեի այնտեղ ապրող իմ հարազատներից ու ընկերներից»։ Չնայած դրան՝ 2016 թ. մայիսին Ժիզելը տեղափոխվեց Կամերուն։ Որոշ ժամանակ անց նա ամուսնացավ Լեոնսի հետ։ Կամերունի մասնաճյուղը նրանց առաջարկեց ծառայել Այոս քաղաքում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։

Իսկ ինչպիսի՞ն էր կյանքը Այոսում։ Ժիզելը պատմում է. «Հաճախ էր լինում, որ շաբաթներով հոսանք չէինք ունենում, ու չէինք կարողանում լիցքավորել մեր բջջային հեռախոսները։ Ուստի հիմնականում դրանք չէինք օգտագործում։ Ժամանակի ընթացքում սովորեցի խարույկի վրա ուտելիք պատրաստել։ Գիշերները լապտերներով և միանիվ ձեռնասայլակներով գնում էինք աղբյուրից ջուր բերելու, քանի որ այդ ժամերին քիչ մարդ էր լինում այնտեղ»։ Ի՞նչն օգնեց Ժիզելին և Լեոնսին դիմանալ։ Ժիզելն ասում է. «Եհովային ոգու, հոգատար կողակցի, հարազատների և ընկերների քաջալերանքի ու ֆինանսական օգնության շնորհիվ հաղթահարեցինք այդ դժվարությունները»։

Ժիզելը ուրա՞խ է իր կայացրած որոշման համար։ Այս հարցին նա պատասխանում է. «Այո՛, իհարկե։ Սկզբում որոշ դժվարություններ կային, և երբեմն վհատվում էինք։ Բայց հիմա, երբ արդեն հաղթահարել ենք դրանք, ես ու ամուսինս միանշանակ կարող ենք ասել, որ արել ենք այն, ինչ պետք է անեինք։ Մենք վստահում ենք Եհովային և ավելի ենք մտերմացել նրա հետ»։ Լեոնսը և Ժիզելը հնարավորություն ունեցան սովորելու Թագավորության քարոզիչների դպրոցում և այժմ ծառայում են որպես ժամանակավոր հատուկ ռահվիրաներ։

Քաջ ձկնորսների նման, ովքեր շատ ձուկ բռնելու համար տարբեր դժվարություններ են հաղթահարում, հայրենի երկիր վերադարձած քարոզիչները մեծ զոհողություններ են անում, որպեսզի օգնեն այն մարդկանց, ովքեր լսում են Թագավորության լուրը։ Եհովան այս ջանասեր քարոզիչներին միշտ «ի բարին կհիշի» և երբեք չի մոռանա այն սերը, որ նրանք դրսևորում են իր անվան հանդեպ (Նեեմ. 5։19; Եբր. 6։10)։ Եթե դու էլ ես ապրում օտար երկրում, և քո հայրենի երկրում Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա, ապա մտածիր, թե արդյոք կարող ես վերադառնալ։ Համոզված եղիր, որ այդպես վարվելով՝ դու էլ առատապես կօրհնվես (Առակ. 10։22