Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45

Օգնենք ուրիշներին պահել Քրիստոսի պատվիրանները

Օգնենք ուրիշներին պահել Քրիստոսի պատվիրանները

«Ուրեմն գնացեք և.... աշակերտներ պատրաստեք.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (ՄԱՏԹ. 28։19, 20

ԵՐԳ 89 Լսիր, հնազանդվիր և օրհնվիր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Մատթեոս 28։18–20 համարների համաձայն՝ ի՞նչ պատվիրեց Հիսուսը իր աշակերտներին։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ հետո Հիսուսը հայտնվեց Գալիլեայում հավաքված իր աշակերտներին։ Նա մի կարևոր բան ուներ նրանց ասելու։ Ի՞նչ։ Այդ մասին կարդում ենք Մատթեոս 28։18–20 համարներում (կարդա

2. Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

2 Աշակերտներ պատրաստելու Հիսուսի պատվերը վերաբերում է նաև մեր օրերում ապրող Աստծու յուրաքանչյուր ծառայի։ Եկեք քննենք այդ պատվերին առնչվող երեք հարց։ Առաջին՝ նոր աշակերտներին Աստծու պահանջների մասին սովորեցնելուց բացի՝ ուրիշ ի՞նչ պետք է անենք։ Երկրորդ՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների հոգևոր աճին ինչպե՞ս կարող են նպաստել ժողովի բոլոր քարոզիչները։ Եվ երրորդ՝ ինչպե՞ս կարող ենք օգնել ոչ ակտիվ քարոզիչներին, որ նորից սկսեն մասնակցել աշակերտներ պատրաստելու գործին։

ՍՈՎՈՐԵՑՆԵՆՔ ՆՐԱՆՑ ՊԱՀԵԼ ՀԻՍՈՒՍԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

3. Հիսուսի հանձնարարությունը ի՞նչ կարևոր հանգամանք է ներառում։

3 Հիսուսի հանձնարարությունը շատ հստակ է. մենք պետք է սովորեցնենք մարդկանց այն ամենը, ինչ նա պատվիրել է։ Սակայն չպետք է աչքաթող անենք մի կարևոր հանգամանք։ Հիսուսը պարզապես չասաց. «Սովորեցրեք նրանց այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի»։ Փոխարենը՝ նա ասաց. «Սովորեց[րեք] նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի»։ Փաստորեն, եթե ուզում ենք կատարել Հիսուսի այս պատվերը, պետք է ոչ միայն ուսուցանենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին, այլ նաև ցույց տանք, թե ինչպես կարող են կիրառել իրենց սովորածը (Գործ. 8։31)։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ։

4. Ի՞նչ է նշանակում պահել որևէ պատվիրան։ Բեր օրինակ։

4 «Պահել» որևէ պատվիրան նշանակում է հնազանդվել դրան։ Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող ենք սովորեցնել ուսումնասիրողին պահել, կամ՝ հնազանդվել այն բաներին, որ Քրիստոսը պատվիրել է, դիտարկենք հետևյալ օրինակը։ Երբ ուսուցիչը անհատին սովորեցնում է մեքենա վարել, սկզբում սովորեցնում է երթևեկության կանոնները։ Սակայն դա բավարար չէ, որպեսզի անհատը կարողանա հետևել այդ կանոններին։ Ուսուցիչը պետք է մի բան էլ անի։ Նա պետք նստի սովորողի կողքին և իրական երթևեկության պայմաններում օգնի նրան կիրառել սովորածը։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։

5. ա) Հովհաննես 14։15 և 1 Հովհաննես 2։3 համարների համաձայն՝ ի՞նչ պետք է սովորեցնենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել ուսումնասիրողներին կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։

5 Աստվածաշունչ ուսուցանելիս միայն Աստծու պահանջները սովորեցնելը բավական չէ։ Մենք պետք է օգնենք մարդկանց կյանքում կիրառել սովորածը (կարդա Հովհաննես 14։15; 1 Հովհաննես 2։3)։ Կարող ենք մեր օրինակով ցույց տալ, թե աստվածաշնչյան սկզբունքները ինչպես կարելի է կիրառել դպրոցում, աշխատավայրում կամ ազատ ժամանակ։ Կարող ենք նաև պատմել նրանց, թե սուրբգրային որևէ սկզբունք կիրառելը ինչպես է պաշտպանել մեզ վնասվելուց կամ ինչպես է օգնել, որ իմաստուն որոշում կայացնենք։ Ուսումնասիրողի ներկայությամբ կարող ենք աղոթել Եհովային և խնդրել, որ իր սուրբ ոգով առաջնորդի նրան (Հովհ. 16։13

6. Ուրիշ ի՞նչ կարող ենք անել, երբ սովորեցնում ենք անհատին պահել Հիսուսի պատվիրանները։

6 Ուրիշ ի՞նչ է մտնում Աստվածաշունչ ուսումնասիրողին սովորեցնելու մեջ։ Մենք պետք է օգնենք նրան, որ աշակերտ պատրաստելու ցանկություն զարգացնի։ Քարոզչական գործին մասնակցելու միտքը գուցե վախեցնի նրան։ Ուստի պետք է համբերատար լինենք, մինչ օգնում ենք, որ խորացնի աստվածաշնչյան իր գիտելիքները։ Ժամանակի ընթացքում սովորածը կհասնի նրա սրտին, և նա կմղվի գործերի։ Իսկ գործնականում ի՞նչ կարող ենք անել, որ ուսումնասիրողը բարի լուրը քարոզելու ցանկություն զարգացնի։

7. Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ ուսումնասիրողը բարի լուրը քարոզելու ցանկություն զարգացնի։

7 Թերևս Աստվածաշունչ ուսումնասիրողին հետևյալ հարցերը տանք. «Ինչպե՞ս է Թագավորության մասին բարի լուրը բարելավել քո կյանքը։ Ի՞նչ ես կարծում՝ մարդիկ բարի լուրի կարիքն ունե՞ն։ Ի՞նչ կարող ես անել, որ օգնես նրանց» (Առակ. 3։27; Մատթ. 9։37, 38)։ Կարող ենք նաև նրան ցույց տալ «Ուսուցանելու գործիքների արկղում» առկա մեր թերթիկները և հարցնել, թե դրանցից որոնք կհետաքրքրեն նրա բարեկամներին, ընկերներին ու աշխատակիցներին։ Հետո լավ կլինի՝ իր ընտրած թերթիկներից մի քանի օրինակ տանք իրեն, և միասին փորձենք, թե ինչպես կարելի է դրանք նրբանկատորեն առաջարկել մարդկանց։ Անշուշտ, երբ ուսումնասիրողը չմկրտված քարոզիչ դառնա, ծառայության ժամանակ մենք նրա կողքին կլինենք (Ժող. 4։9, 10; Ղուկ. 6։40

ԻՆՉՊԵՍ Է ԺՈՂՈՎԸ ՕԳՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂԻՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ

8. Ինչո՞ւ է կարևոր, որ Աստվածաշունչ ուսումնասիրողները սեր զարգացնեն Աստծու և մերձավորի հանդեպ (տես « Ինչպես օգնենք ուսումնասիրողին ավելի շատ սիրել Աստծուն» շրջանակը)

8 Հիշենք՝ Հիսուսը հանձնարարել է, որ սովորեցնենք մարդկանց «պահել այն ամենը», ինչ նա պատվիրել է։ «Այն ամենի» մեջ, ինչ խոսք, նաև մտնում են երկու մեծագույն պատվիրանները՝ սիրել Աստծուն և սիրել մերձավորին։ Երկու պատվիրաններն էլ սերտորեն կապված են քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործի հետ (Մատթ. 22։37–39)։ Ինչպե՞ս։ Քարոզելու գլխավոր մղիչ ուժը Աստծու և մերձավորի հանդեպ սերն է։ Բնական է, որ որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ գուցե վախենան քարոզելու մտքից։ Բայց մենք կարող ենք հավաստիացնել նրանց, որ Եհովայի օգնությամբ աստիճանաբար կհաղթահարեն մարդավախությունը (Սաղ. 18։1–3; Առակ. 29։25)։ Հոդվածին կից շրջանակում նշված են որոշ քայլեր, որոնց հետևելով՝ կօգնենք ուսումնասիրողին խորացնել Աստծու հանդեպ իր սերը։ Իսկ ի՞նչ կարող է անել ժողովը, որ օգնի նոր աշակերտներին ավելի շատ սեր ցուցաբերել։

9. Օրինակով ցույց տուր, թե ինչպես է անհատը երթևեկության մեջ սովորում մեքենա վարել։

9 Վերադառնանք մեքենա վարել սովորողի օրինակին։ Երթևեկության ընդհանուր հոսքի մեջ վարելիս նա սովորում է ոչ միայն լսելով ուսուցչի հրահանգները, այլև տեսնելով, թե ինչպես են վարում ուշադիր վարորդները։ Օրինակ՝ ուսուցիչը կարող է սովորողի ուշադրությունը հրավիրել այն վարորդի վրա, ով բարյացակամորեն ճանապարհը զիջում է մեկ այլ մեքենայի, կամ այն վարորդի, ով, քաղաքավարություն դրսևորելով, մեքենայի լույսերը փոխում է, որպեսզի չկուրացնի մյուս վարորդներին։ Նման վարորդների օրինակները աշակերտին արժեքավոր դասեր են սովորեցնում։

10. Ի՞նչը կօգնի Աստվածաշունչ ուսումնասիրողին հոգևորապես առաջադիմել։

10 Նմանապես Աստվածաշունչ ուսումնասիրողը, որը սկսել է քայլել կյանքի ճանապարհով, սովորում է ոչ միայն իր ուսուցչից, այլև Եհովայի մյուս ծառաների հրաշալի օրինակներից։ Հետևաբար քրիստոնեական հանդիպումներին հաճախելը մեծապես կօգնի ուսումնասիրողին հոգևորապես առաջադիմել։ Ժողովի ժամանակ հնչած մտքերը կխորացնեն նրա գիտելիքները, կամրացնեն նրա հավատը և կօգնեն ավելի շատ սիրել Աստծուն (Գործ. 15։30–32)։ Բացի այդ՝ Աստվածաշունչ ուսուցանողը կարող է ժողովի հանդիպումներին նրան ծանոթացնել այն քույրերի ու եղբայրների հետ, ովքեր նմանատիպ հանգամանքներ ունեն, ինչ ինքը։ Ուսումնասիրողը քրիստոնեական սիրո լավ օրինակներ կտեսնի ժողովում։ Պատկերացնենք հետևյալ իրավիճակները։

11. Ինչպիսի՞ օրինակներ գուցե Աստվածաշունչ ուսումնասիրողը տեսնի ժողովում, և դա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել նրա վրա։

11 Աստվածաշունչ ուսումնասիրող մի կին, ով միայնակ է մեծացնում իր երեխաներին, ժողովում հանդիպում է նմանատիպ իրավիճակում գտնվող մի քրոջ։ Նա տպավորվում է՝ տեսնելով, թե որքան մեծ ջանքեր է այդ քույրը թափում, որ իր փոքր երեխաների հետ ներկա լինի ժողովի հանդիպումներին։ Կամ էլ Աստվածաշունչ ուսումնասիրող մի տղամարդ, ով փորձում է թողնել ծխելը, ծանոթանում է մի եղբոր հետ, ում հաջողվել է դա անել։ Եղբայրը նրան պատմում է, որ Եհովայի հանդեպ ուժգին սերն է մղել իրեն՝ հնազանդվելու նրա պատվիրաններին (2 Կորնթ. 7։1; Փիլիպ. 4։13)։ Իր անձնական օրինակը պատմելուց հետո եղբայրը նրան հավաստիացնում է. «Դու էլ կկարողանաս թողնել ծխելը»։ Եղբոր օրինակն ու խոսքերը համոզվածությամբ են լցնում ուսումնասիրողին, որ նրան էլ կհաջողվի ձերբազատվել այդ սովորությունից։ Իսկ Աստվածաշունչ ուսումնասիրող մի դեռահաս աղջիկ տեսնում է, որ իր տարիքի մի քույր երջանիկ է և վայելում է կյանքը։ Նրան գրավում է քրոջ կենսուրախությունը, և նա ցանկանում է իմանալ, թե ինչու է քույրը միշտ ուրախ։

12. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ժողովում յուրաքանչյուրն իր դերն ունի Աստվածաշունչ ուսումնասիրողներին օգնելու հարցում։

12 Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողը ծանոթանում է տարբեր հավատարիմ քույրերի ու եղբայրների հետ, նրանց օրինակից սովորում է, թե ինչ է նշանակում պահել Քրիստոսի պատվերը՝ սիրել Աստծուն և մերձավորին (Հովհ. 13։35; 1 Տիմոթ. 4։12)։ Դեռ ավելին՝ ինչպես արդեն նշեցինք, ուսումնասիրողը կարող է սովորել այն քարոզիչների օրինակից, ովքեր նույն դժվարություններն ունեն, ինչ ինքը։ Նման օրինակներից նա հասկանում է, որ ինքն էլ կկարողանա անել Քրիստոսի աշակերտ դառնալու համար անհրաժեշտ փոփոխությունները (2 Օրենք 30։11)։ Ժողովում յուրաքանչյուրը կարող է այս կամ այն կերպ նպաստել ուսումնասիրողի հոգևոր աճին (Մատթ. 5։16)։ Իսկ դո՞ւ ինչ ջանքեր ես ներդնում, որպեսզի քաջալերես ժողով եկող Աստվածաշունչ ուսումնասիրողներին։

ՕԳՆԵՆՔ ՈՉ ԱԿՏԻՎՆԵՐԻՆ

13–14. Հիսուսը ինչպե՞ս վարվեց իր վհատված առաքյալների հետ։

13 Մենք ուզում ենք օգնել նաև մեր ոչ ակտիվ հավատակիցներին, որպեսզի նրանք կրկին մասնակցեն քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Եկեք քննենք Հիսուսի օրինակը։

14 Հիսուսի երկրային ծառայության վերջում, երբ նրա մահը շատ մոտ էր, բոլոր առաքյալները «լքեցին նրան ու փախան» (Մարկ. 14։50; Հովհ. 16։32)։ Ինչպե՞ս վարվեց Հիսուսը իր առաքյալների հետ, երբ նրանք թույլ ու վհատված էին։ Հարությունից կարճ ժամանակ անց նա հայտնվեց իր աշակերտներից մի քանիսին և ասաց. «Մի՛ վախեցեք։ Գնացեք և հայտնեք իմ եղբայրներին, որ [ես հարություն եմ առել]» (Մատթ. 28։10ա)։ Հիսուսը երես չթեքեց իր առաքյալներից։ Նա նրանց եղբայրներ կոչեց, թեև վերջիններս լքել էին իրեն։ Հիսուսը Եհովայի պես ողորմած ու ներողամիտ էր (2 Թագ. 13։23

15. Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք մեր այն հավատակիցների հանդեպ, ովքեր ոչ ակտիվ են դարձել։

15 Հիսուսի պես մենք էլ պետք է մտահոգվենք մեր այն հավատակիցների բարօրությամբ, ովքեր ոչ ակտիվ են դարձել։ Չէ՞ որ նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, և մենք սիրում ենք նրանց։ Մենք հիշում ենք այն սիրո գործերը, որ այս հավատակիցները արել են նախկինում, ոմանք նույնիսկ տասնամյակներ շարունակ (Եբր. 6։10)։ Մենք կարոտում ենք նրանց (Ղուկ. 15։4–7)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին մեր այս քույրերի ու եղբայրների հանդեպ հոգատարություն դրսևորելու հարցում։

16. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հոգատարությունը ոչ ակտիվ հավատակիցների հանդեպ։

16 Սիրով հրավիրենք նրանց ժողովի հանդիպումներին։ Վհատված աշակերտներին քաջալերելու համար Հիսուսը նրանց հրավիրեց հանդիպման (Մատթ. 28։10բ; 1 Կորնթ. 15։6)։ Նմանապես այսօր, մենք կարող ենք քաջալերել մեր ոչ ակտիվ հավատակիցներին՝ հրավիրելով նրանց ժողովի հանդիպումներին։ Ինչ խոսք, գուցե կարիք լինի մի քանի անգամ դա անել։ Բայց երբ նրանք գան, մենք շատ կուրախանանք։ Անկասկած, Հիսուսն էլ ուրախացավ, երբ աշակերտները ընդունեցին նրա հրավերը (Մատթ. 28։16; համեմատիր Ղուկաս 15։6

17. Ինչպե՞ս պետք է ընդունենք մեր ոչ ակտիվ հավատակցին, երբ նա ժողով գա։

17 Ջերմորեն ողջունենք նրանց։ Երբ Հիսուսը հանդիպեց իր աշակերտներին, այնպես արեց, որ նրանք իրենց վատ չզգան. նա նախաձեռնություն վերցրեց և խոսեց նրանց հետ (Մատթ. 28։18)։ Իսկ մենք ինչպե՞ս պետք է վարվենք, երբ տեսնենք, որ մեր ոչ ակտիվ հավատակիցը ժողով է եկել։ Մենք էլ պետք է նախաձեռնություն վերցնենք և ջերմորեն ողջունենք նրան։ Սկզբում գուցե չիմանանք ինչ ասել։ Բայց որպեսզի նրան անհարմար դրության մեջ չդնենք, պարզապես կարող ենք ասել, որ շատ ուրախ ենք տեսնել նրան։

18. Ինչպե՞ս կարող ենք քաջալերել ոչ ակտիվ քարոզիչներին։

18 Քաջալերենք նրանց։ Հավանաբար, Հիսուսի աշակերտները անհանգստանում էին, որ չեն կարողանա քարոզել բարի լուրը աշխարհով մեկ։ Բայց Հիսուսը քաջալերեց նրանց՝ ասելով. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մատթ. 28։20)։ Արդյո՞ք նրա խոսքերը զորացրին աշակերտներին։ Իհարկե։ Դրանից կարճ ժամանակ անց նրանք «առանց դադարի շարունակում էին սովորեցնել ու.... բարի լուրը հռչակել» (Գործ. 5։42)։ Ոչ ակտիվ քարոզիչները նույնպես քաջալերանքի կարիք ունեն։ Նորից քարոզելու միտքը գուցե վախեցնի նրանց։ Ուստի լավ կլինի՝ հավաստիացնենք նրանց, որ մենակ չեն այդ գործում, և երբ ցանկանան, կարող ենք միասին ծառայության գնալ։ Անշուշտ, մեր այս հավատակիցները շնորհակալ կլինեն, որ օգնել ենք իրենց նորից մասնակցել քարոզչական գործին։ Եթե նրանց վերաբերվենք որպես քույրերի ու եղբայրների, նրանք գուցե կրկին ակտիվ դառնան ծառայության մեջ։ Իսկ դա մեծ ուրախություն կլինի ողջ ժողովի համար։

ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵՆՔ ՄԵԶ ՎՍՏԱՀՎԱԾ ԳՈՐԾԸ

19. Ո՞րն է մեր սրտի ցանկությունը, և ինչո՞ւ։

19 Մինչև ե՞րբ պետք է անենք աշակերտներ պատրաստելու գործը։ Մինչև այս աշխարհի վախճանը (Մատթ. 28։20)։ Իսկ կկարողանա՞նք մինչ այդ ավարտին հասցնել այն։ Մենք վճռել ենք այդպես անել։ Ուստի պատրաստակամորեն տրամադրում ենք մեր ժամանակը, ուժերն ու միջոցները, որպեսզի գտնենք նրանց, ովքեր «ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48)։ Այդպիսով մենք հետևում ենք Հիսուսի օրինակին, ով ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (Հովհ. 4։34; 17։4)։ Դա նաև մեր սրտի ցանկությունն է։ Մենք ուզում ենք ավարտին հասցնել այն գործը, որ վստահվել է մեզ (Հովհ. 20։21)։ Մենք նաև ցանկանում ենք օգնել ուրիշներին, այդ թվում մեր ոչ ակտիվ հավատակիցներին, որ մեզ հետ կատարեն այն (Մատթ. 24։13

20. Հաշվի առնելով Փիլիպպեցիներ 4։13-ը՝ ինչո՞ւ ենք համոզված, որ կարող ենք կատարել Հիսուսի տված հանձնարարությունը։

20 Հիսուսի տված հանձնարարությունն անելը հեշտ չէ։ Բայց մենք մենակ չենք այդ գործում։ Նա խոստացել է, որ մեզ հետ կլինի։ Բացի այդ՝ աշակերտներ պատրաստելու գործը մենք անում ենք՝ համագործակցելով Աստծու հետ (1 Կորնթ. 3։9; 2 Կորնթ. 2։17)։ Հետևաբար կարո՛ղ ենք կատարել այն։ Մեծ պատիվ է և անչափ հաճելի կատարել Հիսուսի հանձնարարությունը և օգնել մարդկանց, որ նույնն անեն (կարդա Փիլիպպեցիներ 4։13

ԵՐԳ 79 Սովորեցրու նրանց հաստատ կանգնել

^ պարբ. 5 Հիսուսն իր հետևորդներին հանձնարարեց աշակերտներ պատրաստել և սովորեցնել նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրել էր։ Հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք կատարել Հիսուսի հանձնարարությունը։ Այս հոդվածը մասամբ հիմնված է «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 1-ի համարի վրա (էջ 14–19)։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս քույրը բացատրում է, թե ինչ երեք քայլեր պետք է անի ուսումնասիրողը, որ խորացնի իր սերը Աստծու հանդեպ։ Հետո ուսումնասիրողը հետևում է այդ քայլերին։