Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իմաստալից կյանքի որոնումներով

Իմաստալից կյանքի որոնումներով

ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ նավարկելիս հանկարծ նկատեցի, որ մեր հին առագաստանավը լուրջ վնասվել է, և ջուրը լիտրերով ներս է լցվում։ Դեռ ուշքի չէի եկել տեղի ունեցածից, երբ փոթորիկ բարձրացավ։ Այնքան էի վախեցել, որ սկսեցի աղոթել Աստծուն, մի բան, որ վաղուց չէի արել։ Բայց ինչպե՞ս էի հայտնվել այդ իրավիճակում։ Պատմեմ ամենասկզբից։

Երբ յոթ տարեկան էի, ապրում էինք Բրազիլիայում

Ծնվել եմ 1948 թ.-ին Նիդերլանդներում։ Հաջորդ տարի ընտանիքով տեղափոխվեցինք Սան Պաուլու (Բրազիլիա)։ Ծնողներս միշտ եկեղեցի էին հաճախում, և մենք ընտանիքով ընթրիքից հետո կանոնավորաբար Աստվածաշունչ էինք կարդում։ 1959 թ.-ին կրկին տեղափոխվեցինք, այս անգամ՝ Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատեցինք Մասաչուսեթս նահանգում։

Հայրս ծանր աշխատում էր, որպեսզի հոգ տաներ ութ հոգուց բաղկացած մեր ընտանիքի մասին։ Նա տարբեր գործեր էր անում. աշխատում էր որպես շրջիկ գործակատար, ճանապարհաշինարար և միջազգային ավիաուղիներում որպես վաճառքի մենեջեր։ Երբ նա սկսեց աշխատել ավիաուղիներում, բոլորս շատ ուրախացանք, քանի որ դրա շնորհիվ կարող էինք շատ ճամփորդել։

Ավագ դպրոցում սովորելու տարիներին հաճախ էի մտածում. «Ի՞նչ եմ անելու, երբ մեծանամ»։ Ընկերներիցս ոմանք ընդունվեցին համալսարան, մյուսները գնացին բանակ։ Բանակ հաստատ չէի ուզում գնալ, քանի որ չէի սիրում վիճել, առավել ևս՝ կռվել։ Ուստի ընդունվեցի համալսարան։ Բայց ամենից շատ ուզում էի օգնել մարդկանց. մտածում էի, որ դա կյանքս իմաստով կլցնի։

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՍ

Տարիներ շարունակ փնտրում էի կյանքի իմաստը

Համալսարանում մարդաբանություն էի ուսումնասիրում, քանի որ ինձ շատ էր հետաքրքրում կյանքի ծագումը։ Մեզ էվոլյուցիոն տեսություն էին դասավանդում և պահանջում էին, որ դա ընդունեինք որպես փաստ։ Բայց ինձ համար այդ ուսմունքին թիկունք կանգնող որոշ փաստեր զուրկ էին տրամաբանությունից, և ես պետք է պարզապես կուրորեն հավատայի դրանց։ Իսկ դա գիտական մոտեցում չէ։

Դասերի ժամանակ մեր մեջ բարոյական արժեքներ չէին սերմանում, ընդհակառակը՝ մեզ սովորեցնում էին, որ պետք է ամեն գնով հասնենք հաջողության։ Ընկերական հավաքույթներին մասնակցելը և թմրադեղեր փորձելը ինձ հաճելի զգացողություններ էին տալիս, բայց դրանք երկար չէին տևում։ Մտածում էի՝ արդյոք սա է կյանքի իմաստը։

Այնուհետև տեղափոխվեցի Բոստոն և ուսումս շարունակեցի այնտեղի համալսարաններից մեկում։ Ուսման վարձը վճարելու համար ամառային արձակուրդներին սկսեցի աշխատել։ Աշխատավայրում առաջին անգամ առնչվեցի Եհովայի վկաների հետ։ Աշխատակիցս, ով Վկա էր, ինձ բացատրեց «յոթ ժամանակի» մասին մարգարեությունը, որը գրված է «Դանիել» գրքի 4-րդ գլխում, և ասաց, որ մենք ապրում ենք վերջին օրերում (Դան. 4։13–17)։ Հենց սկզբից հասկացա, որ եթե շարունակեմ նրա հետ աստվածաշնչյան քննարկումներ ունենալ և լուրջ վերաբերվեմ դրանց, պետք է փոփոխություններ անեմ իմ կյանքում։ Ուստի սկսեցի ամեն կերպ խուսափել նրանից։

Համալսարանում հաճախում էի այնպիսի դասընթացների, որոնք ինձ պետք է պատրաստեին, որ Հարավային Ամերիկայում կամավորական աշխատանքներ անեի։ Մտածում էի, որ եթե մարդասիրական աշխատանքներ անեմ, կյանքս իմաստով կլցվի։ Բայց շուտով հասկացա, որ դա էլ իմ կյանքին իմաստ չի հաղորդի։ Շատ հիասթափված էի, ուստի այդ կիսամյակի վերջում թողեցի համալսարանը։

ՈՐՈՆՈՒՄՆԵՐՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

1970 թ. մայիսին տեղափոխվեցի Ամստերդամ (Նիդերլանդներ), որպեսզի աշխատեմ այն նույն ավիաուղիներում, որտեղ հայրս էր աշխատում։ Այդ աշխատանքի շնորհիվ ես շատ էի ճամփորդում։ Այցելում էի տարբեր երկրներ Աֆրիկայում, Ամերիկա աշխարհամասում, Եվրոպայում և Հեռավոր Արևելքում։ Շուտով հասկացա, որ այդ բոլոր երկրներում էլ կան լուրջ խնդիրներ, որոնք ոչ ոք չի կարողանում լուծել։ Կրկին լցվեցի կյանքումս մի օգտակար բան անելու մեծ ցանկությամբ, ուստի վերադարձա Միացյալ Նահանգներ և նորից ընդունվեցի Բոստոնում գտնվող նույն համալսարանը։

Բայց շուտով հասկացա, որ չեմ ստանում կյանքի վերաբերյալ իմ հարցերի պատասխանները։ Չիմանալով ինչ անել՝ խորհրդի համար դիմեցի մարդաբանության իմ դասախոսին։ Նրա պատասխանը զարմացրեց ինձ։ Նա ասաց. «Էլ ի՞նչ իմաստ ունի շարունակել ուսումդ։ Հենց այսօր էլ թող այն»։ Ես հենց դա էլ ուզում էի լսել։ Թողեցի համալսարանը և այլևս չվերադարձա այնտեղ։

Բայց, միևնույն է, կյանքս շարունակում էր անիմաստ թվալ, ուստի որոշեցի միանալ մի խմբավորման, որը մերժում էր ընդունված սովորույթները, և թվում էր՝ սեր ու խաղաղություն էր խրախուսում։ Ընկերներիս հետ ճանապարհին պատահած մեքենաներով Միացյալ Նահանգներից գնացինք Ակապուլկո (Մեքսիկա)։ Մենք ապրում էինք հիպիների հետ, ովքեր ասես անհոգ կյանք ունեին։ Բայց շուտով հասկացա, որ նրանց կյանքն էլ է զուրկ իմաստից, և որ նման ապրելակերպը մնայուն երջանկություն չի բերում։ Բացի այդ՝ տեսա, որ նրանց շրջանում տարածված է անազնվությունը և անհավատարմությունը։

ՈՐՈՆՈՒՄՆԵՐՍ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎՈՎ

Ընկերոջս հետ՝ դրախտային կղզու որոնումներով

Մանկության տարիներին մի երազանք ունեի. ուզում էի ծով դուրս գալ, բայց ոչ թե որպես նավաստի, այլ որպես կապիտան։ Համալսարանը թողնելուց հետո շարունակ մտածում էի մանկությանս երազանքը իրականացնելու մասին։ Բայց դրա համար նախ պետք է սեփական առագաստանավ ունենայի։ Ընկերներիցս մեկը՝ Թոմը, նույնպես նման ցանկություն ուներ։ Ուստի որոշեցինք միասին շուրջերկրյա ճամփորդություն կատարել նավով։ Ուզում էի գտնել մի դրախտային կղզի, որտեղ հեռու կլինեի հասարակության հաստատած կարգերից։

Ես ու Թոմը ուղևորվեցինք Իսպանիա և գնացինք Բարսելոնի մոտակայքում գտնվող Արենիս դե Մար քաղաք։ Այնտեղ գնեցինք 9,4 մետր (31 ֆուտ) երկարություն ունեցող Լիգրա անունով մի առագաստանավ։ Մենք վերանորոգեցինք ու ձևափոխեցինք այն, որպեսզի կարողանանք օվկիանոս դուրս գալ։ Քանի որ չէինք շտապում տեղ հասնել, հանեցինք նավի շարժիչը և այդ տարածքն օգտագործեցինք ավելի շատ խմելու ջուր պահելու համար։ Բացի այդ՝ նավին ամրացրինք երկու 5 մետրանոց (16 ֆուտ) թի, որպեսզի կարողանայինք հեշտությամբ մանևրել փոքր նավահանգիստներում։ Վերջապես ճանապարհ ընկանք և ուղևորվեցինք դեպի Հնդկական օվկիանոս՝ Սեյշելյան կղզիներ։ Մենք ծրագրել էինք այնտեղ հասնել Աֆրիկայի արևմտյան ափով և Բարեհուսո հրվանդանով, որը Աֆրիկայի հարավում է։ Ծովում կողմնորոշվում էինք աստղերի, աստղային քարտեզագրքի, օրացույցների և աղյուսակների օգնությամբ՝ օգտագործելով աստղագիտական անկյունաչափ։ Ապշել էի, որ հնարավոր էր ամենայն ճշգրտությամբ որոշել մեր գտնվելու վայրը։

Շատ չանցած՝ հասկացանք, որ մեր հին փայտե նավը այդքան էլ ապահով չէ օվկիանոս դուրս գալու համար։ Մեկ ժամում մոտ 22 լիտր ջուր էր ներս լցվում։ Եվ ինչպես արդեն սկզբում ասացի, փոթորկի ժամանակ այնքան էի վախեցել, որ սկսեցի աղոթել Աստծուն։ Այդ ժամանակ նրան խոստացա, որ եթե փրկվեմ, կփորձեմ ավելի շատ բան իմանալ նրա մասին։ Փոթորիկը հանդարտվեց, և ես պահեցի խոստումս։

Մինչ բաց ծովում էինք, սկսեցի Աստվածաշունչ կարդալ։ Միջերկրական ծովում նավակի մեջ նստած՝ ես հիանում էի բնությամբ. շուրջս թռչող ձկներ ու դելֆիններ էին, հեռվում՝ անծայրածիր հորիզոններ։ Գիշերն էլ զմայլվում էի Ծիր Կաթին գալակտիկայով ու ավելի համոզվում, որ գոյություն ունի հոգատար Ստեղծիչ, ով հետաքրքրված է մարդկանցով։

Մի քանի շաբաթից հասանք Ալիկանտե քաղաքի նավահանգիստ (Իսպանիա)։ Այնտեղ փորձեցինք վաճառել մեր նավը, որպեսզի ավելի լավը գնեինք։ Բնականաբար հեշտ չէր գտնել մեկին, ով կգներ այդ հին, առանց շարժիչի և վնասված նավը։ Մյուս կողմից՝ դա շատ հարմար առիթ էր, որ կարդայի Աստվածաշունչը։

Որքան շատ էի ընթերցում Աստվածաշունչը, այնքան ավելի էի համոզվում, որ այն հիանալի ուղեցույց է կյանքում հաջողության հասնելու համար։ Տպավորվում էի՝ տեսնելով, թե որքան հստակ է Աստվածաշնչի տեսակետը մաքուր և բարոյական կյանքով ապրելու վերաբերյալ, և զարմանում էի, թե ինչու էին իրենց քրիստոնյա համարող շատ մարդիկ, այդ թվում՝ ես անտեսում դա։

Վճռեցի քայլեր ձեռնարկել, որպեսզի սկսեմ մաքուր կյանքով ապրել։ Դրա համար հրաժարվեցի թմրադեղերից։ Մտածում էի՝ պետք է որ լինեն մարդիկ, ովքեր ապրում են Աստվածաշնչի բարոյական բարձր չափանիշներով, և շատ էի ուզում հանդիպել նրանց։ Ուստի երկրորդ անգամ աղոթեցի Աստծուն, որ օգնի գտնեմ այդ մարդկանց։

ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ՃՇՄԱՐԻՏ ԿՐՈՆԸ

Մտածեցի, որ պետք է հերթով բոլոր կրոններն էլ ուսումնասիրեմ և բացառման սկզբունքով հասկանամ, թե որն է ճշմարիտ կրոնը։ Ալիկանտեի փողոցներով շրջելիս կրոնական շատ շինություններ էի տեսնում, բայց քանի որ դրանց մեծ մասում սրբապատկերներ կային, ես դրանք պարզապես ջնջում էի իմ ցուցակից։

Մի կիրակի օր՝ կեսօրին, նավահանգստին նայող մի բլրի վրա նստած՝ կարդում էի Հակոբոս 2։1–5 համարները, որոնցում նախազգուշացում է տրվում կողմնապահություն անելու վերաբերյալ։ Նավ վերադառնալիս նկատեցի մի կրոնական շինություն, որի մուտքի մոտ հետևյալ գրությամբ մի ցուցանակ կար՝ «Եհովայի վկաների Թագավորության սրահ»։

Մտածեցի՝ պետք է փորձեմ այս մարդկանց և տեսնեմ, թե ինչպես կընդունեն ինձ։ Ուստի մորուքով, ոտաբոբիկ ու պատառոտված ջինսը հագիս մտա Թագավորության սրահ։ Սպասարկուն ինձ նստեցրեց մի տարեց կնոջ կողքին։ Վերջինս բարեհամբույր կերպով ինձ օգնեց գտնել հռետորի նշած աստվածաշնչյան համարները։ Հանդիպումից հետո շատերը մոտեցան ողջունելու ինձ, և ես ուղղակի ապշել էի՝ տեսնելով, թե որքան բարի էին բոլորն իմ հանդեպ։ Մի եղբայր հրավիրեց ինձ իրենց տուն՝ զրուցելու։ Բայց քանի որ դեռ ամբողջությամբ չէի կարդացել Աստվածաշունչը, նրան ասացի. «Երբ պատրաստ լինեմ, քեզ կասեմ»։ Այդ ընթացքում սկսեցի հաճախել ժողովի բոլոր հանդիպումներին։

Մի քանի շաբաթ հետո հյուր գնացի այդ եղբորը, և նա պատասխանեց իմ բոլոր հարցերին։ Մեկ շաբաթ անց նա գեղեցիկ շորերով լի մի մեծ տոպրակ տվեց ինձ և ասաց, որ այդ հագուստը պատկանում է մի եղբոր, ով բանտարկված է, քանի որ հնազանդվում է աստվածաշնչյան պատվերներին՝ սիրում է դրացուն և չի ցանկանում սովորել պատերազմել (Ես. 2։4; Հովհ. 13։34, 35)։ Ես համոզվեցի, որ գտել եմ այն մարդկանց, ում փնտրում էի։ Նրանք ապրում էին բարոյականության վերաբերյալ սուրբգրային հստակ սկզբունքներով։ Այդուհետ իմ նպատակը ոչ թե դրախտային կղզի գտնելն էր, այլ Աստվածաշունչը խորությամբ ուսումնասիրելը։ Այդ իսկ պատճառով վերադարձա Նիդերլանդներ։

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ

Չորս օր պահանջվեց, մինչև ճանապարհին պատահած մեքենաներով հասա Գրոնինգեն (Նիդերլանդներ)։ Պետք է աշխատանք գտնեի, որ հոգայի կարիքներս։ Ուզում էի աշխատանքի ընդունվել փայտամշակման մի արհեստանոցում։ Այնտեղ ինձ դիմում տվեցին, որ լրացնեմ։ Հարցերից մեկը իմ կրոնական պատկանելության մասին էր։ Գրեցի, որ Եհովայի վկա եմ։ Երբ արհեստանոցի տերը տեսավ դա, նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Նա ասաց. «Մենք ձեզ կզանգենք»։ Բայց այդպես էլ չզանգեցին։

Գնացի փայտամշակման մեկ այլ արհեստանոց։ Արհեստանոցի տերը հարցրեց, թե արդյոք դիպլոմ կամ երաշխավորության նամակ ունեմ։ Ասացի, որ վերանորոգման աշխատանքներ եմ արել փայտե մի նավի վրա։ Ի զարմանս ինձ՝ նա ասաց. «Հենց այսօր էլ կարող ես գործի անցնել, բայց մի պայմանով, որ իմ արհեստանոցում խնդիրներ չստեղծես, քանի որ ես Եհովայի վկա եմ և ապրում եմ աստվածաշնչյան սկզբունքներով»։ Ապշած նրան նայեցի ու ասացի. «Ես էլ եմ Եհովայի վկա»։ Տեսնելով երկար մազերս ու մորուքս՝ նա ասաց. «Ուրեմն ես քեզ Աստվածաշունչ կուսուցանեմ»։ Ես ուրախությամբ համաձայնվեցի։ Արդեն պարզ էր, թե ինչու նախորդ արհեստանոցի տերը այդպես էլ չզանգեց։ Եհովան կատարում էր իմ սրտի խնդրանքները (Սաղ. 37։4)։ Մեկ տարի աշխատեցի այդ եղբոր մոտ և նրա օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեցի։ 1974 թ. հունվարին մկրտվեցի։

ՎԵՐՋԱՊԵՍ ԳՏԱ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ

Մեկ ամիս անց ռահվիրայություն սկսեցի։ Դա ինձ մեծ բավականություն էր պատճառում։ Հաջորդ ամիս տեղափոխվեցի Ամստերդամ, որպեսզի օգնեմ նորաստեղծ իսպանախոս մի խմբի։ Ինձ համար մեծ ուրախություն էր Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել իսպաներենով և պորտուգալերենով։ 1975 թ. մայիսին հատուկ ռահվիրա նշանակվեցի։

Ինեկե անունով մի հատուկ ռահվիրա քույր մի օր եկավ մեր ժողով։ Նա Աստվածաշունչ էր ուսուցանում մի բոլիվիացի կնոջ և նրան բերել էր, որպեսզի ծանոթացներ իսպանախոս քույրերի ու եղբայրների հետ։ Ես ու Ինեկեն որոշեցինք նամակագրությամբ իրար ավելի մոտիկից ճանաչել։ Շուտով հասկացանք, որ մենք նույն նպատակներն ունենք։ 1976 թ.-ին ամուսնացանք և շարունակեցինք միասին հատուկ ռահվիրա ծառայել մինչև 1982 թ., երբ մեզ հրավիրեցին սովորելու «Գաղաադի» 73-րդ դասարանում։ Ի զարմանս և հուրախություն մեզ՝ նշանակվեցինք Արևելյան Աֆրիկա։ Հինգ տարի ծառայեցինք Մոմբասայում (Քենիա)։ 1987 թ.-ին նշանակվեցինք ծառայելու Տանզանիայում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ էր։ 26 տարի այնտեղ ծառայելուց հետո վերադարձանք Քենիա։

Արևելյան Աֆրիկայում աստվածաշնչյան ճշմարտությունը մարդկանց հայտնելը ինձ ու կնոջս մեծ ուրախություն է պարգևել

Աստվածաշնչյան ճշմարտությունը խոնարհ մարդկանց ուսուցանելը մեր կյանքը իսկական իմաստով է լցրել։ Հիշում եմ իմ առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողին, ում հանդիպել էի Մոմբասայում քարոզելիս։ Երբ նրան երկու ամսագիր առաջարկեցի, նա հարցրեց. «Սրանք կարդալուց հետո ի՞նչ պետք է անեմ»։ Հաջորդ շաբաթ մենք Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցինք «Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գրքով, որը նոր էր լույս տեսել սվահիլի լեզվով։ Մեկ տարի հետո այդ մարդը մկրտվեց և ռահվիրայություն սկսեց։ Նա և իր կինը մոտ 100 հոգու օգնել են նվիրվել Եհովային և մկրտվել։

Ես ու Ինեկեն անձամբ ենք զգացել, թե ինչպես է Եհովան օրհնում իր ծառաներին՝ իմաստալից կյանք պարգևելով նրանց

Երբ հասկացա, թե որն է կյանքի իմաստը, ինձ ճամփորդող վաճառականի պես զգացի, ով, մի թանկարժեք մարգարիտ գտնելով, ամեն ինչ անում է, որ չկորցնի այն (Մատթ. 13։45, 46)։ Ուզում էի իմ կյանքը նվիրել ուրիշներին օգնելուն, որ նրանք էլ գտնեին կյանքի իմաստը։ Ես ու իմ սիրելի կինը անձամբ ենք զգացել, թե ինչպես է Եհովան օրհնում իր ծառաներին՝ իմաստալից կյանք պարգևելով նրանց։