Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 46

Նոր ամուսնացած զույգե՛ր, Եհովային ծառայելը առաջնային համարեք

Նոր ամուսնացած զույգե՛ր, Եհովային ծառայելը առաջնային համարեք

«Եհովան իմ զորությունն է.... Նրան է սիրտս ապավինում» (ՍԱՂ. 28։7

ԵՐԳ 131 «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Նոր ամուսնացած զույգերը ինչո՞ւ պետք է ապավինեն Եհովային (Սաղմոս 37։3, 4)։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԱՆԿԱԽ նրանից՝ նոր ես ամուսնացել, թե պատրաստվում ես ամուսնանալ, անկասկած ցանկանում ես քո սիրած անձնավորության հետ երջանիկ լինել։ Ինչ խոսք, ամուսնական կյանքը զերծ չէ դժվարություններից, և հաճախ կարևոր որոշումներ կայացնելու կարիք է լինում։ Այն, թե ինչպես կվերաբերվեք խնդիրներին և ինչպիսի որոշումներ կկայացնեք, կազդի ձեր ընտանեկան երջանկության վրա։ Եթե ապավինեք Եհովային, իմաստուն որոշումներ կկայացնեք, ձեր ամուսնությունը գնալով կամրանա, և ձեր ընտանիքում երջանկություն կտիրի։ Բայց եթե անտեսեք Աստծու խորհուրդները, ամենայն հավանականությամբ, կբախվեք այնպիսի դժվարությունների, որոնց պատճառով ձեր փոխհարաբերություններում լարվածություն կառաջանա, և դուք երջանիկ չեք լինի (կարդա Սաղմոս 37։3, 4

2 Հոդվածը հիմնականում ուղղված է նոր ամուսնացած զույգերին, սակայն նշված խորհուրդները կիրառելի են նաև մյուս զույգերի համար։ Հոդվածում կուսումնասիրենք աստվածաշնչյան ժամանակներում ապրած որոշ հավատարիմ տղամարդկանց ու կանանց օրինակներ։ Այն, ինչ կսովորենք նրանցից, կարող ենք կիրառել կյանքի տարբեր բնագավառներում, այդ թվում՝ ամուսնության մեջ։ Կքննենք նաև մերօրյա որոշ զույգերի օրինակներ։

Ի՞ՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՑԵ ԲԱԽՎԵՆ ՆՈՐ ԱՄՈՒՍՆԱՑԱԾՆԵՐԸ

Ո՞ր որոշումները կարող են խանգարել նոր ամուսնացած զույգերին ընդլայնել իրենց ծառայությունը (տես պարբերություն 3–4)

3–4. Ի՞նչ դժվարությունների գուցե բախվեն նոր ամուսնացած զույգերը։

3 Ոմանք գուցե խրախուսեն նոր ամուսնացած զույգերին ապրել, այսպես ասած, նորմալ կյանքով։ Օրինակ՝ ծնողները և մյուս հարազատները գուցե ճնշում բանեցնեն նրանց վրա, որ հնարավորինս շուտ երեխաներ ունենան։ Հնարավոր է նաև, որ ընկերները և ընտանիքի անդամները, լավ մղումներից ելնելով, հորդորեն զույգին տուն առնել և այն լցնել բազմաթիվ գեղեցիկ իրերով։

4 Եթե նորապսակները զգույշ չլինեն, գուցե այնպիսի որոշումներ կայացնեն, որոնց հետևանքով խրվեն պարտքերի մեջ։ Արդյունքում երկուսն էլ թերևս ստիպված լինեն շատ աշխատել, որպեսզի կարողանան փակել իրենց պարտքերը։ Այդ դեպքում նրանք բավականաչափ ժամանակ չեն ունենա անձնական ուսումնասիրության, ընտանեկան երկրպագության և ծառայության համար։ Նրանք նույնիսկ գուցե սկսեն բաց թողնել ժողովի հանդիպումները, որպեսզի արտաժամ աշխատեն ավելի շատ գումար վաստակելու կամ էլ աշխատանքը չկորցնելու համար։ Դրա հետևանքով զույգը Եհովային ավելի շատ ծառայելու բազմաթիվ հիանալի հնարավորություններ բաց կթողնի։

5. Ի՞նչ ենք սովորում Քլաուսի և Մարիսայի օրինակից։

5 Փորձը ցույց է տալիս, որ երջանկությունը կախված չէ նյութական իրեր ձեռք բերելուց։ Նկատի առնենք մի ամուսնական զույգի՝ Քլաուսի և Մարիսայի օրինակը։ * Իրենց ամուսնության սկզբում նրանք երկուսն էլ լիաժամ աշխատում էին, որպեսզի կարողանային հարմարավետ և ապահովված կյանքով ապրել։ Բայց սրտի խորքում նրանք բավարարվածության զգացում չունեին։ Քլաուսն ասում է. «Մենք ունեինք ավելին, քան մեզ պետք էր, սակայն ոչ մի հոգևոր նպատակ չունեինք։ Իրականում մենք լարված ու սթրեսային կյանքով էինք ապրում»։ Գուցե դուք էլ եք նկատել, որ նյութական իրեր ձեռք բերելը բավարարվածության զգացում չի առաջացնում։ Բայց պետք չէ վհատվել։ Ուրիշների լավ օրինակների շուրջ մտածելը կարող է օգնել ձեզ այս հարցում։ Նախ տեսնենք, թե ընտանիքի գլուխները ինչ կարող են սովորել Հովսափատ թագավորի օրինակից։

ՀՈՎՍԱՓԱՏԻ ՊԵՍ՝ ԱՊԱՎԻՆԻՐ ԵՀՈՎԱՅԻՆ

6. Լուրջ դժվարության բախվելիս Հովսափատ թագավորը ինչպե՞ս կիրառեց Առակներ 3։5, 6 համարներում գրված խորհուրդը։

6 Ամուսիննե՛ր, լինո՞ւմ է այնպես, որ մտահոգվեք ընտանիքում ունեցած ձեր պարտականությունների պատճառով։ Եթե այո, ապա Հովսափատ թագավորի օրինակը կարող է օգտակար լինել ձեզ համար։ Որպես թագավոր՝ նա պատասխանատու էր ողջ ազգի բարօրության համար։ Ինչպե՞ս Հովսափատին հաջողվեց կատարել իր այդ լուրջ պարտականությունը։ Նա ամեն բան արեց, որ պաշտպանի ժողովրդին. ամրացրեց Հուդայի քաղաքները և ավելի քան 1 160 000 զինվորներից բաղկացած մի մեծ զորք հավաքեց (2 Տար. 17։12–19)։ Բայց մի օր Հովսափատը բախվեց լուրջ դժվարության։ Ամմոնացիները, մովաբացիները և Սեիրի լեռնային շրջանի բնակիչները մի մեծ զորք էին կազմել և պատրաստվում էին պատերազմել նրա դեմ։ Նրա ընտանիքին և ժողովրդին մեծ վտանգ էր սպառնում (2 Տար. 20։1, 2)։ Ի՞նչ արեց Հովսափատը։ Նա վարվեց Առակներ 3։5, 6 համարներում գրված իմաստուն խորհրդի համաձայն և խնդրեց Եհովային, որ օգնի ու զորացնի իրեն (կարդա)։ Հովսափատի խոնարհ աղոթքը արձանագրված է 2 Տարեգրություն 20։5–12 համարներում։ Այն ցույց է տալիս, թե որքան շատ էր նա վստահում իր սիրառատ երկնային Հորը։ Իսկ Եհովան ինչպե՞ս պատասխանեց Հովսափատի խնդրանքին։

7. Եհովան ինչպե՞ս պատասխանեց Հովսափատի աղոթքին։

7 Եհովան Հովսափատի հետ խոսեց Հաազիել անունով մի ղևտացու միջոցով։ Նա ասաց. «Վե՛ր կացեք, կանգնե՛ք ու տեսե՛ք, թե Եհովան ինչպես է ձեզ փրկում» (2 Տար. 20։13–17)։ Դա պատերազմելու անսովոր ձև էր, բայց այդ առաջնորդությունը ոչ թե մարդուց էր գալիս, այլ Եհովայից։ Լիովին ապավինելով Աստծուն՝ Հովսափատը հնազանդվեց նրա տված հրահանգին։ Եվ երբ նա դուրս եկավ թշնամու դեմ, իր զորքի առաջին շարքում կանգնեցրեց ոչ թե ամենահմուտ ռազմիկներին, այլ չզինված երգիչների։ Եհովան Հովսափատին հուսախաբ չարեց։ Նա պարտության մատնեց թշնամու զորքին (2 Տար. 20։18–23

Նոր ամուսնացած զույգերը կկարողանան Եհովային ծառայելը առաջնային դարձնել իրենց կյանքում, եթե աղոթեն նրան և ուսումնասիրեն նրա Խոսքը (տես պարբերություն 8, 10)

8. Ամուսինները ի՞նչ կարող են սովորել Հովսափատի օրինակից։

8 Ամուսիննե՛ր, դուք շատ բան կարող եք սովորել Հովսափատի օրինակից։ Դուք պատասխանատու եք ձեր ընտանիքի անդամների բարօրության համար։ Ուստի ամեն ջանք թափում եք, որ պաշտպանեք նրանց ու հոգ տանեք նրանց մասին։ Խնդիրների բախվելիս գուցե մտածեք, որ կարող եք ինքնուրույն լուծել դրանք, բայց կարևոր է, որ պայքարեք սեփական ուժերին վստահելու հակման դեմ։ Փոխարենը՝ առանձին աղոթեք Եհովային և օգնություն խնդրեք նրանից։ Ջերմեռանդորեն աղոթեք նաև ձեր կանանց հետ։ Փնտրեք Եհովայի առաջնորդությունը՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և այն հրատարակությունները, որ տրամադրում է Եհովայի կազմակերպությունը։ Այնուհետև կիրառեք այնտեղ գրված խորհուրդները։ Ոմանք գուցե հավանություն չտան Աստվածաշնչի հիման վրա կայացրած ձեր որոշումներին և նույնիսկ ասեն, որ դուք անմտորեն եք վարվում։ Նրանք թերևս ասեն, որ ձեր ընտանիքի համար լավագույն պաշտպանությունը փողն է և այն ամենը, ինչ կարող եք գնել դրանով։ Բայց հիշեք Հովսափատի օրինակը։ Նա ապավինեց Եհովային և դա փաստեց իր գործերով։ Եհովան էլ չթողեց այդ նվիրված մարդուն։ Նա չի թողնի նաև ձեզ (Սաղ. 37։28; Եբր. 13։5)։ Իսկ ի՞նչ կարող են անել ամուսնական զույգերը, որպեսզի երջանիկ լինեն։

ԵՍԱՅԻԱՅԻ ԵՎ ՆՐԱ ԿՆՈՋ ՊԵՍ՝ ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԵՔ

9. Ի՞նչ գիտենք Եսայիա մարգարեի և նրա կնոջ մասին։

9 Եսայիայի և նրա կնոջ համար Եհովային ծառայելը ամենակարևոր բանն էր կյանքում։ Եսայիան մարգարե էր։ Ամենայն հավանականությամբ, նրա կինն էլ էր մարգարեանում, քանի որ Աստվածաշնչում նա «մարգարեուհի» է կոչվում (Ես. 8։1–4)։ Ակնհայտ է, որ նրանք միասին կենտրոնացած էին Եհովային երկրպագելու վրա։ Եսայիան ու նրա կինը հիանալի օրինակ են մերօրյա զույգերի համար։

10. Աստվածաշնչյան մարգարեությունները ուսումնասիրելը ինչպե՞ս կարող է օգնել զույգերին, որ իրենց լավագույնն անեն Եհովայի համար։

10 Այսօր ամուսնական զույգերը կարող են ընդօրինակել Եսայիային ու նրա կնոջը՝ Եհովային ծառայելը իրենց կյանքում ամենակարևոր բանը դարձնելով։ Եթե նրանք միասին ուսումնասիրեն աստվածաշնչյան մարգարեությունները և տեսնեն, որ դրանք միշտ կատարվում են, նրանց վստահությունը Եհովայի հանդեպ կավելանա (Տիտոս 1։2 * Բացի այդ՝ լավ կլինի՝ մտածեն, թե ինչպես կարող են մասնակցել աստվածաշնչյան որոշ մարգարեությունների կատարմանը։ Օրինակ՝ Հիսուսի այն մարգարեության կատարմանը, ըստ որի՝ նախքան աշխարհի վերջը բարի լուրը պետք է քարոզվի ամբողջ երկրով մեկ (Մատթ. 24։14)։ Որքան մեծ լինի կողակիցների համոզվածությունը այն բանում, որ աստվածաշնչյան մարգարեությունները իրականանում են, այնքան նրանք ավելի վճռական կլինեն իրենց լավագույնն անելու Եհովայի համար։

ՊՐԻՍԿԻՂԱՅԻ ԵՎ ԱԿՅՈՒՂԱՍԻ ՊԵՍ՝ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԴՐԵՔ

11. Ի՞նչ կարողացան անել Պրիսկիղան ու Ակյուղասը և ինչո՞ւ։

11 Երիտասարդ ամուսնական զույգերը շատ բան կարող են սովորել Պրիսկիղայից և Ակյուղասից։ Վերջիններս հրեա էին և ապրում էին Հռոմում։ Նրանք լսել էին Հիսուսի մասին բարի լուրը և դարձել քրիստոնյա։ Այս զույգի կյանքում ամեն ինչ լավ էր։ Բայց մի օր նրանց հանգամանքները կտրուկ փոխվեցին, քանի որ Կլավդիոս կայսրը հրամայեց բոլոր հրեաներին հեռանալ Հռոմից։ Ակյուղասն ու Պրիսկիղան ստիպված էին թողնել իրենց հարազատ միջավայրը, նոր տուն գտնել և վրանագործության բիզնեսը շարունակել նոր վայրում։ Արդյո՞ք անսպասելի փոփոխությունները պատճառ դարձան, որ նրանք Թագավորության շահերը հետին պլան մղեն։ Թերևս գիտեք այս հարցի պատասխանը։ Իրենց նոր բնակավայրում՝ Կորնթոսում, Ակյուղասն ու Պրիսկիղան սկսեցին օգնել տեղի ժողովին և Պողոս առաքյալի հետ զորացրին եղբայրներին։ Հետագայում նրանք տեղափոխվեցին այլ քաղաքներ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար (Գործ. 18։18–21; Հռոմ. 16։3–5)։ Ինչպիսի՜ հարուստ և իմաստալից կյանքով էր ապրում այս զույգը։

12. Ամուսնացած զույգերն ինչո՞ւ պետք է հոգևոր նպատակներ դնեն։

12 Ամուսնացած զույգերը կարող են ընդօրինակել Պրիսկիղային և Ակյուղասին՝ Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում դնելով։ Հոգևոր նպատակների մասին խոսելու լավագույն ժամանակը մտերմության շրջանն է։ Երբ զույգերը միասին հոգևոր նպատակներ են դնում և ձգտում հասնել դրանց, ավելի շատ հնարավորություններ են ունենում տեսնելու, թե ինչպես է Եհովայի սուրբ ոգին գործում իրենց կյանքում (Ժող. 4։9, 12)։ Քննենք Ռասելի և Էլիզաբեթի օրինակը։ Ռասելն ասում է. «Մտերմության շրջանում մենք կոնկրետ խոսեցինք, թե ինչ հոգևոր նպատակների ենք ուզում հասնել»։ Էլիզաբեթն ասում է. «Մենք նախօրոք քննարկեցինք այդ հարցը, որպեսզի հետագայում ինչ որոշում էլ, որ կայացնեինք, այն չշեղեր մեզ մեր հոգևոր նպատակներից»։ Ռասելի և Էլիզաբեթի հանգամանքները թույլ տվեցին նրանց տեղափոխվել Միկրոնեզիա, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։

Նոր ամուսնացած զույգերը կկարողանան Եհովային ծառայելը առաջնային դարձնել իրենց կյանքում, եթե հոգևոր նպատակներ դնեն (տես պարբերություն 13)

13. Սաղմոս 28։7-ի համաձայն՝ ի՞նչ կլինի, եթե վստահենք Եհովային։

13 Ռասելի և Էլիզաբեթի նման՝ շատ ամուսնական զույգեր որոշել են իրենց կյանքը պարզեցնել, որպեսզի կարողանան հնարավորինս շատ ժամանակ տրամադրել քարոզելու և ուսուցանելու գործին։ Երբ զույգերը հոգևոր նպատակներ են դնում և ձգտում են հասնել դրանց, լավ արդյունքներ են լինում։ Նրանք տեսնում են, թե ինչպես է Եհովան հոգ տանում իրենց մասին, սկսում են ավելի շատ վստահել նրան և իսկապես երջանիկ են լինում (կարդա Սաղմոս 28։7

ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՆՐԱ ԿՆՈՋ ՊԵՍ՝ ՀԱՎԱՏԱ ԵՀՈՎԱՅԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ

14. Պետրոս առաքյալն ու նրա կինը ինչպե՞ս փաստեցին, որ հավատում են Մատթեոս 6։25 և 31–34 համարներում գրված խոստմանը։

14 Ամուսնական զույգերը շատ բան կարող են սովորել նաև Պետրոս առաքյալի և նրա կնոջ օրինակից։ Հիսուսին առաջին անգամ հանդիպելուց մոտ վեց ամիս անց Պետրոս առաքյալը պետք է մի կարևոր որոշում կայացներ։ Նա ձկնորսությամբ էր զբաղվում, որպեսզի հոգար իր ընտանիքի նյութական կարիքները։ Ուստի երբ Հիսուսը հրավիրեց նրան դառնալ իր հետևորդը և լիաժամ մասնակցել քարոզչական գործին, Պետրոսը պետք է հաշվի առներ իր ընտանեկան հանգամանքները (Ղուկ. 5։1–11)։ Նա որոշեց ընդունել Հիսուսի հրավերը։ Դա իմաստուն որոշում էր։ Մենք հիմնավոր պատճառներ ունենք եզրակացնելու, որ Պետրոսի կինը թիկունք է կանգնել նրա այդ որոշմանը։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Պետրոսի շրջագայություններից առնվազն մի քանիսի ժամանակ նրա կինը ընկերակցել է նրան (1 Կորնթ. 9։5)։ Անկասկած, իր կնոջ լավ օրինակի շնորհիվ առաքյալը խոսքի ազատություն ուներ խորհուրդ տալու քրիստոնյա ամուսիններին և կանանց (1 Պետ. 3։1–7)։ Հստակ է, որ Պետրոսն ու նրա կինը հավատում էին Եհովայի այն խոստմանը, որ եթե Թագավորությունն իրենց կյանքում առաջին տեղում դնեն, նա հոգ կտանի իրենց մասին (կարդա Մատթեոս 6։25, 31–34

15. Ի՞նչ ենք սովորում Տիագոյի և Էսթերի օրինակից։

15 Իսկ այն զույգերը, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած են, ի՞նչ կարող են անել, որպեսզի շարունակեն իրենց ծառայությունն ընդլայնելու ցանկություն զարգացնել։ Կերպերից մեկը մյուս զույգերի օրինակից սովորելն է։ Նման օրինակների մասին կարող եք կարդալ «Անձնվիրաբար ծառայողների կյանքից» հոդվածաշարում։ Այդպիսի հոդվածների օգնությամբ Բրազիլիայում ապրող մի ամուսնական զույգ՝ Տիագոն ու Էսթերը, մեծ ցանկություն զարգացրին ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Տիագոն ասում է. «Կարդալով այն մասին, թե ինչպես է Եհովան օգնել մեր օրերում ապրող իր ծառաներին՝ մենք էլ ցանկացանք տեսնել նրա ձեռքը մեր կյանքում և զգալ նրա հոգատարությունը»։ Ի վերջո Տիագոն ու Էսթերը տեղափոխվեցին Պարագվայ և 2014 թ.-ից սկսած՝ ծառայում են այնտեղի պորտուգալախոս դաշտում։ Էսթերն ասում է. «Մեր ամենասիրած աստվածաշնչյան համարներից մեկը Եփեսացիներ 3։20-ն է»։ Այդ համարում Պողոս առաքյալը հավաստիացնում է, որ Եհովան շատ ավելին կանի, քան խնդրում ենք։ Որքա՜ն ճշմարիտ են նրա այդ խոսքերը։

Նոր ամուսնացած զույգերը կկարողանան Եհովային ծառայելը առաջնային դարձնել իրենց կյանքում, եթե խորհուրդ հարցնեն հոգևոր հասուն քրիստոնյաներից (տես պարբերություն 16)

16. Երիտասարդ զույգերը նպատակներ դնելու վերաբերյալ ումի՞ց կարող են խորհուրդ հարցնել։

16 Երիտասարդ զույգերը կարող են օգուտներ քաղել նրանց օրինակից, ովքեր իրենց կյանքում սովորել են ապավինել Եհովային։ Որոշ զույգեր տասնամյակներ է, ինչ լիաժամ ծառայության մեջ են։ Երբ մտածում եք, թե ինչ նպատակներ դնել կյանքում, խորհրդի համար կարող եք նրանց դիմել։ Այդպես վարվելով՝ կփաստեք, որ ապավինում եք Եհովային (Առակ. 22։17, 19)։ Երեցները նույնպես կարող են օգնել երիտասարդ զույգերին, որ հոգևոր նպատակներ դնեն ու հասնեն դրանց։

17. Ի՞նչ եղավ Քլաուսի և Մարիսայի հետ, և ի՞նչ ենք սովորում նրանց օրինակից։

17 Երբեմն գուցե այնպես ստացվի, որ ծառայությունն ընդլայնելու մեր ցանկությունը չիրականանա այնպես, ինչպես մենք էինք նպատակադրել։ Հիշենք Քլաուսին և Մարիսային, ում մասին խոսեցինք հոդվածի սկզբում։ Ամուսնությունից երեք տարի անց նրանք տեղափոխվեցին Ֆինլանդիա, որպեսզի մասնակցեն մասնաճյուղում անցկացվող շինարարական աշխատանքներին։ Բայց շուտով նրանք իմացան, որ իրենց թույլ չի տրվում վեց ամսից երկար մնալ այնտեղ։ Սկզբում նրանք հիասթափություն ապրեցին, բայց այնպես ստացվեց, որ դրանից շատ չանցած՝ նրանց հրավիրեցին մասնակցելու արաբերեն լեզվի դասընթացների։ Այժմ Քլաուսն ու Մարիսան մեկ այլ երկրում ուրախությամբ ծառայում են արաբախոս դաշտում։ Հետադարձ հայացք նետելով՝ Մարիսան ասում է. «Վախենում էի թողնել իմ հարմարավետ կյանքը և ամբողջությամբ վստահել Եհովային։ Բայց Եհովան միշտ անսպասելի ձևերով օգնել է մեզ, և դա ամրացրել է վստահությունս նրա հանդեպ»։ Ինչպես տեսանք այս օրինակից, մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան միշտ վարձատրում է նրանց, ովքեր ամբողջությամբ ապավինում են իրեն։

18. Ի՞նչը կօգնի ամուսնացած զույգերին, որ շարունակեն ապավինել Եհովային։

18 Ամուսնությունը նվեր է Եհովայից (Մատթ. 19։5, 6)։ Եվ նա ցանկանում է, որ ամուսինները վայելեն այն (Առակ. 5։18)։ Երիտասա՛րդ զույգեր, մտածեք, թե ինչին եք նվիրում ձեր կյանքը։ Ամեն ջանք թափեք, որպեսզի ցույց տաք Եհովային, որ թանկ եք գնահատում նրա տված պարգևները։ Աղոթեք Աստծուն, նրա Խոսքում փնտրեք սկզբունքներ, որոնք կիրառելի են ձեր պարագայում, և հետևեք նրա տված խորհուրդներին։ Համոզված եղեք, որ երջանիկ և բովանդակալից կյանք կունենաք, եթե Եհովային ծառայելը առաջնային համարեք ձեր կյանքում։

ԵՐԳ 132 Հիմա մեկ մարմին ենք

^ պարբ. 5 Մեր կայացրած որոշումները կարող են ազդել այն բանի վրա, թե որքան ժամանակ և ուժ կունենանք Եհովային ծառայելու համար։ Հատկապես նորապսակ զույգերն են կանգնում այնպիսի որոշումների առաջ, որոնք կարող են ազդել նրանց ողջ կյանքի վրա։ Հոդվածը կօգնի նրանց իմաստուն որոշումներ կայացնել։ Արդյունքում նրանք երջանիկ ու իմաստալից կյանք կունենան։

^ պարբ. 5 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։