Գիտեի՞ք արդյոք
Արդյո՞ք Մուրթքեն իրական անձնավորություն է եղել
ՄՈՒՐԹՔԵՆ հրեա էր, որը կարևոր դեր է խաղացել Աստվածաշնչի «Եսթեր» գրքի դեպքերի զարգացման մեջ։ Նա գերի էր և աշխատում էր պարսկական արքունիքում։ Մուրթքեն ապրել է մ. թ. ա. 5-րդ դարի սկզբներին «Ասուերոս [թագավորի] օրերում» (այսօր շատերը կարծում են, որ Ասուերոսը նույն Քսերքսես I թագավորն է)։ Մի օր նրա շնորհիվ բացահայտվեց թագավորի դեմ ծրագրված դավադրությունը։ Երախտագիտությունից մղված՝ թագավորը կարգադրեց, որ Մուրթքեին հանրորեն պատվի արժանացնեն։ Հետագայում Մուրթքեի և հրեաների թշնամու՝ Համանի մահից հետո թագավորը Մուրթքեին երկրի վարչապետ նշանակեց։ Այդ բարձր դիրքի շնորհիվ Մուրթքեն կարողացավ մի հրամանագիր արձակել, որի միջոցով Պարսկական կայսրությունում ապրող հրեաները փրկվեցին ցեղասպանությունից (Եսթ. 1։1; 2։5, 21-23; 8։1, 2; 9։16)։
20-րդ դարի սկզբներին որոշ պատմաբաններ պնդում էին, թե «Եսթեր» գիրքը հորինված պատմություն է, և Մուրթքեն իրականում գոյություն չի ունեցել։ Բայց 1941 թ.-ին հնագետները հայտնաբերեցին մի բան, որը կարող է թիկունք կանգնել Մուրթքեի վերաբերյալ աստվածաշնչյան արձանագրությանը։
Գիտնականները հայտնաբերեցին պարսկական մի սեպագիր արձանագրություն, որում հիշատակվում է «Մարդուկա» անունը, որը «Մուրթքե» անվան պարսկական ձևն է։ Այդ մարդը Շուշան քաղաքում պալատական է եղել, հավանաբար՝ հաշվապահ։ Արևելագետ Արթուր Ունգնադը նշում է, որ այս սեպագիր արձանագրությունը այդ ժամանակներում «Մուրթքեի վերաբերյալ միակ ոչ աստվածաշնչյան աղբյուրն» է եղել։
Ունգնադի վերոնշյալ խոսքերից հետո գիտնականները հազարավոր պարսկական սեպագիր արձանագրություններ են թարգմանել, որոնց թվում են Պերսեպոլիսում հայտնաբերված կավե տախտակները։ Դրանք գտել են քաղաքի պարիսպների մոտ եղող գանձատանը և թվագրվում են Քսերքսես I-ի իշխանության ժամանակով։ Այդ տախտակները գրված են էլամերենով և պարունակում են «Եսթեր» գրքում հիշատակված մի քանի մարդկանց անուններ։ a
Այդ տախտակներից մի քանիսի վրա նշված է «Մարդուկա» անունը և ասվում է, որ նա Քսերքսես I-ի իշխանության օրոք Շուշան ամրոցում ծառայել է որպես արքունական գրագիր։ Տախտակներից մեկում էլ նրա մասին խոսվում է որպես թարգմանչի։ Սա համապատասխանում է Մուրթքեի վերաբերյալ աստվածաշնչյան նկարագրությանը։ Նա ծառայել է Ասուերոս թագավորի (Քսերքսես I) արքունիքում և տիրապետել է առնվազն երկու լեզվի։ Մուրթքեն հաճախ նստում էր Շուշան ամրոցի արքունական դարպասի մոտ (Եսթ. 2։19, 21; 3։3)։ Դա մի մեծ շինություն էր, որտեղ աշխատում էին պալատականները։
Մարդուկայի և Աստվածաշնչում նշված Մուրթքեի միջև շատ հետաքրքիր նմանություններ կան։ Նրանք երկուսն էլ ապրել են նույն ժամանակահատվածում, միևնույն տարածքում, նույն պաշտոններն են զբաղեցրել և աշխատել են նույն վայրում։ Այս բոլոր նմանությունները փաստում են, որ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները կարող են վերաբերել «Եսթեր» գրքում հիշատակված Մուրթքեին։
a 1992 թ.-ին աստվածաշնչագետ Էդվին Յամաուչին մի հոդված հրապարակեց, որում նշված էին Պերսեպոլիսում հայտնաբերված տախտակների վրա գրված տասը անուններ, որոնք հանդիպում են նաև «Եսթեր» գրքում։