Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 48

Դժվարությունների ժամանակ մի՛ կորցրու առողջ դատողությունդ

Դժվարությունների ժամանակ մի՛ կորցրու առողջ դատողությունդ

«Արթնացնում եմ ձեր առողջ մտածողությունը» (2 ՊԵՏ. 3։1

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ո՞ր դեպքում «առողջ մտածողություն» կունենանք (2 Պետրոս 3։1

 ԵՐԲԵՄՆ բախվում ենք այնպիսի դժվարությունների, որոնք փորձում են մեր վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։ Ի՞նչ կարող ենք անել նման դեպքերում։ Մենք պետք է «առողջ մտածողություն» ունենանք, հոգևորապես արթուն մնանք և ամուր պահենք մեր հավատը (կարդա 2 Պետրոս 3։1)։ Մենք առողջ մտածողություն, կամ՝ դատողություն կունենանք, եթե հանդարտ մնանք, սթափ դատենք և ձգտենք հարցերին նայել Եհովայի տեսանկյունից։ Այդպես վարվելով՝ թույլ չենք տա, որ մեր զգացմունքները իշխեն մեր մտքերի վրա։

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Նախորդ հոդվածից իմացանք, թե ինչ դժվարությունների գուցե բախվենք ժողովից դուրս։ Իսկ այս հոդվածում կքննենք, թե ինչ իրավիճակներ հնարավոր է՝ առաջանան ժողովի ներսում, որոնք կարող են փորձել Եհովայի հանդեպ մեր նվիրվածությունը։ Դրանցից են՝ 1) երբ վիրավորվում ենք հավատակցից, 2) երբ մեզ խրատում են և 3) երբ դժվարանում ենք հարմարվել կազմակերպչական փոփոխություններին։ Ի՞նչ կարող ենք անել, որ այսպիսի դժվարությունների բախվելիս չկորցնենք մեր առողջ դատողությունը և նվիրված մնանք Եհովային ու նրա կազմակերպությանը։

ԵՐԲ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԱՏԱԿՑԻՑ

3. Ինչպե՞ս գուցե արձագանքենք, եթե վիրավորվել ենք մեր հավատակցից։

3 Երբևէ վիրավորվե՞լ ես հավատակցիցդ, թերևս պատասխանատվություններ ունեցող ինչ-որ մեկից։ Ամենայն հավանականությամբ, նա մտադրություն չի ունեցել քեզ նեղացնելու (Հռոմ. 3։23; Հակ. 3։2)։ Այդուհանդերձ, նրա վարվելակերպը ցավ է պատճառել քեզ։ Հնարավոր է՝ դրա պատճառով կորցրել ես քունդ և անգամ մտածել. «Եթե սա իրոք Աստծու կազմակերպությունն է, ապա նա ինչպե՞ս է իրեն նման բան թույլ տալիս»։ Իրականում, Սատանան է ուզում, որ այդպես մտածենք (2 Կորնթ. 2։11)։ Նման բացասական մտածելակերպը կարող է պատճառ դառնալ, որ հեռանանք Եհովայից ու նրա կազմակերպությունից։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել, որ չկորցնենք մեր առողջ դատողությունը և խուսափենք վնասակար մտքերից։

4. Հովսեփն ինչպե՞ս առողջ դատողություն դրսևորեց, երբ նրա հետ վատ վարվեցին, և մենք ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից (Ծննդոց 50։19-21

4 Մի՛ դառնացիր։ Երբ Հովսեփը դեռ պատանի էր, նրա ավագ եղբայրները նրան վատ էին վերաբերվում։ Նրանք ատում էին Հովսեփին, և նրանցից ոմանք նույնիսկ ուզում էին սպանել նրան (Ծննդ. 37։4, 18-22)։ Ի վերջո Հովսեփի եղբայրները ստրկության վաճառեցին նրան, ինչի հետևանքով նա ծանր փորձությունների բախվեց, որոնք շարունակվեցին մոտ 13 տարի։ Հովսեփը կարող էր մտածել, թե Եհովան իրականում չի սիրում իրեն և լքել է նեղության պահին։ Բայց նա չդառնացավ, փոխարենը՝ սթափ դատեց և հանդարտ մնաց։ Իսկ երբ առիթ ստեղծվեց վրեժ լուծելու իր եղբայրներից, նա չօգտվեց այդ հնարավորությունից, այլ սեր դրսևորեց ու ներեց նրանց (Ծննդ. 45։4, 5)։ Հովսեփն այդպես վարվեց, քանի որ առողջ դատողություն ուներ։ Իր խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն նա տեսնում էր ամբողջական պատկերը՝ այն, թե որն էր իր դերը Եհովայի նպատակներում (կարդա Ծննդոց 50։19-21)։ Ի՞նչ կարող ես սովորել։ Եթե քեզ հետ վատ են վարվում, մի՛ նեղացիր Եհովայից և մի՛ մտածիր, թե նա լքել է քեզ։ Խորհրդածիր այն մասին, թե ինչպես է նա օգնում, որ դիմանաս այդ փորձությանը։ Բացի այդ, եթե հավատակիցդ քեզ հետ վատ է վարվում, փորձիր սեր դրսևորել և ծածկել նրա անկատարությունը (1 Պետ. 4։8

5. Միկեասն ինչպե՞ս առողջ դատողություն դրսևորեց, երբ վիրավորվել էր իր հավատակիցներից։

5 Միկեաս b անունով մի երեց, ով ապրում է Հարավային Ամերիկայում, պատմում է, որ խիստ վիրավորվել էր առաջնորդություն վերցնող որոշ եղբայրներից։ Նա ասում է. «Նախկինում երբեք նման սթրեսի մեջ չէի եղել։ Անհանգստությունից չէի կարողանում քնել և անզորությունից լաց էի լինում»։ Բայց եղբայրը չկորցրեց առողջ դատողությունը և ամեն ջանք թափեց, որ վերահսկի զգացմունքները։ Նա հաճախակի աղոթում էր Եհովային և խնդրում նրա սուրբ ոգին, որ ուժ ունենա դիմանալու։ Միկեասը նաև փնտրտուքներ էր անում մեր հրատարակություններում, որպեսզի իր համար օգտակար տեղեկություններ գտնի։ Ի՞նչ կարող ես սովորել։ Եթե վիրավորվել ես եղբորիցդ կամ քրոջիցդ, հանդարտ մնա և փորձիր վերահսկել բացասական զգացումներդ։ Դու գուցե տեղյակ չլինես նրա հանգամանքներին և չիմանաս, թե ինչու է նա նման բան ասել կամ արել։ Ուստի խոսիր Եհովայի հետ այդ մասին և խնդրիր, որ օգնի քեզ՝ հարցին հավատակցիդ տեսանկյունից նայես։ Այդպես վարվելը կօգնի, որ վատ մղումներ չվերագրես հավատակցիդ և կարողանաս ներել նրան (Առակ. 19։11)։ Հիշիր՝ Եհովան տեղյակ է քո իրավիճակին և ուժ կտա, որ կարողանաս դիմանալ (2 Տար. 16։9; Ժող. 5։8

ԵՐԲ ՄԵԶ ԽՐԱՏՈՒՄ ԵՆ

6. Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ խրատը Եհովայի սիրո դրսևորումն է (Եբրայեցիներ 12։5, 6, 11

6 Խրատը կարող է ցավ պատճառել։ Բայց եթե կենտրոնանանք միայն ցավի վրա, գուցե սկսենք նսեմացնել մեզ տրված խորհուրդը և մտածել, թե այն տեղին չէր կամ շատ խիստ էր։ Արդյունքում հնարավոր է՝ մոռանանք մի շատ կարևոր բան. այն, որ խրատը Եհովայի սիրո դրսևորումն է (կարդա Եբրայեցիներ 12։5, 6, 11)։ Եթե թույլ տանք, որ մեր զգացմունքները ղեկավարեն մեզ, խոցելի կդառնանք Սատանայի առջև։ Նա ուզում է, որ մերժենք խրատը, դեռ ավելին՝ հեռանանք Եհովայից ու ժողովից։ Ուստի ինչպե՞ս կարող ես առողջ դատողություն պահպանել, երբ քեզ խրատում են։

Պետրոսը խոնարհաբար ընդունեց խորհուրդն ու խրատը, ինչի շնորհիվ ավելի օգտակար գործիք դարձավ Եհովայի ձեռքում (տես պարբերություն 7)

7. ա) Ինչպես պատկերված է նկարում, Եհովան ի՞նչ հանձնարարություններ վստահեց Պետրոսին այն բանից հետո, երբ վերջինս ընդունեց խրատը։ բ) Ի՞նչ ես սովորում Պետրոսից։

7 Ընդունիր խրատը և կատարիր անհրաժեշտ փոփոխությունները։ Տարբեր առիթներով Հիսուսը մյուս առաքյալների ներկայությամբ ուղղել է Պետրոսին (Մարկ. 8։33; Ղուկ. 22։31-34)։ Ամենայն հավանականությամբ, վերջինս իրեն շատ վատ է զգացել, բայց շարունակել է նվիրված մնալ Հիսուսին՝ ընդունելով խրատը և դասեր քաղելով իր սխալներից։ Արդյունքում Եհովան վարձատրել է Պետրոսին նրա նվիրվածության համար և ժողովում կարևոր պատասխանատվություններ վստահել (Հովհ. 21։15-17; Գործ. 10։24-33; 1 Պետ. 1։1)։ Ի՞նչ ենք սովորում։ Երբ խորհուրդ ստանալիս մեր զգացմունքների վրա կենտրոնանալու փոխարեն ընդունում ենք այն և կատարում անհրաժեշտ փոփոխությունները, օգուտներ ենք քաղում թե՛ մենք, թե՛ ուրիշները։ Եթե այդպես վարվենք, ավելի պիտանի կդառնանք Եհովայի և մեր հավատակիցների համար։

8-9. Խրատ ստանալուց հետո ի՞նչ զգացումներ ուներ Բեռնարդոն, բայց ի՞նչն օգնեց նրան շտկելու իր մտածելակերպը։

8 Քննենք Բեռնարդոյի օրինակը, ով ապրում է Մոզամբիկում։ Տեսնենք, թե եղբայրը ինչ զգացումներ ուներ, երբ զրկվեց երեցի իր պատասխանատվությունից։ Նա ասում է. «Սկզբում ես շատ նեղված էի, քանի որ ինձ դուր չէր եկել այն խրատը, որ ստացել էի»։ Բեռնարդոյին անհանգստացնում էր այն միտքը, թե հավատակիցները ինչ կմտածեին իր մասին։ Նա խոստովանում է. «Մի քանի ամիս պահանջվեց, մինչև որ կարողացա իրավիճակին ճիշտ տեսանկյունից նայել և կրկին վստահել Եհովային և նրա կազմակերպությանը»։ Ի՞նչն օգնեց Բեռնարդոյին փոխելու իր տրամադրվածությունը։

9 Նախ Բեռնարդոն շտկեց իր մտածելակերպը։ Նա ասում է. «Երբ երեց էի ծառայում, հաճախ Եբրայեցիներ 12։7 համարով օգնում էի մյուսներին ճիշտ տեսակետ ունենալ Եհովայի տված խրատի հանդեպ։ Այժմ ես օգնության կարիք ունեի, ուստի սկսեցի մտածել. «Ո՞ւմ են ուղղված այս համարի խոսքերը։ Բոլոր քրիստոնյաներին, այդ թվում՝ ինձ»»։ Հետո Բեռնարդոն այլ քայլեր էլ ձեռնարկեց, որպեսզի վերականգնի վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել Աստվածաշնչի ընթերցանությանն ու խորհրդածությանը։ Ու թեև դեռ անհանգստանում էր, թե իր եղբայրներն ու քույրերը ինչ են մտածում իր մասին, բայց ծառայում էր նրանց հետ և մասնակցում ժողովի հանդիպումներին։ Ժամանակի ընթացքում Բեռնարդոն կրկին երեց նշանակվեց։ Եթե դու էլ Բեռնարդոյի նման խրատ ես ստացել, ձգտիր չկենտրոնանալ քո զգացմունքների վրա, ընդունիր տրված խորհուրդը և կատարիր անհրաժեշտ փոփոխությունները (Առակ. 8։33; 22։4 c Այդ դեպքում կարող ես համոզված լինել, որ Եհովան կվարձատրի քեզ այն բանի համար, որ հավատարմորեն կառչած ես մնացել իրեն և իր կազմակերպությանը։

ԵՐԲ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՄԱՐՎԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

10. Ո՞ր կազմակերպչական փոփոխությունը թերևս փորձեց որոշ իսրայելացիների նվիրվածությունը։

10 Երբ կազմակերպչական փոփոխություններ են լինում, մեր նվիրվածությունը կարող է փորձվել։ Եթե զգույշ չլինենք, գուցե նույնիսկ թույլ տանք, որ դրանք հեռացնեն մեզ Եհովայից։ Տեսնենք, թե անցյալում կազմակերպչական փոփոխությունները թերևս ինչպես էին անդրադարձել որոշ իսրայելացիների վրա։ Նախքան Մովսիսական օրենքը ընտանիքի գլուխներն էին կատարում քահանաների պարտականությունները. նրանք զոհասեղաններ էին կառուցում և իրենց ընտանիքների համար զոհեր մատուցում Եհովային (Ծննդ. 8։20, 21; 12։7; 26։25; 35։1, 6, 7; Հոբ 1։5)։ Բայց Օրենքի հաստատումից հետո ընտանիքի գլուխները այլևս չէին կարող զոհեր մատուցել, քանի որ Եհովան Ահարոնի ընտանիքից քահանաներ էր նշանակել, որպեսզի անեին դա։ Եթե այս փոփոխությունից հետո այն ընտանիքի գլուխը, ով Ահարոնի սերնդից չէր, աներ քահանայի գործը, այսինքն՝ զոհ մատուցեր, պետք է մահվան մատնվեր (Ղևտ. 17։3-6, 8, 9 d Արդյո՞ք այս փոփոխությունն էր պատճառը, որ Կորխը, Դաթանը, Աբիրոնը և 250 տոհմապետներ ըմբոստացան Մովսեսի ու Ահարոնի դեմ (Թվեր 16։1-3)։ Միանշանակ չենք կարող ասել, բայց մի բան հստակ է՝ Կորխն ու իր համախոհները նվիրված չմնացին Եհովային։ Ի՞նչ կարող ես անել, երբ այնպիսի կազմակերպչական փոփոխություններ են լինում, որոնք քո սրտով չեն։

Երբ Կահաթյանների նշանակումը փոխվեց, նրանք պատրաստակամորեն ծառայեցին որպես երգիչներ, դռնապաններ և պահեստի աշխատողներ (տես պարբերություն 11)

11. Ի՞նչ ենք սովորում Կահաթյաններից։

11 Լիովին թիկունք կանգնիր կազմակերպչական փոփոխություններին։ Քննենք Կահաթյանների օրինակը, ովքեր մի յուրահատուկ նշանակում ունեին։ Ամեն անգամ երբ անապատում իսրայելացիների ճամբարը տեղափոխվում էր, որոշ Կահաթյաններ գնում էին ժողովրդի առջևից և տանում էին ուխտի տապանակը (Թվեր 3։29, 31; 10։33; Հեսու 3։2-4)։ Ի՜նչ մեծ պատիվ։ Բայց ամեն բան փոխվեց, երբ իսրայելացիները մտան Ավետյաց երկիր։ Այլևս կարիք չկար, որ տապանակը հաճախակի տեղափոխվեր։ Ուստի Սողոմոնի իշխանության տարիներին Կահաթյաններից ոմանք նշանակվեցին ծառայելու որպես երգիչներ, դռնապաններ և պահեստի աշխատողներ (1 Տար. 6։31-33; 26։1, 24)։ Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այն մասին, թե նրանք տրտնջացել են կամ պահանջել, որ իրենց ավելի կարևոր դեր տան՝ հաշվի առնելով, որ անցյալում իրենք յուրահատուկ հանձնարարություն ունեին։ Ի՞նչ կարող ենք սովորել Կահաթյաններից։ Ամբողջ սրտով թիկունք կանգնիր Եհովայի կազմակերպության կատարած փոփոխություններին, այդ թվում՝ այն փոփոխություններին, որոնք անդրադարձել են քո նշանակումների վրա։ Ուրախություն գտիր ցանկացած հանձնարարության մեջ, որ ստանում ես։ Հիշիր, որ քո արժեքը չի որոշվում քո ունեցած նշանակումով։ Եհովան քո հնազանդությունը շատ ավելի բարձր է գնահատում, քան ցանկացած նշանակում (1 Սամ. 15։22

12. Ի՞նչ զգացումներ ունեցավ Զաինան, երբ նրա նշանակումը փոխվեց։

12 Քննենք Զաինա անունով մի քրոջ օրինակը, ով ապրում է Մերձավոր Արևելքում։ Զաինան ավելի քան 23 տարի ծառայում էր Բեթելում և շատ էր սիրում իր նշանակումը։ Բայց մի օր նրա ծառայությունը դադարեցվում է։ Քույրը պատմում է. «Իմ նշանակման փոփոխությունը մեծ ցնցում էր ինձ համար։ Ես ինձ անպիտան էի զգում և շարունակ ինքս ինձ հարցնում էի. «Տեսնես ինչո՞ւմ եմ թերացել»»։ Ցավոք, ժողովից որոշ եղբայրներ ու քույրեր նրա վերքին աղ էին լցնում՝ ասելով. «Դե՜, երևի այնքան էլ լավ չես արել գործդ, որ քեզ պահեին Բեթելում»։ Մի որոշ ժամանակ Զաինան այն աստիճան վհատված էր, որ ամեն գիշեր լաց էր լինում։ Այդուհանդերձ, քույրն ասում է. «Ես երբեք չեմ կասկածել, որ Եհովան և իր կազմակերպությունը սիրում են ինձ»։ Ինչպե՞ս Զաինային հաջողվեց չկորցնել սթափ դատելու կարողությունը։

13. Ի՞նչ արեց Զաինան, որ ձերբազատվի բացասական զգացումներից։

13 Զաինային հաջողվեց ձերբազատվել բացասական զգացումներից։ Ինչպե՞ս։ Մեր հրատարակություններում նա իր իրավիճակի վերաբերյալ հոդվածներ կարդաց, որոնք օգնեցին նրան դիմանալ։ Օրինակ՝ Զաինային շատ է օգնել «Կարո՛ղ եք հաղթահարել վհատության զգացումը» հոդվածը՝ տպագրված «Դիտարանի» 2001 թ. փետրվարի 1-ի համարում։ Այնտեղ ասվում է, որ Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Մարկոսը, ամենայն հավանականությամբ, նմանատիպ զգացումներ է ունեցել, երբ նրա նշանակումը փոխվել է։ Զաինան պատմում է. «Մարկոսի օրինակը դարման եղավ ինձ համար և օգնեց, որ հաղթահարեմ վհատությունս»։ Բացի այդ՝ նա մոտ մնաց իր ընկերներին, չմեկուսացավ և չլցվեց ինքնախղճահարությամբ։ Զաինան եկավ այն եզրակացության, որ Եհովայի ոգին է առաջնորդում նրա կազմակերպությունը, և պատասխանատվություններ ունեցող եղբայրները սիրում են իրեն ու հոգ են տանում իր մասին։ Բայց նա նաև հասկացավ, որ կազմակերպությունը պետք է այնպիսի որոշումներ կայացնի, որոնք լավագույնս կնպաստեն Եհովայի գործի առաջխաղացմանը։

14. Վլադոն ո՞ր փոփոխությանն էր դժվարանում հարմարվել, և ի՞նչն օգնեց նրան։

14 73-ամյա Վլադոն, ով Սլովենիայում երեց է ծառայում, ասում է, որ իր համար շատ դժվար էր, երբ իրենց ժողովը միավորեցին մեկ այլ ժողովի հետ ու իրենց Թագավորության սրահը փակեցին։ Վլադոն պատմում է. «Չէի կարողանում հասկանալ, թե այդ գեղեցիկ Սրահը ինչու պետք է փակվեր։ Ես նեղված էի, քանի որ նոր էինք վերանորոգել այն։ Մասնագիտությամբ կահույքագործ եմ և Սրահի նոր կահույքի մի մասը իմ ձեռքով էի պատրաստել։ Բացի այդ՝ ժողովների միավորման հետևանքով շատ փոփոխություններ անելու կարիք առաջացավ, ինչը մեզ՝ տարեց քարոզիչներիս համար այդքան էլ հեշտ չէր»։ Ի՞նչն օգնեց Վլադոյին թիկունք կանգնել տրված առաջնորդությանը։ Նա ասում է. «Եհովայի կազմակերպության կատարած փոփոխություններին հարմարվելը միշտ օրհնություններ է բերում։ Դրանք պատրաստում են մեզ ապագայում սպասվող ավելի մեծ փոփոխությունների»։ Դո՞ւ էլ ես դժվարանում հարմարվել այն փոփոխություններին, որ իր հետ բերում է ժողովների միավորումը կամ նշանակման փոփոխությունը։ Համոզված եղիր, որ Եհովան հասկանում է քեզ, և եթե թիկունք կանգնես այդ փոփոխություններին և նվիրված մնաս նրան ու նրա կազմակերպությանը, նա անկասկած կօրհնի քեզ (Սաղ. 18։25

ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԴ

15. Ինչպե՞ս կարող ենք առողջ դատողություն պահպանել, երբ դժվարությունների ենք բախվում ժողովի ներսում։

15 Մինչ մոտենում է այս աշխարհի վախճանը, հնարավոր է՝ մենք ավելի շատ դժվարությունների բախվենք ժողովի ներսում։ Դրանք կարող են փորձել մեր նվիրվածությունը Եհովայի հանդեպ։ Այդպիսի դեպքերում անչափ կարևոր է, որ չկորցնենք մեր առողջ դատողությունը։ Եթե վիրավորվել ես հավատակցիցդ, մի՛ դառնացիր։ Եթե խրատ ես ստացել, մի՛ կենտրոնացիր քո զգացմունքների վրա, ընդունիր խորհուրդը և կատարիր անհրաժեշտ փոփոխությունները։ Իսկ եթե Եհովայի կազմակերպությունը այնպիսի փոփոխություն է արել, որն անդրադարձել է անձամբ քեզ վրա, սրտանց ընդունիր այն և հնազանդվիր տրված առաջնորդությանը։

16. Ի՞նչ կարող ես անել, որ չկորցնես վստահությունդ Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։

16 Երբ նվիրվածությունդ փորձվում է, մի՛ կորցրու վստահությունդ Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։ Դրա համար կենսական է, որ առողջ դատողություն պահպանես, այսինքն՝ հանդարտ մնաս, սթափ դատես և հարցերին նայես Եհովայի տեսանկյունից։ Ուսումնասիրիր աստվածաշնչյան այնպիսի կերպարների օրինակներ, ովքեր նմանատիպ խնդիրներ են ունեցել, ինչ դու, և խորհրդածիր դրանց շուրջ։ Աղոթիր Եհովային օգնության համար և երբեք մի՛ մեկուսացիր ժողովից։ Այդ դեպքում ինչ դժվարության էլ բախվես, Սատանային երբեք չի հաջողվի հեռացնել քեզ Եհովայից և նրա կազմակերպությունից (Հակ. 4։7

ԵՐԳ 126 Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք

a Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ մեր նվիրվածությունը կարող է փորձվել հատկապես այն ժամանակ, երբ դժվարությունների ենք բախվում ժողովի ներսում։ Հոդվածում կքննենք այդ դժվարություններից երեքը և կտեսնենք, թե ինչպես կարող ենք նվիրված մնալ Եհովային և նրա կազմակերպությանը։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

c Ավելի շատ օգտակար առաջարկներ գտնելու համար տես «Կորցրե՞լ ես առանձնաշնորհումդ. կարո՞ղ ես կրկին ձգտել դրան» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. օգոստոսի 15-ի համարում (էջ 30)։

d Ըստ Օրենքի՝ այն ընտանիքի գլուխները, որոնք ցանկանում էին միս ուտել, իրենց ընտանի կենդանուն մորթելու համար պետք է նրան տանեին սրբարան։ Բացառություն էին կազմում նրանք, ովքեր շատ հեռու էին ապրում սրբարանից (2 Օրենք 12։21