Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 46

Եհովան օգնում է ուրախությամբ դիմանալ

Եհովան օգնում է ուրախությամբ դիմանալ

«Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի ձեր հանդեպ, և վեր կկենա, որպեսզի ողորմություն ցուցաբերի ձեր հանդեպ» (ԵՍ. 30։18

ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1-2. ա) Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան մեծ ցանկություն ունի մեզ օգնելու։

 ԵՀՈՎԱՆ կարող է օգնել մեզ դիմագրավել կյանքի խնդիրները և ուրախություն գտնել մեր սուրբ ծառայության մեջ։ Ինչպե՞ս է նա անում դա, և մենք ինչպե՞ս կարող ենք լիարժեքորեն օգտվել նրա տրամադրած օգնությունից։ Հոդվածից կիմանանք այս հարցերի պատասխանները։ Բայց նախ եկեք տեսնենք, թե արդյոք Եհովան իսկապես ուզում է օգնել մեզ։

2 Եբրայեցիներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը մի բառ օգտագործեց, որը կարող է օգնել մեզ գտնել այդ հարցի պատասխանը. «Եհովան է իմ օգնականը, ես չեմ վախենա։ Ի՞նչ կարող է ինձ անել մարդը» (Եբր. 13։6)։ Աստվածաշնչյան տարբեր աշխատություններ ցույց են տալիս, որ այս համարում «օգնական» թարգմանված բնագիր բառը վերաբերում է այն անհատին, ով շտապում է ձեռք մեկնել օգնության կանչողին։ Միայն պատկերացրու՝ Եհովան շտապում է, որ փրկի նրան, ով նեղության մեջ է։ Անշուշտ, այս նկարագրությունը ընդգծում է Եհովայի պատրաստակամությունն ու մեծ ցանկությունը օգնելու մեզ։ Եհովայի աջակցությամբ մենք ուրախությամբ կդիմանանք դժվարություններին։

3. Ո՞ր երեք կերպերով է Եհովան օգնում մեզ ուրախությամբ դիմանալ դժվարություններին։

3 Որո՞նք են այն կերպերից մի քանիսը, որոնցով Եհովան օգնում է մեզ ուրախությամբ դիմանալ մեր դժվարություններին։ Դա պարզելու համար եկեք անդրադառնանք «Եսայիա» գրքին։ Բայց ինչո՞ւ հենց «Եսայիա» գրքին։ Քանի որ այդ գրքի մարգարեություններից շատերը վերաբերում են նաև մեր օրերում ապրող Աստծու ծառաներին։ Բացի այդ՝ Եսայիան Եհովային նկարագրելիս այնպիսի բառեր է օգտագործել, որոնք հեշտ է հասկանալ։ Քննենք, օրինակ, Եսայիա 30-րդ գլուխը։ Այս գլխում մարգարեն, ազդեցիկ օրինակներ օգտագործելով, նկարագրում է, թե Եհովան ինչպես է հետևյալ երեք կերպերով օգնում իր ժողովրդին՝ 1) ուշադիր լսելով և պատասխանելով մեր աղոթքներին, 2) առաջնորդություն տալով և 3) օրհնելով մեզ հիմա, ինչպես նաև խոստանալով նույնն անել ապագայում։ Եկեք մեկ առ մեկ քննենք այս երեք կերպերը։

ԵՀՈՎԱՆ ԼՍՈՒՄ Է ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԸ

4. ա) Եհովան ինչպե՞ս նկարագրեց Եսայիայի օրերում ապրող հրեաներին, և ի՞նչ թույլ տվեց, որ լինի։ բ) Ի՞նչ հույս տվեց Եհովան հավատարիմ հրեաներին (Եսայիա 30։18, 19

4 Եսայիա 30-րդ գլուխը սկսվում է Եհովայի խոսքերով։ Նա հրեաներին կոչում է «կամակոր որդիներ», որոնք «մեղքի վրա մեղք են ավելացնում»։ Այնուհետև ասում է. «Սա ապստամբ ժողովուրդ է.... որը չի ցանկանում լսել Եհովայի օրենքը» (Ես. 30։1, 9)։ Քանի որ ժողովուրդը չէր ցանկանում լսել, Եսայիան մարգարեացավ, որ Եհովան թույլ է տալու, որ նրանց գլխին փորձանք գա (Ես. 30։5, 17; Երեմ. 25։8-11)։ Եվ հենց այդպես էլ եղավ. բաբելոնացիները գերի վերցրին հրեաներին։ Սակայն հրեաների մեջ Եհովային հավատարիմ մարդիկ կային, և Եսայիան նրանց հուսադրող լուր հայտնեց։ Նա ասաց, որ մի օր Եհովան նրանց վերադարձնելու է Երուսաղեմ (կարդա Եսայիա 30։18, 19)։ Մարգարեի խոսքերը կատարվեցին. Եհովան ազատեց հրեաներին Բաբելոնի գերությունից։ Բայց ազատագրումը անմիջապես չեղավ։ Եսայիան գրել էր. «Եհովան կսպասի, որպեսզի բարեհաճություն դրսևորի ձեր հանդեպ»։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ մի որոշ ժամանակ պետք է անցներ, մինչև որ հավատարիմ հրեաները ազատվեին գերությունից։ Այդպես էլ եղավ։ 70 տարի գերության մեջ մնալուց հետո միայն իսրայելացիների մնացորդին թույլ տրվեց վերադառնալ Երուսաղեմ (Ես. 10։21; Երեմ. 29։10)։ Երբ նրանք հասան իրենց հայրենի երկիր, ստրկության պատճառած տառապանքի արցունքները փոխարինվեցին ուրախության արցունքներով։

5. Ի՞նչ հավաստիացում է մեզ տրվում Եսայիա 30։19-ում։

5 Այսօր մեզ համար կարող են մխիթարական լինել հետևյալ խոսքերը. «Նա անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ, երբ լսի քո աղաղակը» (Ես. 30։19)։ Եսայիան հավաստիացնում է, որ Եհովան ուշադրությամբ կլսի մեզ, երբ օգնության կանչենք իրեն, և կշտապի պատասխանել մեր աղաչանքներին։ Մարգարեն նաև գրում է. «Հենց որ լսի այն, կպատասխանի քեզ»։ Այս խոսքերը հիշեցնում են մեզ, որ մեր Հայրը պատրաստ է, ավելին՝ մեծ ցանկություն ունի օգնության հասնելու նրանց, ովքեր դիմում են իրեն։ Այս բանի գիտակցումը կօգնի, որ ուրախությամբ դիմանանք դժվարություններին։

6. Եսայիայի խոսքերը ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան լսում է իր յուրաքանչյուր ծառայի աղոթքը։

6 Եսայիա 30։19-ում մեր աղոթքների վերաբերյալ ևս մի հավաստիացում է տրվում։ Եհովան ուշադրությամբ լսում է յուրաքանչյուրիս աղոթքները։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ 30-րդ գլխի սկզբում օգտագործված է «դուք» դերանունը, քանի որ Եհովան դիմում է իր ժողովրդին՝ որպես խմբի։ Սակայն 19-րդ համարում օգտագործվում է այդ դերանվան եզակի ձևը, քանի որ Եհովան իր խոսքերն ուղղում է առանձին անհատների։ Եսայիան գրում է. «Դու լաց չես լինի.... Նա անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ.... կպատասխանի քեզ»։ Լինելով սիրառատ Հայր՝ Եհովան իր վհատված որդուն կամ դստերը չի ասում. «Դու քո եղբոր կամ քրոջ նման պետք է ուժեղ լինես»։ Ընդհակառակը՝ նա հոգ է տանում յուրաքանչյուրիս մասին և ուշադրություն է դարձնում ամեն մեկիս աղոթքին (Սաղ. 116։1; Ես. 57։15

Ի՞նչ նկատի ուներ Եսայիան, երբ ասաց՝ «Հանգիստ մի՛ տվեք [Եհովային]» (տես պարբերություն 7)

7. Եսայիան և Հիսուսը ինչպե՞ս են ընդգծում հաստատակամորեն աղոթելու կարևորությունը։

7 Երբ աղոթում ենք մեզ անհանգստացնող խնդրի մասին, Աստված գուցե առաջին հերթին մեզ դիմանալու ուժ տա։ Բայց եթե փորձությունը չի ավարտվում մեր ակնկալած ժամանակին, թերևս կարիք լինի, որ շարունակ խնդրենք Եհովային՝ զորացնի մեզ։ Եհովան ուզում է, որ այդպես վարվենք։ Դա հստակ երևում է Եսայիայի հետևյալ խոսքերից. «Հանգիստ մի՛ տվեք [Եհովային]» (Ես. 62։7)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Մենք այնքան հաստատակամ պետք է լինենք մեր աղոթքներում, որ, այսպես ասած, հանգիստ չտանք Եհովային։ Եսայիայի խոսքերը հիշեցնում են մեզ աղոթքի մասին Հիսուսի բերած օրինակները, որոնք արձանագրված են Ղուկաս 11։8-10, 13 համարներում։ Հիսուսը հորդորում է, որ աղոթենք «հաստատակամությամբ» և «շարունակենք խնդրել» սուրբ ոգին։ Կարող ենք նաև խնդրել, որ Եհովան առաջնորդի մեզ, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք։

ԵՀՈՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է ՄԵԶ

8. Ինչպե՞ս են անցյալում կատարվել Եսայիա 30։20, 21 համարներում գրված խոսքերը։

8 Կարդա Եսայիա 30։20, 21։ Բաբելոնացիները մեկուկես տարի պաշարել էին Երուսաղեմը։ Այդ ժամանակ նեղությունն ու տառապանքը ժողովրդի համար հացի ու ջրի պես սովորական բան էին դարձել։ Սակայն 20-րդ և 21-րդ համարներում գրված Եսայիայի խոսքերից տեսնում ենք, որ Եհովան խոստանում է ազատել հրեաներին, եթե վերջիններս զղջան ու փոխեն իրենց վարքը։ Այդ համարներում մարգարեն Եհովային կոչում է «Մեծագույն Ուսուցիչ» և ժողովրդին խոստանում, որ Աստված կսովորեցնի նրանց, թե ինչպես պաշտեն իրեն ընդունելի ձևով։ Այս խոսքերը կատարվեցին այն ժամանակ, երբ հրեաները ազատվեցին գերությունից և իրենց Մեծագույն Ուսուցչի՝ Եհովայի առաջնորդությամբ կարողացան վերականգնել ճշմարիտ երկրպագությունը։ Մեզ համար մեծ օրհնություն է, որ Եհովան այսօր մեր Մեծագույն Ուսուցիչն է։

9. Ո՞րն է առաջին կերպը, որով Եհովան այսօր ուսուցանում է մեզ։

9 Վերոնշյալ համարներում Եսայիան մեզ նմանեցնում է աշակերտների, ովքեր երկու կերպով ուսուցանվում են Եհովայի կողմից։ Առաջինի վերաբերյալ մարգարեն գրել է. «Քո աչքերը կտեսնեն քո Մեծագույն Ուսուցչին»։ Այս նկարագրության մեջ ուսուցիչը աշակերտներին ուսուցանում է նրանց առաջ կանգնած։ Մենք մեծ պատիվ ունենք կրթվելու Աստծու կողմից։ Իսկ ինչպե՞ս է նա կրթում մեզ։ Իր կազմակերպության միջոցով հստակ առաջնորդություն տալով։ Մենք անչափ շնորհակալ ենք Եհովային դրա համար։ Այն կրթությունը, որ ստանում ենք ժողովի հանդիպումների, համաժողովների, հրատարակությունների, ինչպես նաև «JW հեռարձակման» ամսական ծրագրերի միջոցով, օգնում է, որ ուրախությամբ դիմանանք դժվարություններին։

10. Ինչպե՞ս ենք «մի խոսք լսում [մեր] հետևից»։

10 Եսայիան նշում է, թե որն է երկրորդ կերպը, որով Եհովան ուսուցանում է մեզ՝ ասելով. «Քո ականջները մի խոսք կլսեն քո հետևից»։ Այստեղ մարգարեն Եհովային նկարագրում է որպես ուշադիր Ուսուցիչ, ով քայլում է իր աշակերտների հետևից և առաջնորդում նրանց՝ ցույց տալով, թե որ ճանապարհով գնան։ Այսօր մենք լսում ենք նրա ձայնը մեր հետևից։ Ի՞նչ իմաստով։ Ինչպես գիտենք, Աստծու ներշնչյալ խոսքերը գրվել են Աստվածաշնչում դեռ շատ վաղուց՝ մեզնից դարեր առաջ։ Ուստի երբ ընթերցում ենք Աստծու Խոսքը, կարծես լսում ենք Եհովայի ձայնը, որ գալիս է մեր հետևից (Ես. 51։4

11. Դժվարություններին ուրախությամբ դիմանալու համար ի՞նչ քայլեր պետք է անենք և ինչո՞ւ։

11 Ինչպե՞ս կարող ենք լիարժեք օգուտներ քաղել Եհովայի կրթությունից, որ ստանում ենք նրա Խոսքի և կազմակերպության միջոցով։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ երկու միտք է նշում Եսայիան։ Առաջին՝ «Սա՛ է ճանապարհը», և երկրորդ՝ «Սրանո՛վ գնացեք» (Ես. 30։21)։ Բավական չէ միայն իմանալ «ճանապարհը», հարկավոր է նաև «գնալ» դրանով։ Աստծու Խոսքի, ինչպես նաև նրա կազմակերպության տրամադրած հրատարակությունների միջոցով, որոնք օգնում են հասկանալ Աստվածաշունչը, իմանում ենք, թե Աստված ինչ է պահանջում մեզանից։ Մենք նաև սովորում ենք, թե ինչպես կարող ենք կիրառել մեր իմացածը։ Եհովային մատուցվող մեր ծառայության մեջ դժվարություններին ուրախությամբ դիմանալու համար այս երկու քայլերն էլ պետք է անենք։ Միայն այդ դեպքում կունենանք Եհովայի օրհնությունը։

ԵՀՈՎԱՆ ՕՐՀՆՈՒՄ Է ՄԵԶ

12. Ըստ Եսայիա 30։23-26 համարների՝ Եհովան ինչպե՞ս էր օրհնելու իր ժողովրդին։

12 Կարդա Եսայիա 30։23-26։ Այս մարգարեությունն ինչպե՞ս կատարվեց Բաբելոնի գերությունից վերադարձած հրեաների պարագայում։ Նրանք բազում օրհնություններ ստացան՝ թե՛ նյութական, թե՛ հոգևոր։ Եհովան իր ժողովրդին առատորեն ապահովեց ֆիզիկական սննդով։ Բայց որ ավելի կարևոր է, նա նրանց տվեց հոգևոր առատ կերակուր և օգնեց, որ աստիճանաբար վերականգնեն մաքուր երկրպագությունը։ Նրանք երբեք նման հոգևոր օրհնություններ չէին ստացել։ Ինչպես երևում է 26-րդ համարից, Եհովան այնպես էր արել, որ հոգևոր լույսը ավելի պայծառ շողար (Ես. 60։2)։ Եհովայի օրհնությունները հրեաների սիրտը լցրին բերկրանքով, ինչի շնորհիվ նրանք շարունակեցին ծառայել նրան ուրախությամբ և նոր ուժով լցված (Ես. 65։14

13. Ինչպե՞ս է ճշմարիտ երկրպագության վերականգնման մասին մարգարեությունը կատարվել մեր օրերում։

13 Մաքուր երկրպագության վերականգնման մասին մարգարեությունը մե՞զ էլ է վերաբերում։ Այո՛։ Ինչպե՞ս։ 1919 թ.-ից սկսած՝ միլիոնավոր մարդիկ ազատվել են Մեծ Բաբելոնի համաշխարհային կայսրության ստրկությունից։ Նրանք բերվել են մի շատ ավելի լավ վայր, քան Ավետյաց երկիրն էր. նրանք հոգևոր դրախտում են (Ես. 51։3; 66։8)։ Իսկ ի՞նչ է այն։

14. Ի՞նչ է հոգևոր դրախտը, և ովքե՞ր են ապրում այնտեղ (տես «Բառամեկնությունը»)։

14 1919 թ.-ից օծյալներն ապրում են հոգևոր դրախտում։ b Ժամանակի ընթացքում երկրային կյանքի հույս ունեցողները, այսինքն՝ «ուրիշ ոչխարները» նույնպես սկսեցին բնակվել այդ հոգևոր դրախտում և վայելել Եհովայի առատ օրհնությունները (Հովհ. 10։16; Ես. 25։6; 65։13

15. Որտե՞ղ է գտնվում հոգևոր դրախտը։

15 Իսկ որտե՞ղ է գտնվում հոգևոր դրախտը։ Քանի որ դրա բնակիչները՝ Եհովային պաշտողները, ապրում են աշխարհի տարբեր մասերում, հետևաբար հոգևոր դրախտը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Փաստորեն, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, քանի դեռ ակտիվորեն աջակցում ենք ճշմարիտ երկրպագությանը, մենք կարող ենք լինել այդ դրախտի մի մասը։

Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուրս նպաստել հոգևոր դրախտի գեղեցկությանը (տես պարբերություն 16-17)

16. Ի՞նչ կարող ենք անել, որ միշտ կենտրոնացած մնանք հոգևոր դրախտի գեղեցկության վրա։

16 Հոգևոր դրախտում մնալու համար մենք պետք է նաև պահպանենք մեր խոր գնահատանքը համաշխարհային քրիստոնեական ժողովի հանդեպ։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Կենտրոնանալով այդ դրախտում ապրողների գեղեցիկ հատկությունների վրա, ոչ թե նրանց անկատարության (Հովհ. 17։20, 21)։ Ինչո՞ւ է դա կարևոր։ Քննենք մի օրինակ։ Անտառները լի են տարբեր տեսակի ծառերով։ Սովորաբար մենք կենտրոնանում ենք անտառի ընդհանուր գեղեցկության վրա, ոչ թե առանձին ծառերի թերությունների։ Նմանապես հոգևոր դրախտը, որ այսօր վայելում ենք ժողովներում, զարդարված է տարբեր տեսակի մարդկանցով (Ես. 44։4; 61։3)։ Մենք պետք է ձգտենք կենտրոնանալ մեր համաշխարհային միասնական ընտանիքի ընդհանուր գեղեցկության վրա և չպետք է թույլ տանք, որ մեր կամ հավատակիցների անկատարությունը պատճառ դառնա, որ այլևս չտեսնենք այդ գեղեցկությունը։

17. Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը ժողովի միասնությանը նպաստելու համար։

17 Ի՞նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, որպեսզի նպաստի ժողովի միասնությանը։ Հարկավոր է խաղաղարար լինել (Մատթ. 5։9; Հռոմ. 12։18)։ Ամեն անգամ երբ նախաձեռնություն ենք վերցնում, որպեսզի խաղաղ փոխհարաբերություններ պահպանենք մեր հավատակիցների հետ, նպաստում ենք հոգևոր դրախտի գեղեցկությանը։ Չպետք է մոռանանք, որ հոգևոր դրախտի յուրաքանչյուր բնակչի Եհովան է ձգել դեպի մաքուր երկրպագությունը (Հովհ. 6։44)։ Միայն պատկերացրու, թե որքան է նա ուրախանում՝ տեսնելով, որ ամեն ջանք թափում ենք, որպեսզի ամրացնենք նրա թանկագին ծառաների մեջ տիրող խաղաղ ու միասնական ոգին (Ես. 26։3; Անգե 2։7

18. Ինչի՞ մասին պետք է հաճախ խորհրդածենք և ինչո՞ւ։

18 Ինչպե՞ս կարող ենք լիարժեքորեն օգտվել այն օրհնություններից, որ Եհովան տալիս է իր ծառաներին։ Օրինակ՝ կարող ենք խորությամբ մտածել այն ամենի շուրջ, ինչ կարդում ենք Աստծու Խոսքում և դրա վրա հիմնված հրատարակություններում։ Այդպիսի ուսումնասիրությունն ու խորհրդածությունը կօգնեն մեզ զարգացնել քրիստոնեական հատկություններ, որոնք կմղեն մեզ ժողովում «եղբայրասիրություն» և «գորովանք ունենալու իրար հանդեպ» (Հռոմ. 12։10)։ Եվ եթե մտածենք այն օրհնությունների մասին, որ վայելում ենք այսօր, կմտերմանանք Եհովայի հետ։ Իսկ երբ խորհրդածենք մեր ապագա օրհնությունների շուրջ, Եհովային հավիտյան ծառայելու հույսը ավելի վառ կլինի մեզ համար։ Այս ամենը կօգնի, որ ուրախությամբ ծառայենք Եհովային։

ՎՃՌԱԿԱՆ ԵՆՔ ԴԻՄԱՆԱԼՈՒ

19. ա) Եսայիա 30։18-ի համաձայն՝ ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։ բ) Ի՞նչը կօգնի մեզ ուրախությամբ դիմանալ դժվարություններին։

19 Եհովան «վեր կկենա» և կգործի հօգուտ մեզ՝ վերջ դնելով այս չար աշխարհին (Ես. 30։18)։ Մենք համոզված ենք, որ մեր «արդարադատ Աստվածը» թույլ չի տա՝ Սատանայի աշխարհը գոյություն ունենա մեկ օր ավելի, քան պահանջում է արդարությունը (Ես. 25։9)։ Եհովայի հետ մենք համբերությամբ սպասում ենք այդ ազատագրման օրվան։ Եկեք շարունակենք թանկ համարել աղոթքի պարգևը, ուսումնասիրենք Աստծու Խոսքը և կիրառենք սովորածը, ինչպես նաև խորհրդածենք մեր օրհնությունների շուրջ։ Եթե այդպես վարվենք, Եհովան կօգնի, որ շարունակենք պաշտել իրեն և ուրախությամբ դիմանանք դժվարություններին։

ԵՐԳ 142 Ամուր բռնենք մեր հույսը

a Հոդվածից կիմանանք, թե որ երեք կերպերով է Եհովան օգնում իր ծառաներին ուրախությամբ դիմանալ կյանքի դժվարություններին։ Կքննենք Եսայիա 30-րդ գլուխը, որը կհիշեցնի մեզ, թե որքան կարևոր է աղոթել Եհովային, ուսումնասիրել նրա Խոսքը և խորհրդածել մեր ներկայիս ու ապագա օրհնությունների շուրջ։

b ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հոգևոր դրախտը այն ապահով միջավայրն է, որում մենք միասնաբար պաշտում ենք Եհովային։ Այստեղ մենք ունենք հոգևոր առատ սնունդ, որը զերծ է կրոնական ստերից։ Բացի այդ՝ մենք կատարում ենք բավականություն պատճառող մի ծավալուն գործ՝ քարոզում ենք Թագավորության մասին բարի լուրը։ Մենք մտերիմ փոխհարաբերություններ ենք վայելում Աստծու հետ և խաղաղության մեջ ենք ապրում մեր սիրելի եղբայրների ու քույրերի հետ, որոնք օգնում են մեզ ուրախությամբ դիմանալ կյանքի դժվարություններին։ Անհատը մտնում է հոգևոր դրախտ, երբ սկսում է պաշտել Եհովային ճիշտ ձևով և ամեն ջանք թափում է, որպեսզի ընդօրինակի նրան։