Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 47

Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից

Թող ոչինչ չհեռացնի քեզ Եհովայից

«Ես քե՛զ եմ վստահում, ո՛վ Եհովա» (ՍԱՂ. 31։14

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ինչո՞ւ ենք ասում, որ Եհովան ցանկանում է մտերմանալ մեզ հետ։

 ԵՀՈՎԱՆ ուզում է, որ մտերիմ լինենք իր հետ (Հակ. 4։8)։ Նա ցանկանում է լինել մեր Աստվածը, Հայրը և Ընկերը։ Եհովան պատասխանում է մեր աղոթքներին և դժվարությունների ժամանակ միշտ մեր կողքին է։ Բացի այդ՝ նա իր կազմակերպության միջոցով կրթում և պաշտպանում է մեզ։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել, որ մտերմանանք նրա հետ։

2. Ինչպե՞ս կարող ենք մտերմանալ Եհովայի հետ։

2 Մենք կմտերմանանք Եհովայի հետ, եթե աղոթենք նրան, կարդանք նրա Խոսքը և խորհրդածենք դրա շուրջ։ Այդպես մեր սրտերը կլցվեն սիրով ու երախտագիտությամբ, և մենք կմղվենք հնազանդվելու Աստծուն և նրան տալու այն փառքը, որին արժանի է (Հայտն. 4։11)։ Որքան լավ ճանաչենք Եհովային, այնքան ավելի շատ կվստահենք նրան ու այն կազմակերպությանը, որը նա հիմնել է մեզ օգնելու համար։

3. Ինչպե՞ս է Սատանան փորձում հեռացնել մեզ Եհովայից, բայց ի՞նչը կօգնի, որ երբեք երես չթեքենք Աստծուց և նրա կազմակերպությունից (Սաղմոս 31։13, 14

3 Սատանան ցանկանում է հեռացնել մեզ Եհովայից։ Նա դա անում է հատկապես այն ժամանակ, երբ դժվարությունների ենք բախվում։ Իսկ ի՞նչ մարտավարություն է նա օգտագործում։ Սատանան փորձում է աստիճանաբար թուլացնել մեր վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։ Բայց մենք կարող ենք դիմադրել նրան։ Եթե մեր հավատն ու վստահությունը ամուր լինի Եհովայի հանդեպ, մենք երբեք երես չենք թեքի նրանից ու նրա կազմակերպությունից (կարդա Սաղմոս 31։13, 14

4. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

4 Հոդվածում կքննենք երեք դժվարություն, որոնց բախվում ենք ժողովից դուրս, և որոնք կարող են թուլացնել մեր վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։ Կիմանանք, թե դրանցից յուրաքանչյուրը ինչպես կարող է հեռացնել մեզ Եհովայից, և թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի հակազդենք Սատանայի հարձակումներին։

ԵՐԲ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՆՔ ԲԱԽՎՈՒՄ

5. Դժվարություններն ինչպե՞ս կարող են թուլացնել մեր վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։

5 Մենք ժամանակ առ ժամանակ տարբեր խնդիրներ ենք ունենում։ Օրինակ, հնարավոր է, հալածվենք մեր ընտանիքի անդամների կողմից կամ կորցնենք մեր աշխատանքը։ Նման դժվարությունները ինչպե՞ս կարող են թուլացնել մեր վստահությունը Եհովայի կազմակերպության հանդեպ և հեռացնել մեզ Նրանից։ Երբ խնդիրը ձգձգվում է, գուցե հուսահատվենք և ընկնենք վհատության գիրկը։ Այդպիսի դեպքերում Սատանան օգտվում է առիթից և փորձում է այնպես անել, որ մտածենք, թե Եհովան մեզ չի սիրում։ Նա ուզում է, որ սկսենք մտածել, թե մեր դժվարությունների պատճառը Եհովան ու նրա կազմակերպությունն են։ Նման բան եղավ Եգիպտոսում ապրող որոշ իսրայելացիների հետ։ Սկզբում նրանք ընդունում էին, որ Եհովան Մովսեսին ու Ահարոնին է նշանակել, որ ազատեն իրենց ստրկությունից (Ելք 4։29-31)։ Բայց հետագայում, երբ փարավոնը ծանրացրեց նրանց կյանքը, նրանք Մովսեսին ու Ահարոնին մեղադրեցին իրենց խնդիրների համար՝ ասելով. «Դուք մեզ գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների առաջ և նրանց ձեռքը սուր տվեցիք, որ սպանեն մեզ» (Ելք 5։19-21)։ Որքա՜ն ցավալի է, որ իրենց տառապանքի համար նրանք մեղադրեցին Աստծու այդ նվիրված ծառաներին։ Եթե երկար ժամանակ է, ինչ դժվարությունների միջով ես անցնում, ի՞նչ կարող ես անել, որ չկորցնես վստահությունդ Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։

6. Ի՞նչ ենք սովորում Ամբակում մարգարեից (Ամբակում 3։17-19

6 Սիրտդ դատարկիր Եհովայի առաջ և սպասիր նրա օգնությանը։ Ամբակում մարգարեն շատ դժվարություններ ուներ։ Մի պահ նա նույնիսկ կասկածեց, թե արդյոք Եհովան իսկապես հոգ է տանում իր մասին։ Ուստի դատարկեց իր սիրտը Եհովայի առաջ՝ ասելով. «Ո՛վ Եհովա, ինչքա՞ն պիտի աղերսեմ օգնության համար, և դու չլսես.... Ինչո՞ւ ես ինձ չարիք տեսնել տալիս ու նայում ամբարշտությանը» (Ամբ. 1։2, 3)։ Եհովան լսեց ու պատասխանեց իր նվիրված ծառայի սրտաբուխ աղոթքին (Ամբ. 2։2, 3)։ Խորհրդածելով այն մասին, թե անցյալում Եհովան ինչպես է փրկել իր ժողովրդին՝ Ամբակումը վերագտավ ուրախությունը։ Նա լցվեց համոզվածությամբ, որ Եհովան հոգ է տանում իր մասին և կօգնի հաղթահարել ցանկացած փորձություն (կարդա Ամբակում 3։17-19)։ Ի՞նչ ենք սովորում Ամբակումից։ Դժվարությունների բախվելիս աղոթիր Եհովային և ասա նրան, թե ինչ ես զգում։ Հետո սպասիր նրա պատասխանին։ Եթե այդպես վարվես, կարող ես համոզված լինել, որ Եհովան կտա քեզ անհրաժեշտ զորությունը, որպեսզի կարողանաս դիմանալ։ Եվ երբ զգաս նրա աջակցությունը, հավատդ ավելի կամրանա։

7. Ի՞նչ փորձեց անել Շերլիի հարազատներից մեկը, բայց ի՞նչն օգնեց քրոջը չկորցնել հավատը Եհովայի հանդեպ։

7 Շարունակիր հոգևոր գործերով զբաղվել։ Քննենք Շերլի b անունով մի քրոջ օրինակը, ով ապրում է Պապուա Նոր Գվինեայում, և տեսնենք, թե հոգևոր գործերով զբաղված մնալը ինչպե՞ս է օգնել նրան դժվարությունների ժամանակ։ Շերլիի ընտանիքը աղքատ էր, և երբեմն նրանք հազիվ էին կարողանում օրվա հաց հայթայթել։ Մի անգամ Շերլիի հարազատներից մեկը, փորձելով թուլացնել նրա վստահությունը Եհովայի հանդեպ, ասաց. «Դու ասում ես, թե Աստծու սուրբ ոգին օգնում է քեզ, բայց ո՞ւր է այդ օգնությունը։ Քո ընտանիքը աղքատության մեջ է ապրում, իսկ դու ժամանակդ քարոզչության վրա ես վատնում»։ Շերլին անկեղծորեն ասում է, թե ինչ ազդեցություն թողեցին այդ խոսքերն իր վրա. «Ես ինքս ինձ հարցրի. «Իրո՞ք Աստված հոգ է տանում մեր մասին»։ Հետո անմիջապես աղոթեցի Եհովային և պատմեցի նրան այն ամենը, ինչ մտածում էի։ Ես չդադարեցի կարդալ Աստվածաշունչը և մեր հրատարակությունները, ինչպես նաև շարունակեցի քարոզել ու հաճախել ժողովի հանդիպումներին»։ Շատ չանցած՝ Շերլին համոզվեց, որ Եհովան հոգ է տանում իր ընտանիքի մասին. նրանք միշտ ուտելու բան ունեին և երջանիկ էին։ Քույրն ասում է. «Ես տեսնում էի, որ Եհովան պատասխանում է իմ աղոթքներին» (1 Տիմոթ. 6։6-8)։ Եթե դու էլ շարունակես հոգևոր գործերով զբաղված լինել, թույլ չես տա, որ դժվարություններն ու կասկածները հեռացնեն քեզ Եհովայից։

ԵՐԲ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ

8. Ի՞նչ գուցե պատահի առաջնորդություն վերցնող եղբայրներին։

8 Մեդիայի և սոցիալական ցանցերի միջոցով մեր թշնամիները ստեր և ապատեղեկատվություն են տարածում Եհովայի կազմակերպության մեջ առաջնորդություն վերցնող եղբայրների մասին (Սաղ. 31։13)։ Որոշ եղբայրների ձերբակալել ու մեղադրել են հանցագործության մեջ։ Նմանատիպ բանի բախվեցին նաև առաջին դարի քրիստոնյաները, երբ Պողոս առաքյալին անհիմն կերպով մեղադրեցին ու բանտարկեցին։ Ինչպե՞ս արձագանքեցին նրանք։

9. Ինչպե՞ս արձագանքեցին որոշ քրիստոնյաներ, երբ Պողոս առաքյալը բանտարկվեց։

9 Երբ Պողոսը Հռոմում բանտարկվեց, որոշ քրիստոնյաներ երես թեքեցին նրանից (2 Տիմոթ. 1։8, 15)։ Ինչո՞ւ։ Պատճառը գուցե այն էր, որ նրանք ամաչում էին հասարակությունից, որը Պողոսին հանցագործ էր համարում (2 Տիմոթ. 2։8, 9)։ Կամ էլ վախենում էին, որ իրենց նույնպես կսկսեն հալածել։ Անկախ նրանից, թե ինչու էին հավատակիցները երես թեքել առաքյալից՝ վերջինս, հավանաբար, իրեն շատ վատ էր զգում դրա պատճառով։ Պողոսը հանուն նրանց բազում դժվարությունների միջով էր անցել և նույնիսկ վտանգել էր իր կյանքը (Գործ. 20։18-21; 2 Կորնթ. 1։8)։ Թող որ երբեք չնմանվենք նրանց, ովքեր լքեցին Պողոսին այն ժամանակ, երբ նա ամենաշատը ուներ նրանց կարիքը։ Ի՞նչ պետք է հիշենք, երբ առաջնորդություն վերցնող եղբայրներին հալածում են։

10. Ի՞նչ պետք է հիշենք, երբ պատասխանատվություն ունեցող եղբայրներին հալածում են, և ինչո՞ւ։

10 Հիշենք, թե ինչու ենք հալածվում, և ով է կանգնած դրա հետևում։ 2 Տիմոթեոս 3։12-ում ասվում է. «Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ ապրել Աստծու հանդեպ նվիրվածությամբ, նույնպես պիտի հալածվեն»։ Ուստի զարմանալի չէ, որ Սատանան հարձակում է գործում հատկապես պատասխանատվություն ունեցող եղբայրների վրա։ Նրա նպատակն է կոտրել այդ եղբայրների անարատությունը և վախեցնել մեզ (1 Պետ. 5։8

Թեև Պողոսը բանտարկված էր, բայց Օնեսիֆորոսը քաջաբար աջակցում էր նրան։ Այսօր մեր եղբայրներն ու քույրերը աջակցում են իրենց բանտարկված հավատակիցներին, ինչպես, օրինակ, պատկերված է նկարում (տես պարբերություն 11-12)

11. Ի՞նչ ենք սովորում Օնեսիֆորոսից (2 Տիմոթեոս 1։16-18

11 Շարունակիր աջակցել եղբայրներիդ և նվիրված մնա նրանց (կարդա 2 Տիմոթեոս 1։16-18 Առաջին դարի քրիստոնյաներից մեկը՝ Օնեսիֆորոսը, ի տարբերություն շատերի, այլ կերպ արձագանքեց, երբ Պողոսին բանտարկեցին։ Նա Պողոսի «շղթաները ամոթ չհամարեց»։ Օնեսիֆորոսը փնտրեց Պողոսին և երբ գտավ նրան, գործնական օգնություն ցուցաբերեց, թեև այդպես վարվելով՝ վտանգի էր ենթարկում իր կյանքը։ Ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։ Մենք չպետք է թույլ տանք, որ մարդավախությունը գլուխ բարձրացնի մեր մեջ և պատճառ դառնա, որ չաջակցենք հալածանքի մեջ եղող մեր եղբայրներին։ Մենք պետք է պաշտպանենք նրանց և օգնության ձեռք մեկնենք (Առակ. 17։17)։ Նրանք մեր սիրո և աջակցության կարիքն ունեն։

12. Ի՞նչ ենք սովորում Ռուսաստանում ապրող մեր հավատակիցներից։

12 Տեսնենք, թե ինչպես են Ռուսաստանում ապրող եղբայրներն ու քույրերը աջակցում մեր այն սիրելի հավատակիցներին, ովքեր բանտարկված են։ Երբ ինչ-որ մեկին դատում են, բազմաթիվ եղբայրներ ու քույրեր գնում են դատարան, որ աջակցեն նրանց։ Ի՞նչ կարող ենք սովորել մեր այդ հավատակիցներից։ Մենք չպետք է վախով լցվենք, երբ առաջնորդություն վերցնող եղբայրներին զրպարտում են, ձերբակալում կամ հալածում։ Փոխարենը՝ պետք է աղոթենք նրանց համար, հոգ տանենք նրանց ընտանիքի անդամների մասին և այլ գործնական կերպեր փնտրենք, որպեսզի օգնենք նրանց (Գործ. 12։5; 2 Կորնթ. 1։10, 11

ԵՐԲ ՄԵԶ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ

13. Ծաղրանքը ինչպե՞ս կարող է թուլացնել մեր վստահությունը Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ։

13 Մեր ոչ Վկա հարազատները, աշխատակիցները կամ համադասարանցիները գուցե ծաղրեն մեզ քարոզելու կամ Եհովայի սահմանած բարձր բարոյական չափանիշներով ապրելու համար (1 Պետ. 4։4)։ Նրանք թերևս ասեն. «Դու շատ լավ մարդ ես, բայց քո կրոնը չափազանց խիստ է և իրականությունից կտրված»։ Ոմանք էլ քննադատում են մեզ այն բանի համար, որ չենք շփվում ընկերակցությունից զրկվածների հետ։ Նրանք գուցե ասեն. «Ինչպե՞ս եք ասում, թե սիրում եք մարդկանց»։ Նման մտքերը կարող են կասկածներ սերմանել մեր սրտում, և մենք գուցե սկսենք այսպես մտածել. «Գուցե Եհովան չափից շա՞տ բան է պահանջում ինձանից։ Նրա կազմակերպությունը չափազանց խիստ չէ՞»։ Եթե հայտնվել ես նման իրավիճակում, ի՞նչ կարող ես անել, որ մոտ մնաս Եհովային և նրա կազմակերպությանը։

Հոբը չհավատաց իր այսպես կոչված ընկերների ստերին, ովքեր ծաղրում էին իրեն։ Փոխարենը՝ վճռեց նվիրված մնալ Եհովային (տես պարբերություն 14)

14. Ի՞նչ պետք է անենք, երբ մարդիկ ծաղրում են մեզ Եհովայի չափանիշներով ապրելու համար (Սաղմոս 119։50-52

14 Կառչած մնա Եհովայի սահմանած չափանիշներին։ Հոբը կառչած մնաց Աստծու չափանիշներին, չնայած որ նրան ծաղրում էին դրա համար։ Հոբի այսպես կոչված ընկերներից մեկը նույնիսկ փորձեց համոզել նրան, որ Աստծու համար միևնույն է՝ նա հետևում է իր տված չափանիշներին, թե ոչ (Հոբ 4։17, 18; 22։3)։ Բայց Հոբը չհավատաց նման ստերի։ Նա գիտեր, որ ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի չափանիշները լավագույնն են, և վճռել էր կառչած մնալ դրանց։ Հոբը ուրիշների պատճառով չթողեց իր անարատությունը (Հոբ 27։5, 6)։ Ի՞նչ ենք սովորում։ Թույլ մի՛ տուր, որ ծաղրանքը մղի քեզ կասկածելու, թե արդյոք արժե հետևել Եհովայի տված չափանիշներին։ Մի պահ հետ նայիր քո ապրած կյանքին։ Ամենայն հավանականությամբ, շատ անգամներ ես համոզվել, որ ճշտի ու սխալի վերաբերյալ Եհովայի տված չափանիշներին հետևելը լավ է անդրադառնում քո կյանքի վրա։ Վճռիր թիկունք կանգնել այն կազմակերպությանը, որը առաջնորդվում է այդ չափանիշներով։ Այդ դեպքում մարդիկ ինչքան էլ ծաղրեն քեզ, միևնույն է, չեն կարողանա հեռացնել քեզ Եհովայից (կարդա Սաղմոս 119։50-52

15. Ինչո՞ւ էին Բրիջիտին հալածում և ծաղրում։

15 Քննենք Բրիջիտ անունով մի քրոջ օրինակը, ով ապրում է Հնդկաստանում։ Նրա ընտանիքի անդամները ծաղրում էին նրան իր հավատի համար։ Քույրը մկրտվել է 1997 թ.-ին։ Դրանից շատ չանցած՝ նրա ամուսինը կորցրեց աշխատանքը, և որոշեց ընտանիքով տեղափոխվել ապրելու ծնողների հետ, ովքեր բնակվում էին մեկ այլ քաղաքում։ Բայց Բրիջիտին ավելի մեծ դժվարություններ էին սպասում։ Քանի որ նրա ամուսինը աշխատանք չուներ, նա ստիպված էր ամբողջ օրը աշխատել, որպեսզի հոգար իրենց ընտանիքի կարիքները։ Բացի այդ՝ ամենամոտ ժողովը գտնվում էր մոտ 350 կմ (220 մղոն) հեռավորության վրա։ Դեռ ավելին՝ նրա ամուսնու ընտանիքը հալածում էր նրան իր հավատի համար։ Իրավիճակն այնքան սրվեց, որ Բրիջիտի ընտանիքը ստիպված էր կրկին տեղափոխվել։ Որոշ ժամանակ անց նրա ամուսինը անսպասելիորեն մահացավ։ Դրանից հետո քաղցկեղից մահացավ նրա աղջիկներից մեկը, ով ընդամենը 12 տարեկան էր։ Իսկ Բրիջիտի բարեկամները ասես աղ էին լցնում նրա վերքի վրա՝ նրան մեղադրելով այդ ամենի համար։ Նրանք ասում էին, որ եթե Բրիջիտը Եհովայի վկա չդառնար, նման դժբախտություններ չէին լինի։ Այդուհանդերձ, մեր քույրը չկորցրեց վստահությունը Եհովայի հանդեպ ու չհեռացավ նրա կազմակերպությունից։

16. Բրիջիտն ինչպե՞ս օրհնվեց Եհովային և նրա կազմակերպությանը կառչած մնալու համար։

16 Քանի որ Բրիջիտը շատ հեռու էր ապրում հանդիպումների անցկացման վայրից, շրջանային վերակացուն հորդորեց նրան, որ իր տանը ժողով անի, ինչպես նաև քարոզի այն տարածքում, որտեղ ապրում է։ Սկզբում քույրը մտածեց, թե դա իր ուժերից վեր է, բայց հետևեց տրված առաջնորդությանը։ Բրիջիտը սկսեց բարի լուրը քարոզել իր տարածքում ապրող մարդկանց, տանը ժողովի հանդիպումներ անցկացնել և իր աղջիկների հետ ընտանեկան երկրպագություն անել։ Ի՞նչ արդյունքներ եղան։ Բրիջիտը Աստվածաշնչի բազում ուսումնասիրություններ սկսեց, և նրանցից շատերը մկրտվեցին։ 2005 թ.-ին քույրը ռահվիրայություն սկսեց։ Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ նրա վստահությունն ու նվիրվածությունը վարձատրվեցին։ Այժմ Բրիջիտի աղջիկները հավատարմորեն ծառայում են Եհովային, և այն տարածքում, որտեղ նա ապրում է, երկու ժողով կա։ Քույրը համոզված է, որ Եհովան է ուժ տվել իրեն հաղթահարելու դժվարությունները և դիմանալու ընտանիքի կողմից եկող հալածանքին ու ծաղրանքին։

ՆՎԻՐՎԱԾ ՄՆԱ ԵՀՈՎԱՅԻՆ ԵՎ ՆՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

17. Ի՞նչ պետք է վճռենք անել։

17 Սատանան ուզում է, որ մտածենք, թե Եհովան լքում է մեզ մեր դժվարությունների ժամանակ, և որ Աստծու կազմակերպությանը աջակցելով՝ մենք միայն բարդացնում ենք մեր կյանքը։ Զրպարտելով, հալածելով և բանտարկելով առաջնորդություն վերցնող եղբայրներին՝ նա ուզում է վախեցնել մեզ։ Իսկ ծաղրանքի միջոցով նա ցանկանում է թուլացնել մեր վստահությունը Եհովայի չափանիշների ու նրա կազմակերպության հանդեպ։ Բայց մենք տեղյակ ենք Սատանայի չար մտադրություններին, նա չի կարող խաբել մեզ (2 Կորնթ. 2։11)։ Ուստի մերժիր նրա ստերը և նվիրված մնա Եհովային ու նրա կազմակերպությանը։ Հիշիր՝ Եհովան երբեք չի լքի քեզ (Սաղ. 28։7)։ Ուրեմն թույլ մի՛ տուր, որ որևէ բան հեռացնի քեզ Եհովայից (Հռոմ. 8։35-39

18. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

18 Այս հոդվածից իմացանք, թե ժողովից դուրս ինչ դժվարությունների գուցե բախվենք։ Բայց Եհովայի և նրա կազմակերպության հանդեպ մեր վստահությունը կարող է փորձվել նաև ժողովի ներսում առաջացող խնդիրների պատճառով։ Ինչպե՞ս կարող ենք հաջողությամբ հաղթահարել դրանք։ Այդ մասին կիմանանք հաջորդ հոդվածից։

ԵՐԳ 118 «Ավելացրու մեր հավատը»

a Այս վերջին օրերում դիմանալու և Եհովային հավատարիմ մնալու համար մենք պետք է շարունակ վստահենք նրան և նրա կազմակերպությանը։ Սատանան ձգտում է տարբեր փորձությունների և դժվարությունների միջոցով թուլացնել այդ վստահությունը։ Հոդվածից կիմանանք, թե ինչ երեք մեթոդներ է նա օգտագործում, և թե ինչպես կարող ենք հակազդել նրան։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։