Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Աստծու խոսքը կենդանի է»

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ է «Աստծու խոսքը», որը, համաձայն Եբրայեցիներ 4։12-ի, «կենդանի է ու զորեղ»։

Համատեքստը ցույց է տալիս, որ Պողոս առաքյալը խոսում էր պատգամի, կամ՝ Աստծու հայտնած նպատակի մասին, որը գրված է Աստվածաշնչում։

Մեր հրատարակություններում Եբրայեցիներ 4։12-ը հաճախ մեջբերվում է ցույց տալու համար, որ Աստվածաշունչը զորություն ունի փոխելու մարդկանց կյանքը, և այդ համարն այդպես կիրառելը շատ տեղին է։ Սակայն օգտակար կլինի տեսնել, թե ինչ համատեքստում է այս համարը գործածված։ Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին հորդորում էր վարվել Աստծու նպատակներին ներդաշնակ։ Այդ նպատակներից շատերն արձանագրված էին սուրբ գրքերում։ Պողոսը բերեց Եգիպտոսից ազատագրված իսրայելացիների օրինակը։ Նրանք հույս ունեին մտնելու խոստացված երկիր, «մի երկիր, որտեղ կաթ ու մեղր էր հոսում», և որտեղ իսկական հանգստություն էին գտնելու (Ելք 3։8; 2 Օրենք 12։9, 10

Դա Աստծու հայտնած նպատակն էր։ Սակայն հետագայում իսրայելացիները խստացրին իրենց սիրտը և հավատ չդրսևորեցին Աստծու հանդեպ։ Այդ պատճառով նրանցից շատերը չկարողացան մտնել այդ հանգստի մեջ (Թվեր 14։30; Հեսու 14։6–10)։ Այդուհանդերձ, Պողոսն ասաց, որ Աստծու «հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է» (Եբր. 3։16–19; 4։1)։ Այդ «խոստումը», անշուշտ, Աստծու հայտնած նպատակի մի մասն է։ Մենք էլ եբրայեցի քրիստոնյաների պես կարող ենք կարդալ այդ նպատակի մասին և վարվել դրան ներդաշնակ։ Ընդգծելու համար, որ այդ խոստումը հիմնված է Սուրբ Գրքի վրա, Պողոսը հատվածներ մեջբերեց Ծննդոց 2։2 և Սաղմոս 95։11 համարներից։

Ինչ խոսք, մեզ ուրախացնում է այն, որ Աստծու «հանգստի մեջ մտնելու մասին խոստումը դեռ ուժի մեջ է»։ Մենք վստահ ենք, որ Աստծու հանգստի մեջ մտնելու վերաբերյալ Աստվածաշնչի վրա հիմնված հույսն իրական է, և քայլեր ենք արել, որ մտնենք դրա մեջ։ Մենք այդ քայլերը չենք արել՝ Մովսիսական օրենքը պահելով կամ Եհովայի հավանությանն արժանանալու համար որոշակի գործեր անելով, այլ արել ենք՝ հավատ դրսևորելով և ուրախությամբ Աստծու բացահայտված նպատակին ներդաշնակ վարվելով, ու այսօր էլ շարունակում ենք այդպես վարվել։ Բայց, ինչպես արդեն նշվեց, Եբրայեցիներ 4։12-ում նշված «Աստծու խոսքը» կարող է նաև կիրառվել Աստվածաշնչի վերաբերյալ։ Ողջ աշխարհում հազարավոր մարդիկ սկսել են ուսումնասիրել Աստվածաշունչը և սովորել Աստծու հայտնած նպատակների մասին։ Նրանցից շատերը մղվել են փոխելու իրենց ապրելակերպը, հավատ դրսևորելու և դառնալու մկրտված քրիստոնյա։ «Աստծու խոսքը» մեծ ազդեցություն է ունեցել նրանց վրա, և դա փաստում է, որ այն «կենդանի է ու զորեղ»։ Աստծու հայտնած նպատակը, ինչի մասին գրված է Աստվածաշնչում, արդեն իսկ ազդեցություն է գործել մեր կյանքի վրա, և այն կշարունակի զորավոր ազդեցություն ունենալ մեր ողջ կյանքի ընթացքում։