Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին ամուր հավատ զարգացնելու

Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին ամուր հավատ զարգացնելու

«Երիտասարդնե՛ր ու աղջիկնե՛ր.... Թող նրանք գովաբանեն Եհովայի անունը» (ՍԱՂ. 148։12, 13

ԵՐԳ 88, 115

1, 2. ա) Ի՞նչ դժվարություն են ունենում ծնողները և ինչպե՞ս կարող են հաղթահարել այն։ բ) Ի՞նչ չորս բան ենք քննելու։

«ԵԹԵ մենք հավատում ենք Եհովային, դա չի նշանակում, որ մեր երեխաներն էլ կհավատան նրան»,— ասաց Ֆրանսիայում բնակվող մի ամուսնական զույգ։ Ամուսինները բացատրեցին, թե ինչու են այդպես ասում. «Հավատը ժառանգաբար չի փոխանցվում։ Մեր երեխաները աստիճանաբար են այն ձեռք բերում»։ Ավստրալիացի մի եղբայր գրեց. «Երեխայի սրտում հավատ սերմանելը երևի թե ամենամեծ դժվարությունն է, որ երբևէ կունենաս։ Պետք է օգտագործես բոլոր հնարավոր միջոցները։ Գուցե քեզ թվա, թե երեխայիդ հարցին բավարար պատասխան ես տվել։ Սակայն հետո տեսնես, որ նա նույն հարցը նորից է տալիս։ Այն պատասխանները, որոնք այսօր բավարարում են երեխայի հետաքրքրասեր միտքը, վաղը գուցե բավարար չլինեն նրա համար։ Հնարավոր է՝ անհրաժեշտ լինի, որ նույն բաները նորից ու նորից բացատրես»։

2 Եթե ծնող ես, երբեմն գուցե քեզ թվա, որ քո ուժերից վեր է երեխաներիդ այնպես ուսուցանել ու դաստիարակել, որ դառնան հավատի տեր մարդիկ։ Իսկապես, եթե առաջնորդվենք մեր իմաստությամբ, մեզնից ոչ ոք չի կարողանա կատարել այդ պարտականությունը (Երեմ. 10։23)։ Հաջողության հասնելու համար հարկավոր է փնտրել Աստծու առաջնորդությունը։ Նկատի առ չորս բան, որ կօգնեն քեզ երեխաներիդ մեջ հավատ զարգացնելու՝ 1) լավ ճանաչիր նրանց, 2) ի սրտե սովորեցրու, 3) լավ օրինակներ օգտագործիր, 4) համբերատար եղիր և միշտ աղոթիր։

ԼԱՎ ՃԱՆԱՉԻՐ ԵՐԵԽԱՆԵՐԻԴ

3. Ինչպե՞ս կարող են ծնողները ընդօրինակել Հիսուսի ուսուցանելու կերպը։

3 Հիսուսը չէր վարանում իր հետևորդներին հարցնել, թե ինչին են նրանք հավատում (Մատթ. 16։13–15)։ Ընդօրինակիր նրան։ Հանգիստ միջավայր ստեղծիր, որպեսզի երեխաներդ մղվեն արտահայտելու իրենց զգացումները, նաև խոսելու իրենց տարակուսանքների ու կասկածների մասին։ Ավստրալիայում բնակվող 15 տարեկան մի եղբայր գրել է. «Հայրս հաճախ է ինձ հետ խոսում իմ հավատի մասին և օգնում է ինձ տրամաբանելու։ Նա հարցնում է. «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Դու հավատո՞ւմ ես Աստվածաշնչի ասածներին։ Ինչո՞ւ ես հավատում»։ Նա ուզում է, որ իմ բառերով պատասխանեմ և ոչ թե պարզապես կրկնեմ նրա կամ մայրիկի խոսքերը։ [Նա նաև ակնկալում է, որ] որքան մեծանամ, այնքան պատասխաններս ավելի բովանդակալից դառնան»։

4. Ինչո՞ւ է կարևոր համբերությամբ պատասխանել երեխայի տված հարցերին։ Բեր օրինակ։

4 Եթե երեխան կասկածներ ունի ինչ-որ ուսմունքի հետ կապված, ձգտիր կտրուկ չարձագանքել կամ չպատասխանել այնպես, ասես պաշտպանվում ես։ Համբերությամբ օգնիր նրան տրամաբանելու։ «Լուրջ վերաբերվիր երեխայիդ տված հարցերին,— ասում է մի հայր։— Մի՛ անտեսիր դրանք՝ համարելով անկարևոր, և մի՛ խուսափիր որևէ թեմայի մասին խոսելուց զուտ այն պատճառով, որ դժվարանում ես պատասխանել երեխայիդ հարցերին»։ Այն, որ նա անկեղծորեն հարցեր է տալիս, նշանակում է՝ ցանկանում է իմանալ դրանց պատասխանները։ Անգամ 12 տարեկանում Հիսուսը լուրջ հարցեր էր տալիս (կարդա Ղուկաս 2։46)։ Դանիայում բնակվող 15-ամյա մի պատանի հիշում է. «Երբ ասացի, որ կասկածում եմ, թե արդյոք ճիշտ կրոնի մեջ ենք, ծնողներս հանգիստ արձագանքեցին, թեև գուցե մտահոգվեցին ինձ համար։ Նրանք Աստվածաշնչի օգնությամբ պատասխանեցին իմ բոլոր հարցերին»։

5. Ի՞նչ պետք է անեն ծնողները, նույնիսկ եթե թվում է, թե իրենց երեխան հավատ ունի։

5 Լավ ճանաչիր երեխաներիդ. իմացիր, թե ինչ են մտածում, ինչ զգացումներ և մտահոգություններ ունեն։ Երբեք մի՛ եզրակացրու, որ եթե նրանք հաճախում են քրիստոնեական հանդիպումներին ու քեզ հետ մասնակցում են քարոզչական ծառայությանը, ուրեմն հավատ ունեն։ Ամեն օր նրանց հետ խոսիր հոգևոր թեմաների մասին։ Աղոթիր երեխաներիդ հետ և նրանց համար։ Ձգտիր իմանալ, թե հավատի ինչ փորձություններ են անցնում, և օգնիր հաղթահարելու դրանք։

Ի ՍՐՏԵ ՍՈՎՈՐԵՑՐՈՒ

6. Աստվածաշնչյան ճշմարտությունը իրենց սրտում արմատավորելը ինչպե՞ս կօգնի ծնողներին լինելու լավ ուսուցիչներ։

6 Լինելով ուսուցիչ՝ Հիսուսը հասնում էր իր ունկնդիրների սրտին, քանի որ սիրում էր Եհովային, նրա Խոսքն ու մարդկանց (Ղուկ. 24։32; Հովհ. 7։46)։ Այդպիսի սերը կօգնի ծնողներին, որ հասնեն իրենց երեխաների սրտին (կարդա 2 Օրենք 6։5–8; Ղուկաս 6։45)։ Այդ պատճառով, ծնողնե՛ր, լավ ուսումնասիրեք Աստվածաշունչը և դրա համար նախատեսված մեր ձեռնարկները։ Հետաքրքրություն ցույց տվեք ստեղծագործությունների հանդեպ, ինչպես նաև ուսումնասիրեք մեր հրատարակություններում տեղ գտած այն հոդվածները, որոնցում խոսվում է դրանց մասին (Մատթ. 6։26, 28)։ Եթե այդպես վարվեք, ձեր գիտելիքները կշատանան, Եհովայի հանդեպ երախտագիտությունը կխորանա, և դուք ավելի լավ պատրաստված կլինեք ուսուցանելու ձեր երեխաներին (Ղուկ. 6։40

7, 8. Եթե քո սիրտը լցված է աստվածաշնչյան ճշմարտությամբ, ի՞նչ կլինի արդյունքը։ Բեր օրինակ։

7 Եթե քո սիրտը լցված լինի աստվածաշնչյան ճշմարտությամբ, դու կցանկանաս այդ մասին խոսել ընտանիքիդ հետ։ Մի՛ խոսիր այդ մասին միայն այն ժամանակ, երբ պատրաստվում ես քրիստոնեական հանդիպումներին կամ ընտանեկան երկրպագություն ես անցկացնում, այլ խոսիր ցանկացած ժամանակ։ Ծնողները չպետք է ստիպեն երեխաներին խոսել հոգևոր թեմաների մասին։ Նրանք պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ երեխաները ցանկանան զրուցել դրանց շուրջ, և այդ զրույցները պետք է լինեն ընտանիքի ամենօրյա զրույցների մի մասը։ Միացյալ Նահանգներում ապրող մի ամուսնական զույգ ամեն առիթ օգտագործում է, որ երեխաների հետ խոսի Եհովայի մասին. նրանք այդպես են վարվում թե՛ բնության մեջ որևէ գեղեցիկ բան տեսնելիս, թե՛ համեղ կերակրատեսակ ճաշակելիս։ «Մենք հիշեցնում ենք մեր երեխաներին, թե ինչ մեծ սիրով ու հոգատարությամբ է Եհովան ամեն բան արարել մեզ համար»,— ասում են այդ ծնողները։ Մեկ ուրիշ ամուսնական զույգ, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, իր երկու աղջիկների հետ այգեգործությամբ զբաղվելիս նրանց ուշադրությունը հրավիրում է, օրինակ, այն բանի վրա, թե ինչ զարմանահրաշ կերպով են սերմերը ծլում ու դառնում բույս։ «Մենք ձգտում ենք մեր աղջիկների մեջ մեծ գնահատանք սերմանել կյանքի հանդեպ ու օգնել տեսնելու, թե որքան բարդ կառուցվածք ունեն ստեղծագործությունները»,— ասում են նրանք։

8 Ավստրալիայում բնակվող մի տղամարդ թանգարան կատարած իր այցելությունը առիթ համարեց, որ իր որդուն, որը մոտ տասը տարեկան է, օգնի ամրացնելու հավատը Աստծու և արարչագործության հանդեպ։ «Մենք տեսանք հին ծովային կենդանիների նմուշներ, որոնք կոչվում են ամոնիտներ ու տրիլոբիտներ,— պատմում է նա։— Ապշել էինք՝ տեսնելով, թե որքան գեղեցիկ էին, ամբողջական և ինչ բարդ կառուցվածք ունեին այդ վերացած կենդանիները։ Դրանք ոչնչով չէին զիջում այսօր մեր տեսած կենդանիներին։ Եթե կյանքի բարդ տեսակները առաջացել են պարզ տեսակներից, ինչո՞ւ էին այդ հին կենդանիները արդեն իսկ այդքան բարդ։ Դա մեծապես տպավորեց ինձ, և ես այդ մասին խոսեցի որդուս հետ»։

ԱԶԴԵՑԻԿ ՕՐԻՆԱԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ

9. Ինչո՞ւ են օրինակները սովորեցնելու համար արդյունավետ միջոց, և ի՞նչ օրինակ օգտագործեց մի մայր։

9 Հիսուսը հաճախ այնպիսի օրինակներ էր օգտագործում, որոնք խթանում էին մարդկանց միտքը, հասնում էին նրանց սրտին և մնում հիշողության մեջ (Մատթ. 13։34, 35)։ Երեխաները վառ երևակայություն ունեն։ Ուստի, ծնողնե՛ր, ուսուցանելիս ձգտեք շատ օրինակներ օգտագործել։ Ճապոնիայում բնակվող մի մայր հենց այդպես վարվեց։ Երբ նրա երկու որդիները ութ և տասը տարեկան էին, նա նրանց սովորեցրեց Երկրի մթնոլորտի մասին և ցույց տվեց, թե Եհովան ինչ հոգատարությամբ է ստեղծել այն։ Որպեսզի տղաները հասկանային դա, մայրը նրանց տվեց կաթ, շաքարավազ և սուրճ։ Ապա երեխաներին խնդրեց, որ իր համար մի բաժակ սուրճ պատրաստեն։ «Նրանք սուրճը պատրաստեցին մեծ հոգատարությամբ,— պատմում է նա։— Երբ հարցրի, թե ինչու այդքան մեծ հոգատարությամբ պատրաստեցին այն, նրանք պատասխանեցին, որ ուզում էին՝ սուրճը լինի հենց այնպիսին, ինչպիսին որ սիրում եմ։ Ես բացատրեցի տղաներիս, որ Աստված մթնոլորտի գազերը հենց այդպիսի հոգատարությամբ է խառնել, որպեսզի մենք կարողանանք գոյություն ունենալ»։ Այդ օրինակը հասկանալի էր նրանց տարիքի երեխաների համար, և նրանք, պասիվ նստելու ու լսելու փոխարեն, մեծ ոգևորությամբ սովորեցին այդ դասը և այն երբեք չեն մոռանա։

Պարզ օրինակների միջոցով կարող ես հավատ սերմանել երեխաներիդ մեջ Աստծու և արարչագործության հանդեպ (տես պարբերություն 10)

10, 11. ա) Ի՞նչ օրինակներ կարող ես օգտագործել, որ օգնես երեխայիդ հավատ զարգացնելու Աստծու հանդեպ (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ի՞նչ ազդեցիկ օրինակներ գիտես։

10 Երեխայիդ մեջ Աստծու հանդեպ հավատ կարող ես սերմանել՝ նույնիսկ բաղադրատոմսի օրինակ բերելով։ Ինչպե՞ս։ Տորթ կամ թխվածքաբլիթ թխելուց հետո բացատրիր, թե ինչ դեր ունի բաղադրատոմսը։ Ապա նրան տուր միրգ, օրինակ՝ խնձոր, ու հարցրու. «Գիտե՞ս, որ այս խնձորը «բաղադրատոմս» ունի»։ Երկու մասի կտրիր այն ու երեխայիդ մի կորիզ տուր։ Կարող ես ասել, որ բաղադրատոմսը «գրվել է» կորիզի մեջ, բայց շատ ավելի բարդ լեզվով, քան տորթի կամ թխվածքաբլիթի բաղադրատոմսերն են գրվում։ Հարցրու. «Եթե տորթի բաղադրատոմսը գրել է ինչ-որ մեկը, այդ դեպքում ո՞վ է գրել խնձորի բաղադրատոմսը, որը շատ ավելի բարդ է»։ Ավելի մեծ տարիքի երեխային կարող ես բացատրել, որ խնձորի և խնձորենու բաղադրատոմսը ԴՆԹ-ի մեջ է։ Միասին կարող եք որոշ օրինակներ նայել «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկի 10–20-րդ էջերում։

11 Շատ ծնողներ իրենց երեխաների հետ հաճույքով քննարկում են «Արթնացե՛ք»-ի «Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի հոդվածները կամ դրանք որպես հիմք են վերցնում փոքրիկներին պարզ բաներ սովորեցնելու համար։ Դանիայից մի ամուսնական զույգ ինքնաթիռները համեմատեց թռչունների հետ։ «Ինքնաթիռները նման են թռչունների,— ասացին ամուսինները իրենց երեխային։— Բայց կարո՞ղ են դրանք ձու դնել և փոքրիկ ինքնաթիռներ ունենալ։ Թռչունները հատուկ թռիչքուղիների կարիք ունե՞ն։ Իսկ ինքնաթիռների ձայնը կհամեմատե՞ս թռչունների դայլայլի հետ։ Ո՞վ է ավելի խելացի՝ ինքնաթիռ ստեղծո՞ղը, թե՞ թռչուններ Ստեղծողը»։ Երեխաների հետ տրամաբանելը և մտածված հարցեր տալը կօգնի նրանց, որ զարգացնեն «խորհելու կարողություն» և Աստծու հանդեպ հավատ (Առակ. 2։10–12

12. Ինչպե՞ս կարող են օրինակները օգնել երեխաներին հավատ զարգացնելու Աստվածաշնչի հանդեպ։

12 Ազդեցիկ օրինակները կարող են նաև ամրացնել երեխայի հավատը Աստվածաշնչի ճշգրտության հանդեպ։ Օրինակ՝ նկատի առ Հոբ 26։7-ը (կարդա)։ Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ այս համարը Աստծու ներշնչմամբ է գրվել։ Պարզապես փաստեր նշելու փոխարեն՝ ձգտիր խթանել երեխայիդ երևակայությունը։ Նշիր այն փաստը, որ Հոբի ապրած ժամանակներում դեռ չկային հեռադիտակներ և տիեզերանավեր։ Գուցե երեխայիդ հանձնարարես ցույց տալ, որ դժվարանում է հավատալ նրան, որ հսկայական մի բան, օրինակ՝ երկիրը, ոչ մի բանի վրա հիմնված չէ։ Երեխան կարող է վերցնել գնդակ կամ քար և ցույց տալ, որ զանգված ունեցող մարմինը անպայման պետք է հենարան ունենա։ Այսպիսի օրինակները կօգնեն, որ նրա մտքում տպավորվի այն, որ Եհովան Աստվածաշնչում արձանագրել է այնպիսի փաստեր, որոնք մարդիկ ապացուցել են դարեր հետո միայն (Նեեմ. 9։6

ՑՈՒՅՑ ՏՈՒՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԼԻՆԵԼԸ

13, 14. Ինչպե՞ս կարող են ծնողները ցույց տալ երեխաներին, որ աստվածաշնչյան սկզբունքները արժեքավոր են։

13 Անչափ կարևոր է, որ երեխաներիդ օգնես տեսնելու աստվածաշնչյան սկզբունքների արժեքավոր լինելը (կարդա Սաղմոս 1։1–3)։ Դա անելու շատ միջոցներ կան։ Օրինակ՝ կարող ես ասել երեխաներիդ, որ պատկերացնեն, թե գնում են ապրելու մի հեռավոր կղզում ու պետք է ընտրեն մի քանի մարդու, որոնք ապրելու են իրենց հետ։ Հարցրու. «Ի՞նչ հատկություն պետք է բոլորդ ունենաք, որպեսզի իրար հետ խաղաղ ու համերաշխ ապրեք»։ Կարող ես հիշատակել նաև Գաղատացիներ 5։19–23-ում նշված հատկությունների մասին։

14 Այդպես երկու կարևոր դաս կսովորեցնես նրանց։ Առաջին՝ Աստծու սկզբունքները նպաստում են իսկական խաղաղությանն ու համերաշխությանը։ Երկրորդ՝ այսօր մեզ կրթելով՝ Եհովան պատրաստում է, որ ապրենք նոր աշխարհում (Ես. 54։13; Հովհ. 17։3)։ Որպեսզի այս դասերը երեխաներիդ սրտին հասնեն, մեր հրատարակություններից, օրինակ՝ «Դիտարանի»՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի հոդվածներից որոշ մարդկանց օրինակներ քննարկիր։ Կամ հրավիրիր ձեր ժողովի անդամներից մեկին, որը Եհովային հաճեցնելու համար մեծ փոփոխություններ է կատարել կյանքում, որ պատմի ձեզ իր կյանքի պատմությունը։ Այդպիսի մարդկանց օրինակները կենդանի են դարձնում աստվածաշնչյան սկզբունքները (Եբր. 4։12

15. Երեխաներիդ ուսուցանելիս քո գլխավոր նպատակը ի՞նչը պետք է լինի։

15 Գլխավորը հետևյալն է. թույլ մի՛ տուր, որ երեխաներիդ ուսուցանելու պրոցեսը միապաղաղ դառնա։ Գործի դիր երևակայությունդ։ Խթանիր նրանց միտքը՝ հաշվի առնելով նրանց տարիքը։ Թող որ սովորելու պրոցեսը հետաքրքիր, ոգևորիչ և հավատ զորացնող լինի։ «Երբեք մի՛ հոգնիր ծանոթ թեմաները նոր ձևով ներկայացնելուց»,— ասում է մի հայր։

ԵՂԻՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ, ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՎ ՄԻՇՏ ԱՂՈԹԻՐ

16. Ինչո՞ւ է կարևոր համբերատար լինել երեխաներին ուսուցանելիս։ Բեր օրինակ։

16 Աստծու ոգու օգնությամբ երեխաները կարող են ամուր հավատ զարգացնել (Գաղ. 5։22, 23)։ Սակայն ինչպես որ ժամանակ է հարկավոր, որ պտուղը հասունանա, այնպես էլ ժամանակ է հարկավոր, որ հավատը զարգանա։ Ուստի դու պետք է համբերություն և հաստատակամություն դրսևորես երեխաներիդ ուսուցանելիս։ «Ես ու կինս մեր երեխաներին շատ ժամանակ էինք տրամադրում,— ասում է Ճապոնիայում բնակվող մի հայր, որը երկու երեխա ունի։— Երբ նրանք դեռևս շատ փոքր էին, ես ամեն օր 15 րոպե նրանց հետ ուսումնասիրություն էի անում, բացի այն օրերից, երբ ժողովի հանդիպում ունեինք։ Ո՛չ մեզ, ո՛չ նրանց համար դժվար չէր այդ 15 րոպեն հատկացնել ուսումնասիրությանը»։ Մի շրջանային վերակացու գրում է. «Երբ պատանի էի, շատ հարցեր ու կասկածներ ունեի, բայց ոչ բոլորի մասին էի բարձրաձայնում։ Ժամանակի ընթացքում դրանցից շատերի պատասխանները ստացա ժողովի հանդիպումների, ընտանեկան և անձնական ուսումնասիրության ժամանակ։ Ահա թե ինչու կարևոր է, որ ծնողները շարունակ ուսուցանեն իրենց երեխաներին»։

Եթե ցանկանում ես արդյունավետ ուսուցիչ լինել, Աստծու Խոսքը նախ պետք է քո սրտում լինի (տես պարբերություն 17)

17. Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողները լավ օրինակ լինեն երեխաների համար, և ինչպե՞ս է մի ամուսնական զույգ լավ օրինակ թողնում իր աղջիկների համար։

17 Ինչ խոսք, շատ կարևոր է նաև, որ երեխաներդ տեսնեն, որ դու ամուր հավատ ունես Եհովայի հանդեպ։ Նրանք կնկատեն քո արածները, և դա, անշուշտ, լավ ազդեցություն կթողնի նրանց վրա։ Ուստի, ծնողնե՛ր, շարունակեք ամրացնել ձեր հավատը։ Թող որ ձեր երեխաները տեսնեն, թե որքան իրական է Եհովան ձեզ համար։ Բերմուդայում բնակվող մի ամուսնական զույգ մտահոգություններ ունենալիս երեխաների հետ աղոթում է, որ Եհովան առաջնորդի իրենց, և քաջալերում է, որ նրանք էլ առանձին աղոթեն։ «Մենք մեր ավագ դստերը ասում ենք, որ լիովին ապավինի Եհովային, զբաղված լինի Թագավորության գործով և չափից շատ չանհանգստանա։ Երբ խնդիրը լուծվում է, նա համոզվում է, որ Եհովան օգնում է մեզ։ Այդպես վարվելը հրաշալի արդյունքներ է տվել. Աստծու և Աստվածաշնչի հանդեպ նրա հավատը զորացել է»։

18. Ի՞նչ կարևոր բան պետք է հիշեն ծնողները։

18 Սակայն, ծնողնե՛ր, մի՛ մոռացեք, որ չեք կարող ձեր երեխաներին ստիպել հավատ զարգացնել։ Դուք տնկում եք ու ջրում, բայց աճեցնողը Աստված է (1 Կորնթ. 3։6)։ Ուստի խնդրեք նրան, որ տա իր ոգին, և ջանասիրաբար ուսուցանեք ձեր թանկագին երեխաներին։ Եթե այդպես վարվեք, վստահ եղեք, որ Եհովան կօրհնի ձեր բոլոր ջանքերը (Եփես. 6։4