Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Շարունակ պայքարիր Եհովայի օրհնությունը ստանալու համար

Շարունակ պայքարիր Եհովայի օրհնությունը ստանալու համար

«Դու մարտնչեցիր Աստծու և մարդկանց հետ և ի վերջո հաղթեցիր» (ԾՆՆԴ. 32։28

ԵՐԳ 60, 38

1, 2. Ի՞նչ դժվարություններ ունեն Եհովայի ծառաները։

ԱՌԱՋԻՆ հավատարիմ մարդ Աբելի ժամանակներից մինչև մեր օրերը Աստծուն նվիրված ծառաները պայքար են մղում։ Պողոս առաքյալը եբրայեցի քրիստոնյաներին գրեց, որ նրանք Եհովայի հավանությունն ու օրհնությունը ստանալու համար «տառապանքներ կրեցին ու դիմադրեցին մեծ պայքարում» (Եբր. 10։32–34)։ Պողոսը քրիստոնյաների պայքարը համեմատեց ատլետների մարզումների հետ, որոնք մասնակցում էին Հունաստանում տեղի ունեցող արագավազքի, գոտեմարտի և բռնցքամարտի մրցություններին (Եբր. 12։1, 4)։ Այսօր մենք մասնակցում ենք կյանքի մրցավազքին, և մեր հակառակորդներն ուզում են խանգարել մեզ, դրդել սխալ գործելու, վայր գցել, խլել մեր ուրախությունը և զրկել մեզ ապագա օրհնություններից։

2 Մենք պետք է ուժգին պայքար մղենք Սատանայի ու նրա չար աշխարհի դեմ (Եփես. 6։12)։ Շատ կարևոր է, որ թույլ չտանք, որ աշխարհի որևէ «ամրություն» ազդի մեզ վրա, լինեն դրանք ուսմունքներ, փիլիսոփայություններ, վնասակար գործեր, որոնց թվում են անբարոյությունը, ծխախոտ օգտագործելը, հարբեցողությունն ու թմրամոլությունը։ Մենք նաև պետք է շարունակ պայքար մղենք մարմնական թուլությունների ու վհատության դեմ (2 Կորնթ. 10։3–6; Կող. 3։5–9

3. Ինչպե՞ս է Աստված մարզում մեզ, որ պայքարենք մեր թշնամիների դեմ։

3 Արդյոք հնարավո՞ր է պարտության մատնել այս զորավոր հակառակորդներին։ Այո՛, բայց դրա համար հարկավոր է պայքար մղել։ Իրեն բռնցքամարտիկի նմանեցնելով՝ Պողոս առաքյալն ասաց. «Այնպես եմ բռնցքահարում, որ քամի ծեծող չլինեմ» (1 Կորնթ. 9։26)։ Ինչպես բռնցքամարտիկն է դիմադրում հակառակորդին, այնպես էլ մենք պետք է դիմադրենք մեր թշնամիներին։ Եհովան մարզում և օգնում է մեզ այս պայքարում։ Նա իր Խոսքի միջոցով կյանք փրկող առաջնորդություն է տալիս։ Նաև օգնում է Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների, քրիստոնեական հանդիպումների և համաժողովների միջոցով։ Կիրառո՞ւմ ես սովորածդ։ Եթե չկիրառես, «քամի ծեծող» կլինես և լիարժեքորեն չես դիմադրի թշնամուդ։

4. Ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ, որ չարը հաղթի մեզ։

4 Մեր թշնամիները կարող են հարձակվել մեզ վրա, երբ ամենաքիչն ենք սպասում, և հարված հասցնել մեզ, երբ վհատված ենք։ Ուստի միշտ պետք է զգոն լինենք։ Աստվածաշունչը հորդորում է. «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ միշտ բարիով հաղթիր չարին» (Հռոմ. 12։21)։ «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ» հորդորը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հաղթել չարին։ Սակայն կհաղթենք միայն այն դեպքում, երբ շարունակ պայքար մղենք դրա դեմ։ Եվ հակառակը՝ եթե կորցնենք մեր զգոնությունը և դադարենք պայքարելուց, Սատանան, նրա չար աշխարհը և մեր անկատար մարմինը կհաղթեն մեզ։ Երբեք թույլ մի՛ տուր Սատանային վախեցնել քեզ և թևաթափ անել, որ հանձնվես (1 Պետ. 5։9

5. ա) Ի՞նչը կօգնի մեզ, որ շարունակենք պայքարել Աստծու օրհնությունը ստանալու համար։ բ) Աստվածաշնչից ո՞ւմ օրինակները կքննենք։

5 Նրանք, ովքեր պայքար են մղում, միշտ պետք է հիշեն, թե ինչի համար են պայքարում, որպեսզի կարողանան հաղթանակած դուրս գալ։ Աստծու հավանությունն ու օրհնությունը ստանալու համար նրանք պետք է կենտրոնացած լինեն Եբրայեցիներ 11։6- ում տրված հետևյալ հավաստիացման վրա. «Նա, ով մոտենում է [Աստծուն], պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն»։ «Ջանադրաբար փնտրել» արտահայտությամբ թարգմանված հունարեն բայաձևը ցույց է տալիս ինտենսիվություն և մեծ ջանքեր (Գործ. 15։17)։ Աստվածաշնչում հրաշալի օրինակներ կան այնպիսի տղամարդկանց ու կանանց, ովքեր մեծ ջանքեր են գործադրել Եհովայի օրհնությունը ստանալու համար։ Հակոբը, Ռաքելը, Հովսեփը և Պողոսը այնպիսի հանգամանքներում են եղել, որոնք կարող էին զգացապես և ֆիզիկապես ուժասպառ անել նրանց, սակայն նրանք փաստել են, որ հաստատակամությունը առատ օրհնություններ է բերում։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել այս աննկուն պայքարողներին։

ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՏ ՕՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԵՐՈՒՄ

6. Ի՞նչը օգնեց Հակոբին հաստատակամ լինելու, և ինչպե՞ս նա վարձատրվեց (տես հոդվածի սկզբի նկարը)։

6 Հակոբ նահապետը պայքարեց և հաստատակամություն դրսևորեց, քանի որ սիրում էր Եհովային, գնահատում էր հոգևոր բաները և լիովին հավատ էր դրսևորում Եհովայի այն խոստման հանդեպ, որ նա կօրհնի իր սերունդը (Ծննդ. 28։3, 4)։ Ահա թե ինչու, երբ Հակոբը մոտ 100 տարեկան էր, իր ուժերից եկածն արեց, որ ստանա Աստծու օրհնությունը, և նույնիսկ գոտեմարտեց մարմնավորված հրեշտակի հետ (կարդա Ծննդոց 32։24–28)։ Մի՞թե Հակոբն այնքան ուժեղ էր ու տոկուն, որ կարող էր պայքարել հզոր հրեշտակի դեմ։ Անշուշտ ո՛չ։ Սակայն նա վճռական էր և ցույց տվեց, որ չի նահանջում դժվարությունների առաջ։ Հակոբը վարձատրվեց իր հաստատակամության համար։ Նա համապատասխան անուն ստացավ՝ Իսրայել (նշանակում է «Աստծու հետ մարտնչող [համառորեն իր ուզածին հասնող]» կամ «Աստված մարտնչում է»)։ Հակոբի վարձատրությունը մեծ էր. նա ստացավ՝ Եհովայի հավանությունն ու օրհնությունը՝ բաներ, որ մենք նույնպես ձգտում ենք ստանալ։

7. ա) Ի՞նչ ծանր իրավիճակում էր Ռաքելը։ բ) Ինչպե՞ս նա շարունակեց պայքարել և ի՞նչ օրհնություն ստացավ։

7 Հակոբի սիրելի կինը՝ Ռաքելը, շատ էր ցանկանում տեսնել, թե ինչպես է Եհովան իրագործելու իր ամուսնուն տված խոստումը։ Բայց մի խոչընդոտ կար, որ անլուծելի էր թվում. Ռաքելը երեխա չուներ։ Այդ ժամանակներում ամուլ լինելը մեծ նախատինք էր։ Ինչպե՞ս էր նա կարողանում զգացապես և ֆիզիկապես ամուր լինել, որպեսզի շարունակեր պայքարել այնպիսի հանգամանքներում, որոնք վհատեցնում էին իրեն, և որոնք նա չէր կարող փոխել։ Ռաքելը երբեք չէր հուսալքվում։ Նա շարունակում էր պայքարել՝ ավելի ջերմեռանդորեն աղոթելով Եհովային։ Ի վերջո Եհովան լսեց Ռաքելի սրտաբուխ աղերսանքը և օրհնեց նրան՝ զավակներ պարգևելով։ Հասկանալի է, թե ինչու մի անգամ Ռաքելը հաղթանակած ասաց. «Ծանր պայքարով պայքարեցի.... ու հաղթեցի» (Ծննդ. 30։8, 20–24

8. Ի՞նչ փորձություն դիմագրավեց Հովսեփը, և ինչպե՞ս նրա օրինակը կարող է օգնել մեզ։

8 Հակոբի և Ռաքելի տոկունության օրինակը, անշուշտ, մեծ ազդեցություն թողեց նրանց որդի Հովսեփի վրա և մեծ դեր ունեցավ այն հարցում, թե ինչպես նա դիմագրավեց իր հավատի փորձությունները։ Երբ Հովսեփը 17 տարեկան էր, նրա կյանքը տակնուվրա եղավ։ Նրա եղբայրները, նախանձից դրդված, ստրկության վաճառեցին նրան։ Իսկ հետագայում նա ստիպված եղավ տարիներ շարունակ անարդարացիորեն բանտարկված մնալ Եգիպտոսում (Ծննդ. 37։23–28; 39։7–9, 20, 21)։ Սակայն Հովսեփը չվհատվեց և ոչ էլ բարկությամբ լցվեց ու ցանկացավ վրեժխնդիր լինել։ Ընդհակառակը՝ նա իր միտքն ու սիրտը կենտրոնացրեց Եհովայի հետ ունեցած իր թանկ փոխհարաբերությունների վրա (Ղևտ. 19։18; Հռոմ. 12։17–21)։ Հովսեփի օրինակը կարող է օգնել մեզ։ Նույնիսկ եթե դժվար մանկություն ենք ունեցել, կամ մեզ թվում է, թե անելանելի իրավիճակում ենք, պետք է շարունակենք պայքարել ու հաստատակամություն դրսևորել։ Եթե այդպես վարվենք, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կօրհնի մեզ (կարդա Ծննդոց 39։21–23)

9. Ընդօրինակելով Հակոբին, Ռաքելին և Հովսեփին՝ ի՞նչ պետք է անենք, որ ստանանք Եհովայի օրհնությունը։

9 Մտածիր այն իրավիճակի մասին, որը գուցե փորձություն է քեզ համար։ Հնարավոր է՝ բախվում ես անարդարության, կանխակալ կարծիքի զոհ ես դարձել կամ ենթարկվում ես ծաղրանքի։ Գուցե ինչ-որ մեկը, նախանձից դրդված, կեղծ մեղադրանք է ներկայացրել քո դեմ։ Փոխանակ թևաթափ լինելու և հանձնվելու՝ հիշիր, թե ինչը օգնեց Հակոբին, Ռաքելին ու Հովսեփին ուրախությամբ շարունակելու ծառայել Եհովային։ Աստված զորացրեց և օրհնեց նրանց, քանի որ նրանք խոր գնահատանք էին ցույց տալիս հոգևոր բաների հանդեպ։ Նրանք շարունակում էին պայքարել և իրենց ջերմեռանդ աղոթքներին ներդաշնակ վարվել։ Մենք ապրում ենք այս չար համակարգի վերջին օրերում, հետևաբար հիմնավոր պատճառ ունենք ամուր կառչելու մեր հույսից։ Կգոտեմարտե՞ս, այսինքն՝ ջանք կթափե՞ս, որ ստանաս Եհովայի հաճությունը։

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ «ԳՈՏԵՄԱՐՏԵԼՈՒ» ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

10, 11. ա) Ո՞ր դեպքերում գուցե անհրաժեշտ լինի «գոտեմարտել» Աստծու օրհնությունը ստանալու համար։ բ) Ի՞նչը կօգնի, որ ճիշտ որոշումներ կայացնենք և հաղթենք վհատության ու տարբեր խոչընդոտների դեմ պայքարում։

10 Ո՞ր դեպքերում գուցե անհրաժեշտ լինի, որ «գոտեմարտենք» Աստծու օրհնությունը ստանալու համար։ Մեզնից շատերը պայքար են մղում մարմնական թուլությունների դեմ։ Ոմանք վճռականորեն ջանքեր են թափում, որպեսզի դրական տրամադրվածություն պահպանեն ծառայության հանդեպ։ Ուրիշները գուցե շարունակ տոկունություն են դրսևորում հիվանդության կամ միայնության զգացման պատճառով։ Կան անհատներ էլ, որոնք պայքարում են, որ կարողանան ներել ինչ-որ մեկին, ով վիրավորել է իրենց կամ մեղք է գործել իրենց դեմ։ Անկախ նրանից՝ որքան ժամանակ է՝ ծառայում ենք Աստծուն, բոլորս պետք է պայքարենք այն բաների դեմ, որոնք կարող են խանգարել մեզ, որ ծառայենք մեր երկնային Հորը, որը վարձատրում է իրեն հավատարիմ մարդկանց։

«Գոտեմարտո՞ւմ» ես, որ ստանաս Աստծու օրհնությունը (տես պարբերություններ 10, 11)

11 Ճիշտ որոշումներ կայացնելու և քրիստոնեական ուղու վրա մնալու համար երբեմն գուցե կարիք լինի ուժգին պայքար մղելու։ Դա դժվար է հատկապես այն պատճառով, որ մեր նենգավոր սիրտը դրդում է մեզ սխալ բաներ անելու (Երեմ. 17։9)։ Եթե գիտակցում ես, որ որոշ չափով սկսել ես լսել քո սրտի թելադրանքին, անպայման աղոթիր Եհովային, որ տա քեզ իր սուրբ ոգին։ Աղոթքը և սուրբ ոգին ուժ կտան քեզ, որ ընթանաս ճիշտ ուղով, ուղի, որը Եհովան օրհնում է։ Վարվիր աղոթքներիդ ներդաշնակ։ Ձգտիր ամեն օր կարդալ Աստվածաշունչը, ժամանակ հատկացրու կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն և ընտանեկան երկրպագություն անելուն (կարդա Սաղմոս 119։32

12, 13. Ի՞նչը օգնեց երկու քրիստոնյայի վերահսկելու սխալ ցանկությունները։

12 Աստծու Խոսքը, նրա ոգին և մեր հրատարակությունները օգնել են շատ քրիստոնյաների, որ ճնշեն սխալ ցանկությունները։ Տեսնենք, թե ինչպես արձագանքեց մի պատանի, երբ կարդաց 2003 թ. դեկտեմբերի 8-ի «Արթնացե՛ք»-ի «Ինչպե՞ս դիմադրեմ սխալ ցանկություններին» հոդվածը (անգլ., ռուս.)։ Նա ասում է. «Ես պայքարում եմ, որ կարողանամ վերահսկել սխալ մտքերս։ Երբ այդ հոդվածում կարդացի, որ «շատերը ստիպված են առավել մեծ պայքար մղել սխալ ցանկությունների դեմ», զգացի, որ ես համաշխարհային եղբայրության մի մաս եմ։ Զգացի, որ մենակ չեմ»։ Այդ տղային օգնեց նաև 2003 թ. հոկտեմբերի 8-ի «Արթնացե՛ք»-ի «Աստված հավանություն տալի՞ս է ոչ ավանդական սեռական կողմնորոշմանը» հոդվածը (անգլ., ռուս.)։ Նա այնտեղ կարդաց, որ որոշ մարդկանց համար այդ պայքարը իրենց մարմնում «փշի նման ծակող մի ցավ» է (2 Կորնթ. 12։7)։ Չնայած որ նրանք ճիշտն անելու համար պայքար են մղում, սակայն ապագայի հանդեպ դրականորեն են տրամադրված։ Նա ասում է. «Կարծում եմ՝ ես էլ կարող եմ ամեն օր հավատարիմ լինել։ Անչափ շնորհակալ եմ Եհովային, որ իր կազմակերպության միջոցով ամեն օր օգնում է մեզ, որ տոկանք այս չար աշխարհում»։

13 Նկատի առնենք նաև Միացյալ Նահանգներից մի քրոջ օրինակ։ Նա գրում է. «Շնորհակալ եմ ձեզ, որ միշտ ճիշտ ժամանակին տալիս եք մեզ անհրաժեշտ կերակուրը։ Հաճախ ինձ թվում է, թե այդ հոդվածները կոնկրետ ինձ համար են գրված։ Տարիներ շարունակ պայքարում եմ մի ուժգին ցանկության դեմ, որը Եհովան ատում է։ Երբեմն ուզում եմ հանձնվել ու այլևս չպայքարել։ Ես գիտեմ, որ Եհովան ողորմած ու ներողամիտ է, բայց քանի որ ունեմ այդ սխալ ցանկությունը և սրտի խորքում չեմ ատում այն, ինձ արժանի չեմ համարում, որ ստանամ այդ օգնությունը։ Այս շարունակական պայքարը ազդել է իմ կյանքի յուրաքանչյուր ոլորտի վրա.... Այն բանից հետո, երբ 2013 թ. մարտի 15-ի «Դիտարանում» կարդացի «Ունե՞ս այնպիսի սիրտ, որ ճանաչես Եհովային» հոդվածը, հասկացա, որ Եհովան իսկապես ուզում է օգնել ինձ»։

14. ա) Ի՞նչ էր մտածում Պողոսը իր մղած պայքարի մասին։ բ) Ինչպե՞ս կարող ենք հաջողության հասնել մարմնական թուլությունների դեմ պայքարում։

14 Կարդա Հռոմեացիներ 7։21–25։ Պողոսն իր փորձով գիտեր, թե որքան դժվար է անկատար մարմնի ցանկությունների ու թուլությունների դեմ պայքարելը։ Սակայն նա լիովին համոզված էր, որ աղոթելով և ապավինելով Եհովային, ինչպես նաև հավատ դրսևորելով Հիսուսի քավիչ զոհի հանդեպ՝ կարող է հաղթել իր այդ ներքին պայքարում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մենք կարո՛ղ ենք հաջողության հասնել մեր մարմնական թուլությունների դեմ պայքարում։ Ինչպե՞ս։ Ընդօրինակելով Պողոսին, լիովին ապավինելով Եհովային և ոչ թե մեր ուժերին, նաև հավատ դրսևորելով փրկանքի հանդեպ։

15. Ինչպե՞ս է աղոթքը օգնում մեզ, որ հավատարիմ մնանք և տոկանք փորձությունների ներքո։

15 Երբեմն Աստված գուցե ցանկանա, որ ցույց տանք, թե որքան ենք մտահոգված մեզ հուզող խնդրով։ Օրինակ՝ եթե մենք (կամ մեր ընտանիքի անդամներից մեկը) ծանր հիվանդանանք կամ անարդարության բախվենք, ցույց կտանք, որ լիովին վստահում ենք Եհովային, եթե աղերսենք նրան, որ ուժ տա մեզ, որպեսզի մնանք հավատարիմ, չկորցնենք մեր ուրախությունը և հոգևոր հավասարակշռությունը (Փիլիպ. 4։13)։ Պողոսի օրերում ապրած և ժամանակակից շատ հավատարիմ մարդկանց օրինակներ փաստում են, որ աղոթքը կարող է նորոգել մեր ուժը և քաջությամբ լցնել մեզ, որ շարունակենք տոկալ։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՊԱՅՔԱՐԵԼ ԵՀՈՎԱՅԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

16, 17. Ի՞նչ ես վճռել անել։

16 Սատանան շատ է ուզում, որ դու հանձնվես ու թևաթափ լինես։ Ուստի վճռիր «կառչել բարուն» (1 Թեսաղ. 5։21)։ Վստահ եղիր, որ կարող ես հաղթանակած դուրս գալ Սատանայի, նրա չար աշխարհի ու ցանկացած մեղավոր հակման դեմ պայքարում։ Դու կարող ես հաղթել, եթե լիովին համոզված լինես, որ Աստված ի զորու է զորացնել քեզ (2 Կորնթ. 4։7–9; Գաղ. 6։9

17 Շարունակիր պայքարել։ Շարունակիր մարտնչել։ Շարունակիր պատերազմ մղել։ Շարունակիր տոկունություն ու հաստատակամություն դրսևորել։ Լիովին համոզված եղիր, որ Եհովան քեզ վրա այնքան օրհնություն «կթափի, մինչև որ էլ տեղ չլինի» (Մաղ. 3։10