Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պաշտպանենք բարի լուրը բարձրաստիճան պաշտոնյաների առաջ

Պաշտպանենք բարի լուրը բարձրաստիճան պաշտոնյաների առաջ

«ԱՅՍ մարդը ընտրյալ անոթ է ինձ համար, որ իմ անունը տանի մյուս ազգերին, ինչպես նաև թագավորներին» (Գործ. 9։15)։ Տեր Հիսուսը այս խոսքերն ասաց մի հրեա մարդու մասին, որը նոր էր քրիստոնյա դարձել, և որը հայտնի դարձավ որպես Պողոս առաքյալ։

Այդ «թագավորներից» մեկը Հռոմի կայսր Ներոնն էր։ Ի՞նչ կզգայիր, եթե ստիպված լինեիր հավատդ այդպիսի կառավարչի առաջ պաշտպանել։ Քրիստոնյաներին հորդոր է տրվում ընդօրինակել Պողոսին (1 Կորնթ. 11։1)։ Այդ հորդորին կարող ենք հետևել, եթե, օրինակ, քննենք, թե ինչպես էր նա վարվում իր օրերի իրավական համակարգի հետ առնչվելիս։

Իսրայել ազգին տրվել էր Մովսիսական օրենքը, և ցանկացած աստվածավախ հրեա, որտեղ էլ որ բնակվելիս լիներ, ապրում էր այդ Օրենքում սահմանված վարքի չափանիշներին ներդաշնակ։ Մ. թ. 33 թ. Պենտեկոստեից հետո Աստծու ճշմարիտ երկրպագուներից այլևս չէր պահանջվում պահել Մովսիսական օրենքը (Գործ. 15։28, 29; Գաղ. 4։9–11)։ Սակայն Պողոսն ու մյուս քրիստոնյաները այդ Օրենքի մասին անհարգալից կերպով չէին խոսում, այդ պատճառով նրանք անարգել կարողանում էին վկայություն տալ հրեական բազմաթիվ համայնքներում (1 Կորնթ. 9։20)։ Պողոսը գնում էր ժողովարաններ, որտեղ վկայություն էր տալիս այն մարդկանց, ովքեր գիտեին Աբրահամի Աստծու մասին, և որոնց հետ նա կարող էր տրամաբանել Եբրայերեն Գրությունների հիման վրա (Գործ. 9։19, 20; 13։5, 14–16; 14։1; 17։1, 2

Առաքյալների ընտրած առաջին կենտրոնը, որտեղից առաջնորդություն էր տրվելու քարոզչական գործին, Երուսաղեմն էր։ Նրանք կանոնավորաբար սովորեցնում էին տաճարում (Գործ. 1։4; 2։46; 5։20)։ Մի առիթով Պողոսը գնաց Երուսաղեմ, որտեղ նրան բանտարկեցին։ Այդպես սկսվեց իրավական մի գործընթաց, որի արդյունքում նա հայտնվեց Հռոմում։

ՊՈՂՈՍԸ ԵՎ ՀՌՈՄԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

Ինչպե՞ս էին Հռոմի իշխանությունները վերաբերվելու այն հավատալիքներին, որոնց մասին Պողոսը քարոզում էր։ Այս հարցին պատասխանելու համար օգտակար կլինի ուշադրություն դարձնել այն բանին, թե հռոմեացիներն ընդհանուր առմամբ ինչ վերաբերմունք ունեին կրոնների նկատմամբ։ Նրանք իրենց կայսրության մեջ ապրող տարբեր էթնիկական խմբերին չէին ստիպում, որ հրաժարվեն իրենց կրոնից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կարծում էին, որ այն վտանգ էր ներկայացնում իրենց պետության կամ բարոյականության համար։

Հռոմը իր կայսրության մեջ բնակվող հրեաներին մեծ իրավունքներ էր տվել։ «Վաղ քրիստոնեության ծագումը» գրքում ասվում է. «Հուդայականությունը շատ արտոնություններ ուներ Հռոմեական կայսրությունում.... Հրեաները ազատորեն դավանում էին իրենց կրոնը, և նրանցից չէր պահանջվում երկրպագել հռոմեական պետության աստվածություններին։ Նրանք կարող էին իրենց համայնքներում իրենց օրենքով ապրել» (Backgrounds of Early Christianity)։ Հրեաներից նաև չէր պահանջվում զինվորական ծառայություն կատարել։ * Հռոմի իշխանությունների առաջ քրիստոնեությունը պաշտպանելիս Պողոսն օգտվելու էր այն իրավունքից, որ հռոմեական օրենքը տալիս էր հրեաներին։

Պողոսի հակառակորդները հասարակ ժողովրդին և իշխանություններին տարբեր կերպերով փորձում էին տրամադրել նրա դեմ (Գործ. 13։50; 14։2, 19; 18։12, 13)։ Նկատի առնենք մի դեպք։ Երուսաղեմի քրիստոնյա երեցները լսել էին, որ հրեաների մեջ լուրեր են տարածվել, թե Պողոսը «հավատուրացություն է սովորեցնում, դրդում է հեռանալ Մովսեսի օրենքից»։ Այդ ասեկոսեների պատճառով որոշ հրեաներ, որոնք նոր էին քրիստոնյա դարձել, կարող էին մտածել, թե Պողոսը չէր հարգում այն, ինչ Աստված սահմանել էր։ Բացի այդ, Սինեդրիոնը կարող էր հայտարարել, որ քրիստոնեությունը հավատուրացություն է։ Եթե նման բան լիներ, քրիստոնյա դարձած հրեաները հնարավոր է՝ պատժվեին։ Նրանք կդառնային վտարանդիներ, և նրանց կարգելվեր տաճարում կամ ժողովարաններում վկայություն տալ։ Այդ պատճառով ժողովի երեցները Պողոսին խորհուրդ տվեցին ապացուցել, որ այդ լուրերը կեղծ են. նա պետք է գնար տաճար ու աներ մի բան, ինչը Աստված չէր պահանջում նրանից, բայց ինչը դատապարտելի չէր (Գործ. 21։18–27

Պողոսը հետևեց նրանց խորհրդին, և դրա շնորհիվ «բարի լուրը պաշտպանելու և օրինականապես հաստատելու» առիթներ եղան (Փիլիպ. 1։7)։ Տաճարում հրեաները խռովություն բարձրացրին և ուզեցին սպանել Պողոսին։ Հռոմեական զորապետը բռնեց նրան։ Երբ առաքյալին պատրաստվում էին մտրակել, նա հայտնեց, որ Հռոմի քաղաքացի է։ Արդյունքում նրան տարան Կեսարիա, որտեղից հռոմեացիները ղեկավարում էին Հրեաստանը։ Այնտեղ առաքյալը առանձնահատուկ հնարավորություն ուներ խիզախորեն վկայություն տալու իշխանությունների առաջ։ Հավանաբար, դրա շնորհիվ այն մարդիկ, ովքեր շատ բան չգիտեին քրիստոնեության մասին, ամբողջական պատկերացում կազմեցին դրա վերաբերյալ։

«Գործեր» գրքի 24-րդ գլխում նկարագրված է Պողոսի դատավարությունը Հրեաստանի հռոմեացի կառավարիչ Ֆելիքսի առաջ, որը արդեն ինչ-որ բան լսել էր քրիստոնյաների հավատալիքների մասին։ Հրեաները Պողոսին մեղադրեցին հռոմեական օրենքը առնվազն երեք կերպով խախտելու մեջ։ Նրանք ասացին, որ առաքյալը խռովություն է հրահրում ողջ կայսրությունում բնակվող հրեաների մեջ, որ նա մի վտանգավոր աղանդի պարագլուխ է և որ փորձում է պղծել տաճարը, որն այդ ժամանակ Հռոմի պաշտպանության տակ էր (Գործ. 24։5, 6)։ Այդ մեղադրանքների պատճառով Պողոսը կարող էր մահապատժի ենթարկվել։

Այսօր քրիստոնյաների համար ուշագրավ է այն, թե Պողոսն ինչպես վարվեց ստեղծված իրավիճակում։ Նա հանգստություն պահպանեց և հարգալից խոսեց։ Պողոսը անդրադարձավ Օրենքին ու Մարգարեներին և պնդեց իր «նախահայրերի Աստծուն» երկրպագելու իր իրավունքը։ Այդ իրավունքն ունեին նաև մյուս հրեաները, որոնք հռոմեական օրենքի տակ էին (Գործ. 24։14)։ Որոշ ժամանակ անց Պողոսը կարողացավ պաշտպանել իր հավատը ու խոսել դրա մասին հաջորդ կառավարչի՝ Պորկիոս Ֆեստոսի, ինչպես նաև Հերովդես Ագրիպաս թագավորի առաջ։

Ի վերջո, որպեսզի իր հանդեպ արդար դատավարություն իրականացվի, Պողոսն ասաց. «Ես կայսրի՛ն եմ բողոքում»։ Այդ ժամանակ կայսրը ամենաազդեցիկ կառավարիչն էր (Գործ. 25։11

ՊՈՂՈՍԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՍՐԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Դու դեռ պետք է կայսրի առաջ կանգնես»,— ավելի ուշ հրեշտակն ասաց Պողոսին (Գործ. 27։24)։ Հռոմի կայսր Ներոնն իր կառավարման սկզբում ասել էր, որ ինքը անձամբ չի քննելու բոլոր դատական գործերը։ Իր իշխանության առաջին ութ տարիների ընթացքում նա հիմնականում այդ գործերը հանձնարարում էր ուրիշներին։ Մի գրքում ասվում է, որ երբ Ներոնը որոշում էր որևէ դատ վարել, նա դա անում էր իր պալատում, որտեղ նրան օգնում էին մի խումբ փորձառու և ազդեցիկ խորհրդականներ (The Life and Epistles of Saint Paul)։

Աստվածաշնչում չի ասվում՝ արդյոք Ներոնն է լսել ու դատել Պողոսին, թե նա ինչ-որ մեկին է նշանակել, որ լսի Պողոսի բողոքը ու ներկայացնի իրեն։ Ամեն դեպքում Պողոսը հավանաբար բացատրեց, որ երկրպագում է հրեաների Աստծուն և որ բոլոր մարդկանց հորդորում է իշխանություններին իրենց հասանելիք պատիվը տալ (Հռոմ. 13։1–7; Տիտոս 3։1, 2)։ Ակնհայտ է, որ Պողոսը հաջողությամբ կարողացավ պաշտպանել բարի լուրը բարձրաստիճան պաշտոնյաների առաջ, քանի որ կայսրի դատարանը ազատ արձակեց նրան (Փիլիպ. 2։24; Փիլիմ. 22

ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին» (Մատթ. 10։18)։ Հիսուսի մասին այսպես վկայություն տալը առանձնաշնորհում է։ Բարի լուրը պաշտպանելու մեր ջանքերը իրավական դաշտում կարող են մեծ հաղթանակներ բերել։ Ինչ խոսք, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն անկատար մարդիկ, բարի լուրը քարոզելու իրավունքը միայն Եհովան կարող է տալ մեզ։ Եվ մենք համոզված ենք, որ միայն Աստծու Թագավորությունը հավիտյան կազատի կեղեքումից ու անարդարությունից (Ժող. 8։9; Երեմ. 10։23

Այդուհանդերձ, նույնիսկ այսօր Եհովայի անունը կարող է փառավորվել, երբ քրիստոնյաները պաշտպանում են իրենց հավատը։ Պողոսի նման՝ մենք էլ պետք է ձգտենք հանգիստ, անկեղծ ու համոզիչ լինել մեր հավատը պաշտպանելիս։ Հիսուսն իր հետևորդներին ասաց, որ նրանք ստիպված չեն լինի նախապես մտածել, թե ինչպես իրենց պաշտպանեն, որովհետև նա նրանց «բերանում իմաստություն կդնի, որին նրանց բոլոր հակառակորդները միասին չեն կարողանա ընդդիմանալ կամ հակառակ խոսել» (Ղուկ. 21։14, 15; 2 Տիմոթ. 3։12; 1 Պետ. 3։15

Իրենց հավատը թագավորների, կառավարիչների և այլ պաշտոնյաների առաջ պաշտպանելիս քրիստոնյաները թերևս հնարավորություն ունենան վկայություն տալու այնպիսի մարդկանց, որոնց այլ կերպ դժվար կլիներ հայտնել բարի լուրը։ Մեր օգտին կայացված դատավճիռները պատճառ են եղել, որ որոշ օրենքներում բարեփոխումներ մտցվեն, և պաշտպանվի խոսքի ու երկրպագության ազատությունը։ Սակայն անկախ արդյունքից՝ դատավարությունների ընթացքում մեր դրևսորած քաջությունը ուրախացնում է Աստծու սիրտը։

Եհովայի անունը փառավորվում է, երբ պաշտպանում ենք մեր հավատը

^ պարբ. 8 Գրող Ջեյմս Փարկսը նշում է. «Հրեաները.... իրավունք ունեին պահելու իրենց սովորությունները։ Ոչ մի արտասովոր բան չկար այն բանի մեջ, որ նրանց այդպիսի արտոնություններ էին տրված, քանի որ այդպես հռոմեացիները պարզապես պահում էին իրենց կայսրության տարբեր շրջաններին հնարավորինս մեծ ինքնավարություն շնորհելու սովորությունը»։