Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատանինե՛ր, ամրացրեք ձեր հավատը

Պատանինե՛ր, ամրացրեք ձեր հավատը

«Հավատը.... ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն» (ԵԲՐ. 11։1

ԵՐԳ 41, 69

1, 2. Ի՞նչ ճնշումների են ենթարկվում պատանիներն այսօր, և ի՞նչը կարող է օգնել նրանց։

«ԴՈՒ խելացի աղջիկ ես, ինչպե՞ս կարող ես հավատալ Աստծուն»,— Բրիտանիայում ապրող մի քրոջ ասաց նրա դասընկերուհին։ Գերմանիայից մի եղբայր գրեց. «Իմ ուսուցիչները այն կարծիքն ունեն, թե արարչագործության մասին աստվածաշնչյան արձանագրությունը առասպել է։ Նրանք սովորական բան են համարում այն, որ աշակերտները հավատում են էվոլյուցիային»։ Մի քույր, որն ապրում է Ֆրանսիայում, ասաց. «Իմ դպրոցի ուսուցիչները շատ են զարմանում, որ դեռևս կան աշակերտներ, որոնք հավատում են Աստվածաշնչին»։

2 Եթե պատանի Եհովայի վկա ես կամ նոր ես սովորում նրա մասին, քեզ վրա ճնշում բանեցնո՞ւմ են, որ ընդունես այնպիսի տարածված գաղափարներ, ինչպիսին, օրինակ, էվոլյուցիայի գաղափարն է, ու չհավատաս Արարչի գոյությանը։ Եթե այո, ապա կան միջոցներ, որոնք կարող են օգնել քեզ ամրացնելու հավատդ և այն անսասան պահելու։ Դրանցից մեկը՝ Աստծուց տրված խորհելու կարողությունն է, որը «կպահպանի քեզ»։ Այն կպաշտպանի քեզ ցանկացած փիլիսոփայությունից, որը կարող է կործանել հավատդ (կարդա Առակներ 2։10–12

3. Ի՞նչ ենք ուսումնասիրելու այս հոդվածում։

3 Իսկական հավատը հիմնված է Աստծու մասին ճշգրիտ գիտելիքների վրա (1 Տիմոթ. 2։4)։ Ուստի երբ ուսումնասիրում ես Աստծու Խոսքը և քրիստոնեական հրատարակությունները, մակերեսորեն մի՛ ընթերցիր դրանք։ Գործի դիր խորհելու կարողությունդ, որպեսզի «հասկանաս» ընթերցածդ (Մատթ. 13։23)։ Նկատի առ այն քայլերը, որոնք կօգնեն քեզ ամրացնելու հավատդ Արարչի և Աստվածաշնչի հանդեպ։ «Ակնհայտ ապացույցները» բազմաթիվ են (Եբր. 11։1

ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՄՐԱՑՆԵԼ ՀԱՎԱՏԴ

4. Ինչո՞ւ թե՛ Աստծու գոյությունը և թե՛ էվոլյուցիոն տեսությունը ընդունելու համար հավատ է պետք, և մեզանից յուրաքանչյուրը ի՞նչ պետք է անի։

4 Ինչ-որ մեկը երբևէ ասե՞լ է քեզ, որ հավատում է էվոլյուցիային, քանի որ գիտնականներն ասում են, որ այն ճիշտ է, իսկ Աստծու հանդեպ հավատը կույր հավատ է։ Շատերն են այսպես մտածում։ Սակայն լավ կլինի՝ հիշենք. անկախ նրանից՝ մարդը հավատում է Աստծու գոյությանը, թե էվոլյուցիային, երկու դեպքում էլ հավատ է պետք։ Ինչո՞ւ։ Մեզանից ոչ ոք չի տեսել Աստծուն, ոչ էլ տեսել է, թե ինչպես է որևէ բան արարվում (Հովհ. 1։18)։ Ոչ մի անձնավորություն՝ լինի գիտնական, թե ոչ, չի տեսել, որ կյանքի մի տեսակից ուրիշ տեսակ առաջանա։ Օրինակ՝ ոչ ոք երբևէ չի տեսել, որ սողունը կաթնասուն դառնա (Հոբ 38։1, 4)։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է քննի առկա փաստերը և գործի դնի խորհելու կարողությունը, որպեսզի ողջամիտ եզրահանգումներ անի։ Արարչագործության մասին Պողոս առաքյալը գրեց. «[Աստծու] անտեսանելի հատկությունները, այսինքն՝ նրա հավերժական զորությունն ու աստվածությունը, հստակ երևում են աշխարհի արարումից ի վեր, որովհետև դրանք տեսնվում են ստեղծված բաների միջոցով, այնպես որ նրանք արդարացում չունեն» (Հռոմ. 1։20

Երբ տրամաբանում ես ուրիշների հետ, հմտորեն օգտագործիր այն միջոցները, որոնք առկա են քո լեզվով (տես պարբերություն 5)

5. Ինչպե՞ս կարող ենք գործի դնել մեր հասկացողությունը։

5 Աստվածաշունչն ասում է. «Հավատով մենք հասկանում ենք, որ երկնքում ու երկրի վրա եղած բաները Աստծու խոսքով են ստեղծվել» (Եբր. 11։3)։ Սա նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ ինչ-որ բան կարող է առաջին հայացքից տեսանելի կամ ակնհայտ չլինել։ Ուստի այն մարդիկ, ովքեր հասկացողություն ունեն, գործի են դնում ոչ միայն իրենց լսողությունն ու տեսողությունը, այլև միտքը։ Եհովայի կազմակերպությունը մեզ տվել է բազմաթիվ միջոցներ, որոնք խոր ուսումնասիրության արդյունք են և կարող են օգնել մեզ «տեսնելու» Արարչին մեր հավատի աչքերով (Եբր. 11։27)։ Այդ միջոցներից են՝ «Արարչագործության հրաշքները արտացոլում են Աստծու փառքը» տեսանյութը, «Ինչպե՞ս է կյանքն առաջացել» ու «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկները և «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։ Մենք նաև ստանում ենք հրաշալի հոգևոր սնունդ մեր ամսագրերի միջոցով։ «Արթնացե՛ք» ամսագրում հաճախ տեղ են գտնում հարցազրույցներ գիտնականների և այլ մարդկանց հետ, ովքեր բացատրում են, թե ինչու են այժմ հավատում Աստծուն։ «Արդյոք պատահականությո՞ւն է» հոդվածաշարում նկարագրվում է կենդանիների և բնության մեջ եղող այլ բաների կառուցվածքը։ Գիտնականները հաճախ փորձում են կրկնօրինակել դրանք։

6. Մեր հրատարակությունները ինչպե՞ս կարող են օգնել մեզ, և դու ի՞նչ օգուտներ ես ստացել դրանցից։

6 Վերը նշված երկու գրքույկների մասին մի 19-ամյա եղբայր, որն ապրում է Միացյալ Նահանգներում, ասաց. «Այս գործիքները անգնահատելի են ինձ համար։ Ես այս գրքույկները տասնյակ անգամներ եմ ուսումնասիրել»։ Ֆրանսիայում ապրող մի քույր գրեց. ««Արդյոք պատահականությո՞ւն է» խորագրի հոդվածները ապշեցնում են ինձ։ Դրանք ցույց են տալիս, որ մեծագույն ինժեներները կարող են կրկնօրինակել բնության մեջ առկա բարդ ստեղծագործությունները, բայց երբեք չեն կարող նույնը ստեղծել»։ Ահա թե ինչ ասաց Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող մի ամուսնական զույգ, որը 15-ամյա աղջիկ ունի. «Առաջին հոդվածը, որ մեր աղջիկը սովորաբար կարդում է «Արթնացե՛ք» ամսագիրը ստանալիս՝ «Հարցազրույց» խորագրի հոդվածն է»։ Իսկ դու լիարժեքորեն օգտվո՞ւմ ես այս միջոցներից։ Դրանք կարող են օգնել քեզ, որ հավատդ ամուր արմատներ ունեցող ծառի պես լինի, որը կարող է դիմանալ կեղծ ուսմունքների սաստիկ փոթորիկներին (Երեմ. 17։5–8

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀԱՆԴԵՊ ՔՈ ՀԱՎԱՏԸ

7. Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ գործի դնես քո բանականությունը։

7 Սխա՞լ է արդյոք անկեղծ հարցեր տալ Աստվածաշնչի վերաբերյալ։ Բոլորովին։ Եհովան ցանկանում է, որ գործի դնես քո բանականությունը, որպեսզի համոզվես ճշմարտության մեջ։ Նա չի ցանկանում, որ հավատաս իրեն զուտ այն պատճառով, որ ուրիշներն են այդպես անում։ Ուստի գործի դիր խորհելու կարողությունդ, որպեսզի ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերես։ Այդ գիտելիքները հետագայում ամուր հիմք կարող են դառնալ իսկական հավատի համար (կարդա Հռոմեացիներ 12։1, 2; 1 Տիմոթեոս 2։4)։ Դու կարող ես այնպիսի թեմաներ ուսումնասիրել, որոնք կցանկանայիր ավելի խորությամբ հասկանալ։

8, 9. ա) Ոմանք ի՞նչ թեմաներ գուցե ընտրեն ուսումնասիրության համար։ բ) Ի՞նչ օգուտներ են քաղել շատերը՝ խորհելով իրենց ուսումնասիրած նյութի շուրջ։

8 Ոմանք ուսումնասիրության համար ընտրել են աստվածաշնչյան մարգարեությունները կամ ուսումնասիրում են պատմական, հնագիտական և գիտական տեսանկյունից Աստվածաշնչի ճշգրիտ լինելու մասին ապացույցները։ Ապշեցուցիչ մարգարեություն է Ծննդոց 3։15-ում գրված մարգարեությունը։ Այդ համարում նշված է Աստվածաշնչի գլխավոր թեման՝ ինչպես է Թագավորությունը արդարացնելու Աստծու գերիշխանությունը և սրբացնելու նրա անունը։ Այդ մեկ համարը փոխաբերական լեզվով լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես է Եհովան վերացնելու տառապանքը, որը սկիզբ է առել Եդեմի պարտեզում։ Ինչպե՞ս կարող ես ուսումնասիրել Ծննդոց 3։15-ը։ Օրինակ՝ կարող ես ժամանակագրական սանդղակ գծել և դրա մեջ ընդգրկել կարևոր համարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Աստված աստիճանաբար բացահայտել, թե ովքեր են այս համարում նշված անձնավորությունները, և թե ինչ իրադարձություններ են զարգանալու, որոնք փաստելու են, որ այս մարգարեությունը կատարվելու է։ Երբ տեսնես այդ համարների փոխկապակցվածությունը, կհամոզվես, որ Աստվածաշնչում նշված մարգարեներն ու այդ Գիրքը գրողները «սուրբ ոգուց մղված» են եղել (2 Պետ. 1։21

9 Մի եղբայր, որն ապրում է Գերմանիայում, գրեց. «Չնայած որ Աստվածաշունչը գրել է մոտ 40 մարդ, որոնցից շատերն ապրել են տարբեր ժամանակներում և չեն ճանաչել իրար, այնուամենայնիվ, Թագավորության թեման կարմիր թելով անցնում է ողջ Աստվածաշնչում»։ Ավստրալիայում ապրող մի քրոջ անչափ տպավորել էր «Դիտարանի» 2013 թ. դեկտեմբերի 15-ի թողարկման մեջ տեղ գտած ուսումնասիրության հոդվածը, որտեղ խոսվում էր Պասեքի նշանակության մասին։ Այդ տոնը սերտորեն կապված էր Ծննդոց 3։15-ի մարգարեության և Մեսիայի գալստի հետ։ «Ուսումնասիրելով այդ հոդվածը՝ ավելի լավ հասկացա, թե որքան հրաշալի Աստված է Եհովան,— գրեց քույրը։— Ինձ անչափ տպավորեց այն, որ իսրայելացիներին պատվեր էր տրվել նշելու մի բան, ինչը սերտ կապ ուներ Հիսուսի հետ»։ Ինչո՞ւ էր այս քույրը այդքան տպավորված. նա խորությամբ էր մտածել ընթերցածի մասին և «հասկացել» էր այն։ Դա ամրացրել էր նրա հավատը և ավելի շատ էր մտերմացրել Եհովայի հետ (Մատթ. 13։23

10. Ինչպե՞ս է Աստվածաշունչը գրողների անկեղծության մասին իմանալը ամրացնում մեր հավատը այդ գրքի հանդեպ։

10 Մենք կարող ենք մեր հավատը ամրացնել նաև, եթե նկատի առնենք այն, թե որքան քաջ և անկեղծ են եղել Աստվածաշունչը գրողները։ Հնում ապրած բազմաթիվ գրողներ շողոքորթել են իրենց առաջնորդներին և փառաբանել են իրենց ազգը։ Սակայն Եհովայի մարգարեները միշտ ճշմարտությունն են խոսել։ Նրանք առանց վարանելու գրել են իրենց ժողովրդի, անգամ իրենց թագավորների թերությունների մասին (2 Տար. 16։9, 10; 24։18–22)։ Նրանք նաև նշել են իրենց, ինչպես նաև Աստծու մյուս ծառաների թույլ տված սխալները (2 Սամ. 12։1–14; Մարկ. 14։50)։ Մի պատանի եղբայր, որն ապրում է Բրիտանիայում, գրեց. «Նման անկեղծությունը հազվադեպ է այսօր, և դա ավելի շատ է հավաստիացնում մեզ, որ Աստվածաշունչը իսկապես Եհովայից է»։

11. Ինչպե՞ս կարող են պատանիներն ավելացնել իրենց գնահատանքը աստվածաշնչյան սկզբունքների հանդեպ։

11 Շատերը համոզված են, որ Աստվածաշունչը Աստծուց է ներշնչված, քանի որ այն պարունակում է այնպիսի սկզբունքներ, որոնք առաջնորդում են մեզ (կարդա Սաղմոս 19։7–11)։ Ճապոնիայում ապրող մի պատանի քույր գրեց. «Երբ ընտանիքս սկսեց ապրել աստվածաշնչյան ուսմունքներին ներդաշնակ, մենք իսկական ուրախություն գտանք։ Մենք խաղաղություն ունեցանք, դարձանք միասնական և իրար հանդեպ ավելի մեծ սիրով լցվեցինք»։ Աստվածաշնչյան սկզբունքները պաշտպանում են մեզ կեղծ երկրպագությունից, սնոտիապաշտությունից, որոնց գերին են դարձել շատերը (Սաղ. 115։3–8)։ Արդյո՞ք այն փիլիսոփայությունները, որոնք ժխտում են Աստծու գոյությունը, ազդում են մարդկանց մտածելակերպի վրա։ Այնպիսի տեսություններ, ինչպիսին էվոլյուցիոն տեսությունն է, աստվածացնում են բնությունը՝ նրան վերագրելով այն ուժը, որը միայն Եհովային է պատկանում։ Նրանք, ովքեր ասում են, թե Աստված չկա, պնդում են, որ մեր ապագան ամբողջությամբ մեր ձեռքերում է, բայց միևնույն ժամանակ ապագայի ոչ մի հույս չեն տալիս (Սաղ. 146։3, 4

ՏՐԱՄԱԲԱՆԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ

12, 13. Ինչպե՞ս կարելի է համադասարանցիների, ուսուցիչների կամ ուրիշների հետ տրամաբանել արարչագործության կամ Աստվածաշնչի շուրջ։

12 Ինչպե՞ս կարող ես ուրիշների հետ տրամաբանել արարչագործության կամ Աստվածաշնչի մասին թեմաների շուրջ։ Նախ մի՛ շտապիր մտածել, թե դու գիտես՝ ինչին է հավատում տվյալ անհատը։ Ոմանք ասում են, որ հավատում են էվոլյուցիային, սակայն միևնույն ժամանակ հավատում են նաև Աստծու գոյությանը։ Նրանք մտածում են, որ Աստված էվոլյուցիայի միջոցով է ստեղծել կյանքի տարբեր տեսակները։ Ուրիշներն էլ ասում են, որ հավատում են էվոլյուցիային, քանի որ մտածում են, որ եթե այն փաստ չլիներ, դպրոցում դրա մասին չէին սովորեցնի։ Իսկ ոմանք այլևս չեն հավատում Աստծուն, քանի որ հիասթափվել են կրոններից։ Ուստի երբ ինչ-որ մեկի հետ խոսում ես կյանքի ծագման մասին, ճիշտ կլինի նախևառաջ հարցեր տալ նրան։ Փորձիր պարզել, թե ինչին է հավատում այդ անհատը։ Եթե լինես ողջամիտ և լսես նրան, գուցե նա էլ հակված լինի քեզ լսելու (Տիտոս 3։2

13 Եթե անհատը սկսում է բացասական բաներ ասել արարչագործության հետ կապված քո համոզմունքների վերաբերյալ, կարող ես նրբանկատորեն խնդրել նրան, որ ինքը բացատրի, թե ինչպես կարող էր կյանքը սկիզբ առնել՝ առանց Արարչի միջամտության։ Կարող ես նշել հետևյալը. որպեսզի կյանքի պարզագույն տեսակը շարունակեր իր գոյությունը, այն պետք է վերարտադրվեր կամ կրկնօրինակվեր։ Մի կենսաքիմիկոս ասում է, որ դրա համար անհրաժեշտ կլինեին 1) պաշտպանիչ թաղանթ, 2) էներգիա ստանալու և այն օգտագործելու կարողություն, 3) գեներում գրված ինֆորմացիա, 4) այդ ինֆորմացիան կրկնօրինակելու ունակություն և այլն։ Նա ավելացնում է. «Կենդանի օրգանիզմների նույնիսկ պարզագույն տեսակները զարմանալիորեն բարդ կառուցվածք ունեն»։

14. Ի՞նչ կարող ես անել, եթե պատրաստված չես հանգամանորեն խոսելու էվոլյուցիայի կամ արարչագործության մասին։

14 Եթե պատրաստված չես հանգամանորեն խոսելու էվոլյուցիայի կամ արարչագործության մասին, կարող ես օգտագործել այն պարզ տրամաբանությունը, որ օգտագործեց Պողոս առաքյալը։ Նա գրեց. «Ամեն տուն ինչ-որ մեկի կողմից է կառուցվում, բայց ով բոլոր բաները կառուցեց, Աստված է» (Եբր. 3։4)։ Նման կերպ անհատի հետ տրամաբանելը ողջամիտ է և շատ արդյունավետ։ Այո՛, բարդ կառուցվածք ունեցող կյանքի տեսակները բանականության արդյունք են։ Դու կարող ես նաև օգտագործել համապատասխան գրականություն։ Մի քույր վերը նշված երկու գրքույկները տվեց մի երիտասարդի, որն ասել էր, որ հավատում է էվոլյուցիային և չի հավատում Աստծու գոյությանը։ Մոտ մեկ շաբաթ անց այդ երիտասարդն ասաց. «Հիմա ես հավատում եմ Աստծուն»։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հետագայում դարձավ մեր եղբայրը։

15, 16. Ինչպե՞ս կարող ես արդյունավետորեն զրուցել աստվածաշնչյան թեմաների մասին և ի՞նչ նպատակ պետք է ունենաս։

15 Նույն սկզբունքները կարող ես օգտագործել, երբ զրուցում ես մեկի հետ, ով կասկածներ ունի Աստվածաշնչի վերաբերյալ։ Փորձիր հասկանալ, թե ինչին է նա հավատում, և ինչ թեմաներ են նրան հետաքրքրում (Առակ. 18։13)։ Եթե նրան հիմնականում գիտական թեմաներ են հետաքրքրում, գուցե նշես մտքեր, որոնք փաստում են, որ Աստվածաշունչը գիտականորեն ճշգրիտ է։ Ուրիշներին գուցե հետաքրքրեն այնպիսի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչը պարունակում է ճշգրիտ մարգարեություններ, և որ այն պատմականորեն ճշգրիտ է։ Կարող ես նշել նաև, որ Աստվածաշունչը օգտակար սկզբունքներ է պարունակում, որոնցից մի քանիսը գրված են Լեռան քարոզում։

16 Հիշիր, որ քո նպատակը պետք է լինի ոչ թե զրույցի մեջ հաղթող լինելը, այլ անհատի սիրտը շահելը։ Ուստի ուշադիր լսող եղիր։ Նրբանկատորեն հարցեր տուր, խոսիր մեղմությամբ ու հարգանքով, հատկապես, երբ զրուցում ես տարիքով մեծ անհատների հետ։ Այդ դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք էլ հակված կլինեն հարգելու քո տեսակետը։ Նրանք նաև կտեսնեն, որ դու խորությամբ քննել ես այն ամենը, ինչին հավատում ես, չնայած որ այսօր շատ երիտասարդներ այդպես չեն վարվում։ Իհարկե, պետք է նաև հիշես, որ պարտավոր չես պատասխանելու այն մարդկանց, ովքեր ցանկանում են վիճել քեզ հետ կամ ծաղրել քեզ քո ունեցած հավատալիքների համար (Առակ. 26։4

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆԸ ԴԱՐՁՐՈՒ

17, 18. ա) Ի՞նչը կօգնի քեզ, որ ճշմարտությունը քոնը դարձնես։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Ամուր հավատ ունենալու համար միայն Աստվածաշնչի հիմնական ուսմունքները իմանալը բավարար չէ։ Ուստի խորությամբ ուսումնասիրիր Աստծու Խոսքը, պատկերացրու, թե թաքցրած գանձեր ես փնտրում (Առակ. 2։3–6)։ Օգտագործիր տարբեր միջոցներ, որոնք առկա են քո լեզվով, օրինակ՝ ««Դիտարանի» գրադարանը», ««Դիտարանի» օնլայն գրադարանը», ինչպես նաև ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը» կամ «Փնտրտուքների ուղեցույցը»։ Նաև նպատակ դիր Աստվածաշունչը ամբողջությամբ ընթերցել։ Ձգտիր մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ կարդալ այն։ Քիչ բաներ կան, որ կարող են կերտել մեր հավատը այնպես, ինչպես Աստծու Խոսքի ընթերցանությունը։ Մտածելով իր պատանեկության տարիների մասին՝ մի շրջանային վերակացու ասաց. «Միջոցներից մեկը, որն օգնեց ինձ հասկանալու, որ Աստվածաշունչը իսկապես Աստծու Խոսքն է, այն ամբողջությամբ ընթերցելն էր։ Վերջապես կարողացա հասկանալ աստվածաշնչյան այն պատմությունները, որոնց մասին ինձ պատմել էին, երբ շատ փոքր էի։ Դա շրջադարձային եղավ իմ հոգևոր աճի համար»։

18 Ծնողնե՛ր, դուք մեծ դեր ունեք ձեր երեխաների հոգևոր աճի հարցում։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ամուր հավատ զարգացնելու։ Հաջորդ հոդվածում կխոսենք այդ մասին։