Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Աստծու խոսքը.... զորեղ է»

«Աստծու խոսքը.... զորեղ է»

«Աստծու խոսքը կենդանի է ու զորեղ» (ԵԲՐ. 4։12

ԵՐԳ 96, 94

1. Ինչո՞ւ ես վստահ, որ Աստծու Խոսքը զորեղ է (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԼԻՆԵԼՈՎ Եհովայի ժողովուրդը՝ մենք վստահ ենք, որ Աստծու խոսքը՝ մարդկանց ուղղված նրա պատգամը, «կենդանի է ու զորեղ» (Եբր. 4։12)։ Մեզանից շատերը կենդանի ապացույցն են այն բանի, որ Աստվածաշունչը ի զորու է փոխելու մարդկանց կյանքը։ Մեր եղբայրներից և քույրերից ոմանք նախկինում եղել են գող, թմրամոլ և անբարոյական։ Ուրիշներն էլ այս աշխարհում որոշ հաջողությունների են հասել, սակայն դատարկության զգացում են ունեցել (Ժող. 2։3–11)։ Որոշ անհատներ էլ, որոնք կորած մարդիկ էին համարվում, Աստվածաշնչի զորության շնորհիվ կարողացել են կանգնել կյանքի ուղու վրա։ «Դիտարան» ամսագրում՝ «Աստվածաշունչը փոխում է կյանքերը» խորագրի տակ, նման դեպքեր պատմող բազմաթիվ հոդվածներ են տպագրվել, որոնք հավանաբար հաճույքով ես կարդում։ Եվ, ըստ ամենայնի, հասկացել ես, որ նույնիսկ ճշմարտությունն ընդունելուց հետո անհատը պետք է շարունակի Աստվածաշնչի օգնությամբ հոգևորապես առաջադիմել։

2. Աստծու զորեղ Խոսքը ի՞նչ ազդեցություն է ունեցել առաջին դարում ապրած մարդկանց վրա։

2 Զարմանալի չէ, որ մեր օրերում շատերը Աստծու Խոսքն ուսումնասիրելու շնորհիվ մեծ փոփոխություններ են արել իրենց կյանքում։ Այսպիսի դեպքերը մեզ հիշեցնում են առաջին դարի մեր եղբայրներին ու քույրերին, որոնք երկնային կյանքի հույս ունեին (կարդա 1 Կորնթացիներ 6։9–11)։ Թվարկելով, թե ինչպիսի մարդիկ չեն ժառանգելու Աստծու Թագավորությունը՝ Պողոս առաքյալն ավելացրեց. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին»։ Աստվածաշնչի և Աստծու սուրբ ոգու օգնությամբ նրանք փոխվել էին։ Սակայն ճշմարտությունն ընդունելուց հետո ոմանք դեռ պետք է հաղթահարեին որոշ խնդիրներ, որոնք կարող էին խոչընդոտել իրենց հոգևոր աճին։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է առաջին դարում ապրած մի օծյալ քրիստոնյայի մասին, որը զրկվեց ընկերակցությունից, բայց հետագայում վերականգնվեց (1 Կորնթ. 5։1–5; 2 Կորնթ. 2։5–8)։ Ի՜նչ քաջալերական է իմանալ, որ Աստծու Խոսքի շնորհիվ մեր հավատակիցները կարողացել են մեծ փոփոխություններ անել։

3. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

3 Քանի որ Աստծու Խոսքը զորավոր գործիք է, և մենք ունենք այն մեր ձեռքի տակ, ուզում ենք վստահ լինել, որ այն լավագույն ձևով ենք օգտագործում (2 Տիմոթ. 2։15)։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Աստծու Խոսքի զորությունը դրսևորվի 1) մեր կյանքում, 2) ծառայության մեջ և 3) բեմից սովորեցնելիս։ Այն, ինչ կիմանանք այս հոդվածից, կօգնի, որ ցույց տանք մեր սերն ու գնահատանքը մեր սիրելի երկնային Հոր հանդեպ, ով օգտակար բաներ է սովորեցնում մեզ (Ես. 48։17

ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

4. ա) Ի՞նչ պետք է անենք, եթե ուզում ենք, որ Աստծու Խոսքը ազդեցություն ունենա մեզ վրա։ բ) Ինչպե՞ս ես ժամանակ գտնում Աստվածաշունչն ընթերցելու համար։

4 Եթե ուզում ենք, որ Աստծու Խոսքը ազդեցություն ունենա մեզ վրա, պետք է այն կանոնավորաբար կարդանք, եթե հնարավոր է՝ ամեն օր (Հեսու 1։8)։ Ինչ խոսք, շատերս զբաղված կյանքով ենք ապրում։ Սակայն չպետք է թույլ տանք, որ ինչ-որ բան, նույնիսկ մեր պարտականությունները մեզ հետ պահեն Աստվածաշունչն ընթերցելուց (կարդա Եփեսացիներ 5։15, 16)։ Եհովայի ծառաներից շատերը գտել են հնարը, թե ինչ անեն, որ ամեն օր ժամանակ հատկացնեն Աստծու Խոսքը կարդալուն, լինի առավոտյան, ցերեկը, թե երեկոյան։ Նրանք նույն զգացումներն ունեն, ինչ սաղմոսերգուն, որը գրեց. «Որքա՜ն եմ սիրում քո օրենքը։ Ողջ օրը նրա մասին եմ խորհրդածում» (Սաղ. 119։97

5, 6. ա) Կարդացածի շուրջ խորհրդածելը ինչո՞ւ է կարևոր։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ մեր խորհրդածությունը արդյունք տա։ գ) Ի՞նչ օգուտ ես քաղել Աստծու Խոսքն ընթերցելուց և դրա շուրջ խորհրդածելուց։

5 Աստվածաշունչը պարզապես ընթերցելը բավական չէ։ Անհրաժեշտ է խորհրդածել կարդացածի շուրջ (Սաղ. 1։1–3)։ Միայն այդ դեպքում կկարողանանք նրանում ամփոփված իմաստությունը մերը դարձնել և կյանքում դրանով առաջնորդվել։ Անկախ նրանից՝ Աստծու Խոսքը կկարդանք տպագրված հրատարակությունից, թե էլեկտրոնային տարբերակից, մենք պետք է դրա էջերը դաջենք մեր սրտերին։

6 Ի՞նչ կարող ենք անել, որ մեր խորհրդածությունը արդյունք տա։ Աստվածաշնչից որևէ հատված ընթերցելուց հետո լավ կլինի դադար տալ և մտածել, օրինակ, այսպիսի հարցերի շուրջ. «Ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։ Ինչպե՞ս եմ կիրառում այս հատվածում պարփակված սկզբունքները։ Ի՞նչ փոփոխություններ դեռ պետք է անեմ»։ Եթե աղոթենք և խորհենք կարդացածի շուրջ, կմղվենք մեր սովորածը կիրառելու։ Այդպես մենք թույլ կտանք, որ Աստծու զորեղ Խոսքը ավելի մեծ ազդեցություն ունենա մեզ վրա (2 Կորնթ. 10։4, 5

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

7. Ի՞նչը կօգնի, որ Աստվածաշունչը լավագույն կերպով օգտագործենք ծառայության մեջ։

7 Ծառայության մեջ լավագույն կերպով կօգտագործենք Աստվածաշունչը, եթե քարոզելիս և սովորեցնելիս ձգտենք հաճախակի օգտվել դրանից։ Մի եղբայր ասում է. «Եթե Եհովայի հետ գնաս տնետուն քարոզելու, միայն դո՞ւ կխոսես, թե՞ թույլ կտաս, որ նա էլ խոսի»։ Երբ ծառայության ժամանակ կարդում ենք Աստվածաշնչից, թույլ ենք տալիս, որ Եհովան խոսի մարդկանց հետ։ Ճիշտ ընտրված սուրբգրային համարը ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել, քան մեր խոսքերը (1 Թեսաղ. 2։13)։ Հարցրու ինքդ քեզ. «Քարոզելիս ձգտո՞ւմ եմ օգտվել ամեն առիթից և օգտագործել Աստվածաշունչը»։

8. Ինչո՞ւ քարոզելիս պետք է ավելին անենք, քան պարզապես Աստվածաշնչից որևէ հատված կարդալը։

8 Իհարկե, ավելին է հարկավոր անել, քան պարզապես Աստվածաշնչից որևէ հատված կարդալը։ Ինչո՞ւ։ Քանի որ շատերը ծանոթ չեն Աստվածաշնչին։ Նույնն էր իրողությունը առաջին դարում (Հռոմ. 10։2)։ Ուստի չպետք է ակնկալենք, որ մեր զրուցակիցը անմիջապես կհասկանա մեր կարդացած խոսքերի իմաստը։ Հետևաբար գուցե կարիք լինի նորից կարդալու որոշ բառեր կամ մտքեր և հետո բացատրելու նշանակությունը։ Այդպես Աստծու Խոսքը կհասնի մեզ լսողների սրտին ու մտքին (կարդա Ղուկաս 24։32

9. Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչի հանդեպ հարգանք արթնացնել մեր զրուցակցի մեջ։ Բեր օրինակ։

9 Ճիշտ կանենք, եթե Աստվածաշնչից որևէ համար կարդալուց առաջ փորձենք մեր զրուցակցի մեջ այդ գրքի հանդեպ հարգանք արթնացնել։ Օրինակ՝ կարող ենք ասել. «Տեսեք՝ մեր Արարիչը ինչ է ասում այս մասին»։ Ոչ քրիստոնյա անհատի հետ խոսելիս կարող ենք ասել. «Տեսեք, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը»։ Իսկ եթե մեր զրուցակիցը կրոնից հեռու մարդ է, կարող ենք հարցնել. «Լսե՞լ եք հնուց եկած այս խոսքը»։ Այո՛, յուրաքանչյուր մարդու մենք դիտում ենք որպես անհատականություն և համապատասխան մոտեցում ենք ցույց տալիս (1 Կորնթ. 9։22, 23

10. ա) Ծառայության ժամանակ ի՞նչ դեպք պատահեց մի եղբոր։ բ) Ինչպե՞ս ես տեսել Աստծու Խոսքի զորությունը քո ծառայության ժամանակ։

10 Շատերը նկատել են, որ ծառայության մեջ Աստվածաշունչն օգտագործելը մեծ ազդեցություն է թողնում մարդկանց վրա։ Նկատի առնենք մի օրինակ։ Մի եղբայր այցելեց մի տարեց տղամարդու, որը տարիներ շարունակ ընթերցում էր մեր ամսագրերը։ Եղբայրը որոշեց ոչ միայն առաջարկել «Դիտարանի» վերջին համարը, այլև Աստվածաշնչից մի հատված կարդալ, որը մեջբերված էր այդ ամսագրում։ Նա կարդաց 2 Կորնթացիներ 1։3, 4 համարները, որտեղ գրված է. «Գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը.... մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում»։ Տղամարդը այնքան տպավորվեց այս խոսքերից, որ խնդրեց մեկ անգամ ևս կարդալ։ Նա ասաց, որ ինքն ու իր կինը մխիթարության կարիք շատ ունեն, և սկսեց հետաքրքրվել աստվածաշնչյան լուրով։ Համաձայն չե՞ս, որ Աստծու Խոսքը զորավոր գործիք է ծառայության մեջ (Գործ. 19։20

ԲԵՄԻՑ ՍՈՎՈՐԵՑՆԵԼԻՍ

11. Ի՞նչ պատասխանատվություն ունեն բեմից սովորեցնող եղբայրները։

11 Բոլորս հաճույքով ենք ներկա լինում ժողովի հանդիպումներին ու համաժողովներին, և դրա գլխավոր նպատակը Եհովային երկրպագելն է։ Այդ հանդիպումների ժամանակ մենք նաև մեծ օգուտ ենք քաղում հոգևոր կրթությունից։ Բեմից սովորեցնելը, ինչ խոսք, մեծ առանձնաշնորհում է եղբայրների համար։ Սակայն դա նաև լուրջ պատասխանատվություն է (Հակ. 3։1)։ Նրանք միշտ պետք է վստահ լինեն, որ այն, ինչ սովորեցնում են, իսկապես հիմնված է Աստծու Խոսքի վրա։ Եթե դու էլ ես նշանակված սովորեցնելու բեմից, ի՞նչ կարող ես անել, որ Աստծու զորեղ Խոսքը իր ազդեցությունը թողնի ունկնդիրների վրա։

12. Հռետորն ինչպե՞ս կարող է հավաստիանալ, որ իր ելույթի հիմքը Աստվածաշունչն է։

12 Հավաստիացիր, որ քո ելույթի հիմքը Աստվածաշունչն է (Հովհ. 7։16)։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Զգույշ եղիր, որ քո պատմած դեպքերը, բերած օրինակները կամ ներկայացնելուդ ձևը ունկնդիրների ուշադրությունը չշեղեն Աստվածաշնչից։ Նաև հիշիր, որ Սուրբ Գրքից մի շարք համարներ կարդալ դեռ չի նշանակում սովորեցնել։ Եթե չափից շատ համարներ կարդաս, հնարավոր է՝ մարդիկ դրանցից ոչ մեկը չհիշեն։ Ուստի որոշիր, թե որ համարներն ես կարդալու։ Նաև ժամանակ տրամադրիր, որ կարդացածդ համարները բացատրես, օրինակով պարզաբանես և ցույց տաս դրանց կիրառությունը (Նեեմ. 8։8)։ Եթե ելույթիդ համար կազմակերպությունը պլան է տրամադրել, ուսումնասիրիր այն և նրանում նշված աստվածաշնչյան համարները։ Փորձիր հասկանալ, թե այնտեղ գրված մտքերը ինչպես են կապված սուրբգրային համարների հետ։ Այնուհետև քո ընտրած համարների միջոցով բացատրիր ելույթի պլանում նշված մտքերը (գործնական առաջարկներ կարող ես գտնել «Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից» գրքի 21–23-րդ դասերում)։ Եվ որ ամենակարևորն է, աղոթիր Եհովային, որ օգնի քեզ ներկայացնել իր Խոսքում գրված արժեքավոր մտքերը (կարդա Եզրաս 7։10; Առակներ 3։13, 14

13. ա) Ժողովի հանդիպման ժամանակ տրված աստվածաշնչյան համարի բացատրությունը ի՞նչ ազդեցություն թողեց մի քրոջ վրա։ բ) Մեր հանդիպումների ժամանակ տրվող աստվածաշնչյան համարների բացատրությունները ինչպե՞ս են քեզ օգնել։

13 Ավստրալիայում բնակվող մի քույր դաժան մանկություն էր ունեցել։ Ու թեև ընդունել էր ճշմարտությունն ու նվիրվել Եհովային, սակայն չէր կարողանում լիովին հավատալ, որ Աստված սիրում է իրեն։ Մի անգամ ժողովի հանդիպման ժամանակ նա խորապես տպավորվեց՝ լսելով աստվածաշնչյան համարներից մեկի բացատրությունը։ Քույրը մտածեց այդ համարի շուրջ և փնտրտուքներ արեց, կարդաց դրան առնչվող այլ համարներ և արդյունքում համոզվեց, որ Եհովան իսկապես սիրում է իրեն։ * Պատահե՞լ է, որ դու էլ ժողովի հանդիպմանը կամ համաժողովին լսել ես աստվածաշնչյան համարի բացատրություն, որը մեծ ազդեցություն է թողել քեզ վրա (Նեեմ. 8։12

14. Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ Աստծու Խոսքի համար։

14 Մենք անչափ երախտապարտ ենք Եհովային իր գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի համար, որը նա սիրով տվել է մեզ։ Մեր Արարիչը նաև կատարել է իր խոստումը, որ այն կմնա հավիտյան (1 Պետ. 1։24, 25)։ Ուստի մենք ամեն ջանք կթափենք, որ կանոնավորաբար կարդանք Աստծու Խոսքը, կիրառենք կյանքում և օգտագործենք ծառայության մեջ։ Այդպես մենք ցույց կտանք, որ սիրում և գնահատում ենք ոչ միայն այդ գանձը, այլև դրա Հեղինակին՝ Եհովա Աստծուն։