Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընդօրինակիր Եհովայի կարեկցանքը

Ընդօրինակիր Եհովայի կարեկցանքը

«Եհո՛վա, Եհո՛վա, ողորմա՛ծ ու գթառա՛տ Աստված» (ԵԼՔ 34։6

ԵՐԳ 57, 147

1. Եհովան ինչպե՞ս իրեն հայտնի դարձրեց Մովսեսին, և ինչո՞վ է դա առանձնահատուկ։

ՄԻ ԱՌԻԹՈՎ Աստված իրեն հայտնի դարձրեց Մովսեսին՝ նշելով իր անունն ու հատկությունները։ Սկզբում նա ասաց, որ ինքը ողորմած է ու գթառատ, հատկություններ, որոնք ընդգծում են նրա կարեկից լինելը (կարդա Ելք 34։5–7)։ Եհովան կարող էր նախ ուշադրություն հրավիրել իր զորության և իմաստության վրա։ Սակայն քանի որ Մովսեսը կարիք ուներ հավաստիանալու, որ Աստված իր հետ է, Նա ընդգծեց այն հատկությունները, որոնք կբացահայտեին իր ծառաներին օգնելու պատրաստակամությունը (Ելք 33։13)։ Քո սիրտը չի՞ ջերմանում, երբ առաջինը կարդում ես Աստծու այս հրաշալի հատկությունների մասին։ Այս հոդվածում կխոսենք կարեկցանքի մասին, որը սահմանվում է որպես ցավակից վերաբերմունք ուրիշի տառապանքի կամ դժբախտության հանդեպ, միևնույն ժամանակ նրա ցավը թեթևացնելու ցանկություն։

2, 3. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ կարեկցանքը բնորոշ է մարդկանց։ բ) Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի, թե Աստվածաշնչում ինչ է ասվում կարեկցանքի մասին։

2 Մարդիկ ստեղծված են Աստծու պատկերով։ Քանի որ Եհովան կարեկից է, մարդկանց նույնպես բնորոշ է ուրիշներին կարեկցելն ու նրանց մասին հոգ տանելը։ Դա հաճախ անում են նույնիսկ նրանք, ովքեր չեն ճանաչում ճշմարիտ Աստծուն (Ծննդ. 1։27)։ Սուրբ Գրքում շատ դեպքեր են նկարագրված, երբ մարդիկ կարեկցանք են դրսևորել։ Նկատի առնենք այն դեպքը, երբ երկու անբարո կանայք Սողոմոն թագավորի առաջ վիճում էին, թե իրենցից ով է երեխայի իսկական մայրը։ Երբ Սողոմոնը փորձեց նրանց՝ հրամայելով երկու կես անել երեխային, իսկական մոր գութը շարժվեց։ Կարեկցանքից մղված՝ նա նույնիսկ համաձայնվեց, որ իր երեխային մյուս կնոջը տան (1 Թագ. 3։23–27)։ Հիշենք նաև փարավոնի աղջկան, որը փրկեց փոքրիկ Մովսեսին։ Թեև նա հասկանում էր, որ իր գտած մանուկը եբրայեցիների երեխա է և չպետք է կենդանի մնա, սակայն «խղճաց նրան» ու որոշեց մեծացնել որպես իր սեփական զավակի (Ելք 2։5, 6

3 Կարեկցանքի թեման ինչո՞ւ պետք է մեզ հետաքրքրի։ Որովհետև Աստվածաշունչը մեզ հորդորում է ընդօրինակել Եհովային (Եփես. 5։1)։ Չնայած որ մարդիկ ստեղծվել են կարեկցելու ունակությամբ, մենք մեր նախահայր Ադամից անկատարություն ենք ժառանգել, որը մեզ դրդում է եսասիրության։ Երբեմն մեզ համար գուցե դժվար լինի որոշել, թե ինչպես վարվենք՝ օգնենք ուրիշների՞ն, թե՞ մեր մասին մտածենք։ Ոմանց համար սա մշտական պայքար է, քանի որ փորձում են հավասարակշռված լինել այս հարցում։ Իսկ ի՞նչը կօգնի, որ ուրիշների հանդեպ հետաքրքրություն զարգացնես և չկորցնես այն։ Առաջին հերթին ժամանակ հատկացրու, որ քննես, թե ինչպես է Եհովան կարեկցանք դրսևորել, և ինչպես են դա արել ուրիշները։ Այնուհետև մտածիր, թե ինչպես կարող ես ընդօրինակել Աստծուն, և դա ինչ օգուտ կտա քեզ։

ԵՀՈՎԱՆ՝ ԿԱՏԱՐՅԱԼ ՕՐԻՆԱԿ

4. ա) Ինչո՞ւ Եհովան իր հրեշտակներին ուղարկեց Սոդոմ։ բ) Ի՞նչ ենք սովորում Ղովտի ընտանիքին պատահած դեպքից։

4 Աստվածաշնչում շատ դեպքեր են նկարագրված, երբ Եհովան կարեկցանք է դրսևորել։ Տեսնենք, թե նա ինչ արեց Ղովտի համար։ Այդ արդար մարդը «սաստիկ ընկճվել էր» Սոդոմի ու Գոմորի բնակիչների անառակ վարքի պատճառով։ Աստված որոշեց, որ այդ անբարո մարդիկ մահվան են արժանի (2 Պետ. 2։7, 8)։ Նա ուղարկեց իր հրեշտակներին, որ փրկեն Ղովտին։ Հրեշտակներն ասացին, որ Ղովտը իր ընտանիքի հետ հեռանա կործանման ենթակա քաղաքներից։ «Բայց նա դանդաղում էր. և քանի որ Եհովան կարեկցում էր նրան, այդ [հրեշտակները] բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և քաղաքից հանեցին» (Ծննդ. 19։16)։ Այս օրինակը հստակ ցույց է տալիս, որ Եհովան շատ լավ գիտի, թե իր հավատարիմ ծառաները երբեմն ինչ դժվար իրավիճակներում են հայտնվում (Ես. 63։7–9; Հակ. 5։11; 2 Պետ. 2։9

5. Ինչպե՞ս է Աստծու Խոսքը, օրինակ՝ 1 Հովհաննես 3։17-ը մեզ սովորեցնում կարեկցանք դրսևորել։

5 Եհովան ոչ միայն ինքն է կարեկցանք դրսևորել, այլև իր ժողովրդին է սովորեցրել այդպես վարվել։ Նկատի առնենք Իսրայելին տրված այն օրենքը, որում ասվում էր, թե ինչ պետք է անել պարտքի դիմաց ուրիշի հանդերձը գրավ վերցնելիս (կարդա Ելք 22։26, 27)։ Հնարավոր է՝ անսիրտ պարտատերը ցանկանար իր մոտ պահել պարտապանի հանդերձը, և վերջինս գիշերը ծածկոց չունենար։ Սակայն Եհովան իր ժողովրդին սովորեցրեց անգութ չլինել, փոխարենը՝ կարեկցանք դրսևորել։ Այս օրենքում պարփակված սկզբունքը մեզ էլ է մղում բարին գործելու։ Մենք չենք ցանկանում, որ մեր եղբայրները տառապեն, այլ ուզում ենք ամեն հնարավոր բան անել նրանց ցավը թեթևացնելու համար (Կող. 3։12; Հակ. 2։15, 16; կարդա 1 Հովհաննես 3։17

6. Ի՞նչ ենք սովորում՝ կարդալով այն մասին, որ Եհովան կարեկցում էր մեղավոր իսրայելացիներին։

6 Եհովան կարեկցում էր իր ժողովրդին՝ իսրայելացիներին, նույնիսկ երբ նրանք մեղքեր էին գործում։ Աստվածաշնչում կարդում ենք. «Նրանց հայրերի Աստված Եհովան նորից ու նորից ուղարկում էր իր պատգամաբերներին, որ նախազգուշացնեն նրանց, որովհետև խնայում էր իր ժողովրդին ու իր բնակավայրը» (2 Տար. 36։15)։ Մենք էլ պետք է նույն ձևով կարեկցենք մարդկանց, ովքեր գուցե զղջան իրենց մեղքերի համար և Աստծու հաճությունը ստանան։ Եհովան չի ուզում, որ ինչ-որ մեկը կործանվի գալիք դատաստանի ժամանակ (2 Պետ. 3։9)։ Ուստի քանի դեռ Աստված չի կործանել չարերին, եկեք շարունակենք տարածել նրա նախազգուշացումը, որը նրա կարեկցանքի դրսևորումն է։

7, 8. Միլանի ընտանիքը ինչո՞ւ է վստահ, որ Եհովայի կարեկցանքի շնորհիվ է կենդանի մնացել։

7 Եհովայի ծառաներից շատերն են զգացել Աստծու կարեկցանքը։ Տեսնենք, թե ինչ պատահեց 12 տարեկան մի տղայի ընտանիքին, որին կկոչենք Միլան։ Այս դեպքը տեղի ունեցավ 1990-ականների սկզբին, երբ Բոսնիայում տարբեր էթնիկ խմբեր կռվում էին իրար դեմ։ Միլանը, իր եղբայրն ու ծնողները մի քանի ուրիշ Վկաների հետ ավտոբուսով Բոսնիայից գնում էին Սերբիա՝ ներկա լինելու համաժողովին, որտեղ Միլանի ծնողները պետք է մկրտվեին։ Սակայն սահմանի վրա զինվորները այդ ընտանիքին ազգային պատկանելության պատճառով ավտոբուսից իջեցրին, իսկ մյուսներին թույլ տվեցին շարունակել ճանապարհը։ Երկու օր նրանց այնտեղ պահեցին։ Հետո հերթապահ սպան նրանց ներկայությամբ կապվեց իր վերադասի հետ՝ իմանալու, թե ինչ անի։ Բոլորը լսեցին պատասխանը. «Դո՛ւրս տար նրանց և գնդակահարի՛ր»։

8 Մինչ սպան խոսում էր մյուս զինվորականների հետ, երկու անծանոթ տղամարդիկ մոտեցան այդ ընտանիքին և ցածր ձայնով ասացին, որ իրենք Եհովայի վկաներ են։ Նրանք տեղի ունեցածի մասին իմացել էին ավտոբուսի մյուս ուղևորներից։ Քանի որ երեխաների փաստաթղթերը սահմանի վրա չէին ստուգում, այդ մարդիկ Միլանին ու նրա եղբորը ասացին, որ նստեն իրենց մեքենան։ Իսկ ծնողներին ասացին, որ պահակակետի հետևի կողմով գնան և անցնելով սահմանը՝ մյուս կողմում իրենց միանան։ Միլանը չգիտեր՝ ուրախանար, թե լաց լիներ։ Նրա ծնողները հարցրին. «Կարծում եք՝ նրանք կթողնե՞ն, որ մենք գնանք»։ Այնուամենայնիվ, տղայի հայրն ու մայրը հետևեցին եղբայրների խորհրդին։ Երբ նրանք անցնում էին այդտեղով, այնպիսի տպավորություն էր, ասես զինվորները նրանց չէին տեսնում։ Շուտով սահմանի մյուս կողմում նրանք միացան իրենց երեխաներին ու գնացին այն քաղաք, որտեղ անցկացվելու էր համաժողովը։ Այս ընտանիքը վստահ էր, որ Եհովան պատասխանեց իրենց թախանձագին աղոթքներին։ Աստվածաշնչից գիտենք, որ եղել են դեպքեր, երբ Եհովան ուղղակիորեն չի միջամտել՝ պաշտպանելու իր ծառաներին (Գործ. 7։58–60)։ Սակայն Միլանն ասում է. «Թվում էր՝ հրեշտակները կուրացրել էին զինվորներին։ Եհովան էր, որ փրկեց մեզ» (Սաղ. 97։10

9. Ի՞նչ արեց Հիսուսը՝ տեսնելով մարդկանց վիճակը (տես հոդվածի սկզբի նկարը)։

9 Մենք կարող ենք Հիսուսից շատ բան սովորել։ Տեսնելով իր հետևից եկած մարդկանց բազմությունը՝ նա խղճաց նրանց, որովհետև «կեղեքված էին և ցիրուցան եղած, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն»։ Կարեկցանքը ի՞նչ անելու մղեց Հիսուսին։ Նա «սկսեց շատ բաներ սովորեցնել նրանց» (Մատթ. 9։36; կարդա Մարկոս 6։34)։ Որքա՜ն էր նա տարբերվում փարիսեցիներից։ Վերջիններս ցանկություն էլ չունեին օգնելու հասարակ ժողովրդին (Մատթ. 12։9–14; 23։4; Հովհ. 7։49)։ Չե՞ս փափագում Հիսուսի պես օգնել մարդկանց և հագեցնել նրանց հոգևոր ծարավը։

10, 11. Տեղի՞ն է արդյոք բոլոր դեպքերում կարեկցանք դրսևորել։ Բացատրիր։

10 Սակայն բոլոր դեպքերում չէ, որ կարեկցանք դրսևորելը տեղին է։ Օրինակ՝ Սավուղ թագավորը չհնազանդվեց Եհովայի պատվերին և անտեղի կարեկցանք դրսևորեց՝ խնայելով Ագագ թագավորի կյանքը, որը Աստծու ժողովրդի թշնամին էր։ Նա ողջ թողեց նաև թշնամու անասուններից ամենալավերին։ Հետևանքը եղավ այն, որ Եհովան մերժեց Սավուղին որպես Իսրայելի թագավորի (1 Սամ. 15։3, 9, 15)։ Եհովան, անկասկած, արդար Դատավոր է։ Նա կարող է տեսնել մարդկանց սրտերը և գիտի, թե երբ հարկավոր չէ կարեկից լինել (Ողբ 2։17; Եզեկ. 5։11)։ Գալիս է ժամանակը, երբ նա դատելու է բոլոր նրանց, ովքեր չեն ուզում հնազանդվել իրեն (2 Թեսաղ. 1։6–10)։ Այդ ժամանակ նա կարեկցանք չի դրսևորի ամբարիշտների հանդեպ։ Նրանց կործանելով՝ նա կարեկցանք կդրսևորի արդարների հանդեպ, որոնց կազատի իրենց նեղություններից։

11 Իհարկե, մենք չէ, որ պետք է դատենք մարդկանց ու որոշենք՝ նրանք մահվան են արժանի, թե փրկության։ Փոխարենը՝ պետք է մեր ձեռքից եկած ամեն բան անենք, որ օգնենք նրանց։ Ինչպե՞ս կարող ենք մեր գործերով ցույց տալ, որ կարեկցում ենք մարդկանց։ Տեսնենք մի քանի օրինակ։

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԿՑԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼ

12. Ինչպե՞ս կարող ես ուրիշների հանդեպ կարեկցանք դրսևորել։

12 Միշտ պատրաստ եղիր օգնության ձեռք մեկնելու։ Նրանք, ովքեր ձգտում են ընդօրինակել Հիսուսին, պետք է կարեկցանք դրսևորեն իրենց մերձավորի և հավատակցի հանդեպ (Հովհ. 13։34, 35; 1 Պետ. 3։8)։ «Կարեկցանք» բառի իմաստներից է՝ «ուրիշի հետ տառապել»։ Կարեկից անձնավորությունը ձգտում է մեղմացնել ուրիշների տառապանքը՝ օգնելով, որ հաղթահարեն իրենց դժվարությունները։ Առիթներ փնտրիր դա անելու։ Օրինակ՝ կարող ես որևէ մեկին առաջարկել քո օգնությունը առօրյա գործերում (Մատթ. 7։12

Կարեկցանք դրսևորիր ուրիշների հանդեպ՝ օգնության ձեռք մեկնելով (տես պարբերություն 12)

13. Աղետներից հետո ի՞նչ է անում Աստծու ժողովուրդը։

13 Օգնիր աղետից տուժածներին։ Տեսնելով աղետներից տուժածների կրած նեղությունները՝ շատերն են մղվում կարեկցանք դրսևորելու։ Նման դեպքերում Եհովայի ժողովուրդը անմիջապես օգնության է հասնում (1 Պետ. 2։17)։ Ճապոնացի մի քույր ապրում էր այն տարածքում, որտեղ 2011 թ.-ին մեծ ավերածություններ եղան երկրաշարժի և ցունամիի պատճառով։ Նա ասում է, որ ինքը «շատ էր քաջալերվում և մխիթարվում»՝ տեսնելով, թե Ճապոնիայի տարբեր շրջաններից և ուրիշ երկրներից եկած կամավորները ինչպես են նորոգում վնասված տները։ Նա գրում է. «Այս դեպքը օգնեց ինձ համոզվել, որ Եհովան ու նրա ժողովուրդը հոգ են տանում մեր մասին։ Ամբողջ աշխարհում բազմաթիվ եղբայրներ ու քույրեր աղոթում են մեզ համար»։

14. Ինչպե՞ս կարող ես աջակցել հիվանդներին ու ծերերին։

14 Աջակցիր հիվանդներին ու ծերերին։ Երբ տեսնում ենք հիվանդ ու ծեր մարդկանց, նրանց հանդեպ կարեկցանքով ենք լցվում։ Մենք փափագով սպասում ենք այն օրվան, երբ ադամական մեղքի հետևանքները իսպառ կվերանան։ Ուստի աղոթում ենք, որ գա Աստծու Թագավորությունը։ Սակայն մինչ այդ ջանում ենք օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Նկատի առնենք, թե ինչ է պատմում մի գրող իր մոր մասին, որը ծեր էր և տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Մի օր նա տակը կեղտոտեց։ Երբ փորձում էր փոխվել ու լվացվել, դռան զանգը հնչեց։ Կինը բացեց դուռը և տեսավ երկու Վկաների, որոնք կանոնավորաբար այցելում էին իրեն։ Քույրերը հարցրին, թե արդյոք կարող են օգնել։ Կինը պատասխանեց. «Անհարմար է ասել, բայց եթե կարող եք, այո»։ Քույրերը օգնեցին նրան լվացվել։ Հետո նրա համար թեյ պատրաստեցին ու զրուցեցին։ Նրա որդին անչափ երախտապարտ էր նրանց։ Նա գրեց. «Խոնարհվում եմ այս Վկաների առաջ.... Նրանք անում են այն, ինչ քարոզում են»։ Հիվանդների և ծերերի հանդեպ կարեկցանքը մղո՞ւմ է քեզ անելու ամեն հնարավոր բան՝ նրանց տառապանքը թեթևացնելու համար (Փիլիպ. 2։3, 4

15. Քարոզչական ծառայությամբ ինչպե՞ս ենք օգնում մարդկանց։

15 Հոգևոր օգնություն տրամադրիր։ Մարդկանց խնդիրների և անհանգստությունների մասին իմանալով՝ ցանկանում ենք օգնել նրանց։ Դա անելու լավագույն կերպը Աստծու և նրա Թագավորության մասին սովորեցնելն է։ Եկեք հայտնենք նրանց, թե ինչ է անելու Աստծու Թագավորությունը ողջ մարդկության համար։ Նաև օգնենք նրանց համոզվելու, որ Աստվածաշնչի չափանիշների համաձայն ապրելն իմաստուն է (Ես. 48։17, 18)։ Քարոզչական ծառայությամբ մենք փառք ենք բերում Աստծուն և կարեկցանք ենք դրսևորում ուրիշների հանդեպ։ Կարո՞ղ ես ավելին անել այդ ծառայության մեջ (1 Տիմոթ. 2։3, 4

ԿԱՐԵԿՑԱՆՔԻ ՕԳՈՒՏՆԵՐԸ

16. Կարեկից լինելը մեզ ի՞նչ օգուտ է բերում։

16 Հոգեկան առողջության հարցերով զբաղվող մասնագետներն ասում են, որ կարեկցանք դրսևորելը դրական է ազդում առողջության, ինքնազգացողության և ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Մարդկանց տառապանքը մեղմացնելով՝ դու կլինես ավելի երջանիկ ու լավատես, քեզ միայնակ չես զգա և պաշտպանված կլինես բացասական մտքերից։ Այո՛, կարեկից լինելը քեզ օգուտ կբերի (Եփես. 4։31, 32)։ Այն քրիստոնյաները, որոնք, սիրուց մղված, ցանկանում են օգնել ուրիշներին, մաքուր խիղճ ունեն, քանի որ գիտեն, որ անում են այն, ինչ Եհովան իրենցից ակնկալում է։ Կարեկցանք դրսևորելով՝ մենք կլինենք հոգատար ծնող, լավ կողակից ու լավ ընկեր։ Իսկ երբ մե՛նք օգնության կարիք ունենանք, ուրիշները հակված կլինեն մեր հանդեպ կարեկցանք դրսևորելու և աջակցելու (կարդա Մատթեոս 5։7; Ղուկաս 6։38

17. Ինչո՞ւ ես ցանկանում կարեկից լինել։

17 Թեև կարեկից լինելը մեզ օգուտ է բերում, դա չէ գլխավոր պատճառը, թե ինչու ենք ուզում այդ հատկությունը դրսևորել։ Մենք ցանկանում ենք ընդօրինակել Եհովա Աստծուն և փառավորել նրան, չէ՞ որ նա է սիրո ու կարեկցանքի Աղբյուրը (Առակ. 14։31)։ Եհովան կատարյալ օրինակ է մեզ համար։ Ուստի եկեք ամեն բան անենք, որպեսզի կարեկցանք դրսևորելով՝ նմանվենք նրան։ Եկեք ջերմ զգացմունքներ տածենք մեր եղբայրների հանդեպ և լավ փոխհարաբերություններ ունենանք մյուս մարդկանց հետ (Գաղ. 6։10; 1 Հովհ. 4։16