Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինքնատիրապետում զարգացրու

Ինքնատիրապետում զարգացրու

«Ոգու պտուղն է.... ինքնատիրապետում» (ԳԱՂ. 5։22, 23

ԵՐԳ 121, 36

1, 2. ա) Ի՞նչ կարող է լինել ինքնատիրապետման պակասի դեպքում։ բ) Ինքնատիրապետման մասին խոսելը ինչո՞ւ է այսօր արդիական։

ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ աստվածահաճո հատկություն է (Գաղ. 5։22, 23)։ Եհովան կատարյալ ձևով է ինքնատիրապետում դրսևորում։ Իսկ մարդիկ, քանի որ անկատար են, պետք է ջանքեր թափեն այս հատկությունը դրսևորելու համար։ Այսօր շատ խնդիրներ գալիս են ինքնատիրապետման պակասից։ Այդ հատկության բացակայության պատճառով շատերը հետաձգում են առավել կարևոր գործերը, ինչպես նաև նվազում է նրանց ուսման առաջադիմությունը կամ աշխատանքի արդյունավետությունը։ Ինքնատիրապետման պակասը նաև հանգեցնում է վեճերի, հարբեցողության, բռնության, ամուսնալուծության, անտեղի պարտքերի, վատ սովորությունների, բանտարկության, էմոցիոնալ վերքերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, անցանկալի հղիության և այլ վատ բաների (Սաղ. 34։11–14

2 Ինքնատիրապետում չունեցող մարդիկ խնդիրներ են ստեղծում թե՛ իրենց, թե՛ ուրիշների համար։ Այս երևույթը գնալով ավելի է արմատավորվում հասարակության մեջ։ Դեռ 1940-ականներին այս ուղղությամբ հետազոտություններ են արվել։ Սակայն վերջին տարիների հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեր օրերում մարդիկ ավելի քիչ են ինքնատիրապետում դրսևորում։ Սա չի զարմացնում Աստվածաշունչ ուսումնասիրողներին, քանի որ այնտեղ մարգարեացվել էր, որ «վերջին օրերում» մարդիկ լինելու էին «ինքնատիրապետում չունեցող» (2 Տիմոթ. 3։1–3

3. Քրիստոնյաները ինչո՞ւ պետք է ինքնատիրապետում զարգացնեն։

3 Ինչո՞ւ պետք է ցանկանաս ինքնատիրապետում զարգացնել։ Քննենք երկու կարևոր պատճառ։ Առաջին՝ նկատվել է, որ նրանք, ովքեր կարողանում են ղեկավարել իրենց զգացմունքները, սովորաբար ավելի քիչ են խնդիրներ ունենում։ Այդպիսի մարդիկ էմոցիոնալ առումով ավելի հավասարակշռված են, նրանց համար ավելի հեշտ է ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ ունենալ։ Նրանք իսկույն չեն զայրանում, անհանգստանում և ընկճվում, ինչպես իմպուլսիվ մարդիկ։ Երկրորդ՝ Աստծու հաճությունը չկորցնելու համար մարդը պետք է կարողանա դիմադրել գայթակղություններին և վերահսկել անպատշաճ ցանկությունները։ Ադամն ու Եվան չարեցին դա և կորցրին Աստծու հաճությունը (Ծննդ. 3։6)։ Այդ ժամանակվանից ի վեր շատերը չեն դրսևորում այս կարևոր հատկությունը և կրում են դրա վատ հետևանքները։

4. Ի՞նչը պետք է քաջալերի նրանց, ովքեր պայքար են մղում ինքնատիրապետում դրսևորելու համար։

4 Ոչ մի անկատար մարդ չի կարող կատարելապես ինքնատիրապետում դրսևորել։ Եհովան գիտի, թե ինչ պայքար են մղում իր ծառաները, և ցանկանում է նրանց օգնել, որ իշխեն իրենց մեղսածին ցանկությունների վրա (1 Թագ. 8։46–50)։ Որպես սիրող Ընկեր՝ նա սրտանց քաջալերում է այն անկեղծ մարդկանց, ովքեր ուզում են ծառայել իրեն, բայց կյանքի որոշ ոլորտներում երբեմն դժվարանում են ինքնատիրապետում դրսևորել։ Եկեք նկատի առնենք Եհովայի կատարյալ օրինակը։ Այնուհետև դասեր կքաղենք՝ քննելով Աստվածաշնչում նշված լավ և վատ օրինակները։ Նաև կխոսենք մի շարք գործնական առաջարկների մասին, որոնք կարող են օգնել, որ ինքնատիրապետում զարգացնենք։

ԵՀՈՎԱՆ՝ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

5, 6. Ինքնատիրապետում դրսևորելու հարցում Եհովան ի՞նչ օրինակ է թողել։

5 Եհովան կատարելապես է ինքնատիրապետում դրսևորում, քանի որ ամեն առումով կատարյալ է (2 Օրենք 32։4)։ Իսկ մենք անկատար ենք։ Հետևաբար, որպեսզի հասկանանք, թե ինչ է ինքնատիրապետումը, և ավելի շատ նմանվենք մեր Աստծուն, պետք է քննենք նրա օրինակը։ Ի՞նչ ուշագրավ ձևով է նա ինքնատիրապետում դրսևորել։

6 Մտածիր, թե ինչպես Եհովան ինքնատիրապետում դրսևորեց, երբ Սատանան հանդգնորեն ապստամբեց իր դեմ։ Տեսնելով այս ամենը՝ Աստծուն հավատարիմ ոգեղեն արարածները, անկասկած, վրդովվեցին ու բարկացան։ Հավանաբար դու էլ ես նույն բանը զգում, երբ մտածում ես, թե Սատանայի պատճառով ինչքան շատ տառապանք կա։ Այո՛, նա մարտահրավեր նետեց Աստծուն, և այս խնդիրը լուծում էր պահանջում։ Սակայն Եհովան հապճեպորեն չարձագանքեց։ Այն, ինչ նա արեց, լիովին հավասարակշռված էր ու տեղին։ Իր գործողություններով Եհովան ապացուցեց, որ ինքը արդար է և բարկանալու մեջ դանդաղ (Ելք 34։6; Հոբ 2։2–6)։ Ինչպե՞ս։ Նա թույլ տվեց, որ ժամանակ անցնի, որովհետև չի ցանկանում՝ որևէ մեկը կործանվի, այլ ուզում է, «որ բոլորը զղջան» (2 Պետ. 3։9

7. Եհովայի օրինակից ի՞նչ ենք սովորում։

7 Եհովայի օրինակից սովորում ենք, որ մի բան ասելուց կամ անելուց առաջ պետք է խորապես մտածենք և հապճեպ քայլեր չձեռնարկենք։ Երբ պետք է կարևոր որոշում կայացնես, բավարար ժամանակ հատկացրու, որ մտածես։ Աղոթիր՝ Աստծուց իմաստություն խնդրելով, որ ճիշտ ձևով խոսես ու գործես (Սաղ. 141։3)։ Թեժ պահին շատ հեշտ է զգացմունքներով առաջնորդվել։ Մեզնից շատերն են զղջացել անմտածված խոսքերի կամ արարքների համար (Առակ. 14։29; 15։28; 19։2

ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ՕՐԻՆԱԿՆԵՐ

8. ա) Որտե՞ղ կարող ենք գտնել այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր ինքնատիրապետում են դրսևորել։ բ) Ի՞նչն օգնեց Հովսեփին ճիշտ վարվել, երբ Պետափրեսի կինը փորձեց գայթակղել նրան (տես հոդվածի սկզբի նկարը)։

8 Աստվածաշնչից ո՞ր օրինակներն են ընդգծում ինքնատիրապետում ունենալու կարևորությունը։ Անկասկած, հիշում ես Աստծու վաղեմի ծառաներից մի քանիսին, ովքեր փորձությունների ժամանակ դրսևորել են այս հատկությունը։ Նրանցից մեկը Հակոբի որդի Հովսեփն է։ Նա ինքնատիրապետում դրսևորեց, երբ ծառայում էր փարավոնի թիկնապահների պետի՝ Պետափրեսի տանը։ Հովսեփը «վայելչակազմ ու արտաքնապես գեղեցիկ տղամարդ» էր։ Պետափրեսի կինը աչք էր դրել նրա վրա և փորձում էր նրան գայթակղել։ Ի՞նչն օգնեց Հովսեփին մերժել այդ կնոջ առաջարկները։ Նա անշուշտ մտածել էր, թե ինչ հետևանքներ կլինեին, եթե թուլացներ զգոնությունը։ Ու երբ վտանգավոր իրավիճակում հայտնվեց, փախավ այդ կնոջից։ Հովսեփն ասաց. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ» (Ծննդ. 39։6, 9; կարդա Առակներ 1։10

9. Ի՞նչ կարող ես նախապես անել, որ դիմադրես գայթակղություններին։

9 Ի՞նչ ենք սովորում Հովսեփի օրինակից։ Երբ կանգնում ենք Աստծու օրենքը խախտելու գայթակղության առաջ, պետք է դիմադրենք դրան։ Նախքան Եհովայի վկա դառնալը որոշ մարդիկ պայքարել են այնպիսի արատների դեմ, ինչպիսիք են շատակերությունը, հարբեցողությունը, ծխելը, թմրամոլությունը, սեռական անբարոյությունը և այլն։ Մկրտվելուց հետո նրանք գուցե երբեմն իրենց նախկին սովորություններին վերադառնալու գայթակղության առաջ կանգնեն։ Եթե դու էլ նման խնդիր ունես, ամրացրու վճռականությունդ։ Ինչպե՞ս։ Ժամանակ հատկացրու, որ մտածես, թե մեղսածին ցանկություններին տրվելը ինչպես կանդրադառնա Եհովայի հետ քո ունեցած փոխհարաբերությունների վրա։ Փորձիր պատկերացնել, թե որ իրավիճակներում կարող է գայթակղություն առաջանալ, և որոշիր, թե ինչպես խուսափես դրանցից (Սաղ. 26։4, 5; Առակ. 22։3)։ Իսկ երբ գայթակղության առաջ կանգնես, խնդրիր Եհովային, որ քեզ իմաստություն տա և օգնի ինքնատիրապետում դրսևորել։

10, 11. ա) Շատ երիտասարդներ ի՞նչ գայթակղության առաջ են կանգնում դպրոցում։ բ) Ի՞նչը կարող է օգնել երիտասարդ քրիստոնյաներին, որ դիմադրեն ճնշմանը։

10 Այսօր շատ երիտասարդ քրիստոնյաներ Հովսեփի պես փորձվում են։ Նկատի առնենք Քիմի օրինակը։ Այդ աղջկա դասընկերների մեծամասնությունը սեռական կյանքով էր ապրում։ Ամեն անգամ՝ հանգստյան օրերից հետո, նրանք պարծենում էին՝ պատմելով իրենց վերջին սեռական արկածների մասին։ Սակայն Քիմը պատմելու բան չուներ։ Նա ասում է, որ ուրիշներից տարբերվելով՝ երբեմն իրեն «լքված ու միայնակ» էր զգում։ Քանի որ Քիմը ոչ մեկի հետ չէր հանդիպում, դասընկերները նրան հիմար էին համարում։ Բայց իրականում նա իմաստուն էր վարվում՝ իմանալով, որ երիտասարդ տարիքում սեքսով զբաղվելու գայթակղությունը մեծ է (2 Տիմոթ. 2։22)։ Դասընկերները հաճախ հարցնում էին, թե արդյոք նա կույս է։ Դա նրան հնարավորություն էր տալիս բացատրելու իր դիրքորոշումը։ Մենք հպարտանում ենք այն երիտասարդներով, ովքեր վճռել են տեղի չտալ ճնշմանը և սեռական անբարոյություն չգործել։ Եհովան նույնպես հպարտանում է նրանցով։

11 Աստվածաշնչում կարդում ենք նաև այնպիսի մարդկանց մասին, ովքեր, ինքնատիրապետում չդրսևորելով, սեռական անբարոյություն գործեցին։ Այնտեղ ասվում է, թե ինչ վատ հետևանքներ բերեց նրանց սանձարձակ վարքը։ Այդ օրինակները որպես նախազգուշացում են ծառայում մեզ համար։ Եթե Քիմի իրավիճակում հայտնվես, մտածիր «Առակներ» գրքի 7-րդ գլխում նկարագրված անխոհեմ երիտասարդի մասին։ Նաև խորհրդածիր Ամնոնի արարքի ու դրա աղետալի հետևանքների շուրջ (2 Սամ. 13։1, 2, 10–15, 28–32)։ Ծնողները կարող են նշված աստվածաշնչյան օրինակները քննարկել ընտանեկան երկրպագության ժամանակ, որպեսզի իրենց երեխաներին օգնեն կյանքի այս ոլորտում լինել իմաստուն և ինքնատիրապետում զարգացնել։

12. ա) Ինչպե՞ս Հովսեփը զսպեց իր զգացմունքները։ բ) Ո՞ր իրավիճակներում պետք է զսպենք մեր զգացմունքները։

12 Հովսեփի ինքնատիրապետումը մեկ ուրիշ անգամ էլ երևաց։ Երբ նրա եղբայրները եկան Եգիպտոս՝ ուտելիք գնելու, և ներկայացան նրա առաջ, նա թաքցրեց իր ով լինելը, որպեսզի հասկանար, թե ինչ կա եղբայրների սրտում։ Իսկ երբ շատ հուզված էր, գնաց առանձին սենյակ, որպեսզի թաքուն լաց լինի (Ծննդ. 43։30, 31; 45։1)։ Եթե քո հարազատը կամ հավատակիցը իր արարքով քեզ նեղացնի, Հովսեփի օրինակին հետևելը կօգնի, որ չասես ու չանես բաներ, որոնց համար հետո կզղջաս (Առակ. 16։32; 17։27)։ Եթե ընկերակցությունից զրկված ազգականներ ունես, պետք է վերահսկես զգացմունքներդ, որպեսզի խուսափես անտեղի շփումից։ Նման իրավիճակներում դժվար է ինքնատիրապետում դրսևորել, սակայն քեզ համար ավելի հեշտ կլինի դա անել, եթե գիտակցես, որ այդպես վարվելով՝ ընդօրինակում ես Աստծուն և հետևում ես նրա խորհրդին։

13. Դավիթ թագավորի օրինակից ի՞նչ դասեր կարող ենք քաղել։

13 Ուշադրության է արժանի նաև Դավիթ թագավորի օրինակը։ Երբ Սավուղն ու Սեմեին նրան վատ վերաբերվեցին, նա չբարկացավ և իր զորությունը չօգտագործեց նրանց դեմ (1 Սամ. 26։9–11; 2 Սամ. 16։5–10)։ Սակայն Դավիթը միշտ չէ, որ ինքնատիրապետում է դրսևորել։ Այդ մասին է վկայում նրա արձագանքը, երբ լսեց ագահ Նաբաղի պատասխանը։ Դա երևում է նաև Բերսաբեի հետ նրա գործած մեղքից (1 Սամ. 25։10–13; 2 Սամ. 11։2–4)։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք դասեր քաղել Դավթի օրինակից։ Առաջին՝ Աստծու կազմակերպության մեջ ծառայող վերակացուները պետք է հատկապես զգույշ լինեն և ինքնատիրապետում դրսևորեն, որպեսզի չչարաշահեն իրենց իշխանությունը։ Երկրորդ՝ ոչ ոք չպետք է ինքնավստահ լինի՝ մտածելով, թե ինքը երբեք չի տրվի գայթակղությանը (1 Կորնթ. 10։12

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

14. Ի՞նչ պատահեց մի եղբոր, և ինչո՞ւ է կարևոր ճիշտ վարվել նման իրավիճակներում։

14 Ի՞նչ կարող ես անել, որպեսզի ինքնատիրապետում զարգացնես։ Նկատի առնենք մի դեպք։ Մի մեքենա հետևից հարվածեց Լուիջիի մեքենային։ Թեև մեղավորը դրա վարորդն էր, նա սկսեց վիրավորել Լուիջիին և փորձեց կռվի բռնվել։ Լուիջին աղոթեց, որ Եհովան օգնի իրեն հանդարտություն պահպանել։ Նա փորձեց հանգստացնել մյուս վարորդին, բայց ապարդյուն։ Այդ մարդը շարունակում էր բղավել։ Լուիջին գրանցեց նրա մեքենայի ապահովագրությանն առնչվող տվյալները և հեռացավ։ Մի շաբաթ անց, երբ Լուիջին ծառայության ժամանակ վերայցելեց մի կնոջ, պարզվեց, որ նրա ամուսինը այդ մեքենայի վարորդն է։ Շփոթված տղամարդը ներողություն խնդրեց իր պահվածքի համար։ Նա ասաց, որ կարող է կապ հաստատել Լուիջիին սպասարկող ապահովագրական ընկերության հետ, որպեսզի արագացնի գործի ընթացքը։ Հետո նրանք զրուցեցին աստվածաշնչյան թեմայով, և այդ տղամարդուն դուր եկավ իր լսածը։ Լուիջին հասկացավ, թե ինչքան կարևոր էր, որ ինքը վթարից հետո հանդարտություն պահպանեց, և թե ինչ վատ հետևանքներ կարող էին լինել, եթե ինքնատիրապետում չդրսևորեր (կարդա 2 Կորնթացիներ 6։3, 4

Մեր արձագանքը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեր ծառայության վրա (տես պարբերություն 14)

15, 16. Աստվածաշնչի ուսումնասիրությունը ինչպե՞ս կարող է քեզ ու քո ընտանիքին օգնել ինքնատիրապետում զարգացնել։

15 Քրիստոնյաները կարող են ինքնատիրապետում զարգացնել, եթե ջանասիրաբար ուսումնասիրեն Աստծու Խոսքը։ Հիշենք, թե Եհովան ինչ ասաց Հեսուին. «Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո բերանից, այլ օր ու գիշեր այն կարդա, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ որ գրված է այնտեղ. այդ ժամանակ քո ճանապարհի մեջ դու հաջողակ կլինես և իմաստությամբ կգործես» (Հեսու 1։8)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ինչպե՞ս կարող է օգնել, որ ինքնատիրապետում զարգացնես։

16 Ինչպես արդեն նշեցինք, Աստվածաշնչում կան այնպիսի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ լավ արդյունքներ են լինում ինքնատիրապետում դրսևորելու դեպքում, և ինչ վատ հետևանքներ է բերում դրա պակասը։ Եհովան հատուկ նպատակով է գրել տվել այդ ամենը (Հռոմ. 15։4)։ Ուստի իմաստուն կվարվես, եթե կարդաս և ուսումնասիրես այդ պատմությունները՝ մտածելով դրանց շուրջ։ Փորձիր հասկանալ, թե այդ օրինակները ինչ օգուտ կարող են բերել քեզ ու քո ընտանիքին։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ կիրառել իր խորհուրդները։ Եթե նկատես, որ ինչ-որ հարցերում դժվարանում ես ինքնատիրապետում դրսևորել, ընդունիր այդ փաստը, աղոթիր այդ մասին և ձգտիր բարելավվել (Հակ. 1։5)։ Մեր հրատարակություններում փնտրտուքներ անելով՝ նյութեր կգտնես, որոնք կօգնեն քեզ այդ հարցում։

17. Ծնողներն ինչպե՞ս կարող են իրենց երեխաներին օգնել ինքնատիրապետում զարգացնել։

17 Ինչպե՞ս կարող ես երեխաներիդ օգնել ինքնատիրապետում զարգացնել։ Ծնողները գիտեն, որ իրենց զավակները չեն ծնվում այդ հատկությամբ։ Նրանք պետք է լավ օրինակ թողնեն, որպեսզի երեխաներին օգնեն զարգացնել ինչպես այս, այնպես էլ մյուս լավ հատկությունները (Եփես. 6։4)։ Ուստի եթե նկատում ես, որ երեխաներդ դժվարությամբ են վերահսկում իրենց զգացմունքները, հարցրու ինքդ քեզ, թե արդյոք լավ օրինակ ես նրանց համար։ Եթե կանոնավորաբար մասնակցես քարոզչական ծառայությանը, հաճախես ժողովի հանդիպումներին և ընտանեկան երկրպագություն անցկացնես, դա դրական ազդեցություն կթողնի նրանց վրա։ Մի՛ վախեցիր երեխաներիդ «ոչ» ասել, եթե դա անհրաժեշտ է։ Հիշիր, որ Եհովան սահմաններ դրեց Ադամի ու Եվայի համար։ Այդ սահմանները կարող էին նրանց օգնել, որ սովորեին հարգել Աստծու իշխանությունը։ Նույն ձևով էլ ծնողների տված դաստիարակությունն ու նրանց օրինակը կարող են երեխաներին օգնել, որ ինքնատիրապետում զարգացնեն։ Եթե երեխաներիդ սովորեցնես սիրել ու հարգել Աստծու իշխանությունն ու նրա օրենքները, նրանց արժեքավոր ժառանգություն կթողնես (կարդա Առակներ 1։5, 7, 8

18. Ինչո՞ւ պետք է իմաստությամբ ընտրենք մեր ընկերներին։

18 Անկախ այն բանից՝ ծնող ես, թե ոչ, պետք է իմաստությամբ ընտրես ընկերներիդ։ Ձգտիր ընկերություն անել նրանց հետ, ովքեր կօգնեն քեզ լավ նպատակներ դնել և խուսափել խնդիրներից (Առակ. 13։20)։ Հոգևոր մտածելակերպ ունեցող ընկերները լավ ազդեցություն կթողնեն քեզ վրա։ Նրանց օրինակը կմղի քեզ նրանց պես ինքնատիրապետում դրսևորելու։ Քո լավ վարքն էլ ընկերներիդ կոգևորի։ Ինքնատիրապետում զարգացնելով՝ մենք կարժանանանք Աստծու հավանությանը, կվայելենք կյանքը և լավ փոխհարաբերություններ կունենանք մեր մտերիմների հետ։