Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Քա՛ջ եղիր.... և գործի՛ անցիր»

«Քա՛ջ եղիր.... և գործի՛ անցիր»

«Քա՛ջ եղիր, զորացի՛ր և գործի՛ անցիր։ Մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, որովհետև Եհովա Աստվածը.... քեզ հետ է» (1 ՏԱՐ. 28։20

ԵՐԳ 38, 34

1, 2. ա) Ի՞նչ կարևոր հանձնարարություն ստացավ Սողոմոնը։ բ) Դավիթն ի՞նչ մտահոգություն ուներ Սողոմոնի առնչությամբ։

ՍՈՂՈՄՈՆԸ առանձնահատուկ հանձնարարություն ստացավ։ Եհովան որոշեց, որ նա պետք է վերահսկի բոլոր ժամանակների ամենակարևոր շինության՝ Երուսաղեմի տաճարի կառուցման աշխատանքները։ Այն պետք է լիներ «անչափ փառահեղ» և «իր գեղեցկությամբ հռչակավոր.... բոլոր երկրներում»։ Ավելին՝ այդ շինությունը լինելու էր «ճշմարիտ Աստծու՝ Եհովայի տունը» (1 Տար. 22։1, 5, 9–11

2 Դավիթ թագավորը վստահ էր, որ Աստված կաջակցեր Սողոմոնին։ Սակայն վերջինս «անփորձ պատանի» էր։ Արդյո՞ք նա բավականաչափ քաջություն կունենար՝ ձեռնամուխ լինելու տաճարի շինարարությանը։ Անփորձ ու երիտասարդ լինելը խոչընդոտ չէ՞ր լինի նրա համար։ Այս նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար Սողոմոնը պետք է քաջ լիներ ու գործի անցներ։

3. Քաջության մասին Սողոմոնը ի՞նչ կարող էր սովորել իր հորից։

3 Սողոմոնը իր հորից հավանաբար շատ բան էր սովորել քաջության մասին։ Դավիթը պատանի հասակում կռվել էր գազանների հետ, որպեսզի նրանց երախից ազատեր իր հոր ոչխարներին (1 Սամ. 17։34, 35)։ Նաև մեծ քաջություն էր դրսևորել՝ դուրս գալով պատերազմի վարժված հսկա ռազմիկի՝ Գողիաթի դեմ։ Աստծու օգնությամբ նա ընդամենը մի ողորկ քարով հարվածել ու գետին էր տապալել այդ հսկային (1 Սամ. 17։45, 49, 50

4. Սողոմոնն ինչո՞ւ քաջ լինելու կարիք ուներ։

4 Որքա՜ն տեղին էր, որ հենց Դավիթը հորդորեր Սողոմոնին քաջ լինել և կառուցել տաճարը (կարդա 1 Տարեգրություն 28։20)։ Եթե Սողոմոնը քաջ չլիներ, վախը կարող էր խանգարել նրան սկսելու այդ գործը։ Իսկ դա ավելի վատ է, քան գործը հաջողությամբ չիրականացնելը։

5. Ինչո՞ւ քաջության կարիք ունենք։

5 Սողոմոնի պես՝ մենք էլ Եհովայի օգնության կարիքն ունենք, որպեսզի քաջ լինենք և մեզ հանձնարարված գործը կատարենք։ Ուստի եկեք անցյալում ապրած քաջ մարդկանց օրինակներ քննենք և մտածենք, թե ինքներս ինչպես կարող ենք քաջություն դրսևորել ու մինչև վերջ անել մեր գործը։

ՔԱՋՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ

6. Հովսեփի քաջությունն ինչո՞վ է տպավորիչ։

6 Հովսեփը քաջություն դրսևորեց՝ մերժելով Պետափրեսի կնոջ անբարո առաջարկները։ Նա հավանաբար հասկանում էր, որ եթե չկատարի այդ կնոջ ցանկությունը, հետևանքը կարող է ծանր լինել։ Այդուհանդերձ, Հովսեփը տեղի չտվեց ճնշմանը, այլ քաջ ու վճռական եղավ (Ծննդ. 39։10, 12

7. Նկարագրիր, թե ինչպես Ռախաբը քաջություն դրսևորեց (տես հոդվածի սկզբի նկարը)։

7 Ռախաբը նույնպես քաջության լավ օրինակ է։ Երբ իսրայելացի հետախույզները Երիքովում գնացին նրա տուն, նա կարող էր վախենալ ու նրանց չընդունել։ Սակայն քանի որ վստահում էր Եհովային, քաջություն դրսևորելով՝ թաքցրեց այդ երկու տղամարդկանց և օգնեց, որ քաղաքից ապահով հեռանան (Հեսու 2։4, 5, 9, 12–16)։ Ռախաբը հավատում էր, որ Եհովան ճշմարիտ Աստվածն է, և վստահ էր, որ նա այդ երկիրը իսրայելացիներին է տալու։ Ուստի թույլ չտվեց, որ ուրիշների, այդ թվում՝ Երիքովի թագավորի ու նրա մարդկանց հանդեպ վախը թևաթափ անի իրեն։ Փոխարենը՝ այնպիսի քայլեր ձեռնարկեց, որոնց արդյունքում ինքն ու իր ընտանիքը կործանումից փրկվեցին (Հեսու 6։22, 23

8. Հիսուսի քաջությունն ի՞նչ ազդեցություն թողեց առաքյալների վրա։

8 Հիսուսի հավատարիմ առաքյալները քաջության հրաշալի օրինակ են թողել։ Նրանք տեսել են, թե Հիսուսն ինչպես է քաջություն դրսևորել (Մատթ. 8։28–32; Հովհ. 2։13–17; 18։3–5)։ Եվ դա օգնել է նրանց հետևելու նրա օրինակին։ Երբ սադուկեցիները սկսեցին հալածել առաքյալներին, նրանք չդադարեցին Հիսուսի անունով սովորեցնել (Գործ. 5։17, 18, 27–29

9. Ինչպե՞ս է 2 Տիմոթեոս 1։7-ը օգնում հասկանալ, թե ով է մեր քաջության գլխավոր աղբյուրը։

9 Հովսեփը, Ռախաբը, Հիսուսը և նրա առաքյալները ճիշտն անելու վճռականությամբ էին լցված։ Նրանք կարողացան քաջ լինել, քանի որ Եհովային էին վստահում, ոչ թե իրենց ուժերին։ Մեր կյանքում էլ լինում են իրավիճակներ, երբ մեզանից քաջություն է պահանջվում։ Ուստի ճիշտ կվարվենք, եթե այս հավատարիմ մարդկանց պես՝ մենք էլ Եհովային վստահենք (կարդա 2 Տիմոթեոս 1։7)։ Եկեք քննենք երկու ոլորտ, որտեղ հարկավոր է քաջ լինել. դրանք են՝ ընտանիքը և ժողովը։

ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ԵՐԲ ՔԱՋՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

10. Քրիստոնյա պատանիներն ինչո՞ւ քաջության կարիք ունեն։

10 Քրիստոնյա պատանիները բախվում են շատ իրավիճակների, երբ պետք է քաջություն դրսևորեն Եհովային ծառայելու համար։ Նրանք կարող են սովորել Սողոմոնից և հետևել նրա օրինակին, քանի որ նա պետք է քաջ լիներ և իմաստուն որոշումներ կայացներ տաճարի շինարարությունը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Թեև պատանիները կարող են և պետք է առաջնորդություն ստանան իրենց ծնողներից, բայց կան կարևոր որոշումներ, որ պետք է իրենք կայացնեն (Առակ. 27։11)։ Օրինակ՝ նրանք պետք է որոշեն, թե ում հետ ընկերություն անեն, ինչպես ժամանակ անցկացնեն, ինչպես պահեն իրենց բարոյական մաքրությունը և երբ մկրտվեն։ Պատանիներից քաջություն է պահանջվում, քանի որ իմաստուն որոշումներ կայացնելով՝ նրանք դեմ են գնում Սատանայի կամքին, ով չարախոսում է Աստծուն։

11, 12. ա) Մովսեսը քաջության ի՞նչ լավ օրինակ է թողել։ բ) Պատանիները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Մովսեսին։

11 Կարևոր որոշումներից մեկը, որ պատանիները պետք է կայացնեն, այն է, թե ինչ նպատակներ դնեն իրենց առջև։ Որոշ երկրներում նրանց վրա ճնշում են բանեցնում, որ նրանք ձգտեն բարձրագույն կրթության ու լավ վարձատրվող աշխատանքի։ Ուրիշ երկրներում էլ տնտեսական ծանր վիճակի պատճառով պատանիները գուցե մտածեն, որ իրենց ընտանիքին ֆինանսապես օգնելը պետք է լինի իրենց գլխավոր նպատակը։ Եթե դու էլ ես նման իրավիճակում, մտածիր Մովսեսի օրինակի շուրջ։ Մեծանալով փարավոնի ընտանիքում՝ Մովսեսը կարող էր ճանաչման և հարստության ձգտել։ Պատկերացրու, թե ինչ ճնշման նա կարող էր ենթարկվել եգիպտական ընտանիքի, ուսուցիչների ու խորհրդականների կողմից։ Սակայն տեղի տալու փոխարեն՝ Մովսեսը քաջաբար դիրք բռնեց մաքուր երկրպագության կողմը։ Նա իր հետևում թողեց Եգիպտոսն ու նրա հարստությունը և քաջություն դրսևորելով՝ վստահեց Եհովային (Եբր. 11։24–26)։ Այդ որոշման համար նա օրհնվեց Աստծու կողմից։ Ապագայում էլ նրան ուրիշ շատ օրհնություններ են սպասում։

12 Եթե երիտասարդ քրիստոնյաներն էլ, քաջություն դրսևորելով, հոգևոր նպատակների ձգտեն և Թագավորության շահերն առաջին տեղում դնեն, Եհովան անպատճառ կօրհնի նրանց։ Նա կօգնի, որ նրանք կարողանան հոգալ իրենց ընտանիքի կարիքները։ Առաջին դարում երիտասարդ Տիմոթեոսը կենտրոնացավ հոգևոր նպատակների վրա. դու էլ կարող ես նույնն անել * (կարդա Փիլիպպեցիներ 2։19–22

Վճռե՞լ ես քաջ լինել կյանքիդ բոլոր ոլորտներում (տես պարբերություն 13–17)

13. Ինչո՞ւ մի երիտասարդ քույր քաջության կարիք ուներ իր նպատակին հասնելու համար։

13 ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ապրող մի քույր քաջության կարիք ուներ հոգևոր նպատակներ դնելու համար։ Նա գրում է. «Փոքրուց ես միշտ ամաչկոտ եմ եղել։ Ինձ համար շատ դժվար էր Թագավորության սրահում զրուցել մարդկանց հետ, էլ ուր մնաց անծանոթների դուռը թակել»։ Իր ծնողների և ժողովի անդամների օգնությամբ այս երիտասարդ քույրը հասավ իր նպատակին և դարձավ ռահվիրա։ Նա ասում է. «Սատանայի աշխարհը խրախուսում է բարձրագույն կրթություն ստանալ, ճանաչում, շատ փող ու մեծ ունեցվածք ձեռք բերել։ Հաճախ այս ամենին հասնելը հնարավոր չէ, և դրանց ձգտելը միայն սթրես է առաջացնում ու ցավ պատճառում։ Իսկ Եհովային ծառայելը ինձ մեծ ուրախություն է պարգևում ու բավարարվածության զգացում տալիս»։

14. Ո՞ր դեպքերում քրիստոնյա ծնողները պետք է քաջություն դրսևորեն։

14 Քրիստոնյա ծնողները նույնպես քաջության կարիք ունեն։ Օրինակ՝ գործատերը կարող է շարունակ խնդրել քեզ, որ արտաժամ աշխատես երեկոները և շաբաթ-կիրակի օրերին, որոնք հատկացված են ընտանեկան երկրպագությանը, քարոզչական ծառայությանն ու ժողովի հանդիպումներին։ Ինչ խոսք, քաջություն է հարկավոր՝ մերժելու այդպիսի առաջարկները և լավ օրինակ թողնելու երեխաներիդ։ Կամ հնարավոր է՝ ժողովում որոշ ծնողներ իրենց երեխաներին թույլ են տալիս անել բաներ, որոնք չես ուզում՝ քո երեխաներն անեն։ Եվ այդ ծնողները գուցե հարցնեն քեզ, թե ինչու ես արգելում։ Քաջություն կգտնե՞ս քո մեջ, որ նրբանկատորեն բացատրես քո որոշումների պատճառը։

15. Սաղմոս 37։25-ում և Եբրայեցիներ 13։5-ում գրված խոսքերը ինչպե՞ս կարող են օգնել ծնողներին։

15 Մենք քաջություն ենք դրսևորում, երբ մեր երեխաներին օգնում ենք հոգևոր նպատակներ դնել և հասնել դրանց։ Օրինակ՝ որոշ ծնողներ գուցե չցանկանան քաջալերել իրենց երեխաներին, որ ռահվիրայությունը իրենց կյանքի ուղին դարձնեն, տեղափոխվեն այնպիսի տարածքներ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, ծառայեն Բեթելում կամ մասնակցեն աստվածապետական շինարարական նախագծերին։ Ծնողները թերևս վախենան, որ իրենց զավակը չկարողանա հոգ տանել իրենց մասին, երբ ծերանան։ Սակայն իմաստուն ծնողները քաջություն են դրսևորում և հավատում են Եհովայի խոստումներին (կարդա Սաղմոս 37։25; Եբրայեցիներ 13։5)։ Ուստի քաջ եղիր և վստահիր Եհովային։ Այդպես դու քո երեխաներին էլ կօգնես նույնն անել (1 Սամ. 1։27, 28; 2 Տիմոթ. 3։14, 15

16. Որոշ ծնողներ ինչպե՞ս են օգնել իրենց երեխաներին հոգևոր նպատակներ դնել, և ի՞նչ օգուտներ է դա բերել։

16 Տեսնենք, թե ինչ է արել Միացյալ Նահանգներում ապրող մի ամուսնական զույգ։ Նրանք օգնել են իրենց երեխաներին հոգևոր նպատակներ դնել։ Ամուսինը պատմում է. «Նախքան մեր երեխաները կքայլեին ու կխոսեին, մենք նրանց հետ խոսում էինք, թե ինչ մեծ ուրախություն է բերում ռահվիրայությունն ու ժողովին ծառայելը։ Այժմ դա նրանց նպատակն է»։ Նա ավելացնում է, որ հոգևոր նպատակներ դնելու և դրանց հասնելու շնորհիվ երեխաները կարողանում են դիմադրել Սատանայի աշխարհի ճնշմանը և կենտրոնանալ այն բանի վրա, ինչն ավելի կարևոր է՝ Եհովային ծառայելու։ Մեկ ուրիշ եղբայր, որը երկու երեխա ունի, գրում է. «Ծնողներից շատերը մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում, որպեսզի իրենց երեխաներին օգնեն հաջողության հասնել սպորտի, արվեստի և կրթության բնագավառներում։ Որքա՜ն ավելի կարևոր է ջանքեր ու միջոցներ ներդնել՝ օգնելու նրանց հասնել իրենց հոգևոր նպատակներին, ինչի շնորհիվ նրանք լավ անուն կունենան Եհովայի մոտ։ Մենք մեծ բավարարվածություն ենք ստացել՝ ոչ միայն տեսնելով, թե ինչպես են մեր երեխաները հասնում այդ նպատակներին, այլև այդ ճանապարհը նրանց հետ միասին անցնելով»։ Եհովան, անշուշտ, կօրհնի այն ծնողներին, որոնք օգնում են իրենց երեխաներին հոգևոր նպատակներ դնել և հասնել դրանց։

ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՄ

17. Բեր օրինակ, թե որ դեպքերում է հարկավոր ժողովում քաջություն դրսևորել։

17 Ժողովում նույնպես լինում են իրավիճակներ, երբ հարկավոր է քաջություն դրսևորել։ Օրինակ՝ երեցները այդ հատկության կարիքն ունեն, երբ պետք է իրավական հարցեր քննեն կամ օգնեն նրանց, ում հարկավոր է անհապաղ բուժօգնություն տրամադրել։ Որոշ երեցներ այցելում են բանտեր, որպեսզի հոգևոր օգնություն ցույց տան դատապարտյալներին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ամուրի քույրերի մասին։ Այժմ նրանք շատ հնարավորություններ ունեն ընդլայնելու իրենց ծառայությունը. կարող են ծառայել որպես ռահվիրա, տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա, մասնակցել նախագծման/շինարարության տեղի ծրագրերին և սովորել Թագավորության քարոզիչների դպրոցում։ Ոմանք հնարավորություն ունեն սովորելու նույնիսկ «Գաղաադ» դպրոցում։

18. Տարեց քույրերը ինչպե՞ս կարող են քաջություն դրսևորել։

18 Տարեց կանայք օրհնություն են ժողովի համար։ Բոլորս շատ ենք սիրում նրանց։ Ոմանք այլևս չեն կարողանում ծառայել այնքան, որքան նախկինում, բայց դեռ կարող են քաջ լինել և գործի անցնել (կարդա Տիտոս 2։3–5)։ Օրինակ՝ տարեց քույրը քաջության կարիք ունի, երբ երեցները իրեն խնդրում են համեստ հագուկապի վերաբերյալ խոսել երիտասարդ քրոջ հետ։ Ինչ խոսք, նա չի նախատի երիտասարդին նրա հագուկապի համար, այլ կքաջալերի մտածել, թե այս հարցում նրա ընտրությունը ինչպես կարող է ազդել ուրիշների վրա (1 Տիմոթ. 2։9, 10)։ Տարեց քրոջ հոգատարությունն ու սիրալիր խոսքերը կարող են դրական ազդեցություն թողնել մյուսների վրա։

19. ա) Մկրտված եղբայրները ինչպե՞ս կարող են քաջ լինել։ բ) Փիլիպպեցիներ 2։13-ը և 4։13-ը ինչպե՞ս կարող են օգնել եղբայրներին քաջ լինել։

19 Մկրտված եղբայրները նույնպես պետք է քաջ լինեն և գործի անցնեն։ Քաջ տղամարդիկ, ովքեր պատրաստակամ են ժողովում ավելի շատ պատասխանատվություններ ստանձնելու, իսկական օրհնություն են (1 Տիմոթ. 3։1)։ Սակայն ոմանք վարանում են դա անել։ Հնարավոր է՝ անցյալում գործած սխալների պատճառով եղբայրը իրեն արժանի չի համարում լինելու ծառայող օգնական կամ երեց։ Կամ էլ մտածում է, որ այդ նշանակման համար չունի համապատասխան հմտություններ։ Եթե դու էլ նման խնդիր ունես, Եհովան կարող է օգնել քեզ, որ քաջ լինես (կարդա Փիլիպպեցիներ 2։13; 4։13)։ Հիշիր՝ մի ժամանակ Մովսեսը նույնպես կարծում էր, որ ինքը պիտանի չէ Աստծու տված հանձնարարությունը կատարելու համար (Ելք 3։11)։ Բայց Եհովան օգնեց նրան, և ժամանակի ընթացքում նա քաջությամբ լցվեց ու կատարեց իր գործը։ Մկրտված եղբայրն էլ կարող է քաջ դառնալ, եթե Աստծուց օգնություն խնդրի և ամեն օր կարդա Աստվածաշունչը։ Նրան կօգնի նաև աստվածաշնչյան այն կերպարների մասին խորհրդածելը, որոնք քաջություն են դրսևորել։ Նա կարող է խոնարհությամբ խնդրել երեցներին, որ իրեն սովորեցնեն անել այս կամ այն բանը։ Բացի այդ, կարող է իր օգնությունն առաջարկել ցանկացած գործում։ Մենք բոլոր մկրտված եղբայրներին հորդորում ենք քաջ լինել և գործի անցնել՝ ծառայելով ժողովի համար։

«ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾԸ.... ՔԵԶ ՀԵՏ Է»

20, 21. ա) Դավիթն ինչո՞ւմ վստահեցրեց Սողոմոնին։ բ) Մենք ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։

20 Դավիթ թագավորը Սողոմոնին հիշեցրեց, որ տաճարի շինարարության ողջ ընթացքում Եհովան նրա հետ կլինի (1 Տար. 28։20)։ Սողոմոնը հոր խոսքերը դաջեց իր սրտում ու մտքում և թույլ չտվեց, որ երիտասարդ ու անփորձ լինելը խոչընդոտ հանդիսանա։ Նա քաջ եղավ, գործի անցավ և յոթուկես տարվա ընթացքում Եհովայի օգնությամբ փառահեղ տաճար կառուցեց։

21 Եհովան մեզ էլ կարող է օգնել, որ քաջ լինենք և կատարենք մեր պարտականությունները թե՛ ընտանիքում, թե՛ ժողովում (Ես. 41։10, 13)։ Եթե Եհովային ծառայելիս քաջություն դրսևորենք, կարող ենք վստահ լինել, որ նա կօրհնի մեզ հիմա և ապագայում։ Ուստի «քա՛ջ եղիր.... և գործի՛ անցիր»։

^ պարբ. 12 Հոգևոր նպատակներ դնելու վերաբերյալ գործնական առաջարկներ կարող ես գտնել «Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին» հոդվածում՝ տպագրված «Դիտարանի» 2004 թ. հուլիսի 15-ի համարում։