Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ինձ համար օրհնություն է եղել հոգևոր մարդկանց հետ համագործակցելը

Ինձ համար օրհնություն է եղել հոգևոր մարդկանց հետ համագործակցելը

1930-ԱԿԱՆՆԵՐԻ կեսերին՝ իմ ծնվելուց մի քանի տարի առաջ, հայրս ու մայրս՝ Ջեյմս և Ջեսի Սինկլերները, տեղափոխվեցին Բրոնքս (շրջան Նյու Յորք քաղաքում)։ Առաջին մարդկանցից մեկը, ում հետ նրանք այստեղ ծանոթացան, Ուիլի Սնեդոնն էր, որը եկել էր Շոտլանդիայից, ինչպես իմ ծնողները։ Իրենց ծանոթության առաջին մի քանի րոպեներից հետո նրանք արդեն զրուցում էին իրենց ընտանիքների մասին։

Մայրս պատմեց Ուիլիին, որ Առաջին համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ առաջ իր հայրն ու մեծ եղբայրը Հյուսիսային ծովում իրենց ձկնորսական նավակով բախվել են ականի և զոհվել։ Լսելով դա՝ Ուիլին բացականչեց. «Քո հայրը դժոխքում է»։ Ուիլին Եհովայի վկա էր։ Առաջին անգամ էր, որ մայրս լսեց աստվածաշնչյան ճշմարտությունը, այն էլ այսպիսի ցնցող կերպով։

Ուիլի և Լիզ Սնեդոնները

Ուիլիի խոսքերից մայրս տխրեց, քանի որ իր հայրը լավ մարդ էր եղել։ Բայց Ուիլին ավելացրեց. «Կմխիթարվե՞ս, եթե իմանաս, որ Հիսուսն էլ է դժոխք գնացել»։ Մայրս հիշեց եկեղեցում սովորած մի աղոթք, որի համաձայն՝ Հիսուսը գնացել է դժոխք, իսկ հետո՝ երրորդ օրը, հարություն է առել։ Նա մտածեց. «Եթե դժոխքը կրակոտ վայր է, որտեղ չար մարդիկ տանջվում են, այդ դեպքում ինչո՞ւ Հիսուսը գնաց այնտեղ»։ Այսպես մայրս սկսեց հետաքրքրվել ճշմարտությամբ։ Նա սկսեց հաճախել «Բրոնքս» ժողովի հանդիպումներին և 1940-ին մկրտվեց։

Մորս և հորս հետ

Այդ տարիներին Վկա ծնողները կոնկրետ հորդոր չէին ստացել, որ պետք է Աստվածաշունչ ուսումնասիրեն իրենց երեխաների հետ։ Ուստի երբ դեռ փոքր երեխա էի, շաբաթ-կիրակի օրերին մայրս ինձ թողնում էր հորս մոտ, իսկ ինքը գնում էր ժողովի հանդիպումներին և մասնակցում էր քարոզչական ծառայությանը։ Մի քանի տարի հետո ես ու հայրս էլ սկսեցինք մայրիկի հետ հաճախել հանդիպումներին։ Մայրս շատ ակտիվ քարոզիչ էր։ Նա Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն էր անցկացնում հետաքրքրվող մարդկանց հետ։ Կար ժամանակ, երբ նա խմբակային պարապմունքներ էր անցկացնում, քանի որ ուսումնասիրողները իրար մոտ էին ապրում։ Դպրոցական արձակուրդներիս ընթացքում ես միանում էի նրան։ Այդպես ավելի շատ գիտելիքներ ձեռք բերեցի Աստվածաշնչից, նաև սովորեցի, թե ինչպես ուսուցանեմ ուրիշներին։

Ափսոսում եմ, որ փոքր հասակում ամբողջությամբ չէի հասկանում, թե ինչ արժեք ունի աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ես այն սովորական բան էի համարում։ Սակայն, երբ մոտ 12 տարեկան էի, դարձա քարոզիչ և սկսեցի կանոնավորաբար մասնակցել ծառայությանը։ 16 տարեկանում նվիրվեցի Եհովային և 1954 թ. հուլիսի 24-ին Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող համաժողովին մկրտվեցի։

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԲԵԹԵԼՈՒՄ

Մեր ժողովի եղբայրներից ոմանք Բեթելի ընտանիքի անդամ էին։ Ոմանք էլ նախկինում էին ծառայել Բեթելում։ Նրանք մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա։ Ինձ տպավորում էր, թե ինչպես էին նրանք բացատրում Աստվածաշնչի ճշմարտությունները, ինչպես էին ուսուցանում և ելույթներ ներկայացնում։ Չնայած որ դպրոցի իմ ուսուցիչները ցանկանում էին, որ կրթությունս շարունակեմ համալսարանում, ես Բեթելում ծառայելու նպատակ էի դրել։ Ուստի Տորոնտոյում անցկացվող համաժողովին Բեթելի դիմում լրացրի։ Նույն բանն արեցի 1955-ին՝ Նյու Յորք քաղաքի «Յանկի» մարզադաշտում անցկացվող համաժողովին։ Կարճ ժամանակ անց հրավեր ստացա, որտեղ ասվում էր, որ սեպտեմբերի 15-ից կարող եմ սկսել ծառայել Բրուքլինի Բեթելում։ Այդ ժամանակ 17 տարեկան էի։ Բեթել գնալուց հետո՝ երկրորդ օրը, ինձ ուղարկեցին՝ աշխատելու Ադամս Սթրիթ 117 հասցեում գտնվող կազմատանը։ Շատ չանցած՝ արդեն կանգնած էի մի հաստոցի առաջ, որը հավաքում էր գրքերի 32-էջանոց հատվածները, որից հետո մեկ ուրիշ սարք կարում էր դրանք։

17 տարեկանում սկսեցի ծառայել Բրուքլինի Բեթելում

Մոտ մեկ տարի կազմատանը աշխատելուց հետո նշանակվեցի պարբերագրերի բաժին, քանի որ կարողանում էի մեքենագրել։ Այդ ժամանակներում եղբայրներն ու քույրերը պատրաստում էին «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի նոր բաժանորդների հասցեների տպաձևերը։ Մի քանի ամիս անց սկսեցի ծառայել առաքման բաժնում։ Կլաուս Ջենսենը՝ բաժնի վերակացուն, հարցրեց ինձ, թե կուզեմ արդյոք համագործակցել այն վարորդի հետ, որը բեռնատար մեքենայով գրականության արկղերը տանում էր նավամատույց՝ ուրիշ երկրներ փոխադրելու համար։ Հարկավոր էր նաև ամսագրերի կապոցները փոստ տանել, որպեսզի դրանք ուղարկվեին Միացյալ Նահանգների ժողովներ։ Եղբայր Ջենսենն ասաց, որ ֆիզիկական աշխատանքը ինձ վրա լավ կանդրադառնա։ Ես շատ նիհար էի՝ ընդամենը 57 կիլոգրամ (125 ֆունտ)։ Եվ իրոք, իմ այս նոր հանձնարարությունը նպաստեց, որ ֆիզիկապես ամրանամ։ Եղբայր Ջենսենը գիտեր, թե ինչը օգտակար կլինի ինձ համար։

Պարբերագրերի բաժինը զբաղվում էր նաև ժողովների՝ գրականության պատվերներով։ Այստեղ ես իմացա, թե մեր ամսագրերը որ լեզուներով էին տպագրվում Բրուքլինում և ուղարկվում աշխարհի տարբեր մասեր։ Այդ լեզուներից շատերի մասին նախկինում երբեք չէի լսել, բայց ուրախացա՝ իմանալով, որ տասնյակ հազարավոր ամսագրեր ուղարկվում են հեռավոր երկրներ։ Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ առանձնաշնորհում եմ ունենալու այցելել այդ երկրներից շատերը։

Ռոբերտ Ուոլենի, Չարլզ Մոլոհանի և Դոն Ադամսի հետ

1961-ին նշանակվեցի ֆինանսների բաժին, որի վերակացուն Գրանտ Սյութերն էր։ Մի քանի տարի անց ինձ կանչեցին Նաթան Նորի գրասենյակ, որն այդ տարիներին գլխավորում էր մեր համաշխարհային գործունեությունը։ Նա ասաց, որ իր գրասենյակում աշխատող եղբայրներից մեկը մի ամսով գնալու է՝ սովորելու Թագավորական ծառայության դպրոցում, որից հետո աշխատելու է ծառայողական բաժնում։ Ուստի ինձ նշանակեցին նրա փոխարեն։ Ես համագործակցելու էի Դոն Ադամսի հետ՝ այն եղբոր, որը 1955 թ. համաժողովին վերցրել էր Բեթելի իմ դիմումը։ Այս բաժնում աշխատում էին նաև Ռոբերտ Ուոլենը և Չարլզ Մոլոհանը։ Մենք չորսով միասին աշխատեցինք ավելի քան 50 տարի։ Ինձ համար օրհնություն էր ծառայել այսպիսի հավատարիմ հոգևոր մարդկանց հետ (Սաղ. 133։1

Իմ առաջին զոնալ այցելությունը Վենեսուելա (1970)

1970 թ.-ին ինձ նշանակեցին կատարելու զոնալ այցելություններ, ինչպես այն ժամանակ դրանք կոչվում էին։ Ես պետք է ամեն տարի կամ երկու տարին մեկ անգամ այցելեի Դիտարանի ընկերության տարբեր մասնաճյուղեր։ Ճանապարհորդությունը սովորաբար տևում էր մի քանի շաբաթ։ Այս նշանակման մեջ մտնում էր այցելել տարբեր վայրերում գտնվող Բեթելի ընտանիքի անդամներին ու միսիոներներին և հոգևորապես քաջալերել նրանց, ինչպես նաև ստուգել մասնաճյուղի փաստաթղթերը։ Ուրախալի էր տեսնել «Գաղաադ» դպրոցը վաղուց ավարտած եղբայրներին ու քույրերին, որոնք հավատարմորեն շարունակում էին ծառայել իրենց օտարերկրյա նշանակումների մեջ։ Ինձ համար պատիվ էր ու մեծ ուրախություն այս նպատակով այցելել ավելի քան 90 երկիր։

Հաճելի էր այցելել մեր եղբայրներին ավելի քան 90 երկրներում

ԳՏՆՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՈՂԱԿԻՑ

Բրուքլինի Բեթելի ընտանիքի բոլոր անդամները նշանակվել էին Նյու Յորք քաղաքի ժողովներ։ Ես նշանակվեցի ծառայելու Բրոնքսում։ Այնտեղի ժողովը մեծացել էր ու կիսվել և այժմ կոչվում էր «Վերին Բրոնքս»։ Ես հաճախելու էի այդ ժողով։

1960-ականների կեսերին լատվիացի մի ընտանիք, որը ճշմարտությունը իմացել էր Բրոնքսի հարավում, տեղափոխվեց մեր ժողովի տարածք։ Նրանց մեծ աղջիկը՝ Լիվիան, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո սկսեց ծառայել որպես ռահվիրա։ Մի քանի ամիս անց նա տեղափոխվեց Մասաչուսեթս՝ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։ Ես նրան գրում էի մեր ժողովի նորությունների մասին, նա էլ գրում էր Բոստոնի տարածքում իր ծառայության մեջ ունեցած հաջողությունների մասին։

Լիվիայի հետ

Մի քանի տարի անց Լիվիան նշանակվեց հատուկ ռահվիրա։ Նա պատրաստ էր ծառայության մեջ անել ցանկացած բան, ինչ կարող էր, ուստի Բեթելի դիմում լրացրեց և 1971 թ.- ին հրավիրվեց ծառայելու այստեղ։ Ասես Եհովան ինձ ակնարկ աներ։ 1973 թ. հոկտեմբերի 27-ին մենք ամուսնացանք։ Հարսանեկան ելույթը ներկայացրեց եղբայր Նորը։ Դա մեզ համար մեծ պատիվ էր։ Առակներ 18։22-ում ասվում է. «Ինչ-որ մեկը լավ կի՞ն է գտել. նա բարիք է գտել և Եհովայի բարեհաճությունն է վայելում»։ 40 տարուց ավել է, ինչ ես ու Լիվիան Եհովայի բարեհաճությունն ենք վայելում՝ միասին ծառայելով Բեթելում։ Այսօր մենք աջակցում ենք Բրոնքսում գտնվող մի ժողովի։

ՈՒՍ ՈՒՍԻ ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԵՏ

Եղբայր Նորի հետ ծառայելը շատ հաճելի էր։ Նա Թագավորության գործում շատ ջանասեր էր և խոր գնահատանք ուներ ամբողջ աշխարհում ծառայող միսիոներների հանդեպ, որոնցից շատերը իրենց նշանակման երկրում առաջին Վկաներն են եղել։ 1976- ին եղբայր Նորի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։ Շատ ցավալի էր տեսնել, թե ինչպես է նա տառապում այդ հիվանդության պատճառով։ Մի անգամ, երբ նա արդեն անկողնային հիվանդ էր, խնդրեց, որ իր համար կարդամ տպագրության համար պատրաստվող որոշ նյութեր։ Նաև ասաց, որ Ֆրեդերիկ Ֆրանցին կանչեմ, որպեսզի նա էլ գա ու լսի։ Հետագայում իմացա, որ եղբայր Նորը ժամանակ էր տրամադրում, որպեսզի այդ նյութերն ընթերցեր եղբայր Ֆրանցի համար, որը տեսողության հետ կապված խնդիր ուներ։

Դանիել և Մարինա Սիդլիկների հետ՝ զոնալ այցելության ժամանակ (1977)

1977-ին եղբայր Նորը մահացավ։ Նրանք, ովքեր ճանաչում ու սիրում էին նրան, մխիթարվեցին այն բանով, որ նա մինչև իր երկրային կյանքի ավարտը հավատարիմ մնաց Աստծուն (Հայտն. 2։10)։ Դրանից հետո մեր գործունեությունը գլխավորեց եղբայր Ֆրանցը։

Այդ ժամանակ ես Միլթոն Հենշելի քարտուղարն էի, որը տասնյակ տարիներ աշխատել էր եղբայր Նորի հետ։ Եղբայր Հենշելը տեղեկացրեց ինձ, որ Բեթելում իմ գլխավոր պատասխանատվությունը այդուհետ պետք է լինի եղբայր Ֆրանցին ամեն հարցում օգնելը։ Ես նրա համար կանոնավորաբար կարդում էի այն նյութերը, որոնք պետք է տպագրվեին։ Նա շատ լավ հիշողություն ուներ։ Նաև ընթերցվող նյութի վրա ամբողջովին կենտրոնանալու զարմանալի կարողություն ուներ։ Անչափ ուրախ եմ, որ այդ ձևով կարողացա օգնել նրան մինչև իր երկրային կյանքի ավարտը՝ 1992 թ. դեկտեմբերը։

Կոլումբիա Հայթս 124, որտեղ ծառայեցի մի քանի տասնամյակ

Ի՜նչ արագ անցան այն 61 տարիները, որ անցկացրի՝ ծառայելով Բեթելում։ Ծնողներս մինչև մահ հավատարմորեն ծառայեցին Եհովային, ու ես անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ կդիմավորեմ նրանց շատ ավելի լավ աշխարհում (Հովհ. 5։28, 29)։ Այս հին աշխարհի առաջարկած ոչ մի բան չի կարող համեմատվել այն հրաշալի առանձնաշնորհման հետ, որ ունեցել եմ, այն է՝ ծառայել հավատարիմ տղամարդկանց ու կանանց հետ՝ օգուտ տալով Աստծու ժողովրդին։ Ես ու Լիվիան կարող ենք համոզվածությամբ ասել, որ լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիներին «Եհովայի ուրախությունը [մեր] ամրոցն է» եղել (Նեեմ. 8։10

Եհովայի կազմակերպության մեջ անփոխարինելի մարդ չկա։ Ուստի ինչ էլ պատահի, Թագավորության մասին ճշմարտությունը շարունակում է տարածվել։ Ուրախ եմ, որ պատիվ եմ ունեցել տարիներ շարունակ կողք կողքի ծառայելու հավատի մեջ ամուր և նվիրված քույրերի ու եղբայրների հետ։ Այն օծյալներից շատերը, որոնց հետ աշխատել եմ, այլևս երկրի վրա չեն։ Բայց երախտապարտ եմ Եհովային, որ հնարավորություն եմ ունեցել համագործակցելու այսպիսի հավատարիմ հոգևոր մարդկանց հետ։