Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 36

Արմագեդոն. հիրավի բարի լուր

Արմագեդոն. հիրավի բարի լուր

«Նրանց հավաքեցին այն վայրում, որը.... Արմագեդոն է կոչվում» (ՀԱՅՏՆ. 16։16, ծնթ.)։

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Արմագեդոնը ինչո՞ւ է ուրախալի իրադարձություն։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։

ՄԱՐԴԻԿ ի՞նչ են պատկերացնում, երբ լսում են «Արմագեդոն» բառը։ Շատերը պատկերացնում են միջուկային պատերազմ, ոմանք էլ՝ բնապահպանական աղետ։ Սակայն Աստվածաշունչը Արմագեդոնը ներկայացնում է որպես ուրախալի իրադարձություն, երջանկության պատճառ (Հայտն. 1։3)։ Այդ պատերազմի ժամանակ մարդկությունը ոչ թե կոչնչանա, այլ կփրկվի։ Ինչպե՞ս։

2 Սուրբ Գրքում ասվում է, որ Արմագեդոն պատերազմը մարդկությանը կփրկի՝ վերջ դնելով մարդ արարածի իշխանությանը։ Այդ ժամանակ չարերը կվերանան, իսկ արդարները ողջ կմնան։ Այն կփրկի նաև մեր մոլորակը՝ «կործանելով նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտն. 11։18)։ Այս ճշմարտություններին ավելի մանրամասնորեն ծանոթանալու համար եկեք չորս հարց քննարկենք։ Ի՞նչ է Արմագեդոնը։ Ո՞ր իրադարձությունները կհանգեցնեն դրան։ Ի՞նչ անենք, որ փրկվողների թվում լինենք։ Ինչպե՞ս կարող ենք հավատարիմ մնալ մինչև վերջ։

Ի՞ՆՉ Է ԱՐՄԱԳԵԴՈՆԸ

3. ա) «Արմագեդոն» բառը ի՞նչ է նշանակում։ բ) Հաշվի առնելով Հայտնություն 16։14, 16 համարները՝ ինչո՞ւ կարող ենք ասել, որ Արմագեդոնը բառացի վայր չէ։

3 Կարդա Հայտնություն 16։14, 16։ «Արմագեդոն» բառը ընդամենը մեկ անգամ է հանդիպում Սուրբ Գրքում։ Այն ծագում է եբրայերեն մի արտահայտությունից, որը նշանակում է «Մեգիդոյի լեռ» (Հայտն. 16։16, ծնթ.)։ Մեգիդոն հին Իսրայելի քաղաքներից էր (Հեսու 17։11)։ Այդուհանդերձ, Արմագեդոնը չի մատնանշում երկրագնդի վրա գտնվող որևէ բառացի վայր։ Նեղ իմաստով՝ այս բառը վերաբերում է այն իրադրությանը, երբ «ողջ բնակեցված երկրի թագավորները» կհավաքվեն Եհովայի դեմ (Հայտն. 16։14)։ Սակայն «Արմագեդոն» բառը այս հոդվածում կօգտագործենք նաև լայն իմաստով՝ մատնանշելու այն պատերազմը, որը տեղի կունենա երկրի թագավորների հավաքվելուց անմիջապես հետո։ Իսկ որտեղի՞ց գիտենք, որ Արմագեդոնը խորհրդանշական վայր է։ Նախ՝ Մեգիդո անունով լեռ գոյություն չունի։ Երկրորդ՝ Մեգիդո քաղաքի շրջակա տարածքը շատ փոքր է, որ այնտեղ կարողանան հավաքվել «ողջ բնակեցված երկրի թագավորները», նրանց զորքերն ու ռազմական տեխնիկան։ Եվ երրորդ, ինչպես դեռ կքննենք այս հոդվածում, Արմագեդոն պատերազմը կսկսվի այն ժամանակ, երբ ողջ երկրի «թագավորները» հարձակվեն Աստծու ժողովրդի վրա, որը աշխարհով մեկ է ցրված։

4. Աստված ինչո՞ւ է իր վերջին մեծ պատերազմի անվանումը կապել Մեգիդոյի հետ։

4 Ուրեմն ինչո՞ւ է Եհովան իր վերջին մեծ պատերազմի անվանումը կապել Մեգիդոյի հետ։ Բանն այն է, որ Մեգիդոյում և դրա մերձակայքում՝ Հեզրայելի հովտում, բազմաթիվ ճակատամարտեր են տեղի ունեցել։ Որոշ դեպքերում Եհովան ուղղակիորեն օգնել է իր ժողովրդին և հաղթանակ շնորհել մարտում։ Օրինակ՝ «Մեգիդոյի ջրերի մոտ» Աստված Իսրայելի դատավոր Բարակին օգնեց հաղթել քանանացիների զորքին, որի զորագլուխը Սիսարան էր։ Բարակն ու Դեբորա մարգարեուհին Եհովային շնորհակալություն հայտնեցին հրաշքով տրված հաղթանակի համար։ Նրանք այսպիսի խոսքերով գովերգեցին Բարձրյալին. «Երկնքից աստղերը պատերազմեցին.... Սիսարայի դեմ։ Կիսոն հեղեղատը քշեց նրանց» (Դատ. 5։19–21

5. Արմագեդոն պատերազմը ինչո՞վ է տարբերվելու այն մարտից, որում հաղթեց Բարակը։

5 Բարակն ու Դեբորան իրենց երգն ավարտեցին հետևյալ խոսքերով. «Թող այսպես կործանվեն քո բոլոր թշնամիները, ո՛վ Եհովա, իսկ քեզ սիրողները թող լինեն ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ» (Դատ. 5։31)։ Արմագեդոն պատերազմի ժամանակ նույնպես Աստծու թշնամիները կկործանվեն, իսկ նրան սիրողները կփրկվեն։ Սակայն այս երկու պատերազմների միջև մի մեծ տարբերություն կա։ Արմագեդոնի ժամանակ Աստծու ժողովուրդը չի կռվելու և նույնիսկ զինված չի լինելու։ Մեր «զորությունը հանգստության և ապավինության մեջ» է լինելու. մենք լիովին ապավինելու ենք Եհովային և իր երկնային զորքերին (Ես. 30։15; Հայտն. 19։11–15

6. Արմագեդոնի ժամանակ Եհովան ի՞նչ միջոցներով կարող է ոչնչացնել իր թշնամիներին։

6 Իսկ ինչպե՞ս է Աստված Արմագեդոն պատերազմում հաղթելու իր թշնամիներին։ Նրա «զինանոցում» տարբեր «զենքեր» կան, օրինակ՝ երկրաշարժ, կարկուտ և կայծակ (Հոբ 38։22, 23; Եզեկ. 38։19–22)։ Եհովան կարող է նաև իր թշնամիներին իրար դեմ տրամադրել (2 Տար. 20։17, 22, 23)։ Բացի այդ՝ նա կարող է իր հրեշտակների միջոցով կործանել չարերին (Ես. 37։36)։ Ինչպես էլ Եհովան գործի, լիակատար հաղթանակ կտանի. նրա բոլոր թշնամիները կկործանվեն, իսկ արդարները կփրկվեն (Առակ. 3։25, 26

Ո՞Ր ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ԱՐՄԱԳԵԴՈՆԻՆ

7–8. ա) 1 Թեսաղոնիկեցիներ 5։1–6 համարների համաձայն՝ նախքան Եհովայի օրվա գալը աշխարհի առաջնորդները ի՞նչ ուշագրավ հայտարարություն կանեն։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այդ հայտարարությունը առանձնապես վտանգավոր սուտ կլինի։

7 Նախքան Եհովայի օրվա գալը աշխարհի առաջնորդները կհայտարարեն՝ «խաղաղություն և անվտանգություն» (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։1–61 Թեսաղոնիկեցիներ 5։2 համարում «Եհովայի օր» արտահայտությունը վերաբերում է «մեծ նեղությանը» (Հայտն. 7։14)։ Աստվածաշնչից իմանում ենք, որ այդ հայտարարությունը առանձնահատուկ է լինելու։ Այն կհնչի որպես ազդանշան՝ օգնելով հասկանալ, որ մեծ նեղությունը ուր որ է կսկսվի։

8 Ի՞նչն է աշխարհի առաջնորդներին մղելու նման հայտարարություն անել։ Հաստատ չենք կարող ասել։ Իսկ կրոնական առաջնորդները կմիանա՞ն այդ հայտարարությանը։ Հնարավոր է։ Ամեն դեպքում այդ հայտարարությունը կլինի հերթական դիվաշունչ սուտը։ Սակայն այն առանձնապես վտանգավոր կլինի, քանի որ մարդկանց ապահովության անհիմն զգացում կտա հենց այն ժամանակ, երբ նրանք կանգնած կլինեն պատմության մեծագույն նեղության առաջ։ Այո՛, «այդ ժամանակ հանկարծահաս կործանումը անմիջապես կգա նրանց վրա, ինչպես որ երկունքի ցավերն են գալիս հղի կնոջ վրա»։ Իսկ ինչպե՞ս այդ իրադարձությանը կարձագանքեն Եհովայի հավատարիմ ծառաները։ Աստծու օրվա հանկարծական գալուստը գուցե զարմացնի նրանց, բայց անակնկալի չի բերի։

9. Արդյո՞ք Աստված միանգամից կկործանի Սատանայի աշխարհը։ Բացատրիր։

9 Եհովան Սատանայի աշխարհը ամբողջությամբ կվերացնի ոչ թե մեկ հարվածով, ինչպես Նոյի օրերում արեց, այլ երկու հիմնական փուլով։ Նախ կկործանի Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը։ Այնուհետև՝ Արմագեդոնի ժամանակ, կվերացնի Սատանայի աշխարհի մնացած տարրերը, այդ թվում՝ դրա քաղաքական, ռազմական և առևտրային համակարգերը։ Եկեք մանրամասնորեն քննենք այս երկու կարևոր իրադարձությունները։

10. Հայտնություն 17։1, 6 և 18։24 համարների համաձայն՝ Եհովան ինչո՞ւ է կործանելու Մեծ Բաբելոնը։

10 «Մեծ պոռնիկի դատաստանը» (կարդա Հայտնություն 17։1, 6; 18։24)։ Մեծ Բաբելոնը սոսկալի անարգանք է հասցրել Աստծու անվանը։ Նա ստեր է տարածել Աստծու մասին, հոգևոր պոռնկությամբ է զբաղվել՝ դաշինքներ կնքելով պետությունների ղեկավարների հետ, իր ազդեցությունն ու իշխանությունը օգտագործել է սեփական հոտը կեղեքելու և նրանից շահ ստանալու համար։ Ավելին՝ նա շատ արյուն է թափել, այդ թվում՝ Աստծու ծառաների արյունը (Հայտն. 19։2)։ Իսկ ինչպե՞ս է Եհովան կործանելու Մեծ Բաբելոնը։

11. «Ալ կարմիր գազանը» ի՞նչ է ներկայացնում, և Աստված ինչպե՞ս է դրա միջոցով ոչնչացնելու «մեծ պոռնիկին»։

11 Եհովան այս «մեծ պոռնիկին» ոչնչացնելու է «ալ կարմիր գազանի» «տասը եղջյուրների» միջոցով։ Այդ խորհրդանշական գազանը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպությունը։ Տասը եղջյուրները ներկայացնում են այդ կազմակերպությանն աջակցող ներկա քաղաքական ուժերը։ Աստծու սահմանած ժամանակին այդ ուժերը կհարձակվեն խորհրդանշական Բաբելոնի վրա։ Նրանք «կամայացնեն ու կմերկացնեն» պոռնիկին՝ հափշտակելով նրա հարստությունը և բացահայտելով նրա արատավորությունը (Հայտն. 17։3, 16)։ Այդ կործանումը սրընթաց կլինի, ասես մեկ օրում, և կցնցի Մեծ Բաբելոնի աջակիցներին, չէ՞ որ նա միշտ պարծեցել է ու ասել. «Ես նստած եմ որպես թագուհի, ես այրի չեմ ու երբեք սուգ չեմ տեսնի» (Հայտն. 18։7, 8

12. Եհովան ազգերին ի՞նչ թույլ չի տա անել և ինչո՞ւ։

12 Աստված թույլ չի տա, որ ազգերը կործանեն իր ժողովրդին։ Եհովայի ծառաները կատարել են նրա պատվերը՝ փախել են Մեծ Բաբելոնից, և հպարտորեն կրում են Բարձրյալի անունը (Գործ. 15։16, 17; Հայտն. 18։4)։ Բացի այդ՝ նրանք մեծ ջանքեր են թափել, որ ուրիշներին էլ օգնեն դուրս գալ Մեծ Բաբելոնից։ Ուստի վերջինիս պատուհասներին նրանք անմասն կմնան։ Սակայն նրանց հավատը կփորձվի։

Երբ սկսվի Աստծու ծառաների դեմ ուղղված հարձակումը, նրանք, որտեղ էլ գտնվեն, լիովին կապավինեն Եհովային (տես պարբերություն 13) *

13. ա) Ո՞վ է Գոգը։ բ) Եզեկիել 38։2, 8, 9 համարների համաձայն՝ ե՞րբ կսկսվի Արմագեդոն պատերազմը։

13 Գոգի հարձակումը (կարդա Եզեկիել 38։2, 8, 9)։ Երբ կեղծ կրոնը ներկայացնող բոլոր կազմակերպությունները կործանված լինեն, Աստծու ժողովուրդը աչքի կզարնի որպես հուժկու փոթորկից հետո կանգուն մնացած միայնակ ծառ։ Սա, ինչ խոսք, կկատաղեցնի Սատանային։ Իր զայրույթը թափելու համար նա «անմաքուր ներշնչյալ խոսքերի», այսինքն՝ դևերից եկող կեղծ տեղեկությունների միջոցով այնպես կանի, որ ազգերի կոալիցիան հարձակվի Եհովայի ծառաների վրա (Հայտն. 16։13, 14)։ Աստվածաշնչում այդ կոալիցիան կոչվում է «Գոգ, որը Մագոգ երկրից է»։ Երբ ազգերը հարձակվեն Աստծու ժողովրդի վրա, կսկսվի Արմագեդոն պատերազմը (Հայտն. 16։16

14. Գոգը ի՞նչ կհասկանա։

14 Գոգը կապավինի իր «մարմնեղեն բազուկին»՝ իր զինված ուժերին (2 Տար. 32։8)։ Իսկ մենք կապավինենք մեր Աստծուն՝ Եհովային, ինչը ազգերի աչքին հիմարություն կթվա։ Վերջիվերջո, Մեծ Բաբելոնի աստվածները չփրկեցին երբեմնի հզոր այդ կայսրությունը «գազանից» ու դրա «տասը եղջյուրներից» (Հայտն. 17։16)։ Ուստի Գոգը, կարծելով, թե հեշտությամբ կհաղթի Եհովայի ժողովրդին, կհարձակվի նրա վրա, «ինչպես ամպ, որ ծածկում է երկիրը» (Եզեկ. 38։16)։ Սակայն շուտով գլխի կընկնի, որ թակարդում է հայտնվել։ Ինչպես փարավոնը՝ Կարմիր ծովում, Գոգը կհասկանա, որ Եհովայի դեմ է պատերազմում (Ելք 14։1–4; Եզեկ. 38։3, 4, 18, 21–23

15. Քրիստոսն ինչպե՞ս լիակատար հաղթանակ կտանի։

15 Այդ ժամանակ Քրիստոսն ու իր երկնային զորքերը կպաշտպանեն Աստծու ժողովրդին և կջախջախեն Գոգի ոհմակները (Հայտն. 19։11, 14, 15)։ Իսկ ի՞նչ կլինի Եհովայի գլխավոր թշնամուն՝ Սատանային, որի ստերի պատճառով ազգերը հավաքվել էին Արմագեդոն կոչվող խորհրդանշական վայրում։ Հիսուսը նրան ու դևերին անդունդը կգցի, որտեղ նրանք հազար տարի փակված կմնան (Հայտն. 20։1–3

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՍ ՓՐԿՎԵԼ ԱՐՄԱԳԵԴՈՆԻ ԺԱՄԱՆԱԿ

16. ա) Ինչպե՞ս ենք փաստում, որ «ճանաչում ենք Աստծուն»։ բ) Արմագեդոնի ժամանակ ի՞նչ կլինի Աստծուն ճանաչող մարդկանց։

16 Անկախ այն բանից՝ երկար տարիներ ենք ծառայում Եհովային, թե վերջերս ենք սկսել, Արմագեդոնի ժամանակ փրկվելու համար բոլորս էլ պետք է փաստենք, որ «ճանաչում ենք Աստծուն» և «հնազանդվում ենք մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին» (2 Թեսաղ. 1։7–9)։ Աստծուն ճանաչել նշանակում է իմանալ, թե նա ինչ չափանիշներ ունի, ինչ է սիրում և ինչ չի սիրում։ Դա նշանակում է նաև սիրել ու հնազանդվել Եհովային՝ պաշտելով միմիայն նրան (1 Հովհ. 2։3–5; 5։3)։ Երբ փաստում ենք, որ «ճանաչում ենք Աստծուն», մեծ պատվի ենք արժանանում. Աստված էլ մեզ է ճանաչում, ինչը նշանակում է, որ նա հավանում է մեզ (1 Կորնթ. 8։3)։ Իսկ Արմագեդոնի ժամանակ փրկվելու են հենց այդպիսի մարդիկ։

17. Ի՞նչ է նշանակում «հնազանդվել մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին»։

17 «Մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրը» ներառում է նրա սովորեցրած բոլոր ճշմարտությունները, որոնք ամփոփված են Աստծու Խոսքում։ Իսկ ինչպե՞ս ենք հնազանդվում բարի լուրին։ Մենք դա անում ենք, երբ կիրառում ենք մեր սովորածը. Թագավորության շահերին առաջնային կարևորություն ենք տալիս, միշտ Աստծու արդար չափանիշներով ենք առաջնորդվում և քարոզում ենք նրա Թագավորությունը (Մատթ. 6։33; 24։14)։ Մեր հնազանդությունը երևում է նաև այն բանից, որ թիկունք ենք կանգնում Քրիստոսի օծյալ եղբայրներին, որպեսզի կարողանան կատարել իրենց հանձնարարված կարևոր գործը (Մատթ. 25։31–40

18. Քրիստոսի օծյալ եղբայրները ինչպե՞ս վարձահատույց կլինեն իրենց հանդեպ դրսևորված բարության համար։

18 Եհովայի օծյալ ծառաները շուտով վարձահատույց կլինեն այն բարության համար, որ իրենց հանդեպ դրսևորել են «ուրիշ ոչխարների» թվին պատկանող մարդիկ (Հովհ. 10։16)։ Ինչպե՞ս։ Նախքան կսկսվի Արմագեդոն պատերազմը, բոլոր 144 000 օծյալները հավաքված կլինեն երկնքում և դարձած կլինեն ոգեղեն անմահ էակներ։ Նրանք կմտնեն երկնային զորքերի կազմի մեջ, որոնք կջախջախեն Գոգին և կպաշտպանեն Եհովայի ծառաների «մեծ բազմությանը» (Հայտն. 2։26, 27; 7։9, 10)։ Որքա՜ն երջանիկ կլինեն այս փրկվածները, որ կարողացել են աջակցել օծյալներին, երբ նրանք դեռ երկրի վրա են եղել։

ԻՆՉՊԵ՞Ս ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱՆՔ

19–20. Մինչ Արմագեդոնը մոտենում է, ի՞նչ պետք է անենք, որ մինչև վերջ հավատարիմ մնանք Աստծուն։

19 Դժվարություններով լի այս վերջին օրերում շատերս զանազան փորձություններ ենք կրում։ Սակայն մենք կարող ենք ուրախությա՛մբ համբերել (Հակ. 1։2–4)։ Դրա համար նախևառաջ պետք է շարունակենք ջերմագին աղոթել մեր երկնային Հորը (Ղուկ. 21։36)։ Նաև հարկավոր է ամեն օր ուսումնասիրել Աստծու Խոսքը և խորհել կարդացածի շուրջ, այդ թվում՝ դրանում գրված այն ապշեցուցիչ մարգարեությունների, որոնք մեր ժամանակներին են վերաբերում (Սաղ. 77։12)։ Այս ամենն անելով, ինչպես նաև ծառայությանն ակտիվորեն մասնակցելով՝ մեր հավատն ամուր կպահենք և մեր հույսը երբեք չենք կորցնի։

20 Պատկերացրու այն ցնծությունը, որ կապրես, երբ Մեծ Բաբելոնը կործանվի, և Արմագեդոն պատերազմն ավարտվի։ Ավելին՝ մտածիր, թե որքան երջանիկ կլինես, երբ Աստծու անունն ու գերիշխանությունը լիովին արդարացվեն (Եզեկ. 38։23)։ Այո՛, Արմագեդոնը ուրախալի իրադարձություն կլինի բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում են Եհովային, հնազանդվում են նրա Որդուն և ամեն ինչ անում են, որ մինչև վերջ համբերեն (Մատթ. 24։13)։ Հիրավի բարի լուր...

ԵՐԳ 143 Արթուն ու եռանդուն լինենք, փափագով սպասենք

^ պարբ. 5 Եհովայի ժողովուրդը վաղուց սպասում է Արմագեդոնին։ Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ է Արմագեդոնը, թե որ իրադարձությունները կհանգեցնեն դրան, և թե ինչպես կարող ենք Աստծուն հավատարիմ մնալ, մինչ այս աշխարհի վերջը արագորեն մոտենում է։

^ պարբ. 71 ՆԿԱՐ։ Աշխարհում ցնցող իրադարձություններ են կատարվում։ 1) «Խաղաղություն և անվտանգություն» է հայտարարվում. մենք շարունակում ենք քարոզել, քանի դեռ դա հնարավոր է։ 2) Կեղծ կրոնները ոչնչացվում են. մենք չենք դադարում ուսումնասիրել Աստծու Խոսքը։ 3) Գոգը հարձակվում է մեզ վրա. մենք ապավինում ենք Եհովային՝ վստահ, որ նա կպաշտպանի մեզ։

^ պարբ. 85 ՆԿԱՐ։ Ոստիկանները պատրաստվում են ներխուժել Եհովայի ծառաների տուն, որոնք համոզված են, որ Հիսուսն ու իր հրեշտակները ամեն ինչ իրենց վերահսկողության տակ են պահում։