Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 35

Եհովայի համար թանկ են իր խոնարհ ծառաները

Եհովայի համար թանկ են իր խոնարհ ծառաները

«Եհովան.... խոնարհին.... տեսնում է» (ՍԱՂ. 138։6

ԵՐԳ 48 Ամեն օր քայլենք Եհովայի հետ

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում խոնարհ մարդկանց։ Բացատրիր։

ԵՀՈՎԱՆ սիրում է խոնարհ մարդկանց։ Միայն իսկապես խոնարհ մարդիկ կարող են ջերմ, մտերիմ փոխհարաբերություններ ունենալ նրա հետ։ Մինչդեռ բարձրամիտներին նա «միայն հեռվից է ճանաչում» (Սաղ. 138։6)։ Բոլորս էլ ցանկանում ենք ուրախացնել Եհովայի սիրտը և զգալ նրա ջերմ սերը, իսկ դրա համար պետք է սովորենք խոնարհ լինել։

2. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

2 Այս հոդվածում կքննարկենք հետևյալ հարցերը։ 1) Ի՞նչ է խոնարհությունը։ 2) Ինչո՞ւ պետք է սովորենք խոնարհ լինել։ 3) Մեր խոնարհությունը ո՞ր իրավիճակներում կարող է փորձության ենթարկվել։ Կիմանանք, որ խոնարհություն զարգացնելով՝ ոչ միայն ուրախացնում ենք Եհովայի սիրտը, այլև ինքներս ենք մեծ օգուտ ստանում (Առակ. 27։11; Ես. 48։17

Ի՞ՆՉ Է ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ

3. Ի՞նչ է խոնարհությունը։

3 Խոնարհ մարդը զերծ է հպարտությունից ու գոռոզությունից. նա իր մասին մեծ կարծիք չունի։ Այդպիսի անձնավորությունը գիտակցում է, որ Եհովան իրենից անսահմանորեն մեծ է, ինչպես նաև ընդունում է, որ մյուս բոլոր մարդիկ ինչ-որ առումով առավել են իրենից (Փիլիպ. 2։3, 4

4–5. Ինչո՞ւ չի կարելի արտաքինից դատել՝ մարդը խոնարհ է, թե ոչ։

4 Որոշ մարդիկ միայն թվում են խոնարհ։ Հնարավոր է՝ նրանք բնավորությամբ լռակյաց են ու ամաչկոտ։ Կամ հարգալից են ու քաղաքավարի, որովհետև այդպիսի դաստիարակություն են ստացել։ Բայց իրականում՝ սրտի խորքում, նրանք կարող են շատ հպարտ լինել։ Վաղ թե ուշ այդպիսի մարդիկ ցույց են տալիս իրենց իսկական էությունը (Ղուկ. 6։45

5 Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ինքնավստահ են թվում կամ իրենց մտքերն անկաշկանդ արտահայտում են, պարտադիր չէ, որ հպարտ լինեն (Հովհ. 1։46, 47)։ Սակայն այսպիսի մարդիկ պետք է զգույշ լինեն, որ հույսը չդնեն իրենց կարողությունների վրա։ Ինչպիսին էլ լինենք՝ անկաշկանդ, թե ամաչկոտ, բոլորս էլ պետք է ջանքեր թափենք, որ խոնարհ սիրտ ունենանք։

Պողոս առաքյալը խոնարհ էր. նա իր մասին մեծ կարծիք չուներ (տես պարբերություն 6) *

6. 1 Կորնթացիներ 15։10 համարը հաշվի առնելով՝ ի՞նչ կարող ենք սովորել Պողոս առաքյալից։

6 Քննենք Պողոս առաքյալի օրինակը։ Նրա միջոցով Եհովան տարբեր քաղաքներում ժողովներ էր հիմնում։ Հնարավոր է՝ Պողոսը ծառայության մեջ նույնիսկ ավելին է արել, քան մյուս առաքյալներից որևէ մեկը։ Սակայն նա երբեք վերևից չէր նայում իր եղբայրներին։ Դեռ ավելին՝ խոնարհաբար ասում էր. «Առաքյալների մեջ ես փոքրագույնն եմ և արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածում էի Աստծու ժողովը» (1 Կորնթ. 15։9)։ Պողոսն ընդունում էր, որ Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ ունի ոչ թե իր լավ հատկությունների ու գործերի շնորհիվ, այլ Աստծու անզուգական բարության (կարդա 1 Կորնթացիներ 15։10)։ Խոնարհության ի՜նչ հիանալի օրինակ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Կորնթոսի ժողովից որոշ տղամարդիկ սուր քննադատության էին ենթարկում Պողոսին և ձգտում էին ապացուցել, որ բարձր են նրանից (2 Կորնթ. 10։10

Կարլ Քլեյնին, որը ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ, ճանաչում էին որպես խոնարհ անձնավորություն (տես պարբերություն 7)

7. Լավ ճանաչված մի եղբայր ինչպե՞ս է փաստել, որ խոնարհ է։

7 Խոնարհության հիանալի օրինակ է թողել նաև եղբայր Կարլ Ֆրեդերիկ Քլեյնը, որը Կառավարիչ մարմնի անդամ է եղել։ Նրա կենսագրությունը շատ քաջալերական է։ * Այնտեղ նա խոնարհաբար և անկեղծորեն պատմել է իր թերությունների ու դժվարությունների մասին։ Օրինակ՝ նշել է, որ երբ 1922 թ.-ին առաջին անգամ գնացել է տնետուն քարոզելու, դա այնքան դժվար է թվացել իրեն, որ դրանից հետո մոտ երկու տարի չի մասնակցել ծառայության այդ ձևին։ Եղբայրը նաև խոստովանել է, որ հետագայում՝ Բեթելում ծառայելիս, որոշ ժամանակ նեղացած է եղել մի եղբորից, որն իրեն խորհուրդ էր տվել։ Բացի այդ՝ նա պատմել է, որ նյարդային խանգարում է ստացել, ինչից հետագայում ապաքինվել է։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ եղբայր Քլեյնը նաև նշել է, թե այդ տարիների ընթացքում ինչ հետաքրքիր ու կարևոր հանձնարարություններ է կատարել։ Պատկերացնո՞ւմ ես, թե այս եղբորից ինչպիսի խոնարհություն է պահանջվել իր թերությունների մասին խոսելու համար։ Բազմաթիվ եղբայրներ ու քույրեր մինչ օրս ջերմությամբ են հիշում եղբայր Քլեյնին և այն, թե որքան անկեղծ մարդ էր նա։

ԻՆՉՈ՞Ւ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵՆՔ ԽՈՆԱՐՀ ԼԻՆԵԼ

8. 1 Պետրոս 5։6-ը ինչպե՞ս է ցույց տալիս, որ խոնարհություն զարգացնելով՝ կարժանանանք Եհովայի հավանությանը։

8 Խոնարհություն զարգացնելու ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես կարժանանանք Եհովայի հավանությանը։ Սա հստակ երևում է 1 Պետրոս 5։6-ում գրված խոսքերից (կարդա)։ «Եկ ու իմ հետևորդը դարձիր» գրքում Պետրոս առաքյալի այս խոսքերի վերաբերյալ ասվում է. «Հպարտությունը նման է թույնի։ Արդյունքը աղետաբեր է։ Անգամ ամենահմուտ ու տաղանդավոր մարդը այս հատկության պատճառով կարող է անպետք դառնալ Աստծու աչքում։ Մինչդեռ խոնարհությունը, հակառակը, բարձրացնում է մարդուն, և անգամ ոչ մի բանով աչքի չընկնող անհատը այդ հատկության շնորհիվ կարող է շատ արժեքավոր դառնալ Եհովայի համար»։ * Գրքում նաև նշվում է, որ Աստված սրտանց ցանկանում է վարձատրել իր ծառաներին խոնարհության համար։ Մի պահ մտածիր. մի՞թե մեր Արարչի սիրտն ուրախացնելուց ավելի լավ բան կա (Առակ. 23։15

9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ եթե խոնարհ լինենք, մարդիկ կձգվեն դեպի մեզ։

9 Երբ սովորում ենք խոնարհ լինել, ոչ միայն ուրախացնում ենք Եհովայի սիրտը, այլև ինքներս ենք մեծ օգուտ ստանում։ Օրինակ, երբ խոնարհ ենք, մարդիկ ձգվում են դեպի մեզ։ Իսկ ինչո՞ւ է այդպես լինում։ Մի պահ մտածիր. անձամբ դու ինչպիսի՞ մարդկանց հետ ես հաճույքով շփվում (Մատթ. 7։12)։ Սովորաբար մենք այնքան էլ չենք սիրում գործ ունենալ նրանց հետ, ովքեր միշտ իրենցն են պնդում և ոչ մի առաջարկ չեն ընդունում։ Եվ հակառակը, հաճույքով ենք շփվում մեր այն հավատակիցների հետ, որոնք «ցավակից են, եղբայրասեր, խորապես կարեկցող, խոնարհամիտ» (1 Պետ. 3։8)։ Ինչպես որ մենք ենք ձգվում դեպի այսպիսի մարդիկ, այնպես էլ նրանք կձգվեն դեպի մեզ, եթե խոնարհ լինենք։

10. Խոնարհությունն ինչպե՞ս է օգնում թեթև նայել կյանքին։

10 Խոնարհությունն օգնում է թեթև նայել կյանքին։ Իրականությունն այն է, որ կյանքում այնպիսի բաներ ենք տեսնում, որոնք անարդար կամ սխալ են թվում մեզ։ Իմաստուն Սողոմոնն ասել է. «Ես տեսել եմ ծառաների, որոնք ձիերի վրա են, և իշխանների, որոնք ծառաների պես ոտքով են գնում երկրի վրա» (Ժող. 10։7)։ Երբեմն շատ տաղանդավոր մարդիկ այդպես էլ ճանաչված չեն դառնում, մինչդեռ նրանք, ովքեր այնքան էլ ընդունակ չեն, մեծ պատվի են արժանանում։ Սակայն Սողոմոնը նաև գիտակցում էր, որ նման դեպքերում մարդը իմաստուն կվարվի, եթե ընդունի իրականությունը և զուր տեղը չմտատանջվի կյանքում հանդիպող բացասական երևույթների պատճառով (Ժող. 6։9)։ Խոնարհ մարդու համար ավելի՛ հեշտ է կյանքն ընդունել այնպիսին, ինչպիսին կա, և չմտածել, թե ինչպիսին այն պետք է լիներ։

ՄԵՐ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ Ե՞ՐԲ Է ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ

Այսպիսի իրավիճակում մեր խոնարհությունը ինչպե՞ս կարող է փորձության ենթարկվել (տես պարբերություն 11–12) *

11. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ խորհուրդ ենք ստանում։

11 Ամեն օր բազմաթիվ իրավիճակներում կարիք է առաջանում խոնարհություն դրսևորելու։ Ահա մի քանի օրինակ։ Երբ խորհուրդ ենք ստանում։ Լավ կլինի հիշել, որ եթե ինչ-որ մեկը ջանքեր է ներդրել և խորհուրդ է տվել մեզ, ապա, հավանաբար, մենք ավելի մեծ սխալ ենք գործել, քան կարծում ենք։ Այդ ժամանակ առաջին բանը, որ գուցե ցանկանանք անել, խորհուրդը մերժելն է։ Նաև հնարավոր է՝ քննադատության ենթարկենք խորհուրդ տվողին կամ խորհուրդ տալու ձևը։ Բայց եթե խոնարհ լինենք, կձգտենք ճիշտ արձագանքել խորհրդին։

12. Առակներ 27։5, 6 համարների համաձայն՝ ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք մեզ խորհուրդ տվողին։ Բեր օրինակ։

12 Խոնարհ մարդը շնորհակալ է խորհրդի համար։ Օրինակ՝ պատկերացրու՝ ժողովի հանդիպման ես։ Երբ զրուցում ես հավատակիցներիդ հետ, նրանցից մեկը քեզ մի կողմ է տանում և ասում, որ ատամներիդ արանքում ուտելիքի մնացորդ կա։ Իհարկե, դու մի պահ անհարմար կզգաս, բայց մի՞թե շնորհակալ չես լինի այդ մարդուն, որ քեզ ասաց այդ մասին։ Երևի կուզենայիր, որ քեզ ավելի շուտ ասած լինեին դա։ Այո՛, եթե խոնարհ ենք, շնորհակալ կլինենք մեր հավատակցին, որ քաջություն ունեցավ մեզ խորհուրդ տալու։ Մենք նրան կհամարենք ընկեր, ոչ թե թշնամի (կարդա Առակներ 27։5, 6; Գաղ. 4։16

Մեր խոնարհությունն ինչպե՞ս է փորձվում, երբ ուրիշներն են առանձնաշնորհումներ ստանում (տես պարբերություն 13–14) *

13. Ինչպե՞ս կարող ենք խոնարհություն դրսևորել, երբ ուրիշները առանձնաշնորհումներ են ստանում։

13 Երբ ուրիշները առանձնաշնորհումներ են ստանում։ Ջեյսոն անունով մի երեց անկեղծորեն խոստովանում է. «Երբ տեսնում եմ, թե ուրիշները ինչ առանձնաշնորհումներ են ստանում, երբեմն մտքումս ասում եմ. «Իսկ ինչո՞ւ ի՛նձ չեն ընտրել»»։ Երբևէ այսպես մտածե՞լ ես։ Լավ է, երբ ձգտում ենք ավելին անել Եհովայի համար (1 Տիմոթ. 3։1)։ Սակայն պետք է հսկենք մեր մտքերը։ Եթե զգույշ չլինենք, գուցե թույլ տանք, որ հպարտությունը բույն դնի մեր սրտում։ Օրինակ՝ եղբայրը գուցե սկսի մտածել, թե ամենից լավ ինքը կարող է անել այս կամ այն գործը։ Կամ քույրը, հնարավոր է, մտքում ասի. «Իմ ամուսինը մյուսներից շատ ավելի լավ կկատարեր այս հանձնարարությունը»։ Բայց եթե իսկապես խոնարհ ենք, այսպես չենք մտածի։

14. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, թե Մովսեսն ինչպես արձագանքեց, երբ ուրիշները առանձնաշնորհումներ ստացան։

14 Մենք կարող ենք դաս քաղել այն բանից, թե Մովսեսն ինչպես արձագանքեց, երբ ուրիշները առանձնաշնորհումներ ստացան։ Նա բարձր էր գնահատում Իսրայել ազգին առաջնորդելու իր պարտականությունը։ Սակայն երբ Եհովան ուրիշներին թույլ տվեց այդ գործում աջակցել նրան, վերջինս նախանձով չլցվեց (Թվեր 11։24–29)։ Ժողովրդին դատելու հարցում ևս Մովսեսը խոնարհաբար թույլ տվեց, որ ուրիշները օգնեն իրեն (Ելք 18։13–24)։ Չէ՞ որ դա օգուտ կբերեր իսրայելացիներին. այդպես նրանք երկար չէին սպասի իրենց խնդիրների լուծմանը։ Տեսնում ենք, որ Մովսեսին ավելի շատ հետաքրքրում էր ժողովրդի բարօրությունը, քան իր դիրքը։ Ի՜նչ հիանալի օրինակ է նա մեզ համար։ Եկեք միշտ հիշենք. թեև «Եհովան բարձր է, բայց խոնարհին նա տեսնում է» (Սաղ. 138։6)։ Ուստի եթե ուզում ենք Եհովայի համար իսկապես պիտանի լինել, ապա ավելի կարևոր է խոնարհ լինել, քան շնորհալի։

15. Որոշ եղբայրների ու քույրերի հանգամանքները ինչպե՞ս են փոխվել։

15 Երբ հանգամանքները փոխվում են։ Վերջին ժամանակներում ծառայության մեջ տասնյակ տարիների փորձ ունեցող որոշ եղբայրներ ու քույրեր այլ նշանակում են ստացել։ Օրինակ՝ 2014 թ.-ին հայտարարվեց, որ մարզային վերակացուներ այլևս չեն լինելու, ուստի այդ եղբայրներին ու նրանց կանանց առաջարկվեց մասնակցել լիաժամ ծառայության այլ ձևի։ Նույն տարվանից սկսած՝ շրջանային վերակացուները, 70 տարեկան դառնալով, պետք է դադարեցնեն այդ ծառայությունը։ Իսկ 80 տարեկան և ավելի տարեց եղբայրները այլևս չպետք է ծառայեն որպես ժողովի երեցների խորհրդի կոորդինատոր։ Անցած մի քանի տարիների ընթացքում այլ փոփոխություններ էլ են եղել։ Բեթելի ընտանիքից շատերը նշանակվել են ծառայելու դաշտում։ Ոմանք էլ ստիպված են եղել հատուկ լիաժամ ծառայությունը դադարեցնել առողջական խնդիրների, ընտանեկան պարտականությունների կամ այլ հանգամանքների պատճառով։

16. Խոնարհությունն ինչպե՞ս է օգնել մեր հավատակիցներին հարմարվելու նոր հանգամանքներին։

16 Այս եղբայրներից ու քույրերից շատերի համար դժվար էր հարմարվել փոփոխություններին։ Չէ՞ որ նրանք շատ էին սիրում այն ծառայությունը, որ տարիներ շարունակ կատարում էին։ Ուստի սկզբում նրանցից ոմանք շատ տխուր էին, բայց ժամանակի ընթացքում հարմարվեցին։ Իսկ ի՞նչը նրանց օգնեց։ Այն, որ ամեն ինչից առավել նրանք Եհովային են սիրում և քաջ գիտակցում են, որ նրան են նվիրվել, ոչ թե ինչ-որ գործի կամ կոչման (Կող. 3։23)։ Ուստի ուրախ են, որ իրենց փոփոխված հանգամանքներում էլ շարունակում են խոնարհաբար ծառայել Եհովային։ Մեր այս հավատակիցները իրենց ամբողջ հոգսը Աստծու վրա են գցում, որովհետև համոզված են, որ «նա հոգ է տանում [իրենց] մասին» (1 Պետ. 5։6, 7

17. Խոնարհությունն ինչո՞ւ է արժեքավոր մեզ համար։

17 Մենք անչափ շնորհակալ ենք մեր Արարչին, որ իր Խոսքի միջոցով մեզ հորդորում է խոնարհություն զարգացնել։ Այս արժեքավոր հատկությունը նպաստում է ինչպես մեր, այնպես էլ ուրիշների բարօրությանը։ Այն մեզ օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները։ Բայց որ ամենակարևորն է, խոնարհ լինելով՝ մենք մտերմանում ենք մեր երկնային Հոր հետ։ Ի՜նչ հաճելի է իմանալ, որ Եհովան՝ «Բարձրն ու Վեհը», ոգով խոնարհների հետ է. նա սիրում ու գնահատում է նրանց (Ես. 57։15

ԵՐԳ 45 Սրտիս խորհրդածությունը

^ պարբ. 5 Խոնարհությունը կարևորագույն հատկություններից է, որ պետք է զարգացնենք։ Իսկ ի՞նչ է խոնարհությունը։ Ինչո՞ւ պետք է սովորենք խոնարհ լինել։ Եվ ինչպե՞ս կարող են փոփոխվող հանգամանքները փորձության ենթարկել մեր խոնարհությունը։ Այս հոդվածում կքննարկվեն նշված երեք հարցերը։

^ պարբ. 7 Տես «Դիտարան», 1984, հոկտեմբերի 1, էջ 21–28, անգլ.։

^ պարբ. 53 ՆԿԱՐ։ Պողոս առաքյալը եղբայրներից մեկի տանը հաճույքով շփվում է բոլորի հետ, այդ թվում՝ երեխաների։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Տարեց եղբայրն ընդունում է երիտասարդ եղբոր խորհուրդը, որը հիմնված է Աստվածաշնչի վրա։

^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Տարեց եղբայրը չի նախանձում նոր նշանակում ստացած երիտասարդ եղբորը։