Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38

«Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ»

«Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ»

«Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածնե՛ր ու բեռնավորվածնե՛ր, և ես կթարմացնեմ ձեզ» (ՄԱՏԹ. 11։28

ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Մատթեոս 11։28–30 համարների համաձայն՝ Հիսուսը ի՞նչ խոստում է տվել։

ՀԻՍՈՒՍԸ իրեն լսող բազմությանը ջերմ հրավեր ուղղեց. «Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ» (կարդա Մատթեոս 11։28–30)։ Սա դատարկ խոստում չէր։ Օրինակ՝ մտածիր, թե նա ինչ արեց մի կնոջ համար, որը տարիներ շարունակ տառապում էր հյուծիչ հիվանդությունից։

2. Հիսուսը ի՞նչ արեց մի հիվանդ կնոջ համար։

2 Այդ կինը ծայրաստիճան կարիք ուներ օգնության։ Նա 12 տարի էր՝ տառապում էր տանջող հիվանդությունից։ Նա բազմաթիվ բժիշկների էր դիմել՝ հույս ունենալով ազատվելու իր ցավից, բայց ապարդյուն։ Նաև իր հիվանդության պատճառով այս կինը, ըստ Մովսիսական օրենքի, անմաքուր էր համարվում (Ղևտ. 15։25)։ Բայց հետո նա լսում է, որ Հիսուսը կարողանում է հիվանդություններ բուժել։ Ուստի գտնում է Հիսուսին, դիպչում է նրա վերնահագուստի ծոպերին և անմիջապես բուժվում է։ Բայց Հիսուսը ոչ միայն բուժում է նրան, այլև օգնում է, որ նա իրեն սիրված ու հարգված զգա։ Օրինակ՝ նրան դիմում է մի ջերմ ու հարգալից բառով՝ «դուստր»։ Պատկերացրու, թե այդ կինը իրեն որքան թարմացած ու զորացած է զգում (Ղուկ. 8։43–48

3. Ո՞ր հարցերի պատասխանները կգտնենք այս հոդվածում։

3 Ուշադրություն դարձրու, որ կինն ինքն է նախաձեռնություն վերցնում ու գնում Հիսուսի մոտ։ Հիսուսի մոտ «գնալու» համար մենք նույնպես պետք է ջանքեր թափենք։ Իհարկե, մեր օրերում Հիսուսը հրաշքով չի բուժում իր մոտ եկած մարդկանց։ Բայց նրա խոստումը՝ «ես կթարմացնեմ ձեզ», մինչ օրս ուժի մեջ է։ Իսկ ի՞նչ պետք է անենք Հիսուսի հրավերն ընդունելու համար։ Նա ի՞նչ նկատի ուներ՝ ասելով. «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»։ Հիսուսից ի՞նչ կարող ենք սովորել։ Նրա հանձնարարած գործը ինչո՞ւ է թարմություն բերում։ Ինչպե՞ս կարող ենք մշտապես թարմություն գտնել Հիսուսի լծի տակ։ Հոդվածում կգտնենք այս հարցերի պատասխանները։

«ԻՆՁ ՄՈՏ ԵԿԵՔ»

4–5. Ի՞նչ պետք է անենք, որ «գնանք» Հիսուսի մոտ։

4 Հիսուսի մոտ կարող ենք «գնալ», օրինակ, հնարավորինս շատ բան սովորելով այն ամենի մասին, ինչ նա ասել ու արել է (Ղուկ. 1։1–4)։ Մեր փոխարեն՝ դա ոչ ոք չի կարող անել. ամեն մարդ ինքը պետք է ուսումնասիրի աստվածաշնչյան այդ արձանագրությունները։ Մենք Հիսուսի մոտ «գնում ենք» նաև, երբ մկրտվում ու դառնում ենք նրա աշակերտը։

5 Իսկ է՞լ ինչպես կարող ենք արձագանքել Հիսուսի հրավերին։ Անհրաժեշտության դեպքում երեցներից օգնություն խնդրելով։ Նա «մարդկանց տեսքով [այս] պարգևների» միջոցով հոգ է տանում իր գառների մասին (Եփես. 4։7, 8, 11; Հովհ. 21։16; 1 Պետ. 5։1–3)։ Բայց մենք ինքներս պետք է նախաձեռնություն վերցնենք և օգնություն խնդրենք, քանի որ երեցները չեն կարող կարդալ մեր միտքը, որ իմանան, թե ինչի կարիք ունենք։ Ջուլիան անունով մի եղբայր պատմում է. «Առողջական խնդիրներիս պատճառով ստիպված եղա դադարեցնել Բեթելի ծառայությունս։ Ընկերներիցս մեկը ինձ խորհուրդ տվեց հովվական այցելություն խնդրել։ Կարծում էի, թե դրա կարիքը չունեմ։ Բայց հետո, այնուամենայնիվ, օգնություն խնդրեցի, և այդ հովվական այցելությունը դարձավ իմ ստացած ամենալավ նվերը»։ Մեր հոգատար երեցները, ինչպիսիք, օրինակ, Ջուլիանին այցելած երկու եղբայրներն էին, կարող են օգնել, որ «Քրիստոսի միտքն ունենանք», այսինքն՝ նրա պես մտածենք ու վարվենք (1 Կորնթ. 2։16; 1 Պետ. 2։21)։ Իսկ դա, իրոք որ, լավագույն բաներից է, որ երեցները կարող են անել մեզ համար։

«ԻՄ ԼՈՒԾԸ ՁԵԶ ՎՐԱ ՎԵՐՑՐԵՔ»

6. Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասաց. «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»։

6 Առաջարկելով՝ «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»՝ Հիսուսը, հնարավոր է, ուզում էր ասել. «Ընդունեք իմ իշխանությունը»։ Նա գուցե նաև ուզում էր ասել. «Ինձ հետ մտեք լծի տակ, և եկեք միասին աշխատենք Եհովայի համար»։ Ամեն դեպքում լուծը կապ ունի աշխատանքի հետ։

7. Մատթեոս 28։18–20 համարների համաձայն՝ ի՞նչ գործ է մեզ տրվել, և ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

7 Մենք ընդունում ենք Հիսուսի այս առաջարկը, երբ մեր կյանքը նվիրում ենք Եհովային և մկրտվում ենք։ Այս հրավերը բոլորին է ուղղված. Հիսուսը երբեք չի մերժի նրանց, ովքեր իսկապես ուզում են ծառայել Աստծուն (Հովհ. 6։37, 38)։ Քրիստոսի բոլոր հետևորդները պատիվ ունեն մասնակցելու քարոզչական գործին, որը Եհովան հանձնարարել է Հիսուսին։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Հիսուսը միշտ կօգնի մեզ այդ գործում (կարդա Մատթեոս 28։18–20

«ՍՈՎՈՐԵՔ ԻՆՁԱՆԻՑ»

Հիսուսի պես թարմացրու ուրիշներին (տես պարբերություն 8–11) *

8–9. Խոնարհ մարդիկ ինչո՞ւ էին ձգվում դեպի Հիսուսը, և ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

8 Խոնարհ մարդիկ ձգվում էին դեպի Հիսուսը (Մատթ. 19։13, 14; Ղուկ. 7։37, 38)։ Ինչո՞ւ։ Մի պահ մտածիր այն մասին, թե նա որքան էր տարբերվում փարիսեցիներից։ Այդ կրոնական առաջնորդները սառնասիրտ էին ու մեծամիտ (Մատթ. 12։9–14)։ Հիսուսը, հակառակը, ջերմ էր ու խոնարհ։ Փարիսեցիները փառասեր էին և հպարտանում էին հասարակության մեջ իրենց ունեցած դիրքով։ Այնինչ Հիսուսը խստորեն դատապարտում էր փառասիրությունը և իր աշակերտներին սովորեցնում էր խոնարհ լինել ու ծառայել ուրիշներին (Մատթ. 23։2, 6–11)։ Փարիսեցիները, ժողովրդին վախի մեջ պահելով, իշխում էին նրա վրա (Հովհ. 9։13, 22)։ Մինչդեռ Հիսուսը իր սիրով և բարի խոսքերով ու գործերով թարմացնում էր մարդկանց։

9 Իսկ դու ընդօրինակո՞ւմ ես Հիսուսին։ Հարցրու ինքդ քեզ. «Ունե՞մ մեղմ ու խոնարհ մարդու համբավ։ Պատրաստակամորե՞ն եմ ծառայում ուրիշներին՝ կատարելով պատվավոր չհամարվող գործեր։ Բարի՞ եմ մարդկանց հանդեպ»։

10. Հիսուսն իր շուրջը ինչպիսի՞ մթնոլորտ էր ստեղծում։

10 Հիսուսն իր շուրջը խաղաղ, հաճելի մթնոլորտ էր ստեղծում և ուրախությամբ էր կրթում իր համագործակիցներին (Ղուկ. 10։1, 19–21)։ Նրա աշակերտները չէին կաշկանդվում հարցեր տալ նրան։ Հիսուսն էլ իր հերթին ուշադիր լսում էր նրանց կարծիքը (Մատթ. 16։13–16)։ Նրա կողքին աշակերտները լավ խնամված բույսերի պես ծաղկում էին։ Նրանք կլանում էին Հիսուսի սովորեցրած բաները և պտուղ էին տալիս՝ բարի գործեր էին անում։

Եղիր մատչելի ու ջերմ

Եղիր ակտիվ ու եռանդուն

Եղիր խոնարհ ու աշխատասեր *

11. Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ։

11 Եթե քեզ որոշակի իշխանություն է տրված, հարցրու ինքդ քեզ. «Ինչպիսի՞ մթնոլորտ եմ ստեղծում իմ շուրջը, օրինակ՝ աշխատավայրում կամ տանը։ Այնպե՞ս եմ անում, որ մարդիկ հանգիստ զգան իմ կողքին։ Նրանք չե՞ն կաշկանդվում հարցեր տալ ինձ։ Պատրաստակամորեն լսո՞ւմ եմ նրանց կարծիքը»։ Մենք չենք ուզում նմանվել փարիսեցիներին, որոնք խիստ զայրանում էին, երբ ինչ-որ մեկը չէր ընդունում իրենց ասածը, և հալածում էին նրանց, ովքեր տարակարծիք էին (Մարկ. 3։1–6; Հովհ. 9։29–34

«ԴՈՒՔ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԿԳՏՆԵՔ»

12–14. Հիսուսի տված գործը ինչո՞ւ է թարմացնում մեզ։

12 Հիսուսի հանձնարարած գործը ինչո՞ւ է թարմացնում մեզ։ Պատճառները շատ են, բայց քննենք դրանցից մի քանիսը։

13 Մենք լավագույն վերակացուներն ունենք։ Եհովան՝ մեր Բարձրյալը, կոպիտ ու երախտամոռ տեր չէ։ Նա ոչ միայն գնահատում է մեր արածը, այլև զորացնում է մեզ, որ կարողանանք կատարել իր հանձնարարած գործը (Եբր. 6։10; 2 Կորնթ. 4։7; Գաղ. 6։5)։ Հիսուսը՝ մեր Թագավորը, իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է վարվենք ուրիշների հետ (Հովհ. 13։15)։ Իսկ երեցները, որոնք հոգ են տանում մեր մասին, ջանում են ընդօրինակել Հիսուսին՝ մեր «մեծ հովվին» (Եբր. 13։20; 1 Պետ. 5։2)։ Մեզ ուսուցանելիս և պաշտպանելիս նրանք ձգտում են լինել բարի, սրտապնդիչ և քաջ։

14 Մենք լավագույն համագործակիցներն ունենք։ Ուրիշ ոչ ոք չունի այնպիսի իմաստալից գործ ու սիրառատ գործընկերներ, ինչպիսիք որ մենք ունենք։ Մի պահ մտածիր. մենք պատիվ ունենք համագործակցելու այնպիսի մարդկանց հետ, որոնք առաջնորդվում են բարոյական ամենաբարձր չափանիշներով, բայց մեծամիտ չեն։ Նրանք տաղանդավոր են, բայց միևնույն ժամանակ համեստ և ուրիշներին իրենցից բարձր են դասում։ Նրանք մեզ համարում են ոչ միայն գործընկերներ, այլև ընկերներ։ Եվ այդ ջերմ կապն այնքան ամուր է, որ նրանք պատրաստ են մահանալ մեզ համար։

15. Ի՞նչ ենք զգում, երբ կատարում ենք Հիսուսի հանձնարարած գործը։

15 Մենք լավագույն գործով ենք զբաղված. բոլորին հայտնում ենք Եհովայի մասին ճշմարտությունը և քողազերծում ենք Սատանայի տարածած ստերը (Հովհ. 8։44)։ Աստծու այս չար թշնամին ծանր բեռներ է դնում մարդկանց վրա և իր ստերով վհատության մեջ է գցում նրանց։ Օրինակ՝ նա ուզում է մեզ հավատացնել, թե Եհովան չի ների մեր մեղքերը, և որ մենք արժանի չենք սիրո։ Այսպիսի կործանարար ստերը կարող են թևաթափ անել մեզ։ Բայց ճշմարտությունն այն է, որ երբ «գնում» ենք Քրիստոսի մոտ, մեր մեղքերը ներվում են։ Անհերքելի փաստ է նաև այն, որ Եհովան անչափ սիրում է բոլորիս (Հռոմ. 8։32, 38, 39)։ Ի՜նչ մեծ ուրախություն ենք ստանում, երբ մարդկանց սովորեցնում ենք վստահել Եհովային և տեսնում ենք, թե նրանց կյանքը ինչպես է բարելավվում։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ ՀԻՍՈՒՍԻ ԼԾԻ ՏԱԿ

16. Հիսուսի առաջարկած բեռը ինչպե՞ս է տարբերվում այն բեռներից, որ ստիպված ենք կրում։

16 Բեռը, որ Հիսուսը առաջարկեց մեզ վրա վերցնել, տարբերվում է այն բեռներից, որոնք ստիպված ենք կրում։ Օրինակ՝ աշխատանքային օրվա վերջում մեզանից շատերը ուժասպառ են լինում և գոհության զգացում չեն ունենում։ Բայց Եհովային ծառայելիս և Հիսուսի տված գործն անելիս մենք բավարարվածության խոր զգացումով ենք լցվում։ Աշխատանքից հետո, հնարավոր է, այնքան հոգնած ենք լինում, որ երեկոյան մի կերպ ենք ստիպում մեզ ժողովի հանդիպման գնալ։ Բայց հաճախ հանդիպումից տուն ենք վերադառնում թարմացած և նոր ուժերով լի։ Նույնը լինում է, երբ ջանքեր ենք ներդնում քարոզելու և Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անելու համար. մեր ստացածը միշտ ավելի շատ է լինում, քան ծախսածը։

17. Ինչո՞ւ պետք է իրատես լինենք և ինչի՞ մասին պետք է մտածենք։

17 Մենք պետք է իրատես լինենք. բոլորիս ուժերն էլ սահմանափակ են։ Ուստի պետք է մտածենք, թե ինչի վրա ենք ծախսում դրանք։ Օրինակ՝ հնարավոր է՝ մեր ուժերը վատնենք նյութական ունեցվածք ձեռք բերելու վրա։ Ուշադրություն դարձրու, թե Հիսուսն ինչ ասաց մի հարուստ երիտասարդի, որն իրեն հարցրեց. «Ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Այդ երիտասարդն արդեն իսկ պահում էր Մովսիսական օրենքը և, ըստ ամենայնի, լավ մարդ էր, քանի որ Մարկոսի Ավետարանում ասվում է, որ Հիսուսը «նրա հանդեպ սիրով լցվեց»։ Հետո նա այդ երիտասարդ իշխանին ասաց. «Գնա, վաճառիր ունեցվածքդ.... ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»։ Այս մարդը երկընտրանքի առաջ կանգնեց. նա ուզում էր Հիսուսի հետևորդը դառնալ, բայց չկարողացավ հրաժարվել իր «շատ ունեցվածքից» (Մարկ. 10։17–22)։ Նա իր վրա չվերցրեց Հիսուսի լուծը և շարունակեց ծառայել «Հարստությանը» (Մատթ. 6։24)։ Իսկ դո՞ւ ինչ ընտրություն կանես։

18. Ժամանակ առ ժամանակ ի՞նչ պետք է անենք և ինչո՞ւ։

18 Լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ վերանայենք մեր առաջնահերթությունները, որպեսզի ստուգենք, թե արդյոք իմաստնորեն ենք ծախսում մեր ուժերը։ Մարկ անունով մի երիտասարդ ասում է. «Տարիներ շարունակ կարծում էի, թե պարզ կյանքով եմ ապրում։ Ծառայում էի որպես ռահվիրա, բայց անընդհատ մտածում էի փող վաստակելու և կյանքս ավելի հարմարավետ դարձնելու մասին։ Ու չէի հասկանում, թե ինչու էր բեռս այդքան ծանրացել։ Բայց հետո գիտակցեցի, որ կյանքում առաջին հերթին իմ շահն էի փնտրում, իսկ Եհովային տալիս էի ժամանակիս և ուժերիս մնացորդները»։ Մարկը փոխեց իր մտածելակերպն ու ապրելակերպը և սկսեց ավելին անել ծառայության մեջ։ Նա ասում է. «Երբեմն հոգսերիս պատճառով սկսում եմ անհանգստանալ, բայց Եհովայի ու Հիսուսի աջակցությամբ կարողանում եմ հաղթահարել դժվարություններս և կենտրոնանալ ծառայությանս վրա»։

19. Ճիշտ տրամադրվածություն պահպանելը ինչո՞ւ է շատ կարևոր։

19 Մենք կշարունակենք թարմություն գտնել Հիսուսի լծի տակ, եթե անենք հետևյալ երեք բաները։ Առաջին՝ պետք է ճիշտ տրամադրվածություն պահպանենք։ Մենք Եհովայի գործն ենք անում, ուստի պետք է նրա ուզած ձևով անենք այն։ Տերը Եհովան է, իսկ մենք լոկ աշխատողներ ենք (Ղուկ. 17։10)։ Եթե փորձենք նրա գործը մեր ուզած ձևով անել, կսկսենք պայքարել Հիսուսի լծի դեմ։ Անգամ ուժեղ եզն է վնասվում և ուժասպառ լինում, երբ անընդհատ փորձում է իր ուզած կողմը գնալ և պայքարում է լծի դեմ, որին իր տերն է ուղղություն տալիս։ Մյուս կողմից, եթե հետևենք Եհովայի առաջնորդությանը, կկարողանանք աներևակայելի բաներ անել և հաղթահարել ցանկացած արգելք։ Հիշիր. ոչ ոք չի կարող խանգարել Եհովայի կամքի իրականացմանը (Հռոմ. 8։31; 1 Հովհ. 4։4

20. Ի՞նչ մղումներով պետք է վերցնենք Հիսուսի լուծը։

20 Երկրորդ՝ պետք է ճիշտ մղումներ ունենանք։ Մեր նպատակն է՝ փառք բերել Եհովային՝ մեր սիրառատ Հորը։ Առաջին դարում ապրած մարդկանցից ոմանք, ովքեր ագահությունից կամ շահամոլությունից դրդված էին հետևում Հիսուսին, շուտով հիասթափվեցին և մի կողմ նետեցին Հիսուսի լուծը (Հովհ. 6։25–27, 51, 60, 66; Փիլիպ. 3։18, 19)։ Իսկ նրանք, ում շարժառիթը Աստծու և մերձավորի հանդեպ անձնուրաց սերն էր, իրենց երկրային կյանքի ողջ ընթացքում ուրախությամբ կրեցին Հիսուսի լուծը և արժանացան նրա հետ երկնքում ծառայելու պատվին։ Այդ քրիստոնյաների պես մենք էլ կպահպանենք մեր ուրախությունը, եթե ճիշտ մղումներով կրենք Հիսուսի լուծը։

21. Մատթեոս 6։31–33 համարների համաձայն՝ ի՞նչ կարող ենք ակնկալել Եհովայից։

21 Երրորդ՝ պետք է ճիշտ ակնկալիքներ ունենանք։ Մենք կյանքի այնպիսի ուղի ենք ընտրել, որով ընթանալու համար պետք է անձնազոհ և ջանասեր լինենք։ Հիսուսը նախազգուշացրել է, որ իր հետևորդներին հալածելու են։ Բայց կարող ենք ակնկալել, որ Եհովան մեզ ուժ կտա դիմանալու ցանկացած դժվարության։ Ինչքան շատ տոկունություն դրսևորենք, այնքան հոգևորապես կամրանանք (Հակ. 1։2–4)։ Բացի այդ՝ կարող ենք վստահ լինել, որ Եհովան կտա մեզ այն ամենը, ինչի կարիքն ունենք, կարող ենք նաև համոզված լինել, որ Հիսուսը կհովվի մեզ, իսկ հավատակիցները քաջալերանքի աղբյուր կլինեն մեզ համար (կարդա Մատթեոս 6։31–33; Հովհ. 10։14; 1 Թեսաղ. 5։11)։ Ուրիշ ի՞նչ է մեզ պետք։

22. Ինչի՞ համար պետք է շնորհակալ լինենք։

22 Կինը, որին Հիսուսը բուժեց, հենց նույն օրը թարմություն գտավ։ Բայց նա կկարողանար այդուհետ էլ թարմություն ստանալ, եթե դառնար Քրիստոսի հավատարիմ աշակերտ։ Քո կարծիքով՝ այդ կինն ինչպե՞ս է վարվել։ Եթե որոշել է իր վրա վերցնել Հիսուսի լուծը, պատկերացրու, թե ինչ վարձատրություն է ստացել՝ նրա հետ երկնքում ծառայելու հնարավորություն։ Այդ օրհնության կողքին ցանկացած զոհողություն, որ նա արել է Քրիստոսին հետևելու համար, ոչինչ է։ Անկախ այն բանից՝ երկնային կյանքի հույս ունենք, թե երկրային, մենք պետք է շնորհակալ լինենք Հիսուսի հրավերի համար. «Ինձ մոտ եկեք»։

ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է

^ պարբ. 5 Հիսուսը մեզ հրավիրում է իր մոտ գալ։ Այդ հրավերն ընդունելու համար ի՞նչ պետք է անենք։ Հոդվածը կպատասխանի այս հարցին և կհիշեցնի, թե Հիսուսի հետ աշխատելը ինչու է թարմություն բերում մեզ։

^ պարբ. 60 ՆԿԱՐ։ Հիսուսը խոսքով ու գործով թարմացնում էր մարդկանց։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Նմանապես՝ եղբայրը տարբեր իրավիճակներում թարմություն է տալիս ուրիշներին։