Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 39

«Տեսա մարդկանց մի մեծ բազմություն»

«Տեսա մարդկանց մի մեծ բազմություն»

«Տեսա մարդկանց մի մեծ բազմություն, որը ոչ ոք չէր կարող հաշվել.... կանգնած գահի առջև և Գառան առջև» (ՀԱՅՏՆ. 7։9

ԵՐԳ 60 Նրանք կապրեն, եթե լսեն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ իրավիճակում էր Հովհաննես առաքյալը առաջին դարի վերջում։

ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ առաջին դարի վերջն էր։ Հովհաննես առաքյալը դժվար կացության մեջ էր։ Նա աքսորված էր Պատմոս կղզի։ Հովհաննեսը բավականին ծեր էր, և առաքյալներից հավանաբար միայն ինքն էր կենդանի մնացել (Հայտն. 1։9)։ Նա տեղյակ էր, որ հավատուրացները ժողովներում կեղծ ուսմունքներ են տարածում և բաժանումներ են մտցնում։ Թվում էր, թե քրիստոնեության ճրագը ուր որ է կմարի (Հուդա 4; Հայտն. 2։15, 20; 3։1, 17

Հովհաննես առաքյալը տեսավ «մարդկանց մի մեծ բազմություն», որոնց հագին սպիտակ պատմուճաններ էին, իսկ ձեռքերում՝ արմավենու ճյուղեր (տես պարբերություն 2)

2. Հայտնություն 7։9–14 համարների համաձայն՝ ի՞նչ մարգարեական տեսիլք տրվեց Հովհաննեսին (տես ամսագրի շապիկի նկարը)։

2 Այս դժվարին իրավիճակում Հովհաննեսին ապագայի վերաբերյալ ոգևորիչ տեսիլք տրվեց։ Տեսիլքում հրեշտակներին ասվեց, որ բաց չթողնեն մեծ նեղության չորս ավերիչ քամիները, մինչև որ վերջնական կնիք դրվի Աստծու՝ մի խումբ ծառաների ճակատներին (Հայտն. 7։1–3)։ Այդ խումբը բաղկացած է 144 000 հոգուց, որոնք պետք է Հիսուսի հետ իշխեն երկնքում (Ղուկ. 12։32; Հայտն. 7։4)։ Հետո Հովհաննեսը տեսավ մարդկանց մի ուրիշ խումբ։ Ի՞նչ խումբ էր դա։ Առաքյալը գրել է. «Տեսա մարդկանց մի մեծ բազմություն, որը ոչ ոք չէր կարող հաշվել, բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից՝ կանգնած գահի առջև և Գառան առջև» (կարդա Հայտնություն 7։9–14)։ Պատկերացրու՝ որքան ուրախացավ Հովհաննեսը, երբ իմացավ, որ ապագայում անթիվ-անհամար մարդիկ են միանալու ճշմարիտ երկրպագությանը։

3. ա) «Մեծ բազմությանը» վերաբերող տեսիլքը ինչո՞ւ է զորացնում մեր հավատը։ բ) Ի՞նչ կիմանանք այս հոդվածից։

3 Այս մարգարեական տեսիլքը անկասկած զորացրեց առաքյալի հավատը։ Այն առավել ևս մեզ է զորացնում, չէ՞ որ ապրում ենք դրա կատարման ժամանակաշրջանում և մեր աչքերով տեսնում ենք, որ Եհովային երկրպագողների թիվը հասել է միլիոնների։ Այս մարդիկ մեծ նեղությունից փրկվելու և երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Այժմ կիմանանք, թե Եհովան ինչպես է ավելի քան 80 տարի առաջ բացահայտել, թե ովքեր են կազմում «մեծ բազմությունը»։ Հետո կտեսնենք, թե այն որքան է մեծ ու բազմազգ։ Այս հոդվածի քննարկումը կզորացնի բոլոր նրանց հավատը, ովքեր այդ օրհնված խմբի մաս են կազմում։

ՈՐՏԵ՞Ղ Է ԱՊՐԵԼՈՒ «ՄԵԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ»

4. Քրիստոնյա աշխարհը սուրբգրային ո՞ր ճշմարտությունը չի հասկացել՝ ի տարբերություն Աստվածաշունչ ուսումնասիրողների։

4 Քրիստոնեական համարվող կրոնները չեն սովորեցնում այն սուրբգրային ճշմարտությունը, որ Աստծուն հնազանդ մարդիկ հավիտյան ապրելու են երկրի վրա (2 Կորնթ. 4։3, 4)։ Այդ կրոնների մեծ մասը քարոզում է, թե բոլոր լավ մարդիկ մահանալուց հետո երկինք են գնում։ Մինչդեռ Աստվածաշունչ ուսումնասիրողների * փոքր խումբը, որը 1800-ականների վերջերից սկսել էր հրատարակել «Դիտարան» ամսագիրը, հասկացել էր, որ Աստված երկրի վրա վերականգնելու է դրախտը, և նրան հնազանդ միլիոնավոր մարդիկ ապրելու են այստեղ՝ երկրի վրա, ոչ թե երկնքում։ Սակայն ժամանակ պահանջվեց, մինչև որ նրանց համար լիովին պարզ դարձավ, թե ովքեր են Աստծուն հնազանդ այդ մարդիկ (Մատթ. 6։10

5. Աստվածաշունչ ուսումնասիրողները ի՞նչ գիտեին 144 000 ընտրյալների մասին։

5 Աստվածաշունչ ուսումնասիրողները Սուրբ Գրքից նաև հասկացել էին, որ ոմանք «երկրից գնվելու էին» և գնալու էին երկինք՝ Հիսուսի հետ թագավորելու համար (Հայտն. 14։3)։ Մարդկանց այդ խումբը կազմված էր լինելու 144 000 նվիրված, եռանդուն քրիստոնյաներից, որոնք երկրի վրա եղած ժամանակ հավատարմորեն ծառայել են Աստծուն։ Իսկ ումի՞ց էր կազմված լինելու «մեծ բազմությունը»։

6. Աստվածաշունչ ուսումնասիրողների կարծիքով՝ ումի՞ց էր կազմված լինելու «մեծ բազմությունը»։

6 Տեսիլքում Հովհաննեսը տեսավ, որ այդ «մեծ բազմությունը» «կանգնած է գահի առջև և Գառան առջև» (Հայտն. 7։9)։ Աստվածաշունչ ուսումնասիրողները այս խոսքերից եզրակացրին, թե այդ բազմությունը 144 000 ընտրյալների պես բարձրանալու էր երկինք։ Սակայն եթե և՛ «մեծ բազմությունը», և՛ 144 000-ը ապրելու էին երկնքում, այդ դեպքում ինչո՞վ էր մի խումբը տարբերվելու մյուսից։ Աստվածաշունչ ուսումնասիրողները կարծում էին, թե «մեծ բազմությունը» կազմված էր լինելու այն քրիստոնյաներից, որոնք երկրի վրա եղած ժամանակ լիովին չէին հնազանդվում Աստծուն. թեև նրանք համեմատաբար մաքուր կյանք էին վարում, սակայն նրանցից ոմանք քրիստոնեական աշխարհի եկեղեցիների անդամներ էին։ Աստվածաշունչ ուսումնասիրողները մեկնաբանում էին, որ այդ մարդիկ սիրում էին Աստծուն, բայց ոչ այնքան, որ իրավունք ունենային Հիսուսի հետ թագավորելու։ Քանի որ Աստծու հանդեպ նրանց սերը բավականաչափ ուժգին չէր, դրա համար էլ «մեծ բազմությունը» երկնքում կանգնելու էր գահի առաջ, ոչ թե նստելու էր գահերի վրա։

7. Ըստ Աստվածաշունչ ուսումնասիրողների՝ Հազարամյակի ընթացքում երկրի վրա ովքե՞ր էին ապրելու, և ի՞նչ էր լինելու Աստծու վաղեմի հավատարիմ ծառաներին։

7 Այդ դեպքում ովքե՞ր էին ապրելու երկրի վրա։ Աստվածաշունչ ուսումնասիրողները ասում էին, որ այն բանից հետո, երբ 144 000 ընտրյալները և «մեծ բազմությունը» հավաքվեին երկնքում, միլիոնավոր այլ մարդկանց թույլ կտրվեր ապրել երկրի վրա և վայելել Քրիստոսի Հազարամյա Իշխանության բերած օրհնությունները։ Ենթադրվում էր, որ այդ միլիոնավոր մարդիկ Հազարամյակից առաջ չէին ծառայելու Եհովային։ Նրանք Աստծու ճանապարհների մասին սովորելու էին Հազարամյակի ընթացքում։ Նրանք, ովքեր կառաջնորդվեին Եհովայի սահմանած չափանիշներով, Հազարամյակի վերջում երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորություն կստանային, իսկ ըմբոստները կոչնչացվեին։ Աստվածաշունչ ուսումնասիրողները նաև կարծում էին, թե ոմանք, ովքեր Հազարամյակի ընթացքում երկրի վրա ծառայելու էին որպես «իշխաններ», դրա վերջում գուցե վարձատրվեին երկնային կյանքով։ Այդ «իշխանների» թվում էին լինելու Աստծուն ծառայած այն հավատարիմ տղամարդկանցից ոմանք, որոնք մահացել էին Քրիստոսից առաջ և հարություն էին առել Հազարամյակի ընթացքում (Սաղ. 45։16

8. Աստվածաշունչ ուսումնասիրողների կարծիքով՝ մարդկանց ի՞նչ երեք խումբ էր մասնակցելու Աստծու նպատակների իրականացմանը։

8 Այսպիսով՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների կարծիքով՝ մարդկանց երեք խումբ էր մասնակցելու Աստծու նպատակների իրականացմանը՝ 1) 144 000-ը, որոնք Հիսուսի հետ թագավորելու էին երկնքում, 2) ոչ այնքան նախանձախնդիր քրիստոնյաներից կազմված «մեծ բազմությունը», որը երկնքում կանգնելու էր գահի և Գառան առջև, և 3) միլիոնավոր այլ մարդիկ, որոնք Հիսուսի Հազարամյա Իշխանության ընթացքում ապրելու էին երկրի վրա ու սովորելու էին Եհովայի ճանապարհների մասին։ * Սակայն Աստծու որոշած ժամանակին ճշմարտության լույսը պայծառացավ, և նրա ծառաները ավելի հստակ հասկացան Հովհաննեսի տեսած տեսիլքը (Առակ. 4։18

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ ՊԱՅԾԱՌԱՆՈՒՄ Է

1935 թ. համաժողովին երկրային կյանքի հույս ունեցող բազմաթիվ մարդիկ մկրտվեցին (տես պարբերություն 9)

9. ա) «Մեծ բազմությունը», երկրի վրա լինելով, ինչպե՞ս կարող է կանգնել գահի և Գառան առջև։ բ) Հայտնություն 7։9 համարի ճշգրտված բացատրությունը ինչո՞ւ է տրամաբանական։

9 1935 -ին Եհովայի վկաները ավելի հստակ հասկացան, թե ումից էր կազմված լինելու Հովհաննեսի տեսիլքում նկարագրված «մեծ բազմությունը»։ Լուսաբանվեց, որ գահի և Գառան առջև կանգնելու համար պարտադիր չէ, որ «մեծ բազմությունը» բառացիորեն երկնքում գտնվի։ Այդ մարդիկ փոխաբերական իմաստով են կանգնած այնտեղ։ Երկրի վրա ապրելով հանդերձ էլ «մեծ բազմությունը» կարող է կանգնել «գահի առջև», եթե ընդունի Եհովայի գերիշխանությունը և հնազանդվի նրան (Ես. 66։1)։ Իսկ Գառան առջև նրանք կարող են կանգնել, եթե հավատ ընծայեն Հիսուսի քավիչ զոհաբերությանը։ Մատթեոս 25։31, 32 համարներում նմանատիպ միտք է արտահայտված։ Այնտեղ գրված է, որ «բոլոր ազգերը», ներառյալ չարերը, հավաքվելու են Հիսուսի փառավոր գահի առջև։ Հասկանալի է, որ նրանք ոչ թե երկնքում են լինելու, այլ երկրի վրա։ Ուստի Հայտնություն 7։9-ի ճշգրտված բացատրությունը շատ տրամաբանական է։ Դրա համար էլ Աստվածաշնչում չի ասվում, թե «մեծ բազմությունը» վերցվելու է երկինք։ Փաստորեն, մարդկանց միայն մեկ խմբի է երկնային կյանք խոստացվել՝ 144 000-ին, որոնք Հիսուսի հետ երկնքից «թագավորելու են երկրի վրա» (Հայտն. 5։10

10. Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ «մեծ բազմությունը» Եհովայի ճանապարհների մասին սովորի նախքան Հազարամյակը։

10 1935 թ.-ից սկսած՝ Եհովայի վկաները համոզված են, որ Հովհաննեսի տեսած «մեծ բազմությունը» կազմված է այն հավատարիմ քրիստոնյաներից, որոնք երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն։ Եվ որպեսզի նրանք փրկվեն մեծ նեղությունից, պետք է Եհովայի ճանապարհների մասին սովորեն նախքան Հազարամյակի սկսվելը։ Այդպես նրանք ամուր հավատ ձեռք կբերեն, ինչը կօգնի, որ կարողանան «փախչել այն ամենից, ինչ պետք է լինի» Հազարամյակից առաջ (Ղուկ. 21։34–36

11. Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք ինչո՞ւ էին եկել այն եզրակացության, թե Հազարամյակից հետո որոշ մարդիկ գուցե վերցվեն երկինք։

11 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն տեսակետի վերաբերյալ, թե Հազարամյակից հետո որոշ օրինակելի մարդիկ երկրից վերցվելու են երկինք։ Այս մասին գրվել էր «Դիտարանի» 1913 թ. փետրվարի 15-ի համարում։ Ոմանք այսպես էին տրամաբանում. հին ժամանակներում ապրած հավատարիմ մարդիկ ինչո՞ւ են երկրային կյանքը ժառանգելու, մինչդեռ ոչ այնքան հավատարիմ քրիստոնյաները վարձատրվելու են երկնային կյանքով։ Այդ կարծիքը ծնվել էր հետևյալ երկու սխալ ենթադրություններից. 1) «մեծ բազմությունը» ապրելու է երկնքում, և 2) այն կազմված է լինելու ոչ այնքան հավատարիմ քրիստոնյաներից։

12–13. Օծյալ քրիստոնյաները և «մեծ բազմության» անդամները ի՞նչ են հասկանում իրենց վարձատրության առնչությամբ։

12 Ինչպես նշեցինք, 1935 թ.-ին Եհովայի վկաները հասկացան, որ Հովհաննեսի տեսած «մեծ բազմությունը» կազմված է լինելու այն մարդկանցից, որոնք փրկվելու են Արմագեդոնից և ապրելու են երկրի վրա։ Նրանք «գալու են մեծ նեղությունից» և բարձր ձայնով բացականչելու են. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, որ նստած է գահին, և Գառանը» (Հայտն. 7։10, 14)։ Վկաները նաև հասկացան, որ Աստծու վաղեմի հավատարիմ ծառաներից ոչ մեկը չի գնալու երկինք։ Չէ՞ որ Սուրբ Գիրքն ասում է, որ երկնքում հարություն առնողները «ավելի լավ բան» են ստանում, քան այդ մարդիկ (Եբր. 11։40Հայտնություն 7։9-ի նոր բացատրությունը մեր եղբայրներին մղեց մեծ խանդավառությամբ հրավիրել մարդկանց, որ ծառայեն Եհովային ու երկրի վրա հավիտյան ապրելու հնարավորություն ստանան։

13 «Մեծ բազմության» անդամները ուրախանում են երկրի վրա հավիտյան ապրելու իրենց հույսով։ Նրանք գիտակցում են, որ Եհովան է որոշում, թե իր հավատարիմ ծառաները որտեղ պետք է իրեն երկրպագեն՝ երկրի՞ վրա, թե՞ երկնքում։ Սակայն ինչպես օծյալները, այնպես էլ «մեծ բազմության» անդամները հասկանում են, որ չեն վաստակել իրենց վարձատրությունը։ Այն հնարավոր է դարձել միմիայն Եհովայի անզուգական բարության շնորհիվ, որը նա դրսևորել է՝ իր Որդուն զոհելով մարդկանց համար (Հռոմ. 3։24

ԻՐՈՔ ՈՐ ՄԵԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ

14. 1935-ից հետո շատերի մտքում ինչո՞ւ էր հարց առաջացել, թե «մեծ բազմության» վերաբերյալ մարգարեությունը ինչպես է կատարվելու։

14 1935-ին, երբ որոշ ճշմարտություններ հստակեցվեցին, շատերի մտքում հարց առաջացավ, թե երկրային կյանքի հույս ունեցող մարդիկ ինչպես են մեծ բազմություն դառնալու։ Ռոնալդ Փարկինը, որը այդ թվականին 12 տարեկան էր, պատմում է. «Այդ ժամանակ ամբողջ աշխարհում մոտ 56 000 քարոզիչ կար, և նրանցից շատերը, եթե ոչ մեծ մասը, օծյալներ էին։ Ուստի «մեծ բազմությունը» այնքան էլ մեծ չէր թվում»։

15. «Մեծ բազմությունը» ինչպե՞ս է այսքան մեծացել։

15 1935-ին հաջորդած տասնամյակների ընթացքում միսիոներներ ուղարկվեցին շատ երկրներ, և Եհովայի վկաների թիվը սրընթաց աճեց։ Իսկ 1968-ին սկսեց գործել Աստվածաշնչի ուսումնասիրության նոր ծրագիր, որի ժամանակ օգտագործվում էր «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» ձեռնարկը։ Այդ գիրքն այնքան պարզ ու հասկանալի ձևով էր բացատրում սուրբգրային ճշմարտությունները, որ բազմաթիվ մարդիկ եկան դեպի Եհովան. այդպիսի աճ երբևէ չէր գրանցվել։ Չորս տարվա ընթացքում ավելի քան կես միլիոն աշակերտներ մկրտվեցին։ Երբ Լատինական Ամերիկայում և այլ երկրներում կաթոլիկ եկեղեցին սկսեց կորցնել իր ազդեցությունը, իսկ Արևելյան Եվրոպայում ու Աֆրիկայի որոշ մասերում մեր գործունեության վրա դրված արգելքները վերցվեցին, միլիոնավոր մարդիկ մկրտվեցին (Ես. 60։22)։ Վերջին ժամանակներում Եհովայի կազմակերպությունը բազմաթիվ արդյունավետ գործիքներ է թողարկել Աստվածաշնչի ճշմարտությունն ուսուցանելու համար։ Կասկած չկա, որ «մեծ բազմությունը», որի թիվը այժմ գերազանցում է ութ միլիոնը, իրոք դարձել է մեծ և դեռ շարունակում է ստվարանալ։

«ՄԵԾ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆ»՝ ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐԻՑ ԵՎ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ

16. Հովհաննեսի տեսած բազմությունը որքա՞ն բազմազգ էր։

16 Հովհաննես առաքյալը գրեց, որ տեսել է մի «մեծ բազմություն»՝ հավաքված «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից»։ Զաքարիա մարգարեն նրանից դարեր առաջ նման բան էր մարգարեացել։ Նա գրել էր. «Այն օրերին բոլոր ազգերից տարբեր լեզուներով խոսող տասը մարդ կբռնեն հրեա մարդու քղանցքը, կբռնեն ու կասեն. «Մենք գալիս ենք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»» (Զաք. 8։23

17. Ի՞նչ է արվում տարբեր ազգերի ու ցեղերի մարդկանց օգնելու համար։

17 Եհովայի վկաները հասկանում են, որ բոլոր ազգերից մարդկանց հավաքելու համար հարկավոր է բարի լուրը քարոզել նրանց լեզուներով։ Ավելի քան 130 տարի է, ինչ Աստծու կազմակերպությունը Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված գրականություն է հրատարակում տարբեր լեզուներով։ Եվ այսօր թարգմանչական աշխատանքը հասել է աննախադեպ չափերի. մեր գրականությունը թարգմանվում է ավելի քան 900 լեզուներով։ Անհերքելի է, որ Եհովան հրաշք է գործում՝ բոլոր ազգերից մեծ բազմություն է հավաքում։ Այդքան լեզուներով հոգևոր սննդի առկայության շնորհիվ իրարից շատ տարբեր մարդիկ միավորված երկրպագում են Եհովային։ Նրա վկաները ճանաչված են քարոզչության գործում ցուցաբերած եռանդով ու եղբայրական սիրով։ Մի՞թե այս ամենը չի զորացնում մեր հավատը (Մատթ. 24։14; Հովհ. 13։35

ԱՅՍ ՏԵՍԻԼՔԸ Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԵԶ ՀԱՄԱՐ

18. ա) Հաշվի առնելով Եսայիա 46։10, 11 համարները՝ ինչո՞ւ չենք զարմանում, որ Եհովան կատարել է «մեծ բազմության» վերաբերյալ մարգարեությունը։ բ) Երկրային կյանքի հույս ունեցողները ինչո՞ւ չեն կարծում, թե իրենք որևէ բանից զրկված են։

18 Անկասկած, մեզ ոգևորությամբ է լցնում «մեծ բազմության» մասին մարգարեությունը։ Մենք չենք զարմանում՝ տեսնելով, թե Եհովան ինչ սքանչելի ձևով է իրականացրել այն (կարդա Եսայիա 46։10, 11)։ «Մեծ բազմության» անդամները երախտապարտ են այն հեռանկարի համար, որ Եհովան բացել է իրենց առաջ։ Նրանք չեն կարծում, թե ինչ-որ բանից զրկված են զուտ այն պատճառով, որ օծված չեն սուրբ ոգով և Հիսուսի հետ չեն թագավորելու երկնքից։ Աստվածաշնչում կարդում ենք բազմաթիվ հավատարիմ տղամարդկանց ու կանանց մասին, որոնց վրա ներգործել է սուրբ ոգին, սակայն որոնք 144 000-ի մաս չեն կազմում։ Նրանցից էին, օրինակ, Հովհաննես Մկրտիչն ու Դավիթը (Մատթ. 11։11; Գործ. 2։34)։ Այս մարդիկ և շատ ուրիշներ հարություն կառնեն ու կապրեն դրախտային երկրի վրա։ Նրանք բոլորը «մեծ բազմության» հետ միասին հնարավորություն կունենան ցույց տալու, որ հավատարիմ են Եհովային ու նրա գերիշխանությանը։

19. «Մեծ բազմության» վերաբերյալ տեսիլքի կատարումը ինչո՞ւ է մեզ հրատապության զգացումով լցնում և ի՞նչ անելու է մղում։

19 Մարդկության պատմության մեջ սա առաջին անգամն է, որ Աստված տարբեր ազգերից միլիոնավոր մարդկանց է հավաքել ու միավորել որպես իր ժողովուրդ։ Անկախ այն բանից՝ երկնային կյանքի հույս ունենք, թե երկրային, պետք է հնարավորինս շատ մարդկանց օգնենք դառնալու «ուրիշ ոչխարներից» բաղկացած «մեծ բազմության» մի մասը (Հովհ. 10։16)։ Շուտով կսկսվի մարգարեացված մեծ նեղությունը, որով Եհովան վերջ կդնի բոլոր կառավարություններին ու կրոններին, որոնք տառապանք են պատճառել մարդկանց։ Իսկ «մեծ բազմության» անդամները հնարավորություն կունենան Եհովային երկրի վրա հավիտյան ծառայելու (Հայտն. 7։14)։ Ի՜նչ մեծ պատիվ։

ԵՐԳ 139 Տես քեզ նոր աշխարհում

^ պարբ. 5 Հովհաննես առաքյալին մարգարեական տեսիլքներ տրվեցին, որոնցից մեկում նա մարդկանց մի «մեծ բազմություն» տեսավ։ Այս հոդվածում կքննարկվի այդ տեսիլքը, ինչն անշուշտ կզորացնի բոլոր նրանց հավատը, ովքեր այդ օրհնված բազմության մաս են կազմում։

^ պարբ. 4 Նախկինում Եհովայի վկաները կոչվել են Աստվածաշունչ ուսումնասիրողներ։

^ պարբ. 8 Տես «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գիրքը, էջ 159–163։