Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37

Սրտանց հպատակվենք Եհովային

Սրտանց հպատակվենք Եհովային

«Չպե՞տք է արդյոք առավել ևս հպատակվենք մեր հոգևոր կյանքի Հորը» (ԵԲՐ. 12։9

ԵՐԳ 9 Եհովան մեր Թագավորն է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ինչո՞ւ պետք է հպատակվենք Եհովային։

ՄԵՆՔ պետք է հպատակվենք * Եհովային, քանի որ նա մեր Արարիչն է և իրավունք ունի չափանիշներ սահմանելու իր ստեղծած էակների համար (Հայտն. 4։11)։ Սակայն նրան հնազանդվելու մեկ այլ պատճառ էլ կա. նա լավագույն Կառավարիչն է։ Մարդկությունը իր պատմության ընթացքում բազմաթիվ ղեկավարներ է ունեցել։ Բայց Եհովան անսահմանորեն գերազանցում է բոլորին իր իմաստությամբ, սիրով, ողորմածությամբ ու կարեկցանքով (Ելք 34։6; Հռոմ. 16։27; 1 Հովհ. 4։8

2. Եբրայեցիներ 12։9–11 համարներում Եհովային հպատակվելու ի՞նչ պատճառ է նշված։

2 Եհովան մեր երկնային սիրառատ Հայրն է և ցանկանում է, որ ոչ թե վախից հնազանդվենք իրեն, այլ սիրուց մղված։ Պողոս առաքյալը եբրայեցիներին գրած նամակում բացատրում է, որ մենք պետք է «հպատակվենք մեր հոգևոր կյանքի Հորը», քանի որ նա «մեր օգտի համար է» կրթում ու խրատում մեզ (կարդա Եբրայեցիներ 12։9–11

3. ա) Ինչի՞ց է երևում, որ հպատակվում ենք Եհովային։ բ) Այս հոդվածում ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

3 Մենք հպատակվում ենք Աստծուն, երբ ամեն ինչում ջանում ենք նրա կամքը կատարել և դիմադրում ենք մեր հասկացողությանն ապավինելու հակմանը (Առակ. 3։5)։ Աստծուն հպատակվելը մեզ համար հեշտ է լինում, երբ տեսնում ենք նրա սքանչելի հատկությունները։ Ինչո՞ւ։ Որովհետև նրա բոլոր գործերը այդ հատկություններով են շաղախված (Սաղ. 145։9)։ Որքան մոտիկից ենք ճանաչում Եհովային, այնքան շատ ենք սիրում նրան։ Իսկ երբ սիրում ենք Աստծուն, կարիք չենք ունենում, որ մեզ «կարելի»-ների և «չի կարելի»-ների երկար ցուցակ տրամադրեն։ Մենք ձգտում ենք որդեգրել Եհովայի մտածելակերպը, ուստի հաճույքով անում ենք այն, ինչ նա սիրում է, և խուսափում ենք այն ամենից, ինչը նրա աչքին չար է (Սաղ. 97։10)։ Այնուամենայնիվ, երբեմն մեզ համար գուցե դժվար լինի հնազանդվել Աստծուն։ Ինչո՞ւ։ Եվ եթե երեց ենք, հայր կամ մայր, ի՞նչ կարող ենք սովորել աստվածաշնչյան հետևյալ կերպարներից՝ Նեեմիայից, Դավիթ թագավորից և Հիսուսի մորից՝ Մարիամից։ Հոդվածը կպատասխանի այս հարցերին։

ԵՀՈՎԱՅԻՆ ՀՊԱՏԱԿՎԵԼԸ ԻՆՉՈ՞Ւ ԿԱՐՈՂ Է ԴԺՎԱՐ ԼԻՆԵԼ

4–5. Հռոմեացիներ 7։21–23 համարների համաձայն՝ Աստծուն հպատակվելը ինչո՞ւ կարող է դժվար լինել։

4 Առաջին պատճառը, թե երբեմն ինչու է դժվար հպատակվել Եհովային, մեր ժառանգած մեղքն է՝ անկատարությունը, որի պատճառով ըմբոստանալու հակում ունենք։ Երբ Ադամն ու Եվան ապստամբեցին Եհովայի դեմ ու կերան արգելված պտուղը, իրե՛նք որոշեցին, թե իրենց համար ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ (Ծննդ. 3։22)։ Այսօր էլ մարդկանց մեծամասնությունը, անտեսելով Աստծուն, բարու և չարի սեփական չափանիշներն է սահմանում։

5 Սակայն նույնիսկ նրանց համար, ովքեր ճանաչում ու սիրում են Եհովային, գուցե հեշտ չլինի լիովին ենթարկվել նրան։ Պողոս առաքյալը ներքին պայքար էր մղում, որ աներ այն, ինչ ճիշտ է (կարդա Հռոմեացիներ 7։21–23)։ Նրա պես մենք էլ ենք ուզում Եհովայի չափանիշներով ապրել։ Դրա համար պետք է մշտապես պայքար մղենք սխալ բաներ անելու մեր հակման դեմ։

6–7. Ո՞րն է երկրորդ պատճառը, թե երբեմն ինչու է դժվար հպատակվել Եհովային։ Բեր օրինակ։

6 Եհովային հպատակվելը կարող է դժվար լինել նաև մեր մշակույթի ու դաստիարակության պատճառով։ Մարդկային շատ գաղափարներ հակառակ են Աստծու կամքին, ուստի այդպիսի մտածելակերպից ազատվելու համար, հնարավոր է, անհրաժեշտ լինի մշտական պայքար մղել։ Նկատի առնենք մի օրինակ։

7 Որոշ վայրերում երիտասարդներին մղում են իրենց կյանքը նվիրել շատ փող վաստակելուն։ Մարի * անունով մի քույր բախվեց այս երևույթին։ Նախքան Եհովային ճանաչելը նա սովորել էր իր երկրի ամենալավ կրթօջախներից մեկում։ Նրա ընտանիքը իրեն շարունակ հորդորում էր բարձր վարձատրվող աշխատանքի անցնել։ Մարին էլ նույն ձգտումն ուներ։ Սակայն երբ նա սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը և սիրել Եհովային, փոխեց իր նպատակները։ Նա ասում է. «Երբեմն իմ առաջ շատ փող աշխատելու գրավիչ հնարավորություններ են բացվում, սակայն եթե օգտվեմ դրանցից, այլևս չեմ կարողանա Եհովային ծառայել այնպես, ինչպես հիմա։ Այնուամենայնիվ, իմ ստացած դաստիարակության պատճառով մինչ օրս ինձ համար դժվար է մերժել նման առաջարկները։ Շարունակ աղաչում եմ Աստծուն, որ օգնի՝ դիմադրեմ գայթակղությանը և չընտրեմ այնպիսի աշխատանք, որը ինձ կկտրի ծառայությունից» (Մատթ. 6։24

8. Ի՞նչ ենք այժմ քննելու։

8 Ինչպես արդեն նշեցինք, Եհովային հպատակվելը մե՛ր օգտի համար է։ Սակայն նրանք, ովքեր որոշակի իշխանություն ունեն, օրինակ՝ երեցները, հայրերը և մայրերը, ևս մեկ պատճառ ունեն հպատակվելու Աստծուն։ Նրանց հնազանդությունը օգուտ է բերում ոչ միայն իրենց, այլև այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց ենթակայության տակ։ Այժմ եկեք քննենք մի շարք աստվածաշնչյան օրինակներ, որոնցից կսովորենք, թե ինչպես կարող ենք մեր ունեցած իշխանությունը Եհովային հաճելի ձևով գործի դնել։

ԵՐԵՑՆԵՐՆ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՆԵԵՄԻԱՅԻՑ

Երեցները մասնակցում են Թագավորության սրահում կատարվող աշխատանքներին, ինչպես որ Նեեմիան էր մասնակցում Երուսաղեմի պարսպի վերակառուցմանը (տես պարբերություն 9–11) *

9. Ի՞նչ խրթին իրավիճակում հայտնվեց Նեեմիան։

9 Եհովան երեցներին կարևոր հանձնարարություն է տվել՝ հովվել իր ժողովրդին (1 Պետ. 5։2)։ Նրանք կարող են շատ բան սովորել Նեեմիայի օրինակից՝ քննելով, թե վերջինս ինչպես էր վարվում Աստծու ժողովրդի հետ։ Որպես Հուդայի կառավարիչ՝ Նեեմիան մեծ իշխանություն ուներ (Նեեմ. 1։11; 2։7, 8; 5։14)։ Այժմ տեսնենք, թե նա ինչ խրթին իրավիճակում հայտնվեց։ Նեեմիան իմացավ, որ ժողովուրդը պղծել էր տաճարը և նյութապես չէր աջակցում ղևտացիներին, ինչպես որ պահանջում էր Օրենքը։ Բացի այդ՝ հրեաները խախտում էին Շաբաթի օրենքը, իսկ տղամարդկանցից ոմանք օտարազգի հեթանոս կանանց հետ էին ամուսնացել։ Նեեմիան՝ որպես կառավարիչ, պետք է լուծեր այս խնդիրները (Նեեմ. 13։4–30

10. Նեեմիան ինչպե՞ս գործի դրեց իր իշխանությունը։

10 Նեեմիան իր իշխանությունը չչարաշահեց և իր անձնական կարծիքը չպարտադրեց Աստծու ժողովրդին։ Փոխարենը՝ իր մտահոգությունները անկեղծորեն հայտնեց Եհովային ու նրանից առաջնորդություն խնդրեց, ապա ժողովրդին Աստծու Օրենքը սովորեցրեց (Նեեմ. 1։4–10; 13։1–3)։ Բացի այդ՝ Նեեմիան, խոնարհություն դրսևորելով, ժողովրդի հետ միասին մասնակցեց Երուսաղեմի պարսպի վերակառուցման աշխատանքներին (Նեեմ. 4։15

11. 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8 համարների համաձայն՝ երեցներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն ժողովի անդամներին։

11 Այսօր երեցները թերևս այնպիսի խնդիրների չբախվեն, ինչպիսիք Նեեմիայի օրերում էին ծագել, սակայն կարող են շատ բան սովորել նրանից։ Օրինակ՝ նրանք պետք է ջանասիրաբար աշխատեն հօգուտ եղբայրների ու քույրերի։ Բացի այդ՝ չպետք է թույլ տան, որ իրենց ունեցած իշխանությունը հպարտացնի իրենց։ Նաև պետք է ժողովի հետ քնքշորեն վարվեն (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։ Խոնարհությունը և հավատակիցների հանդեպ տածած խոր սերը կմղեն, որ երեցները մեղմությամբ խոսեն ժողովի անդամների հետ։ Էնդրյու անունով մի փորձառու երեց ասում է. «Նկատել եմ, որ երբ երեցները անկեղծորեն բարություն ու ջերմություն են դրսևորում եղբայրների ու քույրերի հանդեպ, դա նրանց վրա դրական ազդեցություն է թողնում և մղում է համագործակցելու երեցների հետ»։ Իսկ Թոնի անունով մի եղբայր, որը երկար տարիներ ծառայում է որպես երեց, ասում է. «Ես միշտ ձգտում եմ կիրառել Փիլիպպեցիներ 2։3-ում գրված խորհուրդը՝ ուրիշներին ինձանից բարձր համարել։ Դա ինձ օգնում է, որ բռնակալ չդառնամ»։

12. Ինչո՞ւ է կարևոր, որ երեցները խոնարհ լինեն։

12 Երեցները պետք է խոնարհ լինեն, ինչպես Եհովան։ Լինելով տիեզերքի Գերիշխանը՝ «նա խոնարհվում է», որ «բարձրացնի խեղճին փոշու միջից» (Սաղ. 18։35; 113։6, 7)։ Նա գարշում է բոլոր նրանցից, ովքեր հպարտ են ու ամբարտավան (Առակ. 16։5

13. Երեցն ինչո՞ւ պետք է կարողանա «սանձել իր լեզուն»։

13 Եհովային հպատակվող երեցը պետք է կարողանա «սանձել իր լեզուն», հակառակ դեպքում գուցե անբարյացակամորեն խոսի նրանց հետ, ովքեր իր հանդեպ անհարգալից են (Հակ. 1։26; Գաղ. 5։14, 15)։ Էնդրյուն նշում է. «Երբ ինձ թվում էր, թե եղբայրը կամ քույրը իմ հանդեպ անհարգալից է, ակամայից կոպիտ էի խոսում նրա հետ։ Բայց երբ խորհեցի Սուրբ Գրքում հիշատակված աստվածանվեր մարդկանց օրինակների շուրջ, հասկացա, թե ինչքան կարևոր է խոնարհ ու մեղմ լինել»։ Այո՛, երբ երեցները ժողովի անդամների, այդ թվում՝ մյուս երեցների հետ խոսելիս սիրալիր ու բարեհամբույր են լինում, փաստում են, որ հնազանդվում են Եհովային (Կող. 4։6

ՀԱՅՐԵՐԸ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԻՑ

14. Եհովան ի՞նչ դեր է տվել հայրերին և ի՞նչ է նրանցից ակնկալում։

14 Եհովան հայրերին նշանակել է որպես ընտանիքի գլուխ և նրանցից ակնկալում է, որ կրթեն, դաստիարակեն ու խրատեն իրենց երեխաներին (1 Կորնթ. 11։3; Եփես. 6։4)։ Սակայն հոր իշխանությունը սահմանափակ է. նա հաշվետու է Եհովային, որին ամեն ընտանիք «պարտական է իր անվան համար» (Եփես. 3։14, 15)։ Ուստի հայրերը փաստում են, որ հպատակվում են Եհովային, երբ իրենց իշխանությունը նրան հաճելի ձևով են գործի դնում։ Այս հարցում նրանք շատ բան կարող են սովորել Դավիթ թագավորի օրինակից։

Քրիստոնյա հոր աղոթքները պետք է արտացոլեն նրա խոնարհությունը (տես պարբերություն 15–16) *

15. Դավիթ թագավորը հայրերի համար ինչո՞ւ է լավ օրինակ։

15 Դավիթը ոչ միայն իր ընտանիքի գլուխն էր, այլև Աստծու կողմից նշանակվել էր ողջ Իսրայելի ղեկավար։ Լինելով թագավոր՝ նա մեծ իշխանություն ուներ։ Եղան դեպքեր, երբ Դավիթը սխալ օգտագործեց իր իշխանությունը և լուրջ մեղքեր գործեց (2 Սամ. 11։14, 15)։ Բայց հետո, ընդունելով իրեն տրված խրատը, հպատակվեց Եհովային։ Նա թախանձագին աղոթեց Աստծուն և իր սիրտը դատարկեց նրա առաջ։ Նաև ամեն ջանք գործադրեց՝ վարվելու նրա տված խորհրդի համաձայն (Սաղ. 51։1–4)։ Դավիթը իսկապես խոնարհ էր. նա խորհուրդ էր ընդունում ոչ միայն տղամարդկանցից, այլև կանանցից (1 Սամ. 19։11, 12; 25։32, 33)։ Նա դասեր քաղեց իր սխալներից ու կենտրոնացավ Եհովային ծառայելու վրա։

16. Հայրերը ի՞նչ կարող են սովորել Դավթից։

16 Սիրելի՛ հայրեր, ի՞նչ կարող եք սովորել Դավթից։ Մի՛ չարաշահեք Եհովայից ստացած իշխանությունը։ Ընդունեք ձեր սխալները և հետևեք Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդներին, որ տալիս են ուրիշները։ Եթե այդպես վարվեք, ձեր ընտանիքի անդամները, տեսնելով ձեր խոնարհությունը, կհարգեն ձեզ։ Երբ աղոթում եք հարազատների հետ, դատարկեք ձեր սիրտը Եհովայի առաջ և մի՛ թաքցրեք նրա հանդեպ ձեր ունեցած ջերմ զգացմունքները։ Թող նրանք տեսնեն, թե որքան շատ եք զգում Աստծու օգնության ու առաջնորդության կարիքը։ Եվ որ ամենակարևորն է, այնպես արեք, որ ձեր կյանքը պտտվի Եհովայի երկրպագության շուրջ (2 Օրենք 6։6–9)։ Հիշե՛ք. ամենաարժեքավոր նվերներից մեկը, որ կարող եք տալ ձեր ընտանիքին, ձեր լավ օրինակն է։

ՄԱՅՐԵՐԸ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՄԱՐԻԱՄԻՑ

17. Եհովան մայրերին ի՞նչ դեր է տվել։

17 Եհովան մայրերին ընտանիքում պատվավոր դեր է շնորհել և որոշակի իշխանություն է տվել երեխաների վրա (Առակ. 6։20)։ Մայրը կարող է մեծ ազդեցություն թողնել իր զավակի ողջ կյանքի վրա (Առակ. 22։6)։ Ուստի եկեք տեսնենք, թե մայրերը ինչ կարող են սովորել Մարիամից՝ Հիսուսի մորից։

18–19. Մայրերը ի՞նչ կարող են սովորել Մարիամի օրինակից։

18 Մարիամը շատ լավ գիտեր Սուրբ Գրքերը։ Նա խորապես հարգում էր Եհովային և նրա հետ շատ մտերիմ էր։ Ուստի երբ պահը եկավ, պատրաստակամորեն հնազանդվեց Աստծուն, չնայած որ դա փոխելու էր իր ողջ կյանքը (Ղուկ. 1։35–38, 46–55

Եթե մայրը հոգնած է կամ նեղսրտած, գուցե իրենից ավելի շատ ջանք պահանջվի, որ սեր ցույց տա իր ընտանիքի անդամների հանդեպ (տես պարբերություն 19) *

19 Սիրելի՛ մայրեր, ինչպե՞ս կարող եք ընդօրինակել Մարիամին։ Նախ՝ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության և աղոթքների միջոցով ավելի մտերմացեք Եհովայի հետ։ Երկրորդ՝ նրան հաճեցնելու համար պատրաստ եղեք անհրաժեշտ փոփոխություններն անել ձեր կյանքում։ Օրինակ՝ գուցե ձեր ծնողները զայրացկոտ են եղել և կոպիտ են խոսել ձեզ՝ երեխաներիդ հետ։ Ուստի հնարավոր է՝ ձեր մեջ այն տեսակետն է ձևավորվել, թե երեխաների հետ այդպես խոսելը բնական է։ Նույնիսկ Եհովայի չափանիշներն իմանալուց հետո էլ ձեզ համար գուցե դժվար լինի համբերատար ու հանդարտ լինել, հատկապես երբ հոգնած եք, ու երեխաները իրենց լավ չեն պահում (Եփես. 4։31)։ Այսպիսի դեպքերում շատ կարևոր է, որ Եհովայից օգնություն խնդրեք։ Լիդիա անունով մի մայր ասում է. «Երբ տղաս ինձ չի լսում, ջերմագին աղոթում եմ, որ զայրացած չխոսեմ նրա հետ։ Երբեմն խոսքս կիսատ եմ թողնում, որ մտքումս աղոթեմ ու Եհովայից օգնություն խնդրեմ։ Աղոթքն օգնում է ինձ հանդարտվել» (Սաղ. 37։5

20. Որոշ մայրեր ի՞նչ չեն կարողանում անել, և ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել այդ խոչընդոտը։

20 Կան մայրեր, որոնք մեկ այլ դժվարություն ունեն. նրանք չեն կարողանում սեր ցույց տալ իրենց երեխաներին (Տիտոս 2։3, 4)։ Ոմանք այնպիսի ընտանիքում են մեծացել, որտեղ ընդունված չի եղել, որ ծնողները ջերմ զգացմունքներ արտահայտեն երեխաների հանդեպ։ Եթե դուք էլ եք նման միջավայրում մեծացել, մի՛ կրկնեք ձեր ծնողների սխալը։ Եհովային հնազանդվող մայրը կսովորի սեր ցույց տալ իր զավակին։ Ճիշտ է, նրա համար գուցե դժվար լինի փոխել իր մտածելակերպն ու վարվելակերպը, բայց դա անհնարին չէ։ Այդ փոփոխությունը կերջանկացնի թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքին։

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՀՊԱՏԱԿՎԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

21–22. Եսայիա 65։13, 14 համարների համաձայն՝ ինչպե՞ս ենք օրհնվում՝ հպատակվելով Եհովային։

21 Դավիթ թագավորը գիտեր, թե Աստծուն հնազանդվողը ինչ օրհնություններ է ստանում։ Նա գրել է. «Եհովայի կանոններն արդար են, ուրախացնում են սիրտը, Եհովայի պատվիրանը մաքուր է, լույս է տալիս աչքերին։ Դրանք նախազգուշացնում են քո ծառային, և դրանք պահելու մեջ մեծ վարձատրություն կա» (Սաղ. 19։8, 11)։ Այսօր դժվար չէ տեսնել, թե մեր սիրառատ Արարչին հպատակվողները որքան են տարբերվում նրա խորհուրդները մերժողներից։ Նրանք, ովքեր հնազանդվում են Եհովային, «սրտի բերկրանքից ուրախ բացականչում են» (կարդա Եսայիա 65։13, 14

22 Երբ երեցները, հայրերն ու մայրերը ի սրտե հպատակվում են Աստծուն, իրենց կյանքը բարելավվում է, իրենց ընտանիքները դառնում են ավելի երջանիկ, իսկ ժողովները՝ ավելի միասնական։ Եվ որ ամենակարևորն է, նրանք ուրախացնում են Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։ Ի՜նչ մեծ վարձատրություն։

ԵՐԳ 123 Հավատարմորեն հնազանդվենք աստվածապետությանը

^ պարբ. 5 Այս հոդվածում կքննարկենք, թե ինչու պետք է հպատակվենք Եհովային։ Նաև կիմանանք, թե երեցները, հայրերն ու մայրերը, որոնք որոշակի իշխանություն ունեն, ինչ կարող են սովորել Նեեմիայի, Դավիթ թագավորի և Հիսուսի մոր՝ Մարիամի օրինակից։

^ պարբ. 1 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հպատակվել նշանակում է «մեկի կամքին ենթարկվել, հնազանդվել»։ Այդ բառը բացասական զգացումներ է առաջ բերում նրանց մեջ, ովքեր հարկադրաբար են հնազանդվում իրենց վրա իշխանություն ունեցողներին։ Սակայն Աստծու ծառաները հոժար սրտով են հնազանդվում նրան։ Այդ իսկ պատճառով Աստծուն հպատակվելու գաղափարը նրանց մեջ բացասական զգացումներ չի արթնացնում։

^ պարբ. 7 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 62 ՆԿԱՐ։ Երեցը իր որդու հետ մասնակցում է Թագավորության սրահում կատարվող աշխատանքներին, ինչպես որ Նեեմիան էր մասնակցում Երուսաղեմի պարսպի վերակառուցմանը։

^ պարբ. 64 ՆԿԱՐ։ Հայրը իր ընտանիքի հետ սրտանց աղոթում է Եհովային։

^ պարբ. 66 ՆԿԱՐ։ Աշխատանքից հետո մայրը հոգնած վերադառնում է տուն և տեսնում է, որ տղան տնային հանձնարարությունները չի կատարել ու արդեն մի քանի ժամ է՝ տեսախաղեր է խաղում։ Նա, ինքնատիրապետում դրսևորելով, հանդարտ խոսքերով խրատում է որդուն։