Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 39

Աջակցենք քրիստոնյա կանանց

Աջակցենք քրիստոնյա կանանց

«Բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են» (ՍԱՂ. 68։11

ԵՐԳ 137 Հավատարիմ կանայք, քրիստոնյա քույրեր

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

Մեր ջանասեր ու եռանդուն քույրերը մասնակցում են ժողովի հանդիպումներին, ծառայությանը, Թագավորության սրահի տեխսպասարկման աշխատանքներին և անհատական հետաքրքրություն են ցուցաբերում հավատակիցների հանդեպ (տես պարբերություն 1)

1. Ինչպե՞ս են քույրերը աջակցում կազմակերպությանը, և ի՞նչ դժվարությունների են բախվում նրանցից շատերը (տես ամսագրի շապիկի նկարը)։

ԱՆՉԱՓ ուրախ ենք, որ ունենք բազմաթիվ քույրեր, ովքեր մեծ գործ են անում ժողովում։ Օրինակ՝ նրանք մասնակցում են ժողովի հանդիպումներին և ծառայությանը, օգնում են Թագավորության սրահի սպասարկման գործում և անհատական հետաքրքրություն են ցուցաբերում հավատակիցների հանդեպ։ Բայց նրանք նաև դժվարություններ են ունենում կյանքում։ Ոմանք խնամում են իրենց տարեց ծնողներին, մյուսները ուժեղ հակառակության են բախվում ընտանիքում, ուրիշներն էլ միայնակ են մեծացնում իրենց երեխաներին և ծանր աշխատում են, որպեսզի կարողանան հոգալ նրանց կարիքները։

2. Ինչո՞ւ պետք է աջակցենք քույրերին։

2 Ինչո՞ւ պետք է աջակցենք մեր սիրելի քույրերին։ Պատճառներից մեկն այն է, որ աշխարհում հաճախ չեն հարգում կանանց արժանապատվությունը։ Բացի այդ՝ Աստվածաշունչն է հորդորում այդպես վարվել։ Օրինակ՝ Պողոս առաքյալը Հռոմի ժողովին խնդրեց ընդունել Ֆիբե անունով մի քրոջ և «օգնել նրան ցանկացած հարցում, ինչում որ [նրանց] կարիքը կունենար» (Հռոմ. 16։1, 2)։ Պողոսը փարիսեցի էր եղել, և հավանաբար նրա վրա մեծ ազդեցություն էր թողել փարիսեցիների մտածելակերպը, ովքեր կանանց ստորադաս էին համարում։ Բայց քրիստոնյա դառնալուց հետո նա սկսել էր ընդօրինակել Հիսուսին և կանանց վերաբերվում էր հարգանքով ու բարությամբ (1 Կորնթ. 11։1

3. Ի՞նչ տեսակետ ուներ Հիսուսը կանանց վերաբերյալ, և ինչպե՞ս էր նա վերաբերվում այն կանանց, ովքեր կատարում էին իր Հոր կամքը։

3 Հիսուսը բոլոր կանանց արժանապատվությամբ էր վերաբերվում (Հովհ. 4։27)։ Նրա վերաբերմունքը միանգամայն տարբերվում էր իր օրերում ապրող հրեա կրոնական առաջնորդների վերաբերմունքից։ Աստվածաշնչյան մի աշխատության մեջ ասվում է. «Հիսուսը երբեք չի ասել մի բան, ինչը կնսեմացներ կանանց դերը»։ Հիսուսը առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում այն կանանց, ովքեր կատարում էին իր Հոր կամքը։ Երբ նա խոսում էր իր հոգևոր ընտանիքի մասին, ասաց, որ ոչ միայն եղբայրներ ունի, այլև քույրեր ու մայրեր (Մատթ. 12։50

4. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

4 Հիսուսը միշտ պատրաստ էր օգնել իր հոգևոր քույրերին։ Նա թանկ էր գնահատում նրանց և պաշտպանում էր։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

ԺԱՄԱՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵՆՔ ՄԵՐ ԹԱՆԿԱԳԻՆ ՔՈՒՅՐԵՐԻՆ

5. Ինչո՞ւ որոշ քույրերի համար գուցե դժվար լինի վայելել հավատակիցների հետ ջերմ շփումը։

5 Լինենք քույր, թե եղբայր, բոլորս էլ ջերմ շփման կարիք ունենք։ Բայց քույրերի համար գուցե դժվար լինի բավարարել իրենց այս կարիքը։ Տեսնենք, թե ինչ են նրանք ասում։ Ջորդան * անունով մի քույր ասում է. «Քանի որ ամուսնացած չեմ, ինձ համար դժվար է մտերիմ ընկերներ գտնել ժողովում։ Ես ինձ ժողովի մի մասը չեմ զգում»։ Իսկ Քրիստին անունով մի ռահվիրա քույր, ով ծառայությունը ընդլայնելու նպատակով տեղափոխվել է այլ վայր, ասում է. «Երբ տեղափոխվում ես նոր ժողով, գուցե քեզ միայնակ զգաս»։ Նրանք, ովքեր ապրում են կրոնապես բաժանված ընտանիքում, գուցե մեկուսացած զգան ոչ միայն իրենց ընտանիքի անդամներից, այլ նաև հոգևոր ընտանիքից։ Միայնության զգացում կարող են ունենալ նաև այն քույրերը, ովքեր չեն կարողանում տնից դուրս գալ։ Նրանք թերևս առողջական խնդիրներ ունեն կամ էլ խնամում են իրենց վատառողջ հարազատին։ Անետը պատմում է. «Ես չէի կարողանում մասնակցել հավաքույթների, քանի որ մենակ էի հոգ տանում հիվանդ մորս»։

Հիսուսի պես մենք կարող ենք հոգատարություն դրսևորել մեր հավատարիմ քույրերի հանդեպ (տես պարբերություն 6–9) *

6. Ղուկաս 10։38–42 համարների համաձայն՝ Հիսուսն ինչպե՞ս օգնեց Մարթային ու Մարիամին։

6 Հիսուսը ժամանակ էր անցկացնում իր հոգևոր քույրերի հետ և իսկական ընկեր էր նրանց համար։ Օրինակ՝ նա ընկերություն էր անում Մարիամի ու Մարթայի հետ, ովքեր ակներևաբար ամուրի էին (կարդա Ղուկաս 10։38–42)։ Նա իրեն այնպես էր պահում, որ նրանք իր ներկայությամբ չէին լարվում։ Օրինակ՝ Մարիամը չկաշկանդվեց նստել Հիսուսի ոտքերի մոտ, ինչը սովորաբար աշակերտներն էին անում։ * Իսկ երբ Մարթան զայրացել էր, որ Մարիամը իրեն չի օգնում, Հիսուսի մոտ ազատորեն արտահայտեց իր վրդովմունքը։ Այդ անկաշկանդ մթնոլորտում Հիսուսը հոգևորապես օգնեց իր քույրերին։ Այս կանանց ու նրանց եղբոր՝ Ղազարոսի հանդեպ Հիսուսի հոգատարությունը երևում է նաև նրանից, որ նա տարբեր առիթներով ժամանակ էր անցկացնում նրանց հետ (Հովհ. 12։1–3)։ Ուստի զարմանալի չէ, որ երբ Ղազարոսը ծանր հիվանդացավ, Մարթան ու Մարիամը գիտեին, որ օգնության համար կարող էին դիմել Հիսուսին (Հովհ. 11։3, 5

7. Ինչպե՞ս կարող ենք քաջալերել մեր քույրերին։

7 Որոշ քույրեր հիմնականում ժողովի հանդիպումներին են կարողանում շփվել հավատակիցների հետ։ Ուստի լավ կլինի, որ առիթն օգտագործենք ու սրտանց ողջունենք նրանց, խոսենք նրանց հետ և ցույց տանք, որ հետաքրքրված ենք նրանցով։ Ջորդանը, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Ես շատ եմ քաջալերվում, երբ ուրիշները գովում են ինձ իմ մեկնաբանությունների համար, ծառայության են հրավիրում կամ էլ ուրիշ ձևով են ցույց տալիս, որ հետաքրքրված են ինձանով»։ Մեր քույրերը պետք է զգան, որ թանկ են մեզ համար։ Կիան ասում է. «Եթե այնպես է ստացվում, որ ժողով չեմ գնում, գիտեմ, որ հավատակիցներս գրելու են, որպեսզի տեսնեն, թե ոնց եմ։ Դա ցույց է տալիս, որ քույրերս ու եղբայրներս մտածում են իմ մասին»։

8. Ո՞ր հարցում կարող ենք ընդօրինակել Հիսուսին։

8 Հիսուսի պես մենք կարող ենք ժամանակ անցկացնել մեր քույրերի հետ։ Օրինակ՝ կարող ենք նրանց մեր տուն հրավիրել և պարզ հյուրասիրություն կազմակերպել կամ էլ մեկ այլ ձևով միասին հաճելի ժամանակ անցկացնել։ Պետք է նաև ուշադիր լինենք, որ մեր զրույցները քաջալերական լինեն (Հռոմ. 1։11, 12)։ Հիսուսը գիտեր, որ ոմանց համար ամուրի մնալը կարող է դժվար լինել։ Բայց նա ցույց տվեց, որ հարատև երջանկությունը ամուսնանալու և երեխաներ ունենալու մեջ չէ (Ղուկ. 11։27, 28)։ Այն գալիս է Եհովային ծառայելը կյանքում առաջին տեղում դնելուց (Մատթ. 19։12)։ Լավ կլինի, որ երեցները այս հարցում ընդօրինակեն Հիսուսին։

9. Ի՞նչ կարող են անել երեցները քույրերին օգնելու համար։

9 Հատկապես երեցները քրիստոնյա կանանց պետք է վերաբերվեն ինչպես քույրերի ու մայրերի (1 Տիմոթ. 5։1, 2)։ Լավ կլինի, որ նրանք ժամանակ հատկացնեն և հանդիպումներից առաջ կամ հետո զրուցեն քույրերի հետ։ Քրիստին ասում է. «Երեցներից մեկը նկատեց, որ ես միշտ զբաղված եմ, և ցանկացավ իմանալ, թե ինչ գրաֆիկով եմ ապրում։ Ես անչափ զգացված էի նրա հոգատարությունից»։ Երբ երեցները կանոնավորաբար ժամանակ են տրամադրում քույրերի հետ զրուցելու համար, ցույց են տալիս, որ իսկապես հոգ են տանում նրանց մասին։ * Անետը, ում մասին արդեն հիշատակել ենք, նշում է, թե ինչով է օգտակար երեցների հետ հաճախակի զրուցելը։ Նա ասում է. «Այդպես երեցներին ավելի լավ եմ սկսում ճանաչել, նրանք էլ ինձ, ու երբ դժվարության եմ բախվում, ավելի հեշտ է լինում օգնության համար դիմել նրանց»։

ԹԱՆԿ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ՔՈՒՅՐԵՐԻՆ

10. Ի՞նչը կարող է թև տալ մեր քույրերին։

10 Լինենք տղամարդ, թե կին, բոլորս էլ թև ենք առնում, երբ ուրիշները նկատում են մեր ունակությունները և ասում, որ գնահատում են մեր կատարած աշխատանքը։ Բայց երբ մեր ընդունակություններն ու աշխատանքը չեն գնահատվում, մենք վհատվում ենք։ Աբիգեյլ անունով մի ռահվիրա, ով երբեմն իրեն անտեսված է զգում, ասում է. «Ինձ ճանաչում են որպես այսինչի աղջիկ կամ այնինչի քույր։ Որպես առանձին անհատ՝ ասես գոյություն չունեմ։ Երբեմն ինձ թվում է, թե անտեսանելի եմ»։ Սակայն տեսնենք, թե ինչ է ասում Փեմ անունով մեկ այլ քույր։ Ամուրի ժամանակ նա երկար տարիներ միսիոներ է ծառայել։ Հետո վերադարձել է տուն, որպեսզի հոգ տանի ծնողների մասին։ Այժմ Փեմը 70-ն անց է և շարունակում է ռահվիրայություն անել։ Նա ասում է. «Ինձ շատ է օգնել այն, որ ուրիշները արտահայտել են իրենց գնահատանքը իմ արածների համար»։

11. Հիսուսն ինչպե՞ս էր ցույց տալիս, որ գնահատում է ծառայության մեջ իրեն ուղեկցող կանանց։

11 Հիսուսը շատ բարձր էր գնահատում այն աստվածավախ կանանց օգնությունը, ովքեր նրա հետ «կիսում էին իրենց ունեցածը» (Ղուկ. 8։1–3)։ Նա ոչ միայն թույլ տվեց, որ նրանք առանձնաշնորհում ունենան ծառայելու իրեն, այլև նրանց խոր հոգևոր ճշմարտություններ հայտնեց։ Օրինակ՝ Հիսուսը այդ կանանց ասաց, որ մահանալու է և հարություն է առնելու (Ղուկ. 24։5–8)։ Ինչպես առաքյալներին, այնպես էլ նրանց նա պատրաստեց սպասվող փորձություններին (Մարկ. 9։30–32; 10։32–34)։ Ու թեև առաքյալները փախան, երբ Հիսուսին ձերբակալեցին, այդ կանանցից ոմանք նրա կողքին էին, երբ նա մահանում էր տանջանքի ցցի վրա (Մատթ. 26։56; Մարկ. 15։40, 41

12. Հիսուսը ի՞նչ գործեր վստահեց կանանց։

12 Հիսուսը կանանց կարևոր գործեր հանձնարարեց։ Օրինակ՝ իր հարության առաջին վկաները աստվածավախ կանայք էին։ Նա նրանց հանձնարարեց գնալ ու հայտնել առաքյալներին, որ ինքը հարություն է առել (Մատթ. 28։5, 9, 10)։ Իսկ 33 թ. Պենտեկոստեին, ամենայն հավանականությամբ, կանայք էլ էին այն աշակերտների թվում, ովքեր լցվեցին սուրբ ոգով։ Դա նշանակում է, որ նրանք էլ էին հրաշքով ստացել օտար լեզուներով խոսելու ունակությունը և կարող էին «Աստծու մեծամեծ բաների» մասին պատմել ուրիշներին (Գործ. 1։14; 2։2–4, 11

13. Ի՞նչ գործ են կատարում քրիստոնյա կանայք այսօր, և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք նրանց արածը։

13 Մեր քույրերը գովասանքի են արժանի այն ամենի համար, ինչ անում են Եհովայի գործում։ Օրինակ՝ նրանք մասնակցում են շինարարական և տեխսպասարկման աշխատանքների, օգնում են օտարախոս խմբերին, ծառայում են Բեթելում, մասնակցում են աղետից տուժածներին օգնություն տրամադրելու գործին, օգնում են թարգմանել մեր հրատարակությունները և ծառայում են ռահվիրաներ ու միսիոներներ։ Եղբայրների պես նրանք էլ են սովորում Ռահվիրայական ծառայության դպրոցում, Թագավորության քարոզիչների դպրոցում, ինչպես նաև «Գաղաադ» դպրոցում։ Բացի այդ՝ ամուսնացած քույրերը աջակցում են իրենց ամուսիններին՝ կատարելու ժողովում և կազմակերպության մեջ ունեցած իրենց պատասխանատվությունները։ Հակառակ դեպքում՝ պատասխանատու եղբայրները չէին կարողանա ամբողջությամբ կատարել «մարդկանց տեսքով պարգևների» իրենց դերը (Եփես. 4։8)։ Մտածե՞լ ես, թե ինչ կերպերով կարող ես աջակցել այս քույրերին։

14. Հաշվի առնելով Սաղմոս 68։11-ը՝ ի՞նչ են անում իմաստուն երեցները։

14 Իմաստուն երեցները գիտակցում են, որ կանայք հոժարակամ աշխատողների մեծ բանակ են, և որ նրանք հաճախ շատ հմուտ են քարոզչական գործում (կարդա Սաղմոս 68։11)։ Ուստի երեցները ձգտում են սովորել այդ կանանց փորձից։ Աբիգեյլը շատ է քաջալերվում, երբ եղբայրները հարցնում են, թե իրենց տարածքում, որ մատուցումներն են ավելի արդյունավետ։ Նա ասում է. «Դա օգնում է՝ տեսնեմ, որ Եհովան ինձ կարևոր գործ է տվել իր կազմակերպությունում»։ Երեցները նաև հասկանում են, որ հավատարիմ և հասուն քույրերը կարող են մեծ օգնություն լինել երիտասարդ քույրերի համար, երբ նրանք բախվում են դժվարությունների (Տիտոս 2։3–5)։ Անշուշտ, մեր քույրերը արժանի են, որ սիրենք ու թանկ գնահատենք իրենց։

ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՔՈՒՅՐԵՐԻՆ

15. Ե՞րբ գուցե կարիք լինի օգնելու և պաշտպանելու մեր քույրերին։

15 Երբեմն քույրերը օգնության և պաշտպանության կարիք են ունենում (Ես. 1։17)։ Օրինակ՝ այրի կամ ամուսնալուծված քույրը գուցե երբեմն կարիք ունենա, որ որոշ իրավիճակներում ինչ-որ մեկը խոսի իր փոխարեն և օգնի կատարել այնպիսի գործեր, որ նախկինում իր ամուսինն էր անում։ Տարեց քույրը գուցե կարիք ունենա, որ ինչ-որ մեկը խոսի բժիշկների հետ։ Գուցե կարիք լինի քննադատությունից պաշտպանել ռահվիրա քրոջը, ով օգնում է որևէ աստվածապետական նախագծում և չի կարողանում այնքան մասնակցել ծառայությանը, որքան մյուս ռահվիրաները։ Իսկ ուրիշ ի՞նչ կերպերով կարող ենք օգնել մեր քույրերին։ Եկեք նորից ուշադրություն դարձնենք Հիսուսի օրինակին։

16. Ըստ Մարկոս 14։3–9 համարների՝ Հիսուսն ինչպե՞ս պաշտպանեց Մարիամին։

16 Հիսուսը շատ արագ էր արձագանքում, երբ իր հոգևոր քույրերին ճիշտ չէին հասկանում։ Օրինակ՝ նա պաշտպանեց Մարիամին, երբ Մարթան սկսեց քննադատել նրան (Ղուկ. 10։38–42)։ Հիսուսը պաշտպանեց Մարիամին նաև այն ժամանակ, երբ վերջինս արեց մի բան, ինչի համար մարդիկ հանդիմանեցին նրան (կարդա Մարկոս 14։3–9)։ Հիսուսը հասկացավ Մարիամի մղումները և գովեց նրան դրա համար՝ ասելով. «Նա բարի գործ արեց ինձ համար.... Նա արեց այն, ինչ կարող էր»։ Հիսուսը նույնիսկ մարգարեացավ, որ «ամբողջ աշխարհում, որտեղ էլ, որ բարի լուրը քարոզվի», Մարիամի բարի արարքը պատմվելու է, ինչպես որ մեր հոդվածում է արվում։ Հատկանշական է, որ Հիսուսը քարոզչական գործի մասշտաբների մասին նշեց հենց այն ժամանակ, երբ գովեց այս կնոջը իր անեսասեր արարքի համար։ Դա պետք է որ շատ մխիթարական լիներ Մարիամի համար։

17. Բեր օրինակ, երբ գուցե կարիք լինի պաշտպանելու մեր քույրերին։

17 Պաշտպանո՞ւմ ես քույրերիդ, երբ նրանք դրա կարիքը ունեն։ Պատկերացնենք հետևյալ իրավիճակը։ Որոշ քարոզիչներ նկատում են, որ մի քույր, ով ապրում է կրոնապես բաժանված ընտանիքում, հաճախ ուշացած է գալիս ժողովի հանդիպումներին և ավարտից հետո անմիջապես հեռանում է։ Նա հազվադեպ է երեխաներին իր հետ բերում։ Ուստի նրանք սկսում են քննադատել քրոջը՝ ասելով, թե նա չի կարողանում ամուսնու մոտ իր տեսակետը պնդել և երեխաներին բերել ժողով։ Բայց իրականությունն այն է, որ այդ քույրը իր հանգամանքներում լավագույնն է անում։ Նա չէ իր գրաֆիկի տերը։ Բացի այդ՝ նա պետք է հարգի երեխաների հետ կապված ամուսնու որոշումները։ Ի՞նչ կարող ես անել, եթե ոմանք քո ներկայությամբ նման քննադատական խոսքեր ասեն որևէ քրոջ հասցեին։ Կարող ես նրանց ներկայությամբ գովել քրոջը և նշել այն լավ գործերը, որ նա անում է։ Այդպիսով վերջ կդնես բացասական զրույցներին։

18. Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ենք օգնել մեր քույրերին։

18 Քույրերի հանդեպ մեր հոգատարությունը կարող ենք նաև ցույց տալ՝ նրանց գործնական օգնություն առաջարկելով (1 Հովհ. 3։18Անետը, որը հոգ էր տանում իր հիվանդ մոր մասին, ասում է. «Որոշ եղբայրներ ու քույրեր գալիս էին մեր տուն և խնամում մորս, որպեսզի ուրիշ գործեր անելու ժամանակ ունենայի։ Ոմանք էլ կերակուր էին բերում։ Այդ ամենի շնորհիվ ես զգում էի, որ ժողովի մի մասն եմ, և հավատակիցներս սիրում են ինձ»։ Ջորդանին, ում հավատակիցները նույնպես օգնեցին, ասում է. «Եղբայրներից մեկը մի քանի գործնական խորհուրդ տվեց, թե ինչպես հոգ տանեմ մեքենայիս մասին։ Հաճելի է տեսնել, որ եղբայրներս ու քույրերս մտածում են իմ անվտանգության մասին»։

19. Երեցները ուրիշ ի՞նչ կերպերով կարող են օգնել քույրերին։

19 Երեցները նույնպես ուշադիր են, որ տեսնեն, թե ինչի կարիք ունեն քույրերը։ Նրանք գիտեն, որ Եհովայի համար միևնույն չէ, թե քույրերի հանդեպ ինչպիսի վերաբերմունք կդրսևորվի (Հակ. 1։27)։ Ուստի ձգտում են Հիսուսի պես ողջամիտ լինել։ Օրենքներ սահմանելու փոխարեն՝ նրանք հարկ եղած դեպքում բացառություններ են անում (Մատթ. 15։22–28)։ Երբ երեցները նախաձեռնություն են վերցնում և օգնում քույրերին, վերջիններս զգում են կազմակերպության և Եհովայի սերն ու հոգատարությունը։ Կիայի քարոզչական խմբի վերակացուն, իմանալով, որ նա տեղափոխվում է մեկ այլ տուն, անմիջապես քայլեր ձեռնարկեց, որ օգնի նրան։ Կիան պատմում է. «Ուսերիցս մի մեծ բեռ ընկավ։ Ինձ քաջալերելով և գործնականում օգնելով՝ երեցները ցույց տվեցին, որ թանկ եմ ժողովի համար և մենակ չեմ դժվար իրավիճակներում»։

ԱՋԱԿՑԵՆՔ ՔՈՒՅՐԵՐԻՆ

20–21. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք գնահատում մեր քույրերին։

20 Մեր ժողովներում բազմաթիվ ջանասեր կանայք կան, ովքեր արժանի են, որ օգնենք ու աջակցենք իրենց։ Հիսուսի օրինակից սովորեցինք, որ պետք է մեր քույրերի հետ ժամանակ անցկացնենք՝ ձգտելով ավելի լավ ճանաչել նրանց։ Սովորեցինք նաև, որ պետք է գնահատանք ցույց տանք այն ամենի հանդեպ, ինչ նրանք անում են ծառայության մեջ, ինչպես նաև հարկ եղած դեպքում պաշտպանենք նրանց և օգնենք այնպիսի հարցերում, որոնցում դժվարանում են։

21 Հռոմեացիներին գրած նամակի վերջում Պողոս առաքյալը կոնկրետ նշում է ինը քրիստոնյա կանանց անուններ (Հռոմ. 16։1, 3, 6, 12, 13, 15)։ Անկասկած, այս կանայք շատ քաջալերվեցին՝ լսելով Պողոսի գրած ողջույնի և գովեստի խոսքերը։ Եկեք մենք էլ աջակցենք մեր ժողովի քույրերին։ Այդպիսով ցույց կտանք, որ նրանք մեր հոգևոր ընտանիքի մի մասն են, և որ մենք նրանց շատ ենք սիրում։

ԵՐԳ 136 Լիակատար վարձատրություն Եհովայից

^ պարբ. 5 Քրիստոնյա կանայք շատ դժվարությունների են բախվում։ Այս հոդվածից կիմանանք, թե Հիսուսի օրինակին հետևելով՝ ինչպես կարող ենք աջակցել մեր սիրելի քույրերին։ Հիսուսը ժամանակ էր տրամադրում կանանց, ցույց էր տալիս, որ նրանք թանկ են իր համար և պաշտպանում էր։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանից։

^ պարբ. 5 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 6 Մի աշխատության մեջ ասվում է. «Սովորաբար աշակերտները նստում էին ուսուցիչների ոտքերի մոտ։ Դա ցույց էր տալիս, որ նրանք պատրաստվում էին ուսուցիչ դառնալ՝ մի բան, ինչը կանանց չէր թույլատրվում։ Հրեա տղամարդկանց մեծ մասը կցնցվեր, եթե տեսներ, որ Մարիամը, անտեսելով այդ ժամանակներում կանանց մասին ընդունված կարծիքը, նստել է Հիսուսի ոտքերի մոտ և ուզում է սովորել նրանից»։

^ պարբ. 9 Քույրերին օգնելիս երեցները պետք է զգույշ լինեն։ Օրինակ՝ նրանք չպետք է միայնակ այցելեն որևէ քրոջ։

^ պարբ. 65 ՆԿԱՐ։ Հավատարիմ կանանց հանդեպ Հիսուսի վերաբերմունքը ընդօրինակելով՝ եղբայրներից մեկը օգնում է երկու քրոջ փոխելու իրենց ավտոմեքենայի անիվը։ Մյուս եղբայրը այցելել է վատառողջ մի քրոջ։ Իսկ մեկ ուրիշ եղբայր իր կնոջ հետ այցելել է մեր քրոջն ու նրա դստերը, և նրանք ընտանեկան երկրպագություն են անում։