Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37

«Ձեռքիդ հանգիստ մի՛ տուր»

«Ձեռքիդ հանգիստ մի՛ տուր»

«Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր» (ԺՈՂ. 11։6

ԵՐԳ 68 Ցանենք Թագավորության սերմերը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ինչպե՞ս կարող ենք կիրառել Ժողովող 11։6-ում գրված սկզբունքը։

ՈՐՈՇ երկրներում մարդիկ ուրախությամբ ընդունում են բարի լուրը։ Դա հենց այն է, ինչի կարիքը նրանք ունեն։ Այլ երկրներում էլ մարդիկ հետաքրքրված չեն Աստվածաշնչով և չեն ուզում խոսել Աստծու մասին։ Իսկ ինչպե՞ս են բարի լուրին արձագանքում ձեր տարածքում։ Անկախ մարդկանց արձագանքից՝ Եհովան ուզում է, որ շարունակենք քարոզել, քանի դեռ նա չի ասել՝ բավական է։

2 Եհովայի նշանակած ժամանակին քարոզչական գործը կավարտվի, և «կգա վերջը» (Մատթ. 24։14, 36)։ Իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք հնազանդվել «ձեռքիդ հանգիստ մի՛ տուր» * պատվերին (կարդա Ժողովող 11։6

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Նախորդ հոդվածից իմացանք, թե ինչպես կարող ենք մարդկանց հմուտ «որսորդներ» դառնալ (Մատթ. 4։19)։ Այս հոդվածում կտեսնենք, թե ինչը կօգնի, որ վճռական լինենք քարոզելու բարի լուրը՝ անկախ հանգամանքներից։ Կիմանանք, թե ինչու է կարևոր 1) կենտրոնացած մնալ քարոզչական գործի վրա, 2) համբերատար լինել և 3) հավատը ամուր պահել։

ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՐԱ

4. Ինչո՞ւ պետք է կենտրոնացած մնանք այն գործի վրա, որ Եհովան հանձնարարել է մեզ։

4 Վերջին օրերի նշանը տալիս Հիսուսը խոսեց այնպիսի բաների մասին, որոնք իր հետևորդներին կարող էին շեղել քարոզչական գործից։ Ուստի նա իր աշակերտներին հորդորեց «արթուն մնալ» (Մատթ. 24։42)։ Այդ բաները Նոյի օրերում ապրող մարդկանց խանգարեցին ուշադրություն դարձնել նրա նախազգուշացմանը։ Դրանք կարող են շեղել նաև մեզ (Մատթ. 24։37–39; 2 Պետ. 2։5)։ Ուստի մենք պետք է կենտրոնացած մնանք Եհովայի հանձնարարած գործի վրա։

5. Գործեր 1։6–8 համարների համաձայն՝ ի՞նչ ծավալների էր հասնելու քարոզչական գործը։

5 Թագավորության բարի լուրը քարոզելու գործը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի։ Հիսուսը մարգարեացել էր, որ իր հետևորդները շարունակելու էին այդ գործը իր մահից հետո, և որ այն մեծ ծավալների էր հասնելու (Հովհ. 14։12)։ Բայց նրա մահից հետո որոշ աշակերտներ վերադարձան ձկնորսության գործին։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հրաշքով օգնեց իր աշակերտներից մի քանիսին մեծ քանակությամբ ձուկ բռնել և առիթն օգտագործելով՝ ընդգծեց, որ «մարդկանց որսորդներ» լինելը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ գործ (Հովհ. 21։15–17)։ Երկինք համբարձվելուց անմիջապես առաջ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ բարի լուրը քարոզվելու է ոչ միայն Իսրայելում, այլ նաև դրանից դուրս (կարդա Գործեր 1։6–8)։ Տարիներ անց նա տեսիլքի միջոցով Հովհաննես առաքյալին ցույց տվեց, թե ինչ է լինելու «Տիրոջ օրվա» ընթացքում։ * Այլ բաների թվում Հովհաննեսը տեսավ նաև ակնածանք ներշնչող մի իրադարձություն. հրեշտակների առաջնորդությամբ «հավիտենական բարի լուր» էր հռչակվում «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտն. 1։10; 14։6)։ Հստակ է՝ Եհովայի կամքն է, որ մենք մասնակցենք այս համաշխարհային քարոզչական գործին մինչև դրա ավարտը։

6. Ի՞նչը կօգնի, որ կենտրոնացած մնանք քարոզչական գործի վրա։

6 Մենք կենտրոնացած կմնանք քարոզչական գործի վրա, եթե մտածենք, թե որքան շատ բան է անում Եհովան մեզ օգնելու համար։ Օրինակ՝ նա մեզ առատ հոգևոր կերակուր է տալիս՝ տպագիր և էլեկտրոնային հրատարակությունների, տեսանյութերի, ձայնագրությունների և ինտերնետային հեռարձակումների միջոցով։ Իսկ մեր պաշտոնական կայքը հասանելի է ավելի քան 1 000 լեզուներով (Մատթ. 24։45–47)։ Այս աշխարհը պառակտված է քաղաքական, կրոնական և տնտեսական առումներով, մինչդեռ ավելի քան ութ միլիոն Աստծու ծառաներ միասնական են և համաշխարհային եղբայրություն են կազմում։ Դա երևում է, օրինակ, այն բանից, որ 2019 թ. ապրիլի 19-ին ամբողջ աշխարհում Վկաները դիտեցին օրվա խոսքը քննարկող մի տեսանյութ։ Բացի այդ՝ նույն օրը՝ Հիսուս Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, ներկա եղավ 20 919 041 հոգի։ Երբ մտածում ենք, թե ինչ մեծ առանձնաշնորհում է ականատես լինել այս ժամանակակից հրաշքին և լինել դրա մի մասը, մղվում ենք կենտրոնացած մնալու Թագավորության գործի վրա։

Հիսուսը թույլ չտվեց, որ որևէ բան շեղի իրեն ճշմարտության մասին վկայելուց (տես պարբերություն 7)

7. Հիսուսի օրինակը ինչպե՞ս է օգնում մեզ կենտրոնացած մնալ ծառայության վրա։

7 Հիսուսի օրինակին հետևելը նույնպես կօգնի կենտրոնացած մնալ ծառայության վրա։ Նա թույլ չտվեց, որ ինչ-որ բան շեղի իրեն ճշմարտության մասին վկայելու գործից (Հովհ. 18։37)։ Նա չգայթակղվեց, երբ Սատանան առաջարկեց իրեն «աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը», չգայթակղվեց նաև, երբ մարդիկ ուզում էին իրեն թագավոր դարձնել (Մատթ. 4։8, 9; Հովհ. 6։15)։ Հիսուսին չգրավեց նյութական հարստությունը, ոչ էլ վախեցրեց կատաղի հակառակությունը (Ղուկ. 9։58; Հովհ. 8։59)։ Պողոս առաքյալը առաջին դարի քրիստոնյաներին հորդորեց հետևել Հիսուսի օրինակին, որպեսզի նրանք ուժասպառ չլինեին և չհանձնվեին (Եբր. 12։3)։ Եթե ուզում ենք հավատի փորձության բախվելիս կենտրոնացած մնալ ծառայության վրա, մենք էլ պետք է այդպես վարվենք։

ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՂԻՐ

8. Ի՞նչ է համբերությունը, և ինչո՞ւ դրա կարիքն ունենք հատկապես հիմա։

8 Համբերությունը հանդարտորեն սպասելու ունակությունն է՝ հույս ունենալով, որ իրավիճակը կփոխվի։ Մեզ համբերություն է անհրաժեշտ՝ անկախ նրանից, թե ինչի ենք սպասում՝ տհաճ իրավիճակի փոփոխության, թե երկար սպասված ցանկալի մի բանի իրականացման։ Ամբակում մարգարեն փափագում էր, որ Հուդայից բռնությունը վերանա (Ամբ. 1։2)։ Իսկ Հիսուսի աշակերտները հույս ունեին, որ Թագավորությունը «իսկույն կհայտնվի» և կազատի իրենց հռոմեական լծից (Ղուկ. 19։11)։ Մենք էլ փափագով սպասում ենք այն օրվան, երբ Աստծու Թագավորությունը կվերացնի չարությունը և արդար նոր աշխարհ կհաստատի (2 Պետ. 3։13)։ Բայց մինչ այդ պետք է համբերատար լինենք ու սպասենք Եհովայի նշանակած ժամանակին։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչպես է Եհովան սովորեցնում մեզ համբերատար լինել։

9. Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ Եհովան համբերատար է։

9 Եհովան համբերատար լինելու կատարյալ օրինակ է։ Նա բավականաչափ ժամանակ տվեց Նոյին, որպեսզի վերջինս կարողանա տապան կառուցել և ծառայել որպես «արդարության քարոզիչ» (2 Պետ. 2։5; 1 Պետ. 3։20)։ Եհովան համբերատարորեն լսեց Աբրահամին, երբ նա անընդհատ հարցեր էր տալիս Սոդոմն ու Գոմորը կործանելու իր որոշման մասին (Ծննդ. 18։20–33)։ Դարեր շարունակ Եհովան ծով համբերություն է ցուցաբերել անհավատարիմ Իսրայել ազգի նկատմամբ (Նեեմ. 9։30, 31)։ Նրա համբերատարությունը երևում է նաև այսօր։ Նա «զղջալու» բավարար ժամանակ է տալիս նրանց, ում ձգում է դեպի իրեն (2 Պետ. 3։9; Հովհ. 6։44; 1 Տիմոթ. 2։3, 4)։ Եհովայի օրինակը մղում է մեզ համբերատար լինելու մարդկանց հանդեպ, երբ քարոզում ու սովորեցնում ենք նրանց։ Եհովան մեզ համբերություն է սովորեցնում նաև իր Խոսքում գրված հողագործի օրինակով։

Աշխատասեր և համբերատար հողագործի նման մենք սպասում ենք մեր աշխատանքի արդյունքներին (տես պարբերություն 10–11)

10. Ի՞նչ ենք սովորում Հակոբոս 5։7, 8 համարներում գրված հողագործի օրինակից։

10 Կարդա Հակոբոս 5։7, 8։ Հողագործից սովորում ենք համբերատար լինել։ Թեև որոշ բույսեր արագ են աճում, սակայն բույսերի մեծ մասը, հատկապես պտղատու բույսերը, դանդաղ են աճում։ Իսրայելում բույսերի աճի շրջանը տևում էր մոտ վեց ամիս։ Հողագործը սկսում էր սերմերը ցանել աշնանը՝ վաղ անձրևից հետո, իսկ բերքը հավաքում էր գարնանը՝ ուշ անձրևից հետո (Մարկ. 4։28)։ Իմաստուն կլինենք, եթե հողագործի պես համբերատար լինենք։ Սակայն այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է։

11. Համբերությունը ինչպե՞ս կարող է օգնել մեզ ծառայության մեջ։

11 Անկատար մարդիկ իրենց ջանքերի արդյունքն ուզում են անմիջապես տեսնել։ Սակայն եթե ուզում ենք՝ մեր այգին բերք տա, պետք է շարունակ հոգ տանենք դրա մասին՝ փորենք, ցանենք, քաղհանենք ու ջրենք։ Աշակերտներ պատրաստելու գործը նույնպես շարունակական ջանքեր և համբերություն է պահանջում։ Օրինակ՝ համբերություն է անհրաժեշտ, որպեսզի չվհատվենք, երբ մարդիկ չեն ընդունում մեր հայտնած լուրը։ Համբերություն է պետք նաև այն ժամանակ, երբ օգնում ենք նրանց, ովքեր ընդունել են բարի լուրը։ Մենք չենք կարող ստիպել նրանց, որ հոգևորապես ավելի արագ աճեն։ Ժամանակ է պետք, որ կարողանանք անտարբերության ու կողմնակալության մոլախոտերը քաղհանել Աստվածաշունչ ուսումնասիրողների սրտից։ Նույնիսկ Հիսուսի աշակերտներին էր ժամանակ հարկավոր, որպեսզի ըմբռնեին Հիսուսի սովորեցրածների իմաստը (Հովհ. 14։9)։ Եկեք հիշենք, որ մենք տնկում ենք, ջրում, բայց Աստված է, որ աճեցնում է (1 Կորնթ. 3։6

12. Ինչպե՞ս կարող ենք համբերատար լինել, երբ քարոզում ենք մեր հարազատներին։

12 Մեզ համբերություն է պետք նաև այն ժամանակ, երբ քարոզում ենք մեր հարազատներին։ Այս հարցում մեզ կօգնի Ժողովող 3։1, 7 համարներում գրված սկզբունքը։ Այնտեղ ասվում է. «Կա.... լռելու ժամանակ և խոսելու ժամանակ»։ Ճիշտ է՝ մեր լավ վարքը արդեն իսկ վկայություն է նրանց համար, սակայն երբեք չպետք է բաց թողնենք նրանց հետ ճշմարտության մասին խոսելու հարմար առիթը (1 Պետ. 3։1, 2)։ Չպետք է թույլ տանք, որ ծառայության մեջ ունեցած մեր եռանդը պատճառ դառնա, որ համբերատար չլինենք նրանց հանդեպ, ում քարոզում ենք, այդ թվում՝ մեր ընտանիքի անդամների։

13–14. Ո՞ւմ կարող ենք ընդօրինակել համբերություն դրսևորելու հարցում։

13 Մենք կարող ենք համբերություն սովորել ինչպես աստվածաշնչյան ժամանակների, այնպես էլ մեր օրերի Աստծու հավատարիմ ծառաների օրինակներից։ Ինչպես նշեցինք, Ամբակում մարգարեն փափագում էր, որ Հուդայից բռնությունը վերանա, բայց նա վստահությամբ ասաց. «Իմ պահակակետում ես կանգնած կմնամ» (Ամբ. 2։1)։ Իսկ Պողոսը մեծ ցանկություն ուներ «ավարտելու» իր ծառայությունը և ստանալու երկնային վարձատրությունը։ Սակայն նա համբերատարորեն շարունակում էր «հիմնովին վկայություն տալ Աստծու անզուգական բարության բարի լուրի մասին» (Գործ. 20։24

14 Մի ամուսնական զույգ «Գաղաադն» ավարտելուց հետո նշանակվել էր մի երկիր, որտեղ մարդկանց մեծամասնությունը քրիստոնյա չէ։ Այնտեղ շատ քչերն էին ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել։ Մինչդեռ «Գաղաադ» դպրոցի նրանց դասընկերները պատմում էին, որ իրենց նշանակման վայրերում շատ Աստվածաշունչ ուսումնասիրողներ ունեն, ովքեր հոգևորապես առաջադիմում են։ Չնայած իրենց տարածքում գրեթե աճ չկար, բայց զույգը շարունակում էր համբերատարորեն ծառայել։ Անպտուղ թվացող տարածքում ութ տարի քարոզելուց հետո վերջապես մի կին, ում օգնում էին Աստվածաշունչ ուսումնասիրել, մկրտվեց։ Ի՞նչ ենք սովորում Ամբակումի, Պողոս առաքյալի և այս զույգի օրինակից։ Աստծու այս հավատարիմ ծառաները անգործունյա չդարձան և իրենց ձեռքին հանգիստ չտվեցին։ Եհովան վարձատրեց նրանց իրենց համբերության համար։ Թող որ «ընդօրինակենք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ժառանգում են խոստումները» (Եբր. 6։10–12

ՀԱՎԱՏԴ ԱՄՈՒՐ ՊԱՀԻՐ

15. Ինչպե՞ս է հավատը ամրացնում քարոզելու մեր վճռականությունը։

15 Մենք հավատում ենք, որ մեր հայտնած լուրը ճշմարտություն է։ Դրա համար ձգտում ենք հնարավորինս շատ մարդկանց հայտնել այն։ Մենք վստահ ենք, որ Աստվածաշնչում գրված խոստումները կիրականանան (Սաղ. 119։42; Ես. 40։8)։ Բացի այդ՝ տեսնում ենք, որ աստվածաշնչյան մարգարեությունները իրականանում են մեր օրերում։ Մեր աչքի առաջ մարդկանց կյանքը փոխվում է դեպի լավը, երբ նրանք հետևում են աստվածաշնչյան խորհուրդներին։ Այս ամենը ամրացնում է մեր վստահությունը, որ բոլոր մարդիկ կարիք ունեն լսելու Թագավորության բարի լուրը։

16. Սաղմոս 46։1–3 խոսքերի համաձայն՝ Եհովայի և Հիսուսի հանդեպ հավատը ինչպե՞ս է ամրացնում քարոզելու մեր վճռականությունը։

16 Մենք հավատում ենք նաև Եհովային՝ մեր հայտնած լուրի Հեղինակին, և Հիսուս Քրիստոսին, ում նա Թագավոր է նշանակել (Հովհ. 14։1)։ Անկախ նրանից, թե ինչ իրավիճակներում կհայտնվենք, Եհովան միշտ մեզ համար ապաստան և զորություն կլինի (կարդա Սաղմոս 46։1–3)։ Բացի այդ՝ մենք համոզված ենք, որ Հիսուսը երկնքից առաջնորդում է քարոզչական գործը՝ գործի դնելով Եհովայից ստացած զորությունն ու իշխանությունը (Մատթ. 28։18–20

17. Պատմիր մի դեպք, որը ցույց է տալիս, որ պետք է շարունակենք քարոզել։

17 Հավատը ավելացնում է մեր վստահությունը այն բանում, որ Եհովան կօրհնի մեր ջանքերը, երբեմն նույնիսկ անսպասելի ձևերով (Ժող. 11։6)։ Ամեն օր հազարավոր մարդիկ վկայություն են ստանում գրականության ցուցատախտակների միջոցով։ Իսկ սա քարոզելու արդյունավե՞տ կերպ է։ Այո՛։ 2014 թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում գրված է մի երիտասարդ ուսանողուհու մասին, ով ուզում էր Եհովայի վկաների մասին էսսե գրել։ Նա Թագավորության սրահ էր փնտրում, բայց չկարողացավ գտնել, փոխարենը՝ համալսարանի տարածքում նկատեց մեր շարժական ցուցատախտակը։ Վկաները նրան էսսեի համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեցին։ Որոշ ժամանակ անց նա մկրտվեց և այժմ ծառայում է որպես ռահվիրա։ Նման դեպքերը ցույց են տալիս, որ դեռ կան մարդիկ, ովքեր կարիք ունեն լսելու Թագավորության մասին բարի լուրը։ Սա մղում է մեզ, որ շարունակենք եռանդով քարոզել։

ԵՐԲԵՔ ՁԵՌՔԻԴ ՀԱՆԳԻՍՏ ՄԻ՛ ՏՈՒՐ

18. Ինչո՞ւ ենք վստահ, որ քարոզչական գործը կավարտվի Եհովայի որոշած ժամանակ։

18 Մենք կարող ենք վստահ լինել, որ քարոզչական գործը կավարտվի ճիշտ ժամանակին։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ տեղի ունեցավ Նոյի օրերում։ Եհովան փաստեց, որ ինքը ամեն ինչ անում է ճիշտ ժամանակին։ Դեռ 120 տարի առաջ նա որոշել էր, թե կոնկրետ երբ էր լինելու Ջրհեղեղը։ Տասնամյակներ անց Եհովան Նոյին հանձնարարեց տապան կառուցել։ Ու դրա համար Նոյը հավանաբար 40-ից 50 տարի տքնաջան աշխատեց։ Չնայած մարդկանց անտարբերությանը՝ նա շարունակեց նախազգուշացնել նրանց, մինչև որ Եհովան պատվիրեց կենդանիներին տապան բերել։ Այնուհետև ճիշտ ժամանակին «Եհովան տապանի դուռը փակեց» (Ծննդ. 6։3; 7։1, 2, 16

19. Ի՞նչ օրհնություն կստանանք, եթե հանգիստ չտանք մեր ձեռքին։

19 Շուտով Եհովան Թագավորության քարոզչության գործը ավարտին կհասցնի։ Նա «դուռը կփակի» Սատանայի համակարգի առաջ, իսկ իր ժողովրդին կուղեկցի դեպի նոր աշխարհ։ Մինչ այդ եկեք ընդօրինակենք Նոյին, Ամբակումին և բոլոր նրանց, ովքեր հանգիստ չտվեցին իրենց ձեռքին։ Եկեք կենտրոնացած մնանք ծառայության վրա, համբերատար լինենք և ամուր պահենք մեր հավատը Եհովայի և նրա խոստումների հանդեպ։

ԵՐԳ 75 «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»

^ պարբ. 5 Նախորդ հոդվածում հոգևորապես առաջադիմող Աստվածաշունչ ուսումնասիրողներին հորդոր էր տրվում ընդունել «մարդկանց որսորդներ» դառնալու Հիսուսի հրավերը։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչը կօգնի ինչպես նոր, այնպես էլ փորձառու քարոզիչներին վճռական լինել շարունակելու քարոզչական գործը, մինչև որ Եհովան ասի՝ բավական է։

^ պարբ. 2 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Այս հոդվածում «ձեռքիդ հանգիստ մի՛ տուր» ասելով՝ հասկանում ենք, որ հարկավոր է վճռական լինել շարունակելու քարոզչական գործը, մինչև որ Եհովան ասի՝ բավական է։

^ պարբ. 5 «Տիրոջ օրը» սկսվել է 1914 թվականին, երբ Հիսուսը նշանակվել է Թագավոր, և կավարտվի Հազարամյակի վերջում։