Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 40

«Պահպանիր այն, ինչ վստահված է քեզ»

«Պահպանիր այն, ինչ վստահված է քեզ»

«Ո՛վ Տիմոթեոս, պահպանիր այն, ինչ վստահված է քեզ» (1 ՏԻՄՈԹ. 6։20

ԵՐԳ 29 Ապրենք մեր անվան համաձայն

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ի՞նչ էր վստահվել Տիմոթեոսին, և 1 Տիմոթեոս 6։20-ի համաձայն՝ ի՞նչ պետք է նա աներ։

ԲՈԼՈՐՍ էլ մեր թանկարժեք բաները երբեմն վստահում ենք ուրիշներին։ Օրինակ՝ գուցե մեր փողը պահում ենք բանկում։ Այդ դեպքում ակնկալում ենք, որ այն ապահով կպահվի, և ոչ ոք չի գողանա։ Ուստի հասկանում ենք, թե ինչ է նշանակում որևէ մեկին վստահել մի բան, ինչը թանկ է մեզ համար։

2 Կարդա 1 Տիմոթեոս 6։20։ Պողոս առաքյալը հիշեցրեց Տիմոթեոսին, որ իրեն թանկ բաներ են վստահվել։ Այդ թանկ բաները մարդկության առնչությամբ Աստծու նպատակի մասին ճշգրիտ գիտելիքներն էին։ Տիմոթեոսին վստահվել էր նաև «ավետարանչի գործն անելու» առանձնաշնորհումը (2 Տիմոթ. 4։2, 5)։ Պողոսը հորդորեց նրան պահպանել այդ ամենը։ Մեզ էլ են թանկ բաներ վստահվել։ Ինչի՞ մասին է խոսքը, և ինչո՞ւ պետք է պահպանենք այն, ինչ Եհովան տվել է մեզ։

ՄԵԶ ԹԱՆԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎՍՏԱՀՎԵԼ

3–4. Ինչո՞ւ են սուրբգրային ճշմարտությունները թանկ։

3 Եհովան մեզ սուրբգրային ճշմարտությունների մասին ճշգրիտ գիտելիքներ է տվել։ Դրանք թանկ են մեզ համար, քանի որ օգնում են լավ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ և իսկապես երջանիկ լինել։ Երբ ընդունում ենք այդ ճշմարտությունները և սկսում ենք ապրել դրանց համաձայն, ազատվում ենք կեղծ ուսմունքների ստրկությունից և բարոյապես մաքուր կյանք ենք վարում (1 Կորնթ. 6։9–11

4 Սուրբգրային ճշմարտությունները թանկ են նաև այն պատճառով, որ Եհովան դրանք հայտնում է միայն խոնարհ մարդկանց, ովքեր ճիշտ տրամադրվածություն ունեն (Գործ. 13։48)։ Նրանք ընդունում են, որ մեր օրերում Եհովան հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով է հայտնում այդ ճշմարտությունները (Մատթ. 11։25; 24։45)։ Ինքնուրույն մենք չէինք կարողանա հասկանալ սուրբգրային ճշմարտությունները, իսկ դրանք հասկանալը շատ ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան (Առակ. 3։13, 15

5. Ուրիշ ի՞նչ է Եհովան մեզ վստահել։

5 Եհովան մեզ նաև թանկ առանձնաշնորհում է վստահել. մարդկանց պատմել իր և իր նպատակների մասին ճշմարտությունը (Մատթ. 24։14)։ Մեր հայտնած լուրը անգին է, քանի որ այն մարդկանց օգնում է դառնալ Եհովայի ընտանիքի մի մասը և հավիտյան ապրելու հնարավորություն է տալիս (1 Տիմոթ. 4։16)։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք տրամադրում ծառայությանը, մենք աջակցում ենք մեր օրերում իրականացվող ամենակարևոր գործին (1 Տիմոթ. 2։3, 4)։ Մեծ պատիվ է լինել Աստծու համագործակիցը (1 Կորնթ. 3։9

ԱՄՈՒՐ ԲՌՆԻՐ ԱՅՆ, ԻՆՉ ՍՏԱՑԵԼ ԵՍ

Տիմոթեոսը կառչած մնաց ճշմարտությանը, երբ ուրիշները թողեցին այն (տես պարբերություն 6)

6. Ի՞նչ եղավ նրանց, ովքեր չգնահատեցին Աստծու համագործակիցը լինելու առանձնաշնորհումը։

6 Տիմոթեոսի ժամանակակիցներից ոմանք չգնահատեցին Աստծու համագործակիցը լինելու առանձնաշնորհումը։ Օրինակ՝ Դեմասը կորցրեց Պողոսի հետ ծառայելու առանձնաշնորհումը, քանի որ սիրեց այս աշխարհը (2 Տիմոթ. 4։10)։ Ֆիգելոսն ու Հերմոգենեսն էլ իրենց ծառայությունը թողեցին հավանաբար այն պատճառով, որ վախեցան բախվել այնպիսի հալածանքների, որոնց բախվել էր Պողոսը (2 Տիմոթ. 1։15)։ Իսկ Հիմենեոսը, Ալեքսանդրոսն ու Ֆիլետոսը հավատուրացության ծուղակն ընկան (1 Տիմոթ. 1։19, 20; 2 Տիմոթ. 2։16–18)։ Ակներևաբար, նրանք բոլորն էլ հոգևոր մարդիկ էին, բայց ժամանակի ընթացքում կորցրին իրենց գնահատանքը արժեքավոր բաների հանդեպ։

7. Ի՞նչ հնարքներ է Սատանան օգտագործում մեր դեմ։

7 Ինչպե՞ս է Սատանան փորձում դրդել մեզ, որ կորցնենք Եհովայի տված գանձերի հանդեպ մեր գնահատանքը։ Ուշադրություն դարձնենք նրա հնարքներից մի քանիսին։ Սատանան զվարճությունների և մեդիայի միջոցով այնպիսի արժեքներ, մտածելակերպ ու վարքագիծ է գովազդում, որոնք որդեգրելով՝ աստիճանաբար կհեռանանք ճշմարտությունից։ Նա ուզում է հալածանքի և հասակակիցների ճնշման միջոցով վախեցնել մեզ, որ չքարոզենք։ Սատանան նաև փորձում է խաբել մեզ, որ ականջ դնենք հավատուրացների ուսմունքներին և թողնենք ճշմարտությունը (1 Տիմոթ. 6։20, 21

8. Ի՞նչ ենք սովորում Դենիելի օրինակից։

8 Եթե զգույշ չլինենք, աստիճանաբար կհեռանանք ճշմարտությունից։ Տեսնենք, թե ինչ եղավ Դենիել * անունով մի եղբոր հետ, ով շատ էր սիրում տեսախաղեր։ Նա պատմում է. «Մոտ տասը տարեկան էի, երբ սկսեցի խաղալ։ Սկզբում համեմատաբար անվնաս տեսախաղեր էի խաղում։ Բայց հետո սկսեցի բռնություն և ոգեհարցություն պարունակող խաղերով տարվել»։ Ի վերջո նա այնքան տարվեց դրանցով, որ օրական 15 ժամ խաղում էր։ Դենիելը շարունակում է. «Սրտիս խորքում գիտեի, որ այդ խաղերը և դրանց այդքան ժամանակ տրամադրելը ինձ հեռացնում են Եհովայից։ Բայց խիղճս բթացրել էի՝ ինքս ինձ համոզելով, որ աստվածաշնչյան ոչ մի սկզբունք չեմ խախտում»։ Եթե զգույշ չլինենք, զվարճությունները կարող են հեշտությամբ թուլացնել ճշմարտությանը կառչած մնալու մեր վճռականությունը։ Արդյունքում գուցե կորցնենք մեզ վստահված թանկ բաները։

ԿԱՌՉԱԾ ՄՆԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

9. 1 Տիմոթեոս 1։18, 19 համարների համաձայն՝ Պողոսը Տիմոթեոսին ո՞ւմ հետ համեմատեց։

9 Կարդա 1 Տիմոթեոս 1։18, 19։ Պողոսը Տիմոթեոսին համեմատեց զինվորի հետ և հորդորեց նրան, որ շարունակի մղել «բարի պատերազմը»։ Նա խոսում էր ոչ թե բառացի պատերազմի մասին, այլ հոգևոր։ Ի՞նչ առումով են քրիստոնյաները նման պատերազմի դաշտում գտնվող զինվորների։ Ի՞նչ հատկություններ պետք է զարգացնենք՝ որպես Քրիստոսի զինվորներ։ Եկեք տեսնենք, թե ինչ հինգ դասեր կարող ենք սովորել Պողոսի համեմատությունից։ Դրանք կօգնեն, որ կառչած մնանք ճշմարտությանը։

10. Ինչո՞ւ պետք է նվիրված լինենք Աստծուն։

10 Զարգացրու Աստծու հանդեպ նվիրվածություն։ Լավ զինվորը նվիրված է։ Նա մինչև վերջ պայքարում է հանուն նրանց, ում սիրում է, և հանուն այն բաների, որոնք թանկ են իր համար։ Պողոսը Տիմոթեոսին հորդորեց Աստծու հանդեպ նվիրվածություն զարգացնել (1 Տիմոթ. 4։7)։ Որքան խորը լինի Աստծու հանդեպ մեր սերն ու նվիրվածությունը, այնքան ավելի մեծ կլինի ճշմարտությանը կառչած մնալու մեր ցանկությունը (1 Տիմոթ. 4։8–10; 6։6

Ծանրաբեռնված օրվանից հետո գուցե ստիպենք մեզ, որ գնանք ժողովի հանդիպման, բայց կօրհնվենք այդպես վարվելու համար (տես պարբերություն 11)

11. Ինչո՞ւ ինքնակարգապահության կարիք ունենք։

11 Զարգացրու ինքնակարգապահություն։ Զինվորը պետք է ինքնակարգապահություն ունենա, որպեսզի միշտ լավ մարտավիճակում լինի։ Տիմոթեոսը հոգևոր լավ «մարտավիճակում» մնաց, քանի որ հեռու էր մնում սխալ ցանկություններից, ձգտում էր աստվածահաճո հատկություններ զարգացնել և ընկերակցում էր հավատակիցների հետ (2 Տիմոթ. 2։22)։ Դրա համար նա պետք է ինքնակարգապահ լիներ։ Մենք էլ պետք է ինքնակարգապահ լինենք, որպեսզի կարողանանք հաղթել մարմնական ցանկությունների դեմ պայքարում (Հռոմ. 7։21–25)։ Այս հատկությունը կօգնի, որ շարունակ ջանքեր թափենք հին անձնավորությունը հանելու և նորը հագնելու համար (Եփես. 4։22, 24)։ Ինքնակարգապահությունը կօգնի նաև, որ գնանք ժողովի հանդիպման, անգամ եթե ծանրաբեռնված օր ենք ունեցել ու հոգնած ենք (Եբր. 10։24, 25

12. Ինչպե՞ս կարող ենք հմտանալ Աստվածաշունչը գործածելու հարցում։

12 Զինվորը պետք է կարողանա հմտորեն գործածել իր զենքերը։ Դրա համար նա պետք է կանոնավորաբար զինավարժություններ անի։ Նմանապես մենք պետք է հմուտ լինենք Աստծու Խոսքը գործածելու հարցում (2 Տիմոթ. 2։15)։ Ճիշտ է, ժողովի հանդիպումների ժամանակ մենք որոշ հմտություններ ձեռք ենք բերում, բայց որպեսզի կարողանանք օգնել ուրիշներին համոզվել, որ աստվածաշնչյան ճշմարտությունները մեծ արժեք ունեն, պետք է կանոնավորաբար Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անենք և ամրացնենք մեր հավատը։ Իսկ դրա համար Աստվածաշունչ կարդալը դեռ բավական չէ։ Մենք պետք է նաև խորհրդածենք ընթերցածի շուրջ և փնտրտուքներ անենք մեր հրատարակություններում, որպեսզի ճիշտ հասկանանք աստվածաշնչյան համարները և դրանց կիրառությունը (1 Տիմոթ. 4։13–15)։ Դրանից հետո միայն կկարողանանք Աստծու Խոսքը ճիշտ գործածել ուրիշներին ուսուցանելիս։ Այս դեպքում էլ պարզապես սուրբգրային համար կարդալը բավական չէ։ Մենք պետք է օգնենք մարդկանց, որ հասկանան ընթերցված խոսքերը և տեսնեն, թե դրանք ինչպես են առնչվում իրենց կյանքին։ Այսպիսով՝ եթե ուզում ենք բարելավել Աստծու ներշնչյալ Խոսքը ուրիշներին ուսուցանելու մեր հմտությունները, պետք է կանոնավորաբար անձնական ուսումնասիրություն անենք (2 Տիմոթ. 3։16, 17

13. Եբրայեցիներ 5։14-ի համաձայն՝ ինչո՞ւ պետք է ըմբռնողականություն դրսևորենք։

13 Գործի դիր ըմբռնողականությունդ։ Զինվորը պետք է կարողանա տեսնել վտանգը և խուսափել դրանից։ Մենք նույնպես պետք է սովորենք տեսնել վտանգավոր իրավիճակները և խուսափենք դրանցից (Առակ. 22։3; կարդա Եբրայեցիներ 5։14)։ Օրինակ՝ պետք է իմաստությամբ վարվենք հանգստի և զվարճության ընտրության հարցում։ Հեռուստածրագրերն ու ֆիլմերը հաճախ անբարո վարքի տեսարաններ են պարունակում։ Նման վարքը վիրավորում է Աստծուն և աղետալի հետևանքներ է բերում։ Ուստի մենք պետք է խուսափենք զվարճության այնպիսի ձևերից, որոնք կարող են աստիճանաբար թուլացնել Աստծու հանդեպ մեր սերը (Եփես. 5։5, 6

14. Ըմբռնողականությունը գործի դնելը ինչպե՞ս օգնեց Դենիելին։

14 Դենիելը գործի դրեց իր ըմբռնողականությունը և հասկացավ, որ խնդիր ունի։ Նա փնտրտուքներ արեց «Դիտարանի գրադարանում» և այնպիսի նյութեր գտավ, որոնք կօգնեին իրեն հաղթահարելու խնդիրը։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Նա դադարեց խաղալ քրիստոնյային ոչ վայել տեսախաղեր։ Նաև դադարեցրեց օնլայն խաղերի իր բոլոր բաժանորդագրությունները և մյուս խաղացողների հետ շփումը։ Դենիելն ասում է. «Տեսախաղեր խաղալու փոխարեն՝ սկսեցի ավելի շատ ժամանակ անցկացնել դրսում և շփվել ժողովի ընկերներիս հետ»։ Այժմ Դենիելը ռահվիրայություն է անում և ծառայում է որպես երեց։

15. Ինչո՞ւ են սուտ պատմությունները վտանգավոր։

15 Տիմոթեոսի պես մենք էլ պետք է գիտակցենք, որ հավատուրացների տարածած կեղծ տեղեկությունները վտանգավոր են (1 Տիմոթ. 4։1, 7; 2 Տիմոթ. 2։16)։ Օրինակ՝ նրանք գուցե փորձեն սուտ պատմություններ տարածել մեր եղբայրների ու քույրերի մասին և մեր մեջ կասկածներ սերմանեն Եհովայի կազմակերպության հանդեպ։ Նման տեղեկությունները կարող են թուլացնել մեր հավատը։ Մենք չպետք է թույլ տանք, որ նրանց քարոզչությունը մոլորեցնի մեզ։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ պատմությունները տարածում են այնպիսի մարդիկ, «ովքեր ապականված են մտքով և զրկված են ճշմարտությունից»։ Նրանց նպատակը «բանավեճեր ու վիճաբանություններ» սկսելն է (1 Տիմոթ. 6։4, 5)։ Հավատուրացներն ուզում են, որ հավատանք իրենց տարածած ստերին և կորցնենք վստահությունը մեր եղբայրների հանդեպ։

16. Ի՞նչը կարող է շեղել մեզ։

16 Թույլ մի՛ տուր, որ որևէ բան շեղի քեզ։ «Որպես Քրիստոս Հիսուսի լավ զինվոր»՝ Տիմոթեոսը պետք է կենտրոնացած մնար իր ծառայության վրա և չպետք է տարվեր նյութական բաներ ձեռք բերելով կամ այլ նպատակներ հետապնդելով (2 Տիմոթ. 2։3, 4)։ Նրա պես մենք էլ չպետք է թույլ տանք, որ նյութական բաներ ձեռք բերելու ցանկությունը շեղի մեզ։ «Հարստության խաբելու զորությունը» կարող է մեր մեջ խեղդել Եհովայի հանդեպ սերը, նրա Խոսքի հանդեպ երախտագիտությունը և ճշմարտությունը ուրիշներին հայտնելու մեր ցանկությունը (Մատթ. 13։22)։ Ուստի մենք պետք է պարզ կյանքով ապրենք և մեր ժամանակն ու ուժերը օգտագործենք Աստծու Թագավորության շահերն առաջ տանելու համար (Մատթ. 6։22–25, 33

17–18. Ինչպե՞ս կարող ենք խուսափել հոգևորապես վնասվելուց։

17 Պատրաստ եղիր արագ գործելու։ Զինվորը պետք է նախօրոք մտածի, թե ինչպես է վարվելու վտանգի բախվելիս։ Եթե ուզում ենք պահպանել այն ամենը, ինչ Եհովան վստահել է մեզ, պետք է վտանգի ժամանակ արագ գործենք։ Իսկ ի՞նչը կօգնի մեզ այդ հարցում։ Պետք է նախօրոք մտածենք, թե ինչպես ենք վարվելու վտանգի դեպքում։

18 Որոշ երկրներում մեծ միջոցառումների ժամանակ նախքան ծրագրի սկսվելը հանդիսատեսին տեղեկացնում են, թե որտեղ է գտնվում իրենց ամենամոտ ելքի դուռը։ Ինչո՞ւ։ Որպեսզի արտակարգ իրավիճակի դեպքում մարդիկ կարողանան արագ լքել շինությունը։ Մենք էլ պետք է նախօրոք ծրագրենք, թե որ «ելքով» ենք դուրս գալու, եթե անսպասելի իրավիճակ ստեղծվի։ Օրինակ՝ ինտերնետից օգտվելիս կամ որևէ ֆիլմ, հեռուստածրագիր դիտելիս մեր աչքի առաջ կարող են հանկարծակի հայտնվել անբարո պատկերներ, բռնություն պարունակող դաժան տեսարաններ կամ հավատուրացական նյութեր։ Եթե նախօրոք պատրաստված լինենք, կկարողանանք արագ գործել, ինչի արդյունքում հոգևորապես չենք վնասվի և Եհովայի աչքում մաքուր կմնանք (Սաղ. 101։3; 1 Տիմոթ. 4։12

19. Ի՞նչ օրհնություններ կունենանք, եթե պահպանենք այն թանկ բաները, որ Եհովան վստահել է մեզ։

19 Մենք պետք է պահպանենք Եհովայի տված թանկ բաները՝ սուրբգրային ճշմարտությունները և դրանց մասին ուրիշներին պատմելու առանձնաշնորհումը։ Այդ դեպքում մենք կունենանք մաքուր խիղճ, իմաստալից կյանք և կվայելենք այն ուրախությունը, որ բերում է Աստծու մասին ուրիշներին պատմելը։ Եհովայի օգնությամբ մենք կկարողանանք պահպանել այն ամենը, ինչ նա վստահել է մեզ (1 Տիմոթ. 6։12, 19

ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ

^ պարբ. 5 Մենք թանկ առանձնաշնորհում ունենք իմանալու ճշմարտությունը և սովորեցնելու այն մարդկանց։ Այս հոդվածը կօգնի, որ պինդ բռնենք այն և երբեք չկորցնենք։

^ պարբ. 8 Անունը փոխված է։