Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 39

Երբ հարազատդ թողնում է Եհովային

Երբ հարազատդ թողնում է Եհովային

«Քանի՜-քանի՜ անգամ.... վշտացրին նրան» (ՍԱՂ. 78։40

ԵՐԳ 102 «Օգնեք թույլերին»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ զգացումներ գուցե ունենա այն անհատը, ում հարազատը զրկվել է ընկերակցությունից։

ՈՒՆԵ՞Ս այնպիսի հարազատ, որը զրկվել է ընկերակցությունից։ Եթե այո, ապա թերևս սիրտդ կտոր-կտոր է լինում։ Հիլդա * անունով մի քույր ասում է. «Երբ 41 տարի միասին ապրելուց հետո իմ սիրելի ամուսինը մահացավ, մտածում էի՝ դա ամենավատ բանն է, որ երբևէ կարող էր ինձ հետ պատահել։ Բայց երբ որդիս հեռացավ ճշմարտությունից, թողեց իր կնոջն ու երեխաներին, դա շատ ավելի մեծ ցավ պատճառեց ինձ»։

Եհովան հասկանում է, թե որքան մեծ ցավ ենք զգում, երբ մեր հարազատը թողնում է ճշմարտությունը (տես պարբերություն 2–3) *

2–3. Համաձայն Սաղմոս 78։40, 41 համարների՝ ի՞նչ է զգում Եհովան, երբ իր ծառաներից մեկը հեռանում է իրենից։

2 Մի պահ մտածիր, թե ինչ մեծ ցավ ապրեց Եհովան, երբ իր ոգեղեն որդիներից ոմանք երես թեքեցին իրենից (Հուդա 6)։ Որքա՜ն էր վշտանում Եհովան, երբ իր սիրելի ժողովուրդը՝ Իսրայել ազգը, կրկին ու կրկին ապստամբում էր իր դեմ (կարդա Սաղմոս 78։40, 41)։ Համոզված եղիր, որ մեր սիրառատ երկնային Հայրը ցավ է ապրում նաև այն ժամանակ, երբ քո սիրելի հարազատն է թողնում ճշմարտությունը։ Նա հասկանում է քո ծանր ապրումները և, անկասկած, կմխիթարի ու կաջակցի քեզ։

3 Այս հոդվածում կքննենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի ստանանք Եհովայի օգնությունը, երբ հայտնվում ենք նմանատիպ իրավիճակում։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք օգնել մեր այն հավատակցին, ում հարազատը թողել է ճշմարտությունը։ Բայց նախ տեսնենք, թե որ մտածելակերպից պետք է խուսափենք։

ՄԻ՛ ՄԵՂԱԴՐԻՐ ՔԵԶ

4. Ի՞նչ են զգում շատ ծնողներ, երբ նրանց որդին կամ դուստրը թողնում է ճշմարտությունը։

4 Սովորաբար այն ծնողները, որոնց որդին կամ դուստրը թողնում է Եհովային, մտածում են, թե ինչ կարող էին անել, որ չեն արել, որպեսզի օգնեին իրենց զավակին մնալ ճշմարտության մեջ։ Լյուկ անունով մի եղբայր, ում որդին զրկվել էր ընկերակցությունից, ասում է. «Այդ ամենի մեջ ես ինձ էի մեղադրում։ Երբեմն մղձավանջներ էի ունենում, լաց էի լինում և սիրտս մղկտում էր»։ Էլիզաբեթ անունով մի քույր, ով նույնպես նմանատիպ իրավիճակում էր հայտնվել, տանջվում էր հետևյալ մտքից. «Տեսնես՝ որ հարցում եմ սխալվել որպես մայր։ Մտածում էի՝ թերացել եմ ճշմարտությունը որդուս սրտում արմատավորելու հարցում»։

5. Ո՞վ է մեղավոր, երբ անհատը թողնում է Եհովային։

5 Պետք է հիշենք, որ Եհովան յուրաքանչյուրիս ազատ կամք է տվել։ Իսկ դա նշանակում է, որ մենք ենք որոշում՝ ծառայել նրան, թե ոչ։ Որոշ երիտասարդներ վճռել են ծառայել Եհովային և հավատարիմ մնալ նրան, թեև իրենց ծնողները լավ օրինակ չեն եղել այդ հարցում։ Ոմանք էլ, երբ մեծացել են, թողել են ճշմարտությունը, չնայած իրենց ծնողները ամեն ինչ արել են, որպեսզի մեծացնեն նրանց աստվածաշնչյան սկզբունքներով։ Փաստորեն, ինքներս ենք որոշում՝ ծառայել Եհովային, թե ոչ (Հեսու 24։15)։ Հետևաբար, սիրելի՛ ծնողներ, եթե ձեր որդին կամ դուստրը թողել է ճշմարտությունը, մի՛ մեղադրեք ձեզ դրա համար։

6. Թերևս ի՞նչ է զգում երեխան, երբ ծնողը թողնում է ճշմարտությունը։

6 Երբեմն ծնողն է թողնում ճշմարտությունը և նույնիսկ հեռանում ընտանիքից (Սաղ. 27։10)։ Դա կարող է տակնուվրա անել երեխայի ներաշխարհը, ով հարգում էր իր ծնողին և հիանում նրանով։ Էսթերը, ում հայրը զրկվեց ընկերակցությունից, ասում է. «Հաճախ էի լաց լինում, քանի որ հասկանում էի, որ նա ոչ թե պարզապես շեղվել է ճշմարտությունից, այլ գիտակցաբար թողել է Եհովային։ Ես սիրում եմ իմ հորը, և երբ նա զրկվեց ընկերակցությունից, անընդհատ անհանգստանում էի, թե ինչպես է։ Ես նույնիսկ տագնապի նոպաներ էի ունենում»։

7. Եհովան ի՞նչ զգացումներ ունի այն երեխաների հանդեպ, որոնց ծնողը զրկվել է ընկերակցությունից։

7 Սիրելի՛ երեխաներ, եթե ձեր ծնողներից մեկը զրկվել է ընկերակցությունից, համոզված եղեք, որ մեր սիրտն էլ է ցավում։ Վստահ եղեք, որ Եհովան շատ լավ գիտի, թե ինչ եք զգում։ Նա սիրում է ձեզ և գնահատում է ձեր նվիրվածությունը, մենք՝ նույնպես։ Նաև հիշեք, որ դուք պատասխանատու չեք ձեր ծնողների կայացրած որոշումների համար։ Ինչպես արդեն նշվեց, Եհովան ընտրության հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու, և յուրաքանչյուր նվիրված ու մկրտված քրիստոնյա պետք է ի՛ր բեռը կրի (Գաղ. 6։5

8. Ի՞նչ կարող են անել ընտանիքի անդամները, մինչ սպասում են, որ իրենց հարազատը վերադառնա Եհովայի մոտ (տես նաև « Վերադարձիր Եհովայի մոտ» շրջանակը)։

8 Երբ հարազատդ հեռանում է Եհովայից, բնական է հուսալ, որ նա մի օր կվերադառնա։ Իսկ ի՞նչ կարող ես անել մինչ այդ։ Ամեն ջանք թափիր, որ հոգևորապես ամուր մնաս։ Այդպես վարվելով՝ դու լավ օրինակ կլինես ընտանիքիդ մյուս անդամների և գուցե նույնիսկ ընկերակցությունից զրկված անհատի համար։ Բացի այդ՝ ուժ կունենաս հաղթահարելու ծանր ապրումներդ։ Այժմ տեսնենք, թե որ գործնական քայլերը կօգնեն քեզ հոգևորապես ամուր մնալ։

ՔԱՅԼԵՐ, ՈՐ ԿՕԳՆԵՆ՝ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՄՈՒՐ ՄՆԱՍ

9. Ինչպե՞ս կարող ես զորություն ստանալ Եհովայից (տես նաև « Համարներ, որ կմխիթարեն ընկերակցությունից զրկվածի հարազատներին» շրջանակը)։

9 Կառչած մնա քո հոգևոր գրաֆիկին։ Անչափ կարևոր է, որ շարունակես զորանալ ու զորացնել ընտանիքիդ մյուս անդամներին։ Իսկ ինչպե՞ս կարող ես դա անել։ Դու Եհովայից զորություն կստանաս, եթե կանոնավորաբար կարդաս Աստծու Խոսքը, խորհես դրա շուրջ և հաճախես ժողովի հանդիպումներին։ Ջոանան, ում հայրը և քույրը թողել են ճշմարտությունը, ասում է. «Զգում եմ, թե ինչպես եմ հանդարտվում, երբ ընթերցում եմ աստվածաշնչյան այնպիսի կերպարների մասին, ինչպիսիք են Աբիգեան, Եսթերը, Հոբը, Հովսեփը և Հիսուսը։ Նրանց օրինակների շուրջ խորհելը սիրտս ու միտքս լցնում է դրական բաներով և օգնում է մեղմել ցավս։ Ինձ համար շատ քաջալերական է նաև լսել մեր առանձին երգերը»։

10. Սաղմոս 32։6–8 համարները ինչպե՞ս են օգնում մեզ հաղթահարել մտահոգությունները։

10 Սիրտդ բացիր Եհովայի առաջ։ Երբ մտահոգությունները ճնշում են միտքդ, անդադար աղոթիր։ Աղաչիր մեր սիրառատ Աստծուն, որ օգնի քեզ իր տեսանկյունից նայել իրավիճակին ու «հասկացողություն տա և սովորեցնի այն ճանապարհը, որով դու պիտի գնաս» (կարդա Սաղմոս 32։6–8)։ Աղոթելիս քեզ համար գուցե ծանր լինի պատմել ապրումներիդ մասին, բայց հիշիր, որ Եհովան լիովին հասկանում է քո սրտի ցավը։ Նա քեզ շատ է սիրում և ուզում է, որ սիրտդ դատարկես իր առաջ (Ելք 34։6; Սաղ. 62։7, 8

11. Ըստ Եբրայեցիներ 12։11-ի՝ ինչո՞ւ պետք է վստահ լինենք, որ Եհովայի սիրառատ խրատը օգուտներ է բերում (տես նաև « Անհատին ընկերակցությունից զրկելը Եհովայի սիրո դրսևորումն է» շրջանակը)։

11 Թիկունք կանգնիր երեցների կայացրած որոշմանը։ Ընկերակցությունից զրկելը Եհովայի սահմանած կարգն է։ Նրա սիրառատ խրատը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ մեղք գործած անհատի (կարդա Եբրայեցիներ 12։11)։ Եթե լսես, որ ինչ-որ մեկը երեցների կայացրած որոշման մասին բացասաբար է արտահայտվում, հիշիր, որ նա թերևս հարցի միայն մի կողմն է ներկայացնում։ Մենք պարզապես ծանոթ չենք բոլոր փաստերին։ Ուստի համոզված եղիր, որ իրավական կոմիտեի եղբայրները ամենայն մանրամասնությամբ հետևել են սուրբգրային սկզբունքներին և դատել Եհովայի համար (2 Տար. 19։6

12. Ի՞նչ օգուտներ են քաղել ոմանք, ովքեր թիկունք են կանգնել Եհովայի սահմանած կարգին։

12 Հարազատիդ ընկերակցությունից զրկելու վերաբերյալ երեցների որոշմանը թիկունք կանգնելով՝ դու կարող ես օգնել նրան վերադառնալ Եհովայի մոտ։ Էլիզաբեթը, ում մասին արդեն նշեցինք, ասում է. «Մեր չափահաս որդու հետ կապերը խզելը շատ դժվար էր մեզ համար։ Բայց երբ նա վերադարձավ Եհովայի մոտ, ասաց, որ իրեն ընկերակցությունից զրկելը ճիշտ որոշում էր, նա շատ դասեր է քաղել և սկսել է արժևորել Եհովայի տված խրատը»։ Էլիզաբեթի ամուսինը՝ Մարկը, ավելացնում է. «Ավելի ուշ որդիս ինձ ասաց, որ պատճառներից մեկը, թե ինչու նա ցանկացավ վերադառնալ, այն էր, որ մենք ընդհանրապես չէինք շփվում իր հետ։ Ես շատ ուրախ եմ, որ Եհովան օգնեց մեզ հնազանդ լինել»։

13. Ի՞նչը կարող է օգնել քեզ, որ մեղմես ցավդ։

13 Զրուցիր այն ընկերներիդ հետ, ովքեր կհասկանան քո զգացումները։ Շփվիր հասուն քրիստոնյաների հետ, ովքեր կօգնեն քեզ դրական տրամադրվածություն պահպանել (Առակ. 12։25; 17։17)։ Ջոանան, ում մասին արդեն խոսեցինք, ասում է. «Ինձ միայնակ էի զգում, սակայն վստահելի ընկերներիս հետ զրուցելը օգնեց, որ հաղթահարեմ այդ զգացումը»։ Բայց ի՞նչ կարող ես անել, եթե ժողովում ոմանք ասում են բաներ, որոնք քեզ ցավ են պատճառում։

14. Ինչո՞ւ պետք է «շարունակենք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց»։

14 Համբերատար եղիր եղբայրներիդ ու քույրերիդ հանդեպ։ Իրատեսական չի լինի ակնկալել, որ բոլորը մտածված կխոսեն (Հակ. 3։2)։ Բոլորս էլ անկատար ենք, ուստի չպետք է զարմանանք, եթե մեր հավատակիցները չիմանան՝ ինչ ասեն կամ նույնիսկ առանց գիտակցելու ասեն բաներ, որոնք ցավ կպատճառեն մեզ։ Լավ կլինի՝ հիշենք Պողոս առաքյալի խորհուրդը. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց» (Կող. 3։13)։ Մի քույր, ում հարազատը զրկվել էր ընկերակցությունից, ասում է. «Եհովան օգնեց ինձ ներել իմ այն հավատակիցներին, ովքեր թեև փորձում էին քաջալերել ինձ, բայց արդյունքում ցավ էին պատճառում»։ Իսկ ի՞նչ կարող է անել ժողովը, որպեսզի օգնի ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամներին։

ԺՈՂՈՎԻ ԴԵՐԸ

15. Ի՞նչը կարող է օգնել մեր այն հավատակցին, ում ընտանիքի անդամը վերջերս է զրկվել ընկերակցությունից։

15 Ջերմորեն ողջունիր այն հավատակիցդ, ում հարազատը թողել է Եհովային։ Միրիամ անունով մի քույր նշում է, որ երբ իր եղբայրը զրկվեց ընկերակցությունից, նա անհանգստանում էր, թե ինչպես է գնալու ժողովի հանդիպման։ Միրիամն ասում է. «Վախենում էի, թե ինչ կասեն մարդիկ։ Բայց ժողովում շատ եղբայրներ ու քույրեր կիսում էին իմ ցավը և եղբորս մասին ոչ մի բացասական բան չէին ասում։ Նրանց շնորհիվ ես ինձ միայնակ չէի զգում իմ վշտի մեջ»։ Մեկ ուրիշ քույր ասում է. «Երբ մեր որդին զրկվեց ընկերակցությունից, մեր ընկերները եկան մխիթարելու մեզ։ Ոմանք ասում էին, որ խոսքեր չեն գտնում մեզ սփոփելու համար։ Նրանք արտասվում էին ինձ հետ կամ մի քաջալերական երկտող թողնում։ Դա անչափ մխիթարական էր ինձ համար»։

16. Ինչպե՞ս կարող է ժողովը շարունակ աջակցել ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամներին։

16 Շարունակիր աջակցել ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամներին։ Հատկապես հիմա նրանք քո սիրո և քաջալերանքի կարիքն ունեն (Եբր. 10։24, 25)։ Երբեմն նրանց մոտ կարող է այնպիսի զգացում լինել, ասես իրենք էլ են զրկվել ժողովի ընկերակցությունից։ Մենք չպետք է թույլ տանք, որ նման բան լինի։ Հատկապես այն երեխաները, որոնց ծնողը թողել է ճշմարտությունը, գովեստի և քաջալերանքի կարիք ունեն։ Մարիան, ում ամուսինը զրկվել էր ընկերակցությունից և լքել ընտանիքը, ասում է. «Ընկերներիցս ոմանք գալիս էին իմ տուն, ճաշ պատրաստում և օգնում երեխաներիս հետ ուսումնասիրություն անցկացնել։ Նրանք կիսում էին իմ ցավը և լաց լինում ինձ հետ։ Բացի այդ՝ նրանք պաշտպանում էին ինձ, երբ մարդիկ վատ բաներ էին ասում իմ մասին։ Ընկերներս իսկական քաջալերանքի աղբյուր էին ինձ համար։ Նրանք ինձ թև էին տալիս» (Հռոմ. 12։13, 15

Ժողովը կարող է սեր դրսևորել՝ օգնելով ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամներին (տես պարբերություն 17) *

17. Երեցներն ի՞նչ կարող են անել, որպեսզի մխիթարեն վհատվածներին։

17 Երեցնե՛ր, ամեն առիթ օգտագործեք, որ զորացնեք ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամներին։ Դուք հատուկ պատասխանատվություն ունեք մխիթարելու այն հավատակիցներին, ում հարազատը հեռացել է Եհովայից (1 Թեսաղ. 5։14)։ Ժամանակ տրամադրեք, որ ժողովի հանդիպումներից առաջ ու հետո քաջալերեք նրանց։ Այցելեք նրանց և միասին աղոթեք։ Ծառայության մեջ համագործակցեք այդ հավատակիցների հետ և երբեմն հրավիրեք ձեր ընտանեկան երկրպագությանը։ Հոգևոր հովիվները Եհովայի վհատված գառնուկների նկատմամբ պետք է ուշադիր լինեն և սեր ու կարեկցանք դրսևորեն նրանց հանդեպ (1 Թեսաղ. 2։7, 8

ՀՈՒՍՅԴ ՄԻ՛ ԿՈՐՑՐՈՒ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ԱՊԱՎԻՆԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

18. 2 Պետրոս 3։9-ի համաձայն՝ ի՞նչ է Եհովան ուզում, որ մեղք գործած անհատներն անեն։

18 Եհովան «չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (կարդա 2 Պետրոս 3։9)։ Նույնիսկ եթե անհատը լուրջ մեղք է գործում, Աստված շարունակում է թանկ համարել նրա կյանքը։ Հիշիր, որ Եհովան մեղավորների համար թանկ գին է վճարել՝ իր սիրելի Որդուն է զոհել։ Կարեկցանքից մղված՝ նա ցանկանում է օգնել այդպիսի մարդկանց վերադառնալ իր մոտ։ Կորած որդու մասին Հիսուսի առակից երևում է, որ Եհովան սպասում է նրանց վերադարձին (Ղուկ. 15։11–32)։ Շատերը, ովքեր թողել են ճշմարտությունը, հետագայում վերադարձել են իրենց սիրառատ երկնային Հոր մոտ, և ժողովը նրանց գրկաբաց ընդունել է։ Էլիզաբեթը, ում մասին արդեն խոսեցինք, մեծ ուրախություն ապրեց, երբ իր որդին վերադարձավ ժողով։ Հետ նայելով՝ նա ասում է. «Անչափ երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ, որ հույսս չկտրեմ»։

19. Ինչո՞ւ կարող ենք միշտ վստահել Եհովային։

19 Մենք կարող ենք միշտ վստահել Եհովային։ Նա երբեք չի ասի մեզ անել մի բան, ինչը մեր օգտի համար չէ։ Նա առատաձեռն ու կարեկից Հայր է, ով խոր սեր է տածում նրանց հանդեպ, ովքեր սիրում ու պաշտում են իրեն։ Համոզված եղիր, որ Եհովան ծանր պահերին քեզ երբեք մենակ չի թողնի (Եբր. 13։5, 6)։ Մարկը, ում մասին արդեն նշել ենք, ասում է. «Եհովան մի պահ անգամ չլքեց մեզ։ Դժվարությունների ժամանակ նա միշտ մեր կողքին է»։ Եհովան կշարունակի քեզ տալ «սովորականին գերազանցող ուժը» (2 Կորնթ. 4։7)։ Անգամ եթե սիրելի հարազատդ թողել է Եհովային, համոզված եղիր, որ դու կարող ես պահել հավատարմությունդ և հույսով սպասել, որ նա մի օր հետ կգա։

ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթք

^ պարբ. 5 Ինչ խոսք, մենք մեծ ցավ ենք ապրում, երբ մեր հարազատը թողնում է ճշմարտությունը։ Հոդվածից կիմանանք, թե ինչ է զգում Եհովան, երբ նման բան է լինում։ Նաև կքննենք, թե ընկերակցությունից զրկված անհատի ընտանիքի անդամները ինչ գործնական քայլեր կարող են ձեռնարկել, որպեսզի մեղմեն իրենց ցավը և հոգևորապես ամուր մնան։ Բացի այդ՝ կիմանանք, թե ժողովում յուրաքանչյուրն ինչ կարող է անել, որ մխիթարի ու աջակցի նրանց։

^ պարբ. 1 Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

^ պարբ. 79 ՆԿԱՐ։ Երբ եղբայրը լքում է իր ընտանիքը և հեռանում Եհովայից, նրա կինն ու երեխաները անասելի ցավ են ապրում։

^ պարբ. 81 ՆԿԱՐ։ Երկու երեց այցելել են ժողովից մի ընտանիքի, որպեսզի քաջալերեն և հոգևորապես ամրացնեն նրանց։