Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 36

Թանկ համարենք մեր երիտասարդներին

Թանկ համարենք մեր երիտասարդներին

«Երիտասարդների գեղեցկությունը նրանց ուժն է» (ԱՌԱԿ. 20։29

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ նպատակ կարող են դնել տարեցները։

ՏԱՐԻՔԻ հետ գուցե այն մտավախությունն ունենանք, թե այլևս առաջվա պես պիտանի չենք Եհովայի համար։ Թեև առաջվա ուժը չունենք, սակայն մեր իմաստությամբ և փորձով կարող ենք օգնել երիտասարդներին, որ օգտագործեն իրենց ողջ ներուժը և նոր պատասխանատվություններ ստանձնեն։ Մի փորձառու երեց ասում է. «Երբ զգացի, որ տարիքիս պատճառով այլևս չեմ կարողանում անել այնքան, որքան առաջ էի անում, ուրախ էի, որ համապատասխան երիտասարդ եղբայրներ կային, ովքեր կարող էին գործն առաջ տանել»։

2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Նախորդ հոդվածից իմացանք, թե ինչպես կարող են երիտասարդները օգուտներ քաղել՝ ընկերանալով տարեցների հետ։ Այս հոդվածում կտեսնենք, թե խոնարհ, համեստ, երախտագետ և առատաձեռն լինելը ինչպես կարող է օգնել տարեցներին համագործակցել երիտասարդների հետ, ինչն էլ իր հերթին մեծ օգուտներ կբերի ողջ ժողովին։

ԵՂԻՐ ԽՈՆԱՐՀ

3. Փիլիպպեցիներ 2։3, 4 համարների համաձայն՝ ի՞նչ է խոնարհությունը, և ինչպե՞ս կարող է այն օգնել քրիստոնյային։

3 Եթե տարեցները ցանկանում են օգնել երիտասարդներին, պետք է խոնարհ լինեն։ Խոնարհ մարդը ուրիշներին իրենից բարձր է համարում (կարդա Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Այն տարեցները, ովքեր դրսևորում են այս հատկությունը, գիտակցում են, որ շատ դեպքերում նույն հանձնարարությունը հնարավոր է տարբեր կերպերով կատարել, և դրանք բոլորն էլ կարող են լինել արդյունավետ և ներդաշնակ Աստվածաշնչին։ Ուստի նրանք իրատես են և չեն ակնկալում, որ ամեն ինչ արվի այնպես, ինչպես իրենք էին անում անցյալում (Ժող. 7։10)։ Տարեցները արժեքավոր փորձ ունեն և այն կարող են փոխանցել երիտասարդ սերնդին։ Սակայն նրանք նաև հասկանում են, որ «այս աշխարհի տեսարանը փոխվում է», և գուցե կարիք լինի հարմարվելու նոր մեթոդների (1 Կորնթ. 7։31

Տարեցները առատաձեռնորեն իրենց փորձը փոխանցում են ուրիշներին (տես պարբերություն 4–5) *

4. Ղևտացիների նման՝ շրջանային վերակացուներն ինչպիսի՞ վերաբերմունք ունեն իրենց ծառայության հանդեպ։

4 Խոնարհ տարեցները գիտակցում են, որ այլևս չեն կարող անել այնքան, որքան նախկինում էին անում։ Օրինակ, երբ շրջանային վերակացուները դառնում են 70 տարեկան, նրանց նշանակումը փոխվում է, ինչը կարող է դժվար լինել նրանց համար։ Այս եղբայրները շատ թանկ են համարում իրենց հավատակիցներին ծառայելու այդ առանձնաշնորհումը։ Նրանք շատ են սիրում շրջանային ծառայությունը, և իրենց սիրտը դեռ լցված է այդ գործն անելու մեծ ցանկությամբ։ Բայց միևնույն ժամանակ նրանք հասկանում են, որ ավելի երիտասարդ կադրերի կարիք կա։ Ուստի դրսևորում են այն նույն ոգին, որ ունեին ղևտացիները, ովքեր 50 տարին լրանալուց հետո պետք է դադարեցնեին խորանում իրենց ծառայությունը։ Այս տարեց ղևտացիների ուրախությունը կախված չէր որևէ նշանակումից։ Նրանք լիարժեքորեն օգտվում էին ծառայության այն բոլոր հնարավորություններից, որ ունեին այդ պահին և իրենց ձեռքից եկածն անում էին, որ օգնեին երիտասարդներին (Թվեր 8։25, 26)։ Այսօր այն եղբայրները, ովքեր նախկինում շրջանային ծառայություն էին անում, թեև այլևս չեն այցելում տարբեր ժողովներ, բայց մեծ օրհնություն են այն ժողովների համար, որտեղ ծառայում են։

5. Ի՞նչ ես սովորում Դենի և Քեթիի օրինակից։

5 Քննենք Դենի օրինակը, ով 23 տարի ծառայել է որպես շրջանային վերակացու։ Երբ Դենը դարձավ 70 տարեկան, նա և իր կինը՝ Քեթին, հատուկ ռահվիրաներ նշանակվեցին։ Ինչպե՞ս նրանք հարմարվեցին նոր հանգամանքներին։ Դենն ասում է, որ հիմա ավելի զբաղված է, քան նախկինում։ Նա ժողովում կատարում է իր պարտականությունները, կրթում է եղբայրներին, որ համապատասխանեն ծառայող օգնական դառնալու պահանջներին, և օգնում է ժողովի քարոզիչներին վկայություն տալ մեծ քաղաքներում ու բանտերում։ Սիրելի՛ տարեցներ, անկախ նրանից՝ լիաժամ ծառայության մեջ եք, թե ոչ, դուք շատ բան կարող եք անել ուրիշներին օգնելու համար։ Ինչպե՞ս։ Ձգտեք հարմարվել փոփոխված հանգամանքներին, նոր նպատակներ դրեք և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարողանում եք անել, ոչ թե այն բաների վրա, ինչ չեք կարողանում։

ԵՂԻՐ ՀԱՄԵՍՏ

6. Համեստ լինելը ինչո՞ւ է իմաստության դրսևորում։ Բեր օրինակ։

6 Համեստ մարդը գիտակցում է, որ սահմանափակ կարողություններ ունի (Առակ. 11։2)։ Նա ինքն իրենից չի ակնկալում ավելին, քան կարող է անել։ Արդյունքում չի կորցնում ուրախությունը և իր գործում արդյունավետ է լինում։ Համեստ մարդուն կարելի է համեմատել մեքենայով զառիվեր ընթացող վարորդի հետ։ Վերելքով ընթանալու համար գուցե կարիք լինի, որ նա փոխանցման տուփի լծակը դնի ավելի ցածր ռեժիմի վրա։ Ճիշտ է, դա կդանդաղեցնի մեքենայի ընթացքը, բայց, միևնույն է, նա կշարունակի առաջ շարժվել։ Նմանապես համեստ անհատը գիտի, թե երբ պետք է, այսպես ասած, փոխանցման տուփի արագության լծակը դնի ավելի ցածր ռեժիմի վրա, որպեսզի շարունակի ակտիվ և արդյունավետ լինել Եհովայի գործում (Փիլիպ. 4։5

7. Ինչպե՞ս Բերզելին համեստություն դրսևորեց։

7 Քննենք Բերզելիի օրինակը։ Նա 80 տարեկան էր, երբ Դավիթ թագավորը առաջարկեց նրան դառնալ իր խորհրդականներից մեկը։ Բայց այս համեստ մարդը, գիտակցելով տարիքի հետ կապված իր սահմանափակ կարողությունները, չընդունեց թագավորի հրավերը։ Նա առաջարկեց, որ Դավիթը երիտասարդ Քամաամին վերցնի իր փոխարեն (2 Սամ. 19։35–37)։ Բերզելիի նման՝ մեր տարեցները ուրախ են ծառայության մեջ իրենց տեղը զիջել երիտասարդներին։

Դավիթ թագավորն ընդունեց Աստծու որոշումը, ըստ որի՝ տաճարը պետք է Սողոմոնը կառուցեր (տես պարբերություն 8)

8. Դավիթ թագավորն ինչպե՞ս համեստություն դրսևորեց։

8 Դավիթ թագավորը համեստության հարցում նույնպես հիանալի օրինակ է թողել։ Նա շատ էր ցանկանում Եհովայի համար տուն կառուցել։ Բայց երբ Եհովան ասաց, որ այդ առանձնաշնորհումը տալու է երիտասարդ Սողոմոնին, Դավիթն ընդունեց դա և ամբողջ սրտով աջակցեց այդ նախագծին (1 Տար. 17։4; 22։5)։ Նա չմտածեց, թե ինքը Սողոմոնից ավելի լավ կարող է անել այդ գործը, քանի որ վերջինս «անփորձ պատանի է» (1 Տար. 29։1)։ Դավիթը գիտեր, որ տաճարի շինարարությունը հաջողությամբ կիրականցվի ոչ թե այն կառուցողի տարիքի և փորձի շնորհիվ, այլ Եհովայի օրհնության։ Ընդօրինակելով Դավթին՝ տարեցներն այսօր շարունակում են ակտիվ մնալ ծառայության մեջ, նույնիսկ երբ իրենց նշանակումը փոխվում է։ Նրանք գիտեն, որ Եհովան կօրհնի այն երիտասարդներին, ովքեր անում են այն գործը, որը նախկինում իրենք էին անում։

9. Ինչպե՞ս մի մասնաճյուղի կոմիտեի անդամ համեստություն դրսևորեց։

9 Մեր ժամանակներում նույնպես համեստության հիանալի օրինակներ կան։ Քննենք եղբայր Շիգեոյի օրինակը։ 1976 թ.-ին՝ 30 տարեկանում, նա նշանակվեց ծառայելու մասնաճյուղի կոմիտեում, իսկ 2004 թ.-ին դարձավ մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր։ Ավելի ուշ Շիգեոն զգաց, որ այլևս բավականաչափ ուժ չունի կոորդինատորի գործը լիարժեքորեն կատարելու համար։ Նա աղոթեց Եհովային և եկավ այն եզրակացության, որ լավ կլինի՝ այդ գործը ավելի երիտասարդ եղբայր անի։ Թեև նա այժմ կոորդինատոր չէ, սակայն շարունակում է ծառայել մասնաճյուղի կոմիտեում։ Ինչպես տեսանք Բերզելիի, Դավիթ թագավորի և Շիգեոյի օրինակներից, խոնարհ և համեստ մարդը կկենտրոնանա ոչ թե երիտասարդների փորձի պակասի վրա, այլ ուժեղ կողմերի։ Նա նրանց կհամարի ոչ թե մրցակից, այլ համագործակից (Առակ. 20։29

ԵՂԻՐ ԵՐԱԽՏԱԳԵՏ

10. Ի՞նչ տեսակետ ունեն տարեցները իրենց ժողովի երիտասարդների վերաբերյալ։

10 Տարեցները երիտասարդներին պարգևներ են համարում և շնորհակալ են Եհովային նրանց համար։ Տարեցների ուժը գնալով պակասում է, բայց նրանք ուրախ են, որ կան եռանդուն երիտասարդներ, ովքեր պատրաստ են և կարող են շարունակել իրենց գործը ու ծառայել ժողովին։

11. Հռութ 4։13–16 համարներից ինչպե՞ս է երևում, որ տարեցները օրհնվում են, երբ ընդունում են երիտասարդների օգնությունը։

11 Նոեմին երախտագետ անձնավորություն էր և ընդունեց երիտասարդ Հռութի օգնությունը։ Աստվածաշնչյան այս կերպարը հիանալի օրինակ է տարեցների համար։ Սկզբում Նոեմին համոզում էր իր այրիացած հարսին, որ վերադառնա իր ժողովրդի մոտ։ Սակայն երբ նա տեսավ, որ Հռութը հաստատ որոշել է իր հետ վերադառնալ Բեթլեհեմ, ընդունեց նրա օգնությունը (Հռութ 1։7, 8, 18)։ Արդյունքում երկուսն էլ օրհնվեցին (կարդա Հռութ 4։13–16)։ Խոնարհությունը կմղի տարեցներին հետևել Նոեմիի օրինակին։

12. Պողոս առաքյալը ինչպե՞ս արտահայտեց իր երախտագիտությունը։

12 Պողոս առաքյալը միշտ երախտագետ էր իր հանդեպ ցուցաբերված օգնության համար։ Օրինակ՝ նա շնորհակալություն հայտնեց Փիլիպպեի քրիստոնյաներին այն նվերների համար, որ ուղարկել էին իրեն (Փիլիպ. 4։16)։ Նա նաև իր երախտագիտությունը հայտնեց Տիմոթեոսին իրեն օգնելու համար (Փիլիպ. 2։19–22)։ Երբ Պողոսին՝ որպես բանտարկյալի, տանում էին Հռոմ, եղբայրները գնացին նրան քաջալերելու, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց Աստծուն (Գործ. 28։15)։ Պողոսը ակտիվ անձնավորություն էր. նա հազարավոր կիլոմետրեր էր անցնում, որպեսզի քարոզեր բարի լուրը և զորացներ ժողովներին։ Բայց միևնույն ժամանակ նա խոնարհ էր և ընդունում էր հավատակիցների օգնությունը։

13. Տարեցներն ինչպե՞ս կարող են երախտագետ լինել երիտասարդների ցուցաբերած օգնության համար։

13 Սիրելի՛ տարեցներ, դուք կարող եք տարբեր կերպերով արտահայտել ձեր երախտագիտությունը ժողովի երիտասարդների ցուցաբերած օգնության համար։ Եթե նրանք ցանկանում են օգնել ձեզ տրանսպորտի, գնումների և այլ անհրաժեշտ հարցերում, ուրախությամբ ընդունեք նրանց օգնությունը։ Նրանց աջակցությունը համարեք Եհովայի սիրո դրսևորում։ Դա կնպաստի, որ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնեք միմյանց հետ։ Միշտ հետաքրքրվեք ձեր երիտասարդ ընկերների հոգևոր առաջընթացով և ասացեք, թե որքան եք ուրախանում, երբ տեսնում եք, որ ձգտում են ավելի շատ բան անել ժողովում։ Նաև ժամանակ անցկացրեք նրանց հետ ու պատմեք ձեր կյանքից։ Այդպես վարվելով՝ ցույց կտաք, որ երախտագետ եք Եհովային, որ նման երիտասարդների ձգել է դեպի իր կազմակերպություն (Կող. 3։15; Հովհ. 6։44; 1 Թեսաղ. 5։18

ԵՂԻՐ ԱՌԱՏԱՁԵՌՆ

14. Ինչպե՞ս Դավիթ թագավորը առատաձեռնություն դրսևորեց։

14 Տարեցները Դավիթ թագավորից մեկ այլ կարևոր բան կարող են սովորել՝ լինել առատաձեռն։ Դավիթն իր անձնական ունեցվածքից շատ թանկարժեք բաներ նվիրաբերեց տաճարի շինարարության համար (1 Տար. 22։11–16; 29։3, 4)։ Նա արեց դա՝ չնայած այն բանին, որ տաճարը Սողոմոնի անունով էր կոչվելու։ Եթե այլևս ֆիզիկապես ի վիճակի չենք մասնակցելու աստվածապետական շինարարական նախագծերի, կարող ենք աջակցել դրանց՝ մեր հնարավորության սահմաններում նվիրատվություններ անելով։ Բացի այդ՝ կարող ենք օգնել երիտասարդներին՝ նրանց փոխանցելով տարիների մեր փորձը։

15. Պողոս առաքյալը ի՞նչ հիանալի պարգևներ փոխանցեց Տիմոթեոսին։

15 Պողոս առաքյալը լավ օրինակ է թողել առատաձեռն լինելու հարցում։ Միսիոներական շրջագայության գնալիս նա իր հետ վերցրեց երիտասարդ Տիմոթեոսին և առատաձեռնություն դրսևորելով՝ քարոզելու և ուսուցանելու բազմաթիվ մեթոդներ սովորեցրեց նրան (Գործ. 16։1–3)։ Պողոսի տված կրթությունը օգնեց Տիմոթեոսին, որ բարի լուրի արդյունավետ քարոզիչ դառնա (1 Կորնթ. 4։17)։ Տիմոթեոսն էլ իր հերթին այդ մեթոդները սովորեցրեց ուրիշներին։

16. Ինչո՞ւ Շիգեոն կրթեց ուրիշներին։

16 Մեր տարեցները չեն մտածում, որ եթե երիտասարդներին սովորեցնեն անել այն գործը, որ նախկինում իրենք էին անում, այլևս պիտանի չեն լինի կազմակերպության համար։ Օրինակ՝ Շիգեոն, ում մասին խոսեցինք, տարիների ընթացքում կրթում էր մասնաճյուղի կոմիտեի երիտասարդ անդամներին։ Նա դա անում էր, որպեսզի նպաստեր Թագավորության գործի առաջխաղացմանը այն երկրում, որտեղ ծառայում էր։ Արդյունքում, երբ կարիք առաջացավ, որ նրան փոխարինեն, արդեն մի եղբայր կար, որը լավ պատրաստված էր այդ գործի համար։ Ավելի քան 45 տարի Շիգեոն մասնաճյուղի կոմիտեում է ծառայում և շարունակում է իր փորձով օգնել երիտասարդ եղբայրներին։ Ինչպիսի՜ օրհնություն են այսպիսի եղբայրները Աստծու ժողովրդի համար։

17. Ի՞նչ կարող են տարեցները տալ ուրիշներին (Ղուկաս 6։38

17 Սիրելի՛ տարեց եղբայրներ ու քույրեր, դուք կենդանի ապացույցն եք այն բանի, որ Եհովային հավատարմորեն և անարատությամբ ծառայելը կյանքի լավագույն ուղին է։ Ձեր օրինակով փաստում եք, որ արժե ջանքեր թափել աստվածաշնչյան սկզբունքները սովորելու և կյանքում կիրառելու համար։ Դուք հարուստ փորձ ունեք և գիտեք, թե ինչպես էին որոշ գործեր արվում նախկինում։ Բայց միևնույն ժամանակ գիտակցում եք, որ կարիք կա հարմարվելու փոփոխվող հանգամանքներին։ Այն տարեցները, ովքեր վերջերս են մկրտվել, նույնպես շատ բան ունեն տալու։ Նրանք կարող են պատմել այն ուրախության մասին, որ իր հետ բերում է տարեց հասակում Եհովային ճանաչելը։ Երիտասարդները հաճույքով կլսեն ձեզ, երբ պատմեք, թե ինչ դեպքեր են տեղի ունեցել ձեր կյանքում, և թե ինչ դասեր եք քաղել։ Եթե ձեր հարուստ փորձը փոխանցեք ուրիշներին, Եհովան առատապես կօրհնի ձեզ (կարդա Ղուկաս 6։38

18. Ի՞նչ օգուտներ կարող են քաղել թե՛ տարեցները, թե՛ երիտասարդները։

18 Սիրելի՛ տարեցներ, մտերմանալով երիտասարդների հետ՝ քաջալերության աղբյուր կլինեք նրանց համար և ինքներդ կքաջալերվեք (Հռոմ. 1։12)։ Ձեզնից յուրաքանչյուրն ունի մի բան, ինչ մյուսը չունի։ Տարեցներն ունեն իմաստություն և տարիների փորձ, իսկ երիտասարդները՝ ուժ ու կորով։ Երբ երիտասարդներն ու տարեցները սիրով համագործակցում են իրար հետ, փառք են բերում մեր սիրառատ երկնային Հորը և մեծ օրհնություն են լինում ողջ ժողովի համար։

ԵՐԳ 90 Քաջալերենք միմյանց

^ պարբ. 5 Մեզ համար մեծ օրհնություն է ժողովներում ունենալ բազմաթիվ երիտասարդներ, ովքեր ամեն կերպ ձգտում են աջակցել Եհովայի կազմակերպությանը։ Ժողովի տարեցները, անկախ իրենց մշակույթից և անցյալից, կարող են օգնել երիտասարդներին, որ իրենց ուժը լիարժեքորեն օգտագործեն Եհովային ծառայելու համար։

^ պարբ. 55 ՆԿԱՐ։ Շրջանային վերակացուի 70 տարին լրացել է, և նա ու իր կինը նոր նշանակում են ստացել։ Նոր ժողովում նրանք իրենց փորձով օգնում են հավատակիցներին։