Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 35

Թանկ համարենք մեր հավատարիմ տարեցներին

Թանկ համարենք մեր հավատարիմ տարեցներին

«Ալևորությունը գեղեցկության պսակ է» (ԱՌԱԿ. 16։31

ԵՐԳ 138 Ալևորության գեղեցկությունը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. ա) Առակներ 16։31-ի համաձայն՝ ի՞նչ տեսակետ պետք է ունենանք մեր հավատարիմ տարեցների վերաբերյալ։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

ԱՄՆ Արկանզաս նահանգի ազգային պարկերից մեկում այցելուները գետնից կարող են ադամանդներ գտնել։ Սակայն այդ ադամանդները բնական՝ չհղկված վիճակում են։ Շատերը չեն էլ գիտակցում, որ այդ անմշակ քարերը իսկական գանձեր են, և պարզապես անցնում են դրանց կողքով։

2 Մեր տարեցները ինչ-որ առումով նման են այդ ադամանդներին. նրանք իսկական գանձեր են։ Աստծու Խոսքը նրանց ճերմակ մազերը նմանեցնում է պսակի, կամ՝ թագի (կարդա Առակներ 16։31; 20։29)։ Սակայն գուցե այնպես ստացվի, որ մենք էլ չնկատենք այդ գանձերը։ Այն երիտասարդները, ովքեր տարեցներին թանկ են համարում, կարող են բառացի գանձերից ավելի արժեքավոր բան ձեռք բերել։ Այս հոդվածում կքննենք երեք հարց։ Ինչո՞ւ է Եհովան հավատարիմ տարեցներին գանձ համարում։ Ի՞նչ տեղ ունեն նրանք Եհովայի կազմակերպության մեջ։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի լիարժեքորեն օգուտներ քաղենք նրանց օրինակից։

ԻՆՉՈ՞Ւ Է ԵՀՈՎԱՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԳԱՆՁ ՀԱՄԱՐՈՒՄ

Հավատարիմ տարեցները շատ թանկ են Եհովայի և նրա ժողովրդի համար (տես պարբերություն 3)

3. Ըստ Սաղմոս 92։12–15 համարների՝ ինչո՞ւ են հավատարիմ տարեցները թանկ Եհովայի համար։

3 Հավատարիմ տարեցները թանկ են Եհովայի համար։ Նա գիտի, թե ինչպիսին են նրանք ներքուստ, տեսնում է նրանց հիանալի հատկությունները և թանկ է գնահատում դրանք։ Նա ուրախանում է, երբ տեսնում է, թե ինչպես են նրանք երիտասարդներին փոխանցում այն իմաստությունը, որ ձեռք են բերել՝ երկար տարիներ իրեն հավատարմորեն ծառայելով (Հոբ 12։12; Առակ. 1։1–4)։ Եհովան նաև թանկ է գնահատում տարեցների տոկունությունը (Մաղ. 3։16)։ Նրանց կյանքը զերծ չի եղել խնդիրներից, սակայն նրանց հավատը երբեք չի սասանվել։ Ապագայի հանդեպ նրանց հույսը այժմ ավելի վառ է, քան այն ժամանակ, երբ նոր էին ընդունել ճշմարտությունը։ Եհովան սիրում է մեր այս քույրերին ու եղբայրներին, քանի որ նրանք շարունակում են հռչակել Եհովայի անունը նույնիսկ իրենց «ալևորության ժամանակ» (կարդա Սաղմոս 92։12–15

4. Ո՞ր մտքերը կարող են քաջալերական լինել մեր տարեց հավատակիցների համար։

4 Եթե դու էլ ես Եհովայի տարեց ծառաների թվում, համոզված եղիր, որ Եհովան հիշում է այն ողջ աշխատանքը, որ արել ես իր համար (Եբր. 6։10)։ Դու նախանձախնդրորեն թիկունք ես կանգնել քարոզչական գործին և ուրախացրել մեր երկնային Հոր սիրտը։ Դու դիմացել ես տարբեր դժվարությունների, անգամ ծանր փորձությունների, հնազանդվել ես Աստվածաշնչի արդար չափանիշներին, հավատարմորեն ստանձնել ես դժվարին պատասխանատվություններ, ինչպես նաև կրթել ես ուրիշներին։ Քո լավագույնն ես արել, որպեսզի համաքայլ ընթանաս Եհովայի կազմակերպության հետ, որը սրընթաց առաջ է գնում։ Դու քաջալերել և աջակցել ես բազմաթիվ լիաժամ ծառայողների։ Եհովան շատ է սիրում քեզ քո նվիրվածության համար։ Նա խոստանում է, որ «չի լքի իրեն նվիրվածներին» (Սաղ. 37։28)։ Եհովան հավաստիացնում է. «Մինչև ձեր ալևորությունը ես կաջակցեմ ձեզ» (Ես. 46։4)։ Ուստի մի՛ մտածիր, թե տարիքիդ պատճառով այլևս կարևոր տեղ չունես Եհովայի կազմակերպության մեջ։ Դու, անկասկած, կարևոր տեղ ունես։

ՏԱՐԵՑՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐ ՈՒՆԵՆ ԱՍՏԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ

5. Ի՞նչ պետք է հիշեն տարեցները։

5 Տարեցները շատ բան կարող են անել Եհովայի կազմակերպության մեջ։ Ճիշտ է, նրանք գուցեև չունեն առաջվա ուժը, բայց ունեն կյանքի հարուստ փորձ։ Եհովան շարունակում է օգտագործել նրանց տարբեր կերպերով։ Դա են փաստում Աստծու վաղեմի և մերօրյա ծառաների օրինակները։

6–7. Աստվածաշնչից բեր օրինակներ այն մասին, թե ինչպես է Եհովան օրհնել իր հավատարիմ տարեց ծառաներին։

6 Աստվածաշնչում կան մի շարք օրինակներ այն հավատարիմների մասին, ովքեր մինչև խոր ծերություն ակտիվորեն ծառայել են Եհովային։ Օրինակ՝ Մովսեսը մոտ 80 տարեկան էր, երբ սկսեց ծառայել որպես Եհովայի մարգարե և Իսրայել ազգի առաջնորդ։ Եհովան շարունակում էր օգտագործել Դանիելին որպես իր մարգարե, թեև վերջինս հավանաբար 90-ն անց էր։ Ամենայն հավանականությամբ, Հովհաննես առաքյալը նույնպես 90-ն անց էր, երբ Աստծու ներշնչմամբ գրեց «Հայտնություն» գիրքը։

7 Շատ այլ հավատարիմներ էլ կային, ովքեր առանձնապես աչքի չէին ընկնում և գուցե հեշտությամբ անտեսվեին։ Բայց Եհովան նկատել է նրանց և վարձատրել իրենց նվիրվածության համար։ Օրինակ՝ Սիմեոնը։ Այս «արդար ու աստվածավախ» մարդու մասին շատ քիչ բան կա գրված Աստվածաշնչում։ Սակայն Եհովան գիտեր, թե ով է նա, և մեծ պատվի արժանացրեց նրան։ Սիմեոնը տեսավ մանուկ Հիսուսին և մարգարեացավ երեխայի ու նրա մոր մասին (Ղուկ. 2։22, 25–35)։ Հիշենք նաև այրի մարգարեուհի Աննային։ Նա 84 տարեկան էր, բայց «երբեք չէր հեռանում տաճարից»։ Կարելի է ասել, որ նա կանոնավորաբար հաճախում էր ժողովի հանդիպումներին, ինչի համար Եհովան առատորեն վարձատրեց նրան՝ թույլ տալով տեսնել մանուկ Հիսուսին։ Թե՛ Սիմեոնը, թե՛ Աննան շատ թանկ էին Եհովայի համար (Ղուկ. 2։36–38

Քույր Դիդուրը այժմ 80-ն անց է և շարունակում է հավատարմորեն ծառայել Եհովային (տես պարբերություն 8)

8–9. Ինչպե՞ս են քույրերը շարունակում աջակցել Եհովայի կազմակերպությանը անգամ այրիանալուց հետո։

8 Մեր օրերում շատ հավատարիմ տարեցներ հիանալի օրինակ են երիտասարդների համար։ Քննենք քույր Լոիս Դիդուրի օրինակը։ Նա ընդամենը 21 տարեկան էր, երբ սկսեց հատուկ ռահվիրա ծառայել Կանադայում։ Հետագայում նա և իր ամուսինը՝ Ջոնը, երկար տարիներ անցկացրին շրջանային ծառայության մեջ։ Այնուհետև ավելի քան 20 տարի ծառայեցին Կանադայի Բեթելում։ Երբ Լոիսը 58 տարեկան էր, նրան և Ջոնին հրավիրեցին ծառայելու Ուկրաինայում։ Ի՞նչ որոշում կայացրին նրանք։ Արդյո՞ք մտածեցին, որ արդեն այն տարիքում չեն, որ տեղափոխվեն ուրիշ երկիր։ Ո՛չ, նրանք ընդունեցին հրավերը, և Ջոնը նշանակվեց ծառայելու Ուկրաինայի մասնաճյուղի կոմիտեում։ Յոթ տարի անց Ջոնը մահացավ, սակայն Լոիսը որոշեց մնալ Ուկրաինայում։ Այժմ նա 81 տարեկան է և շարունակում է հավատարմորեն ծառայել Բեթելում, որտեղ նրան շատ են սիրում։

9 Հնարավոր է՝ Լոիսի նման այրի քույրերը չարժանանան այնքան ուշադրության, որքան այն ժամանակ, երբ նրանց ամուսինները ողջ էին։ Բայց պետք է հիշենք, որ այրիությունը պակաս արժեքավոր չի դարձնում նրանց։ Եհովան շատ թանկ է գնահատում այն քույրերին, ովքեր տարիներ շարունակ աջակցել են իրենց ամուսիններին և այժմ նույն վճռականությամբ շարունակում են իրենց ծառայությունը (1 Տիմոթ. 5։3)։ Բացի այդ՝ նրանք քաջալերանքի մեծ աղբյուր են երիտասարդների համար։

10. Եղբայր Թոնին ի՞նչ հիանալի օրինակ է մեզ համար։

10 Տուն-ինտերնատներում ապրող մեր հավատարիմ տարեցները նույնպես գանձեր են։ Քննենք Թոնի անունով մի եղբոր օրինակը, ով նմանատիպ հաստատությունում է ապրում։ Նա մկրտվել է 1942 թ. օգոստոսին Փենսիլվանիայում (ԱՄՆ)։ Այդ ժամանակ Թոնին 20 տարեկան էր։ Մկրտությունից շատ չանցած՝ նա կանգնեց չեզոքությունը պահելու հարցի առաջ, ինչի հետևանքով երկուսուկես տարի անցկացրեց բանտում։ Նա և իր կինը՝ Հիլդան, երկու երեխա են մեծացրել ճշմարտության մեջ։ Տարիների ընթացքում Թոնին երեք տարբեր ժողովներում ծառայել է որպես նախագահող վերակացու (այժմ՝ երեցների խորհրդի կոորդինատոր) և շրջանային համաժողովի վերակացու։ Նա այցելում էր բանտեր և այնտեղ Աստվածաշնչի ուսումնասիրություններ ու ժողովի հանդիպումներ անցկացնում։ Այժմ Թոնին 98 տարեկան է և չի պատրաստվում հոգևոր առումով թոշակի անցնել։ Նա շարունակում է իր լավագույնն անել Եհովային ծառայելու համար և սերտորեն համագործակցում է իր ժողովի հետ։

11. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք համարում տուն-ինտերնատներում ապրող տարեցներին։

11 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ թանկ ենք համարում տուն-ինտերնատներում ապրող տարեցներին։ Օրինակ՝ երեցները կարող են օգնել նրանց, որ իրենց հնարավորության սահմաններում մասնակցեն հոգևոր գործերի։ Բացի այդ՝ լավ կլինի, որ անհատական հետաքրքրություն ցույց տանք այդ հավատակիցների հանդեպ՝ այցելելով կամ տեսակապի միջոցով զրուցելով նրանց հետ։ Մենք ցանկանում ենք հատկապես ուշադրություն դարձնել այն տարեցներին, ովքեր ապրում են ժողովի տարածքից հեռու գտնվող տուն-ինտերնատներում։ Եթե ուշադիր չլինենք, գուցե մոռանանք մեր այս հավատակիցների մասին։ Նրանցից ոմանք թերևս վարանեն պատմել իրենց կյանքից կամ մտածեն, թե դա տեղին չէ։ Բայց մենք մեծ օգուտներ կքաղենք, եթե հարցեր տանք նրանց և լսենք, թե ինչ մեծ ուրախություն են ստացել՝ ծառայելով Եհովային։

12. Ինչպիսի՞ եղբայրներ ու քույրեր կարող ենք գտնել մեր ժողովներում։

12 Գուցե զարմանաս՝ իմանալով, թե հավատարիմ տարեցների ինչ հիանալի օրինակներ կան քո իսկ ժողովում։ Հերիեթ անունով մի քույր, ով տասնամյակներ շարունակ հավատարմորեն ծառայել է Եհովային Նյու Ջերսիի (ԱՄՆ) ժողովներից մեկում, տեղափոխվեց ապրելու իր աղջկա հետ։ Նոր ժողովում հավատակիցները ժամանակ տրամադրեցին, որպեսզի ճանաչեն նրան, և տեսան, որ նա իսկական գանձ է։ Նա ծառայության վերաբերյալ քաջալերական դեպքեր էր պատմում 1920-ականներից։ Այդ ժամանակ Հերիեթը նոր էր ընդունել ճշմարտությունը։ Նա պատմում էր, որ ծառայության գնալիս միշտ իր հետ ատամի խոզանակ էր վերցնում, քանի որ ամեն պահի նրան կարող էին ձերբակալել։ Եվ իրականում, 1933 թ.-ին նա երկու անգամ մեկ շաբաթով բանտարկվեց։ Այդ ընթացքում նրա ոչ Վկա ամուսինը աջակցում էր նրան՝ հոգ տանելով իրենց երեք փոքր երեխաների մասին։ Հերիեթի նման հավատարիմ տարեցները, անկասկած, մեծ պատվի են արժանի։

13. Տարեցներն ի՞նչ դեր ունեն Եհովայի կազմակերպության մեջ։

13 Մեր տարեց եղբայրներն ու քույրերը կարևոր դեր ունեն Եհովայի կազմակերպության մեջ։ Նրանք տեսել են, թե Եհովան ինչպես է տարբեր կերպերով օրհնել իր կազմակերպությունը և հենց իրենց։ Նրանք կարևոր դասեր են քաղել իրենց սխալներից։ Ուստի մեր տարեցներին «իմաստության աղբյուր» համարիր և սովորիր նրանց փորձից (Առակ. 18։4)։ Եթե ժամանակ տրամադրես և մոտիկից ճանաչես նրանց, հավատդ կամրանա, և դու շատ բաներ կսովորես։

ԼԻԱՐԺԵՔՈՐԵՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԻՐ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՓՈՐՁԻՑ

Ինչպես Եղիսեն շատ բաներ սովորեց՝ շփվելով Եղիայի հետ, այնպես էլ եղբայրներն ու քույրերը կարող են օգուտներ քաղել նրանց փորձից, ովքեր երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային (տես պարբերություն 14–15)

14. 2 Օրենք 32։7-ում ի՞նչ հորդոր է տրվում երիտասարդներին։

14 Նախաձեռնություն վերցրու և խոսիր տարեցների հետ (կարդա 2 Օրենք 32։7)։ Ճիշտ է, նրանց տեսողությունը վատացել է, ոտքերը կորցրել են վաղեմի ուժը, իսկ ձայնը նվաղել է, բայց սրտով նրանք երիտասարդ են մնացել և «լավ անուն» են ձեռք բերել Եհովայի մոտ (Ժող. 7։1)։ Միշտ հիշիր, թե ինչու է Եհովան նրանց թանկ համարում, և շարունակիր պատվել նրանց։ Ընդօրինակիր Եղիսեին։ Նա մինչև վերջ մնաց Եղիայի հետ՝ երեք անգամ ասելով. «Ես քեզ չեմ լքի» (2 Թագ. 2։2, 4, 6

15. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ տարեցներին։

15 Անկեղծորեն հետաքրքրվիր տարեցներով՝ մտածված հարցեր տալով նրանց (Առակ. 1։5; 20։5; 1 Տիմոթ. 5։1, 2)։ Օրինակ՝ կարող ես հարցնել. «Ի՞նչն է համոզել քեզ, որ գտել ես ճշմարտությունը։ Քո կյանքում տեղի ունեցած ո՞ր դեպքերն են մտերմացրել քեզ Եհովայի հետ։ Ո՞րն է Եհովային ուրախությամբ ծառայելու քո գաղտնիքը» (1 Տիմոթ. 6։6–8)։ Հետո ուշադիր լսիր, թե ինչ են պատմում նրանք։

16. Ի՞նչ օգուտներ կքաղեն տարեցներն ու երիտասարդները՝ միմյանց հետ շփվելով։

16 Միմյանց հետ շփվելով՝ թե՛ տարեցները, թե՛ երիտասարդները մեծ օգուտներ կքաղեն (Հռոմ. 1։12)։ Սիրելի՛ երիտասարդ, դու կխորացնես քո գնահատանքը Եհովայի հանդեպ՝ տեսնելով, թե ինչպես է նա հոգ տանում իր հավատարիմ ծառաների մասին, իսկ տարեց հավատակիցդ սիրված ու գնահատված կզգա։ Նա հաճույքով կպատմի քեզ, թե ինչպես է Եհովան օրհնել իրեն։

17. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հավատարիմ տարեցները տարիների ընթացքում ավելի են գեղեցկանում։

17 Ֆիզիկական գեղեցկությունը սովորաբար տարիքի հետ խամրում է, բայց Եհովային նվիրվածները տարեցտարի գեղեցկանում են (1 Թեսաղ. 1։2, 3)։ Այդ ինչպե՞ս։ Նրանք թույլ են տալիս, որ Աստծու ոգին տարիների ընթացքում ձևավորի իրենց և օգնի գեղեցիկ հատկություններ զարգացնել։ Եթե ձգտենք ճանաչել մեր թանկագին տարեցներին, պատվենք նրանց և սովորենք նրանցից, կհամոզվենք, որ նրանք անգին գանձեր են։

18. Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

18 Ժողովը ամրանում է ոչ միայն այն ժամանակ, երբ երիտասարդները թանկ են համարում տարեցներին, այլ նաև այն ժամանակ, երբ տարեցները գնահատում են երիտասարդներին։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող են տարեցները ցույց տալ, որ թանկ են գնահատում ժողովի երիտասարդներին։

ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր

^ պարբ. 5 Մեր հավատարիմ տարեցները թանկագին գանձեր են։ Այս հոդվածը կօգնի, որ ավելացնենք մեր գնահատանքը նրանց հանդեպ և տեսնենք, թե ինչպես կարող ենք լիարժեքորեն օգուտներ քաղել նրանց իմաստությունից ու փորձից։ Հոդվածը նաև կհավաստիացնի մեր տարեց հավատակիցներին, որ նրանք կարևոր տեղ ունեն Եհովայի կազմակերպության մեջ։