ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հաճույքով սովորում և սովորեցնում եմ Եհովայի մասին
ՄԵԾԱՑԵԼ եմ Փենսիլվանիա նահանգի Իսթոն քաղաքում (ԱՄՆ)։ Որոշել էի սովորել համալսարանում և նշանավոր մարդ դառնալ։ Շատ էի սիրում սովորել, հատկապես մաթեմատիկա և բնագիտական առարկաներ։ Քանի որ սևամորթ աշակերտների շրջանում ամենաբարձր գնահատականները ես ունեի, 1956 թ.-ին քաղաքացիական իրավունքները պաշտպանող մի կազմակերպություն 25 դոլարով պարգևատրեց ինձ։ Բայց հետագայում նպատակներս փոխվեցին։ Պատմեմ, թե ինչու։
ԻՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ
1940-ականների սկզբին ծնողներս սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Բայց որոշ ժամանակ անց նրանք դադարեցրին ուսումնասիրությունը։ Այդուհանդերձ, մայրս շարունակեց «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրեր ստանալ։ Իսկ երբ 1950 թ.-ին մեզ հրավիրեցին Նյու Յորքում կայանալիք միջազգային համաժողովին, մենք ընտանիքով ներկա եղանք։
Դրանից կարճ ժամանակ անց եղբայր Լոուրենս Ջեֆրիզը սկսեց այցելել մեզ։ Նա փորձում էր իմ մեջ հետաքրքրություն զարգացնել ճշմարտության հանդեպ։ Սկզբում ես չէի ընդունում քաղաքականության և զինվորական ծառայության վերաբերյալ Եհովայի վկաների չեզոք դիրքորոշումը։ Մի օր վրդովված նրան ասացի, որ եթե Ամերիկայում բոլորը հրաժարվեն պատերազմելուց, ապա թշնամին կհարձակվի ու կգրավի մեր երկիրը։ Եղբայր Ջեֆրիզը համբերատար կերպով օգնեց, որ տրամաբանեմ։ Նա ասաց. «Ի՞նչ ես կարծում, եթե Ամերիկայում բոլորը Աստծու ծառաներ լինեին, և թշնամիները հարձակվեին նրանց վրա, ի՞նչ կաներ Եհովան»։ Այս և այլ հարցերի վերաբերյալ նրա բերած փաստարկները օգնեցին ինձ հասկանալ, որ իմ առարկությունները անհիմն էին։ Դա մղեց, որ ավելին իմանամ ճշմարտության մասին։
Ես ժամերով ընթերցում էի «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի այն հին թողարկումները, որոնք մայրս դրել էր նկուղում։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ այն, ինչ իմանում եմ այդ ամսագրերից, ճշմարտությունն է, ուստի ընդունեցի եղբայր Ջեֆրիզի առաջարկը և նրա օգնությամբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նաև կանոնավորաբար սկսեցի հաճախել ժողովի հանդիպումներին։ Ճշմարտությունը հասավ սրտիս, և ես դարձա բարի լուրի քարոզիչ։ Երբ հասկացա, որ «մոտ է Եհովայի մեծ օրը», իմ նպատակները փոխվեցին (Սոփ. 1։14)։ Ես այլևս չէի ուզում սովորել համալսարանում, այլ ուզում էի օգնել ուրիշներին, որ իմանան Աստվածաշնչի ճշմարտությունը։
Դպրոցն ավարտեցի 1956 թ. հունիսի 13-ին և երեք օր հետո՝ շրջանային համաժողովին, մկրտվեցի։ Այդ ժամանակ մտքովս անգամ չէր անցնում, թե որքան մեծ օրհնություններ եմ վայելելու՝ կյանքս նվիրելով Եհովայի մասին սովորելուն և սովորեցնելուն։
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՄ՝ ԾԱՌԱՅԵԼՈՎ ՌԱՀՎԻՐԱ
Մկրտվելուց վեց ամիս հետո ռահվիրայություն սկսեցի։ «Թագավորական ծառայությունը» թերթիկի 1956 թ. դեկտեմբերի համարում հետևյալ վերնագրով մի հոդված կար. «Կարո՞ղ ես ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է»։ Այդ հրավերը հենց ինձ համար էր, քանի որ շատ էի ուզում ծառայել այնտեղ, որտեղ բարի լուրի քարոզիչների կարիք կար (Մատթ. 24։14)։
Ես տեղափոխվեցի Հարավային Կարոլինայի Էջֆիլդ քաղաք։ Այնտեղի ժողովում ընդամենը չորս քարոզիչ կար։ Ես դարձա հինգերորդը։ Ժողովի հանդիպումներն անցկացնում էինք մեր եղբոր տանը՝ հյուրասենյակում։ Ամեն ամիս 100 ժամ էի տրամադրում ծառայությանը։ Կազմակերպում էի քարոզչական ծառայությունը և անցկացնում ժողովի հանդիպումները։ Որքան շատ բան էի անում ժողովում, այնքան ավելի շատ բան էի սովորում Եհովայի մասին։
Ես Աստվածաշնչի ուսումնասիրություն էի անցկացնում մի կնոջ հետ, ով սգո սրահ ուներ Ջոնստոն քաղաքում, որը մեզանից մի քանի կիլոմետր էր հեռու։ Նա ինձ կես դրույքով աշխատանք առաջարկեց, որի կարիքը ես շատ ունեի։ Նաև տրամադրեց մի փոքր շինություն, որտեղ կարող էինք անցկացնել ժողովի հանդիպումները։
Եղբայր Ջոլի Ջեֆրիզը, ով ինձ Աստվածաշունչ ուսուցանող եղբոր տղան էր և նույնպես ռահվիրա էր, Բրուքլինից (Նյու Յորք) տեղափոխվեց մեզ մոտ։ Մենք ապրում էինք մի փոքր շարժական տնակում, որը մեր եղբայրներից մեկինն էր։
Հարավում մարդկանց աշխատավարձը շատ ցածր էր։ Ամբողջ օրվա աշխատանքի դիմաց մենք ընդամենը երկու կամ երեք դոլար էինք ստանում։ Մի օր, երբ սնունդ գնելու համար ծախսեցի իմ ունեցած վերջին մետաղադրամները, խանութի մոտ մի մարդ մոտեցավ ու հարցրեց. «Աշխատանք կուզե՞ս։ Ժամում մեկ դոլար կվճարեմ»։ Նա ինձ երեք օրվա գործ տվեց։ Ես պետք է մի շինհրապարակ մաքրեի։ Ինձ համար ակնհայտ էր, որ Եհովան ուզում էր՝ մնամ Էջֆիլդում։ Թեև ես շատ քիչ գումար ունեի, սակայն կարողացա մասնակցել 1958 թ. միջազգային համաժողովին, որն անցկացվեց Նյու Յորք քաղաքում։
Համաժողովի երկրորդ օրը շրջադարձային եղավ իմ կյանքում։ Ես հանդիպեցի Ռուբի Ուոդլինգտոնին, ով ռահվիրա էր ծառայում Թենեսի նահանգի Գալատին քաղաքում։ Երկուսիս էլ հետաքրքրում էր միսիոներական ծառայությունը։ Միասին ներկա եղանք այն հանդիպմանը, որը նախատեսված էր «Գաղաադում» սովորել ցանկացողների համար։ Դրանից հետո սկսեցինք շփվել նամակների միջոցով։ Մի օր ինձ հրավիրեցին Գալատին, որ հանրային ելույթ ներկայացնեմ։ Առիթից օգտվելով՝ Ռուբիին ամուսնության առաջարկ արեցի։ Այնուհետև տեղափոխվեցի այդ ժողով, և 1959 թ.-ին մենք ամուսնացանք։
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՄ ԺՈՂՈՎՈՒՄ
23 տարեկանում նշանակվեցի ժողովի ծառայող (այժմ՝ երեցների խորհրդի կոորդինատոր)։ Մեր շրջանային վերակացուն Չարլզ Թոմսոնն էր, ով
շրջանային ծառայության նշանակվելուց հետո առաջինը մեր ժողով էր այցելել։ Թեև նա շատ փորձառու եղբայր էր, բայց ինձ հարցրեց, թե իմ կարծիքով՝ ինչի կարիք ունեն եղբայրներն ու քույրերը, և թե մյուս շրջանային վերակացուները ինչպես են հոգ տարել նրանց մասին։ Չարլզից սովորեցի, որ նախքան որևէ հարցի հետ կապված որոշում կայացնելը լավ կլինի հարցեր տալ և տեղեկանալ բոլոր փաստերին։1964 թ. մայիսին հրավիրվեցի մասնակցելու Թագավորական ծառայության դպրոցին, որն անցկացվելու էր Սաութ Լանսինգում (Նյու Յորք) և տևելու էր մեկ ամիս։ Դասավանդող եղբայրները իմ մեջ ավելին իմանալու և հոգևորապես հասունանալու մեծ ցանկություն արթնացրին։
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՄ՝ ԾԱՌԱՅԵԼՈՎ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒ
1965 թ. հունվարին ինձ ու Ռուբիին հրավիրեցին կատարելու շրջանային ծառայություն։ Մեր շրջանը շատ մեծ տարածք էր ընդգրկում։ Այն ձգվում էր Նոքսվիլից (Թենեսի) մինչև Ռիչմոնդ (Վիրջինիա) և ներառում էր Հյուսիսային Կարոլինայի, Քենտուկիի և Արևմտյան Վիրջինիայի ժողովները։ Մենք ծառայում էինք միայն սևամորթների ժողովներում, քանի որ այդ ժամանակ Միացյալ Նահանգների հարավում օրենքն արգելում էր սևամորթներին և սպիտակամորթներին միասին հանդիպումներ անցկացնել։ Եղբայրներն ու քույրերը նյութական քիչ բաներ ունեին, և մենք սովորեցինք մեր ունեցածը կիսել կարիքի մեջ եղող այդ հավատակիցների հետ։ Երկար տարիների մի շրջանային վերակացու ինձ հետևյալ կարևոր խորհուրդը տվեց. «Հավատակիցներիդ համար եղբայր եղիր։ Քեզ «շեֆի» պես մի՛ պահիր։ Նրանց կկարողանաս օգնել միայն այն դեպքում, եթե նրանք զգան, որ դու իրենց եղբայրն ես»։
Մի անգամ, երբ մի փոքրիկ ժողովում այցելության էինք, Ռուբին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց մի կնոջ հետ, ով մեկ տարեկան աղջիկ ուներ։ Քանի որ այդ ժողովում ոչ ոքի հարմար չէր անցկացնել այդ ուսումնասիրությունը, Ռուբին այն շարունակեց նամակագրությամբ։ Մեր հաջորդ այցելության ժամանակ այդ կինը ներկա եղավ ժողովի բոլոր հանդիպումներին։ Հետագայում երկու ռահվիրա քույրեր նշանակվեցին այդ ժողով, և նրանք շարունակեցին ուսումասիրությունը։ Շատ չանցած՝ այդ կինը մկրտվեց։ 30 տարի հետո՝ 1995 թ.-ին, Պատերսոնի Բեթելում մի երիտասարդ քույր մոտեցավ Ռուբիին, և պարզվեց, որ նա այդ կնոջ աղջիկն է։ Նա և իր ամուսինը «Գաղաադ» դպրոցի 100-րդ դասարանի ուսանողներ էին։
Մեր հաջորդ շրջանը Ֆլորիդայի կենտրոնական մասում էր։ Մեզ ավտոմեքենա էր պետք, և մենք շատ հարմար գնով գտանք այն։ Բայց մեր այցելության առաջին շաբաթվա ընթացքում շարժիչի հովացման համակարգի պոմպը փչացավ։ Մենք փող չունեինք այն վերանորոգելու համար։ Ուստի զանգահարեցի մի եղբոր, ով այդ հարցում կարող էր օգնել մեզ։ Նա ասաց իր աշխատողներից մեկին, որ վերանորոգի մեր ավտոմեքենան, և ոչ մի գումար չուզեց դրա դիմաց։ Եղբայրը մեզ պարզապես ասաց. «Ամեն ինչ կարգին է։ Վճարելու կարիք չկա»։ Նա նույնիսկ մեզ մի փոքր գումար նվիրեց։ Դա ակնառու օրինակ էր այն բանի, որ Եհովան հոգ է տանում իր ծառաների մասին։ Այդ դեպքը հիշեցրեց մեզ, որ պետք է առատաձեռն լինենք ուրիշների հանդեպ։
Յուրաքանչյուր ժողով այցելելիս մենք մնում էինք հավատակիցների տանը, ինչի շնորհիվ բազմաթիվ լավ ընկերներ ձեռք բերեցինք։ Մի օր ժողովի հաշվետվությունը կիսատ տպած թողել էի գրամեքենայիս վրա։ Երբ երեկոյան տուն եկա, տեսա, որ նրանց երեքամյա որդին «օգնել» էր ավարտել այն։ Տարիներ շարունակ նրա հոգին ուտում էի դրա համար։
1971 թ.-ին մի նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ Նյու Յորք քաղաքում մարզային վերակացու եմ նշանակվել։ Մենք շոկի մեջ էինք։ Երբ տեղափոխվեցինք այնտեղ, ես ընդամենը 34 տարեկան էի։ Եղբայրները իրենց առաջին սևամորթ մարզային վերակացուին շատ ջերմ ընդունելություն ցույց տվեցին։
Լինելով մարզային վերակացու՝ ես մեծ բավականություն էի ստանում շրջանային համաժողովների ժամանակ Եհովայի մասին ուսուցանելուց։ Շրջանային վերակացուներից շատերը ավելի մեծ փորձ ունեին, քան ես։ Նրանցից մեկը ներկայացրել էր իմ մկրտության ելույթը, իսկ մեկ ուրիշը, օրինակ՝ Թեոդոր Յարաչը, հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ։ Կային նաև շատ փորձառու եղբայրներ, ովքեր ծառայում էին Բրուքլինի Բեթելում։ Շատ շնորհակալ եմ, որ այդ շրջանային վերակացուները և բեթելցիները այնպես էին անում, որ չկաշկանդվեմ։ Ես անձամբ եմ զգացել, որ նրանք սիրառատ հովիվներ էին, ովքեր ապավինում էին Աստծու Խոսքին և հավատարմորեն թիկունք էին կանգնում կազմակերպությանը։ Նրանց խոնարհության շնորհիվ ինձ համար դժվար չէր ծառայել որպես մարզային վերակացու։
ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
1974 թ.-ին Կառավարիչ մարմինը շրջանային վերակացուների մեկ այլ խմբի նշանակեց մարզային ծառայության։ Եվ ես կրկին նշանակվեցի շրջանային վերակացու, այս անգամ՝ Հարավային Կարոլինայում։ Այդ ժամանակ այլևս կարիք չկար, որ սևամորթների և սպիտակամորթների ժողովները առանձնացված լինեին։ Եղբայրներն ու քույրերը անչափ ուրախ էին դրա համար։
1976 թ. վերջերին ես նշանակվեցի ծառայելու Ջորջիա շրջանում, որը Ատլանտայի և Կոլումբուսի մեջտեղում էր։ Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ հինգ սևամորթ երեխաների թաղման ելույթն էի ներկայացնում։ Հանցագործները հրդեհել էին նրանց տունը, ինչի հետևանքով նրանք մահացել էին։ Ծանր վնասվածքների պատճառով նրանց մայրը հիվանդանոց էր տեղափոխվել։ Ծնողներին մխիթարելու համար շատ սևամորթ և սպիտակամորթ եղբայրներ և քույրեր էին այցելում հիվանդանոց։ Հավատակիցների ցուցաբերած սերը անչափ տպավորիչ էր։ Կարեկցանքի նման դրսևորումները կարող են օգնել Աստծու ծառաներին հաղթահարել նույնիսկ ամենադժվար իրավիճակները։
ՍՈՎՈՐՈՒՄ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՄ՝ ԾԱՌԱՅԵԼՈՎ ԲԵԹԵԼՈՒՄ
1977 թ.-ին մեզ հրավիրեցին մի քանի ամսով ծառայելու Բրուքլինի Բեթելում, որտեղ պետք է աշխատեինք մի նախագծի վրա։ Երբ այն մոտենում էր ավարտին, Կառավարիչ մարմնի անդամներից երկուսը հանդիպեցին ինձ և հարցրին, թե արդյոք ես ու Ռուբին կցանկանանք դառնալ Բեթելի ընտանիքի մշտական անդամ։ Մենք համաձայնվեցինք։
24 տարի աշխատել եմ ծառայողական բաժնում, որտեղ եղբայրները հաճախ նուրբ և բարդ հարցերի են բախվում։ Տարիներ շարունակ Կառավարիչ մարմինը սուրբգրային սկզբունքներին ներդաշնակ առաջնորդություն է տվել, ինչը հիմք է հանդիսանում նման հարցերին պատասխանելու համար, ինչպես նաև կրթելու շրջանային վերակացուներին, երեցներին և ռահվիրաներին։ Կրթական այդ ծրագիրը շատերին է օգնել, որ հոգևորապես աճեն, ինչն էլ իր հերթին ամրացրել է Եհովայի կազմակերպությունը։
1995-2018 թթ. ընթացքում այցելել եմ տարբեր մասնաճյուղեր որպես գլխավոր վարչության ներկայացուցիչ (նախկինում՝ զոնալ վերակացու)։ Հանդիպել եմ տարբեր մասնաճյուղերի կոմիտեի անդամների, բեթելցիների, ինչպես նաև միսիոներների, որպեսզի քաջալերեմ ու օգնեմ նրանց։ Ես ու Ռուբին էլ միշտ քաջալերվում էինք նրանց պատմած դեպքերից։ Օրինակ, երբ 2000 թ.-ին այցելել էինք Ռուանդա, շատ էինք տպավորվել՝ լսելով, թե 1994 թ.-ին տեղի ունեցած ցեղասպանության ժամանակ ինչերի միջով էին անցել մեր հավատակիցներն ու Բեթելի ընտանիքը։ Շատերը կորցրել էին իրենց հարազատներին։ Բայց չնայած դժվարություններին՝ այդ հավատակիցները չէին կորցրել իրենց հույսը, հավատը և ուրախությունը։
Այժմ մենք 80-ն անց ենք։ Վերջին 20 տարիներին ծառայում եմ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեում։ Ես այդպես էլ համալսարանական կրթություն չստացա, բայց Եհովան և նրա կազմակերպությունը ինձ լավագույն կրթությունը տվեցին։ Դրա շնորհիվ ես կարողանում եմ ուսուցանել մարդկանց աստվածաշնչյան ճշմարտությունները, որոնք կարող են հարատև օրհնություններ բերել նրանց (2 Կորնթ. 3։5; 2 Տիմոթ. 2։2)։ Տեսել եմ, թե ինչպես է Աստվածաշունչն օգնել մարդկանց, որ բարելավեն իրենց կյանքը և մտերմանան իրենց Արարչի հետ (Հակ. 4։8)։ Ես ու Ռուբին ամեն առիթ օգտագործում ենք, որ օգնենք ուրիշներին թանկ համարել Եհովայի մասին սովորելու և ճշմարտությունը ուրիշներին սովորեցնելու պատիվը։ Դա մեծագույն առանձնաշնորհումն է, որ Եհովայի ծառան երբևէ կարող է ունենալ։