ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 39
Քո անունը գրվա՞ծ է «կյանքի գրքում»
«Նրա առաջ հիշատակի գիրք էր գրվում Եհովայից վախեցողների.... մասին» (ՄԱՂ. 3։16)։
ԵՐԳ 61 Առա՛ջ, ո՛վ Վկաներ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Մաղաքիա 3։16-ի համաձայն՝ ի՞նչ գիրք ունի Եհովան, և ի՞նչ է այնտեղ գրված։
ԵՀՈՎԱՆ մի յուրահատուկ գիրք ունի, որում մարդկանց անուններ են գրված։ Անունների այդ ցանկը սկսվում է նրա առաջին հավատարիմ վկայի՝ Աբելի անունով (Ղուկ. 11։50, 51)։ b Հազարամյակներ է, ինչ Եհովան անուններ է ավելացնում այդ գրքի մեջ։ Այսօր դրանց թիվը հասնում է միլիոնների։ Աստվածաշունչը այդ գիրքը կոչում է «հիշատակի գիրք» կամ «կյանքի գիրք» (կարդա Մաղաքիա 3։16; Հայտն. 3։5; 17։8)։
2. Ո՞ւմ անուններն են նշված կյանքի գրքում, և ի՞նչ կարող ենք անել, որ մեր անուններն էլ այնտեղ գրվեն։
2 Այդ յուրահատուկ գրքում գրված են բոլոր նրանց անունները, ովքեր վախենում, կամ՝ ակնածում են Եհովայից և թանկ են համարում նրա անունը։ Նրանք հավիտենական կյանք ստանալու հնարավորություն ունեն։ Մեր անուններն էլ կգրվեն այդ գրքում, եթե Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա մտերիմ փոխհարաբերություններ զարգացնենք Եհովայի հետ (Հովհ. 3։16, 36)։ Անկախ նրանից՝ հույս ունենք ապրելու երկնքում, թե երկրի վրա, բոլորս էլ ուզում ենք, որ մեր անունները այնտեղ լինեն։
3-4. ա) Եթե մեր անունները կյանքի գրքում են, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք ինքնաբերաբար հավիտենական կյանք կստանանք։ Բացատրիր։ բ) Ի՞նչ ենք քննելու այս և հաջորդ հոդվածներում։
3 Եթե մեր անունները արդեն իսկ կյանքի գրքում են, արդյո՞ք դա նշանակում է, որ մենք ինքնաբերաբար հավիտենական կյանք կստանանք։ Այս հարցի պատասխանն իմանալու համար հիշենք, թե Եհովան ինչ ասաց Մովսեսին։ Ելք 32։33-ում կարդում ենք նրա խոսքերը. «Ով մեղք է գործել իմ դեմ, ես նրան կջնջեմ իմ գրքից»։ Փաստորեն, հնարավոր է՝ լինեն անուններ, որ ջնջվեն այդ գրքից, քանի որ Եհովան դրանք ասես մատիտով է գրում (Հայտն. 3։5)։ Ուստի մենք պետք է այնպես անենք, որ մեր անունները մնան այդ գրքում, մինչև որ վերջնականապես հաստատվեն անջնջելի թանաքով։
4 Բնականաբար գուցե որոշ հարցեր առաջանան։ Օրինակ՝ ի՞նչ է ասում Աստվածաշունչը նրանց մասին, ում անունները գրված են կյանքի գրքում, և նրանց մասին, ում անունները այնտեղ չկան։ Իսկ նրանք, ում անունները նշված են այդ գրքում, ե՞րբ կստանան հավիտենական կյանք։ Ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր նախքան մահանալը հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Եհովային։ Հնարավո՞ր է, որ նրանց անունները նույնպես գրվեն այդ գրքում։ Այս և հաջորդ հոդվածներից կիմանանք նշված հարցերի պատասխանները։
Ո՞ՒՄ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԳՐՎԱԾ
5-6. ա) Ըստ Փիլիպպեցիներ 4։3-ի՝ ո՞ւմ անուններն են նշված կյանքի գրքում։ բ) Նրանց անունները ե՞րբ մեկընդմիշտ կգրվեն կյանքի գրքում։
5 Ո՞ւմ անուններն են նշված այս խորհրդանշական գրքում։ Այս հարցի պատասխանն իմանալու համար եկեք ուշադրություն դարձնենք մարդկանց հինգ խմբերի։ Նրանցից մի մասի անունները գրված են կյանքի գրքում, մյուս մասինը՝ ոչ։
6 Առաջին խմբի մեջ են մտնում նրանք, ովքեր ընտրվել են Հիսուսի հետ երկնքում թագավորելու համար։ Նրանց անունները նշվա՞ծ են կյանքի գրքում։ Այո՛։ Համաձայն Պողոսի խոսքերի, որոնք նա ուղղեց Փիլիպպեի իր «համագործակիցներին»՝ օծյալների անունները, ովքեր հրավիրված են թագավորելու Հիսուսի հետ, այժմ կյանքի գրքում են (կարդա Փիլիպպեցիներ 4։3)։ Բայց որպեսզի նրանց անունները մնան այդ խորհրդանշական գրքում, նրանք պետք է պահեն իրենց հավատարմությունը։ Իսկ հետո երբ ստանան իրենց վերջնական կնիքը՝ լինի դա նրանց մահից առաջ, թե նախքան մեծ նեղության սկիզբը, նրանց անունները մեկընդմիշտ կգրվեն այդ գրքում (Հայտն. 7։3)։
7. Հայտնություն 7։16, 17 համարների համաձայն՝ մեծ բազմության անդամների անունները ե՞րբ վերջնականապես կգրվեն կյանքի գրքում։
7 Երկրորդ խումբը բաղկացած է ուրիշ ոչխարների մեծ բազմությունից։ Նրանց անունները գրվա՞ծ են կյանքի գրքում։ Այո՛։ Իսկ Արմագեդոնից հետո նրանց անունները դեռ կլինե՞ն այդ գրքում։ Այո՛ (Հայտն. 7։14)։ Հիսուսն ասաց, որ այս գառնանման մարդիկ կգնան դեպի «հավիտենական կյանք» (Մատթ. 25։46)։ Բայց Արմագեդոնից վերապրածները անմիջապես հավիտենական կյանք չեն ստանա. նրանց անունները դեռ «մատիտով» գրված կլինեն։ Հազարամյա Իշխանության ընթացքում Հիսուսը «կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները»։ Կյանքի գրքում անջնջելի թանաքով կգրվեն միայն նրանց անունները, ովքեր կհետևեն Քրիստոսի տված առաջնորդությանը և վերջնական փորձության ժամանակ հավատարիմ կմնան Եհովային (կարդա Հայտնություն 7։16, 17)։
8. Ո՞ւմ անունները գրված չեն կյանքի գրքում, և ի՞նչ է լինելու նրանց։
8 Երրորդ խումբը կազմված է այծերից, որոնք կկործանվեն Արմագեդոնի ժամանակ։ Նրանց անունները նշված չեն կյանքի գրքում։ Հիսուսն ասաց, որ նրանք «կգնան դեպի հավիտենական մահ» (Մատթ. 25։46)։ Աստծու ներշնչմամբ Պողոսն ասաց, որ «նրանք կենթարկվեն հավիտենական կործանման դատապարտությանը» (2 Թեսաղ. 1։9; 2 Պետ. 2։9)։ Այս խոսքերը վերաբերում են նաև նրանց, ովքեր դիտավորյալ մեղք են գործել սուրբ ոգու դեմ։ Նրանք նույնպես հավիտենական կյանքի փոխարեն կարժանանան հավիտենական կործանման։ Պարզ է, որ նրանք հարություն չեն առնի (Մատթ. 12։32; Մարկ. 3։28, 29; Եբր. 6։4-6)։ Այժմ խոսենք երկու խումբ մարդկանց մասին, ովքեր հարություն կառնեն երկրի վրա։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՆԵԼՈՒ
9. Ինչպես երևում է Գործեր 24։15-ից, ո՞ր երկու խմբերն են հարություն առնելու երկրի վրա, և ի՞նչ տարբերություն կա նրանց միջև։
9 Աստվածաշնչում խոսվում է երկու խմբերի մասին, որոնք հարություն են առնելու և երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկար են ունենալու։ Այդ երկու խմբերն են՝ «արդարները» և «անարդարները» (կարդա Գործեր 24։15)։ «Արդարները» այն մարդիկ են, ովքեր իրենց կենդանության օրոք հավատարմորեն ծառայել են Եհովային։ Իսկ «անարդարները» նրանք են, ովքեր չեն ծառայել Եհովային և ընդհանուր առմամբ արդար կյանքով չեն ապրել։ Այն, որ այս երկու խմբի մարդիկ հարություն են առնելու, արդյո՞ք նշանակում է, որ նրանց անունները գրված են կյանքի գրքում։ Այս հարցի պատասխանն իմանալու համար եկեք յուրաքանչյուր խմբի մասին առանձին խոսենք։
10. «Արդարները» ինչո՞ւ են հարություն առնելու, և նրանցից ոմանք ի՞նչ առանձնաշնորհում կունենան (տես երկրային հարության վերաբերյալ «Ընթերցողների հարցերը», որը տպագրված է այս համարում)։
10 Նախ խոսենք չորրորդ խմբի՝ «արդարների» մասին։ Նախքան նրանց մահը նրանց անունները արդեն գրվել էին կյանքի գրքում։ Իսկ երբ այս «արդարները» մահացան, նրանց անունները ջնջվեցի՞ն կյանքի գրքից։ Ո՛չ։ Նրանք դեռ «ողջ» են Եհովայի հիշողության մեջ։ Եհովան «ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի, որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկ. 20։38)։ Սա նշանակում է, որ երբ արդարները հարություն առնեն երկրի վրա, նրանց անունները, թեև «մատիտով», բայց գրված կլինեն կյանքի գրքում (Ղուկ. 14։14)։ Անկասկած, նրանցից ոմանք առանձնաշնորհում կունենան ծառայելու որպես «իշխաններ.... ողջ երկրի վրա» (Սաղ. 45։16)։
11. Ի՞նչ պետք է սովորեն «անարդարները»։
11 Եվ վերջապես խոսենք հինգերորդ խմբի՝ «անարդարների» մասին։ Նախքան մահանալը նրանք չեն ապրել արդար կյանքով, քանի որ թերևս չեն իմացել Եհովայի պահանջների մասին։ Ուստի նրանց անունները նշված չեն կյանքի գրքում։ Բայց նրանց հարություն տալով՝ Աստված հնարավոր կդարձնի այն, որ ի վերջո նրանց անունները գրվեն այդ գրքում։ Այս «անարդարները» մեծ օգնության կարիք են ունենալու։ Նրանք պետք է սովորեն ապրել Եհովայի արդար չափանիշների համաձայն, քանի որ նախկինում նրանցից ոմանք սարսափելի վարք են ունեցել և դաժան գործեր են արել։ Այդ նպատակով Աստծու Թագավորությունը կկազմակերպի մարդկության պատմության մեջ երբևէ եղած մեծագույն կրթական ծրագիրը։
12. ա) Ովքե՞ր են կրթելու անարդարներին։ բ) Ի՞նչ կլինի նրանց, ովքեր կհրաժարվեն կիրառել իրենց սովորածը։
12 Իսկ ովքե՞ր են կրթելու անարդարներին։ Մեծ բազմությունը և հարություն առած արդարները։ Որպեսզի անարդարների անունները գրվեն կյանքի գրքում, նրանք պետք է մտերիմ փոխհարաբերություններ զարգացնեն Եհովայի հետ և իրենց անձը նվիրեն նրան։ Հիսուս Քրիստոսը և նրան օգնող դատավորները ուշի-ուշով կհետևեն, թե ինչպես են անարդարները արձագանքում իրենց ստացած կրթությանը (Հայտն. 20։4)։ Նրանք, ովքեր կհրաժարվեն իրենց տրամադրվող օգնությունից, նույնիսկ եթե 100 տարեկան լինեն, կզրկվեն ապրելու հնարավորությունից (Ես. 65։20)։ Եհովան և Հիսուսը կարող են սրտեր կարդալ, ուստի թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը նոր աշխարհում որևէ վնաս պատճառի (Ես. 11։9; 60։18; 65։25; Հովհ. 2։25)։
ԿՅԱՆՔԻ ԵՎ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
13-14. ա) Նախկինում ինչպե՞ս էինք հասկանում Հովհաննես 5։29-ում գրված Հիսուսի խոսքերը։ բ) Ի՞նչ պետք է նկատի առնենք այդ խոսքերի առնչությամբ։
13 Հիսուսը նույնպես խոսեց նրանց մասին, ովքեր երկրի վրա են հարություն առնելու։ Օրինակ՝ նա ասաց. «Գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարության, իսկ ովքեր չար գործեր են արել, դատաստանի հարության» (Հովհ. 5։28, 29)։ Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը։
14 Նախկինում կարծում էինք, թե Հիսուսի խոսքերը վերաբերում են այն գործերին, որ հարություն առածները անելու են իրենց հարությունից հետո։ Այսինքն՝ հարություն առածներից ոմանք բարի գործեր են անելու, ոմանք՝ չար գործեր։ Բայց նկատի առնենք, որ Հիսուսը չասաց, թե նրանք, ովքեր դուրս են գալու գերեզմաններից, բարի գործեր կանեն կամ չար գործեր կանեն։ Նա անցյալ ժամանակով խոսեց՝ ասելով «բարի գործեր են արել» և «չար գործեր են արել»։ Այստեղից եզրակացնում ենք, որ խոսքը այն գործերի մասին է, որ նրանք արել են նախքան մահանալը։ Մի՞թե տրամաբանական չէ։ Չէ՞ որ նոր աշխարհում ոչ ոքի թույլ չի տրվի չար գործեր անել։ Փաստորեն, խոսքը այն չար գործերի մասին է, որ անարդարները արել են նախքան մահանալը։ Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ ասելով «կյանքի հարություն» և «դատաստանի հարություն»։
15. Ովքե՞ր են «կյանքի հարություն» ստանալու և ինչո՞ւ։
15 Արդարները, ովքեր նախքան մահանալը բարի գործեր են արել, կստանան «կյանքի հարություն», քանի որ նրանց անունները արդեն գրված կլինեն կյանքի գրքում։ Սա նշանակում է, որ Հովհաննես 5։29-ում նշված հարություն առածները, «ովքեր բարի գործեր են արել», Գործեր 24։15-ում նշված «արդարներն» են։ Նկատի առնենք, որ Հռոմեացիներ 6։7-ում ասվում է. «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից»։ Այսինքն, երբ այս արդարները մահացել են, Եհովան ջնջել է նրանց մեղքերը, սակայն նրա հիշողության մեջ մնացել է նրանց հավատարիմ ընթացքը։ Դրա համար էլ նրանց անունները գրված են կյանքի գրքում (Եբր. 6։10)։ Բայց, ինչ խոսք, նոր աշխարհում արդարները պետք է շարունակեն հավատարիմ լինել, որպեսզի իրենց անունները մնան այդ գրքում։
16. Ի՞նչ է «դատաստանի հարությունը»։
16 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր չար գործեր են արել նախքան մահանալը։ Թեև մահով նրանց մեղքերը ջնջվել են, սակայն իրենց կենդանության օրոք նրանք Եհովային չեն ծառայել։ Նրանց անունները գրված չեն կյանքի գրքում։ Սա նշանակում է, որ հարություն առածները, «ովքեր չար գործեր են արել», Գործեր 24։15-ում նշված «անարդարներն» են։ Նրանք կստանան «դատաստանի հարություն»։ c Անարդարները դատվելու են այն իմաստով, որ գնահատման պրոցես են անցնելու (Ղուկ. 22։30)։ Ժամանակ կպահանջվի որոշելու համար, թե արդյոք նրանք արժանի կլինեն, որ իրենց անունները գրվեն կյանքի գրքում։ Անարդարների անունները կնշվեն այդ գրքում միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն իրենց նախկին չար ընթացքից և նվիրվեն Եհովային։
17-18. Երկրի վրա հարություն առած բոլոր մարդիկ ի՞նչ պետք է անեն, և ո՞ր գործերի մասին է խոսվում Հայտնություն 20։12, 13 համարներում։
17 Հարություն առնելուց հետո թե՛ արդարները, թե՛ անարդարները պետք է հնազանդվեն այն օրենքներին, որ գրված կլինեն նոր գրքերում, որոնք կբացվեն 1 000 տարվա ընթացքում։ Սրա վերաբերյալ Հովհաննես առաքյալին հետևյալ տեսիլքը տրվեց. «Տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին։ Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց. դա կյանքի գիրքն էր։ Եվ մահացածները դատվեցին ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն։ Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին, և նրանցից ամեն մեկը դատվեց ըստ իր գործերի» (Հայտն. 20։12, 13)։
18 Իսկ ո՞ր «գործերի» հիման վրա պետք է դատվեն հարություն առածները։ Արդյո՞ք դրանք այն գործերն են, որ նրանք արել են նախքան մահանալը։ Ո՛չ։ Հիշենք, որ մահով նրանց մեղքերը ջնջվել են։ Ուստի դրանք չեն կարող լինել այն գործերը, որ նրանք արել են մինչև մահանալը, այլ այն գործերն են, որ նրանք կանեն նոր աշխարհում կրթություն ստանալուց հետո։ Նույնիսկ Նոյի, Սամուելի, Դավթի և Դանիելի նման հավատարիմ մարդիկ պետք է գիտելիքներ ստանան Հիսուս Քրիստոսի մասին և հավատ ընծայեն քավիչ զոհի հանդեպ։ Եթե այս հավատարիմներն են սովորելու կարիք ունենալու, ապա որքան առավել անարդարները։
19. Ի՞նչ կլինի այն հարություն առածներին, ովքեր կմերժեն իրենց ընձեռված հնարավորությունը։
19 Իսկ ի՞նչ կլինի այն հարություն առածներին, ովքեր կհրաժարվեն իրենց ընձեռված հնարավորությունից։ Հայտնություն 20։15-ում ասվում է. «Նա, ով գրված չէր կյանքի գրքում, կրակի լիճը գցվեց»։ Նրանք վերջնականապես կկործանվեն։ Ուրեմն որքան կարևոր է ամեն ջանք թափել, որ մեր անունները գրվեն կյանքի գրքում և մնան այնտեղ։
20. Ի՞նչ գործ է իրականացվելու Հազարամյա Իշխանության ընթացքում (տես ամսագրի շապիկի նկարը)։
20 Ի՜նչ հիանալի ժամանակներ են մեզ սպասում Հազարամյա Իշխանության տարիներին։ Այդ ընթացքում կիրականացվի երկրի վրա երբևէ ծավալված մեծագույն կրթական գործը։ Բացի այդ՝ թե՛ արդարները, թե՛ անարդարները պետք է փաստեն, որ ցանկանում են ապրել Եհովայի չափանիշներով (Ես. 26։9; Գործ. 17։31)։ Բայց ինչպե՞ս է իրականացվելու այդ կրթական գործը։ Հաջորդ հոդվածը կօգնի մեզ գտնել այս հարցի պատասխանը և թանկ համարել այդ հրաշալի նախաձեռնությունը։
ԵՐԳ 147 Խոստացված հավիտենական կյանքը
a Այս հոդվածում ճշգրտվում է Հովհաննես 5։28, 29 համարներում գրված Հիսուսի խոսքերի բացատրությունը «կյանքի հարության» և «դատաստանի հարության» վերաբերյալ։ Կիմանանք, թե ինչ են նշանակում դրանք և ում են վերաբերում։
b Կյանքի գիրքը սկսել է գրվել «աշխարհը հիմնվելուց ի վեր»։ «Աշխարհ» ասելով՝ Հիսուսը այստեղ նկատի ուներ այն մարդկանց, ովքեր փրկագնվելու հնարավորություն են ստացել (Մատթ. 25։34; Հայտն. 17։8)։ Ուստի արդար Աբելը ակներևաբար առաջինն է, ում անունը գրվել է կյանքի գրքում։
c Նախկինում բացատրվում էր, որ այստեղ օգտագործված «դատաստան» բառը բացասական իմաստ ունի, այսինքն՝ կրում է դատապարտված լինելու իմաստ։ Իրականում «դատաստան» բառը կարող է ունենալ այդ իմաստը։ Սակայն այս համատեքստում Հիսուսը այն ավելի լայն իմաստով օգտագործեց՝ նկատի ունենալով գնահատման և փորձաշրջանի կամ, ինչպես աստվածաշնչյան հունարեն մի բառարանում է ասվում, «ինչ-որ մեկի վարքը զննելու» պրոցես։