ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 41
Դասեր Պետրոսի երկու նամակներից
«Ես մտադիր եմ միշտ հիշեցնել ձեզ այս ամենի մասին» (2 ՊԵՏ. 1։12)։
ԵՐԳ 127 Ինչպիսի մարդ պետք է լինեմ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Աստծու ներշնչումով ի՞նչ արեց Պետրոսը մահվանից կարճ ժամանակ առաջ։
ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ երկար տարիներ հավատարմորեն ծառայեց Եհովային։ Նա Հիսուսի հետ մասնակցեց քարոզչական գործին, քարոզեց ոչ հրեաներին և հետագայում ծառայեց որպես կառավարիչ մարմնի անդամ։ Իր կյանքի վերջում, երբ նա գիտեր, որ պետք է շուտով մահանա, Եհովան նրան ևս մի գործ հանձնարարեց։ Մոտ 62-64 թթ.-ին Աստծու ներշնչմամբ նա գրեց երկու նամակ, որոնք տեղ են գտել Աստվածաշնչում «1 Պետրոս» և «2 Պետրոս» անվանումներով։ Առաքյալը հույս ուներ, որ իր մահից հետո այս նամակները օգտակար կլինեն քրիստոնյաների համար (2 Պետ. 1։12-15)։
2. Պետրոսի գրած նամակները ինչո՞ւ էին ժամանակահարմար։
2 Պետրոսը իր անունը կրող նամակները գրել է այնպիսի ժամանակներում, երբ իր հավատակիցները «զանազան փորձությունների պատճառով տրտմած էին» (1 Պետ. 1։6)։ Բացի այդ՝ չար մարդիկ փորձում էին ժողովում կեղծ ուսմունքներ տարածել և այնպես անել, որ մարդիկ ընդօրինակեն իրենց անմաքուր վարքը (2 Պետ. 2։1, 2, 14)։ Երուսաղեմում ապրող քրիստոնյաները շուտով տեսնելու էին «ամեն ինչի վերջը», այն, որ հռոմեական բանակը կործանելու էր Երուսաղեմն ու հրեական համակարգը (1 Պետ. 4։7)։ Անկասկած, Պետրոսի նամակները օգնել են քրիստոնյաներին, որ տոկան իրենց ժամանակների փորձությունների ներքո և պատրաստվեն ապագա փորձություններին։ b
3. Ինչո՞ւ արժե քննել Պետրոսի նամակները։
3 Թեև Պետրոսն իր նամակն ուղղել էր առաջին դարում ապրող քրիստոնյաներին, բայց Եհովան դրանք ընդգրկել է իր Խոսքում, ինչի շնորհիվ մենք նույնպես կարող ենք օգուտներ քաղել այդ նամակներից (Հռոմ. 15։4)։ Ապրելով մի աշխարհում, որտեղ անմաքուր վարք է խրախուսվում, մենք նույնպես Եհովային ծառայելու հարցում դժվարություններ ու փորձություններ ենք ունենում։ Բացի այդ՝ շուտով մենք այնպիսի նեղության ենք բախվելու, որը ավելի մեծ է լինելու, քան այն նեղությունը, որը հանգեցրեց հրեական համակարգի կործանմանը։ Պետրոսի նամակներում մի շարք կարևոր հիշեցումներ կան, որոնք կօգնեն մեզ, որ շարունակենք սպասել Եհովայի օրվան, հաղթահարենք մարդավախությունը և ջերմորեն սիրենք իրար։ Այս հիշեցումները օգտակար կլինեն նաև երեցների համար, որ կարողանան, ինչպես հարկն է, հոգ տանել Եհովայի գառների մասին։
ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՍՊԱՍԵԼ
4. Ինչպես նշված է 2 Պետրոս 3։3, 4-ում, ի՞նչը կարող է թուլացնել մեր հավատը։
4 Մենք շրջապատված ենք այնպիսի մարդկանցով, ովքեր չեն հավատում, որ աստվածաշնչյան մարգարեությունները իրականություն կդառնան։ Հնարավոր է՝ հակառակորդները ծաղրեն մեզ այն բանի համար, որ տարիներ շարունակ փափագով սպասում ենք այս համակարգի վերջին։ Ոմանք էլ գուցե պնդեն, որ վերջը երբեք չի գա (կարդա 2 Պետրոս 3։3, 4)։ Նման մտքեր գուցե լսենք ծառայության ժամանակ, աշխատավայրում կամ ընտանիքում։ Դրանք կարող են թուլացնել մեր հավատը։ Բայց Պետրոսը գրել է, թե ինչը կօգնի մեզ։
5. Ի՞նչը կօգնի մեզ ճիշտ ակնկալիք ունենալ աշխարհի վերջի մասին (2 Պետրոս 3։8, 9)։
5 Ոմանց կարող է թվալ, թե Եհովան այս համակարգը կործանելու հարցում դանդաղում է։ Սակայն Պետրոսի խոսքերը օգնում են մեզ ճիշտ տրամադրվածություն ունենալ, քանի որ դրանք հիշեցնում են, որ ժամանակի վերաբերյալ Եհովայի ընկալումը էապես տարբերվում է մարդկանց ընկալումից (կարդա 2 Պետրոս 3։8, 9)։ Եհովայի համար հազար տարին մեկ օրվա պես է։ Բացի այդ՝ նա համբերատար է և չի ուզում, որ որևէ մեկը կործանվի։ Սակայն երբ իր նշանակած օրը գա, այս համակարգը կկործանվի։ Ուստի որքա՜ն մեծ պատիվ ունենք մնացած ժամանակը օգտագործելու, որ քարոզենք բոլոր ազգերի մարդկանց։
6. Ինչպե՞ս կարող ենք «մտքում վառ պահել» Եհովայի օրը (2 Պետրոս 3։11, 12)։
6 Պետրոս առաքյալը հորդորում է «մտքում վառ պահել» Եհովայի օրը (կարդա 2 Պետրոս 3։11, 12)։ Դա կարող ենք անել, եթե ամեն օր ձգտենք խորհել այն մասին, թե ինչ օրհնություններ ենք վայելելու նոր աշխարհում։ Օրինակ՝ պատկերացրու, որ շնչում ես նոր աշխարհի մաքուր օդը, ուտում ես առողջ սնունդ, դիմավորում ես հարություն առած հարազատներիդ և դարեր առաջ ապրած մարդկանց ուսուցանում ես, թե ինչպես են կատարվել աստվածաշնչյան մարգարեությունները։ Այդպիսի խորհրդածությունը կօգնի, որ փափագով սպասենք այդ ժամանակներին, և կամրացնի մեր համոզվածությունն այն բանում, որ ապրում ենք վերջին օրերում։ Ապագայի մասին «նախապես այս բաներն իմանալով»՝ մենք չենք մոլորվի այն մարդկանց կողմից, ովքեր պնդում են, թե Եհովայի օրը չի գալու (2 Պետ. 3։17)։
ՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ ՄԱՐԴԱՎԱԽՈՒԹՅՈՒՆԸ
7. Մարդավախությունը ինչպե՞ս կարող է ազդել մեզ վրա։
7 Եհովայի օրը մեր մտքում վառ պահելը օգնում է, որ մեր լավագույնն անենք բարի լուրը մարդկանց պատմելու հարցում։ Բայց մարդավախությունը գուցե խանգարի մեզ քարոզել։ Մի առիթով Պետրոսը նույնպես տրվեց մարդավախությանը։ Հիսուսի դատավարության գիշերը նա վախեցավ ներկայանալ որպես Հիսուսի աշակերտ և մի քանի անգամ հերքեց, որ ճանաչում է նրան (Մատթ. 26։69-75)։ Բայց Պետրոսը հետագայում կարողացավ հաղթահարել իր վախերը և համոզվածությամբ ասաց. «Մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում, ոչ էլ անհանգստացեք» (1 Պետ. 3։14)։ Պետրոսի խոսքերը հավաստիացնում են, որ մենք էլ կարող ենք հաղթահարել մարդավախությունը։
8. Ի՞նչը կօգնի մեզ, որ հաղթահարենք մարդավախությունը (1 Պետրոս 3։15)։
8 Ի՞նչը կօգնի մեզ հաղթահարել մարդավախությունը։ Պետրոսն ասում է. «Ձեր սրտերում Քրիստոսին սրբացրեք՝ որպես Տիրոջ» (կարդա 1 Պետրոս 3։15)։ Սա կարող ենք անել՝ խորհելով այն մասին, թե ինչ դիրք և իշխանություն ունի Հիսուս Քրիստոսը որպես Տեր ու Թագավոր։ Երբ որևէ առիթի դեպքում լարվում կամ վախենում ես բարի լուրը պատմել մարդկանց, հիշիր մեր Թագավորին։ Պատկերացրու, որ նա իշխում է երկնքում՝ շրջապատված միլիոնավոր հրեշտակներով։ Հիշիր, որ «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը» նրան է պատկանում, և նա քեզ «հետ է բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28։18-20)։ Պետրոսը հորդորում է, որ «միշտ պատրաստ լինենք» խոսելու մեր հավատի մասին։ Կցանկանայի՞ր քարոզել աշխատավայրում, դպրոցում կամ մեկ այլ վայրում։ Նախապես մտածիր, թե ինչ առիթներ կարող են ստեղծվել, և թե ինչ ես ասելու։ Այնուհետև աղոթքով Եհովայից քաջություն խնդրիր՝ վստահ լինելով, որ նա կօգնի քեզ հաղթահարել մարդավախությունը (Գործ. 4։29)։
«ՈՒԺԳԻՆ ՍԵՐ ՈՒՆԵՑԵՔ ԻՐԱՐ ՀԱՆԴԵՊ»
9. Մի առիթով Պետրոսը ինչպե՞ս թերացավ սեր դրսևորելու հարցում (տես նաև նկարը)։
9 Պետրոսը սովորեց սեր դրսևորել։ Նա ներկա էր այն ժամանակ, երբ Հիսուսն ասաց հետևյալ խոսքերը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար» (Հովհ. 13։34)։ Չնայած դրան՝ հետագայում Պետրոսը խուսափում էր իր ոչ հրեա եղբայրների ու քույրերի հետ հաց ուտելուց՝ վախենալով հրեա քրիստոնյաներից։ Պողոս առաքյալը Պետրոսի արարքը «կեղծավորություն» անվանեց և խրատեց նրան (Գաղ. 2։11-14)։ Պետրոսը ընդունեց այդ խրատը և դասեր քաղեց։ Հետագայում իր երկու նամակներում Պետրոսը ընդգծեց, որ մենք ոչ միայն պետք է սիրենք մեր եղբայրներին, այլ այդ սերը փաստենք գործերով։
10. Ի՞նչը կօգնի, որ «կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն» ունենանք։ Բացատրիր (1 Պետրոս 1։22)։
10 Պետրոսն ասում է, որ մենք պետք է «կեղծավորությունից զերծ եղբայրասիրություն» ունենանք մեր հավատակիցների հանդեպ (կարդա 1 Պետրոս 1։22)։ Այդպիսի սերը «ճշմարտությանը հնազանդվելու» արդյունք է։ Իսկ ճշմարտության մեջ մտնում է այն ուսմունքը, որ «Աստված կողմնակալ չէ» (Գործ. 10։34, 35)։ Մենք չենք կարող ասել, որ հնազանդվում ենք միմյանց սիրելու մասին Հիսուսի պատվերին, եթե ժողովում սեր դրսևորենք միայն ոմանց հանդեպ։ Իհարկե, Հիսուսի պես՝ մենք էլ գուցե ոմանց հետ ավելի մտերիմ լինենք, քան մյուսների (Հովհ. 13։23; 20։2)։ Բայց Պետրոսը հիշեցրեց, որ պետք է ձգտենք մեր բոլոր եղբայրների ու քույրերի հանդեպ «եղբայրասիրություն» ունենալ, այնպիսի ջերմ կապվածություն, ինչպիսին ընտանիքի անդամներն են ունենում միմյանց հանդեպ (1 Պետ. 2։17)։
11. Ի՞նչ է նշանակում «սրտանց և ջերմորեն սիրել»։
11 Պետրոսը հորդորում է նաև «սրտանց և ջերմորեն սիրել իրար»։ Այս համատեքստում «ջերմորեն» սիրելը ներառում է սիրել նաև նրան, ում դժվար է սիրել։ Օրինակ՝ ինչպե՞ս կվարվես, եթե հավատակիցդ վիրավորի կամ ցավ պատճառի քեզ։ Առաջին արձագանքը թերևս նրան հատուցելը լինի, ոչ թե սեր դրսևորելը։ Բայց ինչպես Պետրոսն էր սովորել Հիսուսից, նման վարքը տհաճ է Աստծուն (Հովհ. 18։10, 11)։ Նա գրել է. «Չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք, ոչ էլ չարախոսության փոխարեն՝ չարախոսությամբ, ընդհակառակը՝ օրհնեք» (1 Պետ. 3։9)։ Թույլ տուր, որ ջերմ սերը մղի քեզ լինել բարի ու նրբանկատ նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր ցավ են պատճառում քեզ։
12. ա) Ուրիշ ի՞նչ անելու է մեզ մղում ուժգին սերը։ բ) Ի՞նչ ես մղվում անելու՝ հաշվի առնելով «Պահպանենք անգին միասնությունը» տեսանյութը։
12 Իր առաջին նամակում Պետրոս առաքյալը օգտագործում է «ուժգին սեր» արտահայտությունը։ Այդպիսի սերը ծածկում է ոչ թե պարզապես մի քանի մեղք, այլ «բազմաթիվ մեղքեր» (1 Պետ. 4։8)։ Թերևս Պետրոսը հիշում էր ներողամտության վերաբերյալ այն դասը, որ տարիներ առաջ սովորել էր Հիսուսից։ Հավանաբար, այդ ժամանակ Պետրոսը մտածում էր, որ ինքը մեծահոգություն է դրսևորում՝ առաջարկելով իր եղբորը ներել «մինչև յոթ անգամ»։ Բայց Հիսուսը նրան, ինչպես նաև մեզ, սովորեցրեց, որ հարկավոր է ներել «մինչև յոթանասունյոթ անգամ», այսինքն՝ անհաշիվ (Մատթ. 18։21, 22)։ Եթե քեզ համար դժվար է կիրառել այս խորհուրդը, մի՛ վհատվիր։ Եհովայի բոլոր անկատար ծառաների համար էլ ներելը երբեմն դժվար է եղել։ Կարևորն այն է, որ անհրաժեշտ քայլեր ձեռնարկես, որպեսզի ներես քո եղբորը և խաղաղ հարաբերություններ ունենաս նրա հետ։ c
ԵՐԵՑՆԵ՛Ր, ՀՈՎՎԵՔ ՀՈՏԸ
13. Երեցների համար ինչո՞ւ կարող է դժվար լինել կատարել հովվելու գործը։
13 Անկասկած, Պետրոսը միշտ հիշում էր, որ Հիսուսը հարություն առնելուց հետո ասել էր իրեն. «Հովվի՛ր իմ գառնուկներին» (Հովհ. 21։16)։ Եթե երեց ես, գիտես, որ այդ հորդորը վերաբերում է նաև քեզ։ Ինչ խոսք, երեցի համար գուցե դժվար լինի ժամանակ հատկացնել այս կարևոր հանձնարարությանը։ Չէ՞ որ երեցները նախ պետք է հոգ տանեն իրենց ընտանիքի ֆիզիկական, զգացական և հոգևոր կարիքների մասին։ Նրանք նաև տարբեր պատասխանատվություններ ունեն՝ քարոզում են բարի լուրը, պատրաստում թեմաներ և դրանք ներկայացնում ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ։ Ոմանք ծառայում են նաև հիվանդանոցների հետ կապի կոմիտեներում կամ համագործակցում են նախագծման/շինարարության տեղի բաժնի հետ։ Տեսնում ենք, որ երեցները իսկապես հագեցած գրաֆիկ ունեն։
14. Ինչի՞ց մղված են երեցները հովվում հոտը (1 Պետրոս 5։1-4)։
14 Պետրոսը երեցներին հետևյալ հորդորը տվեց. «Հովվեք.... Աստծու հոտը» (կարդա 1 Պետրոս 5։1-4)։ Մենք գիտենք, որ որպես երեց՝ դու սիրում ես քո եղբայրներին ու քույրերին և ցանկանում ես «հովվել» նրանց։ Սակայն երբեմն գուցե այնքան զբաղված կամ հոգնած լինես, որ չկարողանաս լիարժեքորեն կատարել այդ հանձնարարությունը։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։ Սրտանց աղոթիր Եհովային քո մտահոգությունների մասին։ Այդ առնչությամբ Պետրոս առաքյալը գրել է. «Ով ծառայում է, թող ծառայի ինչպես մեկը, ով ապավինում է Աստծու տված ուժին» (1 Պետ. 4։11)։ Հնարավոր է, որ հավատակիցներդ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք այս աշխարհում լիովին չեն լուծվի։ Սակայն հիշիր, որ մեր «հովվապետը»՝ Հիսուս Քրիստոսը, կարող է օգնել նրանց այն հարցերում, որոնք լուծելը քո ուժերից վեր է։ Նա դա կարող է անել թե՛ հիմա, թե՛ նոր աշխարհում։ Եհովան երեցներից պարզապես ակնկալում է, որ նրանք սիրեն իրենց հավատակիցներին, հովվեն նրանց և «հոտին օրինակ լինեն»։
15. Ինչպե՞ս է երեցներից մեկը հովվում հոտը (տես նաև նկարը)։
15 Ուիլյամը, ով երկար տարիներ է, ինչ երեց է ծառայում, հասկանում է, թե որքան կարևոր է հովվելու գործը։ Երբ սկսվեց COVID-19 համավարակը, նա և իրենց խորհրդի մյուս երեցները նպատակ դրեցին ամեն շաբաթ կապ հաստատել իրենց նշանակված խմբի յուրաքանչյուր անդամի հետ։ Եղբայրը բացատրում է, թե ինչու էր դա կարևոր. «Հավատակիցներից շատերը մենակ էին տանը, և նրանք հեշտությամբ կարող էին տրվել բացասական մտքերին»։ Երբ որևէ եղբայր կամ քույր դժվարությունների միջով է անցնում, Ուիլյամը ուշադիր լսում է նրան, որ հասկանա, թե վերջինս ինչ կարիքներ ու մտահոգություններ ունի։ Այնուհետև փորձում է մեր կայքից գտնել համապատասխան հրատարակություններ, հաճախ՝ տեսանյութեր, որոնց միջոցով կարող է օգնել նրանց։ Եղբայրն ասում է. «Հովվելու գործը այսօր առավել քան երբևէ կարևոր է։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որ օգնենք մարդկանց ճանաչել Եհովային։ Մենք պետք է նույնպիսի ջանքեր գործադրենք նաև հոտը հովվելու գործում, որպեսզի օգնենք Եհովայի գառներին՝ մնան ճշմարտության մեջ»։
ԹՈՒՅԼ ՏՈՒՐ՝ ԵՀՈՎԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԴ
16. Ինչպե՞ս կարող ենք կիրառել այն, ինչ սովորեցինք Պետրոսի նամակներից։
16 Մենք ընդամենը մի քանի դաս քննեցինք այն նամակներից, որ Պետրոսը գրել էր Աստծու ներշնչմամբ։ Թերևս նկատեցիր, որ ինչ-որ հարցում բարելավվելու կարիք ունես։ Հնարավոր է՝ քո մեջ ցանկություն առաջացավ ավելի հաճախ մտածել նոր աշխարհի օրհնությունների մասին։ Կամ գուցե նպատակ դրեցիր ոչ պաշտոնական վկայություն տալու աշխատավայրում, դպրոցում կամ մեկ այլ վայրում։ Հավանաբար նկատեցիր, թե ինչ կերպերով կարող ես ջերմ սեր ցուցաբերել քո եղբայրների ու քույրերի հանդեպ։ Իսկ երեցները թերևս վճռականությամբ լցվեցին հովվելու Եհովայի հոտը հոժարակամորեն և ջանասիրությամբ։ Անկեղծ ինքնաքննություն անելու արդյունքում թերևս նկատես, որ բարելավումներ անելու կարիք ունես։ Բայց մի՛ վհատվիր։ «Տերը բարի է» և կօգնի քեզ շտկվել (1 Պետ. 2։3)։ Պետրոսի հետևյալ խոսքերը հավաստիացնում են մեզ դրանում. «Աստված.... ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ ու կզորացնի» (1 Պետ. 5։10)։
17. Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե չհանձնվենք և թույլ տանք, որ Եհովան կրթի մեզ։
17 Մի առիթով Պետրոսը այնպիսի զգացում ուներ, որ արժանի չէ լինելու Աստծու Որդու կողքին (Ղուկ. 5։8)։ Բայց Եհովայի և Հիսուսի հոգատարության շնորհիվ Պետրոսը կարողացավ շարունակել հավատարմորեն հետևել Քրիստոսին։ Արդյունքում Եհովան թույլ տվեց նրան մտնել «մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորությունը» (2 Պետ. 1։11)։ Ի՜նչ հրաշալի վարձատրություն։ Եթե դու էլ Պետրոսի պես՝ չհանձնվես և թույլ տաս, որ Եհովան կրթի քեզ, դու նույնպես կվարձատրվես հավիտենական կյանքով։ Դու «կստանաս [քո] հավատի արդյունքը՝ [քո] հոգու փրկությունը» (1 Պետ. 1։9)։
ԵՐԳ 109 Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
a Հոդվածից կիմանանք, թե Պետրոս առաքյալի նամակներից սովորած դասերը ինչպես կարող են օգնել մեզ, որ դիմանանք փորձություններին։ Բացի այդ՝ կտեսնենք, թե դրանք ինչպես կարող են օգնել երեցներին, որ կատարեն հովվելու գործը։
b Հավանաբար Պաղեստինում ապրող քրիստոնյաները ստացան Պետրոսի երկու նամակները նախքան 66 թվականը, երբ Երուսաղեմը առաջին անգամ հարձակման ենթարկվեց։
c Տես «Պահպանենք անգին միասնությունը» տեսանյութը jw.org կայքում։