ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 40
Ընդօրինակիր Պետրոսին. մի՛ հանձնվիր
«Հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր» (ՂՈՒԿ. 5։8)։
ԵՐԳ 38 Նա կզորացնի քեզ
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1. Ինչպե՞ս արձագանքեց Պետրոսը՝ տեսնելով Հիսուսի գործած հրաշքը։
ԱՄԲՈՂՋ գիշեր Պետրոսը փորձել էր ձուկ բռնել, բայց ապարդյուն։ Սակայն, ի զարմանս նրա, Հիսուսն ասաց. «Նավակը դեպի խորքը տար, և ցանցերը գցեք ջուրը» (Ղուկ. 5։4)։ Պետրոսը կասկածում էր, որ կստացվի ձուկ բռնել, բայց արեց Հիսուսի ասածը։ Որոշ ժամանակ անց ջրի մեջ նետված ցանցերը սկսեցին պատռվել ձկների ծանրությունից։ «Զարմանքը պատել էր» Պետրոսին և նրա հետ եղող մյուս ձկնորսներին, քանի որ նրանք հասկացել էին, որ իրենց աչքի առաջ հրաշք է տեղի ունենում։ Այդ պահին Պետրոսը բացականչեց. «Հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր» (Ղուկ. 5։6-9)։ Ակներևաբար, Պետրոսը իրեն արժանի չէր համարում լինել Հիսուսի կողքին։
2. Պետրոսի օրինակը քննելը ինչո՞վ է օգտակար մեզ համար։
2 Պետրոսը ճիշտ էր. նա «մեղավոր մարդ» էր։ Աստվածաշնչից իմանում ենք, որ երբեմն նա ասում և անում էր բաներ, որոնց համար հետո ափսոսում էր։ Դու է՞լ ես երբեմն սայթաքում։ Թերևս փորձում ես ձերբազատվել բնավորության որևէ վատ գծից, կամ երկար ժամանակ է՝ պայքարում ես որևէ մեղավոր հակման դեմ։ Այդ դեպքում Պետրոսի օրինակը կարող է մխիթարական լինել քեզ համար։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Մտածիր հետևյալի մասին։ Եհովան կարող էր այնպես անել, որ Պետրոսի սխալները չարձանագրվեին Աստվածաշնչում։ Այնուամենայնիվ, Նրա ներշնչմամբ դրանք գրվել են այնտեղ, որպեսզի մենք դասեր քաղենք դրանցից (2 Տիմոթ. 3։16, 17)։ Ուսումնասիրելով Պետրոսի օրինակը, ով այնպիսի զգացումներ և թուլություններ է ունեցել, ինչպիսիք մենք ունենք, կհամոզվենք, որ Եհովան մեզանից կատարելություն չի ակնկալում։ Նա ուզում է, որ չնայած մեր թուլություններին՝ չհանձնվենք, այլ շարունակ փորձենք ճիշտն անել։
3. Ինչո՞ւ է կարևոր, որ չհանձնվենք։
3 Ինչո՞ւ է չհանձնվելը կարևոր։ Այսպիսի մի ասացվածք կա. «Աշխատանքն է վարպետ դարձնում»։ Այս միտքը ավելի լավ պատկերացնելու համար ուշադրություն դարձնենք մի օրինակի։ Երաժիշտը, տարիներ շարունակ նվագելով իր գործիքը, վարպետանում է։ Այդ ընթացքում նա թերևս շատ սխալներ է թույլ տալիս, բայց շարունակում է պարապել և բարելավում է իր հմտությունը։ Նույնիսկ հմուտ երաժիշտ դառնալուց հետո էլ ժամանակ առ ժամանակ նա սխալներ թույլ տալիս է, բայց չի հանձնվում, այլ շարունակում է ջանքեր թափել։ Նմանապես մենք, որևէ թուլություն հաղթահարելուց հետո անգամ, հնարավոր է, նորից տրվենք դրան։ Թևաթափ լինելու փոխարեն մենք պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ։ Բոլորս էլ ասում կամ անում ենք բաներ, որոնց համար հետո ափսոսում ենք։ Բայց եթե թևաթափ չլինենք, Եհովան կօգնի մեզ, որ շարունակենք առաջադիմել (1 Պետ. 5։10)։ Այժմ տեսնենք, թե չհանձնվելու հարցում Պետրոսը ինչ լավ օրինակ է թողել։ Այն, որ Հիսուսը կարեկցանք էր ցուցաբերում Պետրոսի հանդեպ՝ չնայած նրա թերացումներին, կարող է մղել մեզ, որ շարունակենք ծառայել Եհովային։
ՊԵՏՐՈՍԻ ՊԱՅՔԱՐՆ ՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4. Ղուկաս 5։5-10 համարների համաձայն՝ Պետրոսն ի՞նչ է ասում իր մասին, բայց ինչո՞ւմ է Հիսուսը նրան հավաստիացնում։
4 Աստվածաշնչում չի ասվում, թե Պետրոսը ինչու ինքն իրեն «մեղավոր մարդ» անվանեց, կամ թե ինչ մեղքեր էր նա գործել (կարդա Ղուկաս 5։5-10)։ Բայց հավանաբար նա որոշ լուրջ սխալներ էր թույլ տվել։ Հիսուսը գիտեր, որ Պետրոսը վախեր ուներ, որոնք թերևս թերարժեքության հետևանք էին։ Բայց նա նաև գիտեր, որ Պետրոսը կարող է հավատարիմ մնալ։ Ուստի ջերմորեն հորդորեց նրան. «Մի՛ վախեցիր»։ Պետրոսի հանդեպ Հիսուսի վստահությունը լիովին փոխեց նրա կյանքը։ Պետրոսն ու նրա եղբայր Անդրեասը հետագայում թողեցին ձկնորսությունը և դարձան Մեսիայի լիաժամ հետևորդներ։ Այդ որոշումը առատ օրհնություններ բերեց նրանց (Մարկ. 1։16-18)։
5. Ի՞նչ օրհնություններ ստացավ Պետրոսը՝ հաղթահարելով իր վախերը և հետևելով Հիսուսին։
5 Քրիստոսին հետևելով՝ Պետրոսը բազմաթիվ զարմանահրաշ դեպքերի ականատես եղավ։ Նա տեսավ, թե ինչպես է Հիսուսը բուժում հիվանդներին, հանում դևերին և նույնիսկ հարություն տալիս մահացածներին (Մատթ. 8։14-17; Մարկ. 5։37, 41, 42)։ b Պետրոսը նաև ականատես եղավ Հիսուսի ապագա Թագավորության փառքը ներկայացնող մի տեսիլքի, ինչը մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա (Մարկ. 9։1-8; 2 Պետ. 1։16-18)։ Այո՛, այս ամենը տեղի չէր ունենա Պետրոսի հետ, եթե նա չդառնար Հիսուսի հետևորդը։ Նա պետք է որ շատ ուրախ լիներ, որ թույլ չէր տվել՝ սեփական անձի վերաբերյալ բացասական զգացումները զրկեին իրեն այդ բոլոր օրհնություններից։
6. Արդյո՞ք Պետրոսին հաջողվեց անմիջապես ձերբազատվել իր թուլություններից։ Բացատրիր։
6 Չնայած այս ամենին՝ Պետրոսը երբեմն թերանում էր։ Ուշադրություն դարձնենք նրա կյանքից մի քանի դրվագի։ Երբ Հիսուսն ասաց, որ մարգարեության համաձայն՝ տառապելու և մահանալու է, Պետրոսը սաստեց նրան (Մարկ. 8։31-33)։ Բացի այդ՝ Պետրոսն ու մյուս առաքյալները շարունակ վիճում էին, թե ով է իրենցից մեծը (Մարկ. 9։33, 34)։ Իսկ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը Պետրոսը, պահի ազդեցության տակ, կտրեց ներկաներից մեկի ականջը (Հովհ. 18։10)։ Այդ նույն գիշեր մարդավախությանը տրվելով՝ նա երեք անգամ ուրացավ իր ընկերոջը՝ Հիսուսին, որից հետո դառնապես լաց եղավ (Մարկ. 14։66-72; Մատթ. 26։75)։
7. Ի՞նչ հնարավորություն տրվեց Պետրոսին Հիսուսի հարությունից հետո։
7 Հիսուսը չլքեց իր վհատված առաքյալին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին հնարավորություն տվեց փաստելու, որ սիրում է իրեն, և հանձնարարեց, որ խոնարհաբար հոգ տանի իր գառների մասին՝ հովվելով նրանց (Հովհ. 21։15-17)։ Պետրոսը պատրաստակամորեն ընդունեց այդ հանձնարարությունը։ Պենտեկոստեի օրը նա Երուսաղեմում էր, նրանց թվում, ովքեր օծվեցին սուրբ ոգով։
8. Ի՞նչ լուրջ սխալ թույլ տվեց Պետրոսը Անտիոքում։
8 Անգամ օծվելուց հետո Պետրոսը ստիպված էր պայքարել իր թուլությունների դեմ։ 36 թ.-ին նա ականատես եղավ, թե ինչպես Աստված սուրբ ոգով օծեց Կոռնելիոսին, ով հրեա չէր։ Դա հստակ ցույց տվեց, որ «Աստված կողմնակալ չէ», և որ այլազգիները կարող են քրիստոնեական ժողովի մի մասը լինել (Գործ. 10։34, 44, 45)։ Այդուհետ Պետրոսը սկսեց ուտել այլազգիների հետ, ինչը նախկինում երբեք չէր անի (Գաղ. 2։12)։ Բայց որոշ հրեա քրիստոնյաներ կարծում էին, որ հրեաներն ու այլազգիները չեն կարող միասին ուտել։ Եվ երբ այդպիսի տեսակետ ունեցող որոշ եղբայրներ եկան Անտիոք, Պետրոսը այլևս այլազգիների հետ չէր ուտում, քանի որ վախենում էր վիրավորել հրեա քրիստոնյաներին։ Պողոս առաքյալը, տեսնելով այդ կեղծավորությունը, հանրորեն հանդիմանեց նրան (Գաղ. 2։13, 14)։ Չնայած այդ սխալին՝ Պետրոսը չհուսահատվեց։ Տեսնենք, թե ինչն օգնեց նրան։
Ի՞ՆՉՆ ՕԳՆԵՑ ՊԵՏՐՈՍԻՆ
9. Հովհաննես 6։68, 69 համարները ինչպե՞ս են ցույց տալիս, որ Պետրոսը նվիրված էր։
9 Պետրոսը նվիրված մարդ էր. նա թույլ չտվեց, որ որևէ բան հետ պահի իրեն Հիսուսին հետևելուց։ Մի անգամ Պետրոսը փաստեց իր նվիրվածությունը, երբ Հիսուսն ասաց մի բան, ինչը նրա աշակերտները չհասկացան (կարդա Հովհաննես 6։68, 69)։ Առանց այդ մտքի բացատրությունը լսելու և պարզաբանումներ փնտրելու՝ շատերը դադարեցին Հիսուսին հետևելուց, բայց ոչ Պետրոսը։ Նա հասկանում էր, որ «հավիտենական կյանքի տանող խոսքերը» միայն Հիսուսն ունի։
10. Հիսուսն ինչպե՞ս վստահություն արտահայտեց Պետրոսի հանդեպ (տես նաև նկարը)։
10 Հիսուսը չհրաժարվեց Պետրոսից։ Նա գիտեր, որ իր երկրային կյանքի վերջին գիշերը Պետրոսն ու մյուս առաքյալները լքելու էին իրեն։ Չնայած դրան՝ նա իր համոզվածությունն արտահայտեց այն բանում, որ Պետրոսը ոտքի կկանգնի և կշարունակի հավատարմորեն իրեն հետևել (Ղուկ. 22։31, 32)։ Հիսուսը հասկանում էր, որ «ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մարկ. 14։38)։ Ուստի անգամ երբ Պետրոսը ուրացավ նրան, նա ձեռք չքաշեց իր առաքյալից։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին, ակներևաբար, երբ նա մենակ էր (Մարկ. 16։7; Ղուկ. 24։34; 1 Կորնթ. 15։5)։ Դա պետք է որ անչափ քաջալերական լիներ վհատված առաքյալի համար։
11. Հիսուսն ինչպե՞ս հավաստիացրեց Պետրոսին, որ Եհովան հոգ կտանի նրա մասին։
11 Հիսուսը հավաստիացրեց Պետրոսին, որ Եհովան հոգ կտանի նրա մասին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին և մյուս առաքյալներին ևս մեկ անգամ հրաշքով օգնեց ձուկ բռնել (Հովհ. 21։4-6)։ Անկասկած, այդ հրաշքը Պետրոսին համոզվածությամբ լցրեց, որ Եհովան կարող է հոգ տանել նրա նյութական կարիքների մասին։ Թերևս առաքյալը հիշեց Հիսուսի այն խոսքերը, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին, ովքեր «շարունակում են նախ թագավորությունը» փնտրել (Մատթ. 6։33)։ Այդ ամենն օգնեց, որ Պետրոսն իր կյանքում առաջին տեղում դնի ոչ թե իր աշխատանքը, այլ քարոզչական գործը։ 33թ. Պենտեկոստեին նա քաջաբար քարոզեց հազարավոր մարդկանց՝ օգնելով նրանց ընդունել բարի լուրը (Գործ. 2։14, 37-41)։ Դրանից հետո Պետրոսը օգնեց սամարացիներին և այլազգիներին ընդունել Քրիստոսին (Գործ. 8։14-17; 10։44-48)։ Հստակ է, որ Եհովան նրա միջոցով զորավոր գործեր արեց՝ ամեն տեսակ մարդկանց բերելով քրիստոնեական ժողով։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ
12. Եթե երկար ժամանակ է, ինչ պայքարում ենք որևէ թուլության դեմ, Պետրոսի օրինակը ի մտի ունենալով՝ ի՞նչ պետք է հիշենք։
12 Եհովան կարող է օգնել մեզ, որ չհանձնվենք։ Գուցե դժվար լինի առաջ շարժվել, հատկապես եթե երկար ժամանակ է, ինչ պայքարում ենք որևէ թուլության դեմ։ Հնարավոր է՝ երբեմն մեզ թվա, թե մեր իրավիճակը շատ ավելի բարդ է, քան Պետրոսինը։ Բայց Եհովան կարող է զորացնել մեզ, որ շարունակենք պայքարել (Սաղ. 94։17-19)։ Քննենք մեր եղբայրներից մեկի օրինակը, ով երկար տարիներ համասեռամոլ է եղել, բայց ճշմարտությունն իմանալուց հետո արմատապես փոխել է իր կյանքը և սկսել է ապրել աստվածաշնչյան չափանիշներով։ Անգամ այս ամենից հետո նա երբեմն պայքարում էր սխալ ցանկությունների դեմ։ Ի՞նչն է օգնել նրան չհանձնվել։ Եղբայրն ասում է. «Եհովան զորացնում է ինձ.... Համոզվել եմ, որ Եհովայի ոգու օգնությամբ կարող եմ [շարունակել] քայլել ճշմարտության ճանապարհով.... Եհովան պիտանի է համարում ինձ իր գործում, և չնայած իմ անկատարության դրսևորումներին՝ նա շարունակում է զորացնել ինձ»։
13. Հաշվի առնելով Գործեր 4։13, 29, 31 համարները՝ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պետրոսին (տես նաև նկարը)։
13 Ինչպես տեսանք, Պետրոսը մի քանի անգամ ընկել է մարդավախության ծուղակը։ Բայց Աստծուց քաջություն խնդրելով՝ նա կարողացել է համարձակորեն գործել (կարդա Գործեր 4։13, 29, 31)։ Մենք նույնպես կարող ենք հաղթահարել մեր վախերը։ Քննենք եղբայր Հորստի օրինակը, ով ապրել է նացիստական Գերմանիայում։ Դպրոցում նա մի քանի անգամ ճնշման տակ ասել էր՝ «Հայլ Հիտլեր»։ Բայց նրա ծնողները Հորստին հանդիմանելու փոխարեն աղոթեցին նրա հետ և քաջություն խնդրեցին Եհովայից։ Իր ծնողների օգնությամբ և Եհովային ապավինելու շնորհիվ Հորստը ի վերջո համարձակությամբ լցվեց և կարողացավ հաստատուն մնալ։ Հետագայում նա ասել է. «Եհովան երբեք չի թողել ինձ»։ c
14. Հոգատար երեցները ինչպե՞ս կարող են քաջալերել վհատվածներին։
14 Եհովան ու Հիսուսը երբեք չեն թողնի մեզ։ Քրիստոսին ուրանալուց հետո Պետրոսը կարևոր որոշման առաջ էր կանգնած. հանձնվե՞լ, թե՞ շարունակել հետևել Քրիստոսին։ Հիսուսն աղաչել էր Եհովային, որ Պետրոսի հավատը չթուլանա։ Նա ասել էր Պետրոսին, որ նման աղոթք է արել, և վստահություն էր հայտնել, որ հետագայում Պետրոսը զորացնելու է իր եղբայրներին (Ղուկ. 22։31, 32)։ Հիսուսի խոսքերը հիշելով՝ Պետրոսը պետք է որ շատ քաջալերվեր։ Եթե մենք էլ ենք կանգնած կարևոր որոշման առաջ, Եհովան կարող է հոգատար հովիվների միջոցով քաջալերել մեզ, որ կարողանանք հավատարիմ մնալ (Եփես. 4։8, 11)։ Երկար տարիների փորձ ունեցող մի երեց, ում անունը Փոլ է, փորձում է քաջալերել նման իրավիճակում հայտնված իր հավատակիցներին։ Նա մղում է նրանց խորհելու այն մասին, թե ինչպես է Եհովան ձգել նրանց դեպի ճշմարտությունը։ Այնուհետև հավաստիացնում է, որ Եհովան, նվիրված սիրուց մղված, երբեք չի լքի նրանց։ Փոլն ասում է. «Բազմիցս տեսել եմ, թե ինչպես են վհատված շատ հավատակիցներ Եհովայի օգնությամբ առաջ շարժվում»։
15. Պետրոսի և Հորստի օրինակները ինչպե՞ս են փաստում Մատթեոս 6։33-ում գրված խոսքերի ճշմարտացիությունը։
15 Եթե Եհովային ծառայելը մեր կյանքում առաջնային լինի, նա կհոգա մեր նյութական կարիքները, ճիշտ ինչպես հոգ է տարել Պետրոսի և մյուս առաքյալների մասին (Մատթ. 6։33)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղբայր Հորստը, ում մասին արդեն նշեցինք, ուզում էր ռահվիրայություն սկսել։ Բայց նա շատ աղքատ էր և անհանգստանում էր, թե կկարողանա արդյոք հոգալ իր նյութական կարիքները։ Ի՞նչ արեց եղբայրը։ Նա որոշեց փորձել Եհովային, ուստի շրջանային վերակացուի այցելության ողջ շաբաթը անցկացրեց ծառայության մեջ։ Շաբաթվա վերջում, ի զարմանս նրա, շրջանային վերակացուն նրան մի անանուն ծրար փոխանցեց։ Այնտեղ այնքան փող կար, որ Հորստին կբավականացներ մի քանի ամիս, որպեսզի նա կարողանար ռահվիրա ծառայել։ Նրա համար այդ նվերը հավաստիացում էր Եհովայից, որ նա հոգ կտանի իր մասին։ Եղբայր Հորստը իր ողջ կյանքում Թագավորության շահերն առաջին տեղում դրեց (Մաղ. 3։10)։
16. Ինչո՞ւ է օգտակար ուսումնասիրել Պետրոսի օրինակն ու նրա նամակները։
16 Անկասկած, Պետրոսը շատ ուրախ էր, որ Հիսուսը չլսեց իր խնդրանքը և չհեռացավ իրենից։ Քրիստոսը շարունակեց կրթել Պետրոսին, որ հավատարիմ առաքյալ լինի և լավ օրինակ թողնի քրիստոնյաներին։ Հիսուսի տված կրթությունից մենք էլ կարող ենք շատ արժեքավոր դասեր քաղել։ Պետրոսը դրանցից մի քանիսը, ինչպես նաև այլ օգտակար դասեր ընդգրկել է առաջին դարի ժողովներին ուղղված իր երկու նամակներում։ Հաջորդ հոդվածում կքննենք որոշ հիշեցումներ Պետրոսի նամակներից և կտեսնենք, թե ինչպես կարող ենք դրանք կիրառել մեր կյանքում։
ԵՐԳ 126 Արթուն մնացեք, հաստատ կանգնեք, զորացեք
a Այս հոդվածի նպատակն է հավաստիացնել տարբեր թուլությունների դեմ պայքարող մարդկանց, որ նրանք կարող են հաղթանակած դուրս գալ այդ պայքարում և շարունակել հավատարմորեն ծառայել Եհովային։
b Հոդվածում նշված շատ համարներ Մարկոսի Ավետարանից են։ Ըստ երևույթին, նա գրի է առել այն իրադարձությունները, որոնք լսել է Պետրոսից, ով ականատես է եղել դրանց։
c Հորստ Հենշելի կենսագրությունը տես «Արթնացե՛ք»-ի 1998թ. փետրվարի 22-ի համարում (էջ 12-17, անգլ., ռուս.)։
d ՆԿԱՐ։ Ինչպես երևում է բեմականացված նկարում, Հորստ Հենշելի ծնողները նրա հետ աղոթում են և ամրացնում են հաստատուն մնալու նրա վճռականությունը։