Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 39

Թող մեղմությունը քո ուժեղ կողմը լինի

Թող մեղմությունը քո ուժեղ կողմը լինի

«Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի» (2 ՏԻՄՈԹ. 2։24

ԵՐԳ 120 Ընդօրինակենք Քրիստոսի մեղմությունը

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Աշխատավայրում կամ դպրոցում ինչի՞ մասին գուցե հարցնեն մեզ։

 Ի՞ՆՉ ես զգում, երբ աշխատակիցդ կամ համադասարանցիդ քո հավատալիքների վերաբերյալ որևէ հարց է տալիս։ Լարվո՞ւմ ես։ Շատերս ենք լարվում։ Բայց այդ հարցը կարող է օգնել մեզ հասկանալ, թե իրականում տվյալ անհատը ինչ է մտածում կամ ինչին է հավատում, և այդ առիթը կարելի է օգտագործել բարի լուրը պատմելու համար։ Սակայն երբեմն մարդիկ մեզ հարց են ուղղում իրենց անհամաձայնությունը արտահայտելու կամ մեզ հետ վիճաբանելու համար։ Դա չպետք է զարմացնի մեզ, քանի որ նրանք սխալ տեղեկություններ են լսել մեր հավատալիքների մասին (Գործ. 28։22)։ Բացի այդ՝ մենք ապրում ենք «վերջին օրերում», երբ շատերը «համաձայնության չեկող» են ու «դաժան» (2 Տիմոթ. 3։1, 3

2. Ինչո՞ւ մեղմության կարիք ունենք։

2 Գուցե մտածես. «Ինչպե՞ս կարող եմ հանդարտ ու հարգալից լինել, երբ ինչ-որ մեկը իմ հավատալիքների հետ կապված ցանկանում է վիճել ինձ հետ»։ Այս հարցում քեզ կօգնի մեղմությունը։ Մեղմ մարդը հեշտությամբ չի բարկանում, այլ կարողանում է ինքնատիրապետում դրսևորել, երբ նրան սադրում են կամ այնպիսի հարցեր են տալիս, որոնց պատասխանը նա չգիտի (Առակ. 16։32)։ Իհարկե, ասելն ավելի հեշտ է, քան անելը։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ես զարգացնել մեղմություն և թե ինչպես կարող ես մեղմորեն արձագանքել, երբ ինչ-որ մեկը փորձում է վիճել քեզ հետ քո հավատալիքների հետ կապված։ Իսկ ծնողները կիմանան, թե ինչպես կարող են սովորեցնել երեխաներին մեղմություն դրսևորել, երբ պաշտպանում են իրենց հավատալիքները։

ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

3. Ինչո՞ւ ենք ասում, որ մեղմությունը ոչ թե թուլության նշան է, այլ ուժի (2 Տիմոթեոս 2։24, 25

3 Մեղմությունը ոչ թե թուլության նշան է, այլ ուժի։ Դժվար իրավիճակներում հանգստություն պահպանելու համար ներքին ուժ է հարկավոր։ Մեղմությունը «ոգու պտղի» մասերից է (Գաղ. 5։22, 23)։ «Մեղմություն» թարգմանված հունարեն բառը երբեմն օգտագործվում է բնութագրելու համար վայրի ձիուն, որին ընտելացրել են։ Պատկերացրու մի այդպիսի ձի, որին սանձել են, և նրա պահվածքը ավելի մեղմ է դարձել։ Ճիշտ է, նա մեղմ է, բայց շարունակում է ուժեղ լինել։ Իսկ ինչպե՞ս կարող է մարդը լինել մեղմ, բայց միևնույն ժամանակ ուժեղ։ Դրա համար կամքի ուժ է պետք, բայց միայն դա բավական չէ։ Մենք պետք է աղոթենք Աստծուն, որ տա մեզ իր սուրբ ոգին և օգնի զարգացնել այդ գեղեցիկ հատկությունը։ Եհովայի ծառաներից շատերին է հաջողվել մեղմություն զարգացնել։ Հակառակության բախվելիս նրանք մեղմությամբ են արձագանքել՝ այդպիսով լավ տպավորություն թողնելով ուրիշների վրա (կարդա 2 Տիմոթեոս 2։24, 25)։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող ես մեղմությունը դարձնել քո ուժեղ կողմերից մեկը։

4. Մեղմության վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել Իսահակի օրինակից։

4 Աստվածաշնչյան բազմաթիվ արձանագրություններ ցույց են տալիս, թե որքան արժեքավոր հատկություն է մեղմությունը։ Քննենք Իսահակի օրինակը։ Երբ նա բնակություն հաստատեց Գերարում, որը պատկանում էր փղշտացիներին, վերջիններս, նախանձից դրդված, հող լցրին ու ծածկեցին այն ջրհորները, որ նրա հոր ծառաներն էին փորել։ Իր իրավունքների համար պայքարելու փոխարեն Իսահակը ընտանիքով ուրիշ վայր տեղափոխվեց և նոր ջրհորներ փորեց (Ծննդ. 26։12-18)։ Բայց փղշտացիները սկսեցին պնդել, որ այդ տարածքի ջրերն էլ են իրենց պատկանում։ Չնայած դրան՝ Իսահակը խաղաղությամբ վարվեց (Ծննդ. 26։19-25)։ Ի՞նչն օգնեց Իսահակին հանդարտ մնալ, նույնիսկ երբ մյուսները անընդհատ փորձում էին հունից հանել իրեն։ Անկասկած, նրա ծնողները լավ օրինակ էին թողել այս հարցում, և Իսահակը շատ բան էր սովորել իր խաղաղարար հորից՝ Աբրահամից, և իր մայր Սառայից, ով «հանդարտ ու մեղմ ոգի» էր դրսևորում (1 Պետ. 3։4-6; Ծննդ. 21։22-34

5. Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ ծնողները կարող են սովորեցնել իրենց երեխաներին հասկանալ մեղմ լինելու արժեքը։

5 Սիրելի՛ ծնողներ, դուք նույնպես կարող եք սովորեցնել ձեր երեխաներին հասկանալ մեղմ լինելու արժեքը։ Քննենք 17-ամյա Մեկսանսի օրինակը։ Այս եղբայրը դպրոցում և ծառայության ժամանակ հաճախ էր առնչվում բարկացկոտ մարդկանց հետ։ Նրա ծնողները համբերատար կերպով փորձում էին օգնել նրան մեղմություն զարգացնել։ Նրանք ասում են. «Մեկսանսը հասկացավ, որ սադրանքի ենթարկվելիս շատ ավելի մեծ ուժ է պետք ինքնատիրապետում դրսևորելու, քան բարկությամբ և բռնությամբ արձագանքելու համար»։ Ուրախալի է, որ մեղմությունը դարձավ Մեկսանսի ուժեղ կողմերից մեկը։

6. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել, որ բարելավվենք մեղմություն դրսևորելու հարցում։

6 Ի՞նչ կարող ենք անել, երբ հայտնվում ենք այնպիսի լարված իրավիճակում, երբ ինչ-որ մեկը զրպարտում է մեր Աստծու անունը կամ ծաղրանքով է խոսում Աստվածաշնչի մասին։ Մենք պետք է աղոթենք Եհովային և խնդրենք, որ տա մեզ իր ոգին և իմաստություն, որպեսզի մեղմությամբ արձագանքենք։ Բայց լինում են դեպքեր, երբ մեզ չի հաջողվում արձագանքել այնպես, ինչպես կուզեինք։ Այդ դեպքում լավ կլինի՝ կրկին աղոթենք և մտածենք, թե հաջորդ անգամ ինչպես կարելի է ավելի լավ արձագանքել։ Եհովան էլ կտա մեզ իր սուրբ ոգին, որպեսզի կարողանանք զսպել մեր բարկությունը և մեղմություն դրսևորենք։

7. Սուրբգրային որոշ համարներ հիշելը ինչպե՞ս կարող է օգնել մեզ լարված իրավիճակներում (Առակներ 15։1, 18

7 Աստվածաշնչյան շատ համարներ կան, որոնք կարող են օգնել մեզ լարված իրավիճակներում մեղմությամբ խոսել։ Սուրբ ոգին կարող է հիշեցնել մեզ այդ համարները (Հովհ. 14։26)։ Օրինակ՝ «Առակներ» գրքում գրված սկզբունքները կարող են օգնել մեզ մեղմ լինել (կարդա Առակներ 15։1, 18)։ Աստվածաշնչյան այդ գիրքը ցույց է տալիս նաև, թե լարված իրավիճակներում զսպվածություն դրսևորելը ինչ օգուտներ է բերում (Առակ. 10։19; 17։27; 21։23; 25։15

ԻՆՉՊԵ՞Ս Է ԸՄԲՌՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆՈՒՄ ՄԵՂՄ ԼԻՆԵԼ

8. Ինչո՞ւ պետք է մտածենք, թե ինչն է մղել անհատին, որ մեր հավատալիքների վերաբերյալ հարց տա։

8 Ըմբռնողականությունը նույնպես կարող է օգնել (Առակ. 19։11)։ Երբ ըմբռնողականություն ունեցող մարդու հետ փորձում են վիճաբանել նրա հավատալիքների հետ կապված, նա իրեն զուսպ է պահում։ Որոշ հարցեր կամ պնդումներ նման են այսբերգների, որոնց մեծ մասը ջրի տակ է։ Օրինակ՝ անհատի հարցի հետևում գուցե թաքնված լինի ինչ-որ մղում կամ մտահոգություն։ Ուստի նախքան պատասխանելը լավ կլինի՝ հիշենք, որ գուցե չիմանանք, թե ինչից դրդված է անհատը տալիս այդ հարցը (Առակ. 16։23

9. Ինչպե՞ս Գեդեոնը ըմբռնողականություն և մեղմություն դրսևորեց Եփրեմի մարդկանց հետ խոսելիս։

9 Տեսնենք, թե Գեդեոնը ինչպես պատասխանեց Եփրեմի մարդկանց։ Նրանք Գեդեոնին զայրացած հարցրին, թե ինչու նա իրենց չի կանչել Իսրայելի թշնամիների դեմ կռվելու։ Բայց ո՞րն էր նրանց բարկության իրական պատճառը։ Գուցե նրանց ինքնասիրությո՞ւնն էր խոցվել։ Որն էլ լիներ պատճառը, Գեդեոնը, ըմբռնողականություն դրսևորելով, հասկացավ, թե ինչու էին նրանք բարկացել, և մեղմությամբ պատասխանեց։ Արդյունքում «նրանց ոգին հանդարտվեց» (Դատ. 8։1-3

10. Ի՞նչը կօգնի մեզ հասկանալ, թե ինչպես պատասխանենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում մեր հավատալիքները (1 Պետրոս 3։15

10 Հնարավոր է՝ մեր աշխատակիցը կամ համադասարանցին հարցականի տակ դնի բարոյական որոշ հարցերի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը։ Մենք ամեն կերպ կձգտենք պաշտպանել մեր համոզմունքները՝ միևնույն ժամանակ հարգելով դիմացինի տեսակետը (կարդա 1 Պետրոս 3։15)։ Ուստի փոխանակ մտածելու, որ նա իր հարցով քննադատում է մեզ, պետք է նրա տված հարցը առիթ համարենք՝ իմանալու, թե ինչն է կարևոր նրա համար։ Անկախ նրանից, թե ինչու է անհատը տվել այդ հարցը՝ լավ կլինի, որ մեղմությամբ ու բարությամբ պատասխանենք։ Մեր պատասխանը գուցե մղի նրան վերանայելու իր տեսակետը։ Նույնիսկ եթե թվում է, թե անհատը կոպիտ է և հեգնում է մեզ, մենք պետք է ձգտենք միշտ բարությամբ արձագանքել (Հռոմ. 12։17

Մենք կարող ենք ավելի ճիշտ արձագանքել, եթե նախ մտածենք, թե ինչու է դիմացինը ցանկանում հրավիրել մեզ իր ծննդյան տոնին (տես պարբերություն 11-12)

11-12. ա) Ինչի՞ մասին պետք է մտածենք նախքան որևէ դժվար հարցի պատասխանելը (տես նաև նկարը)։ բ) Բեր օրինակ, թե ինչպես կարող է ինչ-որ մեկի տված հարցը լավ զրույցի սկիզբ լինել։

11 Օրինակ, եթե աշխատակիցդ հարցնում է, թե Վկաները ինչու ծննդյան տոներ չեն նշում, մտածիր հետևյալի շուրջ։ Գուցե նա ուզում է իմանալ, թե արդյոք մեր կրոնը մեզ թույլ տալիս է լավ ժամանակ անցկացնել։ Հնարավոր է՝ նա անհանգստանում է, որ մեր դիրքորոշումը կարող է փչացնել անձնակազմի ընկերական մթնոլորտը։ Մեր աշխատակցի մտահոգությունները փարատելու համար լավ կլինի՝ նախ՝ գովենք նրան, որ հետաքրքրվում է մյուսներով, այնուհետև՝ հավաստիացնենք, որ մենք էլ ենք ուզում՝ մեր աշխատանքային մթնոլորտը հաճելի լինի։ Այդպես գուցե հնարավոր լինի ընկերական մթնոլորտում նրան հայտնել ծննդյան տոների վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը։

12 Նման մոտեցում կարող ենք կիրառել նաև այլ վիճահարույց հարցերի դեպքում։ Ենթադրենք՝ համադասարանցիդ ասում է, որ Եհովայի վկաները պետք է փոխեն իրենց տեսակետը համասեռամոլության վերաբերյալ։ Պատճառը թերևս այն է, որ նա սխալ պատկերացում ունի Եհովայի վկաների մասին, կամ էլ նրա ընկերներից կամ հարազատներից մեկը համասեռամոլ է։ Հնարավոր է նաև՝ նա ենթադրում է, որ Վկաները չեն սիրում այդպիսի կյանքով ապրող մարդկանց։ Դու պետք է հավաստիացնես նրան, որ մենք սիրում ենք բոլոր մարդկանց և հարգում ենք յուրաքանչյուրի ընտրության իրավունքը (1 Պետ. 2։17 b Այդ դեպքում գուցե առիթ ստեղծվի, որ նրա հետ խոսես նաև աստվածաշնչյան բարոյական չափանիշների մասին, որոնք օգնում են մարդկանց երջանիկ կյանքով ապրել։

13. Ինչպե՞ս կարող ես օգնել մեկին, ում համար Աստծուն հավատալը անհեթեթություն է։

13 Երբ զրուցում ենք մեկի հետ, ով կտրականապես դեմ է արտահայտվում մեր համոզմունքներին, չպետք է անմիջապես ենթադրենք, որ գիտենք, թե նա ինչին է հավատում (Տիտոս 3։2)։ Օրինակ՝ եթե համադասարանցիդ ասում է, որ Աստծուն հավատալը անհեթեթություն է, մի՛ եզրակացրու, թե նա էվոլյուցիոն տեսության կողմնակից է և շատ բան գիտի այդ տեսության մասին։ Գուցե նա պարզապես կրկնում է այն, ինչ լսել է ուրիշներից։ Բանավիճելու փոխարեն կարող ես այդ թեմայով այնպիսի տեղեկություն փոխանցել, որը կմղի նրան հետագայում մտածելու դրա շուրջ։ Օրինակ՝ կարող ես jw.org կայքից ստեղծագործության վերաբերյալ որևէ նյութի հղում ուղարկել։ Հետագայում նա թերևս ցանկանա այնտեղից որևէ հոդված կամ տեսանյութ քննարկել քեզ հետ։ Այո՛, հարգալից մոտեցումը կարող է մղել անհատին վերանայելու իր տեսակետը։

14. Նիլը ինչպե՞ս է մեր կայքի միջոցով օգնել իր դասընկերոջը ճիշտ պատկերացում ունենալ Եհովայի վկաների մասին։

14 Տեսնենք, թե Նիլ անունով մի պատանու ինչպես է հաջողվել մեր կայքի միջոցով հերքել Եհովայի վկաների մասին տարածված սխալ տեղեկությունները։ Նա պատմում է. «Դասընկերներիցս մեկը հաճախ ասում էր, որ ես չեմ հավատում գիտությանը, քանի որ ավելի շատ վստահում եմ առասպելների մասին մի գրքի, քան փաստերի»։ Երբ Նիլը փորձեց բացատրել դասընկերոջը, որ դա այդպես չէ, վերջինս թույլ չտվեց նրան խոսել։ Այդ ժամանակ Նիլը նրա ուշադրությունը հրավիրեց jw.org կայքի «Գիտություն և Աստվածաշունչ» բաժնի վրա։ Հետագայում Նիլը նկատեց, որ դասընկերը, ամենայն հավանականությամբ, կարդացել է այդ նյութը և ավելի հակված է խոսելու կյանքի ծագման մասին։ Գուցե քեզ էլ հաջողվի նման արդյունքի հասնել։

ԸՆՏԱՆԻՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԵՔ

15. Ծնողները ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին մեղմորեն պատասխանել համադասարանցիներին։

15 Ծնողները կարող են սովորեցնել երեխաներին մեղմությամբ պատասխանել, երբ ոմանք հարցականի տակ են դնում նրանց հավատալիքները (Հակ. 3։13)։ Որոշ ծնողներ ընտանեկան երկրպագության ժամանակ երեխաների հետ տարբեր իրավիճակներ են փորձում և տարբեր հարցեր քննարկում, որոնց նրանք գուցե բախվեն դպրոցում։ Հետո բեմականացնում են այդ իրավիճակները, որ երեխաները պատրաստված լինեն պատասխանելու նման հարցերի։ Նրանք նաև սովորեցնում են իրենց երեխաներին, որ խոսեն մեղմությամբ և հաճելի ձևով (տես « Քննարկումներ, որոնք կօգնեն ձեր ընտանիքին» շրջանակը)։

16-17. Ընտանեկան երկրպագության ժամանակ արված փորձերը ինչպե՞ս կարող են օգնել երեխաներին։

16 Նման ցուցադրումները կարող են օգնել պատանի քրիստոնյաներին, որ կարողանան համոզիչ փաստարկներ ներկայացնել և համոզվեն, որ իրենց հավատալիքները ամուր հիմքեր ունեն։ jw.org կայքի «Երիտասարդները հարցնում են» հոդվածաշարում պատանիների համար գրառումների էջեր կան։ Դրանց նպատակն է օգնել պատանիներին, որ հավատալիքների հարցում նրանք ամրացնեն իրենց համոզվածությունը և կարողանան իրենց տրված հարցերին պատասխանել սեփական բառերով։ Եթե ընտանեկան երկրպագության ժամանակ ուսումնասիրենք դրանք, բոլորս կսովորենք մեղմ ու հաճելի ձևով պաշտպանել մեր հավատը։

17 Մեթյու անունով մի պատանի պատմում է, թե ընտանիքով արված փորձերը ինչպես են օգնել իրեն։ Մեթյուն և նրա ծնողները ընտանեկան երկրպագության ժամանակ հաճախ փնտրտուքներ են անում այնպիսի թեմաների շուրջ, որոնք գուցե քննարկվեն դասարանում։ Մեթյուն ասում է. «Մենք մտածում ենք, թե ինչ հարցեր գուցե ծագեն, և փորձում ենք մեր փնտրտուքների հիման վրա պատասխանել դրանց։ Երբ հստակ իմանում եմ, թե ինչու եմ հավատում այս կամ այն բանին, ինձ վստահ եմ զգում և ավելի հեշտությամբ եմ կարողանում մեղմությամբ վարվել ուրիշների հետ»։

18. Ի՞նչն է կարևորվում Կողոսացիներ 4։6-ում։

18 Ինչ խոսք, համոզիչ կերպով խոսելը դեռ բավական չէ, որ մեզ լսողները ընդունեն մեր ասածները։ Բայց եթե խոսենք նրբանկատ ու մեղմ ձևով, կարող ենք հասնել նրանց սրտին (կարդա Կողոսացիներ 4։6)։ Մեր համոզմունքների մասին խոսելը կարելի է համեմատել գնդակ նետելու հետ։ Մենք կարող ենք գնդակը կա՛մ շպրտել դիմացինի վրա, կա՛մ այնպես փոխանցել, որ նա կարողանա հեշտությամբ բռնել այն և շարունակել խաղը։ Նմանապես, եթե խոսենք նրբանկատորեն և մեղմությամբ, մարդիկ ավելի հակված կլինեն լսելու մեզ և շարունակելու զրույցը։ Այնուամենայնիվ, մենք պարտավոր չենք շարունակել զրույցը, երբ տեսնում ենք, որ դիմացինը պարզապես ուզում է հաղթել մեզ բանավեճում կամ փորձում է ծաղրել մեր հավատալիքները (Առակ. 26։4)։ Բայց մարդկանց մեծամասնությունը այդպես չի վարվում։ Ոմանք, ինչու չէ, նաև շատերը, կցանկանան լսել մեզ։

19. Ի՞նչը պետք է մղի մեզ մեղմ լինել, երբ պաշտպանում ենք մեր հավատալիքները։

19 Եթե մեղմություն զարգացնելու նպատակ դնենք, անկասկած, մեծ օգուտներ կքաղենք։ Աղոթիր Եհովային, որ վիճահարույց հարցերի պատասխանելիս կամ անհիմն քննադատության ենթարկվելիս մեղմություն դրսևորելու ուժ ունենաս։ Հիշիր, որ քո մեղմ վերաբերմունքի շնորհիվ կարծիքների տարբերությունը չի վերածվի վիճաբանության։ Քո մեղմ ու հարգալից պատասխանը կարող է մղել ոմանց փոխելու իրենց տեսակետը մեր, ինչպես նաև աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ։ «Միշտ պատրաստ եղիր պատասխան տալու» նրանց, ովքեր հարցեր են տալիս քո հավատալիքների մասին, «սակայն դա արա մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետ. 3։15)։ Թող որ մեղմությունը քո ուժեղ կողմը լինի։

ԵՐԳ 88 Ճանաչեցրու ինձ քո ճանապարհները

a Այս հոդվածում կքննենք առաջարկներ այն մասին, թե ինչպես կարող ենք մեղմությամբ պատասխանել նրանց, ովքեր մեզ սադրում են կամ փորձում են վիճել մեզ հետ մեր հավատալիքների մասին։

b Գործնական առաջարկների համար տես «Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին» հոդվածը 2016թ. № 4 «Արթնացե՛ք»-ում։

c Օգտակար առաջարկներ կարելի է գտնել jw.org կայքի «Երիտասարդները հարցնում են» և «Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին» հոդվածաշարերում։