Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 38

Պատանինե՛ր, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը

Պատանինե՛ր, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը

«Խորաթափանցությունը կպաշտպանի քեզ» (ԱՌԱԿ. 2։11

ԵՐԳ 135 Եհովայի ջերմ կոչը. «Որդի՛ս, իմաստուն եղիր»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a

1. Ի՞նչ դժվար իրավիճակում էին Հովասը, Օզիան և Հովսիան։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ փոքր ժամանակ դառնում ես Աստծու ժողովրդի թագավորը։ Ինչպե՞ս կօգտագործես քո իշխանությունը։ Աստվածաշնչում կան մի քանի թագավորների օրինակներ, ովքեր փոքր տարիքում են գահ բարձրացել։ Օրինակ՝ Հովասը 7 տարեկան էր, Օզիան՝ 16, իսկ Հովսիան՝ 8։ Պատկերացրու, թե նրանք ինչ ծանր բեռ էին զգում իրենց ուսերին։ Սակայն որքան էլ նրանց համար դժվար լիներ, նրանք ունեին անհրաժեշտ օգնությունը, որպեսզի կարողանային գլուխ հանել իրավիճակից և բարի գործեր անել։

2. Ինչո՞ւ է օգտակար ուսումնասիրել Հովասի, Օզիայի և Հովսիայի օրինակները։

2 Մենք թագավորներ կամ թագուհիներ չենք, բայց կարող ենք շատ արժեքավոր դասեր սովորել աստվածաշնչյան այս կերպարներից։ Նրանք կյանքում թե՛ լավ, թե՛ վատ որոշումներ են կայացրել։ Ուսումնասիրելով նրանց օրինակը՝ կիմանանք, թե ինչու է կարևոր լավ ընկերներ ընտրել, խոնարհ մնալ և շարունակել «փնտրել Եհովային»։

ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ ԸՆՏՐԻՐ

Մենք կարող ենք ընդօրինակել Հովասին՝ հետևելով լավ ընկերների խորհուրդներին (տես պարբերություն 3, 7) c

3. Հովիադան ինչպե՞ս օգնեց Հովաս թագավորին իմաստուն որոշումներ կայացնել։

3 Հովասի պես իմաստուն որոշումներ կայացրու։ Հովասը փոքր տարիքում կորցրել էր իր հորը։ Նրան թևի տակ էր առել Հովիադա քահանայապետը և հարազատ հոր պես հոգ էր տանում նրան և սովորեցնում Եհովայի մասին։ Հովասը հետևում էր Հովիադայի խորհուրդներին, ինչի արդյունքում իմաստուն որոշումներ էր կայացնում։ Օրինակ՝ նա սկսեց առաջ տանել մաքուր երկրպագությունը և ծառայել Եհովային։ Հովասը նաև ձեռնարկեց Եհովայի տաճարի վերանորոգման աշխատանքները (2 Տար. 24։1, 2, 4, 13, 14

4. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ սիրելով Եհովայի պատվիրանները ու հնազանդվելով դրանց (Առակներ 2։1, 10-12

4 Քեզ է՞լ են սովորեցնում սիրել Եհովային և ապրել նրա չափանիշներով։ Եթե այո, ապա այդ հնարավորությունը գանձ համարիր (կարդա Առակներ 2։1, 10-12)։ Յուրաքանչյուր ծնող երեխաներին կրթելու իր ձևն ունի։ Օրինակ՝ Կատյա անունով մի քույր պատմում է, թե ինչպես է իր հայրը օգնել իրեն ճիշտ որոշումներ կայացնել։ Ամեն օր Կատյային դպրոց տանելիս նա օրվա խոսքն էր քննարկում նրա հետ։ Կատյան պատմում է. «Այդ քննարկումների շնորհիվ կարողանում էի հաղթահարել օրվա ընթացքում հանդիպող դժվարությունները»։ Բայց հնարավոր է՝ մտածես, որ ծնողներիդ սովորեցրած աստվածաշնչյան չափանիշները սահմանափակում են ազատությունդ։ Տեսնենք, թե ինչը կօգնի, որ հնազանդվես նրանց։ Անաստասիա անունով մի քույր պատմում է, որ իր ծնողները ժամանակ էին տրամադրում և բացատրում, թե ինչու են սահմանել այս կամ այն կանոնը։ Քույրն ասում է. «Դրա շնորհիվ հասկացա, որ այդ կանոններով նրանք ուզում են ոչ թե սահմանափակել իմ ազատությունը, այլ սիրուց մղված՝ պաշտպանել ինձ»։

5. Ի՞նչ կզգան ծնողներդ ու Եհովան, եթե հետևես աստվածաշնչյան խորհուրդներին (Առակներ 22։6; 23։15, 24, 25

5 Ծնողներդ անչափ կուրախանան, եթե հետևես նրանց տված աստվածաշնչյան խորհուրդներին։ Իսկ որ ավելի կարևոր է, այդպես վարվելով՝ կուրախացնես նաև Աստծուն, և նրա հետ քո ընկերությունը կամրանա (կարդա Առակներ 22։6; 23։15, 24, 25)։ Անշուշտ, արժե ընդօրինակել պատանի Հովասին։

6. Հովասը ո՞ւմ խորհրդին սկսեց հետևել, և ի՞նչ եղավ արդյունքում (2 Տարեգրություն 24։17, 18

6 Դասեր քաղիր Հովասի սխալ որոշումներից։ Հովիադայի մահից հետո Հովասը վատ ընկերներ ձեռք բերեց (կարդա 2 Տարեգրություն 24։17, 18)։ Նա սկսեց հետևել Հուդայի իշխանների խորհուրդներին, ովքեր չէին սիրում Եհովային։ Թերևս կհամաձայնես, որ Հովասը պետք է հեռու մնար այդ մարդկանցից (Առակ. 1։10)։ Սակայն նա լսեց իր այսպես կոչված ընկերներին։ Արդյունքում, երբ Հովասի զարմիկ Զաքարիան փորձեց ուղղել նրան, Հովասը նրան մահվան մատնեց (2 Տար. 24։20, 21; Մատթ. 23։35)։ Ի՜նչ սարսափելի և անմիտ արարք։ Սկզբում Հովասը հավատարիմ էր Եհովային, բայց, ցավոք, հետագայում նա դարձավ հավատուրաց և մարդասպան։ Ի վերջո իր իսկ ծառաները սպանեցին նրան (2 Տար. 24։22-25)։ Նրա կյանքը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե նա շարունակեր լսել Եհովային և նրանց, ովքեր սիրում էին Նրան։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել այս օրինակից։

7. Լավ կլինի, որ ինչպիսի՞ ընկերներ ընտրես (տես նաև նկարը)։

7 Հովասի թույլ տված սխալից սովորում ենք, որ կարևոր է ընտրել այնպիսի ընկերներ, որոնք լավ ազդեցություն կունենան մեզ վրա, ընկերներ, որոնք սիրում են Եհովային և ուզում են ուրախացնել նրա սիրտը։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն մեր հասակակիցների հետ շփվելով։ Հիշիր, որ Հովասը բավականին փոքր էր իր ընկեր Հովիադայից։ Լավ կլինի՝ մտածես հետևյալ հարցերի շուրջ. «Ընկերներս օգնո՞ւմ են, որ ամրացնեմ Եհովայի հանդեպ հավատս։ Քաջալերո՞ւմ են ինձ, որ ապրեմ Աստծու չափանիշներով։ Սովորություն ունե՞ն խոսելու Եհովայի և նրա հայտնած թանկ ճշմարտությունների մասին։ Հարգո՞ւմ են նրա սահմանած չափանիշները։ Ասում են այն, ինչ ուզում եմ լսե՞լ, թե՞ քաջություն ունեն անհրաժեշտության դեպքում շտկելու իմ մտածելակերպը» (Առակ. 27։5, 6, 17)։ Իրականում, դու Եհովային չսիրող ընկերների կարիք չունես։ Բայց եթե ընկերներդ սիրում են Եհովային, թանկ համարիր նրանց. նրանք դրական ազդեցություն կունենան քեզ վրա (Առակ. 13։20

8. Եթե օգտվում ես սոցիալական ցանցերից, ի՞նչ պետք է հաշվի առնես։

8 Սոցիալական ցանցերը կարող են լավ միջոց լինել ընտանիքի և ընկերների հետ կապ պահելու համար։ Սակայն շատերը հաղորդակցության այս միջոցն օգտագործում են, որ տպավորեն ուրիշներին։ Նրանք տեղադրում են այնպիսի նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են, թե նրանք ինչեր են գնել կամ ինչով են զբաղվել։ Եթե դու էլ ես օգտվում սոցիալական ցանցերից, մտածիր այս հարցերի շուրջ. «Մղումս ուրիշներին տպավորե՞լն է։ Ուզում եմ քաջալերե՞լ նրանց, թե՞ գովազդել ինքս ինձ։ Թույլ տալի՞ս եմ, որ սոցիալական ցանցերից օգտվող այլ մարդիկ բացասաբար ազդեն իմ մտածելակերպի, խոսելաձևի և գործերի վրա»։ Եղբայր Նաթան Նորը, ով եղել է Կառավարիչ մարմնի անդամ, հետևյալ խորհուրդն է տվել. «Մի՛ ձգտեք հաճեցնել մարդկանց, հակառակ դեպքում չեք հաճեցնի ոչ ոքի։ Ձգտեք հաճեցնել Եհովային, և ձեզանից գոհ կլինեն նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են նրան»։

ԿԱՐԵՎՈՐ Է ԽՈՆԱՐՀ ՄՆԱԼ

9. Ինչե՞ր է արել Օզիան Եհովայի օգնությամբ (2 Տարեգրություն 26։1-5

9 Օզիայի պես՝ լավ որոշումներ կայացրու։ Պատանի տարիքում Օզիան խոնարհ էր։ Նա սովորել էր «վախենալ ճշմարիտ Աստծուց»։ Օզիան ապրել է 68 տարի, և իր կյանքի մեծ մասը վայելել է Եհովայի հավանությունն ու օրհնությունները (կարդա 2 Տարեգրություն 26։1-5)։ Օզիան պարտության է մատնել Աստծու ժողովրդի թշնամիներից շատերին և ամրացրել է Երուսաղեմի պաշտպանությունը (2 Տար. 26։6-15)։ Անկասկած, Օզիային մեծ ուրախություն էր պատճառում այն ամենը, ինչ նա կարողանում էր անել Աստծու օգնությամբ (Ժող. 3։12, 13

10. Ի՞նչ եղավ Օզիայի հետ։

10 Դասեր քաղիր Օզիայի սխալ որոշումներից։ Օզիան սովոր էր, որ ուրիշները հնազանդվեին իր հրահանգներին։ Բայց մի՞թե դա նշանակում էր, որ նա կարող էր անել այն, ինչ ուզում էր։ Մի օր նա որոշեց մտնել Եհովայի տաճար և հանդգնորեն փորձեց խնկի սեղանի վրա խունկ ծխել, ինչն անելու իրավունք թագավորները չունեին (2 Տար. 26։16-18)։ Քահանայապետ Ազարիան փորձեց ուղղել նրան, բայց Օզիան խիստ զայրացավ։ Ցավոք, նա կորցրեց Եհովայի մոտ ունեցած իր բարի համբավը, և Եհովան պատժեց նրան բորոտությամբ (2 Տար. 26։19-21)։ Այնինչ, եթե նա խոնարհ մնար, ամեն բան այլ կերպ կարող էր լինել։

Մեր ձեռքբերումներով պարծենալու փոխարեն մենք պետք է փառքը ուղղենք Եհովային այն ամենի համար, ինչ կարողանում ենք անել (տես պարբերություն 11) d

11. Ինչի՞ց կերևա խոնարհ ենք, թե ոչ (տես նաև նկարը)։

11 Երբ Օզիան հզորացավ, մոռացավ, որ իր ուժի աղբյուրը Եհովան է, և որ իր հաջողությունների համար նրան է պարտական։ Ի՞նչ ենք սովորում։ Լավ կլինի՝ հիշենք, որ մեր բոլոր օրհնություններն ու պատասխանատվությունները Եհովան է տալիս։ Մեր ձեռքբերումներով պարծենալու փոխարեն մենք պետք է փառքը Եհովային ուղղենք (1 Կորնթ. 4։7 b Մենք պետք է խոնարհաբար ընդունենք, որ անկատար ենք և խրատի կարիք ունենք։ 60-ն անց մի եղբայր գրել է. «Սովորել եմ չափից շատ կարևորություն չտալ իմ անձին։ Երբեմն անմտածված սխալներ եմ անում, և երբ ինձ ուղղում են, փորձում եմ շտկվել և շարունակում եմ առաջ ընթանալ»։ Մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել, եթե ակնածենք Եհովայից և մեր անձի մասին համեստ կարծիք ունենանք (Առակ. 22։4

ՇԱՐՈՒՆԱԿԻՐ ՓՆՏՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

12. Պատանեկան տարիքում Հովսիան ինչպե՞ս փնտրեց Եհովային (2 Տարեգրություն 34։1-3

12 Հովսիայի պես՝ լավ որոշումներ կայացրու։ Հովսիան պատանի էր, երբ սկսեց փնտրել Եհովային։ Նա ցանկանում էր սովորել Եհովայի մասին և կատարել նրա կամքը։ Սակայն այս երիտասարդ թագավորը բազմաթիվ դժվարությունների էր բախվում։ Ապրելով այնպիսի հասարակության մեջ, որտեղ մարդկանց մեծ մասը կեղծ աստվածների էր պաշտում՝ Հովսիան պետք է մաքուր երկրպագության կողմը բռներ, և նա քաջաբար արեց դա։ Հովսիան 20 տարեկան էլ չկար, երբ սկսեց երկիրը մաքրել կեղծ երկրպագությունից (կարդա 2 Տարեգրություն 34։1-3

13. Եհովային նվիրվելը ինչպե՞ս կփոխի կյանքդ։

13 Նույնիսկ եթե պատանի ես, կարող ես վճռել ընդօրինակել Հովսիային՝ փնտրելով Եհովային և սովորելով նրա հրաշալի հատկությունների մասին։ Այդպես վարվելը կնպաստի, որ անձդ Եհովային նվիրես։ Իսկ դա ինչպե՞ս կանդրադառնա քո կյանքի վրա։ Լյուկ անունով մի եղբայր, ով 14 տարեկանում է մկրտվել, իր նվիրման օրը հետևյալն է ասել. «Այսուհետ Եհովային ծառայելը իմ կյանքում առաջին տեղում կլինի, և ես կձգտեմ ուրախացնել նրան» (Մարկ. 12։30)։ Եթե դու էլ որոշես այդպես վարվել, առատորեն կօրհնվես։

14. Բեր օրինակ, թե ինչպես են որոշ պատանիներ ընդօրինակում Հովսիա թագավորին։

14 Որպես Եհովայի պատանի ծառա՝ ի՞նչ դժվարությունների գուցե բախվես։ Յոհան անունով մի եղբայր, ով մկրտվել է 12 տարեկանում, ասում է, որ իր համադասարանցիները ճնշում են բանեցնում, որ ինքը էլեկտրոնային ծխախոտ՝ վեյպ, օգտագործի։ Այդ ճնշմանը դիմադրելու համար Յոհանը ինքն իրեն հիշեցնում է, որ վեյպինգը բացասաբար կանդրադառնա իր առողջության և Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Իսկ Ռեյչլ անունով մի քույր, ով մկրտվել է 14 տարեկանում, պատմում է, թե ինչն է օգնում իրեն հաղթահարել դպրոցում հանդիպող խնդիրները. «Փորձում եմ ամեն բան կապել հոգևորի հետ։ Օրինակ՝ պատմության դասը գուցե ինձ հիշեցնի աստվածաշնչյան որևէ արձանագրություն կամ մարգարեություն։ Իսկ ինչ-որ մեկի հետ զրուցելիս, հնարավոր է, միտքս գա աստվածաշնչյան մի օգտակար համար, որի մասին կարող եմ խոսել նրա հետ»։ Իհարկե, քո դժվարությունները գուցե տարբերվեն Հովսիա թագավորի դժվարություններից, բայց դու կարող ես նրա պես իմաստուն և նվիրված լինել։ Պատանեկան տարիքում դժվարություններ հաղթահարելը կպատրաստի քեզ այն դժվարություններին, որոնց կբախվես հետագայում։

15. Ի՞նչն օգնեց Հովսիային, որ հավատարմորեն ծառայի Եհովային (2 Տարեգրություն 34։14, 18-21

15 Երբ Հովսիան 26 տարեկան էր, ձեռնարկեց տաճարի վերանորոգումը։ Այդ աշխատանքների ընթացքում գտնվեց «Եհովայի օրենքի գիրքը, որը Մովսեսի ձեռքով էր գրված»։ Երբ այն ընթերցվեց, թագավորը մղվեց վարվելու այնտեղ գրվածի համաձայն (կարդա 2 Տարեգրություն 34։14, 18-21)։ Իսկ դու փորձո՞ւմ ես կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը։ Հաճույք ստանո՞ւմ ես այդ ընթերցանությունից։ Առանձնացնո՞ւմ ես այն համարները, որոնք կարող են օգտակար լինել քեզ համար։ Լյուկը, ում մասին արդեն խոսեցինք, գրի է առնում իր գտած հետաքրքիր մտքերը։ Եթե դու էլ հետևես նրա օրինակին, գուցե ավելի հեշտությամբ մտապահես քեզ դուր եկած համարներն ու մտքերը։ Որքան խորությամբ հասկանաս Աստվածաշունչը և սիրես այն, այնքան ավելի մեծ ցանկություն կունենաս Եհովային ծառայելու։ Արդյունքում Հովսիա թագավորի պես՝ դու էլ կմղվես վարվելու Աստծու Խոսքի համաձայն։

16. Ինչո՞ւ Հովսիան լուրջ սխալ թույլ տվեց, և ի՞նչ դաս ենք քաղում նրա սխալից։

16 Դասեր քաղիր Հովսիայի սխալ որոշումից։ 39 տարեկանում Հովսիան մի սխալ թույլ տվեց, որի պատճառով կորցրեց իր կյանքը։ Եհովայի առաջնորդությունը փնտրելու փոխարեն նա ապավինեց ինքն իրեն (2 Տար. 35։20-25)։ Սովորում ենք, որ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք և որքան երկար ենք ուսումնասիրում Աստվածաշունչը, պետք է միշտ փնտրենք Եհովային։ Դա ներառում է աղոթքով կանոնավորաբար Աստծու առաջնորդությունը խնդրելը, նրա Խոսքը ուսումնասիրելը և հասուն քրիստոնյաների խորհուրդներին հետևելը։ Եթե այդպես վարվենք, քիչ հավանական է, որ լուրջ սխալներ թույլ կտանք, և ավելի հավանական է, որ երջանիկ կլինենք (Հակ. 1։25

ՊԱՏԱՆԻՆԵ՛Ր, ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԿՅԱՆՔ ՈՒՆԵՆԱԼ

17. Ի՞նչ ենք սովորում Հուդայի երեք թագավորների օրինակներից։

17 Պատանինե՛ր, ձեզ համար հնարավորությունների լայն դուռ է բացված։ Հովասի, Օզիայի և Հովսիայի օրինակները ցույց են տալիս, որ դուք կարող եք իմաստուն որոշումներ կայացնել և կյանքի այնպիսի ուղի ընտրել, որը հաճելի կլինի Եհովային։ Ինչպես տեսանք, լավ սկիզբը լավ ավարտի երաշխիք չէ։ Այդուհանդերձ, մենք կարող ենք ընդօրինակել վերոնշյալ թագավորների լավ գործերը և խուսափել նրանց սխալները կրկնելուց։ Եթե այդպես վարվենք, կարող ենք ակնկալել, որ երջանիկ կյանքով կապրենք։

Երիտասարդ տարիքում Դավիթը մտերմացավ Եհովայի հետ։ Նա արժանացավ Աստծու հավանությանը և երջանիկ կյանքով ապրեց (տես պարբերություն 18)

18. Սուրբգրային ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ դու կարող ես երջանիկ կյանքով ապրել (տես նաև նկարը)։

18 Աստվածաշնչում այլ պատանիների մասին էլ է գրված, ովքեր մտերիմ են եղել Եհովայի հետ, ունեցել են նրա հավանությունը և արդյունքում բավականություն պատճառող կյանքով են ապրել։ Դավիթը նրանցից մեկն էր։ Պատանի տարիքում նա որոշեց Աստծու ընկերը լինել և հետագայում դարձավ նվիրված թագավոր։ Ու թեև նա սխալներ գործեց, բայց ընդհանուր առմամբ արժանացավ Աստծու հավանությանը (1 Թագ. 3։6; 9։4, 5; 14։8)։ Դավթի կյանքն ու հավատարիմ ընթացքը ուսումնասիրելը կարող է քաջալերական լինել քեզ համար և մղել, որ դու էլ հավատարմորեն ծառայես Եհովային։ Անձնական ուսումնասիրության ժամանակ կարող ես ուշադրություն դարձնել նաև Մարկոսի և Տիմոթեոսի օրինակներին։ Նրանք փոքր տարիքից են սկսել ծառայել Եհովային և իրենց հավատարիմ ընթացքը շարունակել են նաև հասուն տարիքում։ Այդ որոշման արդյունքում նրանք երջանիկ կյանքով են ապրել և ուրախացրել են Եհովային։

19. Ինչպիսի՞ն կարող է լինել քո կյանքը։

19 Այն, թե ինչպիսին կլինի քո կյանքը ապագայում, մեծ մասամբ կախված է այն բանից, թե ինչ որոշումներ կկայացնես այսօր։ Եթե քո հասկացողությանը ապավինելու փոխարեն Եհովային վստահես, նա կօգնի քեզ իմաստուն որոշումներ կայացնել (Առակ. 20։24)։ Դու կարող ես երջանիկ և օրհնություններով լի կյանքով ապրել։ Հիշի՛ր, որ Եհովան գնահատում է այն ամենը, ինչ անում ես իր համար։ Մի՞թե մեր սիրառատ երկնային Հորը ծառայելուց ավելի լավ բան կա, ինչին կարող ես նվիրել քո կյանքը։

ԵՐԳ 144 Մրցանակն աչքիդ առաջ պահիր

a Սիրելի՛ պատանի, Եհովան գիտի, որ դու բախվում ես այնպիսի դժվարությունների, որոնց պատճառով իր հետ քո մտերմությունը կարող է վնասվել։ Ինչպե՞ս կարող ես իմաստուն որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն քո երկնային Հորը։ Հոդվածում կքննենք երեք պատանիների օրինակներ, ովքեր հետագայում դարձան Հուդայի թագավորներ։ Տեսնենք, թե ինչ կարելի է սովորել նրանց կայացրած որոշումներից։

b jw.org կայքում տես «Համացանցում հայտնի լինելը կարևո՞ր է» հոդվածի «Զգուշացիր թաքնված պարծենկոտությունից» շրջանակը։

c ՆԿԱՐ։ Հասուն քույրը իմաստուն խորհուրդ է տալիս երիտասարդ քրոջը։

d ՆԿԱՐ։ Քույրը, ով հարցազրույց պետք է տա համաժողովի ժամանակ, ապավինում է Եհովային և փառքը նրան է ուղղում։