ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 37
Սամսոնի պես՝ ապավինիր Եհովային
«Գերիշխա՛ն Տեր Եհովա, հիշի՛ր ինձ, խնդրում եմ, զորացրո՛ւ ինձ» (ԴԱՏ. 16։28)։
ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ a
1-2. Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Սամսոնի պատմությունը։
Ի՞ՆՉ է գալիս միտքդ, երբ լսում ես «Սամսոն» անունը։ Հավանաբար պատկերացնում ես արտասովոր ուժ ունեցող մի մարդու։ Սամսոնը, իրոք, այդպիսին էր։ Բայց նա մի սխալ որոշում կայացրեց, ինչը դառը հետևանքներ ունեցավ։ Այնուամենայնիվ, Եհովան կենտրոնացավ այն բանի վրա, որ Սամսոնը, ընդհանուր առմամբ, հավատարիմ էր իրեն, և նրա օրինակը գրել տվեց Աստվածաշնչում, որ օգուտներ քաղենք։
2 Իր ընտրյալ ժողովրդին՝ Իսրայելին, օգնելու համար Եհովան Սամսոնի միջոցով զարմանահրաշ գործեր արեց, իսկ վերջինիս մահից դարեր անց ներշնչեց Պողոս առաքյալին, որ Սամսոնի անունը ներառի առանձնահատուկ հավատի տեր մարդկանց ցուցակում (Եբր. 11։32-34)։ Մեզ համար Սամսոնի օրինակը շատ քաջալերական կարող է լինել, քանի որ նա ապավինում էր Եհովային անգամ դժվար իրավիճակներում։ Հոդվածից կիմանանք, թե նրա պատմությունը ինչով է քաջալերական, և թե ինչ գործնական դասեր կարող ենք սովորել նրանից։
ՍԱՄՍՈՆԸ ԱՊԱՎԻՆՈՒՄ ԷՐ ԵՀՈՎԱՅԻՆ
3. Սամսոնը ի՞նչ հանձնարարություն ստացավ։
3 Երբ Սամսոնը ծնվեց, փղշտացիներն էին իշխում Իսրայել ազգի վրա և կեղեքում էին նրանց (Դատ. 13։1)։ Փղշտացիների դաժան վերաբերմունքի պատճառով իսրայելացիները շատ էին տառապում։ Ուստի Եհովան որոշեց Սամսոնի միջոցով «փրկել Իսրայելին փղշտացիների ձեռքից» (Դատ. 13։5)։ Ինչպիսի՜ դժվար հանձնարարություն։ Միայն Եհովային ապավինելու շնորհիվ Սամսոնը կկարողանար կատարել այն։
4. Եհովան ինչպե՞ս օգնեց Սամսոնին ազատվել փղշտացիների ձեռքից (Դատավորներ 15։14-16)։
4 Տեսնենք, թե մի առիթով Սամսոնն ինչպես ապավինեց Եհովային։ Փղշտացի զինվորները ցանկանում էին բռնել նրան։ Այդ ժամանակ Սամսոնը Լեքիում էր, որը հավանաբար Հուդայում էր գտնվում։ Երբ զինվորները եկան նրա հետևից, Հուդայի մարդիկ վախեցան և որոշեցին նրան թշնամու ձեռքը հանձնել։ Իր իսկ ազգակիցները կապեցին նրան երկու նոր պարաններով և տարան փղշտացիների մոտ (Դատ. 15։9-13)։ Սակայն «Եհովայի ոգին սկսեց գործել Սամսոնի մեջ», և նա ազատվեց այդ պարաններից։ Հետո նա «էշի մի ծնոտ գտավ, որը դեռ չէր չորացել», վերցրեց այն ու դրանով 1000 փղշտացու սպանեց (կարդա Դատավորներ 15։14-16)։
5. Էշի ծնոտով կռվելը ի՞նչ է բացահայտում Սամսոնի մասին։
5 Իսկ ինչո՞ւ Սամսոնը կռվեց էշի ծնոտով. չէ՞ որ սովորաբար այն որպես զենք չէր օգտագործվում։ Անկասկած, Սամսոնը գիտեր, որ իր հաջողությունը կախված է ոչ թե իր ընտրած զենքից, այլ Եհովայից։ Այդ հավատարիմ մարդը օգտագործեց իր ձեռքի տակ եղածը, որպեսզի կատարի Եհովայի կամքը։ Հստակ է, որ Եհովային ապավինելու շնորհիվ էր, որ Սամսոնը հաղթեց այդ մեծ բազմությանը։
6. Ի՞նչ կարող ենք սովորել Սամսոնից մեր աստվածապետական հանձնարարությունները կատարելու առնչությամբ։
6 Եհովան մեզ էլ կարող է զորացնել, որ կատարենք մեր հանձնարարությունները, նույնիսկ երբ թվում է, թե դրանք մեր ուժերից վեր են։ Նա մեզ կարող է օգնել զարմանալի կերպերով։ Համոզված եղիր, որ Եհովան, ով Սամսոնին նման զորությամբ օժտեց, քեզ էլ կօգնի, որ կատարես իր կամքը, եթե, իհարկե, ապավինես իրեն (Առակ. 16։3)։
7. Ո՞ր օրինակն է ընդգծում Եհովայի առաջնորդությունը փնտրելու կարևորությունը։
7 Աստվածապետական շինարարական նախագծերում ծառայող շատ եղբայրներ ու քույրեր ցույց են տվել, որ վստահում են Եհովային։ Նախկինում եղբայրները Թագավորության սրահների և աստվածապետական այլ շինությունների մեծ մասը իրենք էին նախագծում և կառուցում։ Բայց քանի որ Եհովայի ժողովրդի թվի աճին զուգընթաց կազմակերպության կարիքները փոխվում են, պատասխանատու եղբայրները Եհովայից առաջնորդություն խնդրեցին և սկսեցին նոր մեթոդներ փորձել։ Այժմ նրանք պատրաստի շինություններ են ձեռք բերում և վերանորոգում դրանք։ Ռոբերտ անունով մի եղբայր, ով վերջին տարիներին նման շինարարական նախագծերի է մասնակցել աշխարհի տարբեր մասերում, նշում է. «Սկզբում ոմանց համար դժվար էր ընդունել այս նոր մոտեցումը։ Այն շատ էր տարբերվում այն մեթոդից, որ կիրառում էինք տարիներ շարունակ։ Բայց եղբայրները պատրաստ էին հարմարվելու։ Հիմա ակնհայտ է, որ Եհովան օրհնում է այս փոփոխությունները»։ Սա ընդամենը մեկն է այն բազում օրինակներից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան առաջնորդում իր ժողովրդին, որ կատարի իր կամքը։ Լավ կլինի՝ ժամանակ առ ժամանակ ինքներս մեզ հարցնենք. «Փնտրո՞ւմ եմ Եհովայի առաջնորդությունը և հարմարվո՞ւմ եմ նոր հանգամանքներին, երբ իմ ծառայության մեջ փոփոխություններ են լինում»։
ՍԱՄՍՈՆԸ ՕԳՏՎԵՑ ԵՀՈՎԱՅԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ
8. Ի՞նչ արեց Սամսոնը, երբ շատ ծարավ էր։
8 Հնարավոր է՝ կարդացել ես նաև Սամսոնի մյուս զարմանահրաշ գործերի մասին։ Մի անգամ առանց որևէ զենքի նա երկու կես արեց մի առյուծի, իսկ ավելի ուշ Ասկաղոնում սպանեց 30 փղշտացու (Դատ. 14։5, 6, 19)։ Սամսոնը գիտեր, որ առանց Եհովայի օգնության երբեք չէր կարող նման բաներ անել, և դա հստակ երևում է հետևյալ դեպքից։ Սամսոնը սպանել էր 1000 փղշտացու, ինչից հետո շատ ծարավել էր։ Ի՞նչ արեց նա։ Ծարավը հագեցնելու համար ինքնուրույն ջուր հայթայթելու փոխարեն նա դիմեց Եհովայի օգնությանը (Դատ. 15։18)։
9. Ի՞նչ արեց Եհովան, երբ Սամսոնը օգնություն խնդրեց նրանից (Դատավորներ 15։19)։
9 Եհովան պատասխանեց Սամսոնի խնդրանքին և հրաշքով ջրի մի աղբյուր բացեց նրա համար։ Երբ Սամսոնը խմեց այդ ջրից, «նրա ոգին վերադարձավ, ու նա վերակենդանացավ» (կարդա Դատավորներ 15։19)։ Ակներևաբար, ջրի այդ աղբյուրը պահպանվել էր մինչև այն ժամանակները, երբ Աստված ներշնչեց Սամուել մարգարեին գրել «Դատավորներ» գիրքը։ Այդ աղբյուրը իսրայելացիներին հիշեցնում էր, որ Եհովան միշտ օգնում է նեղության մեջ եղող իր հավատարիմ ծառաներին, ովքեր ապավինում են իրեն։
10. Ի՞նչ պետք է անենք Եհովայի օգնությունը ստանալու համար (տես նաև նկարը)։
10 Մենք նույնպես պետք է օգնության համար դիմենք Եհովային՝ անկախ մեր ունակություններից և ծառայության մեջ ունեցած հաջողություններից։ Մենք պետք է համեստորեն ընդունենք, որ իրական հաջողության կարող ենք հասնել միայն Եհովային ապավինելու շնորհիվ։ Ճիշտ ինչպես Սամսոնը զորացավ, երբ խմեց Եհովայի տված ջուրը, այնպես էլ մենք հոգևորապես կամրանանք, եթե օգտվենք Եհովայի տրամադրած բոլոր միջոցներից (Մատթ. 11։28)։
11. Ինչպե՞ս կարող ենք լիարժեքորեն օգտվել Եհովայի տրամադրած օգնությունից։ Բեր օրինակ։
11 Քննենք մեր ռուս եղբայրներից մեկի՝ Ալեքսեյի օրինակը, ով ուժգին հալածանքի է ենթարկվում։ Ի՞նչն է օգնում նրան ամուր մնալ ծանր հանգամանքների ներքո։ Լավ հոգևոր գրաֆիկ ունենալը։ Ալեքսեյն ասում է. «Ես շարունակում եմ կառչած մնալ հոգևոր գրաֆիկիս՝ կանոնավոր անձնական ուսումնասիրություն անելով և ամեն օր կարդալով Աստվածաշունչը։ Ամեն առավոտ ես ու կինս կարդում ենք օրվա խոսքն ու միասին աղոթում»։ Ի՞նչ ենք սովորում Ալեքսեյի օրինակից։ Ինքներս մեզ ապավինելու փոխարեն մենք պետք է մեր հույսը Եհովայի վրա դնենք։ Դա մեզ կհաջողվի, եթե կանոնավորաբար զբաղվենք այնպիսի գործերով, որոնք ամրացնում են մեր հավատը։ Օրինակ՝ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անենք, աղոթենք, հաճախենք ժողովի հանդիպումներին և քարոզենք։ Եթե այդպես վարվենք, Եհովան առատորեն կօրհնի իրեն ծառայելու մեր ջանքերը։ Անցյալում Եհովան զորացրել է Սամսոնին և անշուշտ կզորացնի նաև մեզ։
ՍԱՄՍՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ԿԱՏԱՐԵԼ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ
12. Ի՞նչ սխալ որոշում կայացրեց Սամսոնը, և դա ինչո՞վ էր տարբերվում փղշտացի կանանց վերաբերյալ կայացրած նրա որոշումներից։
12 Սամսոնը մեզ պես անկատար էր, ուստի երբեմն սխալ որոշումներ էր կայացնում։ Օրինակ՝ մի անգամ նա այնպիսի որոշում կայացրեց, որը ողբերգական հետևանքներ ունեցավ։ Որոշ ժամանակ դատավոր ծառայելուց հետո Սամսոնը «մի կնոջ սիրեց, որն ապրում էր Սորեկի գետահովտում»։ Նրա անունը Դալիլա էր (Դատ. 16։4)։ Նա առաջին կինը չէր Սամսոնի կյանքում։ Նախկինում Սամսոնը նշանված էր եղել փղշտացի մի կնոջ հետ, բայց այդ միությունը «Եհովայից էր», քանի որ «Նա առիթ էր փնտրում փղշտացիների դեմ»։ Իսկ մեկ ուրիշ անգամ Սամսոնը փղշտացիների Գազա քաղաքում մնացել էր մի անբարո կնոջ տանը։ Այդ ժամանակ էլ Եհովան Սամսոնի միջոցով գործեց փղշտացիների դեմ. նա զորություն տվեց Սամսոնին, որպեսզի վերջինս հանի քաղաքի դարպասի դռները և այդպիսով թուլացնի քաղաքի պաշտպանությունը (Դատ. 14։1-4; 16։1-3)։ Սակայն պարագան այլ էր Դալիլայի դեպքում, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, իսրայելացի էր, ոչ թե փղշտացի, և Սամսոնի մտերմությունը նրա հետ իր իսկ նախաձեռնությամբ էր։
13. Դալիլան ինչպե՞ս վարվեց Սամսոնի հետ։
13 Դալիլան փղշտացիներից խոշոր գումար վերցրեց, որպեսզի Սամսոնին մատնի նրանց ձեռքը։ Արդյո՞ք Սամսոնը այնքան էր կուրացած Դալիլայի սիրուց, որ չնկատեց նրա չար մտադրությունը։ Ինչն էլ լիներ պատճառը, փաստն այն է, որ Սամսոնը տեղի տվեց Դալիլայի ճնշումներին և հայտնեց իր ուժի գաղտնիքը։ Ցավոք, այդ սխալ որոշման հետևանքով Սամսոնը որոշ ժամանակով կորցրեց իր ուժը և Աստծու հավանությունը (Դատ. 16։16-20)։
14. Դալիլային վստահելը ի՞նչ հետևանքներ ունեցավ։
14 Եհովային վստահելու փոխարեն Սամսոնը վստահեց Դալիլային, ինչը ցավալի հետևանքներ ունեցավ։ Փղշտացիները բռնեցին Սամսոնին, կուրացրին նրան և բանտարկեցին Գազայում, որի բնակիչներին Սամսոնը ավելի վաղ նվաստացրել էր՝ հանելով նրանց քաղաքի դարպասի դռները։ Այնտեղ Սամսոնին ստրուկի պես էին վերաբերվում և ստիպում էին աղացքար պտտեցնել։ Մի անգամ փղշտացիները իրենց խնջույքի ժամանակ շատ զոհեր մատուցեցին իրենց կեղծ աստված Դագոնին, քանի որ կարծում էին, թե նա է Սամսոնին իրենց ձեռքը մատնել։ Այնուհետև նրանք նվաստացրին Սամսոնին՝ բանտից բերել տալով նրան, որ «զվարճացնի իրենց» (Դատ. 16։21-25)։
15. Սամսոնը ինչպե՞ս ցույց տվեց, որ կրկին ապավինում է Եհովային (Դատավորներ 16։28-30; տես ամսագրի շապիկի նկարը)։
15 Ճիշտ է, Սամսոնը լուրջ սխալ գործեց, բայց շարունակեց ծառայել Եհովային։ Նա առիթ էր փնտրում, որ կատարեր Աստծուց ստացած հանձնարարությունը և կռվեր փղշտացիների դեմ (կարդա Դատավորներ 16։28-30)։ Սամսոնը աղաչեց Եհովային՝ ասելով. «Թո՛ւյլ տուր՝ վրեժ առնեմ փղշտացիներից»։ Ճշմարիտ Աստված պատասխանեց Սամսոնի խնդրանքին և վերականգնեց նրա արտասովոր ուժը։ Սամսոնը այս անգամ ավելի շատ փղշտացի սպանեց, քան մինչ այդ էր սպանել։
16. Ի՞նչ ենք սովորում Սամսոնի օրինակից։
16 Թեև Սամսոնը իր սխալի պատճառով դառը հետևանքներ կրեց, բայց չդադարեց ձգտել կատարել Եհովայի կամքը։ Մենք էլ չպետք է թևաթափ լինենք, եթե մեր սխալի պատճառով խրատ ենք ստանում կամ զրկվում ենք որևէ պատասխանատվությունից։ Հիշիր, որ Եհովան երբեք հույսը չի կտրում մեզանից (Սաղ. 103։8-10)։ Չնայած մեր սխալներին՝ նա կարող է զորացնել մեզ, որ կատարենք իր կամքը, ինչպես որ արեց Սամսոնի պարագայում։
17-18. Մայքլի օրինակը ինչո՞վ է քաջալերական քեզ համար (տես նաև նկարը)։
17 Քննենք Մայքլ անունով մի երիտասարդ եղբոր օրինակը։ Նա ծառայող օգնական էր ու ռահվիրա և միշտ զբաղված էր աստվածապետական գործերով։ Բայց, ցավոք, նա մի սխալ գործեց, ինչի հետևանքով կորցրեց ժողովում ունեցած իր պատասխանատվությունները։ Մայքլն ասում է. «Կյանքս լի էր հոգևոր գործերով։ Բայց հանկարծ ամեն ինչ փոխվեց, ու ես ասես անգործության մատնվեցի։ Երբեք չեմ մտածել, որ Եհովան լքել է ինձ, բայց անհանգստանում էի, թե արդյոք նրա հետ ունեցած իմ փոխհարաբերությունները կրկին առաջվանը կլինեն, և ես կկարողանամ ժողովում անել այնքան, որքան նախկինում էի անում»։
18 Մայքլը չհուսահատվեց, և դա գովասանքի է արժանի։ Նա ասում է. «Ես կենտրոնացա Եհովայի հետ իմ փոխհարաբերությունները վերականգնելու վրա։ Սկսեցի աղոթքի միջոցով կանոնավորաբար բացել իմ սիրտը նրա առաջ, անձնական ուսումնասիրություն անել և խորհրդածել»։ Ժամանակի ընթացքում Մայքլը կրկին ժողովում պատասխանատվություններ ստանձնեց։ Այժմ նա ծառայում է որպես ռահվիրա ու երեց։ Եղբայրն ասում է. «Քաջալերանքն ու աջակցությունը, որ ստացել եմ հատկապես երեցներից, օգնեցին ինձ հասկանալ, որ Եհովան շարունակում է սիրել ինձ։ Այժմ ես կրկին կարող եմ մաքուր խղճով ծառայել ժողովում։ Ինձ հետ տեղի ունեցածից սովորեցի, որ Եհովան ներում է յուրաքանչյուր մարդու, ով իսկապես զղջում է»։ Նույնիսկ եթե սխալներ ենք թույլ տվել, կարող ենք համոզված լինել, որ Եհովան մեզ էլ կշարունակի հանձնարարություններ վստահել և օրհնել, եթե իհարկե ջանում ենք ուղղել մեր ճանապարհները և շարունակում ենք ապավինել իրեն (Սաղ. 86։5; Առակ. 28։13)։
19. Սամսոնի օրինակը ինչպե՞ս է զորացնում քեզ։
19 Այս հոդվածում Սամսոնի կյանքից մի քանի տպավորիչ դրվագ քննեցինք։ Նա կատարյալ չէր, բայց շարունակեց ծառայել Եհովային անգամ Դալիլայի հետ կապված սխալից հետո։ Եհովան էլ իր հերթին ձեռք չքաշեց նրանից։ Նա ևս մեկ անգամ զորավոր կերպով իրագործեց իր կամքը Սամսոնի միջոցով։ Բացի այդ՝ Եհովան Սամսոնի անունը գրել տվեց Եբրայեցիներ 11-րդ գլխում թվարկված հավատարիմների շարքում, քանի որ շարունակում էր նրան առանձնահատուկ հավատի տեր մարդ համարել։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ մենք ծառայում ենք նման սիրառատ Հոր, ով փափագում է զորացնել մեզ, հատկապես այն ժամանակ, երբ թույլ ենք։ Ուստի եկեք Սամսոնի նման մենք էլ աղաչենք Եհովային. «Հիշի՛ր ինձ, խնդրում եմ, զորացրո՛ւ ինձ» (Դատ. 16։28)։
ԵՐԳ 3 Մեր Վեմ, մեր Հույս, մեր Ապավեն
a Սամսոն. աստվածաշնչյան այս կերպարի անունը շատերին է հայտնի, անգամ նրանց, ովքեր քիչ բան գիտեն Աստվածաշնչից։ Նրա պատմության հիման վրա ստեղծվել են բազմաթիվ թատերական ներկայացումներ, երգեր և ֆիլմեր։ Սակայն նրա կյանքի վերաբերյալ սուրբգրային արձանագրությունը զուտ հետաքրքրաշարժ պատմություն չէ։ Այս մեծ հավատի տեր մարդուց մենք շատ բան կարող ենք սովորել։