Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 9

Թող Եհովայի մխիթարությունները փաղաքշեն հոգիդ

Թող Եհովայի մխիթարությունները փաղաքշեն հոգիդ

«Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (ՍԱՂ. 94։19

ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթք

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչը գուցե անհանգստություն պատճառի մեզ, և դրա հետևանքով ի՞նչ մտքեր գուցե ծագեն մեր մեջ։

ԼԻՆՈ՞ՒՄ է այնպես, որ անհանգստության * զգացումը խլի ներքին անդորրդ։ Հնարավոր է՝ նեղված ես մեկի խոսքերի կամ արարքների պատճառով, կամ էլ ինքդ ես ինչ-որ սխալ բան ասել կամ արել ու հիմա մտատանջվում ես։ Եթե մեղք ես գործել, թերևս անհանգստանում ես, որ Եհովան քեզ երբեք չի ների։ Երբ որևէ բանի համար չափից շատ ես մտահոգվում, գուցե մտածես, թե քիչ հավատ ունես կամ լավ մարդ չես։ Բայց մի՞թե դա այդպես է։

2. Աստվածաշնչյան ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ անհանգստությունը թերահավատության նշան չէ։

2 Քննենք աստվածաշնչյան մի քանի օրինակ։ Սամուել մարգարեի մայրը՝ Աննան, մեծ հավատի տեր մարդ էր։ Բայց նախքան Սամուելի ծնվելը նա հաճախ էր վհատվում, քանի որ իր ամուսնու մյուս կինը վատ էր վերաբերվում իրեն (1 Սամ. 1։7)։ Պողոս առաքյալը անսասան հավատ ուներ, բայց մի բան կար, որը միշտ մտահոգում էր իրեն. դա «բոլոր ժողովների հոգսն» էր (2 Կորնթ. 11։28)։ Դավիթ թագավորը այնքան ամուր հավատ ուներ, որ Եհովայի համար շատ սիրելի դարձավ (Գործ. 13։22)։ Սակայն նա մեղքեր գործեց, ինչի պատճառով շատ տառապեց (Սաղ. 38։4)։ Նշված բոլոր մարդկանց էլ Եհովան մխիթարում ու հանգստացնում էր։ Ի՞նչ կարող ենք սովորել նրանց օրինակից։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՆՆԱՅԻՑ

3. Ուրիշների խոսքերը ի՞նչ զգացումներ կարող են առաջացնել մեր մեջ։

3 Երբ ինչ-որ մեկը կոպիտ է խոսում մեզ հետ կամ վատ է վերաբերվում, գուցե նեղվենք, հատկապես եթե նա մեր մտերիմ ընկերն է կամ ընտանիքի անդամը։ Հնարավոր է՝ անհանգստանանք, որ այդ մարդու հետ ունեցած փոխհարաբերությունները կարող են խզվել։ Մեզ նեղացնողը գուցե անմտածված խոսքեր ասի, որոնք սրի պես խոցեն մեր սիրտը (Առակ. 12։18)։ Բայց հնարավոր է նաև, որ նա միտումնավոր վիրավորի մեզ։ Մի երիտասարդ քույր բախվել է նման իրավիճակի։ Նա պատմում է. «Մի քանի տարի առաջ ընկերուհիներիցս մեկը, որին մտերիմ էի համարում, սոցցանցերում սկսեց ստեր տարածել իմ մասին։ Շատ էի նեղվել։ Նրանից այդպիսի բան չէի սպասում. ասես դանակ էր խրել սիրտս»։ Եթե դու էլ ես խոցվել հարազատ մարդու խոսքերից կամ վերաբերմունքից, ապա շատ բան կարող ես սովորել Աննայից։

4. Աննան նեղվելու ի՞նչ պատճառներ ուներ։

4 Աննան նեղվելու պատճառներ ուներ։ Տարիներ շարունակ նա չէր կարողանում երեխա ունենալ (1 Սամ. 1։2)։ Իսրայելական մշակույթում ամուլ կինը անիծված էր համարվում։ Դրա պատճառով Աննան իրեն նվաստացած էր զգում (Ծննդ. 30։1, 2)։ Բացի այդ՝ նրա ամուսինը ուրիշ կին էլ էր առել, որից երեխաներ ուներ։ Այդ կինը՝ Փենանան, Աննային մրցակից էր համարում. նա «սաստիկ զայրացնում էր [նրան] և վշտացնում» (1 Սամ. 1։6)։ Սկզբում Աննայի համար շատ դժվար էր։ Նա այնքան էր նեղվում, որ «լաց էր լինում և ոչինչ չէր ուտում»։ Աննան չափազանց վհատված էր, բայց մխիթարություն գտավ (1 Սամ. 1։7, 10)։ Ինչպե՞ս։

5. Աղոթքն ինչպե՞ս օգնեց Աննային։

5 Աննան ջերմագին աղոթեց Եհովային՝ իր սիրտը դատարկելով նրա առաջ։ Դրանից հետո նա Հեղի քահանայապետին պատմեց իր խնդիրների մասին։ Քահանայապետն էլ նրան ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ որ խնդրեցիր նրանից»։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Կինը գնաց իր ճանապարհով։ Նա սկսեց ուտել, և նրա երեսից տրտմությունը վերացավ» (1 Սամ. 1։17, 18)։ Աղոթքը Աննային օգնեց հանդարտվել։

Ի՞նչ կարող ենք անել, որ Աննայի պես վերագտնենք ու պահպանենք մեր ներքին խաղաղությունը (տես պարբերություն 6–10)

6. Աղոթքի մասին ի՞նչ ենք սովորում Աննայի օրինակից, ինչպես նաև Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներից։

6 Մեր սիրտը կխաղաղվի, եթե շարունակ աղոթենք Եհովային։ Աննան երկար խոսեց իր երկնային Հոր հետ (1 Սամ. 1։12)։ Մենք էլ կարող ենք նրան երկար պատմել մեր անհանգստությունների, վախերի, թերությունների մասին։ Եվ կարիք չկա, որ բանաստեղծական կամ նրբաճաշակ լեզվով աղոթենք։ Երբեմն էլ կարող է պատահել, որ մեր վշտալից բառերը ընդմիջվեն արցունքներով։ Ինչևէ, թող միշտ հիշենք, որ Եհովան երբեք չի հոգնում մեզ լսելուց։ Սակայն աղոթելիս պետք է ոչ միայն մեր խնդիրների մասին պատմենք, այլև անենք այն, ինչ գրված է Փիլիպպեցիներ 4։6, 7 համարներում (կարդա)։ Պողոս առաքյալը հատուկ նշել է, որ հարկավոր է նաև շնորհակալություն հայտնել Աստծուն։ Եվ դրա համար այնքա՜ն պատճառներ ունենք։ Օրինակ՝ Եհովային կարող ենք շնորհակալություն հայտնել, որ մեզ կյանք է պարգևել, հիասքանչ բաներ է ստեղծել, հրաշալի հույս է տվել և որ հավատարմորեն սիրում է մեզ։ Ուրիշ ի՞նչ կարող ենք սովորել Աննայից։

7. Աննան և իր ամուսինը ի՞նչ էին կանոնավորաբար անում։

7 Չնայած իր խնդիրներին՝ Աննան ամուսնու հետ կանոնավորաբար գնում էր Սելով՝ Եհովայի երկրպագության վայրը (1 Սամ. 1։1–5)։ Այնտեղ էր, որ Հեղի քահանայապետը քաջալերեց Աննային՝ հույս հայտնելով, որ Եհովան կպատասխանի նրա աղոթքին (1 Սամ. 1։9, 17

8. Ժողովի հանդիպումները ինչպե՞ս կարող են օգնել մեզ։ Բացատրիր։

8 Մենք ներքին խաղաղություն կունենանք, եթե շարունակենք հաճախել ժողովի հանդիպումներին։ Դրանք սկսվում են աղոթքով, որում եղբայրը հաճախ խնդրում է Եհովայից, որ իր սուրբ ոգին մեզ հետ լինի։ Իսկ այդ ոգու պտղի մասերից մեկը խաղաղությունն է (Գաղ. 5։22)։ Երբ չնայած մեր անհանգստություններին՝ գնում ենք ժողովի հանդիպումներին, Եհովային ու հավատակիցներին հնարավորություն ենք տալիս քաջալերելու մեզ և օգնելու վերագտնել մեր ներքին անդորրը։ Այո՛, աղոթքն ու հանդիպումները այն կարևոր միջոցներից են, որոնցով Եհովան մխիթարում է մեզ (Եբր. 10։24, 25)։ Այժմ տեսնենք, թե է՛լ ինչ կարող ենք սովորել Աննայի օրինակից։

9. Ինչպիսի՞ն էր Աննայի իրավիճակը, երբ նա վերադարձավ Սելովից, սակայն ի՞նչը նրան օգնեց չկորցնել իր խաղաղությունը։

9 Աննայի խնդիրը անմիջապես չվերացավ։ Տուն վերադառնալուց հետո էլ նա ստիպված էր Փենանայի հետ նույն տանիքի տակ ապրել։ Եվ Աստվածաշնչում չկա այնպիսի տեղեկություն, որ Փենանան փոխել է իր վերաբերմունքը։ Ուստի նա հավանաբար շարունակել է խոսքերով խոցել Աննային։ Սակայն Աննան այլևս չէր կորցնում ներքին խաղաղությունը։ Իր խնդիրը Աստծու ձեռքը հանձնելով՝ նա չէր ընկնում վհատության գիրկը, այլ իր երկնային Հորը թույլ էր տալիս մխիթարել ու հանգստացնել իրեն։ Իսկ հետագայում Աննան ստացավ իր խնդրածը՝ երեխաներ ունեցավ (1 Սամ. 1։19, 20; 2։21

10. Ի՞նչ ենք սովորում Աննայի օրինակից։

10 Մենք կարող ենք խաղաղ մնալ, նույնիսկ եթե մեր խնդիրը չի լուծվում։ Անգամ երբ թախանձագին աղոթում ենք Աստծուն և կանոնավորաբար հաճախում ենք ժողովի հանդիպումներին, որոշ դժվարություններ չեն վերանում։ Սակայն Աննայի օրինակից սովորում ենք, որ Եհովային ոչինչ չի կարող խանգարել հանդարտեցնելու մեր ալեկոծ սիրտը։ Նա երբեք չի մոռանա մեզ և վաղ թե ուշ կվարձատրի մեր հավատարմության համար (Եբր. 11։6

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՕՐԻՆԱԿԻՑ

11. Պողոսը անհանգստանալու ի՞նչ պատճառներ ուներ։

11 Պողոսը անհանգստանալու շատ պատճառներ ուներ։ Օրինակ՝ իրեն մտատանջում էին հավատակիցների խնդիրները, քանի որ շատ էր սիրում նրանց (2 Կորնթ. 2։4; 11։28)։ Առաքյալի իր գործն անելիս նա հաճախ էր բախվում հակառակորդների թշնամանքին, ովքեր ծեծում էին իրեն կամ բանտարկում։ Նա նաև այլ դժվարություններ էր կրում, օրինակ՝ «կարիքի մեջ էր լինում» (Փիլիպ. 4։12)։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Պողոսը առնվազն երեք անգամ նավաբեկության է ենթարկվել, կարող ենք պատկերացնել, թե նա որքան էր անհանգստանում, երբ նավով ճանապարհորդում էր (2 Կորնթ. 11։23–27)։ Ի՞նչն էր Պողոսին օգնում, երբ նա անհանգիստ էր։

12. Ի՞նչն էր Պողոսին օգնում չափից շատ չմտահոգվել։

12 Պողոսը մտահոգվում էր, երբ իր եղբայրներն ու քույրերը դժվարություններ էին կրում, բայց և չէր փորձում նրանց բոլոր խնդիրները ինքնուրույն լուծել։ Նա համեստ էր՝ գիտակցում էր, որ իր հնարավորությունները սահմանափակ են։ Ուստի խնդրում էր ուրիշներին, որ ժողովի գործերում օգնեն իրեն։ Օրինակ՝ նա տարբեր հանձնարարություններ էր տալիս Տիմոթեոսին ու Տիտոսին, որոնք հուսալի եղբայրներ էին։ Նրանց աջակցության շնորհիվ Պողոսի մտահոգությունները, անկասկած, նվազեցին (Փիլիպ. 2։19, 20; Տիտոս 1։1, 4, 5

Հաշվի առնելով Պողոս առաքյալի օրինակը՝ ի՞նչ կարող ենք անել, որ չափից շատ չանհանգստանանք (տես պարբերություն 13–15)

13. Երեցներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Պողոսին։

13 Ուրիշներից օգնություն խնդրիր։ Այսօր էլ Պողոսի պես կարեկից երեցներ կան, որոնք մտահոգվում են, երբ իրենց հավատակիցները փորձությունների են բախվում։ Սակայն ցանկացած երեց սահմանափակ կարողություններ ունի։ Դա գիտակցելը կօգնի, որ նա ժողովի հոգսը կիսի համապատասխան որակներ ունեցող մյուս եղբայրների հետ, ինչպես նաև կրթի երիտասարդներին, որ կարողանան իր հետ հովվել Աստծու հոտը (2 Տիմոթ. 2։2

14. Ի՞նչը չէր անհանգստացնում Պողոսին, և ի՞նչ ենք սովորում նրա օրինակից։

14 Ընդունիր, որ մխիթարության կարիք ունես։ Պողոսը խոնարհ էր, ուստի գիտակցում էր, որ իր ընկերների քաջալերության ու մխիթարության կարիքն ունի։ Նա չէր անհանգստանում, որ իրեն թույլ մարդ կհամարեն, եթե ասի, որ ուրիշները մխիթարել են իրեն։ Փիլիմոնին ուղղված նամակում առաքյալը գրել է. «Շատ ուրախացա և մխիթարվեցի քո ցուցաբերած սիրո համար» (Փիլիմ. 7)։ Պողոսը իր նամակներում հիշատակել է նաև այլ համագործակիցների, որոնք դժվար ժամանակներում շատ են քաջալերել իրեն (Կող. 4։7–11)։ Եթե մենք էլ խոնարհաբար ընդունենք, որ քաջալերության կարիք ունենք, մեր եղբայրներն ու քույրերը ուրախությամբ կաջակցեն մեզ։

15. Ծանր պահին Պողոսն ինչպե՞ս մխիթարություն գտավ։

15 Մխիթարություն գտիր Աստծու Խոսքում։ Պողոսը վստահ էր, որ Սուրբ Գիրքը խաղաղություն կպարգևի իրեն և իմաստություն կտա հաղթահարելու ցանկացած փորձություն (Հռոմ. 15։4; 2 Տիմոթ. 3։15, 16)։ Երբ նա Հռոմում երկրորդ անգամ ազատազրկված էր, զգում էր, որ իր մահը մոտ է։ Եվ ի՞նչ արեց այդ ընկճող իրավիճակում։ Տիմոթեոսին խնդրեց արագ գալ իր մոտ ու բերել «գրքերը» (2 Տիմոթ. 4։6, 7, 9, 13)։ Այդ գրքերը հավանաբար հատվածներ էին Եբրայերեն Գրություններից, որոնց միջոցով Պողոսը կարող էր անձնական ուսումնասիրություն անել։ Եթե նրա պես կանոնավորաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը, Եհովան դրա միջոցով կմխիթարի մեզ, ինչ դժվարություններ էլ ունենանք։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԴԱՎԻԹ ԹԱԳԱՎՈՐԻՑ

Ինչպես ցույց է տալիս Դավիթ թագավորի օրինակը, ի՞նչը կարող է օգնել մեզ, եթե լուրջ սխալ ենք գործել (տես պարբերություն 16–19)

16. Դավիթը մտատանջվելու ի՞նչ պատճառ ուներ։

16 Դավիթը նույնպես մտատանջության պատճառներ ուներ։ Օրինակ՝ մեղավորության զգացումը նրան հանգիստ չէր տալիս։ Նա շնություն էր գործել Բերսաբեի հետ, կազմակերպել էր նրա ամուսնու սպանությունը և փորձել էր կոծկել իր հանցանքը (2 Սամ. 12։9)։ Սկզբում Դավիթը ականջ չէր դնում իր խղճի ձայնին, ինչի հետևանքով վնասներ կրեց՝ ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական ու հոգեկան (Սաղ. 32։3, 4)։ Ի՞նչն օգնեց Դավթին դուրս գալ այս վիճակից, և ի՞նչ կարող ենք անել, եթե մենք էլ լուրջ մեղք գործենք։

17. Դավթի անկեղծ զղջումը ինչպե՞ս է երևում Սաղմոս 51։1–4 համարներում գրված խոսքերից։

17 Աստծուց ներում խնդրիր։ Դավիթը ի վերջո աղոթեց Եհովային և անկեղծորեն խոստովանեց իր մեղքերը (կարդա Սաղմոս 51։1–4)։ Դա մեծ թեթևացում բերեց նրան (Սաղ. 32։1, 2, 4, 5)։ Եթե դու էլ ես լուրջ մեղք գործել, մի՛ փորձիր թաքցնել այն։ Աղոթիր Եհովային և անկեղծորեն խոստովանիր մեղքդ։ Արդյունքում մեղավորության զգացումը այլևս առաջվա պես չի տանջի քեզ։ Սակայն Եհովայի հետ փոխհարաբերություններդ վերականգնելու համար պետք է ուրիշ բան էլ անես։

18. Դավիթն ինչպե՞ս արձագանքեց խրատին։

18 Ընդունիր խրատը։ Երբ Եհովան Նաթան մարգարեին ուղարկեց Դավթի մոտ՝ հանդիմանելու նրան, Դավիթը չարդարացավ ու չնվազեցրեց իր մեղքի ծանրությունը։ Նա անմիջապես խոստովանեց, որ մեղք է գործել ոչ միայն Բերսաբեի ամուսնու դեմ, այլև առաջին հերթին Եհովայի դեմ։ Դավիթն ընդունեց Աստծու խրատը, և վերջինս ներեց նրան (2 Սամ. 12։10–14)։ Եթե մենք էլ ենք լուրջ մեղք գործել, պետք է խոսենք այն եղբայրների հետ, ում Եհովան նշանակել է մեզ հովվելու (Հակ. 5։14, 15)։ Նաև պետք է պայքարենք արդարանալու հակման դեմ։ Որքան շուտ ընդունենք ու կիրառենք մեզ տրված խրատը, այնքան արագ կվերագտնենք մեր ներքին խաղաղությունն ու ուրախությունը։

19. Ի՞նչ պետք է վճռենք անել, որ չկորցնենք մեր ներքին անդորրը։

19 Վճռիր չկրկնել նույն սխալները։ Դավիթը գիտեր, որ մաքուր սիրտ ունենալու և նույն մեղքերը չկրկնելու համար Եհովայի օգնության կարիքն ունի (Սաղ. 51։7, 10, 12)։ Աստծուց ներում ստանալուց հետո նա վճռեց արմատախիլ անել իր գլխում ծագող ամեն վնասակար միտք։ Արդյունքում վերագտավ իր ներքին անդորրը։

20. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Աստծուն շնորհակալ ենք իր ներողամտության համար։

20 Մենք ցույց կտանք, որ Եհովային շնորհակալ ենք իր ներողամտության համար, եթե աղոթքով ներում խնդրենք իրենից, ընդունենք մեզ տրված խրատը և ջանքեր թափենք նույն սխալները չկրկնելու համար։ Այս քայլերն անելով՝ կվերագտնենք մեր ներքին խաղաղությունը։ Սրանում համոզվել է լուրջ մեղք գործած մի եղբայր, որի անունը Ջեյմս է։ Նա ասում է. «Երբ մեղքս խոստովանեցի երեցներին, ուսերիցս ասես մի ծանր բեռ ընկավ։ Միտքս սկսեց խաղաղվել»։ Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին և ոգով փշրվածներին փրկում է» (Սաղ. 34։18

21. Ի՞նչ կարող ենք անել, որ Եհովայից մխիթարություն ստանանք։

21 Քանի որ այս աշխարհը մոտենում է իր վերջին, անհանգստության պատճառները հավանաբար է՛լ ավելի կշատանան։ Եթե ինչ-որ բան մտատանջում է քեզ, անմիջապես Եհովային դիմիր օգնության համար։ Ջանասիրաբար ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Դասեր քաղիր Աննայի, Պողոսի ու Դավթի օրինակից։ Խնդրիր քո երկնային Հորը, որ օգնի քեզ հստակ տեսնել անհանգստությանդ պատճառը (Սաղ. 139։23)։ Թույլ տուր նրան կրել քո բեռները, հատկապես երբ խնդրի լուծումը ուժերիցդ վեր է։ Եթե այդպես անես, դու էլ կկարողանաս սաղմոսերգուի նման ասել Եհովային. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս» (Սաղ. 94։19

ԵՐԳ 4 «Եհովան իմ Հովիվն է»

^ պարբ. 5 Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ անհանգստանում ենք զանազան խնդիրների պատճառով։ Այս հոդվածում կքննենք Եհովայի վաղեմի ծառաներից երեքի օրինակները, ովքեր տարբեր մտահոգություններ են ունեցել։ Կիմանանք նաև, թե Եհովան ինչպես է մխիթարել նրանցից յուրաքանչյուրին։

^ պարբ. 1 ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Անհանգստությունը մտատանջություն է ֆինանսական, առողջական, ընտանեկան կամ այլ անձնական խնդիրների պատճառով։ Անցյալի սխալներն ու ապագա ենթադրյալ դժվարությունները նույնպես կարող են մտատանջության առիթ լինել։