ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 6
«Կնոջ գլուխը տղամարդն է»
«Կնոջ գլուխը տղամարդն է» (1 ԿՈՐՆԹ. 11։3)։
ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *
1. Կողակից ընտրելիս ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածի ամուրի քույրը։
ԲՈԼՈՐ քրիստոնյաների գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Նա իր գլխավորությունը կատարյալ ձևով է գործի դնում։ Սակայն ամուսնությունից հետո կնոջ գլուխը դառնում է իր ամուսինը, և կինը պետք է արդեն ենթարկվի անկատար մարդու գլխավորությանը։ Իսկ դա կարող է դժվար լինել։ Ուստի կողակից ընտրելիս քույրը պետք է մտածի հետևյալ հարցերի շուրջ. «Ինչի՞ց է երևում, որ այս եղբայրը ընտանիքի լավ գլուխ կլինի։ Արդյո՞ք հոգևոր գործերը նրա կյանքում առաջին տեղում են։ Եթե ոչ, ի՞նչ հիմքեր ունեմ մտածելու, որ ամուսնությունից հետո նա կհոգա մեր ընտանիքի հոգևոր կարիքները»։ Իհարկե, լավ կլինի նաև, որ քույրը ինքն իրեն հարցնի. «Իսկ ե՞ս ինչ հատկություններ ունեմ, որոնք կնպաստեն մեր ընտանիքի բարօրությանը։ Համբերատար և առատաձե՞ռն եմ։ Եհովայի հետ ունե՞մ ամուր փոխհարաբերություններ» (Ժող. 4։9, 12)։ Այն, թե որքանով երջանիկ կլինի կինը, մասամբ կախված է այն բանից, թե նա ինչ որոշումներ կկայացնի նախքան ամուսնությունը։
2. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
2 Միլիոնավոր քրիստոնյա կանայք հիանալի օրինակ են ամուսնուն հնազանդվելու հարցում և դրա համար գովասանքի են արժանի։ Այս հավատարիմ կանանց հետ Եհովային ուս-ուսի ծառայելը պատիվ է մեզ համար։ Հոդվածից կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները։ 1) Ի՞նչ դժվարությունների են բախվում կանայք։ 2) Ի՞նչն է մղում կնոջը հնազանդվել իր ամուսնուն։ 3) Հնազանդության վերաբերյալ քրիստոնյա տղամարդիկ ու կանայք ի՞նչ կարող են սովորել Հիսուսից, Աբիգեայից և Հիսուսի մայր Մարիամից։
Ի՞ՆՉ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ԿԱՆԱՅՔ
3. Ինչո՞ւ կատարյալ ամուսնություններ չկան։
3 Ամուսնությունը կատարյալ պարգև է Աստծուց, բայց կողակիցներն անկատար են (1 Հովհ. 1։8)։ Դրա համար էլ Աստծու Խոսքը նախազգուշացնում է, որ ամուսնացողները «դժվարություններ կունենան իրենց կյանքում» (1 Կորնթ. 7։28)։ Տեսնենք, թե ինչ դժվարությունների գուցե բախվեն կանայք։
4. Ինչո՞ւ է որոշ կանանց համար ամուսնուն հնազանդվելը նվաստացուցիչ։
4 Դաստիարակության պատճառով կնոջը գուցե թվա, թե ամուսնուն հնազանդվելը նվաստացուցիչ է։ Մարիսոլ անունով մի քույր, ով ապրում է Միացյալ Նահանգներում, ասում է. «Ես մեծացել եմ այնպիսի միջավայրում, որտեղ կանանց շարունակ ասում են, որ ամեն ինչում պետք է հավասար լինեն տղամարդկանց։ Ես գիտեմ, որ Եհովան է հաստատել գլխավորության սկզբունքը և կնոջը համեստ, բայցև պատվավոր դեր է տվել ընտանիքում։ Սակայն երբեմն դժվար է ճիշտ տեսակետ պահպանել այս հարցում»։
5. Կանանց վերաբերյալ ի՞նչ հակասուրբգրային տեսակետներ ունեն որոշ տղամարդիկ։
5 Որոշ կանայք էլ ամուսնացել են այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր կանանց ստորադաս են համարում։ Իվոն անունով մի քույր, ով ապրում է Հարավային Ամերիկայում, ասում է. «Մեզ մոտ նախ տղամարդիկ են ճաշում, հետո՝ կանայք։ Մանկուց աղջիկ երեխաներին սովորեցնում են, որ ճաշ պատրաստելն ու մաքրություն անելը աղջիկների գործն է։ Մայրերն ու քույրերը ծառայում են տղա երեխաներին։ Տղան համարվում է տան «թագավորը»»։ Ասիայում ապրող մի քույր, ում անունը Յինգլինգ է, ասում է. «Չինարենում մի ասացվածք կա, ըստ որի՝ կանանց խելք և ընդունակություններ պետք չեն։ Նրանց դերը տնային գործեր անելն է։ Նրանք իրավունք չունեն ամուսնու մոտ արտահայտելու իրենց կարծիքը»։ Նման տեսակետը հակասուրբգրային է և սիրուց չի բխում։ Այդպիսի մտածելակերպ ունեցող ամուսինը դժվարացնում է կնոջ կյանքը, չի հետևում Հիսուսի օրինակին և տհաճեցնում է Եհովային (Եփես. 5։28, 29; 1 Պետ. 3։7)։
6. Ի՞նչ պետք է անեն կանայք, որպեսզի ամրացնեն իրենց փոխհարաբերությունները Եհովայի հետ։
6 Ինչպես նշեցինք նախորդ հոդվածում, Եհովան ակնկալում է, որ քրիստոնյա տղամարդը հոգ տանի իր ընտանիքի հոգևոր, էմոցիոնալ և նյութական կարիքների մասին (1 Տիմոթ. 5։8)։ Այնուամենայնիվ, ամուսնացած քույրը պետք է ժամանակ հատկացնի Աստծու Խոսքը ամեն օր կարդալու, դրա շուրջ խորհրդածելու և Եհովային ջերմեռանդորեն աղոթելու համար՝ անկախ նրանից, թե որքան զբաղված է նա։ Ինչ խոսք, սա կարող է դժվար լինել։ Կանայք ծանրաբեռնված են առօրյա գործերով, ուստի գուցե մտածեն, որ ժամանակ և ուժ չունեն այս բաներն անելու համար։ Սակայն կենսական է, որ նրանք ժամանակ հատկացնեն հոգևոր գործերին։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան ուզում է, որ մեզանից յուրաքանչյուրը մտերիմ փոխհարաբերություններ զարգացնի իր հետ և պահպանի այդ մտերմությունը (Գործ. 17։27)։
7. Ի՞նչը կօգնի կնոջը հեշտությամբ հնազանդվել ամուսնուն։
7 Ինչպես տեսանք, կնոջից գուցե մեծ ջանքեր պահանջվեն, որ հնազանդվի իր անկատար ամուսնուն։ Սակայն նրա համար ավելի հեշտ կլինի կատարել իր դերը ընտանիքում, եթե հասկանա և ընդունի ամուսնուն հնազանդվելու սուրբգրային պատճառները։
Ի՞ՆՉՆ Է ՄՂՈՒՄ ԿՆՈՋԸ ՀՆԱԶԱՆԴՎԵԼ
8. Եփեսացիներ 5։22–24 համարների համաձայն՝ քրիստոնյա կինը ինչո՞ւ է հնազանդվում ամուսնուն։
8 Քրիստոնյա կինը հնազանդվում է իր ամուսնուն, քանի որ Եհովան է այդպես ուզում (կարդա Եփեսացիներ 5։22–24)։ Նա վստահում է իր երկնային Հորը և գիտի, որ նա սիրում է իրեն և երբեք չի պատվիրի անել մի բան, ինչը օգտակար չէ իր դստեր համար (2 Օրենք 6։24; 1 Հովհ. 5։3)։
9. Ի՞նչ է լինում, երբ քրիստոնյա կինը հարգում է ամուսնու գլխավորությունը։
9 Այս աշխարհը հորդորում է կանանց հնազանդությունը համարել նվաստացուցիչ և անտեսել Եհովայի չափանիշները։ Սակայն նման մտածելակերպ ունեցող մարդիկ չեն ճանաչում մեր սիրառատ Աստծուն։ Եհովան երբեք իր թանկագին դուստրերին չի պատվիրի անել մի բան, ինչը նվաստացուցիչ է նրանց համար։ Այն կինը, ով ամեն ջանք թափում է, որ կատարի Եհովայից ստացած իր դերը, նպաստում է ընտանիքի խաղաղությանը (Սաղ. 119։165)։ Դա օգուտներ է բերում բոլորին՝ թե՛ ամուսնուն, թե՛ կնոջը, թե՛ երեխաներին։
10. Ի՞նչ կարող ենք սովորել Քերոլի խոսքերից։
10 Երբ կինը հնազանդվում է իր անկատար ամուսնուն, փաստում է, որ սիրում և հարգում է Եհովային՝ գլխավորության սկզբունքը տվողին։ Քերոլ անունով մի քույր, ով ապրում է Հարավային Ամերիկայում, ասում է. «Ես գիտեմ, որ ամուսինս սխալներ կանի։ Բայց նաև գիտեմ, որ իմ արձագանքը ցույց կտա, թե որքան թանկ եմ գնահատում Եհովայի հետ մտերմությունս։ Ես ուզում եմ հաճեցնել իմ երկնային Հորը, ուստի ջանում եմ հնազանդվել ամուսնուս»։
11. Ի՞նչն է օգնում Էնիզ անունով մի քրոջ ներողամիտ լինել, և ի՞նչ ենք սովորում նրա խոսքերից։
11 Կնոջ համար թերևս դժվար լինի հարգել ու հնազանդվել ամուսնուն, եթե զգում է, որ վերջինս հաշվի չի առնում իր զգացմունքներն ու մտահոգությունները։ Նկատի առնենք, թե ինչ է անում Էնիզ անունով մի քույր, երբ նման զգացումներ է ունենում։ Նա ասում է. «Փորձում եմ դառնությամբ չլցվել։ Հիշում եմ, որ բոլորս էլ սխալական ենք։ Ձգտում եմ Եհովայի պես մեծահոգաբար ներել։ Երբ ներում եմ, կրկին մտքի խաղաղություն եմ ունենում» (Սաղ. 86։5)։ Ներողամիտ կնոջ համար ավելի հեշտ է հնազանդ լինել։
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԻՑ
12. Ի՞նչ օրինակներ կան Աստվածաշնչում։
12 Ոմանք այն կարծիքին են, որ հնազանդությունը թուլության նշան է։ Բայց նման տեսակետը շատ հեռու է ճշմարտությունից։ Աստվածաշնչում հնազանդ մարդկանց շատ օրինակներ կան, ովքեր ուժեղ բնավորության տեր են եղել։ Տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել Հիսուսից, Աբիգեայից և Մարիամից։
13. Ինչո՞ւ է Հիսուսը հնազանդվում Եհովային։ Բացատրիր։
Հովհ. 7։45, 46)։ Եհովան այնքան բարձր էր գնահատում Հիսուսի ունակությունները, որ թույլ տվեց նրան մասնակցել տիեզերքի արարմանը (Առակ. 8։30; Եբր. 1։2–4)։ Հիսուսի հարությունից հետո Եհովան «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը» նրան տվեց (Մատթ. 28։18)։ Թեև Հիսուսը մեծ ընդունակությունների տեր է, սակայն միշտ փնտրում է Եհովայի առաջնորդությունը։ Ինչո՞ւ։ Քանի որ սիրում է իր Հորը (Հովհ. 14։31)։
13 Հիսուսը հնազանդվում է Եհովային, բայց դա չի նշանակում, որ նա խելացի կամ ընդունակ չէ։ Նա պարզ ու հասկանալի ձևով էր ուսուցանում, ինչը խոսում է նրա մտային մեծ ունակությունների մասին (14. Ամուսիններն ի՞նչ կարող են սովորել կանանց հանդեպ ա) Եհովայի վերաբերմունքից, բ) Առակներ 31-րդ գլխից։
14 Ի՞նչ են սովորում ամուսինները։ Եհովան ուզում է, որ կանայք հնազանդվեն ամուսիններին, սակայն ոչ այն պատճառով, որ կանանց ստորադաս է համարում։ Նա ցույց է տվել կանանց հանդեպ իր վերաբերմունքը՝ իր Որդու համար թագավորակիցներ ընտրելով ինչպես տղամարդկանց միջից, այնպես էլ կանանց (Գաղ. 3։26–29)։ Եհովան վստահություն է դրսևորել Հիսուսի հանդեպ՝ նրան իշխանություն տալով։ Նմանապես՝ իմաստուն տղամարդը որոշակի իշխանություն կվստահի իր կնոջը։ Առաքինի կնոջ մասին Աստծու Խոսքում ասվում է, որ նա վարում է տնային տնտեսությունը, հողատարածք է գնում ու վաճառում և այլ ֆինանսական գործարքներ անում (կարդա Առակներ 31։15, 16, 18)։ Նա ծառա չէ, ով կարծիք արտահայտելու իրավունք չունի։ Նրա ամուսինը վստահում է նրան և լսում է նրա կարծիքը (կարդա Առակներ 31։11, 26, 27)։ Եթե տղամարդը նման հարգանք դրսևորի կնոջ հանդեպ, վերջինս հաճույքով կհնազանդվի իրեն։
15. Հիսուսի օրինակից ի՞նչ կարող են սովորել կանայք։
15 Ի՞նչ են սովորում կանայք։ Չնայած իր ձեռքբերումներին՝ Հիսուսը նվաստացուցիչ չի համարում Եհովայի գլխավորությանը հնազանդվելը (1 Կորնթ. 15։28; Փիլիպ. 2։5, 6)։ Նմանապես առաքինի կինը, ով հետևում է Հիսուսի օրինակին, նվաստացուցիչ չի համարի ամուսնուն հնազանդվելը։ Նա կաջակցի իր ամուսնուն ոչ միայն այն պատճառով, որ սիրում է նրան, այլ նախևառաջ այն պատճառով, որ սիրում ու հարգում է Եհովային։
16. 1 Սամուել 25։3 և 23–28 համարների համաձայն՝ ի՞նչ կացության մեջ հայտնվեց Աբիգեան (տես ամսագրի շապիկի նկարը)։
16 Աբիգեան ամուսնացած էր Նաբաղ անունով մի եսասեր, հպարտ և անշնորհակալ մարդու հետ։ Բայց երբ հնարավորություն ստեղծվեց հեշտությամբ վերջ դնելու իր ամուսնությանը, Աբիգեան չօգտվեց առիթից։ Նա կարող էր չմիջամտել և թույլ տալ, որ Դավիթն ու նրա մարդիկ սպանեին Նաբաղին։ Սակայն դրա փոխարեն գործնական քայլեր ձեռնարկեց, որ պաշտպանի ամուսնուն և իրենց ամբողջ տունը։ Պատկերացրու, թե ինչ քաջություն պահանջվեց այդ կնոջից, որ կանգնի 400 զինված տղամարդկանց առաջ և ստեղծված իրավիճակի մասին հարգանքով խոսի Դավթի հետ։ Աբիգեան նույնիսկ ներողություն խնդրեց ամուսնու սխալների համար (կարդա 1 Սամուել 25։3, 23–28)։ Դավիթն ընդունեց, որ Եհովան է այդ խիզախ կնոջ միջոցով իրեն խորհուրդ տալիս։ Եվ այդ խորհուրդը հետ պահեց Դավթին լուրջ սխալ գործելուց։
17. Ամուսիններն ի՞նչ կարող են սովորել Դավթի և Աբիգեայի պատմությունից։
17 Ի՞նչ են սովորում ամուսինները։ Աբիգեան խելացի կին էր։ Իմաստություն դրսևորելով՝ Դավիթը հետևեց նրա խորհրդին և արդյունքում անմեղ արյուն չթափեց։ Նույն ձևով էլ իմաստուն ամուսինը կարևոր որոշումներ կայացնելիս հաշվի կառնի իր կնոջ կարծիքը։ Հնարավոր է՝ դրա շնորհիվ
նա խուսափի անխոհեմ որոշումներ կայացնելուց։18. Ի՞նչ կարող են սովորել կանայք Աբիգեայից։
18 Ի՞նչ են սովորում կանայք։ Եհովային սիրող ու հարգող կինը կարող է լավ ազդեցություն ունենալ իր ընտանիքի վրա, նույնիսկ եթե ամուսինը Եհովայի վկա չէ կամ հոգևորապես թույլ վիճակում է։ Նա չի փորձի վերջ դնել իր ամուսնությանը՝ չունենալով սուրբգրային հիմք։ Ընդհակառակը, իր հարգալից վերաբերմունքով և հնազանդությամբ նա կմղի ամուսնուն ավելին իմանալ Եհովայի մասին (1 Պետ. 3։1, 2)։ Բայց նույնիսկ եթե նա իր լավ վարքով չկարողանա շահել ամուսնուն, Եհովան բարձր կգնահատի այդ հնազանդ կնոջ՝ իր հանդեպ ցուցաբերած նվիրվածությունը։
19. Ո՞ր դեպքերում կինը չի հնազանդվի իր ամուսնուն։
19 Այդուհանդերձ, քրիստոնյա կինը չի հնազանդվի իր ամուսնուն, եթե վերջինս ասի նրան անել մի բան, ինչը հակասում է աստվածաշնչյան օրենքներին ու սկզբունքներին։ Ենթադրենք՝ քրոջ ոչ Վկա ամուսինը դրդում է նրան ստել, գողանալ կամ անել Աստծուն տհաճ մեկ այլ բան։ Բոլոր քրիստոնյաները, այդ թվում՝ ամուսնացած քույրերը առաջին հերթին պետք է Եհովա Աստծուն հնազանդվեն։ Եթե ամուսինն ուզում է, որ քրիստոնյա կինը խախտի սուրբգրային սկզբունքները, վերջինս պետք է հրաժարվի այդպես վարվելուց և նրբանկատ, բայց հաստատակամ ձևով բացատրի, թե ինչու չի կարող անել նրա ուզածը (Գործ. 5։29)։
20. Որտեղի՞ց գիտենք, որ Մարիամը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։
20 Մարիամը մտերիմ փոխհարաբերություններ ուներ Եհովայի հետ։ Ակներևաբար, նա լավ գիտեր Սուրբ Գրքերը։ Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հետ զրուցելիս Մարիամը մոտ 20 մեջբերում արեց Եբրայերեն Գրություններից (Ղուկ. 1։46–55)։ Ու թեև նա նշանված էր Հովսեփի հետ, Եհովայի հրեշտակը առաջինը Հովսեփին չհայտնվեց։ Նա անձամբ Մարիամի հետ խոսեց և հայտնեց, որ վերջինս լույս աշխարհ է բերելու Աստծու Որդուն (Ղուկ. 1։26–33)։ Եհովան նրան լավ էր ճանաչում և համոզված էր, որ նա կսիրի իր Որդուն և հոգ կտանի նրա մասին։ Անկասկած, Մարիամը շարունակեց Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ ունենալ նույնիսկ այն բանից հետո, երբ Հիսուսը մահացավ և համբարձվեց երկինք (Գործ. 1։14)։
21. Մարիամի մասին աստվածաշնչյան արձանագրություններից ի՞նչ կարող են սովորել ամուսինները։
21 Ի՞նչ են սովորում ամուսինները։ Իմաստուն ամուսինը ուրախանում է՝ տեսնելով, որ իր կինը սուրբգրային խորը գիտելիքներ ունի։ Նա իրեն վատ չի զգում դրանից և չի մտածում, որ վերջինս ուզում է գլխավորությունն իր ձեռքը վերցնել։ Նա հասկանում է, որ եթե իր կողակիցը լավ գիտի Սուրբ Գիրքը և աստվածաշնչյան սկզբունքները, կարող է մեծապես նպաստել ընտանիքի բարօրությանը։ Սակայն, նույնիսկ եթե կինը ավելի կրթված է, քան ամուսինը, միևնույնն է, ընտանեկան երկրպագության և աստվածապետական այլ գործերում առաջնորդություն վերցնելը ամուսնու պատասխանատվությունն է (Եփես. 6։4)։
22. Ի՞նչ կարող են կանայք սովորել Մարիամից։
22 Ի՞նչ են սովորում կանայք։ Ճիշտ է, կինը ամուսնու գլխավորության տակ է, բայց ինքն է պատասխանատու իր հոգևոր առողջության համար (Գաղ. 6։5)։ Ուստի նա պետք է ժամանակ հատկացնի, որպեսզի անձնական ուսումնասիրություն անի և խորհրդածի։ Դա կօգնի կնոջը պահպանել իր սերն ու հարգանքը Եհովայի հանդեպ և ուրախությամբ հնազանդվել ամուսնուն։
23. Հնազանդ կինը ինչպե՞ս է նպաստում իր, իր ընտանիքի և ժողովի բարօրությանը։
23 Այն կանայք, ովքեր Եհովայի հանդեպ սիրուց մղված հնազանդվում են իրենց ամուսիններին, ավելի շատ ուրախություն և բավարարվածություն են զգում, քան նրանք, ովքեր չեն հարգում Եհովայի հաստատած կարգը։ Նրանք նաև լավ օրինակ են երիտասարդների համար՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։ Այսօր Եհովայի հավատարիմ ծառաների մեծ մասը կանայք են (Սաղ. 68։11)։ Հնազանդ լինելով՝ նրանք նպաստում են, որ ջերմ մթնոլորտ տիրի ոչ միայն ընտանիքում, այլև ժողովում (Տիտոս 2։3–5)։ Մեզանից յուրաքանչյուրը՝ տղամարդ, թե կին, կարևոր դեր ունի ժողովում։ Հաջորդ հոդվածից կիմանանք, թե յուրաքանչյուրս ինչպես կարող է կատարել իր դերը։
ԵՐԳ 131 «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ»
^ պարբ. 5 Ըստ Եհովայի սահմանած կարգի՝ կինը պետք է հնազանդվի ամուսնուն։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Հնազանդության մասին քրիստոնյա տղամարդիկ ու կանայք շատ բան կարող են սովորել Հիսուսից և աստվածաշնչյան ժամանակներում ապրած կանանցից։
^ պարբ. 68 ՆԿԱՐ։ Մարիամը այնքան լավ գիտեր Եբրայերեն Գրությունները, որ Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հետ զրուցելիս այնտեղից որոշ հատվածներ մեջբերեց։
^ պարբ. 70 ՆԿԱՐ։ Հոգևորապես առողջ մնալու համար քրիստոնյա կինը ժամանակ է հատկացրել, որ ուսումնասիրի Աստծու Խոսքը։