Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 8

Պահպանիր ուրախությունդ՝ չնայած փորձություններին

Պահպանիր ուրախությունդ՝ չնայած փորձություններին

«Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք» (ՀԱԿ. 1։2

ԵՐԳ 111 Մեր ուրախության պատճառները

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1–2. Ըստ Մատթեոս 5։11-ի՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք փորձություններին։

ՀԻՍՈՒՍՆ իր հետևորդներին իրական երջանկություն է խոստացել։ Սակայն նաև զգուշացրել է, որ նրանք փորձություններ կունենան (Մատթ. 10։22, 23; Ղուկ. 6։20–23)։ Մենք իրոք երջանիկ ենք, որ Քրիստոսի աշակերտներն ենք, բայց ի՞նչ ենք զգում, երբ մտածում ենք, թե ինչ փորձությունների գուցե բախվենք։ Հնարավոր է՝ մեզ հալածեն մեր ընտանիքի անդամները, իշխանությունները, կամ էլ ճնշումների ենթարկվենք մեր աշխատակիցների կամ համադասարանցիների կողմից։ Ինչ խոսք, նման բաների մասին մտածելը կարող է վհատեցնել մեզ, և դա բնական է։

2 Սովորաբար մարդիկ հալածվելիս չեն ուրախանում։ Սակայն Աստծու Խոսքը մեզ ճիշտ հակառակն է հորդորում անել։ Հակոբոս աշակերտը գրել է, որ փորձությունների բախվելիս, վհատվելու փոխարեն, պետք է ուրախանանք (Հակ. 1։2, 12)։ Բացի այդ՝ Հիսուսն ասել է, որ երջանիկ են նրանք, ովքեր հալածվում են (կարդա Մատթեոս 5։11)։ Իսկ ինչպե՞ս պահպանել ուրախությունը փորձությունների ժամանակ։ Այս հարցում շատ բան կարող ենք սովորել Հակոբոսի նամակից։ Բայց նախ տեսնենք, թե ինչ դժվարությունների էին բախվում առաջին դարի քրիստոնյաները։

Ի՞ՆՉ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵԻՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՐԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ

3. Ի՞նչ եղավ այն բանից հետո, երբ Հակոբոսը դարձավ Հիսուսի աշակերտ։

3 Հիսուսի եղբայր Հակոբոսը նոր էր դարձել աշակերտ, երբ Երուսաղեմում մեծ հալածանք սկսվեց քրիստոնյաների դեմ (Գործ. 1։14; 5։17, 18)։ Այդ ընթացքում Ստեփանոսը քարկոծվեց, ինչից հետո շատ քրիստոնյաներ փախան քաղաքից և «ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի շրջաններով մեկ»։ Նրանք հասան մինչև Կիպրոս և Անտիոք (Գործ. 7։58–8։1; 11։19)։ Ակներևաբար, նրանք շատ նեղություններ էին կրում։ Չնայած դրան՝ ուր էլ որ գնում էին, մեծ եռանդով քարոզում էին բարի լուրը և Հռոմեական կայսրությունով մեկ ժողովներ հիմնում (1 Պետ. 1։1)։ Բայց սա դեռ ամենը չէր. նրանց ավելի մեծ դժվարություններ էին սպասում։

4. Ուրիշ ի՞նչ դժվարությունների էին բախվում առաջին դարի քրիստոնյաները։

4 Առաջին դարի քրիստոնյաները տարբեր տեսակի դժվարությունների էին բախվում։ Օրինակ՝ մոտ 50 թվականին Հռոմի կայսր Կլավդիոսը հրամայեց հրեաներին լքել Հռոմը։ Ուստի քրիստոնյա դարձած հրեաները նույնպես ստիպված եղան թողնել իրենց տները և տեղափոխվել այլ վայրեր (Գործ. 18։1–3)։ Մոտ 61 թվականին Պողոս առաքյալը գրեց, որ իր հավատակիցներին հրապարակավ նախատինքների են ենթարկում, բանտարկում են և կողոպտում (Եբր. 10։32–34)։ Բացի այդ՝ ուրիշ մարդկանց պես քրիստոնյաները պաշտպանված չէին աղքատությունից և հիվանդություններից (Հռոմ. 15։26; Փիլիպ. 2։25–27

5. Ի՞նչ հարցեր ենք քննելու։

5 Հակոբոսն իր նամակը գրել է նախքան 62 թվականը։ Այն գրելիս նա քաջատեղյակ էր, թե ինչ փորձություններ էին կրում իր եղբայրներն ու քույրերը։ Եհովայի ներշնչմամբ նա գործնական խորհուրդներ տվեց նրանց, թե ինչպես կարող են պահպանել իրենց ուրախությունը՝ չնայած փորձություններին։ Եկեք քննենք Հակոբոսի նամակը և գտնենք հետևյալ հարցերի պատասխանները։ Քրիստոնյան ինչո՞ւ կարող է ուրախ լինել՝ չնայած փորձություններին։ Ի՞նչը կարող է խլել մեր ուրախությունը։ Ինչպե՞ս կարող են իմաստությունը, հավատն ու քաջությունը օգնել, որ փորձությունների բախվելիս չկորցնենք մեր ուրախությունը։

Ի՞ՆՉՆ Է ՔՐԻՍՏՈՆՅԱՅԻՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՃԱՌՈՒՄ

Լապտերի ապակու ներսում աներեր վառվող կրակի պես Եհովայի տված ներքին ուրախությունը շարունակ վառվում է քրիստոնյայի սրտում (տես պարբերություն 6)

6. Ղուկաս 6։22 և 23 համարների համաձայն՝ քրիստոնյան ինչո՞ւ կարող է ուրախ լինել, երբ փորձությունների է բախվում։

6 Մարդիկ գուցե մտածեն, որ երջանկությունը կախված է լավ առողջությունից, շատ փողից և համերաշխ ընտանիք ունենալուց։ Բայց ուրախությունը, որի մասին գրել է Հակոբոսը, Աստծու ոգու պտղի մի մասն է և կախված չէ մարդու հանգամանքներից (Գաղ. 5։22)։ Իրականում, մեր ուրախությունը, կամ՝ երջանկությունը, կախված է այն բանի գիտակցումից, որ հաճեցնում ենք Եհովային և ընդօրինակում Հիսուսին (կարդա Ղուկաս 6։22, 23; Կող. 1։10, 11)։ Քրիստոնյայի ուրախությունը նման է լապտերի ապակու ներսում վառվող կրակի։ Այն չի երերում, երբ առողջական կամ ֆինանսական խնդիրներ ենք ունենում, չի մարում հարազատների և ուրիշների կողմից եկող հալածանքի կամ ծաղրուծանակի պատճառով։ Ընդհակառակը, ամեն անգամ, երբ նրանք փորձում են հանգցնել մեր սրտում վառվող ուրախությունը, այն ավելի է բոցավառվում։ Հավատի փորձությունները փաստում են, որ մենք Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն ենք (Մատթ. 10։22; 24։9; Հովհ. 15։20)։ Դրա համար էլ Հակոբոսը գրել է. «Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք» (Հակ. 1։2

Ինչո՞ւ կարող ենք փորձությունները նմանեցնել կրակի, որի օգնությամբ կոփում են մետաղը (տես պարբերություն 7) *

7–8. Ինչո՞ւ է մեր հավատը ամրանում, երբ բախվում ենք փորձությունների։

7 Հակոբոսը ևս մի պատճառ է նշում, թե ինչու են քրիստոնյաները պատրաստ կրելու անգամ ծանր փորձություններ։ Նա գրել է. «Ձեր փորձված հավատը տոկունություն է առաջ բերում» (Հակ. 1։3)։ Փորձությունները նման են կրակի, որն անհրաժեշտ է մետաղը կոփելու համար։ Երբ մետաղը շիկացնում են և հետո սառեցնում, այն ավելի ամուր է դառնում։ Նմանապես, երբ մենք տոկում ենք փորձությունների ներքո, մեր հավատն ամրանում է։ Այդ իսկ պատճառով Հակոբոսը գրել է. «Տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք» (Հակ. 1։4)։ Այն միտքը, որ փորձությունները ամրացնում են մեր հավատը, օգնում է, որ ուրախությամբ տոկանք։

8 Իր նամակում Հակոբոսը խոսում է նաև որոշ դժվարությունների մասին, որոնք կարող են խլել մեր ուրախությունը։ Տեսնենք, թե որոնք են այդ դժվարությունները, և ինչպես կարող ենք հաղթահարել դրանք։

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ

9. Ինչո՞ւ իմաստության կարիք ունենք։

9 Խնդիր։ Երբ չգիտենք՝ ինչ անել։ Դժվարությունների ժամանակ մենք ուզում ենք իմաստուն որոշումներ կայացնել, որոնք հաճելի կլինեն Եհովային, կզորացնեն մեր հավատակիցներին և կօգնեն, որ պահենք մեր անարատությունը (Երեմ. 10։23)։ Մեզ իմաստություն է պետք, որպեսզի իմանանք, թե ինչպես վարվենք և ինչ ասենք մեր հակառակորդներին։ Երբ չգիտենք՝ ինչ անել, գուցե մեզ անօգնական զգանք և մտածենք, որ մեր հանգամանքների զոհն ենք դարձել։ Դրա պատճառով հեշտությամբ կարող ենք կորցնել մեր ուրախությունը։

10. Ըստ Հակոբոս 1։5-ի՝ ի՞նչ պետք է անենք իմաստություն ձեռք բերելու համար։

10 Լուծում։ Եհովայից իմաստություն խնդրիր։ Փորձությունների ժամանակ ուրախությունը չկորցնելու համար նախ պետք է Եհովայից իմաստություն խնդրենք, որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել (կարդա Հակոբոս 1։5)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, երբ զգում ենք, որ Եհովան անմիջապես չի պատասխանում մեր աղոթքներին։ Հակոբոսն ասում է, որ մենք պետք է «շարունակ խնդրենք» Աստծուն։ Եհովան չի հոգնում, երբ շարունակ իմաստություն ենք խնդրում իրենից։ Նա չի նախատում մեզ դրա համար։ Ընդհակառակը, «առատաձեռնորեն» տալիս է անհրաժեշտ իմաստությունը, որպեսզի հաղթահարենք դժվարությունները (Սաղ. 25։12, 13)։ Մեր երկնային Հայրը տեսնում է, թե ինչերի միջով ենք անցնում, կարեկցում է մեզ և ուզում է օգնել։ Անկասկած, դա ուրախանալու պատճառ է։ Իսկ Եհովան ինչպե՞ս է իմաստություն տալիս։

11. Ուրիշ ի՞նչ պետք է անենք իմաստություն ձեռք բերելու համար։

11 Եհովան մեզ իմաստություն է տալիս իր Խոսքի միջոցով (Առակ. 2։6)։ Իմաստություն ձեռք բերելու համար պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը և դրա վրա հիմնված հրատարակությունները։ Բայց միայն գիտելիք կուտակելը բավական չէ։ Մենք պետք է նաև վարվենք մեր սովորածի համաձայն։ Հակոբոսը գրել է. «Խոսքը ոչ միայն լսողներ եղեք, այլև կատարողներ, որ ինքներդ ձեզ չխաբեք սխալ դատողությամբ» (Հակ. 1։22)։ Եթե կիրառենք Աստծու տված խորհուրդները, կդառնանք ավելի խաղաղարար, խոհեմ ու ողորմած (Հակ. 3։17)։ Այս հատկությունները կօգնեն մեզ հաղթահարել ցանկացած փորձություն՝ չկորցնելով ուրախությունը։

12. Ինչո՞ւ է կարևոր լավ իմանալ Աստվածաշունչը։

12 Աստվածաշունչը նման է հայելու։ Դրա միջոցով մենք կարող ենք տեսնել մեր թերությունները և շտկել դրանք (Հակ. 1։23–25)։ Ենթադրենք՝ Աստծու Խոսքը ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ չենք կարողանում զսպել մեր զայրույթը։ Բայց Եհովայի օգնությամբ սովորում ենք մեղմություն դրսևորել այն իրավիճակներում, որոնք մեզ հունից հանում են։ Այդ հատկության շնորհիվ մենք ավելի հեշտ ենք հաղթահարում ճնշումները, սթափ ենք դատում և ավելի լավ որոշումներ ենք կայացնում (Հակ. 3։13)։ Տեսնում ենք, որ անչափ կարևոր է լավ իմանալ Աստվածաշունչը։

13. Ինչո՞ւ պետք է ուսումնասիրենք աստվածաշնչյան ժամանակներում ապրած Աստծու ծառաների օրինակները։

13 Երբեմն մենք դասեր ենք քաղում միայն սխալվելուց հետո։ Բայց սովորելու ավելի հեշտ ուղի կա։ Իմաստություն ձեռք բերելու լավագույն միջոցը ուրիշների լավ և վատ արարքներից սովորելն է։ Դրա համար էլ Հակոբոսը հորդորում է, որ սովորենք աստվածաշնչյան ժամանակներում ապրած մարդկանցից, ինչպիսիք են՝ Աբրահամը, Ռախաբը, Հոբը և Եղիան (Հակ. 2։21–26; 5։10, 11, 17, 18)։ Եհովայի այս հավատարիմ ծառաները հաղթահարել են այնպիսի դժվարություններ, որոնք կարող էին խլել իրենց ուրախությունը։ Նրանց դրսևորած տոկունությունը փաստում է, որ Եհովայի օգնությամբ մենք էլ կարող ենք նույնն անել։

14–15. Ինչո՞ւ պետք է փարատենք կասկածները։

14 Խնդիր։ Կասկածներ։ Երբեմն գուցե դժվարանանք հասկանալ Աստծու Խոսքում գրված որոշ մտքեր։ Կամ էլ հնարավոր է՝ Եհովան մեր ուզած ձևով չպատասխանի մեր աղոթքներին։ Սա կարող է կասկածների տեղիք տալ։ Եթե չփարատենք դրանք, մեր հավատը կթուլանա, և Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները կվնասվեն (Հակ. 1։7, 8)։ Կասկածների պատճառով գուցե նույնիսկ կորցնենք ապագայի մեր հույսը։

15 Պողոս առաքյալը քրիստոնյայի հույսը նմանեցրեց խարսխի (Եբր. 6։19)։ Խարսխի շնորհիվ նավը կանգուն է մնում փոթորիկների ժամանակ և չի բախվում ժայռերին։ Սակայն խարիսխը չի ծառայի իր նպատակին, եթե այն նավի հետ կապող շղթան ամուր չլինի։ Ինչպես ժանգն է քայքայում շղթան, այնպես էլ կասկածները կարող են թուլացնել մեր հավատը։ Հակառակության բախվելիս կասկածներ ունեցող անհատը հնարավոր է՝ կորցնի Եհովայի խոստումների հանդեպ հավատը։ Իսկ եթե կորցնի հավատը, կկորցնի նաև հույսը։ Ինչպես Հակոբոսն է ասում, կասկածներ ունեցող մարդը «նման է հողմակոծ ու տարուբերվող ծովի ալիքի» (Հակ. 1։6)։ Նման անհատը դժվար թե ուրախ լինի։

16. Ի՞նչ պետք է անենք, եթե կասկածներ ունենք։

16 Լուծում։ Փարատիր կասկածներդ և ամրացրու հավատդ։ Անվճռական մի՛ եղիր։ Եղիա մարգարեի օրերում Եհովայի ժողովուրդը անվճռական էր դարձել։ Ուստի Եղիան նրանց ասաց. «Մինչև ե՞րբ պիտի երկու մտքի վրա կաղաք։ Եթե Եհովան է ճշմարիտ Աստվածը, նրա՛ն հետևեք, իսկ եթե Բահաղն է, նրա՛ն հետևեք» (1 Թագ. 18։21)։ Այսօր մենք էլ պետք է վճռական լինենք։ Դրա համար անհրաժեշտ է փնտրտուքներ անել և համոզվել, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը, որ Աստվածաշունչը նրա Խոսքն է, և որ Եհովայի վկաները նրա ժողովուրդն են (1 Թեսաղ. 5։21)։ Այս ամենը կօգնի, որ փարատենք կասկածները և ամրացնենք մեր հավատը։ Իսկ եթե չենք կարողանում ազատվել կասկածներից, կարող ենք օգնության համար դիմել երեցներին։ Եթե ուզում ենք շարունակ ուրախությամբ ծառայել Եհովային, պետք է վճռական քայլեր ձեռնարկենք։

17. Ի՞նչ կլինի, եթե կորցնես քաջությունդ։

17 Խնդիր։ Վհատություն։ Աստծու Խոսքն ասում է. «Եթե նեղության օրը վհատվես, քո ուժը խղճուկ կլինի» (Առակ. 24։10)։ «Վհատվել» թարգմանված եբրայերեն բառը կարող է նշանակել «կորցնել քաջությունը»։ Եթե կորցնես քաջությունդ, հեշտությամբ կկորցնես նաև ուրախությունդ։

18. Ի՞նչ է նշանակում տոկալ։

18 Լուծում։ Ապավինիր Եհովային. նա քաջություն կտա, որ տոկաս։ Փորձություններին տոկալու համար մեզ քաջություն է պետք (Հակ. 5։11)։ Հակոբոսի օգտագործած «տոկունություն» բառը իր մեջ ներառում է հաստատուն կանգնած մնալու իմաստ։ Դա հիշեցնում է քաջ զինվորի, ով հաստատուն կանգնած է թշնամու առաջ, և անկախ նրանից, թե որքան կատաղի է հարձակումը, մի քայլ անգամ չի նահանջում։

19. Ի՞նչ ենք սովորում Պողոս առաքյալից։

19 Պողոս առաքյալը քաջության և տոկունության հիանալի օրինակ է։ Երբեմն նա իրեն թույլ էր զգում։ Բայց կարողանում էր տոկալ այն բանի շնորհիվ, որ ապավինում էր Եհովային և վստահ էր, որ նա անհրաժեշտ զորությունը կտա (2 Կորնթ. 12։8–10; Փիլիպ. 4։13)։ Եհովան մեզ էլ անհրաժեշտ զորություն և քաջություն կտա, եթե խոնարհաբար ընդունենք, որ նրա օգնության կարիքն ունենք (Հակ. 4։10

ՄՏԵՐՄԱՑԻՐ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ ԵՎ ՊԱՀՊԱՆԻՐ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԴ

20–21. Ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։

20 Մենք կարող ենք համոզված լինել, որ փորձությունները Աստծու պատիժը չեն։ Հակոբոսը գրել է. «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակ. 1։13)։ Եթե համոզված լինենք, որ այս խոսքերը ճշմարիտ են, կմտերմանանք մեր սիրառատ երկնային Հոր հետ (Հակ. 4։8

21 Եհովան «չի փոխվում» (Հակ. 1։17)։ Դժվարությունների ժամանակ նա օգնում էր առաջին դարի քրիստոնյաներին։ Հետևաբար կարող ենք համոզված լինել, որ նա կօգնի նաև մեզանից յուրաքանչյուրին։ Ուստի ջերմեռանդորեն խնդրիր Եհովային, որ քեզ իմաստություն, հավատ և քաջություն տա։ Նա, անկասկած, կպատասխանի աղոթքներիդ, և դու համոզվածությամբ կլցվես, որ նա կօգնի քեզ ուրախ մնալ՝ չնայած փորձություններին։

ԵՐԳ 128 Տոկա մինչև վերջ

^ պարբ. 5 «Հակոբոս» գրքում բազմաթիվ խորհուրդներ կան այն մասին, թե ինչ կարող ենք անել փորձությունների բախվելիս։ Այս հոդվածում կքննենք դրանցից մի քանիսը։ Հակոբոսի տված խորհուրդները կօգնեն մեզ տոկալ փորձությունների ներքո՝ չկորցնելով մեր ուրախությունը։

^ պարբ. 59 ՆԿԱՐ։ Եղբորը ձերբակալել են։ Նրա կինն ու դուստրը նայում են, թե ինչպես են ոստիկանները նրան տանում։ Մինչ եղբայրը բանտում է, հավատակիցները հրավիրել են նրա կնոջն ու երեխային իրենց ընտանեկան երկրպագությանը։ Մայր ու աղջիկ հաճախակի աղոթում են, որ տոկալու ուժ ունենան։ Եհովան նրանց ներքին խաղաղություն և քաջություն է տալիս։ Արդյունքում նրանց հավատն ամրանում է, և նրանք կարողանում են ուրախությամբ տոկալ։