Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 9

Ընդօրինակիր Հիսուսին՝ ծառայելով ուրիշներին

Ընդօրինակիր Հիսուսին՝ ծառայելով ուրիշներին

«Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (ԳՈՐԾ. 20։35

ԵՐԳ 17 «Ուզո՛ւմ եմ»

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄ *

1. Ի՞նչ հիանալի ոգի է դրսևորում Աստծու ժողովուրդը։

ՇԱՏ վաղուց Աստվածաշունչը կանխագուշակել էր, որ Աստծու ժողովուրդը «հոժար կամքով կտրամադրի իրեն» Աստծուն ծառայելուն՝ հետևելով նրա Որդու առաջնորդությանը (Սաղ. 110։3)։ Ակնհայտ է, որ այդ մարգարեությունը այսօր կատարվում է։ Ամեն տարի Եհովայի եռանդուն ծառաները միլիոնավոր ժամեր են տրամադրում քարոզչական գործին։ Նրանք դա անում են հոժարակամորեն և իրենց միջոցներով։ Բացի այդ՝ ժամանակ են հատկացնում, որ ֆիզիկապես, զգացապես և հոգևորապես աջակցեն իրենց հավատակիցներին։ Երեցներն ու ծառայող օգնականներն էլ շատ ժամանակ են տրամադրում, որպեսզի պատրաստեն ժողովում ունեցած իրենց հանձնարարությունները և հովվական այցելություններ կատարեն։ Ի՞նչն է մղում Աստծու ժողովրդին անելու այս ամենը։ Սերը՝ սերը Եհովայի և մերձավորի հանդեպ (Մատթ. 22։37–39

2. Ըստ Հռոմեացիներ 15։1–3 համարների՝ ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։

2 Հիսուսը ուրիշների շահերը սեփական շահերից վեր դասելու հարցում հրաշալի օրինակ է թողել։ Մենք ձգտում ենք հետևել նրա օրինակին (կարդա Հռոմեացիներ 15։1–3)։ Նրանք, ովքեր ընդօրինակում են Հիսուսին, մեծ օգուտներ են քաղում։ Նա ասաց. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործ. 20։35

3. Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

3 Այս հոդվածից կիմանանք, թե Հիսուսն ինչ զոհողություններ արեց, որ ծառայի ուրիշներին, և կտեսնենք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։ Նաև կքննենք, թե ինչ կարող ենք անել, որ ուրիշներին ծառայելու ավելի մեծ ցանկություն ունենանք։

ԸՆԴՕՐԻՆԱԿԵՆՔ ՀԻՍՈՒՍԻՆ

Չնայած հոգնածությանը՝ ի՞նչ արեց Հիսուսը՝ տեսնելով մարդկանց բազմությունը (տես պարբերություն 4)

4. Հիսուսն ինչպե՞ս ուրիշների շահերը սեփական շահերից վեր դասեց։

4Հիսուսն օգնում էր մարդկանց, նույնիսկ երբ հոգնած էր։ Հիշենք, թե ինչ արեց նա, երբ Կափառնայումի մոտակայքում՝ լեռան մոտ, ժողովրդի մի մեծ բազմություն մոտեցավ նրան։ Հիսուսը ողջ գիշեր աղոթել էր և պետք է որ շատ հոգնած լիներ։ Բայց երբ ամբոխի մեջ տեսավ աղքատների ու հիվանդների, խղճաց նրանց։ Նա ոչ միայն բուժումներ արեց, այլև սկսեց սովորեցնել՝ ներկայացնելով բոլոր ժամանակների ամենատպավորիչ ելույթներից մեկը՝ Լեռան քարոզը (Ղուկ. 6։12–20

Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հիսուսին և անձնազոհ ոգի դրսևորել (տես պարբերություն 5)

5. Ընտանիքի գլուխներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հիսուսի անձնազոհությունը՝ չնայած հոգնածությանը։

5Ընտանիքի գլուխներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հիսուսին։ Պատկերացնենք հետևյալ իրավիճակը։ Ծանր աշխատանքային օրվա վերջում ընտանիքի գլուխը ուժասպառ վերադառնում է տուն։ Թեև գայթակղությունը մեծ է այդ երեկո չանել ընտանեկան երկրպագություն, բայց նա աղաչում է Եհովային, որ ուժ ունենա անցկացնելու այն։ Եհովան պատասխանում է նրա աղոթքին, և ընտանիքը բաց չի թողնում երկրպագության երեկոն։ Այդ օրը երեխաները մի կարևոր դաս են սովորում։ Նրանք տեսնում են, որ ծնողների համար հոգևոր բաները առաջնային տեղում են։

6. Հիսուսն ինչպե՞ս զոհեց իր ժամանակը ուրիշներին օգնելու համար։

6Հիսուսը չէր խնայում իր ժամանակը։ Մի պահ պատկերացրու, թե ինչ զգաց նա՝ իմանալով, որ իր ընկերոջը՝ Հովհաննես Մկրտչին, գլխատել են։ Անկասկած, նա խորապես վշտացավ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Երբ Հիսուսը լսեց [Հովհաննեսի մահվան] մասին, նավով հեռացավ այնտեղից և առանձնանալու համար գնաց մի մեկուսի վայր» (Մատթ. 14։10–13)։ Բնական է, որ Հիսուսն ուզում էր մենակ մնալ. մեզանից շատերն են վշտի մեջ լինելիս այդպես վարվում։ Բայց դա նրան չհաջողվեց։ Նախքան Հիսուսը տեղ կհասներ, մարդկանց բազմությունը արդեն այնտեղ էր։ Ի՞նչ արեց նա, երբ տեսավ նրանց։ Կենտրոնանալով հավաքված մարդկանց կարիքների վրա՝ Հիսուսը «խղճաց» նրանց։ Նա տեսավ, որ մարդիկ հոգևոր օգնության մեծ կարիք ունեն, և անմիջապես գործի անցնելով՝ «սկսեց շատ բաներ սովորեցնել» (Մարկ. 6։31–34; Ղուկ. 9։10, 11

7–8. Ինչպե՞ս են հոգատար երեցներն ընդօրինակում Հիսուսին, երբ հավատակիցները իրենց կարիքն են ունենում։

7Ինչպե՞ս կարող են հոգատար երեցներն ընդօրինակել Հիսուսին։ Մենք խորապես գնահատում ենք այն անձնազոհ աշխատանքը, որ երեցներն անում են մեզ համար։ Այդ աշխատանքի մեծ մասից ժողովը հիմնականում տեղյակ չի լինում։ Օրինակ, երբ հրատապ բուժօգնության կարիք է առաջանում, հիվանդանոցների հետ կապի կոմիտեում ծառայող եղբայրները անմիջապես օգնության են հասնում իրենց հավատակիցներին։ Այսպիսի իրավիճակները հաճախ առաջանում են գիշերվա ժամերին։ Բայց նեղության մեջ գտնվող իրենց եղբայրների ու քույրերի հանդեպ կարեկցանքը մղում է այդ հոգատար երեցներին և նրանց ընտանիքներին, որ հավատակիցների շահերը սեփական շահերից վեր դասեն։

8 Երեցները նաև մասնակցում են Թագավորության սրահների և այլ աստվածապետական շինությունների կառուցման, ինչպես նաև աղետից տուժածներին օգնելու աշխատանքներին։ Բացի այդ՝ նրանք բավականին շատ ժամանակ են ծախսում, որ ժողովում ուսուցանեն, քաջալերեն և աջակցեն մեզ։ Այս բոլոր եղբայրները և նրանց ընտանիքները իսկապես գովասանքի են արժանի։ Թող Եհովան նրանց առատապես օրհնի իրենց ցուցաբերած ոգու համար։ Այդուհանդերձ, երեցները պետք է հավասարակշռված լինեն։ Նրանք չպետք է այնքան շատ ժամանակ տրամադրեն աստվածապետական գործերին, որ դրա պատճառով տուժի իրենց ընտանիքը։

ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ԱՆՁՆԱԶՈՀ ՈԳԻ

9. Փիլիպպեցիներ 2։4, 5 համարների համաձայն՝ ի՞նչ մտածելակերպ պետք է զարգացնեն բոլոր քրիստոնյաները։

9 Կարդա Փիլիպպեցիներ 2։4, 5։ Հիսուսի անձնազոհ ոգին պետք է ընդօրինակեն ոչ միայն երեցները, այլև բոլորս։ Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսը «ծառայի կերպարանք ընդունեց» (Փիլիպ. 2։7)։ Մի պահ մտածիր, թե ինչ են նշանակում այս խոսքերը։ Լավ ծառան առիթներ է փնտրում, որ հաճեցնի իր տիրոջը։ Մենք Եհովայի ծառաներն ենք։ Մենք նաև ծառայում ենք մեր եղբայրներին ու քույրերին։ Ուստի ցանկանում ենք ամեն ջանք թափել, որպեսզի օգտակար լինենք Եհովայի և մեր հավատակիցների համար։ Տեսնենք, թե ինչը կօգնի մեզ այդպես վարվել։

10. Ո՞ր հարցերի շուրջ պետք է մտածենք։

10Մտածիր, թե ինչ վերաբերմունք ունես։ Ինքդ քեզ հարցրու. «Որքանո՞վ եմ պատրաստ զոհելու իմ ժամանակն ու էներգիան ուրիշներին օգնելու համար։ Օրինակ՝ ինչպե՞ս եմ արձագանքում, երբ ինձ խնդրում են այցելել տուն-ինտերնատում ապրող մի տարեց եղբոր կամ ժողովի հանդիպման տանել մի տարեց քրոջ։ Արդյո՞ք պատրաստ եմ օգնել, երբ կարիք է առաջանում մասնակցելու համաժողովի անցկացման վայրի կամ Թագավորության սրահի մաքրության աշխատանքներին»։ Եհովան ուզում է, որ մեր ժամանակը, ուժերն ու միջոցները, որոնք մեր նվիրման ժամանակ խոստացել ենք իրեն տալ, օգտագործենք ուրիշներին անձնվիրաբար օգնելու համար։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե տեսնում ենք, որ այս հարցում բարելավումներ անելու կարիք ունենք։

11. Աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, որ անձնազոհ ոգի զարգացնենք։

11Սրտանց աղոթիր Եհովային։ Ենթադրենք՝ նկատում ես, որ ինչ-որ հարցում բարելավման կարիք ունես, բայց ցանկություն չունես կատարելու անհրաժեշտ փոփոխությունները։ Այդ դեպքում սրտանց աղոթիր Եհովային։ Անկեղծ եղիր։ Պատմիր նրան, թե ինչ ես զգում, և խնդրիր, որ օգնի քեզ «և՛ կամենալ, և՛ գործել» (Փիլիպ. 2։13

12. Երիտասարդ եղբայրները ինչպե՞ս կարող են օգնել ժողովին։

12 Եթե մկրտված երիտասարդ եղբայր ես, խնդրիր Եհովային, որ օգնի քեզ՝ ժողովում ավելի շատ բան անելու ցանկություն զարգացնես։ Կան երկրներ, որտեղ ժողովներում երեցներն ավելի շատ են, քան ծառայող օգնականները, իսկ այդ ծառայող օգնականներից շատերն էլ միջին տարիքի են կամ ավելի մեծ։ Եվ քանի որ կազմակերպությունը գնալով մեծանում է, մեծանում է նաև երիտասարդ եղբայրների կարիքը, ովքեր կօգնեն երեցներին հոգ տանել Եհովայի ժողովրդի մասին։ Եթե պատրաստակամորեն քո անձը տրամադրես ուրիշներին ծառայելուն, դա քեզ ուրախություն կբերի։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպես կհաճեցնես Եհովային, լավ համբավ ձեռք կբերես և կունենաս բավարարվածության խոր զգացում, որը գալիս է ուրիշներին օգնելուց։

Քրիստոնյաները, Հորդանան գետն անցնելով, Հրեաստանից փախել են Պելլա քաղաք։ Նրանք, ովքեր ավելի շուտ էին եկել Պելլա, սնունդ են տրամադրում իրենց այն հավատակիցներին, ովքեր նոր են եկել (տես պարբերություն 13)

13–14. Ի՞նչ գործնական քայլեր կարող ենք ձեռնարկել մեր հավատակիցներին օգնելու համար (տես ամսագրի շապիկի նկարը)։

13Ուշադիր եղիր և նկատիր, թե մարդիկ ինչի կարիք ունեն։ Պողոս առաքյալը եբրայեցիներին հորդորեց. «Մի՛ մոռացեք բարին գործել և ձեր ունեցածով օգնեք ուրիշներին, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբր. 13։16)։ Սա շատ գործնական խորհուրդ էր, քանի որ այս նամակը ստանալուց կարճ ժամանակ հետո Հրեաստանում ապրող քրիստոնյաները պետք է թողնեին իրենց տներն ու ոչ քրիստոնյա հարազատներին և «սարերը փախչեին» (Մատթ. 24։16)։ Անկասկած, այդ ժամանակ անչափ կարևոր էր, որ նրանք օգնեին միմյանց։ Եթե նախքան դա նրանք կիրառած լինեին Պողոսի խորհուրդը և իրենց ունեցածը կիսեին ուրիշների հետ, նրանց համար ավելի հեշտ կլիներ հարմարվել նոր ապրելակերպին։

14 Միշտ չէ, որ մեր եղբայրներն ու քույրերը ասում են, թե ինչի կարիք ունեն։ Ենթադրենք՝ եղբայրը սգի մեջ է, քանի որ կորցրել է իր սիրելի կնոջը։ Հնարավոր է՝ նա ճաշ պատրաստելու, տրանսպորտի կամ տնային գործերում օգնության կարիք ունի։ Գուցե եղբայրը մեզ ոչինչ չասի՝ մտածելով, թե բեռ կլինի մեզ համար, բայց եթե նախաձեռնություն վերցնենք և առաջարկենք մեր օգնությունը, նա խորապես կգնահատի դա։ Մենք չպետք է մտածենք, թե մեկ ուրիշը հոգ կտանի նրա մասին, կամ էլ ամեն անգամ, երբ նա մեր կարիքն ունենա, կդիմի մեզ։ Մտածիր. «Եթե նրա տեղը լինեի, ի՞նչ կուզեի, որ ինձ համար անեին»։

15. Անձնազոհ լինելու համար ի՞նչ պետք է վճռենք անել։

15Եղիր մատչելի։ Անկասկած, գիտես հավատակիցների, ովքեր միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել ուրիշներին։ Նրանք երբեք այնպիսի տպավորություն չեն թողնում, թե մեզ օգնելը բեռ է նրանց համար։ Մենք գիտենք, որ անհրաժեշտության դեպքում միշտ կարող ենք մեր հույսը նրանց վրա դնել։ Մենք էլ կուզեինք նրանց նման լինել։ Ալեն անունով մի եղբայր, ով 40-ն անց երեց է, նպատակ է դրել մատչելի լինել։ Խորհելով Հիսուսի օրինակի շուրջ՝ եղբայրը հետևյալն է ասում. «Հիսուսը զբաղված կյանքով էր ապրում, բայց մարդիկ, անկախ տարիքից, ձգվում էին դեպի նա և անհարմար չէին զգում նրանից օգնություն խնդրել։ Նրանք գիտեին, որ Հիսուսը իսկապես հետաքրքրված է իրենցով։ Շատ եմ ուզում ընդօրինակել Հիսուսին և մարդկանց համար լինել մատչելի, ջերմ ու հոգատար անձնավորություն»։

16. Սաղմոս 119։59, 60 համարները ինչպե՞ս են օգնում մեզ, որ սերտորեն հետևենք Հիսուսի օրինակին։

16 Մենք չպետք է վհատվենք, եթե տեսնենք, որ չի ստացվում կատարելապես ընդօրինակել Հիսուսին (Հակ. 3։2)։ Նկարչի աշակերտը չի կարող իր ուսուցչի պես նկարել, սակայն ժամանակի ընթացքում կարող է բարելավել նկարելու իր հմտությունները՝ սովորելով իր սխալներից և ձգտելով հնարավորինս սերտորեն հետևել ուսուցչի օրինակին։ Նմանապես, եթե կիրառենք այն, ինչ սովորում ենք Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ, և ձգտենք շտկել մեր թերությունները, կկարողանանք սերտորեն հետևել Հիսուսի թողած օրինակին (կարդա Սաղմոս 119։59, 60

ԱՆՁՆԱԶՈՀ ԼԻՆԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Ընդօրինակելով Հիսուսի անձնազոհությունը՝ երեցները հիանալի օրինակ են թողնում երիտասարդ եղբայրների համար (տես պարբերություն 17) *

17–18. Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ ընդօրինակելով Հիսուսի անձնազոհությունը։

17 Մեր անձնազոհ ոգին կարող է վարակիչ լինել։ Թիմ անունով մի երեց ասում է. «Մեր ժողովում ունենք եղբայրներ, ովքեր առաջադիմել և նշանակվել են ծառայող օգնականներ դեռ շատ երիտասարդ տարիքում։ Դա մասամբ եղել է այն բանի շնորհիվ, որ նրանք տեսել են ուրիշների անձնազոհությունը և ընդօրինակել նրանց։ Այս երիտասարդ եղբայրները մեծ օգնություն են ժողովի ու երեցների համար»։

18 Աշխարհը ողողված է եսասիրությամբ։ Բայց Եհովայի ժողովուրդը մեծապես տարբերվում է այս աշխարհից։ Մեզ տպավորում է Հիսուսի անձնազոհությունը, ուստի վճռել ենք հետևել նրա օրինակին։ Ճիշտ է, մենք չենք կարող դա անել կատարելապես, բայց կարող ենք «սերտորեն նրա հետքերին հետևել» (1 Պետ. 2։21)։ Եթե ամեն կերպ ձգտենք ընդօրինակել Հիսուսին և անձնազոհ ոգի դրսևորել, կունենանք Եհովայի հավանությունը և երջանիկ կլինենք։

ԵՐԳ 13 Քրիստոսը մեր օրինակն է

^ պարբ. 5 Հիսուսը միշտ ուրիշների շահերը իր շահերից վեր էր դասում։ Այս հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։ Կիմանանք նաև, թե ինչ օգուտներ կստանանք, եթե Հիսուսի պես՝ անձնազոհ ոգի դրսևորենք։

^ պարբ. 57 ՆԿԱՐ։ Դեն անունով մի երիտասարդ եղբայր տեսնում է, որ երկու երեց եկել են հիվանդանոց՝ տեսակցելու իր հորը։ Երեցների դրսևորած սերն ու հոգատարությունը մղում են Դենին ուշադիր լինել հավատակիցների կարիքների հանդեպ։ Բեն անունով մեկ այլ երիտասարդ եղբայր նկատում է, թե ինչպես է Դենը հոգատարություն դրսևորում ուրիշների հանդեպ։ Դենի օրինակը մղում է նրան օգնել Թագավորության սրահի մաքրության աշխատանքներում։