Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեսել եմ Եհովայի ժողովրդի հավատը

Տեսել եմ Եհովայի ժողովրդի հավատը

ՀԱՎԱՆԱԲԱՐ քո կյանքում էլ են եղել այնպիսի զրույցներ, որոնք հատուկ նշանակություն են ունեցել քեզ համար։ Իմ կյանքում մոտ հիսուն տարի առաջ եղել է նման մի զրույց։ Ես ու ընկերս երկար ճանապարհորդելուց հետո հասել էինք Քենիա։ Խարույկի մոտ նստած՝ քննարկում էինք կրոնական թեմայով մի ֆիլմ, երբ ընկերս ասաց. «Այն սխալ լույսի ներքո է ներկայացնում Աստվածաշունչը»։

Ես ծիծաղեցի, քանի որ ընկերս կրոնասեր անձնավորության տպավորություն չէր թողել ինձ վրա։ Նրան հարցրի. «Ի՞նչ գիտես Աստվածաշնչի մասին»։ Նա չշտապեց պատասխանել, բայց հետո ասաց, որ իր մայրը Եհովայի վկա է, և որոշ բաներ նրանից է իմացել։ Դա շարժեց հետաքրքրությունս, և ես խնդրեցի, որ ավելին պատմի։

Այդ օրը մինչև ուշ գիշեր զրուցեցինք։ Ընկերս ասաց, որ Աստվածաշնչի համաձայն՝ Սատանան է այս աշխարհի իշխանը (Հովհ. 14։30)։ Թերևս դուք այդ մասին մանկուց գիտեք, բայց ինձ համար այդ միտքը նոր էր և ուշագրավ։ Միշտ լսել էի, որ բարի ու արդար Աստված է ղեկավարում աշխարհը, բայց դա հակասում էր այն ամենին, ինչ տեսնում էի շուրջս։ Ես ընդամենը 26 տարեկան էի, բայց շատ բաների միջով էի անցել։

Հայրս օդաչու էր Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում։ Ուստի դեռ երեխա ժամանակվանից գիտեի, որ միջուկային պատերազմի հավանականությունը շատ մեծ է։ Զինվորականները ամեն պահի կարող էին միջուկային զենք կիրառել։ Հետագայում սկսվեց Վիետնամի պատերազմը։ Այդ տարիներին Կալիֆոռնիայում էի սովորում և միացա ուսանողական ցույցերի։ Ոստիկանները հետապնդում էին մեզ՝ կիրառելով մահակներ և արցունքաբեր գազ։ Շատ անհանգիստ ժամանակներ էին։ Քաղաքական գործիչներ էին սպանվում, և ամենուրեք ցույցեր և ապստամբություններ էին։ Իրավիճակի լուծման առնչությամբ բազմաթիվ գաղափարներ ու կարծիքներ էին հնչում. այդ ամենը ահավոր շփոթեցնող էր։

Լոնդոնից՝ Կենտրոնական Աֆրիկա

1970 թ.-ին սկսեցի աշխատել Ալյասկայի հյուսիսային ափին։ Այնտեղ շատ փող վաստակեցի։ Հետո գնացի Լոնդոն, մոտոցիկլետ գնեցի և, առանց որևէ նպատակակետ ունենալու, ուղևորվեցի հարավ։ Ամիսներ անց հասա Աֆրիկա։ Ճանապարհին հանդիպեցի տարբեր մարդկանց, ովքեր նույնպես ուզում էին փախչել և ազատվել իրենց խնդիրների կապանքներից։

Քանի որ այդքան վատ բաներ էի տեսել ու լսել, ինձ շատ տրամաբանական թվաց աստվածաշնչյան այն ուսմունքը, որ չար ոգեղեն արարած է ղեկավարում երկիրը։ Բայց ինձ մի հարց էր տանջում. «Իսկ ո՞ւր է Աստված»։

Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում գտա իմ հարցի պատասխանը, ինչպես նաև ընկերացա բազմաթիվ տղամարդկանց ու կանանց հետ, ովքեր տարբեր հանգամանքների ներքո փաստել էին, որ հավատարիմ են միակ ճշմարիտ Աստծուն։

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱ՝ «ՌՈՒՄԲԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏԻ ԵՐԿԻՐ»

Վերադառնալով Լոնդոն՝ կապ հաստատեցի ընկերոջս մոր հետ, և նա ինձ Աստվածաշունչ տվեց։ Ավելի ուշ գնացի Ամստերդամ՝ Նիդերլանդներ։ Մի օր փողոցային լապտերի տակ Աստվածաշունչ էի կարդում, երբ մի Վկա, դա տեսնելով, մոտեցավ ինձ։ Նա օգնեց, որ ավելին իմանամ։ Այնուհետև մեկնեցի Դուբլին՝ Իռլանդիա, և այնտեղ գտա Եհովայի վկաների մասնաճյուղը, որտեղ էլ հանդիպեցի Արթուր Մեթյուսին։ Նա մի իմաստուն և փորձառու եղբայր էր։ Արթուրին խնդրեցի, որ օգնի ինձ Աստվածաշունչ ուսումնասիրել, և նա համաձայնվեց։

Ես խորասուզվեցի ուսումնասիրության մեջ՝ անհագորեն ընթերցելով Վկաների հրատարակած գրքերն ու ամսագրերը։ Իհարկե կարդում էի նաև Աստվածաշունչը։ Ես շատ տպավորված էի։ Ժողովի հանդիպումների ժամանակ տեսնում էի, որ անգամ երեխաները գիտեին այնպիսի հարցերի պատասխաններ, որոնք կրթված մարդիկ դարեր շարունակ փնտրել են։ Այդ հարցերից են. «Ինչո՞ւ աշխարհում չարություն կա։ Ո՞վ է Աստված։ Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո»։ Ես շփվում էի միայն Վկաների հետ։ Հեշտ էր այդպես վարվել, քանի որ այդ երկրում ուրիշ ոչ ոքի չէի ճանաչում։ Նրանք օգնեցին, որ սկսեմ սիրել Եհովային և մղվեմ կատարելու նրա կամքը։

Նայջլը, Դենիսը և ես

1972 թ.-ին մկրտվեցի։ Մեկ տարի անց ռահվիրա դարձա և սկսեցի ծառայել Հյուսիսային Իռլանդիայի Նյուրի քաղաքի փոքր ժողովում։ Սարի լանջին մի մեկուսի քարե տնակ վարձեցի։ Կողքի դաշտում կովեր էին արածում, և ես իմ ելույթները փորձում էի նրանց առջև։ Նրանք որոճում էին և ուշադրությամբ լսում ինձ։ Ճիշտ է, խորհուրդ չէին կարող տալ, բայց օգնում էին, որ տեսողական կապ պահեմ լսարանի հետ։ 1974 թ.-ին հատուկ ռահվիրա նշանակվեցի։ Ծառայակիցս Նայջլ Փիթն էր, ով դարձավ իմ մտերիմ ընկերը։

Այդ ժամանակ Հյուսիսային Իռլանդիայում հակամարտություն սկսվեց, որը հայտնի դարձավ «Անհանգիստ օրեր» անվանումով։ Ոմանք Հյուսիսային Իռլանդիան նույնիսկ կոչեցին «ռումբի և փամփուշտի երկիր»։ Փողոցներում սովորական բան էին դարձել փոխհրաձգությունները, ամենուր դիպուկահարներ կային, ինչպես նաև մեքենաներ էին պայթեցվում։ Ընդհարումները թե՛ քաղաքական և թե՛ կրոնական բնույթ էին կրում։ Բայց քանի որ բողոքականներն ու կաթոլիկները գիտեին, որ Վկաները քաղաքական առումով չեզոք են, մենք կարողանում էինք ազատորեն և անվտանգ քարոզել։ Սովորաբար բնակիչները իմանում էին, թե երբ և որտեղ է ընդհարում լինելու, և նախօրոք զգուշացնում էին մեզ, որ խուսափեինք վտանգից։

Այնուամենայնիվ, վտանգավոր իրավիճակներ լինում էին։ Մի օր մեկ այլ ռահվիրայի՝ Դենիս Քերիգանի հետ քարոզում էինք մոտակա քաղաքում, որտեղ ընդհանրապես Վկաներ չկային։ Այդ տարածքում ընդամենը մեկ անգամ էինք եղել։ Այնտեղ հանդիպեցինք մի կնոջ, ով մեղադրեց մեզ՝ ասելով, թե մենք բրիտանացի զինվորներ ենք և թաքցնում ենք դա։ Թերևս պատճառն այն էր, որ ոչ մեկս իռլանդական ակցենտով չէինք խոսում։ Նրա խոսքերը վախեցրին մեզ, քանի որ զինվորների հետ պարզապես բարեհամբույր լինելն արդեն իսկ վտանգավոր էր։ Դրա համար քեզ կարող էին սպանել կամ կրակել ծնկներիդ։ Ցուրտ եղանակ էր, և մենք դրսում կանգնած ավտոբուսի էինք սպասում։ Հանկարծ մի մեքենա մոտեցավ այն սրճարանին, որտեղ հանդիպել էինք այդ կնոջը։ Նա դուրս եկավ և մեզ մատնացույց անելով՝ սկսեց խոսել մեքենայում նստած երկու տղամարդկանց հետ։ Հետո այդ տղամարդիկ մեքենայով դանդաղ մոտեցան մեզ և մի քանի հարց տվեցին ավտոբուսի ժամանման գրաֆիկի հետ կապված։ Երբ ավտոբուսը եկավ, նրանք սկսեցին խոսել վարորդի հետ, բայց մենք ոչինչ չկարողացանք լսել։ Ավտոբուսում այլ ուղևորներ չկային, ուստի մենք համոզված էինք, որ նրանք պլանավորում են մեզ քաղաքից դուրս տանել և ազատվել մեզանից։ Բայց նման բան չեղավ։ Երբ իջնում էի ավտոբուսից, վարորդին հարցրի. «Այդ մարդիկ ի՞նչ էին հարցնում մեր մասին»։ Նա էլ ասաց. «Մի՛ անհանգստացեք։ Ես ճանաչում եմ ձեզ և նրանց ասացի, թե դուք ովքեր եք։ Ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում»։

Մեր հարսանիքի օրը, 1977 թ. մարտ

1976 թ.-ին Դուբլինում տեղի ունեցած մարզային համաժողովի ժամանակ հանդիպեցի Փոլին Լոմաքսին, ով Անգլիայից եկած մի հատուկ ռահվիրա էր։ a Նա հոգևոր, խոնարհ և հաճելի քույր էր։ Փոլինն ու նրա եղբայրը՝ Ռեյը, ճշմարտության մեջ էին մեծացել։ Մեր հանդիպումից մեկ տարի անց ես ու Փոլինն ամուսնացանք։ Մենք շարունակեցինք հատուկ ռահվիրա ծառայել, և մեզ նշանակեցին Բալիմինա՝ Հյուսիսային Իռլանդիա։

Որոշ ժամանակ եղել ենք նաև շրջանային ծառայության մեջ Բելֆաստում, Լոնդոնդերիում և այլ վտանգավոր տարածքներում։ Անչափ քաջալերական էր տեսնել այդ վայրերում ապրող մեր եղբայրների ու քույրերի հավատը։ Նրանք ազատվել էին իրենց մեջ խոր արմատներ գցած կրոնական հավատալիքներից, նախապաշարմունքներից և ատելությունից, որ կարողանային ծառայել Աստծուն։ Եհովան էլ մեծապես օրհնում ու պաշտպանում էր նրանց։

Իռլանդիայում ապրեցի 10 տարի։ Այնուհետև 1981 թ.-ին մեզ հրավիրեցին սովորելու «Գաղաադի» 72-րդ դասարանում։ Այն ավարտելուց հետո նշանակվեցինք Արևմտյան Աֆրիկա՝ Սիեռա Լեոնե։

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ. ԱՂՔԱՏ, ԲԱՅՑ ԼԻ ՀԱՎԱՏՈՎ

Տասնմեկ հրաշալի եղբայրների ու քույրերի հետ ապրում էինք միսիոներական տանը։ Մենք ունեինք ընդամենը մեկ խոհանոց, երեք զուգարան, երկու լոգարան, մեկ հեռախոս, մեկ լվացքի մեքենա և մեկ չորանոց։ Հաճախ հոսանքի անսպասելի անջատումներ էին լինում, տանիքում առնետներ էին վազվզում, իսկ նկուղ կոբրաներ էին սողոսկում։

Անցնում ենք գետը, որպեսզի մասնակցենք հարևան երկրում՝ Գվինեայում անցկացվող համաժողովին

Թեև ապրելու պայմանները այդքան էլ հարմարավետ չէին, բայց ծառայությունը մեզ մեծ ուրախություն էր պատճառում։ Մարդիկ մեծ հարգանք ունեին Աստվածաշնչի հանդեպ և ուշադիր լսում էին, երբ քարոզում էինք։ Շատերը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և նվիրվեցին Եհովային։ Տեղացիները ինձ պարոն Ռոբերտ էին կոչում, իսկ Փոլինին՝ տիկին Ռոբերտ։ Հետագայում, երբ ավելի շատ սկսեցի զբաղվել մասնաճյուղի գործերով և ծառայությանն ավելի քիչ ժամանակ էի կարողանում տրամադրել, մարդիկ Փոլինին սկսեցին կոչել տիկին Փոլին, իսկ ես դարձա՝ պարոն Փոլինը։ Փոլինին դա դուր էր գալիս։

Ուղևորվում ենք Սիեռա Լեոնե՝ մասնակցելու քարոզարշավին

Հավատակիցներից շատերը աղքատ էին, բայց Եհովան միշտ հոգ էր տանում նրանց մասին, երբեմն անհավանական կերպերով (Մատթ. 6։33)։ Հիշում եմ՝ մի օր քույրերից մեկը, ով իր և իր երեխաների համար ընդամենը մեկ օրվա ուտելիքի փող ուներ, այդ ողջ գումարը տվեց մալարիայով հիվանդ մի եղբոր, որ վերջինս կարողանար դեղորայք գնել։ Նույն օրը՝ ավելի ուշ, մի կին անսպասելի եկավ քրոջ մոտ և խնդրեց, որ գումարի դիմաց հարդարի իր մազերը։ Նմանատիպ իրավիճակներ շատ էին լինում։

ՆԻԳԵՐԻԱ. ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ՆՈՐ ՄՇԱԿՈՒՅԹԻ

Սիեռա Լեոնեում 9 տարի ծառայելուց հետո մեզ տեղափոխեցին Նիգերիայի Բեթել։ Այդուհետ ծառայելու էինք մեծ մասնաճյուղում։ Ինչպես Սիեռա Լեոնեում, այնպես էլ այստեղ գրասենյակային աշխատանք պետք է անեի, բայց Փոլինի ծառայությունը լիովին փոխվեց, ինչը մեծ ու դժվար փոփոխություն էր նրա համար։ Մինչ այդ նա ամսական 130 ժամ տրամադրում էր ծառայությանը և Աստվածաշնչի բազմաթիվ արդյունավետ ուսումնասիրություններ էր անցկացնում։ Այժմ Փոլինը պետք է ամբողջ օրը հագուստի վերանորոգմամբ զբաղվեր։ Ինչ խոսք, նոր նշանակմանը հարմարվելու համար ժամանակ էր պետք, բայց նա կենտրոնացավ այն բանի վրա, որ մյուսները մեծապես գնահատում են իր աշխատանքը, և նպատակ դրեց, որ առիթներ փնտրի բեթելցիներին քաջալերելու համար։

Մենք ծանոթ չէինք Նիգերիայի մշակույթին և շատ բան ունեինք սովորելու։ Մի օր, մի եղբայր եկավ իմ գրասենյակ, որպեսզի ինձ ծանոթացնի վերջերս Բեթել նշանակված մի քրոջ հետ։ Երբ ձեռքս մեկնեցի, որ ողջունեմ այդ քրոջը, նա խոնարհվեց ոտքերիս առաջ։ Դա ինձ անակնկալի բերեց։ Միտքս անմիջապես եկան Հայտնություն 19։10 և Գործեր 10։25, 26 համարները։ Մտածեցի՝ «Չասե՞մ, որ այդպես չանի»։ Բայց միևնույն ժամանակ հասկանում էի, որ եթե նա Բեթել է հրավիրվել, ուրեմն գիտի, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։

Մեր ողջ զրույցի ընթացքում չէի կարողանում կենտրոնանալ։ Բայց դրանից հետո փնտրտուք արեցի և իմացա, որ այդ երկրի որոշ մասերում նման սովորություն կար, և քույրը վարվել էր դրա համաձայն։ Տղամարդիկ էլ էին այդպես վարվում, և դա հարգանքի նշան էր, ոչ թե երկրպագություն։ Աստվածաշնչում էլ նման օրինակներ կան (1 Սամ. 24։8)։ Ուրախ էի, որ չիմացության պատճառով չասացի մի բան, ինչը վատ դրության մեջ կդներ իմ քրոջը։

Նիգերիայում հանդիպեցինք բազմաթիվ հավատակիցների, ովքեր տարիներ շարունակ բացառիկ հավատ էին դրսևորել, օրինակ՝ Այզայա Ադագբոնան։ b Նա ճշմարտությունն իմացել էր երիտասարդ տարիքում, բայց որոշ ժամանակ հետո հիվանդացել էր բոր հիվանդությամբ, և նրան ուղարկել էին բորով հիվանդների ճամբար։ Այնտեղ Այզայան միակ Վկան էր։ Չնայած հակառակությանը՝ նա օգնել է բորով հիվանդ ավելի քան 30 անհատների ընդունել ճշմարտությունը, ինչի արդյունքում ճամբարում ժողով է հիմնվել։

ՔԵՆԻԱ. ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐՍ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԷԻՆ ԻՄ ՀԱՆԴԵՊ

Ռնգեղջյուրի ձագի հետ (Քենիա)

1996 թ.-ին նշանակվեցինք ծառայելու Քենիայի մասնաճյուղում։ Իմ պատմության սկզբում նշված ճամփորդությունից հետո առաջին անգամ էի վերադառնում Քենիա։ Մարդիկ Բեթելի միակ այցելուները չէին։ Մեզ հյուր էին գալիս նաև կանաչ կզակապիկները։ Սովորաբար նրանք քույրերից մրգեր էին գողանում։ Մի օր քույրերից մեկը Բեթելի իր սենյակի պատուհանը բաց էր թողել։ Երբ նա ներս մտավ, տեսավ, որ կապիկների մի ընտանիք վայելում է սենյակում դրված ուտելիքը։ Նա ճչաց և դուրս վազեց սենյակից։ Կապիկներն էլ, սուր ճիչ արձակելով, պատուհանից դուրս փախան։

Ես ու Փոլինը ծառայում էինք սվահիլի լեզվով խոսող ժողովում։ Կարճ ժամանակ հետո, չնայած որ լեզվի իմացությունս մանկան մակարդակի վրա էր, ինձ նշանակեցին անցկացնելու «Ժողովի՝ գրքի ուսումնասիրությունը» (այժմ՝ «Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն»)։ Նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրում էի ողջ նյութը, որպեսզի կարողանայի կարդալ հարցերը։ Բայց եթե մեկնաբանությունները անգամ փոքր-ինչ տարբերվում էին գրվածից, ես չէի հասկանում դրանք. շատ անհարմար իրավիճակ էր։ Այդ եղբայրներն ու քույրերը մեղքս գալիս էին։ Ինձ անչափ տպավորում էր այն, որ նրանք խոնարհությամբ և համբերատարությամբ հարմարվում էին իրավիճակին։

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ. ՀԱՐՈՒՍՏ, ԲԱՅՑ ՀԱՎԱՏՈՎ ԼԻ

Քենիա նշանակվելուց հետո մեկ տարի էլ չէր անցել, երբ 1997 թ.-ին մեզ հրավիրեցին Բրուքլինի Բեթել (Նյու Յորք)։ Այդուհետ ծառայելու էինք նյութապես բարգավաճ երկրում։ Ինչ խոսք, այստեղ էլ ուրիշ խնդիրներ կան, բայց մեր քույրերն ու եղբայրները մեծ հավատ են դրսևորում (Առակ. 30։8, 9)։ Նրանք իրենց ժամանակն ու միջոցները օգտագործում են ոչ թե հարստանալու, այլ Եհովայի կազմակերպությանը աջակցելու համար։

Տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես են մեր հավատակիցները տարբեր հանգամանքներում հավատարիմ մնում Եհովային։ Իռլանդիայում նրանք հավատ էին դրսևորում՝ չնայած քաղաքացիական խռովություններին, Աֆրիկայում՝ չնայած աղքատությանն ու հավատակիցներից հեռու լինելուն, իսկ Միացյալ Նահանգներում՝ չնայած նյութապես բարգավաճ վիճակին։ Անկասկած, Եհովան անչափ ուրախանում է՝ տեսնելով, թե ինչպես է իր ժողովուրդը ցանկացած հանգամանքներում սեր ցուցաբերում իր հանդեպ։

Ես ու Փոլինը Ուորվիքի Բեթելում

Տարիներն անցան մեկ ակնթարթի պես, «ավելի սրընթաց.... քան մաքոքը» (Հոբ 7։6)։ Այժմ մենք գլխավոր վարչությունում ենք՝ Ուորվիքում (Նյու Յորք), և մեծ ուրախություն ենք ստանում՝ ուս ուսի ծառայելով այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես սիրում են միմյանց։ Մենք երջանիկ ենք և լի բավարարվածության զգացումով, որ կարող ենք թիկունք կանգնել մեր Թագավորին՝ Քրիստոս Հիսուսին, ով շուտով կվարձատրի իրեն հավատարիմ բազմաթիվ մարդկանց (Մատթ. 25։34

a Այն ժամանակ տարածաշրջանային համաժողովները կոչվում էին մարզային համաժողովներ։

b Այզայա Ադագբոնայի կենսագրությունը տպագրվել է «Դիտարանի» 1998 թ. ապրիլի 1-ի համարում, էջ 22-27 (անգլ., ռուս.)։ Եղբայրը մահացել է 2010 թ.-ին։