Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 7

ԵՐԳ 51 Մենք Աստծուն ենք նվիրվել

Ի՞նչ ենք սովորում ուխտավորներից

Ի՞նչ ենք սովորում ուխտավորներից

«Իր ուխտավորության բոլոր օրերին նա սուրբ է Եհովայի համար» (ԹՎԵՐ 6։8

ՀՈԴՎԱԾԻՑ ԿԻՄԱՆԱՆՔ

Ինչպե՞ս կարող է ուխտավորների օրինակը օգնել մեզ ծառայել Եհովային անձնազոհ ոգով և քաջությամբ։

1. Պատմության ընթացքում ինչպիսի՞ ոգի են դրսևորել Եհովային պաշտողները։

 ՔԵԶ համար թա՞նկ է Եհովայի հետ ընկերությունը։ Վստահ ենք՝ այո՛։ Հին ժամանակներից սկսած՝ շատերն են թանկ համարել Եհովայի հետ մտերմությունը (Սաղ. 104։33, 34)։ Աստծուն պաշտելու համար բազմաթիվ մարդիկ զոհողություններ են արել, օրինակ՝ հին Իսրայելում ապրող ուխտավորները։ Ովքե՞ր էին նրանք, և մենք ի՞նչ կարող ենք սովորել նրանցից։

2. ա) Ովքե՞ր էին ուխտավորները (Թվեր 6։1, 2)։ բ) Ինչո՞ւ էին որոշ իսրայելացիներ ուխտավորի երդում տալիս։

2 «Ուխտավոր» բառը ծագում է եբրայերեն մի բառից, որը նշանակում է «առանձնացված» կամ «նվիրված»։ Այս բառը դիպուկ նկարագրում է այն իսրայելացիներին, ովքեր անձնազոհություն էին դրսևորում Եհովային հատուկ կերպով ծառայելու համար։ Մովսիսական օրենքը հնարավորություն էր տալիս, որ տղամարդը կամ կինը հատուկ երդում տար Եհովային, որպեսզի ժամանակավորապես ապրեր որպես ուխտավոր (կարդա Թվեր 6։1, 2 a Այս երդումը, կամ՝ հանդիսավոր խոստումը, տվող իսրայելացիները պետք է հատուկ կանոնների հետևեին, որոնք չէին պահանջվում մյուսներից։ Իսկ ինչո՞ւ էին իսրայելացիները ուխտավորի երդում տալիս։ Ակներևաբար, նրանք այդպես էին վարվում, քանի որ շատ էին սիրում Եհովային և երախտապարտ էին նրանից ստացած առատ օրհնությունների համար (2 Օրենք 6։5; 16։17

3. Ի՞նչ առումով է Աստծու ժողովուրդը նման ուխտավորներին։

3 Ուխտավոր լինելու կարգը չեղարկվեց, երբ Մովսիսական օրենքը փոխարինվեց «Քրիստոսի օրենքով» (Գաղ. 6։2; Հռոմ. 10։4)։ Բայց այսօր Աստծու ժողովուրդը շարունակում է ուխտավորների նման մեծ ջանքեր ներդնել, որպեսզի ամբողջ սրտով, հոգով, մտքով և զորությամբ ծառայի նրան (Մարկ. 12։30)։ Մենք այդպես վարվելու երդում ենք տալիս, երբ մեր անձը նվիրում ենք Եհովային։ Այդ երդման համաձայն ապրել նշանակում է կատարել Եհովայի կամքը և զոհողություններ անել։ Ուսումնասիրելով ուխտավորների օրինակը՝ շատ բան կիմանանք այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ապրել մեր երդման համաձայն (Մատթ. 16։24 b

ԵՂԻՐ ԱՆՁՆԱԶՈՀ

4. Թվեր 6։3, 4 համարների համաձայն՝ ի՞նչ զոհողություններ էին անում ուխտավորները։

4 Կարդա Թվեր 6։3, 4։ Ուխտավորները չպետք է ալկոհոլ օգտագործեին կամ ուտեին այնպիսի բաներ, ինչպիսիք էին խաղողն ու չամիչը։ Նրանց շրջապատի մարդիկ, սակայն, կանոնավորաբար օգտվում էին այդ բարիքներից, քանի որ ոչ մի վատ բան չկար դրանում։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում, «գինին.... ուրախացնում է մարդու սիրտը» (Սաղ. 104։14, 15)։ Այնուամենայնիվ, ուխտավորները պատրաստակամորեն զոհում էին այդ բաներից օգտվելու իրենց իրավունքը։ c

Պատրա՞ստ ես ուխտավորների պես՝ զոհողություններ անելու (տես պարբերություն 4-6)


5. Մադիանը ու Մարսելան ի՞նչ զոհողություններ որոշեցին անել և ինչո՞ւ։

5 Ուխտավորների նման մենք նույնպես զոհողություններ ենք անում, որպեսզի Եհովային լիարժեքորեն ծառայենք։ Քննենք Մադիանի ու Մարսելայի օրինակը։ d Եհովային հավատարիմ այս զույգը հարմարավետ կյանքով էր ապրում։ Մադիանը լավ վարձատրվող աշխատանք ուներ, ինչը հնարավորություն էր տալիս նրանց ապրելու մեծ ու գեղեցիկ բնակարանում։ Սակայն նրանք ուզում էին ավելին անել ծառայության մեջ։ Այս նպատակին հասնելու համար Մադիանն ու Մարսելան որոշեցին փոփոխություններ անել։ Նրանք ասում են. «Մենք կրճատեցինք մեր ծախսերը, տեղափոխվեցինք ավելի փոքր բնակարան և վաճառեցինք մեր ավտոմեքենան»։ Այս զույգը պարտավոր չէր նման զոհողություններ անել։ Նրանք որոշեցին այդպես վարվել, որպեսզի ընդլայնեն իրենց ծառայությունը։ Արդյունքում Մադիանն ու Մարսելան երջանիկ են և բավականություն պատճառող կյանքով են ապրում։

6. Ինչո՞ւ են քրիստոնյաները զոհողություններ անում այսօր (տես նաև նկարը)։

6 Քրիստոնյաներն այսօր ուրախությամբ զոհողություններ են անում, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն աստվածապետական գործերին (1 Կորնթ. 9։3-6)։ Եհովան չի պահանջում, որ այսպիսի զոհեր անենք, ոչ էլ հրաժարվենք բաներից, որոնք ինքնին սխալ չեն։ Օրինակ՝ ոմանք հրաժարվում են բնակարան ձեռք բերելուց, ընտանի կենդանի պահելուց կամ այնպիսի աշխատանք անելուց, որն իրենց սրտով է։ Շատերն էլ որոշում են մի որոշ ժամանակ ամուրի մնալ կամ երեխաներ չունենալ։ Մյուսներն էլ որոշում են ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը ավելի մեծ է, նույնիսկ եթե դա նշանակում է հեռու լինել ընտանիքից և ընկերներից։ Եհովային լավագույնը տալու ցանկությունը շատերիս է մղում, որ նման զոհողություններ անենք։ Համոզված եղիր, որ Եհովան թանկ է գնահատում ցանկացած զոհողություն, որ անում ես իրեն ծառայելու համար՝ լինի դա մեծ, թե փոքր (Եբր. 6։10

ՊԱՏՐԱՍՏ ԵՂԻՐ ՏԱՐԲԵՐՎԵԼՈՒ

7. Ի՞նչը գուցե խանգարեր ուխտավորին, որ կառչած մնար իր խոստմանը (Թվեր 6։5; տես նաև նկարը)։

7 Կարդա Թվեր 6։5։ Ուխտավորները երդվում էին չկտրել իրենց մազերը։ Դա Եհովային իրենց լիակատար հնազանդությունը ցույց տալու միջոց էր։ Եթե իսրայելացին երկար ժամանակ էր ուխտավոր մնում, ուրիշները նրա մազերի երկարությունից հասկանում էին, որ նա ուխտավոր է։ Եթե շրջապատի մարդիկ հարգում էին նրա որոշումը և քաջալերում էին պահել երդումը, ապա նրա համար ավելի հեշտ էր լինում տարբերվել մյուսներից։ Ցավոք, Իսրայելի պատմության մեջ եղան ժամանակներ, երբ մարդիկ չէին հարգում ուխտավորներին և նրանց չէին աջակցում։ Ամոս մարգարեի ժամանակներում հավատուրաց իսրայելացիները «ուխտավորներին գինի էին խմեցնում», հավանաբար այն նպատակով, որ նրանք դրժեին իրենց երդումը (Ամոս 2։12)։ Լինում էին ժամանակներ, երբ ուխտավորներից մեծ քաջություն էր պահանջվում, որ կառչած մնան իրենց երդմանը և տարբերվեն մյուսներից։

Իր երդմանը կառչած ուխտավորը պատրաստ էր տարբերվելու ուրիշներից (տես պարբերություն 7)


8. Ինչո՞ւ է Բենջամինի օրինակը քաջալերական քեզ համար։

8 Եհովայի օգնությամբ մենք նույնպես կարող ենք քաջ լինել և տարբերվել ուրիշներից, անգամ եթե բնույթով ամաչկոտ ենք կամ այնքան էլ քաջ չենք։ Քննենք Նորվեգիայում ապրող 10-ամյա Բենջամինի օրինակը, ով Եհովայի վկա է։ Ուկրաինական պատերազմի հետ կապված նրանց դպրոցում մի միջոցառում կազմակերպվեց՝ հաջակցություն Ուկրաինայի ժողովրդի։ Երեխաներին խնդրեցին, որ Ուկրաինայի դրոշի գույներով հագուստ հագնեն և մի երգ երգեն։ Բենջամինը որոշեց չմասնակցել այդ ազգագրական միջոցառմանը և անցկացման վայրից հեռու կանգնեց։ Սակայն ուսուցչուհին նկատեց նրան և բարձր ձայնով ասաց. «Դու պե՛տք է գաս և միանաս մեզ։ Բոլորս քե՛զ ենք սպասում»։ Սակայն Բենջամինը քաջաբար մոտեցավ ուսուցչուհուն և ասաց. «Ես չեզոք եմ ու չեմ մասնակցում քաղաքական միջոցառումների։ Շատ Եհովայի վկաներ հիմա բանտում են, քանի որ հրաժարվում են պատերազմների մասնակցելուց»։ Ուսուցչուհին ընդունեց միջոցառմանը չմասնակցելու Բենջամինի պատճառաբանությունը, սակայն նրա համադասարանցիները սկսեցին հարցնել, թե նա ինչու չի մասնակցում։ Բենջամինը այնքան լարված էր, որ քիչ էր մնում՝ լաց լիներ։ Բայց նա քաջաբար ողջ դասարանի առջև ասաց այն, ինչ ասել էր ուսուցչուհուն։ Հետո երբ Բենջամինը իր ծնողներին պատմում էր տեղի ունեցածի մասին, ասաց, որ զգացել է, թե ինչպես Եհովան օգնեց իրեն պաշտպանել իր հավատը։

9. Ինչպե՞ս կարող ենք ուրախացնել Եհովայի սիրտը։

9 Մենք տարբերվում ենք շրջապատի մարդկանցից, քանի որ որոշել ենք կատարել Եհովայի կամքը։ Մեզանից քաջություն է պահանջվում, որպեսզի աշխատավայրում կամ դպրոցում ներկայանանք որպես Եհովայի վկա։ Քանի որ այս աշխարհի մտածելակերպն ու վարքը գնալով ավելի են ապականվում, ըստ ամենայնի, մեզ համար ավելի դժվար կլինի ապրել աստվածաշնչյան սկզբունքներով և քարոզել բարի լուրը (2 Տիմոթ. 1։8; 3։13)։ Բայց միշտ հիշիր՝ մենք ուրախացնում ենք Եհովայի սիրտը, երբ քաջություն ենք դրսևորում և տարբերվում ենք նրանցից, ովքեր չեն ծառայում նրան (Առակ. 27։11; Մաղ. 3։18

ԵՀՈՎԱՅԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՄԻՇՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՄԱՐԻՐ

10. Թվեր 6։6, 7 համարներում գրված պահանջը կատարելը ինչո՞ւ կարող էր դժվար լինել ուխտավորների համար։

10 Կարդա Թվեր 6։6, 7։ Ուխտավորները չէին կարող մոտենալ դիակի։ Ոմանք գուցե մտածեն, որ դա մեծ զոհողություն չէր։ Սակայն երբ ուխտավորների հարազատները մահանում էին, նրանց համար այդ պահանջը իսկական փորձություն էր դառնում։ Աստվածաշնչյան ժամանակներում ընդունված էր թաղման ժամանակ հավաքվել մահացածի դիակի մոտ (Հովհ. 19։39, 40; Գործ. 9։36-40)։ Բայց ուխտավորը չէր կարող հետևել այդ սովորույթին։ Անգամ երբ նրա ընտանիքում էր նման ողբերգություն լինում, նա ցույց էր տալիս իր ամուր հավատը՝ կառչած մնալով իր երդմանը։ Անկասկած, Եհովան զորացնում էր իր այս հավատարիմ ծառաներին, որպեսզի նրանք կարողանային հաղթահարել նմանատիպ դժվարությունները։

11. Ի՞նչ պետք է քրիստոնյան վճռի անել, երբ որոշումներ է կայացնում ընտանեկան հարցերի վերաբերյալ (տես նաև նկարը)։

11 Մենք՝ քրիստոնյաներս, լուրջ ենք վերաբերվում Եհովային նվիրվելու երդմանը։ Սա անդրադառնում է ընտանեկան հարցերի հետ կապված մեր որոշումների և գործերի վրա։ Մենք ջանասիրաբար կատարում ենք ընտանիքին առնչվող սուրբգրային մեր պարտականությունները, սակայն թույլ չենք տալիս, որ մեր ընտանիքի անդամների ցանկությունները ավելի կարևոր դառնան մեզ համար, քան Եհովայի կամքը (Մատթ. 10։35-37; 1 Տիմոթ. 5։8)։ Սա նշանակում է, որ երբեմն Եհովային հաճելի որոշումներ կայացնելով՝ գուցե ինչ-որ չափով տուժեն հարազատների հետ մեր խաղաղ հարաբերությունները։

Պատրա՞ստ ես Եհովայի կամքն առաջին տեղում դնելու անգամ ծանր պահերին (տես պարբերություն 11) e


12. Ի՞նչ արեց Ալեքսանդրուն և ի՞նչ չարեց, երբ իր ընտանիքում դժվար իրավիճակ ստեղծվեց։

12 Նկատի առնենք Ալեքսանդրուի և նրա կնոջ՝ Դորինայի օրինակը։ Մեկ տարի միասին Աստվածաշունչ ուսումնասիրելուց հետո Դորինան որոշեց դադարեցնել ուսումնասիրությունը, և նա ցանկանում էր, որ Ալեքսանդրուն էլ այդպես վարվի։ Սակայն նրա ամուսինը հանդարտ ու նրբանկատ կերպով ասաց նրան, որ շարունակելու է ուսումնասիրությունը։ Դորինային դա դուր չեկավ, և նա ամեն բան անում էր, որ ամուսինը դադարեցնի ուսումնասիրությունը։ Ալեքսանդրուն ասում է, որ ինքը փորձում էր հասկանալ իր կնոջը, բայց դա հեշտ չէր։ Երբ Դորինան քննադատում էր նրան և կոպտորեն խոսում նրա հետ, Ալեքսանդրուն սկսում էր մտածել ուսումնասիրությունը դադարեցնելու մասին։ Բայց նա շարունակեց Եհովայի հետ իր մտերմությունը առաջնային համարել և միևնույն ժամանակ մեծ սեր ու հարգանք դրսևորել իր կնոջ հանդեպ։ Արդյունքում Ալեքսանդրուի լավ օրինակը մղեց իր կնոջը վերսկսել Աստվածաշնչի ուսումնասիրությունը և ի վերջո ընդունել ճշմարտությունը (jw.org կայքում տես «Ալեքսանդրու և Դորինա Վաքարներ։ «Սերը համբերատար է ու բարի»» տեսանյութը «Ճշմարտությունը փոխում է մարդկանց կյանքը» տեսաշարում)։

13. Ինչպե՞ս կարող ենք սեր դրսևորել Եհովայի և մեր ընտանիքի հանդեպ։

13 Ընտանեկան կառույցը Եհովան է ստեղծել և նա ցանկանում է, որ մեր ընտանիքը երջանիկ լինի (Եփես. 3։14, 15)։ Եթե ուզում ենք իսկապես երջանիկ լինել, պետք է հետևենք Եհովայի առաջնորդությանը։ Երբեք մի՛ կասկածիր, որ Եհովան թանկ է գնահատում այն, որ դու անձնազոհ ես և ջանքեր ես ներդնում իրեն ծառայելու, ինչպես նաև ընտանիքիդ անդամների մասին հոգ տանելու և նրանց սիրով ու հարգանքով վերաբերվելու համար (Հռոմ. 12։10

ՀՈՐԴՈՐԵՔ ՄԻՄՅԱՆՑ ՈՒԽՏԱՎՈՐԻ ՈԳԻ ԴՐՍԵՎՈՐԵԼ

14. Հատկապես ո՞ւմ պետք է ձգտենք քաջալերական խոսքեր ասել։

14 Բոլոր նրանք, ովքեր որոշում են պաշտել Եհովային, պետք է պատրաստ լինեն սիրուց մղված զոհողություններ անելու։ Երբեմն այդպես վարվելը հեշտ չէ։ Մենք կարող ենք օգնել իրար այդպիսի տրամադրվածություն զարգացնել՝ միմյանց քաջալերական խոսքեր ասելով (Հոբ 16։5)։ Ձեր ժողովում կա՞ն քարոզիչներ, ովքեր փորձում են պարզեցնել իրենց կյանքը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան աստվածապետական գործերին մասնակցելու համար։ Ճանաչո՞ւմ ես այնպիսի պատանիների, ովքեր խիզախություն են դրսևորում և տարբերվում են իրենց համադասարանցիներից, նույնիսկ եթե այդպես վարվելը դժվար է։ Իսկ գիտե՞ս Աստվածաշունչ ուսումնասիրողների կամ հավատակիցների, ովքեր ձգտում են հավատարիմ մնալ՝ չնայած ընտանիքից եկող հակառակությանը։ Եկեք ամեն առիթ օգտագործենք, որ քաջալերենք Եհովայի այս հավատարիմ ծառաներին և արտահայտենք մեր գնահատանքը նրանց դրսևորած անձնազոհության և քաջության համար (Փիլիմ. 4, 5, 7

15. Ինչպե՞ս են ոմանք աջակցում լիաժամ ծառայողներին։

15 Երբեմն կարող ենք գործնական օգնություն առաջարկել այն հավատակիցներին, ովքեր լիաժամ ծառայության մեջ են (Առակ. 19։17; Եբր. 13։16)։ Նման անկեղծ ցանկություն ուներ Շրի Լանկայում ապրող մի տարեց հավատարիմ քույր։ Այն բանից հետո, երբ նրա թոշակը բարձրացրին, նա ցանկություն հայտնեց օգնելու երկու երիտասարդ ռահվիրա քույրերի, որ, չնայած տնտեսական դժվարություններին, շարունակեն իրենց ծառայությունը։ Ուստի նա որոշեց ամեն ամիս որոշակի գումար տալ նրանց, որպեսզի նրանք կարողանան վճարել իրենց հեռախոսի վարձը։ Ի՜նչ հրաշալի ոգի է դրսևորում այս քույրը։

16. Ի՞նչ կարող ենք սովորել ուխտավորների մասին ուսումնասիրությունից։

16 Մենք շատ բան կարող ենք սովորել անցյալում ապրած ուխտավորներից։ Ուխտավոր լինելու կարգը մեզ մի կարևոր բան է սովորեցնում նաև մեր երկնային Հոր՝ Եհովայի մասին։ Նա համոզված է, որ մենք անկեղծորեն ցանկանում ենք հաճեցնել իրեն և զոհողություններ անել մեր երդման համաձայն ապրելու համար։ Նա մեզ պատվի է արժանացրել՝ թույլ տալով, որ յուրովի արտահայտենք նրա հանդեպ մեր սերը (Առակ. 23։15, 16; Մարկ. 10։28-30; 1 Հովհ. 4։19)։ Ուխտավորների մասին ուսումնասիրությունից հասկացանք, որ Եհովան նկատում և գնահատում է այն զոհողությունները, որ անում ենք իրեն ծառայելու համար։ Ուստի եկեք վճռենք միշտ ծառայել Եհովային՝ պատրաստակամորեն մեր լավագույնը տալով նրան։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ինչպե՞ս էին ուխտավորները փաստում, որ անձնազոհ են և քաջ։

  • Ինչպե՞ս կարող ենք հորդորել միմյանց ուխտավորի ոգի դրսևորել։

  • Ուխտավորների մասին ուսումնասիրությունը ի՞նչ է բացահայտում Եհովայի մասին։

ԵՐԳ 124 Միշտ նվիրված

a Թեև որոշ ուխտավորների Աստված էր նշանակում, նրանց մեծ մասը սեփական նախաձեռնությամբ էր դառնում ուխտավոր (տես « Ուխտավորներ, որոնց Եհովան էր նշանակել» շրջանակը)։

b Մեր հրատարակություններում ուխտավորները երբեմն համեմատվում են լիաժամ ծառայողների հետ։ Սակայն հոդվածից կտեսնենք, թե ինչպես կարող են Եհովային նվիրված բոլոր ծառաները ուխտավորի ոգի դրսևորել։

c Ընդհանուր առմամբ, ուխտավոր լինելու համար թերևս այլ պահանջներ չկային, ինչպես, օրինակ, որևէ կոնկրետ հանձնարարություն կատարելը։

d jw.org կայքում տես «Որոշեցինք պարզեցնել մեր կյանքը» հոդվածը «Դեպքեր ծառայությունից» հոդվածաշարում։

e ՆԿԱՐ։ Ուխտավորը տան տանիքից հետևում է իր ընտանիքի անդամի թաղման արարողությանը։ Նրա երդումը թույլ չի տալիս իրեն մասնակցել դրան։