Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամուսնական կառույցի ծագումը և նպատակը

Ամուսնական կառույցի ծագումը և նպատակը

«Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում»» (ԾՆՆԴ. 2։18

ԵՐԳ 36, 11

1, 2. ա) Ինչպե՞ս հիմնվեց առաջին ամուսնական միությունը։ բ) Ի՞նչ պետք է գիտակցեին առաջին տղամարդն ու կինը ամուսնության վերաբերյալ (տես հոդվածի սկզբի նկարը)։

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ մեր կյանքի մի մասն է։ Ամուսնության ծագումը և նպատակը վերհիշելը կարող է օգնել մեզ ճիշտ տեսակետ ունենալ այս կառույցի վերաբերյալ և լիարժեքորեն վայելել դրա բերած օրհնությունները։ Առաջին մարդուն՝ Ադամին ստեղծելուց հետո Աստված նրա մոտ բերեց տարբեր կենդանիների, որպեսզի Ադամը նրանց անուններ տա։ Բայց «մարդու համար ոչ մի օգնական չգտնվեց որպես նրան լրացում»։ Ուստի Աստված խոր քուն բերեց Ադամի վրա, վերցրեց նրա կողոսկրերից մեկը, դրանից կին ստեղծեց և տվեց մարդուն (կարդա Ծննդոց 2։20–24)։ Այսպես Աստված հիմնեց ամուսնական միությունը։

2 Հետագայում Հիսուսը կրկնեց այն խոսքերը, որ Եհովան ասել էր ամուսնությունը հիմնելիս. «Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն» (Մատթ. 19։4, 5)։ Քանի որ Աստված Ադամի կողոսկրը օգտագործեց առաջին կնոջը ստեղծելու համար, առաջին մարդկային զույգը պետք է գիտակցեր, թե որքան մտերմիկ պետք է լինի իրենց միությունը։ Սակայն Եհովան ամուսնալուծության կամ մեկից ավելի կողակից ունենալու մասին ոչինչ չասաց։

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԵՍ Է ԱՌՆՉՎՈՒՄ ԱՍՏԾՈՒ ՆՊԱՏԱԿԻՆ

3. Ո՞րն էր ամուսնության հիմնական նպատակներից մեկը։

3 Ադամը հիացած էր իր սիրելի կնոջով, որին հետագայում անվանեց Եվա։ Լինելով Ադամի համար «լրացում»՝ Եվան պետք է լիներ նրա «օգնականը», և նրանք, կատարելով իրենց դերը որպես ամուսին և կին, ամեն օր կերջանկացնեին միմյանց (Ծննդ. 2։18)։ Ամուսնության հիմնական նպատակներից էր՝ լցնել երկիրը մարդկանցով (Ծննդ. 1։28)։ Թեև տղամարդը և կինը պետք է սիրեին իրենց ծնողներին, սակայն ամուսնանալով և նոր ընտանիք կազմելով՝ թողնելու էին նրանց։ Մարդիկ երկիրը լցնելու էին բավարար չափով և ընդարձակելու էին իրենց բնակավայրը, մինչև ողջ մոլորակը դառնար դրախտ։

4. Ի՞նչ եղավ առաջին ամուսնությանը։

4 Առաջին ամուսնական զույգը չվայելեց այն օրհնությունները, որ բերելու էր իրենց ամուսնությունը, քանի որ երկուսն էլ սխալ օգտագործեցին իրենց ազատ կամքը և չհնազանդվեցին Եհովային։ «Առաջին օձը»՝ Բանսարկու Սատանան, մոլորեցրեց Եվային՝ հավատացնելով նրան, որ եթե «բարին ու չարը գիտենալու ծառի» պտղից ուտի, առանձնահատուկ իմաստություն ձեռք կբերի և կկարողանա որոշել, թե ինչն է լավ, և ինչը՝ վատ։ Եվան չհարգեց իր ամուսնու գլխավորությունը. նա որոշեց ուտել պտղից առանց ամուսնու հետ այդ մասին խոսելու։ Ադամն էլ, փոխանակ Աստծուն հնազանդվելու, կերավ կնոջ տված պտղից (Հայտն. 12։9; Ծննդ. 2։9, 16, 17; 3։1–6

5. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե Ադամն ու Եվան ինչ պատասխան տվեցին Եհովային։

5 Երբ Աստված պատասխանատվության կանչեց նրանց, Ադամը մեղադրեց իր կնոջը՝ ասելով. «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ պտուղը, ու ես կերա»։ Եվան էլ օձին մեղադրեց իրեն մոլորեցնելու մեջ (Ծննդ. 3։12, 13)։ Նրանք բերեցին պատճառաբանումներ, որոնք արդարացում չունեին։ Առաջին մարդկային զույգը Աստծու դեմ ըմբոստության համար կրեց իր դատապարտությունը։ Սա լավ նախազգուշացում է մեզ համար։ Հաջող ամուսնություն ունենալու համար կողակիցներից յուրաքանչյուրը պետք է հնազանդվի Եհովային և իր արածների համար պատասխանատու լինի։

6. Ինչպե՞ս կբացատրես Ծննդոց 3։15-ը։

6 Չնայած այն բանին, ինչ Սատանան արեց Եդեմում, Եհովան մարդկությանը ապագայի հույս տվեց, որի մասին կարդում ենք աստվածաշնչյան առաջին մարգարեության մեջ (կարդա Ծննդոց 3։15)։ Առաջին ըմբոստ ոգեղեն արարածը կործանվելու էր «[կնոջ] սերնդի» միջոցով։ «Կինը» խորհրդանշում է Եհովայի կազմակերպության երկնային մասը։ Այս մարգարեությունից տեսնում ենք այն առանձնահատուկ փոխհարաբերությունները, որ կան Եհովայի և երկնքում իրեն ծառայող բազմաթիվ արդար ոգեղեն արարածների միջև։ Աստծու Խոսքը հետագայում բացահայտեց, որ այդ կազմակերպության միջից Աստված ուղարկելու էր մեկին, ով «ջախջախելու էր» Սատանային և հնազանդ մարդկության համար հնարավոր էր դարձնելու ապագա այն հեռանկարը, որը առաջին զույգը կորցրեց. երկրի վրա ապրել հավիտյան՝ համաձայն այն նպատակի, որ Եհովան հենց սկզբից ուներ (Հովհ. 3։16

7. ա) Ի՞նչ հետևանքներ բերեց Ադամի ու Եվայի ըմբոստությունը։ բ) Ի՞նչ է Աստվածաշունչը պահանջում ամուսիններից ու կանանցից։

7 Ադամի ու Եվայի ըմբոստությունը դառը հետևանքներ բերեց թե՛ իրենց, թե՛ հետագա սերունդների ամուսնությունների վրա։ Օրինակ՝ Եվան և ընդհանրապես բոլոր կանայք մեծ ցավեր էին կրելու ծննդաբերության ժամանակ։ Նրանք մեծ փափագ էին ունենալու իրենց ամուսինների հանդեպ, բայց վերջիններս իշխելու էին իրենց կանանց վրա, նույնիսկ կոպտությամբ, ինչպես տեսնում ենք այսօր շատ ընտանիքներում (Ծննդ. 3։16)։ Սակայն Աստվածաշունչը ամուսիններից պահանջում է գլխավորությունը գործի դնել սիրով։ Իսկ կանայք պետք է հարգեն և ենթարկվեն իրենց ամուսինների գլխավորությանը (Եփես. 5։33)։ Երբ աստվածավախ կողակիցները համագործակցում են իրար հետ, ընտանիքում լարվածություն առաջացնող իրավիճակներ քիչ են լինում կամ ընդհանրապես չեն լինում։

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԱԴԱՄԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՋՐՀԵՂԵՂԸ

8. Ի՞նչ փոփոխությունների ենթարկվեց ամուսնական միությունը Ադամի ժամանակներից մինչև Ջրհեղեղը։

8 Մինչև մեղքի ու անկատարության հետևանքով մահանալը Ադամն ու Եվան որդիներ ու աղջիկներ ունեցան (Ծննդ. 5։4)։ Նրանց առաջին որդին՝ Կայենը, ամուսնացավ կին ազգականներից մեկի հետ։ Ղամեքը՝ Կայենի հետնորդը, առաջին տղամարդն է, որի մասին արձանագրված է, որ երկու կին ուներ (Ծննդ. 4։17, 19)։ Ադամից մինչև Նոյի օրերի Ջրհեղեղը միայն մի քանի հոգի էին Եհովային երկրպագում։ Նրանցից էին Աբելը, Ենոքը և Նոյն ու իր ընտանիքը։ Աստվածաշունչն ասում է, որ Նոյի օրերում «Աստծու որդիները սկսեցին ուշադրություն դարձնել մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են, և սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին»։ Մարմնավորված հրեշտակների և կանանց այս անբնական միության հետևանքով խառնածին բռնի սերունդ առաջ եկավ, որոնք կոչվում էին նեֆիլիմներ։ Դեռ ավելին, «մարդկանց չարությունը շատացել էր երկրի վրա, և նրանց սրտի մտքերը ամեն ժամանակ հակված էին միայն դեպի չարը» (Ծննդ. 6։1–5

9. Եհովան ինչպե՞ս վերացրեց չարությունը Նոյի օրերում, և ի՞նչ ենք սովորում դրանից։

9 Նոյի օրերում Եհովան ջրհեղեղով կործանեց չար մարդկանց։ Այդ ժամանակ մարդիկ այնքան տարված էին կյանքի ամենօրյա հոգսերով, այդ թվում ամուսնությամբ, որ լրջությամբ չվերաբերվեցին մոտալուտ կործանման մասին Նոյի՝ «արդարության քարոզչի» խոսքերին (2 Պետ. 2։5)։ Հիսուսը այդ օրերում տիրող իրավիճակը համեմատեց մեր օրերի հետ (կարդա Մատթեոս 24։37–39)։ Այսօր մարդկանց մեծ մասը չի ուզում լսել Աստծու Թագավորության բարի լուրը, որը քարոզվում է ամենուրեք՝ նախքան չար աշխարհի վերջը բոլոր ազգերին վկայություն լինելու համար։ Ի՞նչ կարող ենք սովորել Նոյի օրերից։ Մենք չպետք է թույլ տանք, որ ամուսնանալն ու երեխաներ ունենալը այնքան կարևոր դառնան մեզ համար, որ աչքաթող անենք այն իրողությունը, որ մոտ է Եհովայի օրը։

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՄԻՆՉԵՎ ՀԻՍՈՒՍԻ ՕՐԵՐԸ

10. ա) Շատ մշակույթներում ի՞նչն էր մեծ տարածում գտել։ բ) Ի՞նչ օրինակ են թողել Աբրահամն ու Սառան որպես ամուսին և կին։

10 Թեպետ Նոյը ու նրա երեք որդիներից յուրաքանչյուրը միայն մեկ կին ունեին, Ջրհեղեղից հետո՝ նահապետական ժամանակներում, սկսեց տարածվել բազմակնությունը։ Շատ մշակույթներում սեռական անբարոյությունը սովորական երևույթ էր, նույնիսկ ներթափանցել էր կրոնական արարողությունների մեջ։ Երբ Աբրահամն ու նրա կին Սառան, հնազանդվելով Աստծուն, գնացին Քանանի երկիր, այնտեղ այնպիսի սովորություններ էին տարածված, որոնք նսեմացնում էին ամուսնական կառույցը։ Սոդոմ և Գոմոր քաղաքները այն աստիճան էին բարոյապես ապականվել, որ Եհովան կործանեց այդ քաղաքները։ Ի տարբերություն քանանացիների՝ Աբրահամը լավ էր կատարում իր դերը՝ որպես ընտանիքի գլուխ, իսկ Սառան ենթարկվում էր իր ամուսնու գլխավորությանը (կարդա 1 Պետրոս 3։3–6)։ Աբրահամը հոգ տարավ, որ իր որդին՝ Իսահակը, Եհովային երկրպագող կին առնի։ Ճշմարիտ երկրպագությանը թիկունք կանգնելով՝ նույնն արեց Իսահակը իր որդի Հակոբի համար, ում որդիները դարձան Իսրայել ազգի 12 ցեղերի նախահայրերը։

11. Ինչպե՞ս էր Մովսիսական օրենքը պաշտպանում իսրայելացիներին։

11 Հետագայում Եհովան Հակոբի՝ Իսրայելի հետնորդների հետ ուխտ կապեց։ Նահապետական ժամանակների ամուսնությանն առնչվող բազմաթիվ հարցեր, այդ թվում բազմակնությունը կանոնակարգվեցին Մովսիսական օրենքի միջոցով։ Այն պաշտպանում էր իսրայելացիներին հոգևորապես՝ արգելելով կեղծ կրոնի երկրպագուների հետ ամուսնանալ (կարդա 2 Օրենք 7։3, 4)։ Երբ որևէ ընտանիքում լուրջ խնդիրներ էին առաջանում, երեցները օգնություն էին տրամադրում։ Անհավատարմության, խանդի և կասկածների հետ կապված խնդիրների համար համապատասխան առաջնորդություն էր տրված։ Թույլատրվում էր ամուսնալուծվել, սակայն այս դեպքում նույնպես կային որոշ կանոններ։ Տղամարդը կարող էր բաժանվել իր կնոջից «անվայել բանի» պատճառով (2 Օրենք 24։1)։ Աստվածաշնչում չի նշվում, թե ինչ էր «անվայել բանը», սակայն տրամաբանական է ենթադրել, որ դա չի վերաբերել փոքր խնդիրներին (Ղևտ. 19։18

ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՐԵՆ ՄԻ՛ ՎԱՐՎԻՐ ԿՈՂԱԿՑԻԴ ՀԵՏ

12, 13. ա) Մաղաքիայի օրերում ինչպե՞ս էին որոշ տղամարդիկ վարվում իրենց կանանց հետ։ բ) Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե մկրտված անհատը փախչի ուրիշի կողակցի հետ։

12 Մաղաքիա մարգարեի օրերում շատ հրեա տղամարդիկ անհավատարմությամբ էին վարվում իրենց կանանց հետ. ցանկացած պատճառաբանությամբ ամուսնալուծվում էին նրանցից։ Այդ տղամարդիկ ազատվում էին իրենց կանանցից, որպեսզի հավանաբար ամուսնանային ավելի երիտասարդ, անգամ հեթանոս կանանց հետ։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, հրեա տղամարդիկ շարունակում էին «ցանկացած պատճառով» ամուսնալուծվել իրենց կանանցից (Մատթ. 19։3)։ Եհովա Աստված ատում էր այդպիսի ապահարզանը (կարդա Մաղաքիա 2։13–16

13 Այսօր էլ ամուսնական անհավատարմությունը հանդուրժելի չէ Աստծու ժողովրդի մեջ։ Բայց ենթադրենք՝ մկրտված ամուսնացած տղամարդը կամ կինը փախչում է մեկ ուրիշի կողակցի հետ և ապահարզանից հետո ամուսնանում է նրա հետ։ Եթե նա չզղջա, ապա ժողովի հոգևոր մաքրությունը պահպանելու համար պետք է ընկերակցությունից զրկվի (1 Կորնթ. 5։11–13)։ Որպեսզի վերականգնվի, նա պետք է «զղջմանը համապատասխան պտուղներ բերի» (Ղուկ. 3։8; 2 Կորնթ. 2։5–10)։ Թեպետ վերականգնվելու համար չկա սահմանված ժամանակ, սակայն այս տեսակ անհավատարմությանը, որը հազվադեպ է տեղի ունենում Եհովայի ժողովրդի մեջ, չպետք է թեթև նայել։ Բավական ժամանակ է անհրաժեշտ, գուցե մեկ տարի կամ ավել, որպեսզի մեղք գործած անհատը փաստի, որ իսկապես զղջում է։ Եվ նույնիսկ եթե անհատը վերականգնվի, նա դեռ պետք է հաշիվ տա «Աստծու դատավորական աթոռի առաջ» (Հռոմ. 14։10–12, տես «Դիտարան», 2006 թ., սեպտեմբերի 15, էջ 29, 30

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԵՋ

14. Ի՞նչ նպատակի էր ծառայում Օրենքը։

14 Իսրայելացիները ավելի քան 1500 տարի Մովսիսական օրենքի տակ էին։ Օրենքի հիմքում ընկած էին սկզբունքներ, որոնք օգնեցին Աստծու ժողովրդին լուծել ընտանեկան և այլ տեսակի խնդիրներ։ Այն նաև որպես դաստիարակ առաջնորդեց նրանց դեպի Մեսիան (Գաղ. 3։23, 24)։ Երբ Հիսուսը մահացավ, Օրենքը անվավեր դարձավ, և Աստված նոր առաջնորդություն տվեց (Եբր. 8։6)։ Որոշ բաներ, որ թույլ էր տրվում Օրենքով, այսուհետ քրիստոնյաների համար անթույլատրելի էր։

15. ա) Քրիստոնեական ժողովը ամուսնության վերաբերյալ ո՞ր չափանիշով պետք է առաջնորդվի։ բ) Ինչե՞ր պետք է քրիստոնյան հաշվի առնի, եթե մտածում է ամուսնալուծվել։

15 Փարիսեցիների առաջ քաշած հարցին պատասխանելով՝ Հիսուսն ասաց, որ Մովսիսական օրենքով թույլատրված ամուսնալուծությունը սկզբում չէր եղել Աստծու նպատակի մեջ (Մատթ. 19։6–8)։ Այդպես Հիսուսը ցույց տվեց, որ քրիստոնեական ժողովը պետք է առաջնորդվի ամուսնության վերաբերյալ Աստծու սահմանած չափանիշով, որը նա հաստատել էր Եդեմում (1 Տիմոթ. 3։2, 12)։ Լինելով «մեկ մարմին»՝ ամուսինները պետք է միասնական լինեն՝ թույլ տալով, որ Աստծու և միմյանց հանդեպ սերը ամրացնի իրենց ամուսնական միությունը։ Առանց շնության պատճառի ամուսնալուծությունը իրավունք չի տալիս նորից ամուսնանալու (Մատթ. 19։9)։ Ինչ խոսք, անհատը կարող է որոշել ներել զղջացող կողակցին, ինչպես Օսեե մարգարեն ներեց իր անբարոյական կնոջը՝ Գոմերին։ Նույն ձևով Եհովան ողորմություն դրսևորեց իսրայելացիների հանդեպ այն բանից հետո, երբ նրանք հոգևոր շնություն գործեցին (Օս. 3։1–5)։ Կարևոր է նաև նշել, որ եթե անհատը գիտի, որ իր կողակիցը շնություն է գործել, և որոշում է վերականգնել կողակցի հետ ինտիմ հարաբերությունները, դա նշանակում է, որ նա ներել է մեղավոր կողակցին, և ամուսնալուծվելու սուրբգրային հիմք այլևս չունի։

16. Ի՞նչ ասաց Հիսուսը ամուրիության մասին։

16 Այն բանից հետո, երբ Հիսուսը ասաց, որ ճշմարիտ քրիստոնյաների համար ամուսնալուծության հիմքը միայն շնությունն է, խոսեց նրանց մասին, «ովքեր ունեն [ամուրի մնալու] պարգևը»։ Նա ավելացրեց. «Ով կարող է այսպես ապրել, թող ապրի» (Մատթ. 19։10–12)։ Շատերն են որոշել ամուրի մնալ, որ կարողանան առանց շեղվելու ծառայել Եհովային, ինչի համար արժանի են գովասանքի։

17. Ի՞նչը կօգնի քրիստոնյային որոշել՝ ամուսնանալ, թե ոչ։

17 Որոշելու համար՝ ամուրի մնալ, թե ամուսնանալ, անհատը պետք է ինքն իրեն քննի և տեսնի, թե արդյոք կարող է ամուրիությունը իր համար պարգև լինել։ Պողոս առաքյալը խորհուրդ տվեց ամուրի մնալ, սակայն նաև ասաց. «Պոռնկության տարածված լինելու պատճառով թող ամեն տղամարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա»։ Նա ավելացրեց. «Եթե ինքնատիրապետում չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան թե կրքերով բորբոքվել»։ Ինչ խոսք, ամուսնանալը կարող է օգնել անհատին խուսափել կրքերի պատճառով ձեռնաշարժության սովորություն ձեռք բերելուց կամ անբարոյություն գործելուց։ Բայց այդ որոշումը կայացնելիս պետք է զգույշ լինել։ Կարևոր է նաև հաշվի առնել տարիքը, որի մասին առաքյալն ասաց. «Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե սխալ է վարվում իր ամուրիության հանդեպ, և ճիշտը ամուսնանալն է, ապա եթե անցել է իր երիտասարդության ծաղկուն շրջանը, թող անի այնպես, ինչպես ուզում է. նա մեղք չի գործում։ Թող նրանք ամուսնանան» (1 Կորնթ. 7։2, 9, 36; 1 Տիմոթ. 4։1–3)։ Երիտասարդության բուռն կրքերը չպետք է ամուսնանալու առիթ հանդիսանան։ Հնարավոր է անհատը բավականին հասուն չլինի ամուսնական պարտականությունները կատարելու համար։

18, 19. ա) Ի՞նչը պետք է լինի քրիստոնեական ամուսնության հիմքում։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

18 Քրիստոնեական ամուսնությունը պետք է լինի Եհովային նվիրված և նրան ամբողջ սրտով սիրող տղամարդու և կնոջ միություն։ Նրանք այնքան շատ պետք է սիրեն միմյանց, որ ցանկանան միավորել իրենց կյանքերը ամուսնական միությամբ։ Հետևելով «միայն Տիրոջ հետևորդի հետ» ամուսնանալու խորհրդին՝ նրանք, իհարկե, կօրհնվեն (1 Կորնթ. 7։39)։ Ամուսնությունից հետո նրանք անկասկած կհամաձայնվեն, որ Աստվածաշունչը լավագույն խորհուրդներն է տալիս հաջող ամուսնության համար։

19 Մենք ապրում ենք «վերջին օրերի» վերջին ժամանակահատվածում, երբ մարդիկ ունեն այնպիսի հատկություններ, որոնք խանգարում են հաջող ամուսնություն ունենալուն (2 Տիմոթ. 3։1–5)։ Հաջորդ հոդվածում կքննարկենք սուրբգրային սկզբունքներ, որոնք կօգնեն ամուսնացած քրիստոնյաներին հաղթահարել տարբեր դժվարություններ և ունենալ երջանիկ ամուսնություն։ Այո՛, իր անգին Խոսքի միջոցով Եհովան տալիս է մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաջող ամուսնություն ունենալու համար, որպեսզի շարունակենք իր ժողովրդի հետ քայլել հավիտենական կյանքի ճանապարհով (Մատթ. 7։13, 14