Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Տեսնո՞ւմ ես հոգևորապես առաջադիմելու անհրաժեշտությունը

Տեսնո՞ւմ ես հոգևորապես առաջադիմելու անհրաժեշտությունը

«Շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն ընթերցելու, հորդորելու և սովորեցնելու մեջ» (1 ՏԻՄՈԹ. 4։13

ԵՐԳ 45, 70

1, 2. ա) Ինչպե՞ս են այս վերջին օրերում իրականանում Եսայիա 60։22-ի խոսքերը։ բ) Ի՞նչ կարիքներ կան այժմ Եհովայի կազմակերպության երկրային մասում։

«ՔԻՉԸ հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ» (Ես. 60։22)։ Եսայիայի գրած մարգարեական խոսքերը կատարվում են այս վերջին օրերում։ 2015 թ. ծառայողական տարվա ընթացքում քարոզչական գործին ակտիվորեն մասնակցել են 8 220 105 քարոզիչներ։ Մարգարեության վերջին հատվածը վերաբերում է Աստծու ծառաներից յուրաքանչյուրին, քանի որ մեր երկնային Հայրն ասում է. «Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին»։ Ինչպես արագություն հավաքող մեքենայի ուղևորները, այնպես էլ մենք «զգում ենք», թե ինչ մեծ թափ է առնում աշակերտներ պատրաստելու գործը։ Ինչպե՞ս ենք անհատապես արձագանքում մեծ արագությամբ ընթացող այս գործին։ Որպես Թագավորության եռանդուն քարոզիչներ՝ մեր լավագույնն անո՞ւմ ենք քարոզչական գործում։ Շատ եղբայրներ ու քույրեր ծառայում են ռահվիրա կամ ենթառահվիրա։ Նաև անչափ ուրախալի է տեսնել, թե որքան շատ քարոզիչներ են ծառայում այնպիսի վայրերում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, կամ մասնակցում աստվածապետական գործունեության այլ ոլորտներում։

2 Միևնույն ժամանակ ավելանում է ժողովներում առաջնորդություն վերցնողների կարիքը։ Ամեն տարի մոտ 2 000 ժողովներ են կազմավորվում։ Որպեսզի նոր կազմավորված յուրաքանչյուր ժողովում ծառայի 5 երեց, անհրաժեշտ է, որ ամեն տարի 10 000 ծառայող օգնական համապատասխանի վերակացու լինելու պահանջներին։ Սա նշանակում է, որ հազարավոր եղբայրներ պետք է ձգտեն այնպիսի որակներ զարգացնել, որ ծառայեն որպես ծառայող օգնականներ։ Բացի այդ, լինենք եղբայր թե քույր, կարող ենք «միշտ զբաղված լինել Տիրոջ գործում» (1 Կորնթ. 15։58

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ

3, 4. Ի՞նչ հոգևոր նպատակներ կարող ես դնել քո առաջ։

3 Կարդա 1 Տիմոթեոս 3։1։ «Ձգտել» թարգմանված հունարեն բայը նշանակում է ձգվել՝ հասնելու ինչ-որ բանի։ Այս բառն օգտագործելով՝ Պողոսը ցույց տվեց, որ հոգևորապես առաջադիմելու համար ջանքեր են անհրաժեշտ։ Ենթադրենք՝ մի եղբայր մտածում է, թե ինչպես կարող է ավելին անել ժողովում։ Այժմ գուցե նա դեռ չի ծառայում որպես ծառայող օգնական, բայց հասկանում է, որ պետք է զարգացնի հոգևոր որակներ։ Սկզբում նա ձգտում է համապատասխանել ծառայող օգնական, իսկ որոշ ժամանակ հետո՝ վերակացու լինելու պահանջներին։ Յուրաքանչյուր դեպքում նա ջանքեր է ներդնում, որ ժողովում իր ավելացող պարտականությունները կատարելու համար համապատասխան որակներ ունենա։

4 Թե՛ եղբայրները, թե՛ քույրերը, ովքեր ցանկանում են ծառայել որպես ռահվիրա, բեթելցի կամ Թագավորության սրահների շինարարության կամավոր, պետք է ձգտեն հասնել իրենց նպատակներին։ Եկեք տեսնենք, թե ինչպես է Աստծու Խոսքը քաջալերում բոլորին առաջադիմել հոգևորապես։

ՁԳՏԻՐ ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ

5. Ինչպե՞ս կարող են երիտասարդները օգտագործել իրենց ուժը Թագավորության գործում։

5 Երիտասարդները ավելի շատ ուժ ու եռանդ ունեն, ուստի կարող են Եհովային ծառայելու գործում շատ բան անել (կարդա Առակներ 20։29)։ Բեթելում ծառայող որոշ երիտասարդներ մասնակցում են Աստվածաշնչի և դրա վրա հիմնված գրականության տպագրական և կազմարարական աշխատանքներին։ Ոմանք էլ մասնակցում են Թագավորության սրահների շինարարության և վերանորոգման գործին։ Երբ բնական աղետ է լինում, շատ երիտասարդներ փորձառու այլ Վկաների հետ օգնություն են տրամադրում աղետից տուժածներին։ Իսկ որոշ երիտասարդ ռահվիրաներ օտար լեզու են սովորում կամ տեղափոխվում են այլ երկրներ՝ բարի լուրը քարոզելու համար։

6–8. ա) Ինչպե՞ս մի երիտասարդ եղբայր փոխեց ծառայության հանդեպ իր վերաբերմունքը, և ի՞նչ եղավ արդյունքը։ բ) Ինչպե՞ս կարող ես «ճաշակել և տեսնել, որ Եհովան բարի է»։

6 Հավանաբար հասկանում ես Աստծուն ամբողջ սրտով ծառայելու կարևորությունը։ Սակայն հնարավոր է այնպիսի զգացումներ ունենաս, ինչպիսին մի ժամանակ ուներ Էրըն անունով մի եղբայր։ Նա ասում է. «Ինձ համար ժողովի հանդիպումները և ծառայությունը ձանձրալի էին»։ Էրընը ծառայությունից ուրախություն չէր ստանում, չնայած որ մեծացել էր քրիստոնեական ընտանիքում և ուզում էր Աստծուն ուրախությամբ ծառայել։ Ի՞նչ արեց նա։

7 Էրընը կազմեց հոգևոր գրաֆիկ և սկսեց հետևել դրան. Աստվածաշունչ ընթերցել, հանդիպումներին պատրաստվել և մեկնաբանություններ տալ։ Նաև սկսեց կանոնավոր աղոթել։ Արդյունքում՝ Եհովայի նկատմամբ նրա սերը ավելացավ ու նա հոգևորապես առաջադիմեց։ Էրընը սկսեց ուրախություն ստանալ իր ծառայությունից։ Նա ծառայեց ռահվիրա, օգնեց աղետից տուժածներին և տեղափոխվեց ուրիշ երկիր՝ քարոզելու։ Իսկ այժմ երեց է և ծառայում է Բեթելում։ Ի՞նչ է Էրընը մտածում իր արած փոփոխությունների մասին։ Նա ասում է. «Ես «ճաշակեցի և տեսա, որ Եհովան բարի է»։ Երախտապարտ եմ նրա տված օրհնությունների համար, ու դա ինձ մղում է ավելին անել նրան ծառայելու գործում, ինչի արդյունքում ես ավելի շատ օրհնություններ եմ վայելում»։

8 Սաղմոսերգուն գրեց. «Եհովային փնտրողների համար ոչ մի բարիք չի պակասի» (կարդա Սաղմոս 34։8–10)։ Նրանք, ովքեր Եհովային եռանդով են ծառայում, երբեք չեն հիասթափվի։ Մենք անձամբ «ճաշակում և տեսնում ենք, որ Եհովան բարի է», երբ մեր լավագույնն ենք անում ծառայության մեջ։ Իսկ երբ ամբողջ սրտով ենք երկրպագում նրան, անհամեմատելի ուրախություն ենք ստանում։

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՍՊԱՍԻՐ ՈՒ ՄԻ՛ ՎՀԱՏՎԻՐ

9, 10. Համբերությամբ սպասելը ինչո՞ւ է կարևոր։

9 Գուցե ցանկանում ես ավելին անել քո ծառայության մեջ և արդեն երկար ժամանակ է՝ սպասում ես, որ առանձնաշնորհում ստանաս կամ որ հանգամանքներդ փոխվեն։ Մինչ ձգտում ես հասնել քո հոգևոր նպատակներին, «համբերությամբ սպասիր» (Միք. 7։7)։ Եհովան միշտ աջակցում է իր հավատարիմ ծառաներին, թեև երբեմն գուցե թույլ տա, որ իրավիճակը մի որոշ ժամանակ չփոխվի։ Նա Աբրահամին խոստացավ, որ որդի կունենա, սակայն վերջինս պետք է հավատ և համբերություն դրսևորեր (Եբր. 6։12–15)։ Չնայած որ նա տարիներ սպասեց, որ Իսահակը ծնվի, չվհատվեց, և Եհովան նրան չհիասթափեցրեց (Ծննդ. 15։3, 4; 21։5

10 Ինչ խոսք, սպասելը հեշտ չէ (Առակ. 13։12)։ Եթե չափից շատ մտածենք հիասթափությունների մասին, կարող ենք վհատվել։ Ուստի լավ կլինի մեր ժամանակը օգտագործենք մեր հոգևոր որակները բարելավելու համար։ Դա անելու համար նկատի առնենք երեք կերպ։

11. Ի՞նչ հատկություններ կարող ենք զարգացնել, և ինչո՞ւ են դրանք կարևոր։

11 Զարգացրու հոգևոր հատկություններ։ Երբ կարդում ենք Աստծու խոսքը և խորհում ենք դրա շուրջ, դա օգնում է մեզ ձեռք բերել գիտելիքներ և զարգացնել իմաստություն, ըմբռնողականություն, արդարություն, խորհելու կարողություն և ողջամտություն։ Այսպիսի հատկությունները անչափ կարևոր են նրանց համար, ովքեր առաջնորդություն են վերցնում ճշմարիտ երկրպագության մեջ (Առակ. 1։1–4; Տիտոս 1։7–9)։ Կարդալով մեր հրատարակությունները՝ մենք կարող ենք հասկանալ Աստծու մտածելակերպը շատ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են զվարճությունը, հագուկապն ու հարդարանքը, ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ ունենալը և փողը ճիշտ տնօրինելը։ Աստվածաշնչից մեր սովորածները կիրառելով՝ այնպիսի որոշումներ կկայացնենք, որոնք կուրախացնեն Եհովային։

12. Ինչպե՞ս կարող են ժողովի անդամները ցույց տալ, որ վստահելի են։

12 Ցույց տուր, որ վստահելի ես։ Լինենք եղբայր թե քույր, պետք է մեր աստվածապետական հանձնարարությունները լավագույն կերպով անենք։ Որպես կառավարիչ՝ Նեեմիան Աստծու ժողովրդի մեջ տարբեր գործերի համար պետք է պատասխանատուներ նշանակեր։ Ո՞ւմ ընտրեց նա։ Նրանց, ովքեր աստվածավախ էին, վստահելի և հավատարիմ (Նեեմ. 7։2; 13։12, 13)։ Այսօր էլ «տնտեսից ակնկալվում է, որ նա հավատարիմ լինի» (1 Կորնթ. 4։2)։ Հիշենք, որ լավ գործերը աննկատ չեն մնում (կարդա 1 Տիմոթեոս 5։25

13. Ինչպե՞ս կարող ես հետևել Հովսեփի օրինակին, եթե քեզ հետ անարդար են վարվում։

13 Թույլ տուր, որ Եհովան զտի քեզ։ Ի՞նչ կարող ես անել, եթե քո հանդեպ անարդար են վարվում։ Միգուցե որոշես անմիջապես պարզաբանել խնդիրը։ Երբեմն, սակայն, երբ միանգամից փորձում ենք մեզ պաշտպանել, խնդիրը ավելի ենք բարդացնում։ Հովսեփի եղբայրները շատ վատ վերաբերվեցին նրան, բայց նա ոխ չպահեց։ Հետագայում նրան անհիմն կերպով մեղադրեցին և անարդարացիորեն բանտարկեցին։ Այնուամենայնիվ, այդ դժվար ժամանակներում նա թույլ տվեց, որ Եհովան առաջնորդի իրեն։ Ի՞նչ եղավ արդյունքը։ «Եհովայի խոսքը զտեց նրան» (Սաղ. 105։19)։ Այդ փորձությունների ընթացքում Հովսեփը զարգացրեց որակներ, որոնք անհրաժեշտ եղան նրան մի հատուկ հանձնարարություն կատարելու համար (Ծննդ. 41։37–44; 45։4–8)։ Մինչ հաղթահարում ես դժվար խնդիրներ, աղոթիր իմաստության համար, խոսիր ու վարվիր մեղմությամբ և Աստծուց ուժ խնդրիր։ Եհովան անպայման կօգնի քեզ (կարդա 1 Պետրոս 5։10

ԱՌԱՋԱԴԻՄԻՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

14, 15. ա) Ինչո՞ւ պետք է «շարունակ ուշադրություն դարձնենք» մեր քարոզելու կերպին։ բ) Ինչպե՞ս կարող ես հարմարվել փոփոխվող հանգամանքներին (տես հոդվածի սկզբի նկարը և « Պատրա՞ստ ես այլ մեթոդ փորձելու» շրջանակը)։

14 Պողոսը հորդորեց Տիմոթեոսին. «Շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն ընթերցելու, հորդորելու և սովորեցնելու մեջ։ Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն» (1 Տիմոթ. 4։13, 16)։ Այդ ժամանակ Տիմոթեոսն արդեն փորձառու քարոզիչ էր։ Այնուամենայնիվ, նրա ծառայությունը արդյունավետ կլիներ միայն այն դեպքում, եթե նա «շարունակ ուշադրություն դարձներ» իր ուսուցանելուն։ Նա չպետք է ակնկալեր, որ մարդիկ միշտ լավ կարձագանքեին բարի լուրի միևնույն մատուցմանը։ Որպեսզի հասներ մարդկանց սրտին, նա իր ուսուցանելու մեթոդները պետք է համապատասխանեցներ նրանց կարիքներին։ Որպես Թագավորության քարոզիչներ՝ մենք էլ պետք է նույնն անենք։

15 Հաճախ նկատում ենք, որ երբ գնում ենք տնից տուն քարոզելու, մարդիկ տանը չեն լինում։ Կան նաև որոշ բնակելի շենքեր և տարածքներ, որտեղ մուտք գործել հնարավոր չէ։ Եթե ձեր ժողովն էլ ունի այդպիսի տարածքներ, ինչո՞ւ չմտածել բարի լուրը քարոզելու այլ կերպերի մասին։

16. Ինչո՞վ է արդյունավետ հրապարակային վկայությունը։

16 Հրապարակային վկայությունը բարի լուրը քարոզելու հրաշալի մեթոդներից է։ Դրա ձևերից մեկը հասարակական վայրերում քարոզելն է։ Շատ Վկաներ արդյունավետ կերպով մասնակցում են ծառայության այդ ձևին։ Նրանք մոտենում են մարդկանց կայարաններում, խանութներում, այգիներում և այլ հասարակական վայրերում։ Ողջամտություն դրսևորելով՝ նրանք գուցե զրույց սկսեն ինչ-որ մեկի հետ՝ խոսելով նորություններից, գովելով զրուցակցի երեխային կամ աշխատանքի հետ կապված որևէ հարց տալով։ Եթե զրույցը շարունակվում է, քարոզիչը սուրբգրային միտք է նշում և նրա տեսակետն է հարցնում։ Զրուցակցի արձագանքից կախված՝ հաճախ աստվածաշնչյան որևէ թեմայով քննարկում է սկսվում։

17, 18. ա) Ինչպե՞ս կարող ես վստահություն ձեռք բերել հրապարակային վկայության գործում։ բ) Ինչպե՞ս կարող է Դավթին ընդօրինակելը օգնել քեզ ծառայության մեջ։

17 Եթե դժվարանում ես մասնակցել հրապարակային վկայությանը, մի՛ հանձնվիր։ Էդին՝ մի ռահվիրա Նյու Յորքից, վարանում էր զրույց սկսել մարդկանց հետ հասարակական վայրերում։ Սակայն ժամանակի ընթացքում նա վստահություն ձեռք բերեց։ Ի՞նչը օգնեց նրան։ Նա ասում է. «Մեր ընտանեկան երկրպագության ժամանակ ես ու կինս փնտրտուքներ արեցինք, թե ինչպես պատասխանել մարդկանց արտահայտած տեսակետներին և առարկություններին։ Նաև խորհուրդներ հարցրինք տարբեր Վկաներից»։ Այժմ Էդին հաճույքով է մասնակցում հրապարակային վկայությանը։

18 Մինչ հմտանում ես և վստահություն ես ձեռք բերում բարի լուրը քարոզելու գործում, քո հոգևոր առաջադիմությունը ակնհայտ կլինի բոլորին (կարդա 1 Տիմոթեոս 4։15)։ Ավելին, այդպես դու փառք կբերես երկնային Հորը, ինչպես Դավիթ թագավորը, որը գրեց. «Եհովային կօրհնեմ ամեն ժամանակ. նրա գովաբանությունը շարունակ իմ բերանում կլինի։ Հոգիս Եհովայով պիտի պարծենա, հեզերը կլսեն ու կուրախանան» (Սաղ. 34։1, 2)։ Շատ հավանական է, որ քո ծառայության արդյունքում հեզ անհատները ուրախությամբ միանան Աստծու ժողովրդին ճշմարիտ երկրպագության մեջ։

ՀՈԳԵՎՈՐԱՊԵՍ ԱՌԱՋԱԴԻՄԵԼՈՎ՝ ՓԱՌՔ ԲԵՐ ԱՍՏԾՈՒՆ

19. Ինչո՞ւ Եհովայի նվիրված ծառաները կարող են ուրախ լինել, անգամ եթե սահմանափակ հանգամանքներ ունեն։

19 Դավիթը գրեց. «Քո բոլոր գործերը պիտի գովեն քեզ, ո՛վ Եհովա, և քեզ նվիրվածները պիտի օրհնեն քեզ։ Քո թագավորության փառքի մասին պիտի պատմեն և քո հզորության մասին պիտի խոսեն, որպեսզի մարդկանց որդիներին ճանաչեցնեն քո հզոր գործերը և քո թագավորության շքեղության փառքը» (Սաղ. 145։10–12)։ Այս խոսքերը, անկասկած, արտահայտում են Եհովային նվիրվածների զգացմունքները։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հիվանդությունը կամ տարիքը սահմանափակում են քո ծառայությունը։ Միշտ հիշիր, որ երբ բարի լուրի մասին խոսում ես քեզ խնամողների և ուրիշների հետ, քո սուրբ ծառայությունը փառք է բերում մեր սքանչելի Աստծուն։ Եթե քո հավատի համար ազատազրկված ես, հավանաբար ճշմարտության մասին խոսում ես, երբ հարմար պահ է լինում, և դա ուրախացնում է Եհովայի սիրտը (Առակ. 27։11)։ Եթե քո ընտանիքում միայն դու ես ճշմարտության մեջ, բայց ջանում ես կառչած մնալ հոգևոր գրաֆիկիդ, նույնպես ուրախացնում ես Եհովային (1 Պետ. 3։1–4)։ Այո՛, նույնիսկ դժվար իրավիճակներում դու կարող ես փառք բերել Աստծուն և հոգևորապես առաջադիմել։

20, 21. Եթե հոգևորապես առաջադիմես, ինչպե՞ս կարող ես օրհնություն լինել ուրիշների համար։

20 Եհովան անպատճառ կօրհնի քեզ, եթե շարունակես հոգևորապես առաջադիմել։ Քո գրաֆիկում կամ ապրելակերպում որոշ փոփոխություններ անելով՝ ավելի շատ հնարավորություններ կունենաս պատմելու Աստծու թանկագին ճշմարտությունների մասին նրանց, ովքեր հույսի կարիք ունեն։ Ավելին, քո հոգևոր առաջադիմությունը և անձնազոհ ընթացքը կարող է արժեքավոր օգուտներ բերել քո հավատակիցներին։ Ժողովում ներդրած քո խոնարհ ջանքերի արդյունքում Եհովային սիրող անհատները կգնահատեն, կսիրեն ու կաջակցեն քեզ։

21 Անկախ նրանից, Եհովային ծառայում ենք ամիսներ թե տարիներ, բոլորս էլ կարող ենք հոգևորապես առաջադիմել։ Իսկ ինչպե՞ս կարող են հասուն քրիստոնյաները օգնել նորերին առաջադիմելու։ Այդ մասին կքննարկենք հաջորդ հոդվածում։