Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Փնտրիր ոսկուց շատ ավելի թանկ բան

Փնտրիր ոսկուց շատ ավելի թանկ բան

Երբևէ գտե՞լ ես ոսկու բնակտոր։ Շատ քչերին է դա հաջողվել։ Սակայն միլիոնավոր մարդիկ ոսկուց շատ ավելի թանկ բան են գտել։ Դա աստվածային իմաստությունն է, որի դիմաց «հնարավոր չէ.... մաքուր ոսկի տալ» (Հոբ 28։12, 15

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ուսումնասիրողները ինչ-որ իմաստով նման են ոսկի որոնողների։ Նրանք պետք է շատ ջանք թափեն և շարունակ որոնեն, որ գտնեն Աստվածաշնչում պարունակվող անգին իմաստությունը։ Եկեք քննենք, թե մարդիկ ինչ կերպերով են ոսկի գտնում, և ինչ կարող ենք սովորել դրանից։

ԴՈՒ ԳՏԱՐ ՈՍԿՈՒ ԲՆԱԿՏՈՐ

Պատկերացրու՝ քայլում ես գետի ափով և տեսնում ես փայլող մի բան։ Դու մոտենում ես, կռանում և ուրախանում ես՝ տեսնելով, որ դա ոսկի է։ Այն լուցկու գլխիկից էլ փոքր է, բայց բարձրորակ ադամանդից էլ հազվագյուտ է։ Իհարկե, դու կնայես շուրջդ՝ տեսնելու համար՝ ոսկու ուրիշ բնակտորներ կան, թե ոչ։

Հավանաբար չես մոռացել այն օրը, երբ Եհովայի ծառաներից մեկը թակեց քո տան դուռը և պատմեց քեզ Աստվածաշնչի տված հույսի մասին։ Դու լավ ես հիշում այն պահը, երբ գտար առաջին «ոսկու բնակտորը»։ Օրինակ՝ երբ առաջին անգամ Աստվածաշնչում տեսար Աստծու անունը՝ Եհովա (Սաղ. 83։18)։ Կամ երբ իմացար, որ կարող ես լինել Եհովայի ընկերը (Հակ. 2։23)։ Միանգամից հասկացար, որ գտել ես ոսկուց շատ ավելի թանկ մի բան։ Եվ հավանաբար քո մեջ մեծ ցանկություն առաջացավ գտնելու ավելի շատ հոգևոր գանձեր։

ԴՈՒ ԳՏԱՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՍԿԻ

Վտակներում և գետերում երբեմն ավազահատիկից էլ մանր ոսկու կտորների նստվածք է հավաքվում։ Այն անվանում են ալյուվիալ (ջրաբերուկ) ոսկի։ Ընդամենը մեկ սեզոնի ընթացքում ջանասեր ոսկի որոնողը այդ վայրերում կարող է գտնել մի քանի կիլոգրամ ոսկի, որի արժեքը մի քանի տասնյակ հազար դոլար է։

Երբ սկսեցիր Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, գուցե քեզ զգացիր ոսկի որոնողի պես, ով գտել է մեծ քանակությամբ ալյուվիալ ոսկու նստվածք։ Ամեն նոր աստվածաշնչյան համարի շուրջ խորհրդածելով՝ ավելացրիր գիտելիքներիդ պաշարը և հոգևորապես հարստացար։ Աստվածաշնչի անգին ճշմարտությունները «ջրից հանելով»՝ իմացար, թե ինչպես կարող ես մոտենալ Եհովային, մնալ նրա սիրո մեջ և ունենալ հավիտենական կյանքի հեռանկար (Հակ. 4։8; Հուդա 20, 21

Ոսկի որոնողի պես՝ դո՞ւ էլ ես շատ ջանք թափում

Ինչպես ոսկի որոնողն է ձգտում գտնել ալյուվիալ ոսկու նստվածք, այնպես էլ դու տքնաջանորեն փնտրեցիր, որ գտնես անգին հոգևոր գանձեր։ Աստվածաշնչի հիմնական ուսմունքները սովորելուց հետո դու հավանաբար համապատասխան քայլեր արեցիր, որ նվիրվես Եհովային և մկրտվես (Մատթ. 28։19, 20

ՇԱՐՈՒՆԱԿԻ՛Ր ՈՐՈՆԵԼ

Ոսկի կարելի է գտնել նաև հրաբխային ապարներում։ Որոշ վայրերում ապարները այնքան ոսկի են պարունակում, որ մարդիկ սկսում են հանքեր փորել և ոսկի արդյունահանել։ Առաջին հայացքից հանքանյութում գուցե ոսկին չերևա։ Ինչո՞ւ։ Քանի որ մեկ տոննա բարձրորակ հանքանյութը կարող է պարունակել ընդամենը 10 գրամ ոսկի։ Սակայն նույնիսկ այս դեպքում ոսկի որոնողները մտածում են, որ արժե ամեն ջանք թափել այն արդյունահանելու համար։

Նույն ձևով էլ, «Քրիստոսի մասին սկզբնական ուսմունքները» սովորելուց հետո անհատից ջանքեր են պահանջվում (Եբր. 6։1, 2)։ Դու շատ ջանքեր պետք է ներդնես, որ ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ քեզ համար նոր մտքեր և գործնական դասեր «հանես»։ Ուստի ի՞նչ կարող ես անել, որ Աստվածաշնչի քո անձնական ուսումնասիրությունը արդյունավետ լինի, նույնիսկ եթե այն ուսումնասիրում ես երկար տարիներ։

Մի՛ կորցրու սովորելու ցանկությունդ։ Ուշադիր եղիր մանրամասներին։ Շարունակիր ջանքեր թափել և դու կգտնես թանկարժեք «ոսկու բնակտորներ»՝ Աստծու իմաստությունն ու առաջնորդությունը (Հռոմ. 11։33)։ Որպեսզի ավելացնես աստվածաշնչյան գիտելիքներդ, օգտագործիր քո լեզվով մատչելի փնտրտուքներ անելու միջոցները։ Համբերությամբ Սուրբ Գրքում փնտրիր առաջնորդություն և քո հարցերի պատասխանները։ Հարցրու ուրիշներին, թե նրանց համար որ համարները և հոդվածներն են հատկապես օգտակար և քաջալերական եղել։ Մյուսներին պատմիր, թե Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում ինչ հետաքրքիր մտքեր ես գտել։

Ինչ խոսք, քո նպատակը չպետք է լինի ընդամենը գիտելիքների պաշար ձեռք բերելը։ Պողոս առաքյալը զգուշացրեց, որ «գիտելիքները հպարտացնում են» (1 Կորնթ. 8։1)։ Ուստի ջանք թափիր, որ մնաս խոնարհ և ամուր հավատ ունենաս։ Կանոնավոր ընտանեկան երկրպագությունը և Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը կնպաստեն, որ ապրես Եհովայի չափանիշներով, և կմղեն քեզ օգնելու ուրիշներին։ Ավելին, մեծ ուրախություն կապրես, քանի որ գտել ես ոսկուց շատ ավելի թանկ մի բան (Առակ. 3։13, 14