Սեր. արժեքավոր հատկություն
ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ, Աստծուց ներշնչված, գրեց ինը հատկությունների մասին, որոնք ձևավորվում են սուրբ ոգու ազդեցությամբ (Գաղ. 5։22, 23)։ Այս գեղեցիկ հատկությունները նա ներկայացրեց որպես մեկ ամբողջություն՝ անվանելով «ոգու պտուղ»։ * Այս պտուղը բնորոշ է «նոր անձնավորությանը» (Կող. 3։10)։ Ինչպես որ ծառն է պտուղ տալիս լավ խնամվելու դեպքում, այնպես էլ մարդն է դրսևորում ոգու պտղի մաս կազմող հատկությունները, եթե թույլ է տալիս, որ սուրբ ոգին անարգել ազդի իր կյանքի վրա (Սաղ. 1։1–3)։
Ոգու պտղի հատկություններից առաջինը, ինչպես նշեց Պողոսը, սերն է։ Որքանո՞վ է այս հատկությունը արժեքավոր։ Պողոսն ասաց, որ առանց սիրո ինքը ոչինչ է (1 Կորնթ. 13։2)։ Իսկ ի՞նչ է սերը, և ինչպե՞ս կարող ենք այն զարգացնել ու ամեն օր դրսևորել։
ԻՆՉՊԵՍ Է ԴՐՍԵՎՈՐՎՈՒՄ ՍԵՐԸ
Թեև բառերով դժվար է տալ սիրո սահմանումը, Աստվածաշունչը նկարագրում է, թե ինչպես է այն դրսևորվում։ Օրինակ՝ այնտեղ կարդում ենք, որ սերը «համբերատար է ու բարի»։ Այն «ուրախանում է ճշմարտության համար», «ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է»։ Սերը նաև առաջ է բերում գորովանք, անկեղծ հոգատարություն և ջերմ կապվածություն։ Իսկ սիրո պակասի դրսևորումներից են նախանձը, հպարտությունը, անպատշաճ վարմունքը, եսասիրությունը, ոխակալությունն ու աններողամտությունը։ Ի տարբերություն այս բացասական հատկությունների՝ սերը, որն ուզում ենք զարգացնել, «իր շահը չի փնտրում» (1 Կորնթ. 13։4–8)։
ԵՀՈՎԱՆ ԵՎ ՀԻՍՈՒՍԸ՝ ՍԻՐՈ ԿԱՏԱՐՅԱԼ ՕՐԻՆԱԿ
«Աստված սեր է»։ Այո՛, Եհովան սիրո մարմնացումն է (1 Հովհ. 4։8)։ Աստծու բոլոր գործերն ու արարքները վկայում են նրա սիրո մասին։ Նա իր մեծ սերը դրսևորեց մարդկանց հանդեպ՝ ուղարկելով Հիսուսին, որը տառապեց ու մահացավ մեզ համար։ Հովհաննես առաքյալը գրեց. «Աստված իր սերը նրանով դրսևորեց մեր հանդեպ, որ իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրա միջոցով կյանք ստանանք։ Ահա սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և իր Որդուն ուղարկեց որպես հաշտության զոհ մեր մեղքերի համար» (1 Հովհ. 4։9, 10)։ Աստծու սիրո շնորհիվ մենք կարող ենք մեղքերի ներում ստանալ, հույս և կյանք ունենալ։
Հիսուսը ցույց տվեց իր սերը մարդկանց հանդեպ, երբ հոժարությամբ կատարեց Աստծու կամքը։ Պողոսը գրեց. «[Հիսուսն] ասում է. «Ահա ես եկել եմ, որպեսզի քո կամքը կատարեմ».... Այդ «կամքով» էլ մենք սրբացվեցինք, քանի որ Հիսուս Քրիստոսը մեկընդմիշտ մատուցեց իր մարմինը» (Եբր. 10։9, 10)։ Ուրիշ ոչ մի մարդ չէր կարող ավելի մեծ սեր դրսևորել։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի, քան այն մեկը, որն իր հոգին տալիս է իր ընկերների համար» (Հովհ. 15։13)։ Մենք՝ անկատար մարդիկս, կարո՞ղ ենք արդյոք ընդօրինակել այն սերը, որ Եհովան ու Հիսուսը դրսևորել են մեր հանդեպ։ Այո՛։ Տեսնենք, թե ինչպես։
«ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՔԱՅԼԵԼ ՍԻՐՈ ՄԵՋ»
Պողոսը հորդորում է մեզ. «Ընդօրինակեք Աստծուն սիրելի զավակների պես և շարունակեք քայլել սիրո մեջ, ինչպես որ Քրիստոսն էլ սիրեց ձեզ և իր անձը տվեց ձեզ համար» (Եփես. 5։1, 2)։ Մենք «կշարունակենք քայլել սիրո մեջ», եթե մեր կյանքի բոլոր ոլորտներում դրսևորենք այս հատկությունը։ Սերը պետք է երևա ոչ միայն մեր խոսքերում, այլև գործերում։ Հովհաննեսը գրեց. «Որդյակնե՛ր, եկեք սիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ» (1 Հովհ. 3։18)։ Օրինակ, եթե մենք սիրում ենք Աստծուն և մերձավորին, կմղվենք Թագավորության բարի լուրը հայտնել մարդկանց (Մատթ. 24։14; Ղուկ. 10։27)։ Նաև կլինենք բարի, համբերատար և ներողամիտ։ Աստվածաշունչը մեզ հետևյալ խորհուրդն է տալիս. «Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (Կող. 3։13)։
Սակայն իսկական սերը չպետք է շփոթել զգացմունքայնության հետ։ Օրինակ՝ զգացմունքներով առաջնորդվող ծնողը լացող երեխային հանգստացնելու համար գուցե բավարարի նրա բոլոր քմահաճույքները։ Իսկ այն ծնողը, որը իսկապես սիրում է իր երեխային, անհրաժեշտության դեպքում հաստատակամություն կդրսևորի։ Եհովան հենց այդպես է անում։ Աստված սեր է, բայց նրանց, ում սիրում է, խրատում է (Եբր. 12։6)։ Շարունակելով քայլել սիրո մեջ՝ մենք չենք խուսափի պատշաճ խրատ տալուց, երբ դրա կարիքը լինի (Առակ. 3։11, 12)։ Ինչ խոսք, դա անելիս չպետք է մոռանանք, որ ինքներս էլ անկատար ենք և հակված ենք այնպիսի բաներ անելու, որոնք սիրո դրսևորում չեն։ Ուստի սեր ցուցաբերելու հարցում բոլորս էլ բարելավվելու կարիք ունենք։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։ Քննենք երեք միջոց։
ԻՆՉՊԵՍ ՍԵՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ
Առաջին՝ Աստծուց խնդրիր նրա սուրբ ոգին, որը սեր է առաջ բերում։ Հիսուսն ասաց, որ Եհովան «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Եթե աղոթենք սուրբ ոգու համար և «շարունակենք ընթանալ ոգով», ավելի շատ սեր կդրսևորենք, ինչը կերևա մեր գործերում (Գաղ. 5։16)։ Օրինակ, եթե ժողովում երեց ես և պետք է որևէ մեկին աստվածաշնչյան խորհուրդ տաս, կարող ես Աստծուց նրա ոգին խնդրել, որպեսզի դա անես սիրալիր կերպով։ Կամ եթե ծնող ես, կարող ես խնդրել, որ Աստծու ոգին օգնի քեզ երեխաներիդ խրատել ոչ թե բարկությամբ, այլ սիրով։
Երկրորդ՝ մտածիր, թե Հիսուսն ինչպես էր սեր դրսևորում նույնիսկ այն դեպքում, երբ իրեն վատ էին վերաբերվում (1 Պետ. 2։21, 23)։ Անհրաժեշտ է նրա օրինակի շուրջ խորհել հատկապես այն ժամանակ, երբ վիրավորված ենք կամ անարդարության ենք բախվել։ Ճիշտ կլինի, որ հարցնենք ինքներս մեզ. «Ինչպե՞ս կվարվեր Հիսուսը այս իրավիճակում»։ Լի անունով մի քույր պատմում է, որ երբ ինքն իրեն տալիս է այս հարցը, դա օգնում է, որ մի բան անելուց առաջ մտածի։ Նա ասում է. «Մի անգամ աշխատակիցներիցս մեկը մյուսներին էլեկտրոնային նամակ ուղարկեց՝ բացասաբար արտահայտվելով իմ և իմ արած աշխատանքի մասին։ Ես շատ վիրավորվեցի։ Բայց հետո ինքս ինձ հարցրի. «Այս իրավիճակում ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Հիսուսին»։ Երբ մտածեցի, թե Հիսուսն ինչ կաներ, որոշեցի աչք փակել։ Հետո իմացա, որ աշխատակիցս առողջական լուրջ խնդիր ունի և սթրեսային վիճակում է։ Հասկացա, որ նա հավանաբար չէր ցանկացել վիրավորել ինձ։ Հիսուսի օրինակի շուրջ խորհելը օգնեց ինձ, որ սեր դրևսորեմ աշխատակցիս հանդեպ»։ Այո՛, եթե ընդօրինակենք Հիսուսին, միշտ սիրով կառաջնորդվենք։
Երրորդ՝ անձնազոհ սեր զարգացրու, որը ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշ հատկություն է (Հովհ. 13։34, 35)։ Սուրբ Գիրքը մեզ հորդորում է Հիսուսի մտածելակերպը ունենալ։ Թողնելով երկինքը՝ նա «զրկեց իրեն ամեն ինչից» և նույնիսկ իր կյանքը տվեց մեզ համար (Փիլիպ. )։ Ընդօրինակելով Հիսուսի անձնազոհ սերը՝ մենք ձեռք կբերենք նրա մտածելակերպը և նույն բանը կզգանք մարդկանց հանդեպ, ինչ նա էր զգում։ Այդպես կմղվենք մյուսների շահը մերինից բարձր դասելու։ Սեր զարգացնելը ուրիշ ի՞նչ լավ արդյունքներ կբերի։ 2։5–8
ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Սեր դրսևորելը, ինչ խոսք, լավ արդյունքներ է բերում։ Քննենք դրանցից երկուսը։
-
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ։ Քանի որ սիրում ենք իրար, վստահ ենք, որ աշխարհի ցանկացած վայրում որ ժողով էլ այցելենք, եղբայրներն ու քույրերը մեզ ջերմությամբ կընդունեն։ Ինչպիսի՜ օրհնություն է սիրված լինել աշխարհի «ողջ եղբայրության» կողմից (1 Պետ. 5։9)։ Ուրիշ որտե՞ղ կարող ենք այսպիսի սեր գտնել։
-
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ «Սիրով միմյանց համբերելով»՝ մենք խաղաղություն և միասնություն ենք վայելում (Եփես. 4։2, 3)։ Դա կարելի է տեսնել ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ։ Համաձայն չե՞ս, որ այս տեսակ խաղաղությունը եզակի բան է այսօրվա պառակտված աշխարհում (Սաղ. 119։165; Ես. 54։13)։ Միմյանց հետ հաշտ ու համերաշխ ապրելով՝ ցույց ենք տալիս, թե որքան շատ ենք սիրում իրար, ինչը ուրախություն է պատճառում մեր երկնային Հորը (Սաղ. 133։1–3; Մատթ. 5։9)։
«ՍԵՐԸ ԿԵՐՏՈՒՄ Է»
Պողոսը գրեց. «Սերը կերտում է» (1 Կորնթ. 8։1)։ Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13-րդ գլխում, որը ոմանք կոչում են «Սիրո սաղմոս», առաքյալը բացատրում է, թե սերն ինչպես է կերտում։ Օրինակ՝ այն մարդուն մղում է դիմացինի օգուտը փնտրել (1 Կորնթ. 10։24; 13։5)։ Բացի այդ, քանի որ սերը բարի է, համբերատար, ուշադիր ու հոգատար, այն կերտում է մեր ընտանիքներն ու ժողովները՝ դրանք դարձնելով ջերմ ու միասնական (Կող. 3։14)։
Սերը, որ տածում ենք Աստծու հանդեպ, ամենաարժեքավորն ու ամենազորեղն է։ Այդ սերն է, որ տարբեր ազգերի ու ռասաների պատկանող և տարբեր լեզուներով խոսող մարդկանց միավորում է՝ կերտելով երջանիկ եղբայրություն, որի անդամները «ուս ուսի ծառայում են» Եհովային (Սոփ. 3։9)։ Ուստի եկեք վճռենք ամեն օր դրսևորել Աստծու սուրբ ոգու պտղի այս անգին հատկությունը։
^ պարբ. 2 Սա ինը մասից բաղկացած հոդվածաշարի առաջին հոդվածն է։ Հոդվածաշարում կքննարկվի ոգու պտղի յուրաքանչյուր հատկություն։