Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Փորձություններին տոկալով՝ օրհնվեցինք

Փորձություններին տոկալով՝ օրհնվեցինք

«ԴՈՒ դաժան հայր ես,— կշտամբանքով ասաց ՊԱԿ-ի * ծառայողը։— Դու լքել ես հղի կնոջդ ու աղջնակիդ։ Ո՞վ է կերակրելու և հոգ տանելու նրանց։ Դադարեցրո՛ւ գործունեությունդ և տո՛ւն վերադարձիր»։ Ես պատասխանեցի. «Ո՛չ, ե՛ս չեմ լքել իմ ընտանիքը։ Այդ դուք եք ձերբակալել ինձ։ Եվ ինչի՞ համար»։ Նա ասաց. «Վկա լինելուց ավելի վատ հանցագործություն չկա»։

Այդ զրույցը տեղի ունեցավ 1959 թ.-ին Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքի բանտերից մեկում։ Թույլ տվեք պատմել, թե ինչու էինք ես ու կինս՝ Մարիան, պատրաստ «հանուն արդարության չարչարվելու» և թե ինչպես օրհնվեցինք՝ հավատարիմ մնալով (1 Պետ. 3։13, 14

Ես ծնվել եմ 1933 թ.-ին Ուկրաինայի Զոլոտնիկի գյուղում։ 1937-ին մորաքույրս և իր ամուսինը, որոնք Վկաներ էին և ապրում էին Ֆրանսիայում, այցելեցին մեզ և թողեցին Դիտարանի ընկերության կողմից հրատարակված «Կառավարություն» և «Ազատագրում» գրքերը։ Երբ հայրս կարդաց դրանք, Աստծու հանդեպ նրա հավատը զորացավ։ Ցավոք, 1939 թ.-ին նա ծանր հիվանդացավ։ Մահանալուց առաջ հայրս ասաց մորս. «Սա է ճշմարտությունը։ Այն սերմանիր մեր երեխաների մեջ»։

ՍԻԲԻՐ՝ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՆՈՐ ՏԱՐԱԾՔ

1951 թ. ապրիլին իշխանությունները սկսեցին Եհովայի վկաներին Խորհրդային Միության արևմտյան շրջաններից աքսորել Սիբիր։ Ես, մայրս ու կրտսեր եղբայրս՝ Գրիգորին, աքսորվեցինք Արևմտյան Ուկրաինայից։ Գնացքով անցնելով 6 000 կիլոմետր (3 700 մղոն)՝ հասանք Սիբիրում գտնվող Տուլուն քաղաք։ Երկու շաբաթ հետո ավագ եղբայրս՝ Բոգդանը, որին դատապարտել էին 25 տարվա տաժանակիր աշխատանքի, հասավ հարևան քաղաքում՝ Անգարսկում գտնվող ճամբար։

Ես, մայրս ու Գրիգորին, հնարամտություն դրսևորելով, քարոզում էինք Տուլունի մոտ գտնվող բնակավայրերում։ Օրինակ՝ մարդկանց հարցնում էինք. «Այստեղ կով վաճառող կա՞»։ Երբ գտնում էինք այդպիսի մեկին, նրա հետ զրուցում էինք այն մասին, թե ինչ հրաշալի կերպով են ստեղծված կովերը։ Հետո անցնում էինք Արարչի թեմային։ Այդ ժամանակ մի թերթ գրեց, որ Վկաները կովերի մասին են հարցնում, բայց ոչխար են փնտրում։ Եվ իրոք, մենք գտնում էինք գառնանման մարդկանց։ Ի՜նչ հաճելի էր Աստվածաշունչ ուսումնասիրել այդ չնշանակված տարածքում բնակվող խոնարհ և հյուրասեր մարդկանց հետ։ Այսօր Տուլունում ավելի քան 100 քարոզչից բաղկացած ժողով կա։

ԻՆՉՊԵՍ ՓՈՐՁՎԵՑ ՄԱՐԻԱՅԻ ՀԱՎԱՏԸ

Կինս՝ Մարիան, ճշմարտությունն իմացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ուկրաինայում։ Երբ նա 18 տարեկան էր, ՊԱԿ-ի մի ծառայող սկսեց ճնշել նրան՝ փորձելով ստիպել, որ իր հետ անբարոյություն գործի։ Սակայն Մարիան հաստատակամորեն մերժում էր նրան։ Մի օր, երբ նա տուն եկավ, տեսավ, որ այդ տղամարդը պառկած է իր անկողնում։ Մարիան փախավ։ ՊԱԿ-ի ծառայողը կատաղեց ու սպառնաց, որ Վկա լինելու համար նրան բանտ գցել կտա։ 1952 թ.-ին Մարիային դատապարտեցին տասը տարվա ազատազրկման։ Նա իրեն Հովսեփի պես էր զգում, ով բանտարկվեց իր անարատությունը պահելու համար (Ծննդ. 39։12, 20)։ Այն մեքենայի վարորդը, որով Մարիային դատարանից տեղափոխում էին բանտ, ասաց նրան. «Մի՛ վախեցիր։ Շատ մարդիկ, որ գնում են բանտ, վերադառնում են՝ չկորցնելով իրենց արժանապատվությունը»։ Այս խոսքերը զորացրին նրան։

1952–1956 թթ.-ին Մարիան աշխատեց Ռուսաստանի Գորկի (այժմ՝ Նիժնի Նովգորոդ) քաղաքի մոտ գտնվող ուղղիչ-աշխատանքային ճամբարում։ Նրա գործը ծառեր արմատախիլ անելն էր, ինչը նրանից պահանջում էին նույնիսկ սառնամանիքին։ Դա վատ անդրադարձավ Մարիայի առողջության վրա։ 1956-ին նա ազատվեց և ուղևորվեց Տուլուն։

ԻՆՁ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՆ ԻՄ ԿՆՈՋԻՑ ՈՒ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ

Եղբայրներից մեկը ինձ ասաց, որ մի քույր է գալիս Տուլուն։ Ես հեծանվով գնացի ավտոբուսի կանգառ, որ դիմավորեմ այդ քրոջը և օգնեմ տեղափոխելու նրա իրերը։ Երբ հանդիպեցի Մարիային, նա անմիջապես ինձ դուր եկավ։ Բայց ժամանակ պահանջվեց, որ նրա սիրտը շահեմ, և ի վերջո դա ինձ հաջողվեց։ Մենք ամուսնացանք 1957 թ.-ին։ Մի տարի հետո ծնվեց մեր աղջիկը՝ Իրինան։ Սակայն ուրախությունս երկար չտևեց։ 1959-ին ինձ ձերբակալեցին աստվածաշնչյան գրականություն տպագրելու համար։ Ես կես տարի անցկացրի մենախցում։ Սրտումս խաղաղություն պահպանելու համար անդադար աղոթում էի, երգում էի Թագավորության երգերը և պատկերացնում էի, թե ինչպես կքարոզեի, եթե ազատության մեջ լինեի։

Ուղղիչ-աշխատանքային ճամբարում (1962 թ.)

Բանտում հարցաքննության ժամանակ քննիչը գոռաց ինձ վրա՝ ասելով. «Շուտով մենք ձեր վերջը կտանք»։ Ես էլ պատասխանեցի. «Հիսուսն ասել է, որ Թագավորության բարի լուրը ՔԱՐՈԶՎԵԼՈՒ Է բոլոր ազգերի մեջ, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այդ գործը»։ Հետո քննիչը փոխեց իր մարտավարությունը և, ինչպես նշեցի նախաբանում, սկսեց համոզել, որ ուրանամ հավատս։ Սպառնալիքներն ու համոզելու փորձերը արդյունք չտվեցին, և ինձ դատապարտեցին յոթ տարվա տաժանակիր աշխատանքի, որը պետք է կատարեի Սարանսկ քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարում։ Երբ ուղևորվում էի ճամբար, իմացա, որ ծնվել է երկրորդ դուստրս՝ Օլգան։ Թեև կինս ու աղջիկներս հեռու էին, ինձ մխիթարում էր այն միտքը, որ ես ու Մարիան նվիրված ենք մնացել Եհովային։

Մարիան ու մեր աղջիկները՝ Օլգան և Իրինան (1965 թ.)

Տարին մեկ անգամ Մարիան Տուլունից գալիս էր Սարանսկ՝ ինձ այցելելու, չնայած որ գալու և հետ գնալու համար պետք է 12 օր ճանապարհորդեր գնացքով։ Ամեն տարի նա բերում էր մի զույգ երկարաճիտ կոշիկներ։ Դրանց կրունկներում թաքցված էին «Դիտարանի» վերջին համարները։ Մի անգամ Մարիան իր հետ բերեց մեր երկու աղջնակներին։ Դա յուրահատուկ հանդիպում էր ինձ համար։ Այնքա՜ն ուրախ էի։

ՆՈՐ ՎԱՅՐԵՐ, ՆՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1966 թ.-ին ուղղիչ-աշխատանքային ճամբարից ազատվեցի։ Ես, կինս ու աղջիկներս տեղափոխվեցինք Սև ծովի մոտ գտնվող Արմավիր քաղաք։ Այնտեղ ծնվեցին մեր տղաները՝ Յարոսլավն ու Պավելը։

Շատ չանցած՝ ՊԱԿ-ի ծառայողները սկսեցին գալ մեր տուն և աստվածաշնչյան գրականություն փնտրել։ Նրանք փնտրում էին ամենուր, նույնիսկ անասնակերի մեջ։ Մի անգամ՝ հերթական խուզարկության ժամանակ, Մարիան նկատեց, որ այդ ծառայողները շոգից քրտնել են, և նրանց համազգեստները փոշոտվել են։ Նա խղճաց այդ մարդկանց, քանի որ նրանք ընդամենը հրաման կատարողներ էին։ Մարիան նրանց հյութ հյուրասիրեց և բերեց հագուստի խոզանակ, մի թաս ջուր ու սրբիչներ։ Ավելի ուշ, երբ եկավ այդ ծառայողների ղեկավարը, նրանք պատմեցին մեր լավ վերաբերմունքի մասին։ Երբ նրանք հեռանում էին, ղեկավարը ժպտաց և մեզ ձեռքով արեց։ Մենք երջանիկ էինք՝ տեսնելով, թե ինչ լավ արդյունք է լինում, երբ ձգտում ենք «միշտ բարիով հաղթել չարին» (Հռոմ. 12։21

Չնայած այդ խուզարկություններին՝ մենք շարունակում էինք քարոզել Արմավիրում։ Նաև զորացնում էինք հարևան Կուրգանինսկ քաղաքում ապրող քարոզիչների փոքր խմբին։ Այնքա՜ն ուրախ եմ, որ այսօր Արմավիրում վեց ժողով կա, իսկ Կուրգանինսկում՝ չորս ժողով։

Այդ տարիների ընթացքում լինում էին ժամանակներ, երբ մենք հոգևորապես թուլանում էինք։ Սակայն շնորհակալ ենք Եհովային, որ հավատարիմ եղբայրների միջոցով ուղղում և ամրացնում էր մեզ (Սաղ. 130։3)։ Բացի այդ, մեզ համար լուրջ փորձություն էր՝ ծառայել ՊԱԿ-ի գործակալների կողքին, որոնք ներթափանցել էին ժողով, ինչի մասին մենք չգիտեինք։ Թվում էր, թե այդ մարդիկ ծառայության մեջ նախանձախնդիր էին ու ակտիվ։ Ոմանք էլ նույնիսկ պատասխանատվություններ էին ստացել կազմակերպության մեջ։ Սակայն ժամանակի ընթացքում մենք հասկացանք, թե ովքեր են նրանք։

1978 թ.-ին, երբ Մարիան 45 տարեկան էր, կրկին հղիացավ։ Քանի որ նա սրտի քրոնիկ հիվանդություն ուներ, բժիշկները վախենում էին նրա կյանքի համար և փորձում էին համոզել, որ ընդհատի հղիությունը։ Մարիան հրաժարվում էր։ Ուստի որոշ բժիշկներ, հիվանդանոցում նրա հետևից ընկած, ուզում էին սրսկել, որպեսզի վաղաժամ ծննդաբերություն առաջացնեին։ Երեխայի կյանքը փրկելու համար Մարիան հիվանդանոցից փախավ։

ՊԱԿ-ը մեզ հրամայեց քաղաքից հեռանալ։ Մենք տեղափոխվեցինք Էստոնիա՝ Տալլին քաղաքի մոտակայքում գտնվող մի գյուղ։ Այդ ժամանակ Էստոնիան Խորհրդային Միության կազմի մեջ էր։ Բժիշկների կանխատեսումներին հակառակ՝ Մարիան Տալլինում մի առողջ տղա լույս աշխարհ բերեց։ Նրա անունը դրեցինք Վիտալի։

Ավելի ուշ Էստոնիայից տեղափոխվեցինք Ռուսաստանի հարավում գտնվող Նեզլոբնայա բնակավայր։ Զգուշություն ցուցաբերելով՝ քարոզում էինք հարևան առողջարանային քաղաքներում։ Այնտեղ ամբողջ երկրից մարդիկ էին գալիս բուժվելու։ Նրանցից ոմանք հեռանում էին՝ հավիտենական կյանքի հույսը սրտներում։

ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՍԻՐԵԼ ԵՀՈՎԱՅԻՆ

Մենք ջանացել ենք մեր երեխաների մեջ սեր զարգացնել Եհովայի հանդեպ և նրան ծառայելու ցանկություն առաջացնել։ Հաճախ մեր տուն էինք հրավիրում եղբայրների, որոնք լավ ազդեցություն էին թողնում մեր երեխաների վրա։ Մեզ միշտ այցելում էր իմ եղբայր Գրիգորին, որը 1970–1995 թթ.-ին ծառայեց որպես շրջագայող վերակացու։ Ամբողջ ընտանիքը հաճույք էր ստանում նրա հետ շփվելուց, քանի որ նա ուրախ մարդ էր և հումորի զգացում ուներ։ Երբ մեր տուն հյուրեր էին գալիս, հաճախ աստվածաշնչային խաղեր էինք խաղում։ Այդպես մեր երեխաները սկսեցին սիրել Սուրբ Գրքի պատմությունները։

Որդիներս ու նրանց կանայք

Հետևի շարքում (ձախից աջ)՝ Յարոսլավ, Պավել, Վիտալի

Առջևի շարքում (ձախից աջ)՝ Ալյոնա, Ռայա, Սվետլանա

1987 թ.-ին մեր որդի Յարոսլավը տեղափոխվեց Լատվիայի Ռիգա քաղաք, որտեղ կարող էր ավելի ազատ քարոզել։ Սակայն երբ զինծառայությունից հրաժարվեց, նրան դատապարտեցին մեկուկես տարվա ազատազրկման։ Նա եղավ ինը տարբեր բանտերում։ Ես որդուս պատմել էի, թե ինչպես էի դիմանում բանտում, և դա նրան օգնեց տոկալու։ Ավելի ուշ նա ռահվիրայություն սկսեց։ 1990 թ.-ին մեր մյուս տղան՝ Պավելը, որն այդ ժամանակ 19 տարեկան էր, ցանկացավ որպես ռահվիրա ծառայել Սախալինում, որը Ճապոնիայից հյուսիս ընկած կղզի է։ Սկզբում մենք չէինք ուզում, որ նա գնար։ Ամբողջ կղզում ընդամենը 20 քարոզիչ կար, և այն մեր տնից ավելի քան 9 000 կիլոմետր (5 500 մղոն) հեռու էր։ Սակայն ի վերջո համաձայնվեցինք, և դա ճիշտ որոշում էր։ Կղզու բնակիչները լավ արձագանքեցին Թագավորության լուրին։ Մի քանի տարի հետո այնտեղ արդեն ութ ժողով կար։ Պավելը Սախալինում ծառայեց մինչև 1995 թ.։ Այդ տարիներին միայն մեր կրտսեր որդի Վիտալին էր մեզ հետ ապրում։ Մանկությունից նա սիրում էր կարդալ Աստվածաշունչը։ 14 տարեկանում տղաս ռահվիրայություն սկսեց, ես էլ նրա հետ երկու տարի որպես ռահվիրա ծառայեցի։ Հրաշալի ժամանակներ էին։ 19 տարեկան հասակում Վիտալին դարձավ հատուկ ռահվիրա և տեղափոխվեց իր նշանակման վայր։

Տարիներ առաջ՝ 1952 թ.-ին, ՊԱԿ-ի մի ծառայող Մարիային ասել էր. «Ուրացիր հավատդ, թե չէ տասը տարով կազատազրկվես։ Իսկ երբ դուրս գաս բանտից, ծեր ու միայնակ կլինես»։ Սակայն ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ Մենք տեսանք, թե ինչքան է մեզ սիրում մեր նվիրված Աստված Եհովան, մեր երեխաները և այն բազմաթիվ մարդիկ, ում պատիվ ենք ունեցել սովորեցնելու ճշմարտությունը։ Ես ու Մարիան ուրախություն ենք ապրել՝ այցելելով այն վայրեր, որտեղ ծառայել են մեր զավակները։ Մենք տեսել ենք այն մարդկանց երախտագիտությունը, ում մեր երեխաները օգնել են ճանաչել Եհովային։

ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ԵՀՈՎԱՅԻՆ ՆՐԱ ԲԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1991 թ.-ին Եհովայի վկաների կազմակերպությունը մեր երկրում պաշտոնապես գրանցվեց։ Այդ որոշումը նոր թափ հաղորդեց քարոզչական գործին։ Մեր ժողովը նույնիսկ մի ավտոբուս գնեց, որ հանգստյան օրերին գնանք հարևան քաղաքներ ու գյուղեր։

Կնոջս հետ (2011 թ.)

Ես երջանիկ եմ, որ Յարոսլավն ու Պավելը իրենց կանանց՝ Ալյոնայի ու Ռայայի հետ ծառայում են Բեթելում, իսկ Վիտալին իր կնոջ՝ Սվետլանայի հետ շրջանային ծառայության մեջ է։ Մեր ավագ դուստրը՝ Իրինան, իր ընտանիքի հետ ապրում է Գերմանիայում։ Նրա ամուսինը՝ Վլադիմիրը, և նրանց երեք որդիները ծառայում են որպես երեցներ։ Մեր մյուս աղջիկը՝ Օլգան, բնակվում է Էստոնիայում և հաճախակի զանգում է ինձ։ Ցավոք, 2014 թ.-ին կինս՝ Մարիան, մահացավ։ Ես անհամբերությամբ սպասում եմ հարությանը և փափագում եմ նորից տեսնել նրան։ Այժմ ապրում եմ Բելգորոդ քաղաքում։ Այստեղի եղբայրները շատ են աջակցում ինձ։

Տարիներ շարունակ Եհովային ծառայելով՝ սովորեցի, որ անարատ մնալու համար պետք է գին վճարել, սակայն դրա դիմաց Աստված ներքին խաղաղություն է տալիս, որը շատ թանկարժեք գանձ է։ Այն օրհնությունները, որ ես ու Մարիան ստացել ենք՝ անսասան մնալով, այնքան շատ են, որ չէի էլ կարող պատկերացնել։ 1991 թ.-ից առաջ՝ նախքան ԽՍՀՄ փլուզումը, երկրում ընդամենը մոտ 40 000 քարոզիչ կար։ Իսկ այսօր նախկին խորհրդային պետություններում ավելի քան 400 000 քարոզիչ կա։ Այժմ ես 83 տարեկան եմ և շարունակում եմ ծառայել որպես երեց։ Եհովան ինձ միշտ օգնել և ուժ է տվել, որ տոկամ։ Նա առատորեն վարձատրել է ինձ (Սաղ. 13։5, 6

^ պարբ. 4 ՊԱԿ-ը ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի հապավումն է (ռուսերեն՝ ԿԳԲ)։