Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ամեն օր համագործակցիր Եհովայի հետ

Ամեն օր համագործակցիր Եհովայի հետ

«Մենք Աստծու համագործակիցներն ենք» (1 ԿՈՐՆԹ. 3։9

ԵՐԳ 64, 111

1. Ինչպե՞ս ենք համագործակցում Եհովայի հետ։

ԵՐԲ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, նա ցանկանում էր, որ այս կատարյալ մարդիկ համագործակցեին իր հետ՝ իրագործելու իր նպատակները։ Թեև այսօր բոլորս անկատար ենք, լինելով Աստծուն հավատարիմ մարդիկ՝ կարող ենք ամեն օր համագործակցել նրա հետ։ Օրինակ՝ մենք «Աստծու համագործակիցներ» ենք դառնում, երբ քարոզում ենք Թագավորության բարի լուրը և աշակերտներ ենք պատրաստում (1 Կորնթ. 3։5–9)։ Ինչպիսի՜ պատիվ. Եհովան՝ տիեզերքի Արարիչը, մեզ արժանի է համարել դարձնելու իր համագործակիցները մի գործում, որը շատ կարևոր է իր համար։ Սակայն միայն քարոզելով և աշակերտներ պատրաստելով չէ, որ համագործակցում ենք Եհովայի հետ։ Այս հոդվածում կտեսնենք, որ Եհովայի հետ համագործակցում ենք նաև այն ժամանակ, երբ հոգ ենք տանում մեր ընտանիքին և հավատակիցներին, երբ հյուրասիրություն ենք դրսևորում, երբ որպես կամավորներ մասնակցում ենք աստվածապետական նախագծերին և երբ ընդլայնում ենք մեր ծառայությունը (Կող. 3։23

2. Ինչո՞ւ իմաստուն չէ համեմատվել ուրիշների հետ։

2 Այս հոդվածը քննելիս լավ կլինի հիշել, որ մարդկանց կարողությունները տարբեր են՝ կախված նրանց տարիքից, առողջական վիճակից, հանգամանքներից և ունակություններից։ Ուստի այն, ինչ կարողանում ես անել Եհովայի համար, մի՛ համեմատիր ուրիշների արածների հետ։ Աստծու ներշնչմամբ Պողոս առաքյալն ասաց. «Ամեն մեկը թող իր գործը կշռի, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու» (Գաղ. 6։4

ՀՈԳ ՏԱՐ ԸՆՏԱՆԻՔԻԴ ԵՎ ՀԱՎԱՏԱԿԻՑՆԵՐԻԴ ՄԱՍԻՆ

3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ընտանիքի մասին հոգ տանելով՝ համագործակցում ենք Աստծու հետ։

3 Եհովան իր ծառաներից ակնկալում է, որ նրանք հոգ կտանեն իրենց ընտանիքի մասին։ Օրինակ՝ հնարավոր է՝ ծանր աշխատում ես, որ հոգաս ընտանիքիդ նյութական կարիքները։ Շատ մայրեր տանը իրենց փոքրիկներին են հոգ տանում։ Ոմանք էլ իրենց հիվանդ ծնողներին են խնամում։ Այս բոլորը մեր պարտականություններն են։ Աստծու Խոսքն ասում է. «Եթե որևէ մեկը հոգ չի տանում իրեններին և հատկապես իր ընտանիքի անդամներին, նա հավատը ուրացել է և անհավատից էլ վատն է» (1 Տիմոթ. 5։8)։ Եթե դու էլ այսպիսի պարտականություններ ունես, ապա հավանաբար չես կարողանում աստվածապետական գործերին այնքան ժամանակ հատկացնել, որքան կուզենայիր։ Բայց մի՛ վհատվիր։ Ընտանիքիդ մասին հոգ տանելով՝ դու գոհացնում ես Եհովային (1 Կորնթ. 10։31

4. Ծնողները ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ Թագավորության շահերը ամեն ինչից վեր են դասում, և դա ի՞նչ արդյունքներ կարող է բերել։

4 Քրիստոնյա ծնողները համագործակցում են Եհովայի հետ, երբ հոգևոր նպատակներ են դնում իրենց երեխաների առաջ։ Շատ ծնողներ այսպես են վարվել։ Հետագայում նրանց երեխաները որոշել են Եհովային լիաժամ ծառայել և նույնիսկ հեռավոր տարածքներ են մեկնել։ Նրանցից ոմանք ծառայում են որպես միսիոներներ, ոմանք՝ որպես ռահվիրաներ այնպիսի տարածքներում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, ուրիշներն էլ ծառայում են Բեթելում։ Թեպետ հեռավորության պատճառով այս անձնազոհ ծնողները չեն կարողանում հաճախ տեսնվել իրենց զավակների հետ, սակայն քաջալերում են նրանց շարունակել այդ ծառայությունը։ Ինչո՞ւ։ Նրանք շատ են ուրախանում՝ տեսնելով, որ իրենց երեխաների համար Թագավորության շահերը առաջնային են (3 Հովհ. 4)։ Այդ ծնողներից շատերը հավանաբար նույն զգացումներն ունեն, ինչ Աննան՝ Սամուել մարգարեի մայրը, ով ասաց, որ իր որդուն «փոխ է տվել Եհովային»։ Նրանք մեծ պատիվ են համարում Աստծու հետ այս ձևով համագործակցելը և համոզված են, որ դրանից ավելի լավ բան չկա (1 Սամ. 1։28

5. Ինչպե՞ս կարող ես օգնել քո ժողովի անդամներին (տես հոդվածի սկզբի նկարը)։

5 Եթե ընտանեկան պարտականություններով ծանրաբեռնված չես, կարո՞ղ ես օգնել հավատակիցներիդ, ովքեր խնամում են իրենց տկար հարազատներին կամ ովքեր անձամբ խնամքի կարիք ունեն, տարեց են կամ այլ պատճառով են դժվար իրավիճակում։ Ուշադիր նայիր շուրջդ և տես, թե ժողովից ով օգնության կարիք ունի։ Օրինակ, եթե ձեր ժողովի քույրերից մեկը խնամում է իր տարեց ծնողներին, կարող ես այցելել նրանց և ժամանակ անցկացնել նրանց հետ, որպեսզի քույրը կարողանա այդ ընթացքում այլ գործերով զբաղվել։ Կամ հնարավոր է՝ ձեր ժողովում կա մեկը, ով չի կարողանում ինքնուրույն գնալ քրիստոնեական հանդիպումներին, գնումներ կատարել, տարբեր գործեր անել կամ գնալ հիվանդանոց՝ տեսակցելու ինչ-որ մեկին։ Կարո՞ղ ես այսպիսի մարդկանց օգնության ձեռք մեկնել։ Այդպես վարվելով՝ կհամագործակցես Եհովայի հետ, և նա քո միջոցով կպատասխանի նրանց աղոթքներին (կարդա 1 Կորնթացիներ 10։24

ՀՅՈՒՐԱՍԵՐ ԵՂԻՐ

6. Հյուրասիրություն ցուցաբերելը ի՞նչ է ներառում։

6 Աստծու համագործակիցները աչքի են ընկնում հյուրասիրությամբ։ Քրիստոնեական Հունարեն Գրություններում «հյուրասիրություն» թարգմանված բառը նշանակում է «սեր կամ բարություն օտարի նկատմամբ» (Եբր. 13։2)։ Աստծու Խոսքում արձանագրություններ կան, որոնք սովորեցնում են այդպիսի սեր ցուցաբերել (Ծննդ. 18։1–5)։ Ամեն առիթի դեպքում մենք պետք է օգնենք ուրիշներին՝ անկախ այն բանից՝ նրանք «հարազատ են մեզ հավատի մեջ», թե ոչ (Գաղ. 6։10)։ Դա մեր ուժերից վեր չէ։

7. Ինչո՞ւ արժե հյուրասիրություն դրսևորել ձեր ժողով այցելած լիաժամ ծառայողների հանդեպ։

7 Կարո՞ղ ես համագործակցել Աստծու հետ և հյուրասիրություն դրսևորել ձեր ժողով այցելած լիաժամ ծառայողների հանդեպ (կարդա 3 Հովհաննես 5, 8)։ Այդպիսի առիթները հիանալի հնարավորություններ են ստեղծում «փոխադարձ քաջալերության» համար (Հռոմ. 1։11, 12)։ Նկատի առնենք Օլաֆի օրինակը։ Նա հիշում է մի դեպք, որը տեղի է ունեցել տասնյակ տարիներ առաջ։ Նրա ժողով էր այցելելու շրջանային վերակացուն, որը ամուրի եղբայր էր։ Ժողովում ոչ ոք հնարավորություն չուներ օթևանելու այդ եղբորը։ Ուստի պատանի Օլաֆը իր ոչ Վկա ծնողներին խնդրեց թույլ տալ, որ վերակացուն իրենց տանը մնա։ Ծնողները համաձայնեցին, բայց զգուշացրին, որ Օլաֆը ստիպված է լինելու թախտին քնել։ Նա չափսոսաց, որ նման «զոհողություն» արեց։ Եղբայրը պատմում է. «Դա անմոռանալի շաբաթ էր։ Ես ու շրջանային վերակացուն արթնանում էինք վաղ առավոտյան և նախաճաշի ընթացքում բազմաթիվ հետաքրքիր թեմաներ էինք քննարկում։ Այդ շփումից ես շատ քաջալերվեցի, և լիաժամ ծառայելու ցանկությունս է՛լ ավելի բորբոքվեց»։ Վերջին 40 տարիների ընթացքում Օլաֆը տարբեր երկրներում ծառայել է որպես միսիոներ։

8. Ինչո՞ւ արժե բարություն ցուցաբերել, նույնիսկ եթե առաջին հայացքից թվում է, թե այդ արարքը չի գնահատվի։ Բեր օրինակ։

8 Դու կարող ես տարբեր ձևերով սեր ցուցաբերել անծանոթների հանդեպ, նույնիսկ եթե սկզբում քո ջանքերը չեն գնահատվում։ Նկատի առնենք մի օրինակ։ Իսպանիայում բնակվող մի քարոզիչ Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում Էկվադորից եկած մի կնոջ հետ, ում անունը Եսիկա է։ Ուսումնասիրության ընթացքում քույրը նկատեց, որ այդ կինը չի կարողանում զսպել իր արցունքները, ուստի հարցրեց, թե ինչու է արտասվում։ Եսիկան պատմեց, որ մինչև Իսպանիա տեղափոխվելը իրենք շատ աղքատ էին։ Մի օր այնպես պատահեց, որ անգամ մի կտոր հաց չունեին ուտելու, ուստի նա, ջրից բացի, ուրիշ ոչինչ չէր կարող տալ իր աղջկան։ Եսիկան ասաց, որ երբ այդ օրը փորձում էր քնեցնել երեխային, Աստծուց օգնություն խնդրեց։ Շատ չանցած՝ երկու Վկաներ թակեցին նրա դուռը, բայց նա կոպիտ ձևով պատասխանեց նրանց, պատռեց քույրերի տված ամսագիրը և ասաց. «Կարծում եք՝ սա կկշտացնի՞ աղջկաս»։ Քույրերը փորձեցին մխիթարել նրան, բայց ապարդյուն։ Այդ օրը՝ ավելի ուշ, նրանք Եսիկայի դռան մոտ ուտելիքներով լի զամբյուղ դրեցին։ Ուսումնասիրության ժամանակ կինը հուզվեց՝ հասկանալով, որ քույրերի միջոցով Աստված պատասխանել էր իր աղոթքին, և վատ զգաց, որ չէր արտահայտել իր երախտագիտությունը դրա համար։ Այժմ նա լի էր Աստծուն ծառայելու վճռականությամբ։ Ի՜նչ հիանալի արդյունք տվեց մեր քույրերի ցուցաբերած մեծահոգությունն ու առատաձեռնությունը (Ժող. 11։1, 6

ՈՐՊԵՍ ԿԱՄԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԻՐ ԱՍՏՎԱԾԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ

9, 10. ա) Աստվածաշնչյան ժամանակներում ե՞րբ է կամավորների կարիք եղել։ բ) Պատրաստակամ եղբայրները ինչի՞ մասին են հոգ տանում ժողովում։

9 Հին Իսրայելի պատմության ընթացքում քիչ չեն եղել այն դեպքերը, երբ աստվածապետական նախագծերին մասնակցելու համար կամավորների կարիք է եղել (Ելք 36։2; 1 Տար. 29։5; Նեեմ. 11։2)։ Այսօր դու էլ շատ առիթներ ունես տրամադրելու քո ժամանակն ու ուժերը և գործի դնելու ունակություններդ, որ օգնես եղբայրներիդ և քույրերիդ։ Քո անձը այդպես տրամադրելով՝ մեծ ուրախությամբ կլցվես և շատ օրհնություններ կստանաս։

10 Աստծու Խոսքը եղբայրներին խրախուսում է համագործակցել Եհովայի հետ՝ ձգտելով դառնալ ծառայող օգնական կամ երեց և ծառայել ուրիշներին (1 Տիմոթ. 3։1, 8, 9; 1 Պետ. 5։2, 3)։ Նման ձգտում ունեցող եղբայրները ցանկանում են գործնականում աջակցել մարդկանց և հոգևորապես օգնել նրանց (Գործ. 6։1–4)։ Երբևէ երեցները քեզ հարցրե՞լ են, թե արդյոք կցանկանաս ծառայել որպես սպասարկու, հոգ տանել գրականության կամ տարածքների մասին, մասնակցել Սրահի սպասարկման աշխատանքներին կամ օգնել այլ հարցերում։ Նման պարտականություններ ունեցող եղբայրները կասեն քեզ, որ ուրիշներին օգնելով՝ մեծ հաճույք են ստանում։

Աստվածապետական նախագծերին մասնակցելով՝ նոր ընկերներ կգտնես (տես պարբերություն 11)

11. Մի քույր ի՞նչ օրհնություններ է ստացել՝ մասնակցելով աստվածապետական նախագծերին։

11 Աստվածապետական նախագծերին մասնակցող կամավորները հաճախ նոր ընկերներ են ձեռք բերում։ Ահա մի օրինակ։ Մարջի անունով մի քույր 18 տարի մասնակցել է Թագավորության սրահների շինարարությանը։ Այդ ընթացքում նա բազմաթիվ երիտասարդ քույրերի իր թևի տակ է առել ու կրթել նրանց։ Նրա կարծիքով՝ այս նախագծերը հրաշալի հնարավորություն են ընձեռում քաջալերելու միմյանց (Հռոմ. 1։12)։ Դժվար պահերին Մարջիին քաջալերել են այն ընկերները, որոնց նա ձեռք է բերել՝ շինարարական նախագծերի մասնակցելով։ Իսկ դու երբևէ մասնակցե՞լ ես այդպիսի նախագծի։ Դրա համար պարտադիր չէ շինարարական հմտություններ ունենալ։

12. Աղետների ժամանակ ինչպե՞ս կարող ես օգնության ձեռք մեկնել տուժածներին։

12 Աղետների ժամանակ ևս Աստծու ժողովուրդը հնարավորություն ունի համագործակցելու նրա հետ՝ օգնելով տուժած եղբայրներին ու քույրերին։ Օրինակ՝ մենք կարող ենք ֆինանսապես աջակցել նրանց (Հովհ. 13։34, 35; Գործ. 11։27–30)։ Մաքրման և վերակառուցման աշխատանքներին մասնակցելը ևս օգնելու մի ձև է։ Լեհաստանում բնակվող մի քույր, ում անունը Գաբրիելա է, ջրհեղեղի հետևանքով մեծ վնասներ կրեց. նրա տունը ավերվեց։ Սակայն հարևան ժողովներից եղբայրներ եկան և օգնեցին նրան։ Քույրը պատմում է. «Չեմ ուզում խոսել այն ամենի մասին, ինչ կորցրել եմ. դրանք լոկ նյութական բաներ են։ Փոխարենը՝ ուզում եմ ասել, թե որքան շատ բան եմ ձեռք բերել։ Պատահածի շնորհիվ համոզվեցի, որ քրիստոնեական ժողովի մի մասնիկը լինելը մեծ պատիվ է. դա անսահման ուրախություն ու երջանկություն է բերում»։ Շատերը, ովքեր աղետից հետո օգնություն են ստանում, նույն բանն են զգում։ Իսկ նրանք, ովքեր, տուժածներին օգնելով, համագործակցում են Եհովայի հետ, բավարարվածության խոր զգացումով են լցվում (կարդա Գործեր 20։35; 2 Կորնթացիներ 9։6, 7

13. Որպես կամավոր ծառայելը ինչպե՞ս է ամրացնում Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները։ Բեր օրինակ։

13 Ստեֆանին և այլ քարոզիչներ ուրախությամբ համագործակցել են Եհովայի հետ՝ աջակցելով Միացյալ Նահանգներ գաղթած Վկա փախստականներին։ Նրանք օգնել են պատերազմական գոտիներից եկած ընտանիքների համար տներ գտնել ու կահավորել։ Քույրը պատմում է. «Մենք շատ էինք հուզվում, երբ նրանք, զգալով համաշխարհային եղբայրության սերը, ուրախանում էին և արտահայտում իրենց երախտագիտությունը։ Նրանք կարծում են, թե մենք ենք օգնել իրենց, բայց իրականում նրանք մեզ ավելի շատ են օգնել։ Այն սերը, միասնությունը, Աստծու հանդեպ հավատն ու ապավինությունը, որ տեսանք, մղեց մեզ ավելի սիրելու Եհովային և ավելի գնահատելու այն ամենը, ինչ ստանում ենք նրա կազմակերպության միջոցով»։

ԸՆԴԼԱՅՆԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԴ

14, 15. ա) Եսայիա մարգարեն ի՞նչ ոգի դրսևորեց։ բ) Այսօր ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եսայիային։

14 Ցանկանո՞ւմ ես Եհովայի հետ ավելի շատ համագործակցել։ Պատրա՞ստ ես տեղափոխվելու այնպիսի վայր, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Ինչ խոսք, պարտադիր չէ, որ Եհովային ծառայելու և առատաձեռնություն ցուցաբերելու համար մեկնենք հեռավոր վայրեր։ Սակայն որոշ եղբայրների և քույրերի հանգամանքները թույլ են տալիս դա անել։ Նրանք նույն ոգին են դրսևորում, ինչ Եսայիա մարգարեն։ Ի պատասխան Եհովայի հարցին, թե՝ «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա մեզ համար», նա ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Քո հանգամանքները թույլ տալի՞ս են այսպես արձագանքել։ Ունե՞ս նման ցանկություն։ Իսկ ի՞նչ ծառայության կարիք կա։

15 Հիսուսը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործի մասին ասաց. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։37, 38)։ Կարո՞ղ ես ծառայել այնպիսի տարածքներում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա, թերևս որպես ռահվիրա։ Կամ կարո՞ղ ես ուրիշին օգնել դա անելու։ Շատ եղբայրներ ու քույրեր կարծում են, որ Աստծու և մերձավորի հանդեպ իրենց սերը լավագույն ձևով կդրսևորեն, եթե ռահվիրա ծառայեն այնպիսի վայրերում, որտեղ հնձի գործում շատ աշխատողներ են հարկավոր։ Ծառայությունը կարելի է այլ ձևերով էլ ընդլայնել, ինչը քեզ մեծ ուրախություն կպատճառի։

16, 17. Ծառայությունն ընդլայնելու ուրիշ ի՞նչ հնարավորություններ կան։

16 Ցանկանո՞ւմ ես ծառայել Բեթելում կամ մասնակցել աստվածապետական շինարարական նախագծերին որպես ժամանակավոր ծառայող կամ համագործակից։ Միշտ էլ կարիք կա այնպիսի անհատների, ովքեր կարող են Եհովային ծառայել ցանկացած վայրում, ուր էլ որ նշանակվեն, և անել ցանկացած գործ, որ իրենց կհանձնարարվի՝ անկախ այն բանից, թե իրենք որ ոլորտում փորձ կամ հմտություններ ունեն։ Եհովան գնահատում է անձնազոհ մարդկանց, ովքեր իրենց անձը տրամադրում են ծառայելու այնտեղ, որտեղ կարիք կա (Սաղ. 110։3

17 Իսկ ցանկանո՞ւմ ես լրացուցիչ կրթություն ստանալ, որպեսզի ավելի լավ պատրաստված լինես կատարելու քո սուրբ ծառայությունը։ Եթե այո, ապա ձգտիր համապատասխանել Թագավորության քարոզիչների դպրոցում սովորելու պահանջներին։ Այս դպրոցը կրթում է հոգևոր մտածելակերպ ունեցող եղբայրներին ու քույրերին, որոնք արդեն իսկ լիաժամ ծառայողներ են, և նրանց պատրաստում է ընդլայնելու իրենց ծառայությունը։ Նրանք, ովքեր դիմում են այդ դպրոցում սովորելու համար, պետք է պատրաստ լինեն ավարտելուց հետո ընդունել ցանկացած նշանակում։ Պատրա՞ստ ես այս ձևով ավելին անել ծառայության մեջ (1 Կորնթ. 9։23

18. Ի՞նչ օրհնություններ կստանաս, եթե ամեն օր համագործակցես Եհովայի հետ։

18 Սերն ու բարությունը մեզ՝ Եհովայի ծառաներիս, մղում են առատաձեռն ու մեծահոգի լինել։ Մենք ձգտում ենք միշտ ուշադիր և հոգատար լինել մարդկանց նկատմամբ։ Դա մեզ ուրախություն, խաղաղություն ու երջանկություն է բերում (Գաղ. 5։22, 23)։ Ինչպիսին էլ լինեն հանգամանքներդ, դու ուրախությամբ կլցվես՝ ընդօրինակելով մեր առատաձեռն ու մեծահոգի Աստծուն և լինելով նրա թանկագին համագործակիցներից մեկը (Առակ. 3։9, 10